Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-334-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23.1) միկրոէներգաարտադրող՝ մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը` նաև 150 կՎտ-ից մինչև 500 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար էներգաարտադրող կայանում էլեկտրական էներգիա արտադրող անձ.»:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ սպառող, կարող է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որն էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և սույն օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ:»:

 

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումն սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:»:

 

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 56.1-ին հոդվածում՝

1) 4-րդ մասը «չեն կարգավորման» բառերից հետո լրացնել «, այդ հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն (այդ թվում՝ առք ու վաճառքին) առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ» բառերով.

 2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով՝ առանց հետագայում այն վերականգնելու իրավունքի:»:

 

Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասը «կարգավորումները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն օրենքի 56.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 10

Երևան

ՀՕ-334-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2025 թվական: