Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-332-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.1-ին հոդվածի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գրական հայերենի կանոնարկում՝ լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման, գործող զուգաձև կիրառությունների միօրինականացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

 

1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն իրականացնում է կանոնարկման հանձնաժողովը: Կանոնարկման կարգը, ինչպես նաև կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերենով հրատարակությունները, մամուլը, հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 10

Երևան

ՀՕ-332-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2025 թվական: