ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.1-ին հոդվածի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գրական հայերենի կանոնարկում՝ լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման, գործող զուգաձև կիրառությունների միօրինականացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 5. | Պետական լեզվաքաղաքականության իրականացումը |
1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն իրականացնում է կանոնարկման հանձնաժողովը: Կանոնարկման կարգը, ինչպես նաև կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերենով հրատարակությունները, մամուլը, հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 10 Երևան ՀՕ-332-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2025 թվական: