ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով`որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն կարգադրության 1-ին կետում նշված ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ Նախագահի 2014 թ. դեկտեմբերի 30-ի ՆԿ-226-Ն կարգադրության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ թմրամիջոցների տարածումն ու տարանցումն անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը վերազգային հանցագործությունների, այդ թվում` թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարին, հանդիսանում է պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն:
Թմրամոլության մակարդակի, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված անդրսահմանային հանցավորության աճը, լուրջ սպառնալիք հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, հրատապ է դարձնում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխման, դրանց կանխարգելման, հակազդման և հասցրած վնասի նվազեցման ուղղությամբ համապետական մակարդակով ռազմավարական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովումը պահանջում է երկրում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և իրագործման անհրաժեշտություն` նպատակ ունենալով ապահովել հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունների զարգացումն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ամրապնդել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներպետական և միջազգային համագործակցությունը:
Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպումը նպատակ ունի հանրապետության ազգաբնակչությանը զերծ պահել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությամբ և օգտագործմամբ պայմանավորված թմրամիջոցների բացասական ազդեցությունից և դրա վնասակար հետևանքներից` նկատի ունենալով, որ թմրամոլությունը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության և հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, գզալի վնաս հասցնում երկրի տնտեսությանը, հասարակության անվտանգությանը և իրավակարգին:
Չճանաչելով պետական սահմաններ և չունենալով ազգային պատկանելություն` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը նպաստում է նաև ահաբեկչության, թրաֆիքինգի, կոռուպցիայի, ծայրահեղականության, ինչպես նաև կազմակերպված հանցագործությունների այլ տեսակների ֆինանսական բազայի ընդլայնմանը: Ընդ որում, չնայած Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային հաղորդակցության սահմանափակությանը, պայմանավորված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է գրավիչ լինել անդրազգային հանցավոր խմբավորումների համար ինչպես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ հանրապետություն ապօրինի ներկրման, այնպես էլ դրանք դեպի այլ պետություններ տեղափոխման նպատակով հանրապետության տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործելու համար:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կիրառումը բժշկության մեջ անհրաժեշտ է և արդարացված` մարդկանց ֆիզիկական և հոգեկան ցավերը մեղմելու կամ բացառելու նպատակով, ուստի անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ նպատակներով օգտագործվող թմրամիջոցների օրինական շրջանառությունը և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողությունն ապահովելու ուղղությամբ:
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ անհանգստացնող և բնութագրվում է.
1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և այլ իրավախախտումների աճող մակարդակով,
2) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պետական լիազորված մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների ոչ բավարար արդյունավետությամբ,
3) թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից առաջացող եկամուտների օրինականացման դեպքերի բացահայտումն ու կանխարգելումն իրականացնող պետական իրավասու մարմինների միջև թույլ փոխհամագործակցությամբ,
4) թմրամոլությամբ տառապող անձանց կանխարգելիչ, բժշկական և վերականգնողական օգնության կազմակերպման անբավարար մակարդակով,
5) թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության և վերականգնողական համալիր համակարգի բացակայությամբ,
6) թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների կազմակերպված ձևերի դեմ պայքարի անբավարար արդյունավետությամբ,
7) ազգաբնակչության, այդ թվում՝ անչափահասների և երիտասարդների, ինչպես նաև բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում թմրամիջոցների ապօրինի օգտագործման կանխարգելմանն ուղղված միջոցառումների չհամակարգված և ոչ հետևողական բնույթով:
1. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից ի վեր միացել է Միավորված ազգերի կազմակերպության 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական, 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին», 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին», 2000 թվականի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիաներին, ինչպես նաև 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրին և ստորագրել է մի շարք համաձայնագրեր և հուշագրեր (ցանկ):
2. Կազմակերպված հանցավորության, այդ թվում`թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հարցերը, ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետության կառավարության (2004թ.), Կիպրոսի Հանրապետության կառավարության (2006թ.), Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության (2007թ.) հետ երկկողմանի պայմանագրերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության՝ Վրաստանի (2011թ.) և Իրանի Իսլամական Հանրապետության (2012թ.) համապատասխան իրավապահ մարմինների հետ երկկողմանի համաձայնագրերում:
3. 2003 թվականի սեպտեմբերի 18-ին ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների շրջանակներում ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի՝ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդ, որի աշխատանքային պլանի համաձայն յուրաքանչյուր տարի կազմակերպվում և իրականացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի «Կանալ» տարածաշրջանային համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
4. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում 2001 թվականից Հայաստանի Հանրապետությունում իրագործվում է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիրը, որը նախատեսված է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրով և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:
5. Շարունակվում է ակտիվ և արդյունավետ համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ: Պարբերաբար գրասենյակ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից լրացված` թմրանյութերի վերաբերյալ Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանի 34-րդ հանդիպման ընթացքում ընդունված հանձնարարականների կատարման վերաբերյալ ամենամյա հարցաշարերը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի 1988 թվականի կոնվենցիայի 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը և վիճակագրական այլ տվյալներ:
2. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կարգավորում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները:
7. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավոր մի շարք արարքների համար:
8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը նախկին խմբագրությամբ պատասխանատվություն էր նախատեսում նաև առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելու համար, սակայն 2008 թվականի մայիսի 26-ին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` հիշյալ արարքի համար պատասխանատվություն սահմանող 271-րդ հոդվածը: Փոխարենը՝ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար պատասխանատվություն է սահմանվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 442-րդ հոդվածով:
9. Ապաքրեականացվել է նաև առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, և դրա համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:
10. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերն ամրագրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, իսկ դրանց զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը` Հայաստանի Հանրապետության քրական օրենսգրքում:
11. 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով օրենսգրքի 1102-րդ հոդվածը և 1-ին հավելվածը շարադրվել են նոր խմբագրությամբ, իսկ օրենսգիրքը լրացվել է «Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի և մանր չափերը» 2-րդ հավելվածով:
12. 2013 թվականի մայիսի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով օրենսգիրքը լրացվել է «Մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը» 5-րդ հավելվածով:
13. Եվրամիության և միջազգային այլ կառույցների կողմից հարևան երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, իրականացվող Եվրոպական հարևանության և համագործակցության ծրագրի շրջանակներում առաջարկվել էր մշակել 2009-2012 թվականների՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիր: Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող` 2009-2011 թվականների միջոցառումների ցանկի համաձայն մեր երկրում մշակվել, հաստատվել և իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2009-2012 թվականների ազգային ծրագիրը»: Այդ ծրագրով մեծապես հաշվի են առնվել հիմնախնդրի հրատապությունը, երկրի ազգային անվտանգությանը և հասարակության առողջությանն ու բարեկեցությանը լուրջ սպառնալիք դառնալու նրա միտումը, ոլորտում կուտակված թերացումներն ու բացթողումները հաղթահարելու, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդգրկված ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պայքարի միջազգային լավագույն փորձը և տարածաշրջանում առկա իրավիճակի զարգացումների առանձնահատկությունները:
14. Ազգային ծրագրի դրույթներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի թիվ 892-Ն որոշմամբ հաստատված՝ 2010-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1030-Ա որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
16. Թմրամիջոցների շրջանառությանն առնչվող հարաբերությունները կանոնակարգվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք իրավական ակտերով (ցանկ 2):
17. Ոլորտը կարգավորող ներպետական վերոնշյալ իրավական ակտերից բացի ընդունվել են նաև հրապարակման ոչ ենթակա գերատեսչական իրավական ակտեր:
3. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ
18. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխելու գործում իրենց դերն ու նշանակությունն ունեն օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառումները, որոնք պարբերաբար կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հանրապետության ողջ տարածքում՝ նպատակաուղղված դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիների փակմանը և երկրի ներսում դրանց ապօրինի շրջանառության կանխմանը: Ամեն տարի հանրապետության ողջ տարածքում իրականացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ակտիվորեն ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Միջոցառման արդյունքներն ամփոփվում ու լուսաբանվում են մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների կողմից:
19. Վերջին տարիներին հանրապետության տարածքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, այդ թվում՝ «մարիխուանա», «հաշիշ», «կոկաին», «ափիոն», «հերոին», «մեթադոն» և այլն: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում ունի կանեփից պատրաստված թմրամիջոցների գործածումը («մարիխուանա», «հաշիշ»), որը վայրի կերպով աճում է հանրապետության ողջ տարածքում: Այդ թմրամիջոցները գործածվում են ծխելու եղանակով ու մատչելի են հասանելիության և գնային տեսանկյուններից:
20. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված միջոցառումների համառոտ բնութագիրը բերված է 3-րդ ցանկում:
4. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
21. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական հակաթմրամոլային քաղաքականության մշակմանն ու կենսագործմանը նպատակաուղղված հիմնարար փաստաթուղթ է, որն ուղղված է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառության կարգավորման, ինչպես նաև ապօրինի շրջանառության հակազդման ոլորտում պետական իշխանության մարմինների գործունեության համակարգմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպմանը:
22. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության հիմնական սկզբունքներն են`
1) առաջնահերթությունը ներքին և արտաքին քաղաքականությունում,
2) մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը,
3) օրենքի առջև բոլորի հավասարությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը,
4) հրապարակայնությունը, լայն հասարակայնության իրազեկումը և շահագրգիռ բոլոր անձանց ներգրավումը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագրման, իրականացման և գնահատման աշխատանքներին,
5) իրականացվող միջոցառումների նպատակայնությունը և հետևողականությունը,
6) թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված կազմակերպաիրավական և կազմակերպակիրառական միջոցառումների իրականացման գործընթացում իրավասու պետական մարմինների և այլ պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը:
23. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության հիմնական նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
2) թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և դրանք ծնող պատճառների վերացումը,
3) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հակազդման համալիր համակարգի ստեղծումն ու զարգացումը:
24. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ պետական վերահսկողության ապահովումը,
2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպական և նորմատիվ-իրավական ապահովման կատարելագործումը,
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործումը, դրանց ներդաշնակեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին և միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին,
4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համալիր քաղաքականության իրականացումը, Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության հակազդման ուղղությամբ համապատասխան միջոցառումների մշակումը, ընդունումը և իրականացումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ճյուղային ծրագրերի մշակումը, ընդունումը և իրականացումը,
5) թմրամոլության առաջնային կանխարգելումը, թմրամոլության նվազեցումը դրա կանխման և արդյունավետ բուժման իրականացման միջոցով,
6) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալի նվազեցումը,
7) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը, թմրամիջոցների օգտագործումը դադարեցրած անձանց սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը և սոցիալական վերաինտեգրման ծրագրերի իրականացումը,
8) թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացված բժշկական կազմակերպությունների ներուժի զարգացումը, անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի կատարելագործումը և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածության ապահովումը,
9) թմրամոլության և թմրամիջոցների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը և կատարելագործումը,
10) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը,
11) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, միջպետական, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը,
12) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ իրավիճակի մշտադիտարկման և գնահատման պետական համակարգի մշակումը և ներդրումը,
13) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նյութատեխնիկական բազայի հագեցումը և սահմանային վերահսկողության համակարգի կատարելագործումը,
14) թմրամիջոցների գործածման տարածվածության, թմրամիջոցների գործածման պատճառահետևանքային կապերի վերհանման և թմրամիջոցների գործածման միտումների գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունների և հետազոտությունների պարբերական իրականացումը,
15) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված՝ հասցրած վնասի և բացասական հետևանքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը:
25. Ռազմավարությունը ներառում է հետևյալ հիմնական բաժինները`
1) թմրամոլության առաջնային կանխարգելում,
2) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխում,
3) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց բժշկական և սոցիալ-հոգեբանական սպասարկման ծառայությունների տրամադրում,
4) ռազմավարության իրագործումից ակնկալվող արդյունքներ,
5) ռազմավարության իրականացման ֆինանսական ապահովում,
6) ռազմավարության կատարման մշտադիտարկում, գնահատում և վերահսկողություն:
5. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
26. Նպատակ 1. Թմրամոլության վնասի և հետևանքների մասին բնակչության իրազեկումը, խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքների ակտիվացումը, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) մշակել թմրամոլության վնասի և դրա հետևանքների մասին բնակչությանն իրազեկելու երկարաժամկետ ծրագրեր, կազմակերպել թմրամոլության հասցրած վնասի վերաբերյալ հատուկ հաղորդումներ, թեմատիկ ֆիլմեր, տեղեկատվական այլ նյութեր,
2) մշակել աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար զբաղվածության կարգավորման և աջակցության պետական ծրագրեր` դրանց շրջանակներում ընդլայնելով թմրամոլության կապակցությամբ համապատասխան բուժում ստացած և դադարի շրջանում գտնվող անձանց աշխատանքով ապահովելու հնարավորությունները,
3) ակտիվացնել թմրամիջոցների օգտագործումը դադարեցրած անձանց համար վերականգնողական ծրագրերի իրականացման նպատակով հավանական շահառուներ հանդիսացող անձանց առողջական և սոցիալական կարիքների գնահատմանն ուղղված հետազոտությունները` վերականգնողական ծառայության կարողությունները դրա հավանական շահառուներ հանդիսացող անձանց կարիքներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով,
4) պարբերաբար իրականացնել ազգաբնակչության շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման տարածվածության և հետևանքային կապերի, զարգացման պատճառների ու միտումների ուսումնասիրություններ և հետազոտություններ:
27. Նպատակ 2. Թմրամոլության կանխարգելումը անչափահասների և երիտասարդների շրջանում, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) մշակել անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման ժամանակակից և գիտականորեն հիմնավորված մոտեցումներ,
2) կատարելագործել սովորող անչափահասների և երիտասարդների շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգը և շարունակել ուսուցումն այդ համակարգով,
3) իրականացնել անչափահասների և երիտասարդների արտաուսումնական զբաղվածության և հանգստի կազմակերպման ծրագրեր` թմրամիջոցների գործածման նկատմամբ նրանց սոցիալական դիմադրողականության խթանման նպատակով,
4) հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկել թմրամոլության հետևանքների իրազեկմանն ու դրա կանխարգելմանն առնչվող դասաժամեր, բարձրացնել համապատասխան առարկաներ դասավանդող անձանց իրազեկության մակարդակը թմրամոլության կանխարգելմանն առնչվող միջոցառումների վերաբերյալ,
5) միջոցներ ձեռնարկել թմրամոլության հասցրած վնասի վերաբերյալ անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) իրազեկության բարձրացման ուղղությամբ` թմրամոլության կանխարգելման գործընթացին նրանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով,
6) ապահովել հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններին:
28. Նպատակ 3. Թմրամոլության կանխարգելումը ազատությունից զրկված անձանց շրջանում, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները՝
1) ակտիվացնել ազատությունից զրկված անձանց շրջանում թմրամոլության, իսկ քրեակատարողական հիմնարկներում` թմրամիջոցների ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումները,
2) ազատությունից զրկված անձանց շրջանում շարունակել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի իրականացումը,
3) կատարելագործել ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը և այլ անհրաժեշտ պայմանները` թմրամոլության կանխարգելման նպատակով:
29. Նպատակ 4. Թմրամոլության կանխարգելումը զինծառայողների շրջանում, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) թմրամոլության ու դրա հասցրած վնասի վերաբերյալ կամավոր խորհրդատվությունների, հետազոտությունների և դասընթացների կազմակերպում զինծառայողների շրջանում,
2) զինծառայողների կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք զորամասեր ներմուծելու և օգտագործելու հնարավոր դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով օպերատիվ-հետախուզական ծրագրային և արտապլանային միջոցառումների անցկացում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից` ըստ անհրաժեշտության ներգրավելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին,
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում մասնագիտական ունակություններն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի պատասխանատու աշխատակիցների վերապատրաստում և որակավորման բարձրացում ներպետական ծրագրերով և այդ ոլորտում դրական փորձ ունեցող երկրներում,
4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում թմրամոլության կանխարգելման նյութատեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով նորագույն միջոցների, այդ թվում` թմրամիջոցների հայտնաբերման թեստերի հավաքածուների ու թմրամիջոցների հայտնաբերման շարժական համակարգերի ձեռքբերում և հետևողական արդիականացում,
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության և անձնակազմի հետ տարվող աշխատանքների տարեկան աշխատանքային պլաններում զինծառայողների շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների ներառում:
30. Նպատակ 5. Զանգվածային լրատվության միջոցների դերի բարձրացումը թմրամոլության կանխարգելման գործում, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով, կանոնավոր դարձնել թմրամոլության կանխարգելման ոլորտում իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին և այլ հրապարակային միջոցառումներին,
2) օգտագործել մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները` թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկությունը բարձրացնելու նպատակով,
3) մշտապես թարմացնել և պարբերաբար հրատարակել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության դեմ պայքարի հարցերն արտացոլող տեղեկատվական նյութերը,
4) թմրամոլության հետ կապված հարցերի, դրա դեմ պայքարին առնչվող մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել սեմինարներ, կլոր սեղաններ, հանդիպումներ, դասընթացներ և այլ միջոցառումներ:
6. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ
31. Նպատակ 1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի կանխումը, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) ապահովել արդյունավետ սահմանային վերահսկողություն` Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարանցումն ու ապօրինի ներմուծումը կանխելու նպատակով,
2) ապահովել մասնակցությունը տարածաշրջանային «Կանալ» միջազգային օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառմանը` այլ պետություններից թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կանխելու նպատակով,
3) զարգացնել համագործակցությունն այն երկրների իրավասու մարմինների հետ, որոնց տարածքներն օգտագործվում են որպես թմրամիջոցների ապօրինի տեղափոխման տարանցիկ ուղիներ, նշված ոլորտում սերտ փոխգործակցություն ապահովելու նպատակով կնքել համապատասխան միջպետական պայմանագրեր,
4) միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, կատարելագործել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով նշված նյութերի վերահսկելի մատակարարումների և հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև դրանց բռնագրավման համակարգը,
5) ապահովել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների վերաբերյալ գործերով իրականացվող հետաքննության և նախաքննության լրիվությունը՝ այդ հանցագործությունների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերհանելու համար,
6) ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերի և մաքսային հսկողության գոտիների հագեցվածությունը թմրամիջոցներ հայտնաբերող ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և հատուկ վարժեցված շներով,
7) միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գիտական ոլորտի ծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացման ուղղությամբ, հետևողականորեն արդիականացնել պայքարի մոտեցումները և ապահովել տվյալ ոլորտի համաշխարհային գիտական առաջավոր փորձի փոխառումն ու ներդրումը,
8) կանխել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հոսքն օրինական շրջանառությունից դեպի ապօրինի շրջանառություն,
9) ակտիվացնել օպերատիվ աշխատանքները և կանխարգելիչ միջոցառումները թմրամոլների և թմրամիջոցներ ապօրինի շրջանառող անձանց շրջանում, միջոցներ ձեռնարկել գաղտնիության պահպանմամբ թեժ գծեր հիմնելու և բնակչության հետ կապն ամրապնդելու ուղղությամբ,
10) ակտիվացնել ձերբակալված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումները, քրեակատարողական հիմնարկներն ապահովել համապատասխան տեխնիկական սարքավորումներով և հատուկ վարժեցված շներով:
32. Նպատակ 2. Իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների հզորացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) ապահովել իրավապահ և իրավասու այլ պետական մարմինների կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կատարելագործումը և այդ մարմինների նյութատեխնիկական բազայի հետագա ամրապնդումը,
2) ապահովել իրավապահ մարմինների համակարգում գործող ուսումնական հաստատությունների կազմում ստեղծված՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, թմրամոլության կանխարգելմանն առնչվող հարցերն ուսումնասիրող ստորաբաժանումների գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածությունը,
3) ապահովել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և այլ իրավախախտումների ու դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական-վերլուծական համակարգի ստեղծումը և ստացված տեղեկատվության փոխանակումը համապատասխան մարմինների հետ:
7. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
33. Նպատակ 1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց վաղ հայտնաբերումը և ուղեգրումը համապատասխան բուժհաստատություններ, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) միջոցներ ձեռնարկել նարկոլոգիական բուժհաստատություններից դուրս խորհրդատվական և աջակցության կենտրոններ հիմնելու ուղղությամբ` թմրամոլության վերաբերյալ կամավոր խորհրդատվություն և աջակցություն ապահովելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, նրանց համապատասխան նարկոլոգիական բուժհաստատություններ ուղեգրելու նպատակով,
2) ապահովել սերտ համագործակցություն թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց շրջանում փոխօգնության, խնամքի, աջակցության և կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև,
3) ապահովել հասարակական կազմակերպությունների ներգրավումը թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց շրջանում խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցության ու վերականգնման ծրագրերի բոլոր փուլերում,
4) մշակել և ներդնել զորակոչիկների, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների` թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման վերաբերյալ հետազոտության անցկացման կարգ:
34. Նպատակ 2. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրումը, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) միջոցներ ձեռնարկել նարկոլոգիական բուժհաստատությունների հիվանդանոցային պայմանների բարելավման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման ուղղությամբ,
2) միջոցներ ձեռնարկել նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակի բարձրացման ուղղությամբ,
3) ապահովել նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի մասնագիտացումը և պարբերական վերապատրաստումը,
4) ապահովել հոգեբաններ և սոցիալական ոլորտի աշխատողներ պատրաստող և նրանց վերապատրաստումն ապահովող գիտակրթական հաստատությունների կողմից համապատասխան մասնագետների գործուղումը նարկոլոգիական բժշկական կազմակերպություններ,
5) ապահովել նարկոլոգիական բուժհաստատությունների կողմից բուժման տարբեր ձևերի և մեթոդների կիրառումը (ապաթունավորում, գերարագ ապաթունավորում, փոխարինող բուժում, պահպանողական բուժում),
6) լրամշակել և ներդնել նարկոլոգիական հիվանդների բուժման ստանդարտները:
35. Նպատակ 3. Թմրամիջոցներից կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն ունեցող անձանց հետբուժական սոցիալական վերաինտեգրումը, որը նախատեսում է իրագործել հետևյալ ռազմավարական խնդիրները`
1) նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվող անձանց համար իրականացնել զբաղվածության աջակցության, այդ թվում նաև աշխատանքի տեղավորման նպատակային ծրագրեր,
2) միջոցներ ձեռնարկել նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվող անձանց համար վերականգնողական ծրագիրը ներդնելու համար, ավարտին հասցնել թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց վերականգնողական կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները,
3) իրականացնել վերականգնողական կենտրոնի հավանական շահառուներ հանդիսացող անձանց առողջական և սոցիալական կարիքների գնահատման հետազոտություն` նախատեսվող վերականգնողական ծառայությունները կենտրոնի հավանական շահառուների կարիքներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով:
8. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
36. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության իրագործումը միտված է որոշակի արդյունքների ձեռքբերմանը:
37. Թմրամոլության առաջնային կանխարգելման նպատակով իրագործվող ռազմավարական խնդիրներից ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար կլուսաբանվեն մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով, կանոնավոր կդառնա Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատու մարմինների պաշտոնատար անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին, կթողարկվեն թմրամոլության հասցրած վնասի վերաբերյալ թեմատիկ ֆիլմեր, տեղեկատվական այլ նյութեր,
2) աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար զբաղվածության կարգավորման և աջակցության պետական ծրագրերի իրականացմամբ կընդլայնվեն թմրամոլությամբ տառապող և համապատասխան բուժում ստացած անձանց աշխատանքով ապահովման հնարավորությունները,
3) կստեղծվի թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց համար իրականացվող վերականգնողական ծրագրերի իրականացման նպատակով հավանական շահառուների առողջական և սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, ինչը հնարավորություն կտա վերականգնողական ծառայության հնարավորություններն առավելագույնս համապատասխանեցնել դրա հավանական շահառուների իրական կարիքներին,
4) անչափահասների և երիտասարդների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ու ազատությունից զրկված անձանց շրջանում կապահովվի «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի իրականացման շարունակականությունը,
5) հանրակրթական դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում կընդգրկվեն թմրամոլության կանխարգելմանն առնչվող դասաժամեր,
6) կբարձրանա անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) իրազեկության աստիճանը թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ,
7) կապահովվի հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունն անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման նախաձեռնություններին,
8) կստեղծվի համակարգչային համացանցի միասնական հանգույց, որում մշտապես կթարմացվեն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն արտացոլող նյութերը,
9) կբարձրանա թմրամոլության հետ կապված հարցերի և դրա դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության աստիճանը:
38. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման նպատակով իրագործվող ռազմավարական խնդիրներից ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) կապահովվի Հայաստանի Հանրապետության սահմանային վերահսկողության համակարգի արդյունավետ գործունեությունը` հանրապետության տարածք թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու նպատակով,
2) կբարձրանա այլ պետություններից թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կանխելու նպատակով իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը, կզարգանա համագործակցությունն այն երկրների հետ, որոնց տարածքներն օգտագործվում են որպես թմրամիջոցների ապօրինի տեղափոխման տարանցիկ ուղիներ,
3) կուժեղանա հսկողությունը սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ,
4) կկատարելագործվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով հանրապետության իրավասու մարմինների կողմից նշված նյութերի վերահսկվող մատակարարումների և հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև դրանց բռնագրավման համակարգը,
5) կապահովվի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով իրականացվող հետաքննության և նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու օրինականությունը, այդ հանցագործությունների պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների վերհանումը,
6) կբարձրանա Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերի և մաքսային հսկողության գոտիների տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի ծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների մակարդակը, կարդիականացվեն պայքարի գիտական մոտեցումները, կփոխառվի և կներդրվի ոլորտի համաշխարհային գիտական առաջավոր փորձը,
7) կկանխվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացումը,
8) կկատարելագործվի իրավապահ և իրավասու այլ պետական մարմինների կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգը, կամրապնդվի այդ մարմինների նյութատեխնիկական բազան,
9) կապահովվի իրավապահ մարմինների համակարգում գործող ուսումնական հաստատությունների գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածությունը,
10) կներդրվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և այլ իրավախախտումների ու դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական-վերլուծական համակարգ և կապահովվի ստացված տեղեկատվության փոխանակումը համապատասխան մարմինների միջև:
39. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման նպատակով իրագործվող ռազմավարական խնդիրներից ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) միջոցներ կձեռնարկվեն նարկոլոգիական բուժհաստատությունների վերանորոգման, հիվանդանոցային պայմանների բարելավման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման ուղղությամբ,
2) կբարձրանա նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակը,
3) կապահովվի նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի որակյալ մասնագիտացումն ու վերապատրաստումը,
4) կբարձրանա գիտակրթական հաստատությունների հոգեբանների և սոցիալական ոլորտի աշխատողների որակավորումը և մասնագիտական պատրաստվածության աստիճանը,
5) կբարձրանա նարկոլոգիական հիվանդների բուժման որակը և արդյունավետությունը,
6) կլրամշակվեն և կներդրվեն նարկոլոգիական հիվանդների բուժման ստանդարտներ,
7) կիրականացվեն զբաղվածության աջակցության և աշխատանքով ապահովման նպատակային ծրագրեր նարկոլոգիական բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվող անձանց համար,
8) կստեղծվի նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվող անձանց վերականգնողական կենտրոն, կգնահատվեն կենտրոնի հավանական շահառուներ հանդիսացող անձանց առողջական և սոցիալական կարիքները, նախատեսվող վերականգնողական ծառայություններն առավելագույնս կհամապատասխանեցվեն կենտրոնի հավանական շահառուների կարիքներին:
9. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
40. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության իրագործմանն ուղղված միջոցառումների մշակումը, հաստատումը և իրականացումը, այդ թվում՝ ֆինանսական միջոցների որոնումը և տնօրինումը, ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
41. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության իրագործմանն ուղղված միջոցառումների ընդհանուր համակարգումը, դրանց իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ռազմավարության իրականացման գնահատումը և մշտադիտարկումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-12-Ն կարգադրությամբ ստեղծված՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը:
42. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմիններն իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են թմրամիջոցների և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հակազդման, ինչպես նաև թմրամիջոցների ոչ բժշկական նպատակներով օգտագործման կանխարգելման գործառույթներ:
43. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է առողջապահության ոլորտում թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թմրամոլությամբ տառապող անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումը:
44. Հայաստանի Հանրապետության մարզպետները համակարգում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների կողմից մարզային մակարդակով պետական հակաթմրամոլային քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումները:
45. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում աջակցում են պետական հակաթմրամոլային քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումների իրականացմանը:
46. Հասարակական կազմակերպությունները և կրոնական միավորումները, իրենց կանոնադրական խնդիրներին համապատասխան, մասնակցում են պետական հակաթմրամոլային քաղաքականության իրականացման, թմրամիջոցների և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման և թմրամոլությունից կախում ունեցող անձանց վերականգնման ու սոցիալական վերաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
47. Զանգվածային լրատվության միջոցներն իրականացնում են պետական հակաթմրամոլային քաղաքականություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի լուսաբանում, լայն հասարակայնությանը տեղեկատվության տրամադրում թմրամոլության վնասների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին:
48. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցում են`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը,
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,
7) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
8) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը,
9) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,
10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,
11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,
12) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն,
13) Հայաստանի Հանրապետության դատախազությունը (համաձայնությամբ),
14) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (համաձայնությամբ),
15) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը (համաձայնությամբ),
16) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովը (համաձայնությամբ),
17) տեղական ինքնակառավարման մարմինները (համաձայնությամբ),
18) զանգվածային լրատվության միջոցները (համաձայնությամբ),
19) Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան գործակալությունները և միջազգային այլ կառույցներ (համաձայնությամբ),
20) տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները (համաձայնությամբ):
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
49. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և ընդունում է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների ծրագիրը:
11. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
50. Սույն ռազմավարության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից, այդ թվում` միջազգային կազմակերպությունների, առևտրային և հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների տրամադրած ֆինանսական աջակցության և այլ արտաբյուջետային միջոցների հաշվին:
12. ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
51. Սույն ռազմավարության և դրա իրագործմանն ուղղված միջոցառումների մշտադիտարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-12-Ն կարգադրությամբ ստեղծված՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը: Մշտադիտարկման արդյունքներով կներկայացվեն առաջարկություններ, որոնք առաջնահերթության կարգով հաշվի կառնվեն սույն ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող հետագա միջոցառումները մշակելիս:
13. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
52. Ռազմավարության ընդունումը կնպաստի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացմանը, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության, իրավակարգի ամրապնդմանը, տնտեսության կայունության ապահովմանն ու բնականոն զարգացմանը, կխթանի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի միջազգային համագործակցությունը:
Ցանկ 1
Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված համաձայնագրերը և հուշագրերը
1992 թվականին Կիևում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների կողմից ստորագրվել է «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագիրը:
1993 թվականին Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեի միջև ստորագրվել է «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:
1995 թվականին Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեի միջև ստորագրվել է «Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:
1996 թվականին Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև ստորագրվել է «Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:
1998 թվականին Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների կառավարությունների միջև ստորագրվել է «Հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
1999 թվականին Հայաստանի, Վրաստանի, Իրանի կառավարությունների և UNDCP-ի միջև ստորագրվել է «Թմրամիջոցների միջազգային հսկման և փողերի լվացման ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
1999 թվականին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև ստորագրվել է «Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրանյութերի, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրամասերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:
2000 թվականին Քիշնևում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:
2002 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» հայեցակարգը:
2005 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության միջև ստորագրվել է «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:
2010 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է «Ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ցանկ 2
Թմրամիջոցների շրջանառությանն առնչվող հարաբերությունները կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 17-ի թիվ 496 որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով, իսկ 2001 թվականի մայիսի 29-ի թիվ 392 որոշմամբ հաստատվել է հանձնաժողովի կանոնադրությունը: Հանձնաժողովի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրիչների հսկողության և թմրամիջոցներին ու հոգեներգործուն նյութերին առնչվող գործունեությունը լիցենզավորելու մասին հայտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1129-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը)»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1714-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որին հանձնարարվել է յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 1-ը, կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագիր` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի թիվ 258-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող գրանցված դեղերի ցանկը»:
2007 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ստանդարտ (համեմատական) նմուշներն ստանալու, պահպանելու և դրանց օգտագործմամբ փորձաքննություններ կատարելու թույլտվություն տալու մասին» թիվ 1015-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշմամբ հաստատվել են «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները», իսկ 2011 թվականի մարտի 18-ի թիվ 281-Ն որոշմամբ` «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի թիվ 281-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 717-Ն որոշմամբ հաստատվել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման նոր կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների նոր ձևերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» թիվ 952-Ն որոշմանը համապատասխան հանրապետությունում ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ, ինչը, մասնավորապես, ենթադրում է թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում: Մարզերի բժշկական կենտրոններում հաշվառված` թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց նկատմամբ աշխատանքներ են տարվում նրանց բուժումներ նշանակելու և հանրային աշխատանքներում ներգրավելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 21-ի թիվ 145-Ա որոշմամբ հաստատված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» համաձայն մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1330-Ն որոշմամբ հաստատվել է «Ոստիկանությունում ծառայություն անցնող քաղաքացիների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով թեստավորում անցնելու կարգը»:
2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» թիվ 702-Ա որոշմամբ ճանաչվել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պատրաստուկների ներմուծման կամ արտահանման հավաստագիր տրամադրելու, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման կամ արտահանման հայտերին համաձայնություն տալու մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները:
Ցանկ 3
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացված միջոցառումների համառոտ բնութագիրը
2013 թվականին հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 1222 դեպք (2012 թվականին` 1139): Նշված հանցագործությունների կատարման համար 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել 686 անձ (2012 թվականին՝ 686):
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում հաշվառման վերցված՝ առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած անձանց թիվը 2013 թվականին կազմել է 1523 (2012 թվականին՝ 1009):
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի տվյալների համաձայն հաշվառման վերցված թմրամոլների թիվը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 4332 թմրամոլ, որից 55-ը, իսկ թունամոլներից` 11-ը կանայք են:
Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցները, Հայաստան են ապօրինի ներկրվում, հիմնականում, Իրանի Իսլամական Հանրապետությունից (ափիոն, հերոին, ամֆետամին, մետամֆետամին)՝ Մեղրու սահմանային անցակետով` Իրանի քաղաքացիների կողմից: Իրանից ներկրվել են նաև «հաշիշ», «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ:
2011-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ անցկացրած միջոցառումների արդյունքում մերկացվել են մի քանի հանցավոր խմբեր, որոնք զբաղվում էին Իրանի Իսլամական Հանրապետությունից նշված թմրամիջոցների ապօրինի փոխադրմամբ` փորձելով հանրապետության տարածքն օգտագործել որպես տարանցիկ («ամֆետամին» տեսակի թմրամիջոցը` Իրան-Հայաստան-Ռուսաստան-Թաիլանդ, Իրան-Հայաստան-Իսպանիա, «հերոինը»` Իրան-Հայաստան-ԱՄՆ, «հաշիշը»` Իրան-Հայաստան-Վրաստան):
Թուրքիայից Վրաստանի տարածքով ապօրինի ներկրվել են «հերոին», «էքստազի» տեսակի թմրամիջոցներ` Բագրատաշենի, Գոգավանի սահմանային անցակետերով:
Եվրոպայից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, օդային ճանապարհով ապօրինի ներկրվել է «սուբոտեքս» տեսակի թմրամիջոց:
Ռուսաստանի Դաշնությունից փոքր չափերով ներկրվել են «հերոին», «մարիխուանա», իսկ վերջին շրջանում` «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հետևողական միջոցառումներ են իրականացվում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի տեղափոխումը կանխելու նպատակով: Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրով աշխատանքներ են իրականացվում սահմանային անցակետերի տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխարգելելու նպատակով միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային ռազմական ոստիկանության բաժինների պետերի և զորամասերի հրամանատարների կողմից համատեղ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում թմրանյութերի ձեռքբերման աղբյուրները հայտնաբերելու, զորամասեր դրանց ներթափանցումը կանխելու ուղղությամբ:
2012 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում անցկացվել էր Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի արդյունքներով հաստատվել էր հանձնաժողովի 2012-2013 թվականների աշխատանքային պլանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մարտի 2-ի թիվ 878-Ա հրամանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրում ստեղծվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, թմրամոլության կանխարգելման հետ կապված հարցերն ուսումնասիրող խումբ, որը կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի մի շարք ամբիոնների հետ համատեղ մշակել և հրատարակել է «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար» վերտառությամբ գիտագործնական ձեռնարկը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ազատությունից զրկված անձանց շրջանում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխման միջոցառումների շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում ապահովվում է հոգեբանների և սոցիալական աշխատողների կողմից կամավոր անհատական խորհրդատվության տրամադրումն այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ դատարանի դատավճռով նշանակված է հարկադիր բուժում թմրամոլության դեմ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային դիտակայանի զարգացման ռազմավարությունը, որն ապահովելու է բնակչության շրջանում թմրամոլության տարածվածության վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մուտքագրումը և գնահատումը` Թմրամոլության և թմրամիջոցների մշտադիտարկման եվրոպական կենտրոնի ուղեցույցներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից մեթոդական աջակցություն է ցուցաբերվում նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին` առողջ ապրելակերպին նպաստող միջոցառումներ իրականացնելու, արտալսարանային դաստիարակչական աշխատանքների ընթացքում թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարի հարցերը ներառելու, դրանք կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող վերապատրաստումների ծրագրերում նախատեսելու, թմրամոլության կանխարգելման հարցերով ներբուհական սեմինարներ կազմակերպելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է թմրամոլության հակում ունեցող անձանց համար վերականգնողական ծրագրի նախագիծ, որով առաջարկվում է Վարդաշենում գտնվող համապատասխան շենքային պայմաններ ունեցող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի բազայի վրա ստեղծել թմրամոլության հակում ունեցող անձանց վերականգնողական կենտրոն: Ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 7-ի նիստում և ուղարկվել է Թմրամոլության և թմրամիջոցների մշտադիտարկման եվրոպական կենտրոն` ֆինանսական աջակցության ակնկալիքով: Կենտրոնի տնօրինության հետ բանակցությունների շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել թմրամոլությունից կախում ունեցող անձանց սոցիալական վերականգնման նպատակով Հայաստանում կենտրոն հիմնադրելու ծրագրի ֆինանսավորման և դրա իրագործմանը տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու մասին:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|