Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-113-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2016-30.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.04/74(1163) Հոդ.938
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բժշկական օգնություն և սպասարկում՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-18-րդ մասերով.

«5. Առողջապահության բնագավառ` ոլորտ, որտեղ իրականացվում է մարդու և հանրության առողջության պահպանմանը, ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն:

 6. Բուժաշխատող` առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում և նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ:

7. Պացիենտ` բժշկական օգնության և սպասարկման սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձ:

8. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն` բուժաշխատողի կողմից իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտական բնութագրին համապատասխան, իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, չափորոշիչներին, կլինիկական ուղեցույցներին, պացիենտի վարման գործելակարգերին և իր աշխատանքային պարտականություններին համապատասխան աշխատանքների իրականացում:

9. Կլինիկական ուղեցույց՝ բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների մշակած և բուժաշխատողների համար նախատեսված փաստաթուղթ, որը ներառում է որոշակի հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարման ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը և բավարարում է առողջության հետ կապված կոնկրետ խնդիր ունեցող պացիենտների կարիքները, որի նպատակն է աջակցել բուժաշխատողների կողմից կլինիկական կոնկրետ դեպքի համար որոշումներ կայացվելուն:

10. Պացիենտի վարման գործելակարգ՝ բուժաշխատողի կողմից հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարմանը՝ խորհրդատվությանը, ախտորոշմանը, բուժմանը ներկայացվող պարտադիր պահանջներ:

11. Գործունեության ընթացակարգ՝ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացը նկարագրող փաստաթուղթ:

12. Մասնագիտական բնութագիր՝ առողջապահության բնագավառի բժշկական և ոչ բժշկական, ինչպես նաև նեղ մասնագիտություններից յուրաքանչյուրի ընդհանուր նկարագիրը, մասնագետի տեսական և գործնական գիտելիքների, աշխատանքային հմտությունների և ունակությունների, ինչպես նաև մասնագիտական իրավունքների, պարտականությունների և գործառույթների ծավալը սահմանող փաստաթուղթ:

13. Բժշկական փաստաթուղթ՝ բուժաշխատողի կողմից վարվող (լրացվող) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի հաշվետվական կամ հաշվառման թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որը ներառում է պացիենտի առողջության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի տվյալներ:

14. Շարունակական մասնագիտական զարգացում՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց:

15. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ` ՇՄԶ հավաստագիր)` բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում` շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

16. Վերապահումով հավաստագիր՝ բուժաշխատողի ոչ ինքնուրույն, հսկողության ներքո մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն, որը տրվում է չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժը լրացնելու կամ չբավարարող շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտները լրացնելու կամ համապատասխան հաստատությունն ավարտելուց հետո սահմանված ժամանակահատվածում մասնագիտական գործունեություն չիրականացնելու դեպքում աշխատանքային ստաժը լրացնելու պայմանով:

17. Հավաստագրում` շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման (մերժման) ընթացակարգ:

18. Աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործում՝ բուժաշխատողի կողմից այլ բժշկական կազմակերպությունում կամ բուժաշխատողի աշխատանքային վայր հանդիսացող բժշկական կազմակերպությունում այլ բժշկական կազմակերպություններից հրավիրված մասնագետների մասնակցությամբ նոր գործնական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու գործընթաց:»:

 

Հոդված 2. Օրենքում «հիվանդներ», «հիվանդ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պացիենտ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի`

ա) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը.».

բ) «բ» կետի «պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը և արժանապատվությունը» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով պաշտպանել իրենց համբավը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետի «անհետաձգելի» բառից հետո հանել ստորակետը.

2) «գ» կետի «տեղյակ պահել» բառերը փոխարինել «ապահովել» բառով, և նույն կետը «մասին» բառից հետո լրացնել «տեղեկատվության տրամադրումը» բառերով.

3) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը», «թ», «ժ», «ժա» կետերով.

«ը) ունենալ պաշտոնական ինտերնետային կայք, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ.

թ) ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին, բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձի, չթույլատրել իրականացնել իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված աշխատանքային պարտականությունները, իսկ վերապահումով հավաստագիր ունեցող անձին չթույլատրել ինքնուրույնաբար իրականացնել իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված աշխատանքային պարտականությունները.

ժ) ապահովել գործունեության ընթացակարգով, պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջների կատարման աշխատանքները.

ժա) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած օրինակելի ձևին համապատասխան հաստատել գործունեության ընթացակարգը:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել 3.1-ին և 3.2-րդ գլուխներով.

 

«ԳԼՈՒԽ 3.1

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հոդված 19.1.

Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները

 

1. Ըստ կրթության մակարդակի և առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության՝ բուժաշխատողները բաժանվում են խմբերի և համապատասխանաբար կոչվում են ավագ, միջին, կրտսեր բուժաշխատողներ:

2. Ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու որակավորում, մասնագիտացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր:

3. Միջին բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն ունի միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ու որակավորում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր:

4. Կրտսեր բուժաշխատողը առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որին, կախված բժշկական օգնության և սպասարկման տեսակից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից կարող են ներկայացվել որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետելու պահանջներ: Կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում և ՇՄԶ հավաստագիր չեն ստանում:

5. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության, բժշկական և ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև նեղ մասնագիտությունների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Սույն օրենքի իմաստով օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեություն է համարվում մուտքի վիզայով կամ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետությունում օրացուցային 180 օր գտնվելու ընթացքում բժշկական մասնագիտական գործունեության իրականացումը:

7. Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում:

8. Համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում ունեցող անձինք առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության տված ավարտական փաստաթղթի հիման վրա սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու և հավաստագիր ստանալու դեպքում:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մասնագիտական գործունեության հավաստագրի հիման վրա անձը ինքնուրույն մասնագիտական գործունեություն կարող է իրականացնել, եթե մասնագիտական գործունեությունն սկսել է ոչ ուշ, քան համապատասխան հաստատությունն ավարտելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:

Եթե սույն մասով նախատեսված ժամանակահատվածում անձը չի իրականացնում մասնագիտական գործունեություն, ապա նա մասնագիտական գործունեությունը կարող է իրականացնել ստաժը լրացնելու պայմանով տրված վերապահումով հավաստագրի հիման վրա՝ համապատասխան մասնագետի հսկողության ներքո:

 

 Հոդված 19.2.

Բուժաշխատողների իրավունքները

 

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ և միջին բուժաշխատողները՝ օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան` իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները՝ իրենց իրավասությունների շրջանակներում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից՝ կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ՝ լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) օրենքով սահմանված կարգով ստեղծելու միավորումներ կամ անդամակցելու դրանց.

7) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

 

 Հոդված 19.3.

Բուժաշխատողների պարտականությունները

 

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն.

3) հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին տեղյակ պահել իր առողջությանը վերաբերող հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների ու բուժման արդյունքների մասին.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև արձանագրել բժշկական միջամտությունները.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

 10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով կլինիկական ուղեցույցները: Պացիենտի վարման գործելակարգերը և կլինիկական ուղեցույցները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

11) կատարել գործունեության ընթացակարգով սահմանված պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում: Գործունեության ընթացակարգի օրինակելի ձևը, ներառյալ ընթացակարգում ներառվող պարտադիր պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

ԳԼՈՒԽ 3.2

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

 Հոդված 19.4.

Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը

 

1. Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:

3. Շարունակական մասնագիտական զարգացման բազմաձևությունն ապահովելու համար շարունակական մասնագիտական զարգացումը ներառում է հետևյալ տեսակները.

1) տեսական գիտելիքների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.

2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.

3) ինքնակրթություն և ինքնազարգացում` հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման միջոցով:

4. Շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը և շնորհվող ՇՄԶ կրեդիտները յուրաքանչյուր հնգամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործունեության երեք տեսակներից և կազմեն`

1) ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.

2) միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների մասնակցության և (կամ) իրականացման համար կարող են տրամադրվել կրեդիտներ:

6. Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման տեսակները առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով կարող են իրականացնել տեղական, օտարերկրյա և (կամ) միջազգային հետևյալ կազմակերպությունները.

1) օրենքով սահմանված կարգով բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները.

2) բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները.

3) առողջապահական կամ բժշկական կազմակերպությունները.

4) առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ:

8. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման առանձին տեսակներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 Հոդված 19.5.

Հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով:

2. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ բուժաշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու դեպքում:

4. ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ վերապահումով հավաստագրի) տրվում է, եթե բուժաշխատողը լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը և վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

5. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` ոչ ինքնուրույն, հսկողության ներքո իրականացվող` չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժը լրացնելու պայմանով, որի փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում տրվում է ՇՄԶ հավաստագիր:

6. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը չհավաքելու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` չբավարարող ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնելու պայմանով:

7. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե բուժաշխատողը չի ապահովել սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները:

8. ՇՄԶ հավաստագրի, այդ թվում` վերապահումով հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

9. Հավաստագրումն իրականացնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (ՄԳՀԱԿ): Այդ նպատակով ՄԳՀԱԿ-ում լիազոր մարմնի սահմանած կարգով ստեղծվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են բժշկական մասնագիտական հասարակական միավորումների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների և առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

10. ՄԳՀԱԿ-ն ՇՄԶ հավաստագրումը կազմակերպելու համար իրականացնում է՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների գրանցումը.

2) առաջին անգամ մասնագիտական գործունեությունն սկսող բուժաշխատողների գրանցումը և հավաստագրի տրամադրումը.

3) ՇՄԶ կրեդիտների հիման վրա սահմանված կարգով ՇՄԶ հավաստագրի տրամադրումը.

4) ավագ և միջին բուժաշխատողների վերաբերյալ շտեմարանի վարումը, որտեղ առնվազն ներառվում է բուժաշխատողների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվություն:

11. Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի և վերապահումով հավաստագրի ձևերը և տրամադրման կարգը, շտեմարանի ձևավորման և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 6. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ 4-րդ հոդվածի 4-րդ կետի «թ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման և հավաստագրման հինգ տարվա ժամանակացույց:

3. 2012 թվականից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածը շարունակական մասնագիտական զարգացման՝ սույն օրենքի 19.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեսակներին մասնակցած բուժաշխատողներին կարող են շնորհվել կրեդիտներ՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. հոկտեմբերի 27
Երևան
ՀՕ-113-Ն