ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1578-Ն
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8․2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ջերմատնային տնտեսություններում աշխատանքի անվտանգության կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) բաց դաշտում և այգիներում աշխատանքի անվտանգության կանոնները՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1578-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
1․ Սույն կանոններով կարգավորվում են ջերմատնային տնտեսություններում մշակաբույսերի մշակության, խնամքի, բերքահավաքի և հետբերքահավաքյա աշխատանքների իրականացման անվտանգության հետ կապված հարաբերությունները։
2․ Ջերմատնային տնտեսությունները, հանդիսանալով հատուկ կառույցներ, որտեղ իրականացվում են արտադրական տարատեսակ գործընթացներ, աշխատանքներում ներգրավված են ինչպես տարբեր մասնագիտացում ունեցող, այնպես էլ մասնագիտացում չունեցող աշխատողներ, ուստի աշխատանքի անվտանգության նպատակով սահմանվում են համապատասխան պահանջներ, որոնց ապահովման համար ջերմատնային տնտեսության ղեկավարը (գործատու) պարտավոր է՝
1) ջերմատան աշխատողների համար կազմակերպել իրազեկում՝ հրդեհային անվտանգության հրահանգների, աշխատանքային անվտանգ գործընթացների և իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
2) ջերմատանը ապահովել անվտանգության պահանջներն ազդարարող նշանների առկայությունը, դրանք են՝ արգելող նշանները (ցույց են տալիս որոշ գործողությունների կատարման արգելքը), պարտադիր նշանները (հուշում են պարտադիր գործողությունների մասին, օրինակ՝ անհատական պաշտպանիչ միջոցներ կրելու վերաբերյալ), նախազգուշացնող նշանները (զգուշացնում են առկա ռիսկերի մասին), հրդեհաշիջման սարքավորումների նշանները (տեղեկատվություն հրդեհի մարման կամ հրդեհից խուսափելու համար նախատեսված սարքավորումների կամ միջոցների առկայության մասին), ինչպես նաև տեսանելի վայրերում արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման հեռախոսահամարներով ցուցանակների առկայությունը․
3) աշխատանքի ընթացքում պեստիցիդների և ագրոքիմիկատների ժամանակավոր պահպանման համար հատկացնել հատուկ պահեստներ կամ առանձնացված տարածքներ, որտեղ արգելվում է սնունդ, ջուր, անասնակեր, կենցաղային իրեր պահելը․
4) մշտապես վերահսկել սրսկումներից կամ մշակումներից հետո չօգտագործված պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդների վերադարձը պահեստ և մուտքագրումը.
5) կանխել պեստիցիդներից և ագրոքիմիկատներից ազատված տարաները, պարկերը, ինչպես նաև սրսկումների ժամանակ օգտագործված արտահագուստը, ձեռնոցները և անջրաթափանցիկ կոշիկները ջրավազանների, գետերի, ջրատարների մեջ գցելը, այրելը կամ հարակից տարածքներում թողնելը․
6) ապահովել աշխատողներին անհատական պաշտպանության միջոցների (պաշտպանական հագուստ, լսողական, տեսողական և շնչառական օրգանների, ոտքերի, ձեռքերի և գլխի պաշտպանության միջոցներ) տրամադրումը և դրանց շահագործման ու պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:
3․ Ջերմատնային տնտեսություններում ներգրավված աշխատողները պետք է՝
1) ենթարկվեն նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման.
2) կրեն արտահագուստ, ձեռնոց և անջրաթափանց կոշիկ․
3) պահպանեն աշխատանքային ներքին կանոնները, հրդեհային և էլեկտրական անվտանգության միջոցառումները, սարքավորումների գործարկման պահանջները․
4) իրազեկված լինեն առաջին օգնության և այլ նպատակների համար նախատեսված միջոցների գտնվելու վայրերի, գլխավոր և պահուստային մուտքերի, վթարի կամ հրդեհի դեպքում՝ տարհանման ուղիների մասին․
5) կրակի բռնկման վտանգի առկայության կամ հրդեհի դեպքում անջատել էլեկտրական սարքավորումները, փակել գազատարի փականները, անմիջապես հայտնել հրդեհային անվտանգության ծառայությանը և ջերմատնային տնտեսության ղեկավարին (գործատուին), հրահանգներին համապատասխան իրականացնել հրդեհի մարումը՝ ջերմատանը առկա հրդեհաշիջման միջոցներով, հնարավորության դեպքում՝ հրավտանգ նյութերը տեղափոխել անվտանգ հեռավորության վրա, իսկ կյանքին վտանգ սպառնալու դեպքում՝ լքել ջերմատան տարածքը:
4․ Ջերմատնային տնտեսություններում աշխատանքը սկսելուց առաջ յուրաքանչյուր բլոկի պատասխանատուն պարտավոր է՝
1) ստուգել, որ ջերմատունը լինի բավարար լուսավորված, անցուղիները և ելքուղիները փակված չլինեն այլ իրերով, ապահովել աղբամանների կամ աղբատարների, ինչպես նաև մուտքերի առաջ ախտահանող նյութերի առկայությունը․
2) ստուգել ջերմատան օդում ածխաթթու գազի պարունակությունը, եթե բույսերին տրված ածխաթթու գազի բաղադրության մեջ ուղեկցող գազերի պարունակությունը բարձր է թույլատրելի նորմայից, ապա օդափոխել ջերմատունը․
3) ստուգել հրդեհաշիջման, հակահրդեհային և անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և դրանց սարքին լինելը, իսկ անսարքության հայտնաբերման դեպքում՝ ձեռնարկել դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ։
5․ Ջերմատնային տնտեսություններում արգելվում է՝
1) օտար մարդկանց մուտքը ջերմատուն առանց համապատասխան արտահագուստի (խալաթ, գլխարկ, բախիլ, ձեռնոց).
2) մշակաբույսի վրա կիրառված պեստիցիդների սպասման ժամկետից շուտ բերքահավաքը կամ դրա օգտագործումը սննդի նպատակով․
3) կանգնել կամ աշխատել չկարգավորված, անսարք վիճակում գտնվող շարժասանդուղքների վրա․
4) 3 մետրից ավելի բարձրության վրա աշխատել առանց լրացուցիչ ամրակապման հնարավորության առկայության:
6․ Բույսերի խնամքի աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է՝
1) բույսերը ամրացնող լարերը ձգելիս միջշարային տարածություններից հեռու գտնվել՝ լարից անվտանգ հեռավորության վրա․
2) բույսերի պաշտպանության և պարարտացման աշխատանքներն իրականացնել անհատական պաշտպանության միջոցներ կրող ոչ պակաս երկու աշխատողների միջոցով․
3) ագրոքիմիկատների և պեստիցիդների, ինչպես նաև դրանց լուծույթների պատրաստումը իրականացնել բացառապես առանձնացված տարածքում, որը ապահովված է օդափոխության համակարգով, հոսող ջրով, ախտահանող և լվացող նյութերով, առաջնային հրդեհաշիջման և առաջին օգնության միջոցներով ու անհատական պաշտպանության պարագաներով (արտահագուստ, դիմակներ կամ շնչառական սարքեր, ձեռնոցներ, աչքերի պաշտպանիչ ակնոցներ, կոշիկներ)․
4) պեստիցիդներով կամ ագրոքիմիկատներով սրսկման (մշակման) ընթացքում այդ աշխատանքներում անմիջականորեն չընդգրկված անձինք պետք է լքեն ջերմատան տարածքը․
5) պեստիցիդները և ագրոքիմիկատները օգտագործել ագրոնոմի կամ բույսերի պաշտպանության մասնագետի ցուցումներով և վերահսկողությամբ․
6) կախված կիրառվող պեստիցիդի տեսակից՝ սրսկումից (մշակումից) առաջ փակել մեղվափեթակների ելքերը կամ անհրաժեշտության դեպքում դուրս բերել տարածքից, սրսկումն ավարտելուց հետո ջերմատան արտադրական տարածքի դուռը փակել՝ վրան փակցնելով զգուշացնող ցուցանակ․
7) սրսկման (մշակման) աշխատանքների ավարտից հետո պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդները հանձնել պահեստ կամ տեղափոխել դրանց պահպանման համար առանձնացված տարածք․
8) պեստիցիդների պահման վայրերում հատակը լինի հարթ և լվացվող․
9) պեստիցիդների պահեստներում բացված տարաները տեղադրել գետնից մինչև 1․2 մետր բարձրության վրա․
10) պեստիցիդների ու ագրոքիմիկատների օգտագործված չափաքանակների, ազդող նյութերի, չօգտագործված քանակների վերաբերյալ պարտադիր նշումներ իրականացնել գրանցամատյանում․
11) սրսկման (մշակման) աշխատանքների ավարտից հետո ձեռքերն ու դեմքը օճառով լվանալ հոսող ջրի տակ և ողողել բերանի խոռոչը, պարտադիր փոխել արտահագուստը և ցնցուղ ընդունել․
12) ջերմատան տարածքում բույսերի կարանտինային հիվանդություններով կամ վնասատուներով վարակման դեպքերում վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով խստորեն հետևել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի պահանջների կատարմանը։
7․ Բույսերի խնամքի աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները՝
1) ոռոգման և սնուցման համակարգերը պետք է պարբերաբար ենթարկվեն պլանային հետազոտությունների, ստուգումների և կարգավորման․
2) ֆումիգացիայի աշխատանքները իրականացնել բերքահավաքից հետո՝ ջերմատան բոլոր բլոկներում միաժամանակ․
3) բերքահավաքի աշխատանքները իրականացնել ագրոնոմի ցուցումների համաձայն` հաշվի առնելով պեստիցիդներով սրսկումներից (մշակումներց) հետո անհրաժեշտ սպասման ժամկետները:
8․ Գործատուն, աշխատանքի առանձնահատկություններով և մասնագիտական ռիսկայնությամբ պայմանավորված, կարող է սահմանել անվտանգության լրացուցիչ պահանջներ, որոնք չեն հակասում սույն հավելվածով սահմանված կանոններին։ Աշխատանքի անվտանգության պահանջները պետք է ներառվեն աշխատանքի պաշտպանության համապատասխան հրահանգներում, որոնք աշխատողին փոխանցվում են հրամանների կամ հրահանգների միջոցով։
9․ Սույն կանոններով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
07.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1578-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԲԱՑ ԴԱՇՏՈՒՄ ԵՎ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
1․ Սույն կանոններով կարգավորվում են բաց դաշտում և այգիներում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, խնամքի, բերքահավաքի և հետբերքահավաքյա աշխատանքների իրականացման անվտանգության հետ կապված հարաբերությունները։
2․ Բաց դաշտում և այգիներում աշխատանքների կազմակերպումը կրում է սեզոնային բնույթ և բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ ունի մի շարք առանձնահատկություններ։
3․ Հանքային կամ օրգանական պարարտանյութերով հողերի պարարտացումը մշակաբույսերի ավանդական մշակության դեպքում պետք է կատարվի պարարտանյութ ցրող սարքերով կամ հարմարություններով, ինչպես նաև ձեռքի գործիքներով՝ օգտագործելով ձեռքերը պաշտպանող անհատական միջոցներ: Պարարտացման աշխատանքը կատարելիս աշխատողը պետք է շարժվի քամու ուղղությամբ:
4․ Առկա ստորգետնյա ենթակառուցվածքների տեղակայման վայրերում հողային աշխատանքները պետք է իրականացվեն աշխատանքի ղեկավարի ներկայությամբ՝ դրանք շահագործող կազմակերպության գրավոր թույլտվությամբ:
5․ Վտանգավոր իրավիճակների դեպքում (սողանքներ, էլեկտրահաղորդման գծերի խափանում) աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, աշխատողները հեռացվեն վտանգավոր գոտուց, իսկ տարածքները սահմանազատվեն։
6․ Դրոնների միջոցով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում անհրաժեշտ է՝
1) օգտագործել պաշտպանիչ հագուստ, ձեռնոցներ, ակնոց և շնչադիմակ՝ քիմիական նյութերից պաշտպանվելու համար․
2) սրսկվող (մշակվող) տարածքում արգելել մարդկանց և կենդանիների ներկայությունը կամ մեղվափեթակների առկայությունը․
3) օգտագործել միայն թույլատրված և ճիշտ չափաբաժնով ագրոքիմիկատներ և պեստիցիդներ․
4) աշխատանքից հետո լվանալ սրսկման (մշակման) սարքավորումները և համապատասխան նյութերով չեզոքացնել պեստիցիդների ու ագրոքիմիկատների մնացորդները։
7․ Արգելվում է անձրևի, մառախուղի և ուժեղ քամու ժամանակ օգտագործել էլեկտրական ֆրեզերային սարքեր։
8․ Նախքան աշխատանքը սկսելը պետք է ստուգել աշխատողներին բարձրացնելու և տեղափոխելու համար նախատեսված հարթակների սանդուղքի վրա անվտանգության շղթաների առկայությունը, բազրիքի ամրության հուսալիությունը և ագրեգատների վիճակը։
9․ Զառիթափ լանջերում սահքի վտանգի պատճառով չի թույլատրվում բարձր խոնավության կամ սառած հողի, ինչպես նաև 50 մետրից պակաս տեսանելիության պայմաններում մեքենայական մշակության աշխատանքների իրականացումը։
10․ Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումը արգելվում է բարձր լարման հոսանքալարերի տակ, անսարք վիճակում և ոչ բավարար լուսավորվածության պայմաններում։
11․ Գործատուն անվտանգ աշխատանքի կազմակերպման համար պետք է ապահովի՝
1) այգու, դաշտի, արտադրական շենքերի, շինությունների, մեքենաների, գործիքների, սարքավորումների անվտանգ շահագործման իրազեկումը․
2) վնասակար կամ վտանգավոր արտադրական գործոնների առկայության պայմաններում աշխատանքի համար նախատեսված անհատական և կոլեկտիվ պաշտպանության արդյունավետ միջոցներով և վերահսկել դրանց ճիշտ օգտագործումը։
12․ Գործատուն աշխատողներին պետք է ապահովի խմելու ջրով։
13․ Գործատուն, աշխատանքի առանձնահատկություններով և մասնագիտական ռիսկայնությամբ պայմանավորված, կարող է սահմանել անվտանգության լրացուցիչ պահանջներ, որոնք չեն հակասում սույն կարգով սահմանված կանոններին։ Աշխատանքի անվտանգության պահանջները պետք է ներառվեն աշխատանքի պաշտպանության համապատասխան հրահանգներում, որոնք աշխատողին փոխանցվում են հրամանների, հրահանգների միջոցով։
14․ Աշխատողներին արգելվում է՝
1) բաց կրակ օգտագործել վառելիքի բաքի շրջակայքում․
2) մեքենա-տրակտորային ագրեգատների շահագործման ընթացքում նստել սկավառակավոր կուլտիվատորների, խոտհնձիչի կցորդիչների, կցասայլերի կամ այլ գործիքների վրա․
3) սրսկումների ընթացքում առանց ագրոնոմի իմացության անջատել կամ միացնել սրսկիչի խառնիչը, փոփոխել ճնշման կամ սրսկման ինտենսիվությունը։
15․ Աշխատողները պարտավոր են՝
1) կցորդիչով ամրացված գյուղատնտեսական գործիքների և մեքենաների աշխատանքային հանգույցների փոփոխությունը, մաքրումը և կարգի բերումը իրականացնել միայն դրանց հանկարծակի իջեցումը կանխելու միջոցներ ձեռնարկելուց հետո․
2) պեստիցիդների հետ աշխատելիս պարտադիր կրել համապատասխան վերնահագուստ, շնչադիմակ, ակնոցներ, ռետինե ձեռնոցներ և կոշիկներ։
16․ Օձերի խայթոցներից խուսափելու համար անհրաժեշտ է՝
1) նախապես իրազեկել աշխատողներին տարածքում թունավոր օձերի հանդիպելու հավանականության մասին՝ օձի հանդիպելիս կտրուկ գործողությունների չդիմել, բռնելու կամ վնասազերծելու փորձեր չկատարել, դանդաղ և զգուշորեն հեռանալ նույն ճանապարհով․
2) բարձր խոտածածկ ունեցող տարածքներում աշխատանքի ընթացքում նախապես զննել տարածքը և լինել ուշադիր, անզգուշորեն ոտքը չդնել օձի վրա, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, կրել երկարաճիտ և ամուր կոշիկներ.
3) նկատի ունենալ, որ օձերը հարձակվելուց առաջ սպառնացող դիրք են ընդունում, փաթաթվում օղակ-օղակ, գլուխը ներս քաշում․
4) օձերի հայտնվելու հավանական վայրերով քայլելիս ծանր փայտով կամ այլ առարկայով հարվածել գետնին (օձերը լսում են հողի ցնցումները, տատանումները)։
17․ Օձի խայթելու դեպքում պետք է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը. ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ արագ կարող է այտուց զարգանալ և տարածվել: Եթե օձը խայթել է վերջույթը, ապա պետք է անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։
18․ Օձի խայթելու դեպքում առաջին օգնությունից հետո անհրաժեշտ է ահազանգել կամ արագ կազմակերպել տուժածի պասիվ վիճակում (պատգարակով կամ աթոռի վրա նստած) տեղափոխումը մոտակա բուժկենտրոն, որտեղ կցուցաբերվի մասնագիտական օգնություն և հակաթույնի ներարկում։ Շատ կարևոր է, որ հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա խայթոցից 6 ժամվա ընթացքում։ Օձի խայթոցի դեպքում արգելվում է վերքից վերև վերջույթը կապել, խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել, տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղամիջոցներ։
19. Դաշտային աշխատանքների ընթացքում կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ է՝
1) դադարեցնել աշխատանքը բաց դաշտում․
2) գետնին չպառկել․
3) եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում․
4) չպատսպարվել կամ չթաքնվել բարձր ծառի տակ․
5) անհապաղ դուրս գալ ջրից և հնարավորության դեպքում՝ փոխել թաց հագուստը․
6) չդիպչել մետաղե առարկաներին և հեռու մնալ դրանցից, չկրել մետաղյա զարդեր և չպահել մետաղական առարկաներ (գործիքներ)․
7) թաքնվել շինություններում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները․
8) հրաժարվել մոտոցիկլետով կամ հեծանվով երթևեկելուց։
20․ Բաց դաշտում և այգիներում արգելվում է բուսական մնացորդների և խոզանների այրումը։
21. Բաց դաշտում և այգիներում աշխատանքներ իրականացնող անձինք ենթարկվում են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
07.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|