ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 փետրվարի 2019 թվականի |
թիվ 64 |
քաղ. Մոսկվա |
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծված այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ, Միության իրավունքին համապատասխան, նախատեսված է սակագնային առանձնաշնորհումների տրամադրում, Միության անդամ պետության մաքսային մարմնի (այսուհետ՝ Մաքսային մարմին) կողմից դրանց բացթողումից հետո, այն դեպքում, երբ.
ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից սակագնային առանձնաշնորհումներ չեն հայտագրվել.
ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից սակագնային առանձնաշնորհումներ հայտագրվել են, սակայն նախքան ապրանքների բացթողումը՝ մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից այդ ապրանքների նկատմամբ հայտնաբերվել է Միության մաքսային տարածք ներմուծվող՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանների չկատարման դեպքեր (այսուհետ, համապատասխանաբար՝ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմաններ, ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ), ինչի հետևանքով մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումն անցկացվել է առանց սակագնային առանձնաշնորհումների կիրառման.
մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումն անցկացվել է սակագնային առանձնաշնորհումների կիրառմամբ, սակայն ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են այդ ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չկատարելու դեպքեր, ինչի հետևանքով ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ չկիրառելու հետ կապված համապատասխան փոփոխություններ (լրացումներ).
ապրանքների բացթողումն իրականացվել է մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան, և մաքսային հսկողության անցկացման արդյունքներով ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են այդ ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չպահպանելու դեպքեր, ինչի արդյունքում ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ չկիրառելու հետ կապված համապատասխան փոփոխություններ (լրացումներ)։
Անկախ սույն կետի երրորդ-հինգերորդ պարբերությունների դրույթներից՝ սակագնային առանձնաշնորհումները չեն վերականգնվում այն դեպքում, երբ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության անցկացման արդյունքներով հայտնաբերվել է, որ մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված ապրանքի ծագման հավաստագիրը (իսկ եթե դա նախատեսված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով՝ ապրանքի ծագման մասին փաստաթուղթը) իսկական չէ (կեղծված է)։
(1-ին կետը լրաց., փոփ. ԵՏՀԽ 26.05.25 թիվ 42)
2. Սահմանել, որ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են մաքսային հսկողության անցկացման արդյունքներով՝ հետևյալ պայմանները կատարելու դեպքում.
ապրանքների նկատմամբ կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները.
այն մաքսային մարմնին, որը կատարել է ապրանքների բացթողում, այդպիսի ապրանքների հայտարարատուի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի IV բաժնին համապատասխան ներկայացվել են՝
ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հիմնավորված դիմում.
ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտում.
ապրանքի ծագման հավաստագիր, գործող է (որի կիրառման ժամկետը (գործողության ժամկետը) չի լրացել) սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումի գրանցման օրվա դրությամբ և (կամ) ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ.
սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանների կատարումը հաստատող այլ փաստաթղթեր.
սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումը գրանցվել է մաքսային մարմնի կողմից ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվանից 12 ամսից ոչ ուշ, իսկ այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված է այլ ժամկետ՝ այդ կանոններով սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ։
Սույն կետի վեցերորդ պարբերությունում նշված ապրանքի ծագման սերտիֆիկատի ներկայացում չի պահանջվում՝
սույն որոշման 1-ին կետի երրորդ-հինգերորդ պարբերություններին համապատասխան՝ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվելու դեպքում, եթե նախքան սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումը ներկայացնելը մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից չի հայտնաբերվել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված
վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման վերաբերյալ պայմանավորվածության առկայության դեպքում, որի կիրառման հնարավորությունը նախատեսված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու համապատասխան կանոններով, ինչը թույլ է տալիս իրականացնել սույն կետի վեցերորդ պարբերությունում նշված ապրանքի ծագման սերտիֆիկատի տրման փաստի և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության ստուգում։ Ընդ որում՝ այդ սերտիֆիկատի մասին տեղեկությունները պետք է նշվեն ապրանքների հայտարարագրի ճշգրտման մեջ։
Սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված պայմանը չի կիրառվում սույն որոշման 1-ին կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններով համապատասխան՝ սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքում։
(2-րդ կետը լրաց., խմբ., փոփ. ԵՏՀԽ 26.05.25 թիվ 42)
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում հայտարարատուն իրավունք ունի Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգին՝ հաստատված» ապրանքների մասին հայտարարագրում հայտագրել ապրանքների բացթողումից հետո սակագնային առանձնաշնորհումները վերականգնելու մտադրության մասին տեղեկատվությունը։
Ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի տեղեկատվության բացակայությունը սակագնային առանձնաշնորհումների վերականգնելը մերժելու համար հիմք չէ։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.11.19 թիվ 103)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 26.05.2025, թիվ 42 | 25.06.2025, թիվ 64 | |
| 18.11.2019, թիվ 103 | 19.01.2020, թիվ 64 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|