Գլխավոր տեղեկություն
Համար
N 03
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2025
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2025 թ.
    ք. Երևան

 N 03

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 361-Լ ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 36-Ա և նոյեմբերի 2-ի թիվ 42-Ա հանձնարարագրերի հիման վրա ՀՀ ՖՆ Ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 19-ի N 361-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ստուգման արդյունքում 2025 թվականի հունիսի 2-ին կազմվել է N 36-Ա ակտը (այսուհետ՝ Ակտ), որով հիմնական շեշտը դրված է եղել երկու հանգամանքների վրա՝ այգեհիմնման համար կատարված այնպիսի հողային աշխատանքներ, որոնք Ծրագրի N 4, N 5 և N 6 աղյուսակներում առանձին տողերով ներկայացված չեն եղել, և տվյալ աղյուսակներում առկա աշխատանքների, դրանց արժեքների և շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերով կատարված աշխատանքների արժեքների տարբերություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ուսումնասիրվել է կազմված Ակտը, որի առնչությամբ՝ յուրաքանչյուր շահառուի մասով, ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ այն մասին, որ հատկացված փոխհատուցումները իրականացվել են Ծրագրին համապատասխան այգեհիմնման համար կատարված փաստացի աշխատանքների դիմաց և շեշտվել է այն հանգամանքը, որ Ծրագրի 25-րդ կետի համաձայն՝ N 4, N 5 և N 6 աղյուսակներում ներկայացված աշխատանքները և արժեքները եղել են հաշվարկային և ունեցել են կողմնորոշիչ բնույթ:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Ծրագրի 20-րդ կետի համաձայն՝ Ծրագրի մասնակիցներն են՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվները (այսուհետ՝ կոոպերատիվներ) կամ սեփական և այլ միջոցներով այգի հիմնող գյուղատնտեսությունում տնտեսավարողները (այսուհետ՝ Շահառու)։

Համաձայն Ծրագրի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին նախատեսվում է աջակցություն ցուցաբերել այգիների հիմնման համար` ըստ Շահառուի հայեցողության կիրառելով աջակցության նշված տարբերակներից որևէ մեկը` սուբսիդավորել այգիների հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերին ուղղված վարկերի տոկոսադրույքը կամ փոխհատուցել այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։

Ծրագրի 24-րդ կետով սահմանվում են յուրաքանչյուր Շահառուի համար այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև մեկ հեկտար այգեհիմնման աշխատանքների, առանց 1-ին տարվա խնամքի, առավելագույն սահմանաչափերը կարկտապաշտպան ցանցով (շահառուի հայեցողությամբ) և առանց դրա, իսկ Ծրագրի 25-րդ կետով սահմանվում են նախատեսված պետական աջակցության կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատականի համար հիմք հանդիսացած գործոնները և կողմնորոշիչ հաշվարկները։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ծրագրի 25-րդ կետով N 4, N 5 և N 6 աղյուսակներում ներառված առանձին տողերում ներկայացված ծախսերը հաշվարկային են և ունեն կողմնորոշիչ բնույթ: Նշված մոտեցումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ առանձին տողերի ծախսերը կարող են տարբերվել ըստ հանրապետության մարզերի, միևնույն մարզի համայնքի և բնակավայրի, հիմնվող այգու մակերեսի, հողի մեխանիկական կազմի և տեղադիրքի, աշխատանքների կատարման ժամանակահատվածի կամ որևէ ծառայության տեսակի համար այլ էական գործոնի: Բացի վերոնշյալից, առանձին տողերի ծախսերի վրա ազդեցություն են թողնում նաև տեխնիկայի հասանելիությունը, սպասարկող ենթակառուցվածքների մակարդակը (տնկարանային տնտեսություններ, մասնագիտացված կազմակերպություններ, որակյալ մասնագետներ և այլն) և այլ հանգամանքներ: Դա է պատճառը, որ Ծրագրով չի սահմանվել, որ շահառուի կողմից առանձին աշխատանքների գծով կատարված ծախսերը կգնահատվեն ոչ ավելի, քան աղյուսակների առանձին տողերում գնահատված արժեքները: Այսինքն, առանձին աշխատանքների գծով ներկայացվող ծախսերը կարող են խելամտության սահմաններում տարբերվել գնահատված արժեքներից, սակայն, եթե փաստացի ծախսերի հանրագումարը գերազանցում է առավելագույն սահմանաչափը, ապա փոխհատուցումը կատարվում է ելնելով այգեհիմնման ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափից: Հարկ ենք համարում նշել, որ Ծրագրով հաստատված աղյուսակների ծախսային հաշվարկները կատարվել են միայն խաղողի, խնձորի և ազնվամորու օրինակով: Հետևաբար, այդ հաշվարկները չէին կարող լինել հաստատուն այլ պտղատեսակների համար: Դրանք գնահատման նպատակով կատարված կողմնորոշիչ հաշվարկներ են՝ առավելագույն սահմանաչափեր սահմանելու համար:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․

● Ծրագրի 25-րդ կետով N 4, N 5 և N 6 աղյուսակներում ներառված առանձին տողերում ներկայացված ծախսերը հաշվարկային են և ունեն կողմնորոշիչ բնույթ՝ ֆերմերների համար ներդրման ծավալն առավել պատկերավոր դարձնելու, ինչպես նաև 1 հա այգեհիմնման ծախսերի ընդամենը առավելագույն սահմանաչափերը գնահատելու նպատակով։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. Խոջոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական: