ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Անկախ սույն հոդվածով սահմանված կարգավորումներից՝ Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով կարող են սահմանվել հարկային հաշվարկին և դրա կազմմանը վերաբերող առանձնահատկություններ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերի «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա, հարկային հաշվարկն ուշ ներկայացնելու կամ հարկը (վճարը) ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման կամ հարկի (վճարի) վճարման համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆիզիկական անձանց կողմից մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու և մինչև նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ուշ ներկայացնելու կամ եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, հարկային հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման կամ եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ֆիզիկական անձանց կողմից մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու և մինչև նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Սույն մասի իմաստով՝ նույնականացման քարտ ստանալու համար դիմել է համարվում նաև միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի թվային ծառայությունների հարթակի կամ բջջային հավելվածի միջոցով նույնականացման քարտ ստանալու համար այցի ամրագրումը և ամրագրված օրը սահմանված կարգով նույնականացման քարտ ստանալու մասին դիմումի ներկայացումը։».
3) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը «կողմից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ բաժնում «նվազեցվող եկամուտ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նվազեցվող (չհարկվող) եկամուտ» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 2-րդ կետը «մարտի 2-ից» բառերից հետո լրացնել «(մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից)» բառերով, իսկ «(հայտարարագրեր)» բառից հետո՝ «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով.
2) 4.1-ին մասում՝
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․1․ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող և տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ֆիզիկական անձինք (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից (մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից) մինչև հուլիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Սույն պարբերության կիրառության իմաստով՝ եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները: Կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 156.1-ին հոդվածով.
| «Հոդված 156.1. |
Եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացումը և ներկայացված համարվելը |
1. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
2. Հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում:
3. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք կարող են Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում փոփոխել հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) և Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հարկային մարմին: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է ֆիզիկական անձի կողմից հաշվարկը (հայտարարագիրը) ստորագրվելու օրվան նախորդող օրվա դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
4. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի կողմից Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացվելու դեպքում հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը համարվում է Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:»:
Հոդված 7. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, սոցիալական ծախսը սույն մասի համաձայն փոխհատուցվում է, եթե եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը):»:
Հոդված 8.
Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը «հարկային մարմնում հաշվառման պարզեցված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով ՀՎՀՀ շնորհելու» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացրած՝» բառը փոխարինել «կողմից, ինչպես նաև Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով ներկայացված՝» բառերով:
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ա» ենթակետով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվելու դրույթը կիրառվում է 2024 թվականի հաշվետու տարվա և հետագա տարիների համար.
2) «բ» ենթակետի գործողությունը տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա:
3. 2024 թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 2026 թվականի մարտի 2-ից: Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) փոփոխելու և Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնելու 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 28 Երևան ՀՕ-324-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|