ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 1. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) խախտում՝ ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելը կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ ծառայողական լիազորություններն անցնելը, ինչպես նաև կարգապահական խախտումը (ծառայողական կարգապահության կանոնները խախտելը).
2) ծառայողական կարգապահության կանոններ՝ լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով կամ այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության․
3) լիազոր մարմին՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.
4) իրավասու ստորաբաժանում՝ լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որը պատասխանատու է լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն գործունեության համար և իրականացնում է ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու, կարգապահական խախտումների վերաբերյալ ծառայողական քննություններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված ուսումնասիրություններ և առաքինության ստուգումներ.
5) փորձանմուշ՝ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ.
6) ախտորոշիչ թեստ՝ համապատասխան սարքավորումների կիրառմամբ մարմնում ալկոհոլի, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առկայությունը պարզելու նպատակով իրականացվող ստուգում․
7) ծառայողական քննություն՝ օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված՝ ոստիկանության ծառայողի բարեվարքության կամ ծառայողական պարտականությունների հետ կապված հարցերի քննություն․
8) նոր երևան եկած հանգամանք՝ հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել ծառայողական քննության արդյունքներով որոշման կայացման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ծառայողական քննության մասնակիցներին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, ապացույցների կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ոչ ճիշտ ծառայողական քննության արդյունքներով որոշման կայացման։
| Հոդված 2. | Իրավասու ստորաբաժանման հաշվետվողականությունը, հրապարակայնությունը և իրավասու ստորաբաժանման ծառայողների բարեվարքությունը |
1․ Իրավասու ստորաբաժանումը հաշվետու է միայն լիազոր մարմնի ղեկավարին։ Իր իրավասության սահմաններում իրավասու ստորաբաժանմանը պարտադիր կատարման ենթակա ցուցումներ կամ հանձնարարություններ կարող է տալ միայն լիազոր մարմնի ղեկավարը։
2․ Իրավասու ստորաբաժանումը հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով օրենքով նախատեսված տվյալների պաշտպանությունը։ Իրավասու ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում յուրաքանչյուր տարվա համար հրապարակվում է մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:
3․ Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուները պարտադիր անցնում են բարեվարքության ուսումնասիրություն։ Սույն մասով նախատեսված բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը տրամադրում է բարեվարքության հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
Գ Լ ՈՒ Խ 2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Հոդված 3. | Ոստիկանության ծառայողի բարեվարքության համակարգի տարրերը |
1. Ոստիկանության ծառայողի (բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձանց) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ հարցերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։ Նվերներ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունների վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները։
3. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց (բացառությամբ լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի) նկատմամբ կիրառվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը։
| Հոդված 4. | Ոստիկանության ծառայողի էթիկայի հանձնաժողովը |
1. Ոստիկանության ծառայողի էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
2. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից։
3. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ անհարգելի պատճառով հանձնաժողովի աշխատանքից բացակայելու դեպքերի:
| Հոդված 5. | Ոստիկանության ծառայողի էթիկայի հանձնաժողովի լիազորությունները |
1. Հանձնաժողովը՝
1) քննում է ոստիկանության ծառայողի (բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձանց) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ ենթադրյալ խախտումները․
2) հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:
2. Հանձնաժողովն իրավասու է՝
1) անցկացնելու լսումներ.
2) դիմողից, ենթադրյալ խախտումը կատարած ոստիկանության ծառայողներից, այլ անձանցից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից հայցելու և ստանալու քննությանն առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն.
3) քննության շրջանակներում փաստաթղթաշրջանառության ապահովման հետ կապված միջնորդություններ ներկայացնելու իրավասու ստորաբաժանում։
3. Քննության արդյունքով Հանձնաժողովն ընդունում է խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն, որն ստորագրում են Հանձնաժողովի անդամները։ Խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը ներառում է ոստիկանության ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու մասին առաջարկություն: Հանձնաժողովը կարող է լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնել բարեվարքության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ։
4. Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
5. Եթե ծառայողական քննությունը նշանակվել է ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումները քննելու համար, և ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ խախտումը կարգապահական է կամ վերաբերում է ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ ծառայողական լիազորություններն անցնելուն, ապա Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։
6. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումների կապակցությամբ ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 6-11-րդ գլուխների կարգավորումները։
| Հոդված 6. | Իրավասու ստորաբաժանման աջակցությունը Հանձնաժողովին |
1․ Հանձնաժողովի միջնորդության հիման վրա իրավասու ստորաբաժանումը Հանձնաժողովին աջակցում է փաստաթղթաշրջանառության ապահովման հարցերում, այդ թվում՝ Հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկում է այն ոստիկանության ծառայողին, որի վերաբերյալ կատարվել է ծառայողական քննությունը, նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող անձին և, առկայության դեպքում, ծառայողական քննության նշանակման հիմք հանդիսացած դիմում ներկայացրած անձին։ Հանձնաժողովի եզրակացությունը ոստիկանության նշված ծառայողի կողմից այն ստանալուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը, իրավասու ստորաբաժանման կողմից հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
| Հոդված 7. | Հանձնաժողով դիմում ներկայացնելու կարգը, դիմումին ներկայացվող պահանջները և դիմումի քննարկումը |
1. Հանձնաժողով դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, այդ թվում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայողները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք։
2. Հանձնաժողով ներկայացվող դիմումը պետք է պարունակի`
1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի կամ հանրային իշխանության մարմնի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (գտնվելու վայրը), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ նաև պաշտոնը.
2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ խախտումը կատարած ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը, նրա զբաղեցրած պաշտոնը.
3) առերևույթ խախտումը.
4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերևույթ խախտումը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթերը, նյութերը).
5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).
6) դիմում ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.
8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
3. Դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե այն չի պարունակում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված տեղեկությունը։
4. Դիմումը վերադարձնելու դեպքում դիմում ներկայացրած անձն այն կարող է համապատասխանեցնել սույն օրենքով նախատեսված պահանջներին և կրկին ներկայացնել Հանձնաժողով՝ վերադարձված դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում։
5. Հանձնաժողովը կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում, եթե՝
1) դիմումի ուսումնասիրությամբ պարզվում է, որ առկա չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ խախտման դեպք.
2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ հարցերի շրջանակից.
3) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով արդեն նշանակված է ծառայողական քննություն, կամ իրավասու ստորաբաժանումը մերժել է դիմումի ընդունումը, կամ առկա է Հանձնաժողովի եզրակացություն։
| Հոդված 8. | Պատասխանատվության առանձնահատկությունները ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում |
1. Կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների խախտման առկայության վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն և ընդունում ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրաման, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի։ Հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ոստիկանության ծառայողին ու Հանձնաժողովին և հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։
2. Կարգապահական տույժ նշանակելու մասին հրաման չի ընդունվում, եթե լրացել են սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները կամ կարող է չընդունվել սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում։ Այս դեպքում կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է կարգապահական տույժ չկիրառելու վերաբերյալ պատճառաբանված որոշում, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ոստիկանության ծառայողին ու Հանձնաժողովին և հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
3. Ոստիկանության ծառայողը անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է բողոքարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պատճենն անմիջապես ուղարկելով Հանձնաժողով, կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին և իրավասու ստորաբաժանում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վերանայման վարույթի արդյունքով ընդունած եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովն այն ներկայացնում է կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձին, որը եզրակացությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն՝ կայացնելով կարգապահական տույժ կիրառելու կամ չկիրառելու մասին որոշում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ խախտման առկայությունը հաստատելու դեպքում կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձն ընդունում է կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ խախտման բացակայության դեպքում կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձն ընդունում է տույժ չկիրառելու մասին որոշում։ Կայացված որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ոստիկանության ծառայողին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հանձնաժողովին և հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։
5․ Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները խախտվելու, սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված պահանջները կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ չպահպանվելու կամ շահերի բախման կանոնները խախտվելու դեպքում հարցը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 3
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 9. | Ծառայողական կարգապահության ապահովումը ոստիկանությունում |
1. Ենթակաների կողմից ծառայողական կարգապահության պատշաճ պահպանման և ամրապնդման համար պատասխանատու է ղեկավարը (հրամանատարը): Այդ նպատակով ղեկավարը (հրամանատարը) պարտավոր է՝
1) ապահովել ենթակաների իրազեկվածությունը կարգապահական կանոններին և դրանց խախտման համար վրա հասնող հետևանքներին.
2) հետևել ենթակաների կողմից կարգապահական կանոնների և ծառայողական փոխհարաբերությունների պահպանմանը.
3) վերլուծել արդեն իսկ կատարված կարգապահական խախտումների պատճառները և դրանց վերացման ուղղությամբ ենթակաների շրջանում հետևողականորեն իրականացնել բացատրական աշխատանքներ:
2. Գրավոր հրամանով նշանակված ղեկավարի (հրամանատարի) ժամանակավոր պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) օգտվում է խրախուսանք կիրառելու և կարգապահական տույժ տալու իրավունքներից:
Գ Լ ՈՒ Խ 4
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ
| Հոդված 10. | Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները |
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները:
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) վաղաժամկետ կոչումի շնորհում.
2) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում.
3) «Ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումի շնորհում։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը շնորհվում է, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը կիրառվում է «Ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանի շնորհմամբ։ Ոստիկանության ծառայողի նկատմամբ սույն խրախուսանքը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ։
5. Ոստիկանության ծառայողին շնորհվող մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքի տեսակները ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ, բացառությամբ հասարակական կարգի պահպանության կամ անվտանգության ապահովման գործում ցուցաբերած անձնական խիզախության կամ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխղճորեն կատարելու դեպքերի:
7. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:
8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակներ:
9. Ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակի կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին։
10. Ոստիկանության ծառայության իջեցված կոչումները վերականգնվում են տույժի հանման հետ միաժամանակ` անկախ զբաղեցրած պաշտոնից։
| Հոդված 11. | Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու առանձնահատկությունները |
1. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կիրառվում են խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) վաղաժամկետ կոչումի շնորհում.
5) կարգապահական տույժի՝ ժամկետից շուտ հանում.
6) հատուկ կրթաթոշակի նշանակում.
7) կրթաթոշակի բարձրացում։
2. Խրախուսանքները սովորողների նկատմամբ կիրառվում են ուսումնական հաստատության միջին, ավագ կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա։
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
| Հոդված 12. | Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժեր:
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև «կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:
3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք «ծառայության դադարեցում» կարգապահական տույժն իրավունք ունեն կիրառելու միայն կոպիտ խախտումների դեպքում: Կոպիտ խախտումներ են համարվում`
1) մարդու կամ քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները խախտելը.
2) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.
3) իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառով ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.
4) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը.
5) թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը.
6) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.
7) գաղտնիության ռեժիմի ապահովման կանոնները խախտելը կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունն ապօրինաբար հրապարակելը կամ ոստիկանության ծառայողների կամ այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը կամ փոխանցելը կամ հաղորդելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, որոնք այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.
8) առանց հարգելի պատճառների մեկ կամ ավելի աշխատանքային օր ծառայության չներկայանալը, ինչպես նաև հերթապահության ընթացքում ծառայության չներկայանալը.
9) ղեկավարի գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը, ուսումնասիրության կամ ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից կամ փորձանմուշ հանձնելուց հրաժարվելը կամ ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.
10) ղեկավարի, հրամանատարի (անմիջական կամ ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների՝ համատեղ ծառայություն նշանակող ղեկավարի (հրամանատարի) կողմից որոշված ղեկավարի) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները կամ հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը․
11) «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ կամ 32-րդ հոդվածով կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը խախտելը։
4. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն անցկացվելուց հետո։
| Հոդված 13. | Կարգապահական տույժ կիրառելու պայմանները և կարգը |
1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե խախտում կատարելու օրվանից անցել է մեկ տարուց ավելի։ Սույն մասում նշված ժամկետի մեջ չի հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը: Եթե խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի: Սույն մասում նշված ժամկետների հաշվարկը կասեցվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է ծառայողական քննությունը։
2. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու կամ խախտումներ կատարած լինելու հանգամանքները: Նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
3. Յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
4. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Եթե ոստիկանության ծառայողը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված թեթև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված խիստ կարգապահական տույժ կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալը, եթե ոստիկանության ծառայողը թույլ չի տվել նոր խախտում: Կարգապահական տույժը հանվում է համապատասխան խրախուսանքի տեսակ կիրառելով։ Մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում կարող է հանվել մեկ կարգապահական տույժ։
7. Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքում նա կարող է տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով։
8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
9. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «նախազգուշացում» և «նկատողություն» կարգապահական տույժերի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին։
| Հոդված 14. | Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ կարգապահական տույժի ենթարկելու առանձնահատկությունները |
1. Կարգապահական խախտման, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության կամ պարբերաբար ուշանալու կամ հասարակական կարգի պահպանության միջոցառումներին մասնակցելու ընթացքում թույլ տված կարգապահական խախտումների կամ լիազոր մարմնի ուսումնական հաստատության ներքին կանոնակարգի խախտումների դեպքում լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին օրենքով» սահմանված «նկատողություն», «խիստ նկատողություն» տույժերից բացի, կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) կոչման իջեցում մեկ աստիճանով.
2) արտահերթ վերակարգի հայտարարում.
3) հատուկ կրթաթոշակից զրկում.
4) լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում։
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգով:
3. «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում» կարգապահական տույժը կիրառվում է սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող ծառայողական քննության արդյունքով համապատասխան որոշման դեպքում։
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը կարող են բողոքարկվել լիազոր մարմնի ղեկավարին։
| Հոդված 15. | Կարգապահական տույժ կիրառելու որոշումը բողոքարկելը |
1. Ոստիկանության ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկել ոստիկանության պետին, իսկ ոստիկանության պետի կողմից տույժ կիրառելու դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարին՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող ակտի կատարումը:
3. Բողոքը պետք է պարունակի՝
1) բողոք բերող ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը.
2) բողոքարկվող որոշումը.
3) բողոքի առարկան և հիմնավորումները.
4) բողոքի պահանջը.
5) առկայության դեպքում՝ բողոքին կից ներկայացվող նյութերի ցանկը.
6) բողոքը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
7) բողոք բերողի ստորագրությունը։
4․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բողոքարկման կարգը չի տարածվում ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները, «Ոստիկանությունում ծառայության մասին» կամ «Հանրային ծառայության մասին» օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում կիրառված կարգապահական տույժերի վրա, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով։
5․ Քննարկելով բերված բողոքը` իրավասու պաշտոնատար անձն իրավասու է՝
1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն և փոփոխելու կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու.
2) մերժելու բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը թողնելով անփոփոխ։
| Հոդված 16. | Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը |
1. Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
Գ Լ ՈՒ Խ 6
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
| Հոդված 17. | Ծառայողական քննությունը |
1. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննություն անցկացնելիս սահմանափակվում է ծառայողական քննություն նշանակելու դեպքի և ծառայողական քննություն նշանակելու մասին իրավական ակտով սահմանված պարզաբանման ենթակա հարցերի և հանգամանքների ստուգմամբ և քննությամբ:
2. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները գնահատում է իր ներքին համոզմունքով՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումով:
3. Ծառայողական քննություն իրականացնող անձի հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հիմնավորվեն ծառայողական քննությամբ հավաքված և հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:
4. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
5. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը՝ սույն օրենքի կարգավորումներին համապատասխան։
| Հոդված 18. | Ծառայողական քննության խնդիրները |
1. Ծառայողական քննության խնդիրն է ապահովել՝
1) «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված սկզբունքների իրականացումը.
2) ոստիկանության ծառայողի կատարած խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտումը.
3) ծառայողական կարգապահության ամրապնդումը.
4) անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողի հեղինակության վերականգնումը.
5) խախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը։
| Հոդված 19. | Ծառայողական քննությանը գործուն աջակցությունը |
1. Ծառայողական քննությանն օժանդակելու կամ նման արարքն առաջին անգամ կատարելու կամ անկեղծորեն զղջալու և դրական բնութագրվելու դեպքում խախտում կատարած ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ, կամ նա կարող է ազատվել կարգապահական տույժի կիրառումից։
2. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում կոպիտ խախտում կատարած ոստիկանության ծառայողների վրա։
Գ Լ ՈՒ Խ 7
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ
| Հոդված 20. | Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք |
1. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն ոստիկանության ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձինք:
2. Եթե խախտում կատարելու մեջ ներգրավված են ոստիկանության մեկից ավելի ծառայողներ, և նրանց մասով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք տարբեր են, ապա ծառայողական քննություն նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը։
3. Ծառայողական քննություն նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ, որում նշվում են ծառայողական քննության նշանակման տարին, ամիսը, ամսաթիվը, ծառայողական քննություն նշանակելու հիմքերը (զեկուցագիրը, դիմումը կամ ուսումնասիրության արդյունքը), դեպքը և պարզաբանման ենթակա հարցերը:
4. Ծառայողական քննություն նշանակելու որոշումն անհապաղ ուղարկվում է իրավասու ստորաբաժանում։
| Հոդված 21. | Ծառայողական քննություն իրականացնելու իրավասությունը |
1. Ծառայողական քննությունն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը, բացառությամբ իրավասու ստորաբաժանման ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների քննության դեպքերի։
2. Իրավասու ստորաբաժանման ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների դեպքերով ծառայողական քննությունն իրականացնում է լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովը: Սույն մասով նախատեսված ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 6-11-րդ գլուխների կարգավորումները։
3. Ծառայողական քննության առանձնահատկություններով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձն իրավունք ունի իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող ոստիկանության ծառայողներին հանձնարարելու իրականացնել ծառայողական քննության անցկացման կարգով սահմանված գործողություններ։ Այդ հանձնարարությամբ որոշվում է նաև տվյալ ծառայողին ծառայողական քննության ժամանակահատվածում այլ հանձնարարություններ տալու շրջանակը։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներգրավված ծառայողն օգտվում է սույն օրենքով և ոստիկանության ծառայողի ծառայողական քննությունն անցկացնելու կարգով սահմանված բոլոր իրավունքներից և պարտականություններից։
5. Իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող ոստիկանության ծառայողը ծառայողական քննության շրջանակներում իրեն հանձնարարված գործողությունների մասով հաշվետու է իրավասու ստորաբաժանման ղեկավարին։
Գ Լ ՈՒ Խ 8
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐՍԿՍՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
| Հոդված 22. | Ծառայողական քննություն նշանակելու դեպքերը և ժամկետները |
1. Ծառայողական քննություն նշանակվում է վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոններն առերևույթ խախտելու, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով առերևույթ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն առերևույթ չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքերում:
2. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսելու համար ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, պաշտոնատար անձինք, ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Ծառայողական քննություն նշանակվում է նաև սույն օրենքով նախատեսված առաքինության ստուգման բացասական արդյունքների հիման վրա։
3. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսվում է նաև լիազոր մարմնի, ենթակա պետական մարմինների կամ կազմակերպությունների ղեկավարների կամ աշխատողների զեկուցագրերի հիման վրա։
4. Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների դեպքում ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսվում է լիազոր մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ։
5. Եթե մինչև ծառայողական քննություն սկսելը պարզվել է, որ առկա է տվյալ ոստիկանության ծառայողի մասնակցությամբ կամ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպք, որն առերևույթ կարող է հանդիսանալ ծառայողական քննության առարկա, ապա ծառայողական քննություն սկսելը հետաձգվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը։
6. Ծառայողական քննությունը նշանակվում է սույն հոդվածով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո, բացառությամբ ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում հայտնաբերված խախտումների դեպքերի։ Այս դեպքում ծառայողական քննություն կարող է նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի:
| Հոդված 23. | Ծառայողական քննություն նշանակելու կարգը |
1. Մինչև ծառայողական քննություն նշանակելը իրավասու ստորաբաժանումը զեկուցագրում կամ դիմումում նշված հանգամանքների պարզման և համապատասխան դեպքի առկայության մասով կարող է անցկացնել ուսումնասիրություն։
2. Եթե ուսումնասիրության արդյունքներով հաստատվում է դեպքի առերևույթ առկայությունը, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննություն նշանակելու համար։
3. Զեկուցագիրն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է ծառայողական քննություն։
4. Եթե ուսումնասիրության արդյունքներով չեն հաստատվում ծառայողական քննության անցկացման դեպքը և համապատասխան հանգամանքները, ապա դիմում կամ զեկուցագիր ներկայացրած անձին մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դեպքի բացակայության մասին գրավոր պատճառաբանված պատասխան։
5. Գրավոր պատասխանը ներկայացնում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝ պատճենը ներկայացնելով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին։
| Հոդված 24. | Ուսումնասիրության անցկացումը և առաքինության ստուգումը |
1. Ուսումնասիրությունն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Գործի ծավալներից և արտաքին աղբյուրներից տեղեկության ստացման ժամկետներով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի հրամանով ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ հինգ աշխատանքային օրով։
2. Իրավասու ստորաբաժանումն ուսումնասիրում է դիմումում կամ զեկուցագրում նշված հանգամանքները, անհրաժեշտության դեպքում դիմում կամ զեկուցագիր ներկայացրած անձանցից պահանջում է վերաբերելի տեղեկություններ, ապացույցներ։
3. Ուսումնասիրություն է անցկացվում նաև ավարտված ծառայողական քննության մասով նոր երևան եկած հանգամանքների դեպքում՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձի կամ կազմակերպության դիմումի կամ ոստիկանության այն ծառայողի դիմումի հիման վրա, որը կատարել է ենթադրյալ խախտումը։ Դիմումը կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում` այն պահից, երբ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձն իմացել կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին: Այս դեպքում ուսումնասիրության շրջանակում պետք է քննարկման առարկա դառնա խախտման վաղեմության ժամկետների հարցը, ինչպես նաև ծառայողական քննությունը վերսկսելու դեպքում՝ կարգապահական տույժ կիրառելու կամ կիրառված կարգապահական տույժի փոփոխության հարցը կամ խախտում թույլ տված այլ անձանց բացահայտումը։
4. Ուսումնասիրության անցկացման դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է ուսումնասիրություն անցկացնողի պահանջով հանձնել փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ։ Փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պահանջի պարտականությունը սահմանվում է ուսումնասիրություն նշանակելու մասին իրավական ակտով։
5. Առանձին հարցերի պարզման համար լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է նշանակվել և անցկացվել ուսումնասիրություն։ Ուսումնասիրություն նշանակելու մասին իրավական ակտով հստակ սահմանվում են ուսումնասիրության շրջանակը և նպատակը։
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով նշանակված ուսումնասիրություն անցկացնողներին նշանակում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը։
7. Ուսումնասիրության ժամանակ ձեռք բերված տվյալները, անկախ կրիչի տեսակից, ինչպես նաև փորձաքննության արդյունքները համարվում են ապացույցներ և որպես ապացույցներ կարող են օգտագործվել ծառայողական քննության ընթացքում։
8. Ուսումնասիրության անցկացման ընթացակարգը սահմանվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով։
9. Առաքինության ստուգումն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը, այդ թվում՝ պրովոկացիայի եղանակներով։ Ոստիկանության ծառայողների առաքինության ստուգման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
| Հոդված 25. | Ծառայողական քննության ժամկետները |
1. Ծառայողական քննությունն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան դրա նշանակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետն իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել ևս 30 օրով, եթե՝
1) ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում է կատարված հարցումների պատասխանների կամ նշանակված փորձաքննության եզրակացության ստացումը.
2) ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ.
3) ծառայողական քննությունների միացմամբ կամ անջատմամբ պայմանավորված՝ պետք է իրականացվեն նոր գործողություններ կամ ձեռք բերվեն նոր փաստեր և փաստական տվյալներ։
2. Ծառայողական քննության ժամկետն առաջին անգամ մինչև 30 օրով երկարաձգվելուց հետո իրավասու ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան իրավական ակտով կարող է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության դեպքում ևս մեկ անգամ երկարաձգել ծառայողական քննություն անցկացնելու ժամկետը՝ մինչև 15 օրով։
3. Ծառայողական քննության ժամկետները երկարաձգելու որոշումն ստանալուց հետո ծառայողական քննություն իրականացնողը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին։
| Հոդված 26. | Ծառայողական քննության կասեցումը |
1. Ծառայողական քննություն նշանակող անձը ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնում է ծառայողական քննությունը, եթե՝
1) ծառայողական քննություն նշանակելուց հետո պարզվել է, որ առկա է ոստիկանության տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած՝ ծառայողական քննության առարկա հանդիսացող խախտման հետ կապված ենթադրյալ հանցագործության դեպք, ապա ծառայողական քննությունը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը․
2) անհնարին է տվյալ ծառայողական քննության արդյունքով ակնկալվող որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը և դրա օրինական ուժի մեջ մտնելը.
3) ծառայողական քննության շրջանակներում պարզման ենթակա որևէ հարցով նշանակվել է փորձաքննություն.
4) հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողը կամ նրա գտնվելու վայրը.
5) կարգապահական պատասխանատվության ենթակա ոստիկանության ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, արձակուրդում կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա փաստացի ներկայության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.
6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարումը.
7) ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ նախաքննության մարմնին․
8) ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3․ Ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին:
| Հոդված 27. | Ծառայողական քննության վերսկսումը |
1. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերանալու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է:
2. Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
3. Ծառայողական քննությունը վերսկսվում է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում։ Տվյալ դեպքում ծառայողական քննությունն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
| Հոդված 28. | Ծառայողական քննության դադարեցումը |
1. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝
1) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը մահացել է կամ ազատվել ծառայությունից, և կարգապահական պատասխանատվության ենթակա ոստիկանության այլ ծառայողներ չկան.
2) լրացել են սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ժամկետները.
3) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն քննվող դեպքի վերաբերյալ, եթե չկան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա այդ գործողությամբ ցանկանում է պարտակել խախտում կատարած այլ անձանց կամ այլ խախտում.
4) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի արարքում բացակայում են խախտման հատկանիշները.
5) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի մասնակցությունը խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.
6) ծառայողական քննություն նշանակելու դեպք հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնում է ծառայողական քննությունն իրականացնող անձը։ Դադարեցման փաստը հաստատում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝ եզրակացության հիման վրա։ Մյուս հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը՝ եզրակացության հիման վրա։
3. Ծառայողական քննությունը դադարեցնելու դեպքում ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է եզրակացություն՝ ամփոփելով առկա իրավիճակը։
4. Ծառայողական քննությունը դադարեցվում է, եթե ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ ոստիկանության ծառայողը գործել է «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններում: Այս դեպքում ծառայողական քննություն իրականացնողը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին։ Ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ խախտում կատարած ոստիկանության ծառայողն ազատվում է կարգապահական տույժից։
| Հոդված 29. | Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում ծառայողական քննությունից մաս անջատելը |
1. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում ծառայողական քննության նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին։
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու հետ մեկտեղ ծառայողական քննություն նշանակող անձը որոշում է՝
1) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով նշանակել նոր ծառայողական քննություն.
2) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով շարունակել ծառայողական քննությունը։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված ծառայողական քննության ժամկետները սահմանվում են սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու համար սահմանված ընդհանուր կանոններով։
| Հոդված 30. | Ծառայողական քննությունների միացումը կամ ծառայողական քննությունից մաս անջատելը |
1. Ծառայողական քննության ընթացքում իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրության հիման վրա ծառայողական քննություն նշանակած անձն իրավունք ունի միացնելու նշանակված երկու կամ ավելի հետևյալ ծառայողական քննությունները՝
1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ խախտում կատարելու վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունները.
2) մեկից ավելի անձանց կողմից նույն ենթադրյալ խախտումը կամ խախտումները կատարելու վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունները․
3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված ծառայողական քննությունները։
2. Այն դեպքում, երբ նշանակված ծառայողական քննությունները նշանակվել են երկու տարբեր իրավասու պաշտոնատար անձանց կողմից, ապա դրանք միացվում են լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ։
3. Ծառայողական քննության ընթացքում իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրության հիման վրա ծառայողական քննություն նշանակած անձը կարող է նշանակված ծառայողական քննությունից մաս անջատել, եթե ծառայողական քննության շրջանակներում քննվող ենթադրյալ խախտումներից մեկի առթիվ առկա են ծառայողական քննության կասեցման հիմքեր, և ծառայողական քննությունից մաս անջատելը չի կարող բացասաբար անդրադառնալ ծառայողական քննության արդյունավետության կամ արդարացիության վրա։ Այս դեպքում իրավասու ստորաբաժանման ղեկավարը գրության մեջ նշում է անջատման ենթակա մասով ծառայողական քննության համար անհրաժեշտ ժամկետը։ Ժամկետ չնշվելու դեպքում հաշվի է առնվում այն ծառայողական քննության համար սահմանված ժամկետը, որից անջատվել է մասը։
4. Եթե ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ առկա են ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումներ, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։
| Հոդված 31. | Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննությունը |
1. Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) թույլ տրված կարգապահական խախտումը չի պարունակում կարգապահական կոպիտ խախտման հատկանիշներ և չի առնչվում ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ չպահպանելու կամ շահերի բախման կանոններին․
2) կիրառվելու է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը․
3) կարգապահական խախտում թույլ տված ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժը կիրառելու է ոստիկանության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողը․
4) կարգապահական խախտում թույլ տված ոստիկանության ծառայողն ընդունում է իր մեղքը խախտումը կատարելու մեջ։
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա կիրառված կարգապահական տույժի հետ համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի դիմում ներկայացնելու լիազոր մարմնի ղեկավարին՝ բողոքարկելով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բողոքը քննարկվում է սույն օրենքով ծառայողական քննության համար սահմանված ընդհանուր կանոններով իրավասու ստորաբաժանման կողմից։
Գ Լ ՈՒ Խ 9
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
| Հոդված 32. | Ծառայողական քննության մասնակիցները |
1. Ծառայողական քննության մասնակիցներն են՝
1) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը.
2) իրավասու ստորաբաժանման ղեկավարը.
3) ծառայողական քննություն իրականացնող անձը.
4) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը.
5) ծառայողական քննությանն առնչվող անձինք, որոնք խախտման դեպքի, դրա կատարման մեջ կասկածվող ծառայողի մեղավորության կամ անմեղության, ինչպես նաև խախտմանն առնչվող այլ հանգամանքների մասին կարող են հաղորդել անհրաժեշտ տեղեկություն.
6) ծառայողական քննությանն աջակցող անձինք՝ մասնագետը, փորձագետը և թարգմանիչը։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված մասնակիցները համարվում են ծառայողական քննության կողմեր։
| Հոդված 33. | Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը |
1. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը՝
1) նշանակում է ծառայողական քննություն.
2) սահմանում է ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հարցերը.
3) անհրաժեշտության դեպքում ներկայացնում է հիմնավորումներ, փաստաթղթեր.
4) ըստ անհրաժեշտության՝ տեղեկանում է ծառայողական քննության ընթացքին.
5) միացնում է ծառայողական քննության նյութերը կամ մաս է անջատում.
6) կասեցնում է ծառայողական քննությունը.
7) վերսկսում է ծառայողական քննությունը.
8) դադարեցնում է ծառայողական քննությունը.
9) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, հիմնարկներից կամ քաղաքացիներից պահանջում և ստանում է փաստաթղթեր, նյութեր, տվյալներ.
10) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ դիմում է այլ պետական մարմիններ՝ մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար։
2. Ծառայողական քննություն նշանակող անձը ծառայողական քննությունն անցկացնելու ժամկետով կարող է կասեցնել ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը` պահպանելով ոստիկանության ծառայողի վարձատրությունը: Ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կարող է կասեցվել այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի ծառայողական քննությունը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կկատարի նոր խախտում։
| Հոդված 34. | Իրավասու ստորաբաժանման ղեկավարը |
1. Իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝
1) ըստ իրավասության՝ որոշում է ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց.
2) ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց տալիս է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.
3) ծառայողական քննության ընթացքում փոփոխում է ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց.
4) մասնակցում է ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարում առանձին գործողություններ.
5) համապատասխան գրությամբ լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և տվյալներ ուսումնասիրության անցկացման կամ ծառայողական քննության վերաբերյալ.
6) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ.
7) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննությանը մասնագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար.
8) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու կամ ծառայողական քննության նյութերը միացնելու կամ մաս անջատելու համար.
9) դիմում է կազմակերպություններ կամ արտոնագիր ունեցող ֆիզիկական անձանց՝ մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար.
10) կազմակերպություններից, հիմնարկներից, քաղաքացիներից պահանջում և ստանում է փաստաթղթեր, նյութեր, տվյալներ։
| Հոդված 35. | Ծառայողական քննություն իրականացնող անձը |
1. Ծառայողական քննություն իրականացնող անձը՝
1) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն.
2) պարզաբանում է խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի, մասնագետի, փորձագետի, թարգմանչի, ծառայողական քննությանն առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
3) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի պահանջով նրանց ներկայացնում է ծառայողական քննության նյութերը և զեկուցում ծառայողական քննության ընթացքի մասին.
4) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում պետական այլ մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ տվյալներ պահանջելու վերաբերյալ համապատասխան գրության նախագիծ.
5) ուսումնասիրում է ծառայողական քննությանը վերաբերող նյութերը, իրերը, փաստաթղթերը.
6) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.
7) վերցնում է գրավոր կամ բանավոր բացատրություններ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, ծառայողական քննությանն առնչվող անձանցից և դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն.
8) կատարում է զննություն.
9) նշանակում է փորձաքննություն.
10) վերցնում է փորձանմուշներ և ախտորոշիչ թեստ.
11) սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է ծառայողական քննությունը.
12) պատրաստում և իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում միջնորդության նախագիծ` խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը ժամանակավոր կասեցնելու մասով, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի ծառայողական քննությունը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կկատարի նոր խախտում.
13) իրավասու ստորաբաժանման ղեկավարին գրավոր տեղեկացնում է մեկ այլ խախտման փաստի հայտնաբերման մասին.
14) ստացված և ներկայացված փաստաթղթերը և նյութերը կցում է գործին.
15) ներգրավում է մասնագետ, փորձագետ և թարգմանիչ.
16) զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու կամ ծառայողական քննության նյութերը միացնելու կամ մաս անջատելու համար.
17) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ծառայողական քննության ժամկետը երկարաձգելու մասին զեկուցագրի նախագիծ.
18) ծառայողական քննությունն ավարտելուց հետո ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմում է եզրակացություն.
19) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողին ծանոթացնում է ծառայողական քննության նյութերին, ներառյալ եզրակացությանը.
20) իր իրավասության սահմաններում լուծում է խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի միջնորդությունները.
21) հայտնում է ինքնաբացարկ, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով։
2. Բացատրություն տալու ձևաչափը՝ բանավոր կամ գրավոր, որոշում է ծառայողական քննություն իրականացնող անձը։ Այն դեպքում, երբ բացատրությունը վերցվում է բանավոր, ապա այն ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, որի մասին ծանուցվում է բացատրություն տվող անձը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված բացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:
| Հոդված 36. | Խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը |
1. Խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողն իրավունք ունի՝
1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.
2) ծանոթանալու ծառայողական քննության դեպքին.
3) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.
4) ընդունելու կամ ժխտելու իր կողմից խախտում կատարելու փաստը.
5) հրաժարվելու բացատրություն ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ.
6) ծառայողական քննության ցանկացած փուլում ներկայացնելու միջնորդություններ առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին իր դիմումը, զեկուցագիրը հիմնավորող` սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.
7) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.
8) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների).
9) ծառայողական քննության ավարտից հետո՝ սահմանված ժամկետում, ծանոթանալու ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը․
10) իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը բողոքարկելու ոստիկանության պետին, իսկ ոստիկանության պետի կողմից տույժ կիրառվելու դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարին։
2. Խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը պարտավոր է՝
1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր, տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ, անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ (բացառությամբ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների.
2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննության իրականացման համար անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը.
3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման և փորձանմուշներ ու ախտորոշիչ թեստ հանձնել.
4) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված բացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:
| Հոդված 37. | Մասնագետը |
1. Մասնագետը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը ծառայողական քննություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրության անցկացմանը` հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար:
2. Հրավիրված մասնագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:
3. Մասնագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:
4. Մասնագետը ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում տրամադրում է խորհրդատվություն իրեն առաջադրված հարցերի մասով, որի հետ կապված կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրում են մասնագետը և ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձը։
5. Մասնագետն իրավունք ունի՝
1) ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
2) ծանոթանալու ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ։
6. Մասնագետը պարտավոր է՝
1) ներկայանալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման և գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մասնակցել դրանց.
2) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով խորհրդատվություն ներկայացնել իր իրավասությանը վերաբերող առաջադրված հարցերի շուրջ.
3) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած խորհրդատվության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:
7․ Մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
| Հոդված 38. | Փորձագետը |
1. Փորձագետը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որը ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը ներգրավվում է ծառայողական քննություն կամ ուսումնասիրութուն իրականացնող անձի որոշմամբ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով ծառայողական քննության կամ ուսումնասիրության նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար:
2. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:
3. Հրավիրված փորձագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:
4. Փորձագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների տիրապետումը հավաստող փաստաթղթեր։
5. Փորձագետն իրավունք ունի՝
1) եզրակացություն տալու համար ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձից պահանջելու անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ, նյութեր.
2) եզրակացություն տալու համար ծանոթանալու անհրաժեշտ նյութերին և ծառայողական քննության կամ ուսումնասիրության նյութերից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ.
3) իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալու խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողին, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանն առնչվող անձանց, ինչպես նաև ուսումնասիրություն իրականացնող անձին.
4) ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, դրանցից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ։
6. Փորձագետը պարտավոր է՝
1) իրեն առաջադրված հարցերով տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն.
2) հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար.
3) ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող անձի գրավոր պահանջով՝ հարցերին պատասխանելու, ինչպես նաև եզրակացության բովանդակությունը պարզաբանելու համար.
4) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած փորձագիտական եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:
| Հոդված 39. | Թարգմանիչը |
1. Թարգմանիչը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու այն դեպքերում, երբ ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանն առնչվող անձը չի տիրապետում հայերենին կամ ունի խոսքի, հաղորդակցության կամ լսողական խնդիրներ, կամ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն իրականացնելու համար անհրաժեշտ որևէ փաստաթուղթ:
2. Թարգմանիչն իրավունք ունի՝
1) ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
2) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:
3. Թարգմանիչը պարտավոր է՝
1) ներկայանալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և կատարել ճշգրիտ թարգմանություններ.
2) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ՝ իր կատարած թարգմանությունների համար:
| Հոդված 40. | Ծառայողական քննությանն առնչվող անձը |
1. Ծառայողական քննությանն առնչվող անձը նա է, որին կարող են հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց կապակցությամբ նա տալիս է համապատասխան գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի) կամ մասնակցում է սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների:
2. Ծառայողական քննությանն առնչվող անձն իրավունք ունի՝
1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
2) տեղեկանալու կանչման նպատակի մասին.
3) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ․
4) ներկայացնելու խախտում կատարելու մասին հիմնավորումներ, փաստաթղթեր.
5) միջնորդություն ներկայացնելու՝ խախտման վերաբերյալ այլ անձանցից բացատրություն պահանջելու համար։
3. Ծառայողական քննությանն առնչվող անձը պարտավոր է՝
1) տալ բացատրություններ ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ.
2) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը.
3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ իր ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 10
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Հոդված 41. | Ծառայողական քննություն անցկացնելու վայրերը և ծառայողական քննության շրջանակներում գործողություններ կատարելու եղանակները |
1. Ծառայողական քննությունն անցկացվում է՝
1) լիազոր մարմնի վարչական շենքերում և ծառայողական քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ այլ վայրերում կամ ծառայողական քննությունն իրականացնող անձի մատնանշած վարչական շենքերում.
2) տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի ժամանակ ծառայողական քննության մասնակիցների ներկայությունը լիազոր մարմնի վարչական շենքում պարտադիր չէ:
2. Ծառայողական քննության ընթացքում սույն օրենքով սահմանված գործողությունները կարող են կատարվել նաև այլ վայրերում:
3. Ծառայողական քննություն իրականացնողի որոշմամբ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանն առնչվող անձանց մասնակցությունն այլ վայրերում իրականացվող համապատասխան գործողությանը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ։
4. Տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը և ընթացակարգը սահմանվում են ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգով։
Գ Լ ՈՒ Խ 11
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
| Հոդված 42. | Ծառայողական քննության արդյունքներով եզրակացություն կազմելը, ծառայողական քննության նյութերին ծանոթացնելը |
1. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
2. Ծառայողական քննություն իրականացնող անձը եզրակացությունը կազմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննության կողմերին տեղեկացնում է ծառայողական քննության նյութերին և եզրակացությանը ծանոթանալու մասին։
3. Ծառայողական քննության կողմերը երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող են ծանոթանալ ծառայողական քննության նյութերին և եզրակացությանը, դրանցից դուրս գրել տեղեկություններ և ներկայացնել գրավոր միջնորդություններ:
4. Ծառայողական քննության մասնակիցները (բացառությամբ ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձանց) ծառայողական քննության նյութերին և դրա արդյունքներով կազմված եզրակացությանը ծանոթանում են իրավասու ստորաբաժանման վարչական շենքում՝ ծառայողական քննություն կատարած անձի ներկայությամբ։
5. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող այն ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ծառայողական քննությանն առնչվող կամ ծառայողական քննությանն աջակցող այն անձինք, որոնք չունեն պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն, չեն կարող ծանոթանալ ծառայողական քննության՝ պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն պարունակող նյութերին։
6. Ծառայողական քննություն իրականացնող անձը քննության մնացած ժամկետների սահմաններում քննարկում է միջնորդությունները, դրանց հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ և անհրաժեշտության դեպքում փոփոխում եզրակացությունը։
7. Միջնորդությունները մերժելու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր պատճառաբանված պատասխան է տրվում կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողին։
8. Եզրակացությանը ծանոթանալու ժամանակ ծառայողական քննության կողմերը չեն կարող ներկայացնել այնպիսի միջնորդություններ, որոնք կարող էին ներկայացնել մինչև եզրակացությանը ծանոթանալը։
| Հոդված 43. | Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը |
1. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ծառայողական քննության ավարտից հետո ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին՝ համապատասխան որոշում ընդունելու համար, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված դեպքի:
2. Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցել իրավասու ստորաբաժանման ղեկավարի հետ, ինչպես նաև զրույց ունենալ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի հետ:
3. Կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձը, հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, կայացնում է համապատասխան որոշում։
Գ Լ ՈՒ Խ 12
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
| Հոդված 44. | Կարգապահական հանձնաժողովը |
1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված կոպիտ խախտումները քննության են առնվում լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովի կողմից։
2. Լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովը սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերով իրականացնում է ծառայողական քննություն։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունն իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացվում են կարգապահական հանձնաժողով:
4. Կարգապահական հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով և կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ փաստական տվյալներ, ինչպես նաև կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները:
5. Ծառայողական քննության մասնակիցներին կրկին լսելու համար կարող են հրավիրել կարգապահական հանձնաժողով:
6. Կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
7. Կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 13
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 45. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել։
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված ծառայողական քննություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի։
4. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հիսուն օրվա ընթացքում։
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանում են իրենց իրավական ուժը։
6. Սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը կիրառելիս հաշվի են առնվում նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված գործող կարգապահական տույժերը։
7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կասեցված, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի հիման վրա կասեցված ծառայողական քննությունները շարունակում են մնալ կասեցված, վերսկսվում են սույն օրենքով սահմանված կասեցման հիմքերը վերանալուց հետո և իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 24 Երևան ՀՕ-315-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|