Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-410-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.07.2015-09.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.15/34(209) Հոդ.775
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է կուսակցություններում միավորվելու իրավունքի իրականացման, կուսակցությունների ստեղծման, նրանց իրավական կարգավիճակի, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

(վերնագիրը խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

Կուսակցություններում միավորվելու իրավունքն իրականացվում է ազատորեն` համոզմունքներին համապատասխան, կամավոր հիմունքներով կուսակցություններ ստեղծելու, նրանց ծրագրերն և կանոնադրություններն ընդունելու պայմանով նրանց անդամակցելու, կուսակցությունների ծրագրային նպատակներին համապատասխան և կանոնադրությամբ սահմանված կարգով նրանց գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև կուսակցությունից ազատորեն դուրս գալու միջոցով:

(2-րդ հոդվածը խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:

2. Կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլվում են նրա կանոնադրությունում և ծրագրում, որոնք հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

3. Կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը`

1) թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների անդամակցությունը.

2) նախատեսում է անձանց անդամակցությունը միայն մասնագիտական, ազգային, ռասայական, կրոնական հատկանիշներով.

3) նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք սույն օրենքին համապատասխան չեն կարող լինել կուսակցության անդամ:

(3-րդ հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կուսակցությունների ստեղծման, նրանց գործունեության, վերակազմակերպման, լուծարման, գործունեության կասեցման, արգելման կարգը, ինչպես նաև նրանց իրավական կարգավիճակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով:

(4-րդ հոդվածը լրաց. 23.06.15 ՀՕ-85-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ու ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ

(վերնագիրը լրաց. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

1. Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երևանում: Կուսակցությունն իրավունք ունի սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ:

11. Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:

2. Կուսակցական տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներն ստեղծվում և նրանց գործունեությունը կազմակերպվում է միայն տարածքային հատկանիշով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իրավապահ մարմիններում, նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կուսակցությունների տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն արգելվում են:

3. Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություն:

(5-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն, փոփ., լրաց. 08.12.04 ՀՕ-51-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

1. Կուսակցության անվանումը ներառում է «կուսակցություն» բառը:

2. Կուսակցության անվանումը և դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, ինչպես նաև տվյալ կուսակցության գրանցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով արգելված կուսակցությունների անվանումներից և դրանց հապավումներից:

3. Կուսակցության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում` նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե հանրահայտ անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ կուսակցության գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է կուսակցության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից կուսակցությանը զրկելու պահանջով դիմել դատարան:

4. Կուսակցության անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ:

(6-րդ հոդվածը լրաց. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ և ԱՅԼ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ

 

1. Կուսակցությունները կարող են ունենալ խորհրդանշան և այլ խորհրդանիշներ, որոնց ճշգրիտ նկարագրությունը պետք է տրված լինի կուսակցության կանոնադրությունում: Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշներ չեն կարող համընկնել Հայաստանի Հանրապետության դրոշի և զինանշանի հետ: Այլ անձինք և կազմակերպությունները չեն կարող օգտագործել կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշներ:

2. Որպես կուսակցության խորհրդանշան և այլ խորհրդանիշներ չեն կարող օգտագործվել գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված կազմակերպությունների կամ կուսակցությունների խորհրդանշանները և խորհրդանիշները:

3. Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշներ չպետք է խախտեն քաղաքացիների և իրավաբանական անձանց մտավոր սեփականության, ներառյալ` ապրանքների և դրանց ծագման տեղանունների նկատմամբ նրանց իրավունքը: Արգելվում է այնպիսի խորհրդանշանի և (կամ) խորհրդանիշների օգտագործումը, որոնք խեղաթյուրում են Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների զինանշանները, վիրավորում մարդկանց հոգևոր, ռասայական, ազգային զգացմունքները, խախտում բարոյականության հանրաճանաչ նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Կուսակցություններն իրավահավասար են` անկախ իրենց ծրագրային փաստաթղթերում արտացոլված գաղափարախոսությունից, նպատակներից ու խնդիրներից:

2. Կուսակցությունների գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության, օրինականության և հրապարակայնության սկզբունքների վրա: Կուսակցություններն ազատ են իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության եղանակները, մեթոդներն ու ձևերը որոշելիս, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Կուսակցությունները սույն օրենքով նախատեսված կարգով ենթակա են պետական գրանցման: Կուսակցությունների տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները պետական գրանցման ենթակա չեն:

4. Կուսակցությունները գործում են հրապարակայնորեն, նրանց հիմնադիր ու ծրագրային փաստաթղթերը հրապարակվում են համընդհանուր իրազեկման համար:

5. Կուսակցության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և այլն), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:

(8-րդ հոդվածը լրաց. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, զինված կազմավորումների ստեղծմանը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքմանը, բռնություն և պատերազմ քարոզելուն:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:

Նշված անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն կուսակցության որոշումներով:

2. Կուսակցության անդամ չեն կարող լինել`

1) դատավորները.

2) դատախազները.

2.1) քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցները.

4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ծառայողները:

(10-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-41-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 11.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՁևԵՐԸ

 

1. Կուսակցությունը կազմավորվում է ազատորեն` իր հիմնադիր համագումարի որոշմամբ:

2. Կուսակցությունն ստեղծվում է հիմնադիր համագումարում, որի ընթացքում որոշումներ են ընդունվում կուսակցության հիմնադրման, նրա ծրագրի ընդունման, կանոնադրության հաստատման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև նշանակում է (ընտրում է) գործադիր մարմնի ղեկավար (կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար):

3. Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից:

4. (մասն ուժը կորցրել է 04.12.02 ՀՕ-475-Ն)

(11-րդ հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-169-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 12.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի և ժամի մասին ծանուցում, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:

2. Հիմնադիր համագումարն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ից:

3. Կուսակցության ստեղծման, կանոնադրության հաստատման, ծրագրի ընդունման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման մասին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(12-րդ հոդվածը խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-139-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 13.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կուսակցության պետական գրանցումը կատարում է պետական լիազոր մարմինը:

2. Պետական գրանցման մասին փաստը վկայող փաստաթուղթն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում կատարված համապատասխան գրառումը և դա հավաստող պետական գրանցման մասին վկայականն է:

3. Կուսակցության պետական գրանցման համար լիազորված մարմին ներկայացվում են`

1) քաղվածք հիմնադիր համագումարի արձանագրությունից, որը պետք է տվյալներ պարունակի կուսակցության ստեղծման, տարածքային ընդգրկման, նրա կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին.

2) (կետն ուժը կորցրել է 04.12.02 ՀՕ-475-Ն)

3) կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը` կարված, էջերը` համարակալված և ստորագրված լիազորված անձի (անձանց) կողմից.

4) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամների ստորագրած դիմումը` գրանցող մարմին` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և բնակության վայրի նշումով.

5) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն.

6) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-139-Ն)

7) գրանցման տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

5. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում կուսակցությանը տրամադրում է պետական գրանցման վկայական, որում որպես կուսակցության գրանցման օր նշվում է պետական միասնական գրանցամատյանում գրառում կատարելու օրը, կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը:

6. Կուսակցության կանոնադրությունում և (կամ) ծրագրում կատարված փոփոխությունների ու լրացումների գրանցումը չի համարվում կուսակցության վերագրանցում և հիմք չէ կուսակցության գրանցման վկայականն ուժը կորցրած ճանաչելու համար:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.02 ՀՕ-475-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-139-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 14.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Կուսակցության պետական գրանցումը կարող է մերժվել, եթե կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին, կամ չեն պահպանվել պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջները:

2. Կուսակցության պետական գրանցման մերժման մասին գրանցող մարմնի որոշումը պետք է լինի գրավոր ու պատճառաբանված: Այդ որոշման մեջ պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության օրենքների այն դրույթները, որոնք խախտվել են ներկայացված փաստաթղթերում:

3. Կուսակցության պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Պետական գրանցման մերժումը խոչընդոտ չէ գրանցման համար փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու համար, եթե վերացվել են մերժման հիմքերը: Գրանցող մարմինը կրկնակի դիմումը քննարկում ու այդ կապակցությամբ որոշումն ընդունում է կուսակցությունների գրանցման համար սույն օրենքով նախատեսված կարգով և ժամկետում:

4. Եթե սահմանված ժամկետում գրանցող մարմինը չի գրանցում և չի մերժում կուսակցության գրանցումը, ապա կուսակցությունը համարվում է գրանցված:

(14-րդ հոդվածը խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն, փոփ. 08.12.04 ՀՕ-51-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կուսակցությունը, նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա և դրան համապատասխան:

2. Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության`

1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաև խորհրդանշանի, խորհրդանիշների նկարագրությունը (եթե դա առկա է).

2) խնդիրները և նպատակները.

3) անդամների իրավունքները և պարտականությունները, կուսակցությանն անդամակցելու և անդամությունը կորցնելու պայմաններն ու կարգը.

4) կառուցվածքը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման և կազմալուծման կարգերը.

5) տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման կարգերը, լիազորությունները և դրանց ժամկետները.

6) բացառապես կուսակցության բարձրագույն մարմնին ենթակա և հաշվետու մշտական գործող ղեկավար մարմնի ձևավորման կարգը և լիազորությունները.

7) կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.

8) դրամական միջոցների և գույքի ձեռքբերման աղբյուրները, գույքը կառավարելու` կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների իրավունքները.

9) լուծարման կարգը:

Կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաև նրա գործունեությանը վերաբերող այլ դրույթներ:

3. Կուսակցության կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 16.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Կուսակցությունը պետք է ունենա ծրագիր, որում նշվում են նրա գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները, խնդիրները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները և միջոցները:

2. Կուսակցության ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

(16-րդ հոդվածը խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

1. Կուսակցության անդամակցությունը կամավոր է և անհատական:

2. Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:

3. Յուրաքանչյուր անձ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության անդամ: Կուսակցության յուրաքանչյուր անդամ կարող է հաշվառվել կուսակցության միայն մեկ ստորաբաժանումում:

4. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով:

5. Կուսակցության անդամները սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցում են նրա գործունեությանը:

6. Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել տվյալ կուսակցության ու նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների մշտական գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում, տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ, ինչպես նաև կանոնադրությամբ նախատեսված կարգով բողոքարկել նշված մարմինների որոշումներն ու գործողությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

7. Կուսակցության անդամները, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ունեն իրավունքներ և պարտականություններ: Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու դեպքում կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման:

8. Պաշտոնական փաստաթղթերում կուսակցական պատկանելության մասին հարց կարող է ընդգրկվել միայն օրենքով սահմանված դեպքերում:

9. Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու և (կամ) պետության կողմից նրան որևէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու համար հիմք չէ:

(17-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 18.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը առնվազն 2 տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին:

2. Կուսակցության կանոնադրությանը համապատասխան` կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները:

(18-րդ հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե նրան ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:

2. Կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:

4. (մասն ուժը կորցրել է 04.12.02 ՀՕ-475-Ն)

(19-րդ հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 20.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Կուսակցությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) իր կանոնադրական նպատակներին ու խնդիրներին համապատասխան` ստեղծել տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմալուծել դրանք.

2) կազմակերպել և անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ.

3) ազատորեն տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ, քարոզել իր նպատակները և խնդիրները.

4) մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը.

5) հասարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ հանդես գալ նախաձեռնություններով, առաջարկներ ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` հասարակության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի ցանկացած հարցով.

6) հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ ու հրատարակչություններ.

7) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ).

8) հաստատել և պահպանել միջազգային կապեր ու շփումներ օտարերկրյա կուսակցությունների և միավորումների հետ, մտնել միջազգային միությունների ու ասոցիացիաների մեջ.

9) իրականացնել իր կանոնադրությանը համապատասխանող այլ գործունեություն:

(20-րդ հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն, 14.04.11 ՀՕ-84-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 21.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Կուսակցությունը միակ հասարակական միավորումն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում:

Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստում ընդունված որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

(21-րդ հոդվածը լրաց. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կուսակցությունը պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները.

2) յուրաքանչյուր տարի http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները:

(22-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-139-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 23.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

1. Կուսակցության գույքը գոյանում է`

1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.

2) սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.

3) սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.

4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

2. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունը արգելվում է:

3. Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:

(23-րդ հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն, խմբ. 09.02.12 ՀՕ-10-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 24.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 09.02.12 ՀՕ-10-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական և իրավաբանական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների (այսուհետ` նվիրատվություն) ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`

1) մեկ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

2) մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը: Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:

3. Նվիրատվություններ չի թույլատրվում`

1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպություններից.

2) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.

3) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից.

4) նվիրատվության կատարման օրվանից մինչև վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից.

5) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.

6) միջազգային կազմակերպություններից և միջազգային հասարակական շարժումներից.

7) քաղաքացիություն չունեցող անձանցից.

8) անանուն անձանցից:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 2.1-ին մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափից ավելի ստացված մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե:

6. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները:

7. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ:

8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված համապատասխան նվիրատվությունների ստացման և դրանք օրենքով սահմանված ժամկետներում համապատասխանաբար պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու դեպքում կուսակցության համապատասխան պաշտոնատար անձը (անձինք) օրենքով սահմանված կարգով ենթարկվում է (են) պատասխանատվության:

(25-րդ հոդվածը խմբ. 09.02.12 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ. 23.06.15 ՀՕ-85-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 26.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով կուսակցություններին ցուցաբերում են հետևյալ աջակցությունը.

1) ապահովում են իրենց մասնակցությամբ հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից կուսակցությունների օգտվելու հավասար հնարավորությունը.

2) կուսակցություններին հավասար պայմաններով տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները.

3) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին ու նրանց տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են հավասար հնարավորություններով.

4) սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված կարգով ֆինանսավորում են կուսակցությունների գործունեությունը.

5) միջոցառումներ անցկացնելու նպատակով կուսակցությունների համար ապահովում են հավասար պայմաններ:

(26-րդ հոդվածը լրաց. 04.12.02 ՀՕ-475-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-10-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 27.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Կուսակցությունների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները տրամադրվում են առանձին հոդվածով:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,03-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից:

2. Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը:

3. Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում համամասնական ընտրակարգով նրանց ստացած ձայներին համամասնորեն:

4. Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:

5. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշում ընդունելու, գործունեության արգելման մասին սահմանադրական դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու կամ լուծարման օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:

(27-րդ հոդվածը խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 28.

Կուսակցությունների հաշվետվությունները պետական մարմիններին

(վերնագիրը խմբ. 09.02.12 ՀՕ-10-Ն)

 

1. Կուսակցությունները պետական մարմիններ ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

2. Կուսակցությունը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը: Հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը (ներառյալ` հաշվետվության ձևը) սահմանում է պետական լիազոր մարմինը: Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:

4. Կուսակցության կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը, իսկ օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են նաև այլ իրավասու մարմինները` իրենց իրավասություններին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Կուսակցության հրապարակած և պետական լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար պետական լիազոր մարմնի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է երեք օրվա ընթացքում պետական լիազոր մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային և բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, նախնական հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթեր:

5. Կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուսակցության հաշվետվությունում:

6. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճարումներից ստացված ընդհանուր գումարի հետ կուսակցության հաշվետվությունում նշվում է նաև նշված վճարումները կատարած կուսակցության անդամների թիվը:

7. Սույն օրենքով սահմանված հաշվետվությունները չհրապարակելը կամ չներկայացնելը կամ սույն օրենքով սահմանված կարգին չհամապատասխանող հաշվետվություններ հրապարակելը կամ ներկայացնելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

(28-րդ հոդվածը խմբ. 09.02.12 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 28.1.

Կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը

 

1. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:

Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցելը պայմանավորված է եղել հաշվետու տարում կուսակցության հաշվեկշռում առկա անշարժ և շարժական գույքի արժեքով, և կուսակցությունն այդ կապակցությամբ արդեն մեկ անգամ լիազոր մարմին ներկայացրել է աուդիտորական եզրակացություն, հաջորդող հաշվետու տարիներին ազատվում է աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պարտականությունից, եթե նախորդ հաշվետու տարվա համեմատությամբ նրա հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կուսակցության հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխությունների դեպքում կուսակցությունը պարտավոր է հաշվետվությունը ներկայացնել սույն օրենքով սահմանված կարգով աուդիտորական եզրակացության հետ, եթե հաշվետու տարում իրականացրած բոլոր գործարքների գինը գերազանցել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

2. Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստացած կուսակցությունները պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, եթե պետական բյուջեից ֆինանսավորումը հաշվետու տարում գերազանցել է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը:

(28.1-ին հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-10-Ն, 25.02.15 ՀՕ-3-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, գործունեության կասեցումը եվ արգելումը

(վերնագիրը փոփ. 23.06.15 ՀՕ-85-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 29.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Կուսակցությունը կարող է իր բարձրագույն մարմնի որոշմամբ` սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով, վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) միայն այլ կուսակցության (կուսակցությունների):

2. Կուսակցության վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն օրենքով սահմանված կարգով անցնում են իրավահաջորդ կուսակցությանը (կուսակցություններին):

 

ՀՈԴՎԱԾ 30.

Կուսակցության գործունեության կասեցումը կամ արգելումը

(վերնագիրը խմբ. 23.06.15 ՀՕ-85-Ն)

 

1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ:

2. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(30-րդ հոդվածը խմբ. 23.06.15 ՀՕ-85-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 31.

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

1. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը կուսակցության համագումարի որոշմամբ` սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով:

2. Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե`

1) (կետն ուժը կորցրել է 09.02.12 ՀՕ-10-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 09.02.12 ՀՕ-10-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 09.02.12 ՀՕ-10-Ն)

4) պետական լիազորված մարմինը չի ծանուցվել սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջների կատարման մասին:

3. Սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցության գործունեության արգելման դեպքում կուսակցությունը ենթակա է լուծարման:

4. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեսված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:

Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը:

(31-րդ հոդվածը խմբ. 04.12.02 ՀՕ-475-Ն, լրաց., խմբ. 08.12.04 ՀՕ-51-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-10-Ն)

(31-րդ հոդվածի 4-րդ մասի այն դրույթը, համաձայն որի` «Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածին հակասող և անվավեր 22.12.2006 ՍԴՈ-669 որոշմամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 32.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 33.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

11. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված կուսակցությունների վրա սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, որի ընթացքում այդ կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ընդգրկումը և անդամների թվաքանակը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին գրավոր տեղեկացնելով պետական լիազորված մարմնին:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի փետրվարի 26-ի «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում իրենց ծրագիրը, տարածքային ընդգրկումը և կանոնադրությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին ծանուցելով պետական լիազորված մարմին: Նշված ժամկետում պետական լիազորված մարմին չծանուցած կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման:

Այն կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները), որոնք թեև նշված ժամկետում ծանուցել են լիազորված մարմին, սակայն ներկայացված ծրագրի և կանոնադրության փոփոխությունները չեն գրանցվել, իրավունք ունեն կուսակցության (հասարակական-քաղաքական կազմակերպությունների) ծրագիրն ու կանոնադրությունը սահմանված կարգով համապատասխանեցնել օրենքի պահանջներին և մինչև 2004 թվականի փետրվարի 15-ը կրկին դիմել պետական լիազորված մարմին: Կրկին չդիմելու կամ կրկին դիմելու և մերժում ստանալու դեպքում կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման:

Սույն հոդվածով սահմանված կարգով լուծարման ենթակա կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են մինչև 2004 թվականի ապրիլի 15-ը սահմանված կարգով ընդունել որոշում լուծարման մասին: Սահմանված ժամկետում լուծարման մասին որոշում չընդունելու կամ պետական լիազոր մարմին չծանուցելու դեպքում պետական լիազոր մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, դիմում է դատարան` կուսակցությունը (հասարակական-քաղաքական կազմակերպությունը) լուծարելու պահանջով:

(33-րդ հոդվածը փոփ. 04.12.02 ՀՕ-475-Ն, խմբ. 25.12.03 ՀՕ-30-Ն, լրաց. 08.12.04 ՀՕ-51-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 7
Երևան
ՀՕ-410-Ն