Գլխավոր տեղեկություն
Համար
N 367-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2023

600.0367.25.10.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հոկտեմբերի 2023 թվականի

N 367-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՐԽԻՎԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 02.07.25 N 237-Ն)

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» և «ժա» ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողներն ապահովում են՝

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների և սակագնային պլանների (այսուհետ՝ Պայմանագրեր), ինչպես նաև դրանց փոփոխությունների, լրացումների հրապարակումը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում.

2) Պայմանագրերում նախատեսվող՝ բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների, լրացումների, ինչպես նաև որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող Պայմանագրերի սկզբնական գործողության ժամկետի, ինչպես նաև երկարաձգման արդյունքում սահմանված գործողության յուրաքանչյուր ժամկետի ավարտի վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային նամակների, ավտոմատ հեռախոսազանգերի կամ հեռուստատեսային հաղորդագրությունների (TVMS) միջոցով բաժանորդներին Պայմանագրերով սահմանված կարգով ծանուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն ենթակետում նշված ծանուցումը ստանալուց։

3) հնարավորություն՝ բաժանորդի կողմից առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու Պայմանագրերի գործողությունը՝ Պայմանագրերում նախատեսվող՝ բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների, լրացումների դեպքում, նախքան դրանց ուժի մեջ մտնելը, (բացառությամբ այդ փոփոխությունների, լրացումների՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներով պայմանավորված դեպքերի), իսկ որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող Պայմանագրերի դեպքում՝ գործողության ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում.

4) Պայմանագրերի տարբերակների (դրանցում կատարվող փոփոխությունների, լրացումների դեպքում) և սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի համաձայն` բաժանորդներին ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային նամակների, ավտոմատ հեռախոսազանգերի և հեռուստատեսային հաղորդագրությունների (TVMS) արխիվացումը էլեկտրոնային բազայում և դրանց պահպանումը 3 տարի ժամկետով։

(1-ին կետը խմբ. 02.07.25 N 237-Ն)

2. Պայմանագրերում նախատեսվող փոփոխությունները, լրացումները ուժի մեջ են մտնում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակվելու կամ հրապարակման մեջ նշված օրը, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փոփոխությունները, լրացումները՝ այն բաժանորդների մասով, ովքեր նույն ենթակետին համապատասխան չեն հրաժարվել դրանում նշված ծանուցումները ստանալուց, ուժի մեջ են մտնում բաժանորդներին նույն ենթակետի համաձայն ծանուցելուց 30 օր հետո:

2.1 Որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող Պայմանագրերի սկզբնական գործողության ժամկետի, ինչպես նաև երկարաձգման արդյունքում սահմանված գործողության յուրաքանչյուր ժամկետի ավարտի վերաբերյալ ծանուցումն իրականացվում է Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ և ներառում է Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտի, ինքնաբերաբար երկարաձգման պայմանների, իսկ որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգման դեպքում՝ նաև սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը.

(2.1-ին կետը լրաց. 02.07.25 N 237-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2-ամսյա ժամկետում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողները Պայմանագրերը համապատասխանեցնում են սույն որոշմամբ սահմանված պահանջներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

25 հոկտեմբերի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2025, N 237-Ն 10.07.2025, N 367-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան