ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը:
Հոդված 2. |
Հանրային ծառայությունների համարանիշը |
1. Հանրային ծառայությունների համարանիշը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հատկացվող թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անձնական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:
2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և չի կարող փոփոխվել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում:
(2-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-92-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-63-Ն)
Հոդված 3. |
Հանրային ծառայությունների համարանիշի ամրագրումը և օգտագործման նպատակը |
1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:
2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ.
3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(3-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-92-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-63-Ն)
Հոդված 4. |
Հանրային ծառայությունների համարանիշի ձևավորման կարգը |
1. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է հետևյալ կերպ.
1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է քաղաքացու ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`
ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,
բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.
2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`
ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14),
բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).
3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.
4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999:
2. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
3. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:
(4-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-92-Ն)
Հոդված 5. |
Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնելը |
1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
2. Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:
Հոդված 6. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերում դրանք օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս (փոխանակելիս):
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով:
4.1. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է սոցիալական ապահովության քարտի (համարի) կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:
5. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ կամ ստացել է նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրված չէ, կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները պաշտոնատար կամ իրավասու այլ անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով և 6-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-92-Ն, լրաց. 11.12.13 ՀՕ-137-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.07.2020, ՀՕ-394-Ն | 14.08.2020, ՀՕ-288-Ն | |
27.10.2017, ՀՕ-155-Ն | 25.11.2017, ՀՕ-288-Ն | |
18.05.2015, ՀՕ-63-Ն | 01.07.2015, ՀՕ-288-Ն | |
11.12.2013, ՀՕ-137-Ն | 01.01.2014, ՀՕ-288-Ն | |
19.06.2013, ՀՕ-92-Ն | 03.08.2013, ՀՕ-288-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|