Basic information
Number
ՆՀ-289
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (05.05.1994-15.06.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1994/9 (1061) 15 մայիս,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
05.05.1994
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
05.05.1994
Effective date
05.05.1994
Interrupt date
15.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինը ընդունվել է Հայաստանի կողմից և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային զարգացման գործում, փաստելով քրիստոնյա Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու անուրանալի ներդրումը մարդկային արժեքների ձևավորման և համաշխարհային քաղաքակրթության մեջ, նկատի ունենալով, որ 2001 թվականին լրանում է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը, և որի պատշաճ մակարդակով նշումը պահանջում է տևական ու համակողմանի աշխատանք, որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Հանձնարարել հանձնաժողովին`

ա) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, տարբեր գիտական, մշակութային կազմակերպությունների հետ համագործակցաբար մինչև 1995 թվականի մարտի 1-ը մշակել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը միջազգայնորեն նշելու համապարփակ ծրագիր` փոխհամաձայնեցնելով եկեղեցական և պետական միջոցառումների կազմակերպումը, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) ձեռնարկել բոլոր նախապատրաստական աշխատանքները սկսած 1996 թվականից Հայաստանը քրիստոնյաների համար ուխտագնացության երկիր դարձնելու և զբոսաշրջիկության համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ.

գ) կազմակերպել բանակցություններ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ` նրանց մասնակցության և Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը միջազգայնորեն նշելու հնարավորությունների ու ձևի առնչությամբ.

դ) ի գիտություն ընդունելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմվել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցական կենտրոնական հանձնաժողով, ապահովել պետական և եկեղեցական հանձնաժողովների համագործակցված աշխատանքը ինչպես ծրագրերի մշակման, այնպես էլ միջոցառումների իրականացման փուլերում.

ե) հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակից դարձնել սփյուռքի մշակութային ու հասարակական կազմակերպությունները, առանձին անհատների.

զ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

5 մայիսի 1994 թ.

ՆՀ-289

 

* Ծանոթություն - Հանձնաժողովի կազմը կցված չէ: