ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 17 դեկտեմբերի 2024 թվականի | թիվ 141 | քաղ. Մոսկվա | 
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի և տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու կարգը։
2. Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարել փոփոխություններ՝ թիվ 1 հավելվածի համաձայն:
3. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:
| Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ | Բ. Սագինտաև | 
| 
 | ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 141 որոշմամբ | 
ԿԱՐԳ
ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի և տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքների հայտարարագրի (այսուհետ՝ ԱՀ), տարանցման հայտարարագրի (այսուհետ՝ ՏՀ), այդ թվում՝ եթե որպես ԱՀ և ՏՀ օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ ներառյալ երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, և տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի (այսուհետ՝ ՏՄՄՀ), այդ թվում՝ եթե որպես ՏՄՄՀ օգտագործվում են երրորդ կողմի հետ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը, գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու կանոնները։
Սույն կարգի նպատակների համար մաքսային հայտարարագիր ասելով՝ պետք է հասկանալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք նշված են սույն կետի առաջին պարբերության մեջ։
2. Մաքսային մարմինը մաքսային հայտարարագիրը գրանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 111-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետներում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կամ առանց պաշտոնատար անձի մասնակցության՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով դրան համապատասխան գրանցման համար տալու եղանակով ու արձանագրում է այդ գրանցման ամսաթիվը և ժամը։
ԱՀ-ի գրանցման համարը (այդ թվում՝ եթե որպես այդպիսի հայտարարագիր օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ ներառյալ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը) ձևավորվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգին համապատասխան։
ՏՀ-ի գրանցման համարը (այդ թվում՝ եթե որպես այդպիսի հայտարարագիր օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ ներառյալ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը) ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 73 որոշմամբ հաստատված՝ Տարանցման հայտարարագրի լրացման կարգին համապատասխան։
ՏՄՄՀ-ի գրանցման համարը (այդ թվում՝ եթե որպես այդպիսի հայտարարագիր օգտագործվում են երրորդ կողմի հետ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը) ձևավորվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 422 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի լրացման կարգի մասին ուղեցույցին համապատասխան։
Մաքսային հայտարարագրի գրանցման համարը պետք է եզակի լինի մաքսային հայտարարագրի յուրաքանչյուր տեսակի համար՝ անկախ մաքսային հայտարարագրման ձևից և նրանից, թե ինչ փաստաթղթեր են օգտագործվում որպես այդպիսի մաքսային հայտարարագիր։
3. Մաքսային մարմինը հրաժարվում է Օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետներում գրանցել մաքսային հայտարարագիրը՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կամ առանց պաշտոնատար անձի մասնակցության՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով, մաքսային հայտարարագրի գրանցման մերժում ձևակերպելու եղանակով։
II. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու կարգը
4. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումը ձևակերպում է մաքսային մարմինը՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը կամ, առանց պաշտոնատար անձի մասնակցության, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով՝ սույն կարգի 2-րդ կետին համապատասխան, և այդպիսի մաքսային հայտարարագրի գրանցման համարի, դրա գրանցման ամսաթվի և ժամի մասին տեղեկությունները, Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումն առանց պաշտոնատար անձի մասնակցության՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով, ձևակերպվում է այն դեպքում, երբ պահպանվել են նման ստուգման անցկացման ժամանակ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի աշխատանքի ալգորիթմներով (տեխնիկական պահանջներով) սահմանված՝ մաքսային հայտարարագրի ստուգման պայմանները։
5. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման մերժումը ձևակերպում է մաքսային մարմինը՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը կամ, առանց պաշտոնատար անձի մասնակցության, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով և, մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու ամսաթվի և ժամի մասին, մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու համար Օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան հիմք հանդիսացած բոլոր պատճառների մասին տեղեկությունները, և, եթե դա նախատեսված է, անդամ պետության՝ մաքսային հայտարարագրման մասին օրենսդրությամբ, ապա դրանց վերացման վերաբերյալ հանձնարարականներն ուղարկվում են հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան։
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումն առանց պաշտոնատար անձի մասնակցության՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ձևակերպելն ավարտվում է այն դեպքում, երբ չեն պահպանվում մաքսային հայտարարագրի ստուգման պայմաններից մեկը, որոնք սահմանված են նման ստուգման անցկացման ժամանակ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի աշխատանքի ալգորիթմներով (տեխնիկական պահանջներով), եթե դա նախատեսված է Օրենսգրքի 78-րդ հոդվածին համապատասխան սահմանված մաքսային գործառնությունների կատարման կարգով և տեխնոլոգիայով, անդամ պետության օրենսդրությամբ։
III. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու կարգը
6. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումը ձևակերպվում է սույն կարգի 2-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում մաքսային հայտարարագրի (այդպիսի մաքսային հայտարարագրի բոլոր օրինակների վրա) գրանցման համարի մասին տեղեկությունները նշելու եղանակով։
Եթե որպես ԱՀ օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ ներկայացնելով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագրի օգտագործման կարգի մասին ուղեցույցին (այսուհետ՝ Ուղեցույց) համապատասխան ձևակերպված գրավոր դիմումը, ապա այդպիսի ԱՀ-ի գրանցման համարը մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է այդ դիմումի վերին աջ անկյունում։
Եթե որպես ԱՀ օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ ներկայացնելով Ուղեցույցի թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ապրանքների ցանկը, ապա այդպիսի ԱՀ-ի գրանցման համարը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ նշված ապրանքների ցանկի ձևի համապատասխան տողում։
Եթե որպես ԱՀ օգտագործվում են այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը, ներառյալ ԱՏԱ կառնետը, ապա այդպիսի ԱՀ-ի գրանցման համարը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային կարգավորման մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Եթե որպես ՏՀ օգտագործվում է «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի դրույթներին համապատասխան լրացված ՄՃՓ գրքույկը, դրան կից տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերով, ապա այդ ՏՀ-ի գրանցման համարը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ՄՃՓ գրքույկի թիվ 1 և 2 պոկովի թերթիկների 21-րդ սյունակի աջ ենթաբաժնում և թիվ 1՝ ոչ պոկովի կռնակի 2-րդ սյունակում։
Եթե որպես ՏՀ օգտագործվում է «Ժամանակավոր ներմուծման մասին» 1990 թվականի հունիսի 26-ի կոնվենցիային համապատասխան լրացված ԱՏԱ կառնետը՝ դրան կից տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերով, ապա այդ ՏՀ-ի գրանցման համարը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ԱՏԱ կառնետի «transit» կապույտ պոկովի թերթիկի (վաուչերի) «H.» սյունակի «c» ենթաբաժնում և ԱՏԱ կառնետի «transit» կապույտ կռնակի 3-րդ սյունակում։
Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերն որպես ՏՀ օգտագործելու դեպքում այդպիսի ՏՀ-ի գրանցման համարը նշվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ՏՀ կազմող փաստաթղթերի ցուցակի 2 օրինակի վրա և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա։
Եթե որպես ՏՄՄՀ օգտագործվում են երրորդ կողմի հետ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը, ապա այդպիսի ՏՄՄՀ-ի գրանցման համարը նշվում է համապատասխան փաստաթղթի վրա (ցանկացած ազատ տեղում)։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումը ձևակերպելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան տեղեկատվությունը ներմուծում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ։
7. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման մերժումը մաքսային մարմնի պաշտոնատար անձը ձևակերպում է այդպիսի մաքսային հայտարարագրի 2 օրինակների դարձերեսներին «Գրանցումը մերժված է» գրառում կատարելու եղանակով՝ նշելով մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու համար Օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան հիմք հանդիսացած բոլոր պատճառները, և, եթե դա նախատեսված է մաքսային կարգավորման մասին անդամ պետության օրենսդրությամբ, դրանք վերացնելու հանձնարարականները, և հաստատվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով։
Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի մերժումը ձևակերպելիս դրա դարձերեսին անհրաժեշտ տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են այդպիսի մաքսային հայտարարագրին լրացուցիչ կցվող՝ А4 ձևաչափի թերթերի վրա, որոնք մաքսային հայտարարագրի անբաժանելի մասն են։
Որպես ԱՀ ԱՏԱ կառնետ օգտագործելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Գրանցումը մերժված է» գրառումը, նշելով ԱՏԱ կառնետի համապատասխան պոկովի թերթիկի (վաուչերի) 2 պատճենների վրա սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված տեղեկությունները։
Որպես ՏՀ ՄՃՓ գրքույկ կամ ԱՏԱ կառնետ օգտագործելու դեպքում ՄՃՓ գրքույկի թիվ 1 պոկովի թերթիկի 2 պատճենների վրա կամ ԱՏԱ կառնետի համապատասխան թերթիկի (վաուչերի) պատճենների վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Գրանցումը մերժված է» գրառումը՝ նշելով սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված տեղեկությունները։
Եթե որպես ՏՄՄՀ օգտագործվում են երրորդ կողմի հետ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը, ապա սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված տեղեկությունները նշվում են համապատասխան փաստաթղթի (համապատասխան փաստաթղթի պատճենի) վրա (ցանկացած ազատ տեղում)։
8. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման մերժումը ձևակերպելիս սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գրառումներով մաքսային հայտարարագրի մեկ օրինակը պահվում է մաքսային մարմնում, իսկ մյուսը վերադարձվում է հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին։
Այն դեպքում, երբ հնարավոր չէ մաքսային հայտարարագրի նշված օրինակը տալ հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին, մաքսային հայտարարագրի գրանցման մերժումը ձևակերպելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրից ոչ ուշ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի օրինակն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ այն փոխանցում է ստացման փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով։
Մաքսային հայտարարագրի օրինակի վրա, որը ենթակա է պահման մաքսային մարմնում, հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը նշում է մաքսային հայտարարագրի օրինակն իրեն հանձնելու ամսաթիվը և ժամը՝ կատարելով մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու մասին սույն կարգի 7-րդ կետով նախատեսված նշումները, նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը, ինչպես նաև ստորագրելով այն։
Այն դեպքում, երբ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը հրաժարվում է ստորագրել այն, նշել մաքսային հայտարարագրի օրինակը հանձնելու ամսաթիվը և ժամը, կատարել սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գրառումները, մաքսային հայտարարագրի օրինակը, որը ենթակա է պահման մաքսային մարմնում, ստորագրում է մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝ նշելով, որ հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) հրաժարվել է ստորագրել (ցանկացած ազատ տեղում)։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման մերժումը ձևակերպելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ներմուծում է համապատասխան տեղեկատվությունը կամ առանց պաշտոնատար անձի մասնակցության՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով այդ մերժումն ինքնաբերաբար ձևավորվում է։
9. Անհրաժեշտության դեպքում գրանցման ամսաթվի և ժամի մասին կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու մասին տեղեկատվությունը կարող է մաքսային մարմինը ներկայացնել հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հարցմամբ։
| 
 | ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 141 որոշման | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Տարանցման հայտարարագրի ներկայացման, գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին» թիվ 438 որոշման մեջ՝
ա) անվանման մեջ և տեքստում «, գրանցման» բառը հանել.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ Տարանցման հայտարարագրի ներկայացման, գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգում ՝
անվանման մեջ և 1-ին կետում «, գրանցման» բառը հանել.
II բաժնի անվանման մեջ «և գրանցման» բառերը հանել.
4-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
26-րդ կետում «, գրանցման» բառը հանել.
նշված կարգի թիվ 1 հավելվածի համարակալված վերնագրում «, գրանցման» բառը հանել։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 511 որոշմամբ հաստատված՝ Ժամանակավոր ներմուծվող և ժամանակավոր արտահանվող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ առանձին մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին ուղեցույցում՝
ա) 1-ին կետում «ՏՄՄՀ գրանցման կարգը,» բառերը հանել.
բ) 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) ՏՄՄՀ-ի ներկայացման ամսաթվի և ժամի արձանագրում.
2) ՏՄՄՀ-ի գրանցում կամ ՏՄՄՀ-ի գրանցման մերժում.».
գ) 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) փաստաթղթերի ներկայացման ամսաթվի և ժամի արձանագրում.
2) ՄՓՏՄ-ի ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման իրականացման գրանցում.»։
| 
 | ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 141 որոշման | 
ՑԱՆԿ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 511 որոշմամբ հաստատված՝ Ժամանակավոր ներմուծվող և ժամանակավոր արտահանվող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ առանձին մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին ուղեցույցի 16-րդ կետի հինգերորդ պարբերություն։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 2-ի «Ապրանքների հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգի մասին ուղեցույցի մասին» թիվ 98 որոշում։
3. Մաքսային մարմինների կողմից՝ տարանցման հայտարարագրի ներկայացման, գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մեջ կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 147 որոշման հավելված) 4-րդ կետ։
4. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 83 որոշման հավելված) 4-րդ կետ։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Տարանցման հայտարարագրի ձևի և դրա լրացման կարգի հաստատման մասին, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետ: