ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 հոկտեմբերի 2024 թվականի |
թիվ 115 |
քաղ. Մոսկվա |
«ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 215 որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 115 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային (այսուհետ՝ Հանձնաժողով) առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:
Կոմիտեն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական մարմին է:
2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:
II. Կոմիտեի հիմնական խնդիրները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով.
բ) Հանձնաժողովի համար հանձնարարականների և առաջարկների մշակում՝ մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման ոլորտի հարցերի առնչությամբ՝ սույն հիմնադրույթի 13-րդ կետին համապատասխան.
գ) իր իրավասության սահմաններում այլ հարցերի քննարկում։
III. Կոմիտեի կազմը և ձևավորման կարգը
4. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից):
5. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեին առընթեր մշտական կամ ժամանակավոր հիմունքներով կարող են ստեղծվել փորձագիտական և աշխատանքային խմբեր, որոնք ձևավորվում են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներից, Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից և աշխատակիցներից։
Անդամ պետությունների առաջարկով՝ փորձագիտական և աշխատանքային խմբերի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Փորձագիտական ու աշխատանքային խմբերի աշխատակարգը սահմանում է Կոմիտեն։
6. Կոմիտեի (փորձագիտական և աշխատանքային խմբերի) կազմը ձևավորելու համար անդամ պետությունների պետական իշխանության մարմինները համապատասխան թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ են ներկայացնում Հանձնաժողով։
Անդամ պետությունների պետական իշխանության մարմինները Հանձնաժողովին ժամանակին տեղեկացնում են Կոմիտեի (փորձագիտական և աշխատանքային խմբի) կազմում իրենց ներկայացուցիչներին փոխարինելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դրա կազմի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներ են ներկայացնում։
Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:
7. Կոմիտեի նիստերը նախագահում և դրա աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամը (նախարարը) (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
Փորձագիտական և աշխատանքային խմբերի նիստերին նախագահում և դրանց աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է համապատասխան խմբի ղեկավարը։
8. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքները.
բ) հաստատում է անդամ պետությունների առաջարկների հիման վրա նախապատրաստված՝ Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) հաստատում է Կոմիտեին առընթեր ստեղծվող փորձագիտական ու աշխատանքային խմբերի կազմերը.
զ) ներկայացնում է Կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
է) նշանակում է Կոմիտեի քարտուղարին՝ Հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրենի ներկայացմամբ.
ը) իրականացնում է այլ գործառույթներ՝ Կոմիտեի իրավասության սահմաններում:
9. Կոմիտեի նախագահի տեղակալներն են Հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրենը և Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենը՝ իրենց վրա դրված խնդիրներին համապատասխան։
10. Կոմիտեի նախագահի տեղակալը (Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ)՝
ա) Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կատարում է Կոմիտեի նախագահի գործառույթները.
բ) ապահովում է Կոմիտեի նիստի կազմակերպումը.
գ) վերահսկողություն է իրականացնում հետևյալի նկատմամբ.
Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի և դրան կցվող նյութերի նախապատրաստում.
Կոմիտեի նիստի արդյունքներով արձանագրության նախապատրաստում.
գրությունների նախապատրաստում և դրանց ուղարկում Կոմիտեի անդամներին.
Կոմիտեի արձանագրային որոշումների կատարում։
11. Կոմիտեի քարտուղարը նշանակվում է Հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի աշխատակիցների թվից։
12. Կոմիտեի քարտուղարը՝
ա) ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նախապատրաստումը, և այն ներկայացնում է Կոմիտեի նախագահի հաստատմանը.
բ) Կոմիտեի անդամներին ուղարկելու համար նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան կցվող՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների և անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից ներկայացված նյութերը.
գ) էլեկտրոնային փոստի միջոցով Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.
դ) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը.
ե) Կոմիտեի նիստի արդյունքներով նախապատրաստում է արձանագրության նախագիծը՝ ստորագրման համար։
զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և Կոմիտեի անդամներին դրանց ուղարկումը.
IV. Կոմիտեի գործունեությունը
13. Կոմիտեի նիստերն անցկացվում են հետևյալ նպատակներով.
ա) Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների թեմաների քննարկում և համաձայնեցում՝ Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների պլանի մեջ ընդգրկելու համար.
բ) անդամ պետությունների կողմից գների պետական կարգավորում ներդնելու փաստերին առնչվող հարցերի քննարկում.
գ) մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման ոլորտի այն հարցերի կարգավորում, որոնց առնչությամբ կան անդամ պետությունների փորձագետների տարաձայնություններ, այդ թվում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի դրույթների, Միության մարմինների ակտերի և անդամ պետությունների օրենսդրության ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկներին առնչվող հարցերի կարգավորում.
դ) մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում անդամ պետությունների կողմից Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության մարմինների ակտերի կատարման մշտադիտարկման արդյունքների քննարկում.
ե) մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտին առնչվող խոչընդոտների (արգելքների, սահմանափակումների, բացառումների) վերացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.
զ) մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի առնչությամբ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության մարմինների ակտերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.
է) Հանձնաժողովի մյուս խորհրդատվական մարմինների և դեպարտամենտների համար առաջարկների նախապատրաստում՝ մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման ոլորտին առնչվող հարցերը նրանց կողմից քննարկվելու դեպքում.
ը) մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի հարցերի քննարկում.
թ) այլ հարցերի քննարկում, որոնք առնչվում են Միության շրջանակներում մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման ոլորտին, ինչպես նաև գների պետական կարգավորման ոլորտին։
V. Կոմիտեի աշխատակարգը
14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունում է Կոմիտեի նախագահը՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջարկները:
15. Կոմիտեի անդամները ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 30 օրացուցային օր առաջ Կոմիտեի նախագահին են ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկներ՝ կցելով նյութեր, որոնք ներառում են հետևյալը.
քննարկվող հարցերի վերաբերյալ տեղեկատվական և վերլուծական նյութեր.
քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).
արձանագրային որոշման նախագիծը.
այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք նշանակություն ունեն հարցերը քննարկելիս (առկայության դեպքում):
Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի և դրան կցվող նյութերի նախնական քննարկումն անցկացվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ՝ Կոմիտեի նիստի կազմակերպումն ապահովող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի նախագահությամբ։
16. Կոմիտեի նիստի օրակարգում ներառված՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարատամենտի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի վերաբերյալ նյութերը Կոմիտեի քարտուղարին են ներկայացվում Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օրացուցային օր առաջ։
17. Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը, դրան կցվող նյութերը, ինչպես նաև Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեի քարտուղարի կողմից ուղարկվում են Կոմիտեի անդամներին (այդ թվում՝ էլեկտրոնային ձևով)՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օր առաջ։ Կոմիտեի քարտուղարն ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգին առնչվող նյութերի հրապարակումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ (բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք պարունակում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկություններ)։
Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ ստացված լրացուցիչ առաջարկների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով ուղարկվում է Կոմիտեի անդամներին՝ այդ առաջարկներն ստանալու օրվանից հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։
18. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:
Անդամ պետության պետական իշխանության մարմնի առաջարկով և Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում: Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել առերես կամ տեսակոնֆերանս կապի միջոցով։
Կոմիտեի նիստի անցկացման համար անհրաժեշտ է Կոմիտեի նախագահի (նախագահի տեղակալի) և Կոմիտեի առնվազն մեկ անդամի՝ յուրաքանչյուր անդամ պետության պետական իշխանության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը։
19. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։ Եթե Կոմիտեի անդամի ներկայությունը Կոմիտեի նիստին անհնար է, ապա նա իրավունք ունի քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը գրավոր ներկայացնելու Կոմիտեի նախագահին՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ։
20. Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի կողմից ներկայացված իր կարծիքը չի կարող դիտարկվել որպես անդամ պետության վերջնական դիրքորոշում:
21. Կոմիտեի նախագահի հրավերով կամ Կոմիտեի անդամների առաջարկով՝ Կոմիտեի նիստին կարող են մասնակցել անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչները, անհրաժեշտ որակավորում ունեցող՝ գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անկախ փորձագետները, Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը։
Անդամ պետությունների հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների այն ներկայացուցիչները, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը:
22. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում ամրագրվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Արձանագրության նախագիծը համաձայնեցվում է Կոմիտեի՝ նիստին մասնակցած անդամների հետ՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը հատուկ կարծիք ունի Կոմիտեի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ, այն գրավոր շարադրվում և Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է Կոմիտեի քարտուղարին՝ Կոմիտեի նիստի արձանագրությանը կցելու համար։ Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:
23. Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի նախագահի կողմից ստորագրվում է Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Կոմիտեի նիստի արձանագրության պատճեններն ուղարկվում են անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, ինչպես նաև Կոմիտեի անդամներին՝ Կոմիտեի նախագահի կողմից դրա ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը կարող է ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցած՝ հրավիրված անձանց:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամի (նախարարի) քարտուղարությունում։
24. Կոմիտեի որոշումները հանձնարարական բնույթ են կրում:
25. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը:
Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի նիստերին անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:
26. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը:
Փորձագիտական և աշխատանքային խմբերի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Կոմիտեի որոշումը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|