Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-13
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2015-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.13/28(94)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

 12 հոկտեմբերի 1999 թվականի

 

 ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը կարգավորում է մարդահամարը նախապատրաստելու, անցկացնելու, սկզբնական (անձնական) տվյալները կուտակելու և պահպանելու, ինչպես նաև ամփոփ տվյալները տարածելու ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 2. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մարդահամարի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և մարդահամարի անցկացումը կարգավորող օրենսդրական այլ ակտերից:

 

Հոդված 3. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդահամարի պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող (մշտապես կամ ժամանակավորապես) բոլոր անձանց վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձանց վրա, ովքեր մարդահամարի պահին ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից:

 

Հոդված 4. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:

Մարդահամարն անցկացնելու մասին որոշումը, որտեղ սահմանվում է մարդահամարի անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ոչ ուշ, քան մարդահամարն սկսելուց երկու տարի առաջ:

Մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար:

 

Հոդված 5. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

 

 Մարդահամարի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական և սոցիալական հետազոտությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման և օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի և կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաև ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը:

 

Հոդված 6. ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրատարակման պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է (այսուհետ` լիազորված մարմին), որը պարտավոր է ապահովել`

ա) մարդահամարի ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.

բ) մարդահամարի նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունը և մատչելիությունը.

գ) սկզբնական (անձնական) տվյալների գաղտնիությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ 2.

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 7. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:

Մարդահամարի փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է լիազորված մարմինը:

 

Հոդված 8. ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացվում է փորձնական մարդահամար անցկացնելու միջոցով:

Փորձնական մարդահամարն անցկացվում է հիմնական մարդահամարից առնվազն մեկուկես տարի առաջ` ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան մեկ տոկոսը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում և տարածքներում:

 

Հոդված 9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Մարդահամարն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված և հրահանգավորած աշխատողների` հաշվարարների կողմից բնակելի և այլ շինություններ շրջագայելու և դրանցում բնակվող յուրաքանչյուր չափահաս անձի (կամ ընտանիքի որևէ չափահաս անդամի) անմիջական հարցման ու հարցերի պատասխանները մարդահամարի փաստաթղթերում լրացնելու միջոցով:

Անչափահասների, ինչպես նաև ժամանակավոր բացակայողների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում են ընտանիքի չափահաս անդամները:

Բնակչության առանձին խմբերը (զինծառայողները, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք, ինչպես նաև հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմերը) հաշվառվում են համընդհանուր կարգով` համապատասխան պետական մարմինների կողմից:

Գրառումները կատարվում են ըստ փաստացի բնակության վայրի, բնակչության տված բանավոր տեղեկությունների հիման վրա` առանց փաստաթղթային հաստատման և անկախ գրանցման (հաշվառման) առկայությունից:

 

Հոդված 10. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

 Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ, և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ մարդահամարի հարցաթերթում գրանցված իր մասին տեղեկություններին:

 

Հոդված 11. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած` մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր միջոցառումների` ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշվի հիման վրա:

 

Հոդված 12. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում կամ հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով:

Մարդահամարի սկզբնական (անձնական) տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:

Մարդահամարի բոլոր փաստաթղթերը պահպանվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:

(12-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 13. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Բնակչության վերաբերյալ անձնական տվյալներին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որևէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անձնական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մարդահամարի սկզբնական նյութերը դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:

Մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 14. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 15. ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվելու է 2001 թվականին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
13 նոյեմբերի 1999 թ.
ՀՕ-13