Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-180-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.995
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.

1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ:

2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

4. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդին՝ մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՆԿ-180-Ն

 

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2013 թ. հոկտեմբերի 21-ի

ՆԿ-180-Ն կարգադրության

 

Կ Ա Զ Մ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Արամ ՂԱՐԻԲՅԱՆ   Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ)
     
Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆ   Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
     
Սերգո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ   Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
     
Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     
Պավել ՍԱՖԱՐՅԱՆ   Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
     
Վլադիմիր ՄՈՎՍԻՍՅԱՆ   Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
     
Ռաֆիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ   Հայաստանի Հանրապետության
Գեղարքունիքի մարզպետ
     
Էդվարդ ԳԵՎՈՐԳՅԱՆ   «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ (խորհրդի քարտուղար, համաձայնությամբ):

(հավելվածը փոփ. 02.07.14 ՆԿ-97-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

 Վ. Սարգսյան

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2013 թ. հոկտեմբերի 21-ի

ՆԿ-180-Ն կարգադրության

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը:

2. Խորհրդի գործունեության նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցառումների իրականացման աշխատանքների կոորդինացումը և դրանց նկատմամբ մշտադիտարկումների իրականացումն է:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Խորհրդի հիմնական գործառույթներն են`

1) մշակել համապատասխան առաջարկություններ Սևանա լճում ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի հիմնախնդիրների լուծման համար.

2) իրականացնել ծրագրի կատարողական ցուցանիշների մշտադիտարկում և ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել լիազորված մարմիններին.

3) առաջարկություններ ներկայացնել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ուղղությունների վերաբերյալ.

4) առաջարկություններ ներկայացնել ծրագրի շրջանակներում գնային քաղաքականության (մանրաձուկ, վաճառվող ձուկ և այլն) վերաբերյալ.

5) իրականացնել մասնագիտական հետազոտություններ և տալ եզրակացություններ.

6) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպել այլ քննարկումներ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

7. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով:

8. Խորհրդի հերթական նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

9. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է խորհրդի նախագահը`

1) իր նախաձեռնությամբ.

2) խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

11. Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ և իրավունք չունեն իրենց լիազորությունները պատվիրակել այլ անձանց:

12. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը խորհրդի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

13. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի հրավերով խորհրդի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:

15. Խորհրդի նիստերն արձանագրվում են խորհրդի քարտուղարի կողմից և ստորագրվում խորհրդի նիստը նախագահողի և քարտուղարի կողմից: Եթե խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ գրավոր հատուկ կարծիքը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

16. Խորհրդի նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

17. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

4) խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

5) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Խորհրդի անդամները մասնակցում են խորհրդի նիստերին և աջակցում խորհրդի գործունեության իրականացմանը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

19. Խորհրդի քարտուղարը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի որոշումների նախագծերի կազմումը.

3) կազմակերպում է նիստերի արձանագրումը թղթային կամ էլեկտրոնային եղանակներով.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների գրավոր ներկայացրած հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին, շահագրգիռ մարմիններին, խորհրդի նախագահի հանձնարարությամբ` այլ անձանց և կազմակերպությունների.

7) իրականացնում է խորհրդի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և ընթացիկ աշխատանքները.

8) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

 Վ. Սարգսյան