Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-285-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման սկզբունքները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների վրա՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:

 

Հոդված 2. Բարձրագույն կրթության և գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, «Կրթության մասին» օրենքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

 Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բարձրագույն կրթություն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթության ծրագրերով իրականացվող կրթական գործընթաց, որի սահմանված կարգով ավարտի դեպքում ուսանողն ստանում է տվյալ աստիճանին համապատասխանող որակավորում (բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի).

2) բարձրագույն ուսումնական հաստատություն (այսուհետ նաև՝ բուհ)՝ ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական նպատակներն են բարձրագույն կրթության ծրագրերի, գիտատեխնոլոգիական գործունեության կազմակերպումը և իրականացումը, մասնագիտական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, ինչպես նաև կրթության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտների զարգացմանը, հասարակության առաջընթացին ու նորարարական ներուժի ձևավորմանը նպաստելը։

Ըստ հիմնադրի՝ բուհերը լինում են՝

ա․ հանրային (պետական)՝ պետության հիմնադրած բուհ,

բ․ միջպետական՝ միջպետական պայմանագրի հիմքով հիմնադրված բուհ,

գ․ մասնավոր` բուհ, որի հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը ոչ պետական կազմակերպություն կամ ֆիզիկական անձ է, այդ թվում` օտարերկրյա պետության բուհի մասնաճյուղ.

3) հետազոտական համալսարան` բուհ, որն իրականացնում է կրթական ծրագրեր բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաև ունի իր կազմում գործող առնվազն մեկ գիտական կազմակերպություն և կանոնադրությամբ սահմանված կառուցվածքային այլ միավորներ.

4) հետազոտությունների և մշակումների ոլորտ` նոր գիտելիքի ստեղծմանը, ընդլայնմանը կամ դրա կիրառման նոր ուղղությունների հայտնաբերմանն ուղղված մտավոր ստեղծագործական, համակարգված գործունեության ոլորտ, որը բաժանվում է հետևյալ տեսակների.

ա. հիմնարար հետազոտություններ` բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած համընդհանուր գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն` առանց որոշակի գործնական կիրառման նկատառման,

բ. կիրառական հետազոտություններ` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի հայտնի կամ սահմանված խնդիրների լուծմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն,

գ. փորձարարական մշակումներ՝ հետազոտությունների կամ պրակտիկ փորձարկումների միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված` նոր արտադրանքի կամ գործընթացների ստեղծմանը կամ առկա արտադրանքի կամ գործընթացների կատարելագործմանն ուղղված համակարգված գործունեություն.

5) գիտատեխնոլոգիական գործունեություն` սույն օրենքի իմաստով` հետազոտությունների և մշակումների ոլորտում իրականացվող գործունեություն.

6) նորարարական (ինովացիոն) գործունեություն` տնտեսական շրջանառության մեջ առկա արտադրանքի կամ ծառայության համեմատ՝ էականորեն ավելի կատարելագործված կամ նոր արտադրանքի կամ ծառայության մշակմանը միտված գործունեություն.

7) գիտական կազմակերպություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ օրենքով սահմանված հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ հետազոտական համալսարանի կազմում ինքնավարության սկզբունքով գործող կառուցվածքային միավոր, որն իրականացնում է գիտատեխնոլոգիական գործունեություն: Ըստ հիմնադրի՝ գիտական կազմակերպությունը լինում է`

ա. հանրային (պետական)` պետության հիմնադրած գիտական կազմակերպություն,

բ. միջպետական՝ միջպետական պայմանագրի հիմքով հիմնադրված գիտական կազմակերպություն,

գ. մասնավոր (գիտական (հետազոտական))՝ կազմակերպություն, որի հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն կամ ֆիզիկական անձ, այդ թվում` օտարերկրյա պետության գիտական կազմակերպության մասնաճյուղ.

8) ակադեմիական միավոր` բուհի ինքնուրույն կառուցվածքային միավոր, որը որոշակի մասնագիտություններով կամ մասնագիտությունների բնագավառում իրականացնում է կրթական կամ գիտատեխնոլոգիական գործունեություն.

9) ակադեմիական քաղաք` կրթության, հետազոտության, փորձարարական մշակումների, նորարարության, ինչպես նաև մշակութային և մտավոր ժամանցի համար պետության ստեղծած արդիական միջավայր, որն ապահովում է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցությունը և երաշխավորում է ոլորտների միջազգային մրցունակությունը և գերազանցությունը.

10) ուսանող (կուրսանտ)՝ բարձրագույն կրթության որևէ մակարդակի կրթական ծրագրով ուսումնառող անձ.

11) հետավարտական լրացուցիչ ուսումնառություն` Կառավարության սահմանած կարգավորվող մասնագիտություններով ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով հավելյալ գործնական, որոշ դեպքերում՝ նաև տեսական ուսումնառություն աշխատանքային միջավայրում` մասնագետի հսկողությամբ.

12) բարձրագույն կրթության որակավորում (այսուհետ նաև՝ որակավորում)՝ կրթական կամ գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության տվյալ աստիճանում կրթական ծրագրի ուսումնառության սահմանված կարգով ավարտը և հաստատվում է համապատասխան դիպլոմով՝

ա. բակալավրի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը,

բ. մագիստրոսի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը,

գ. դոկտորի որակավորում՝ գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը, ներառյալ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը.

13) կրթական ծրագիր` բուհի կողմից առաջարկվող, սահմանված շրջանակին և չափանիշներին համապատասխան կառուցված ուսումնական և հետազոտական բաղադրիչների ամբողջություն, որը միտված է ուսանողի կողմից որոշակի կրթական վերջնարդյունքների` գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերմանը և այդ վերջնարդյունքներին հասնելու փաստի ճանաչմանը` ստուգմանը, որի արդյունքով շնորհվում է բարձրագույն կրթության համապատասխան որակավորում, մասնագիտություն և նախատեսված լինելու պարագայում՝ նաև մասնագիտացում, որոնք արտացոլվում են դիպլոմում.

14) կարգավորվող մասնագիտություն՝ ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան հետավարտական լրացուցիչ ուսումնառության պահանջներ և աշխատանքի փորձառություն պահանջող մասնագիտություն․

15) հեռավար ուսումնառություն՝ հիմնական կամ լրացուցիչ կրթական ծրագրերի առանձին ակադեմիական մոդուլների ուսումնառության կազմակերպման ձև, որն իրականացվում է համաժամանակյա ու տարաժամանակյա մեթոդներով, որի ընթացքում դասավանդողի և ուսանողների միջև հաղորդակցումն իրականացվում է հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միջոցներով, և ուսումնառությունն ու վարչարարությունն իրականացվում են պաշտպանված թվային կրթական հարթակում.

16) կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ (այսուհետ` ԿՓՀ)` Հայաստանի Հանրապետության կրթական տարածքում կիրառվող ակադեմիական կրեդիտների հաշվարկման, կուտակման և փոխանցման համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համադրելիությունը և փոխանցելիությունը ինչպես հանրապետության, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կազմակերպությունների հետ ու դյուրացնում է ուսանողների շարժունությունը և ուղղված է կրթական ծրագրերի ու մոդուլների թափանցիկությանը.

17) ԿՓՀ ակադեմիական կրեդիտ (այսուհետ՝ կրեդիտ)` ուսումնառություն ստանալիս ուսանողի ծանրաբեռնվածության ու կրթական կամ հետազոտական վերջնարդյունքների ձեռքբերման չափման պայմանական միավոր.

18) ակադեմիական մոդուլ՝ կրթական ծրագրի բաղադրիչ հանդիսացող ամբողջական անկախ ուսումնական միավոր, որն ունի հստակ սահմանված ուսումնական վերջնարդյունքներ, որոնց գնահատման հիման վրա ուսանողին շնորհվում է կրեդիտների որոշակի քանակ.

19) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի, ակադեմիական մոդուլի կամ կրթական ծրագրի ավարտին ակնկալվող գիտելիքի, կարողությունների և հմտությունների նվազագույն լրակազմ.

20) ամփոփիչ ատեստավորում՝ բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջնարդյունքներին շրջանավարտի գիտելիքի, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգման և գնահատման գործընթաց, որի դրական արդյունքով շնորհվում է համապատասխան որակավորում.

21) դիպլոմ՝ բարձրագույն կրթության կրթական ծրագրով (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման կրթական ծրագրով) որակավորում շնորհելու փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ.

22) համատեղ դիպլոմ՝ երկու կամ ավելի բուհերի կողմից իրականացվող համատեղ կամ կրկնակի որակավորման կրթական ծրագրի արդյունքով որակավորում շնորհելու փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ.

23) որակավորման ճանաչում՝ օտարերկրյա որակավորման համադրելիության պաշտոնական ճանաչում (հավաստում)` որակավորումը կրողի մուտքը բարձրագույն կրթության հաջորդ աստիճան կամ աշխատանքային գործունեություն արտոնելու համար.

24) որակի ապահովում՝ որակի ներքին (ներբուհական) և արտաքին (պետական) գնահատման սահմանված չափանիշներին համապատասխան՝ բուհի և դրա կրթական ծրագրերի մշտադիտարկման, գնահատման և բարելավման շարունակական գործընթաց.

25) ինստիտուցիոնալ հավատարմագրում` որակի արտաքին գնահատման և հավաստման համակարգված գործընթաց, որի միջոցով հաստատվում է, որ բուհը, որպես ամբողջություն, իր կառավարման, ակադեմիական, հետազոտական, վարչական և ռեսուրսային համակարգերով համապատասխանում է հավատարմագրման սահմանված չափանիշներին և պայմաններին․

26) ծրագրային հավատարմագրում` որակի արտաքին գնահատման և հավաստման համակարգված գործընթաց, որի միջոցով հաստատվում է, որ բուհի որոշակի կրթական ծրագիրն իր ուսումնական նպատակներով, բովանդակությամբ, իրականացնող մասնագիտական կազմով, ուսանողակենտրոն մեթոդներով և սպասարկող ռեսուրսներով համապատասխանում է հավատարմագրման սահմանված չափանիշներին և պայմաններին, ինչպես նաև հավաստվում են տվյալ կրթական ծրագրի որակը և ավարտողների որակավորման ճանաչելիությունը պետական և միջազգային մակարդակներում․

27) կրթաթոշակ՝ պետության, բուհի, մասնավոր կազմակերպությունների, միջազգային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ անհատների կողմից կրթության շարունակականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող դրամական աջակցություն, որը կարող է տրվել բուհ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության, այլ ձեռքբերումների, նպատակային ուսուցման կամ ուսանողի կարգավիճակով պայմանավորված այլ դեպքերում.

28) ներառականություն՝ կրթական միջավայրի, վարվեցողության կանոնների և կրթության կազմակերպման գործընթացների համակարգ, որն ապահովում է ուսանողների, ակադեմիական և գիտական կազմի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ձեռքբերումներ գրանցելու և որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորությունը անհրաժեշտ մատչելի պայմանների և խելամիտ հարմարեցումների, ինչպես նաև մարդակենտրոն և բազմազանությունը գնահատող միջավայրի ապահովման միջոցով.

29) մատչելի միջավայր` կրթության և աշխատանքի ներառականության ապահովմանը միտված միջավայր, որը ներառում է ֆիզիկական միջավայրի (շենքային պայմաններ, փոխադրամիջոցի հարմարեցումներ, սննդի կետեր, սանհանգույցներ, հանգստի գոտիներ, այլ անհրաժեշտ հարմարեցումներ), տեղեկատվության (տեղեկատվության միջոցներ, ուսումնական ծրագրեր և նյութեր, ներառյալ մեթոդական) և հաղորդակցության միջոցների (հաղորդակցման հարմարեցված գործիքներ, ներառյալ թվային հավելվածներ կամ այլ միջոցներ) բաղադրիչները.

30) գիտական (հետազոտական) դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող սուբյեկտներին հետազոտությունների կամ մշակումների իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող ֆինանսական կամ այլ միջոցներ.

31) ակադեմիական գործունեություն՝ բուհում իրականացվող կրթական և գիտատեխնոլոգիական գործունեություն.

32) ակադեմիական էթիկա՝ մասնագիտական և աշխատանքային էթիկայի և վարքագծի սահմանված կանոններ, որոնց պահպանմամբ և հիմքով իրականացվում է գիտական, կրթական կամ աշխատանքային այլ գործունեություն.

33) ակադեմիական ազնվություն՝ ակադեմիական էթիկայի մաս կազմող կանոնների համախումբ, որոնք պետք է պահպանվեն ակադեմիական գործունեության ժամանակ, ներառյալ օրիգինալ աշխատանքի ստեղծումը, սկզբնաղբյուրներին ճշգրիտ հղումը, գրագողությունից, զեղծարարությունից, խարդախությունից և տվյալների ու փաստերի կեղծումից խուսափելը, ինչպես նաև ակադեմիական գործունեության ժամանակ աշխատանքի, առաջադրանքների պատրաստման, գնահատման և գիտական փորձաքննության ընթացքում թափանցիկության ու հիմնավորվածության ապահովումը․

34) ակադեմիական ազատություն` ակադեմիական կազմի կամ գիտական աշխատողների մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ մտքի ու խոսքի, հետազոտության և դասավանդման մեթոդներն ընտրելու, գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնելու և դրանց արդյունքները հրապարակելու ազատություն.

35) ակադեմիական շարժունություն՝ ուսանողների ուսումնառության առանձին փուլերի, հետազոտական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական և վարչական կազմի մասնագիտական զարգացման, հետազոտական և դասավանդման աշխատանքների իրականացում այլ բուհում կամ գիտական կազմակերպությունում կամ կրթական ծրագրի շրջանակում պրակտիկայի իրականացում միջազգային կամ մասնավոր կազմակերպություններում.

36) բուհական ինքնավարություն՝ բուհի ակադեմիական, կազմակերպական, մարդկային և ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու գործառույթներն ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավասություն, որով երաշխավորվում է բուհի գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ գործունեությունը.

37) գիտական աշխատող (հետազոտող, ճարտարագետ)` գիտական կազմակերպությունում գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող, առնվազն մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող և գիտական արդյունք ստեղծող անձ.

38) ճարտարագիտատեխնիկական աշխատող` գիտական կազմակերպությունում գիտատեխնոլոգիական գործունեության իրականացմանը նպաստող և գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ.

39) որակավորումների պետական գրանցամատյան` ուսանողներին տրված դիպլոմների, հավելվածների և դրանց վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև հետավարտական լրացուցիչ ուսումնառության արդյունքով շնորհված ավարտական փաստաթղթերի հաշվառման միասնական թվային շտեմարան.

40) բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքման, վերլուծման և տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է լիցենզիաների և հավատարմագրերի էլեկտրոնային գրանցամատյանը, տեղեկություններ բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման, տնտեսական, ուսումնական և գիտատեխնոլոգիական գործունեության, ինչպես նաև ուսանողների, կլինիկական ռեզիդենտների ու աշխատողների (այդ թվում՝ գիտական) մասին, և համակարգում ներմուծված տեղեկատվությունն օգտագործվում է լիցենզավորման, հավատարմագրման, պետական ֆինանսավորման գործընթացների կազմակերպման, հաշվետվությունների ներկայացման, մշտադիտարկման և թափանցիկության ապահովման նպատակով.

41) գիտական փորձաքննություն` ստեղծման և ներդրման տարբեր փուլերում գտնվող գիտատեխնոլոգիական գործունեության օբյեկտի գիտական մակարդակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման, ինչպես նաև այդ օբյեկտի վերաբերյալ որոշում կայացնելու համար հիմնավորված մասնագիտական եզրակացություն պատրաստելու նպատակով իրականացվող համակարգված գործունեություն.

42) գիտական փորձագիտական եզրակացություն (այսուհետ` փորձագիտական եզրակացություն)` գիտական փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության արդյունքներն արտացոլող և փորձաքննության առջև դրված հարցերի պատասխանները պարունակող փաստաթուղթ.

43) միկրոորակավորում` որակավորում չշնորհող կրթական ծրագրով կամ ոչ ֆորմալ կրթության եղանակով ուսուցման արդյունքով սովորողի ձեռք բերած որոշակի մասնագիտական գիտելիքները և հմտությունները գնահատելու միջոցով հավաստող և հաշվառված փաստաթուղթ, որը կարող է ճանաչվել որպես հիմք տվյալ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները պահանջող ուղղությամբ զբաղվածության համար, ինչպես նաև որպես որակավորում շնորհող կրթական ծրագրի բաղադրիչ, եթե տվյալ միկրոորակավորման ծրագիրը հավատարմագրված է, և դրա արդյունքով շնորհվում են ԿՓՀ կրեդիտներ, և եթե այդպիսի հնարավորություն նախատեսվում է տվյալ կրթական ծրագրով.

44) ակադեմիական կոչում` կրթական և գիտատեխնոլոգիական գործունեության որոշակի մակարդակ հավաստող կարգավիճակ, որն ամրագրվում է համապատասխան դիպլոմով և հանդիսանում է գործոն ակադեմիական պաշտոնների հավակնելու համար.

45) դասախոս` բուհում կրթական գործունեություն իրականացնող աշխատող, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին կամ սովորողներին, նպաստում է դրանց յուրացմանը և ստուգմանը: Դասախոսը կարող է զբաղվել գիտատեխնոլոգիական գործունեությամբ․

46) ակադեմիական կազմ` բուհի կամ գիտական կազմակերպության դասախոսական, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների համախումբ.

47) ուսանողի փորձառություն` բուհում ակադեմիական, սոցիալական և անհատական տիրույթներում ուսանողի ստացած փոխգործակցության միասնական արդյունք, որը ձեռք է բերվում կրթական ծրագրերի, ակադեմիական կազմի, ֆիզիկական ենթակառուցվածքների, ծառայությունների հասանելիության և ուսանողի անհատական զարգացման հնարավորությունների միջոցով, ինչպես նաև բուհի ներքին կանոնակարգերով, ծրագրերով, սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրով:

 

 Հոդված 4. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականության սկզբունքները և հիմնական ուղղությունները

 

1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության սկզբունքներն են՝

1) պետական և միջազգային մակարդակում մրցունակ մասնագետների պատրաստումը.

2) կենտրոնացումը բազմակողմանի զարգացած և ժամանակին հարիր հմտություններով ու կարողունակություններով զինված անհատի ձևավորման վրա.

3) ստեղծագործական և հետազոտական ազատությունը.

4) ակադեմիական էթիկան.

5) ակադեմիական շարժունությունը.

6) ակադեմիական ազատությունը և ինքնավարությունը.

7) կառավարման թափանցիկությունը և հրապարակայնությունը.

8) իրավահավասարությունը, հանդուրժողականությունը և խտրականության բացառումը.

9) բարձրագույն կրթության մատչելիությունը և ներառականությունը.

10) բարձրագույն կրթության շարունակականությունը.

11) բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձր ստանդարտներն ու միջազգային մրցունակությունը.

12) միջմասնագիտական երկխոսությունը.

13) փոխանցելի գիտելիքների և հմտությունների ձևավորումը.

14) ուսանողի փորձառության համադրելի մակարդակի երաշխավորումը.

15) գործունեության անվտանգությունն ու ենթակառուցվածքների մատչելիությունը.

16) մարդասիրական և ժողովրդավարական սկզբունքների ապահովումը.

17) ակադեմիական կազմի կողմից հանրային պատասխանատվության գիտակցման ձևավորումը.

18) ազատությունների և պատասխանատվությունների հավասարակշռված կիրարկումը.

19) բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ապաքաղաքական և աշխարհիկ բնույթը:

2. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

1) պետության հանրային և տնտեսական առաջընթացին, տեխնոլոգիական զարգացմանը և անվտանգության ապահովմանը նպաստող կրթության և հետազոտությունների խթանումը․

2) հայագիտության զարգացումը.

3) գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման արդյունավետ համակարգի ձևավորումն ու զարգացումը, ներառյալ տեխնոլոգիաների գնահատման համակարգի ձևավորումը.

4) բարձրագույն կրթության և գիտության համակարգերում ծառայությունների թվայնացումը.

5) մրցունակ և ինքնուրույն անհատի ձևավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստելը.

6) գիտական ներուժի զարգացումը և առավել արդյունավետ կիրառումը.

7) մտավոր սեփականության պաշտպանությունը և առավելագույն սոցիալ-տնտեսական արդյունքի ստացումը.

8) բուհերի և գիտական կազմակերպությունների հետ պետության և մասնավոր հատվածի կազմակերպությունների գործընկերության խթանումը.

9) Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրումը՝ կրթական և գիտական լավագույն ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ.

10) բարձրագույն կրթություն ստանալու և հետազոտություններ իրականացնելու համար հավասար հնարավորությունների ու հասանելիության ապահովումը.

11) բարձրագույն կրթության մատչելիության և ներառականության ապահովումը՝ համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան.

12) բարձրագույն կրթության համակարգում լրացուցիչ և շարունակական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը.

13) բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, կրթական և հետազոտական գործընթացների մասնակիցների ակադեմիական ազատության երաշխավորումը.

14) բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը՝ հաշվի առնելով անձի պահանջմունքները, պետության կարիքները, համաշխարհային զարգացման ուղղությունները և աշխատաշուկայի պահանջները.

15) գիտական և նորարարական գործունեության զարգացման ապահովումը և արտադրության հետ դրա ինտեգրմանը նպաստելը, ինչպես նաև տնտեսության մեջ նոր գիտական արդյունքների և տեխնոլոգիաների կիրառման խրախուսումը և գիտատար ձեռնարկությունների ստեղծման ու առաջընթացի խթանումը.

16) բուհերի ուսանողների սոցիալական երաշխիքների ապահովումը և կրթաթոշակների տրամադրումը.

17) բարձրագույն կրթության և հետազոտությունների ու մշակումների ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման նպաստումը.

18) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության միջազգային հեղինակության ու գրավչության բարձրացումը.

19) ուսանողների և ակադեմիական կազմի ակադեմիական շարժունության խթանումը.

20) բուհի և գիտական կազմակերպության աշխատողների աշխատանքային առաջխաղացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

21) արտերկրի հայագիտական կենտրոններին աջակցությունը և Հայաստանի Հանրապետության բուհերի և գիտական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը.

22) բուհի և գիտական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը և ֆոնդհայթայթման միջոցառումներին աջակցումը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ներդրումների խրախուսումն ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովումը.

23) բուհերին և գիտական կազմակերպություններին գիտատեխնոլոգիական և նորարարական գործունեության համար, ինչպես նաև ուսանողական նախաձեռնությունները խթանելու, սոցիալական աջակցություն ցուցաբերելու, բուհի զարգացման ռազմավարական ծրագրերն ապահովելու նպատակով պետական աջակցության ցուցաբերումը Կառավարության առանձին որոշումներով` դրամաշնորհների, կրթաթոշակների, վարկավորման, նյութատեխնիկական ռեսուրսների տրամադրման և լրացուցիչ ֆինանսավորման միջոցով.

24) ուսանողներին պատշաճ աշխատանքային կամ ձեռնարկատիրական հմտություններով զինելուն կոչված բարձրագույն կրթության համակարգի ձևավորումը, ինչպես նաև մտավոր սեփականության իրացման հնարավորությունների ընձեռումը.

25) բուհի նկատմամբ որակի վերահսկողությունը՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի մշտադիտարկման և ապահովման նպատակով գնահատման և հավատարմագրման միջազգային չափանիշների ներդրմամբ:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերը

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգերը ներառում են՝

1) բարձրագույն կրթության և գիտության համակարգերի պետական կառավարման մարմինները և այն կազմակերպությունները, որոնք բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացնում են օրենքով սահմանված համապատասխան գործառույթներ.

2) բուհերը և գիտական կազմակերպությունները.

3) բարձրագույն կրթության և գիտության համակարգերում ներգրավված ուսանողներին, ակադեմիական և վարչական կառավարման գործառույթներ իրականացնող կազմի աշխատողներին, գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողներին և այլ մասնակիցների.

4) լիցենզավորման գործընթացները և չափանիշները.

5) ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները և չափանիշները.

6) լիցենզիաների և հավատարմագրերի պետական գրանցամատյանը.

7) որակավորումների ազգային շրջանակը, ոլորտային որակավորումների շրջանակները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.

8) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը և որակավորումների և միկրոորակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները և գործընթացները.

9) որակավորումների պետական գրանցամատյանը.

10) բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգը:

 

Հոդված 6. Բուհի գործունեության հիմնական գործառույթները

 

1. Բուհի գործունեության հիմնական գործառույթներն են՝

1) բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ուսումնական գործընթացի կազմակերպումը և որակյալ, հետազոտության վրա հիմնված կրթության իրականացումը.

2) բուհի առաքելությանը հավատարիմ և դրան անշեղորեն ուղղված գործունեության կազմակերպումը.

3) յուրաքանչյուր մակարդակում կրթական ծրագրերի` որակավորումների ազգային շրջանակով և, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակներով սահմանված նկարագրերին և այլ պահանջներին ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանության ապահովումը.

4) բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության և գնահատման արդիական մեթոդների ներդրումը և դրանց բազմազանության ապահովումը.

5) կրթական գործընթացի շարունակականության և թափանցիկության ապահովումը.

6) բարձրագույն կրթության ժամանակակից, մրցունակ և միջազգայնորեն համադրելի կրթական ծրագրերի մշակումը` պետության ու աշխատաշուկայի կարիքների գնահատմամբ, ինչպես նաև ուսանողների ներգրավմամբ.

7) քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, ազգային և համամարդկային արժեքների արմատավորումը.

8) բարձրագույն կրթության միջազգայնացումը.

9) բարձրագույն կրթության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավումը.

10) կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը և ստացված եկամտի տնօրինումը` կանոնադրությամբ և առաքելությամբ սահմանված նպատակների համար:

2. Հետազոտական համալսարանները, ի հավելումն վերը նշվածների, իրականացնում են հետևյալ գործառույթները.

1) նոր գիտելիքի ստեղծումը, ընդլայնումը և տարածումը.

2) գիտատեխնոլոգիական գործունեության միջազգայնացումը.

3) գիտատեխնոլոգիական գործունեության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավումը.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսության և պետական այլ մարմինների կամ կազմակերպությունների կարիքների համար հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը.

5) կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը, այդ թվում` իրենց ստեղծած գիտելիքի առևտրայնացումը և ստացված եկամտի տնօրինումը` կանոնադրությամբ և առաքելությամբ սահմանված նպատակների համար:

3. Բուհը, սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորություններին համապատասխան՝

1) կազմակերպում և իրականացնում է ընդունելության գործընթացը (ներառյալ օտարերկրյա քաղաքացիների)՝ ըստ բուհի կրթական մակարդակների և կրթական ծրագրերի.

2) ապահովում է ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց կրթության՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կազմակերպման համար.

3) մշակում և հրատարակում է ուսումնամեթոդական նյութեր ու գրականություն.

4) կազմակերպում է ուսումնական գործընթացը՝ ընտրելով կրթական ծրագրով նախատեսված բոլոր վերջնարդյունքների ապահովմանը նպաստող ուսուցման անհրաժեշտ մեթոդները և տեխնոլոգիաները, ինչպես նաև զարգացնում է ուսանողների հետազոտական և ակադեմիական գրագրության հմտությունները.

5) սահմանում է ուսանողների կողմից կրեդիտների կուտակման, փոխանցման և փոխճանաչման ներբուհական ընթացակարգը, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, ամփոփիչ ատեստավորման ձևերն ու պարբերականությունը.

6) կատարում է ուսանողների ուսումնառության ընդհատումը (ազատումը, հեռացումը, դադարեցումը), տեղափոխումը և ուսանողական իրավունքների վերականգնումը.

7) մշակում և հաստատում է ուսումնական, գիտական, վարչական, ֆինանսական և տնտեսական ու հարակից գործունեություն իրականացնող աշխատողների ընտրության և նշանակման կարգերը.

8) կազմակերպում է ակադեմիական, գիտական և կառավարման (վարչական) գործառույթներ իրականացնող կազմի մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ և ատեստավորման գործընթացը.

9) ներառականության ապահովման նպատակով մատուցում է աջակցության ծառայություններ, այդ թվում՝ մեթոդական, հոգեբանական, հավելյալ կրթական ծրագրեր, ինչպես նաև անհատական ուսուցման պլանի կազմում, որոնք ցուցաբերվում են ուսանողին և ակադեմիական կազմին.

10) որոշում է ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, կազմում և հաստատում է տարեկան բյուջեն և դրան համապատասխան՝ կատարում ծախսեր.

11) իրականացնում է գիտատեխնոլոգիական և նորարարական գործունեություն, ինչպես նաև ստացված արդյունքների առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ.

12) մատուցում է վճարովի կրթական և հետազոտական այլ ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է օրենքով չարգելված և իր անմիջական գործունեությանն առնչվող տնտեսական և ձեռնարկատիրական գործունեություն.

13) ըստ կրթական ծրագրերի՝ սահմանում է ուսման վարձերի չափերը.

14) իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր սեփականության իրացման և տարածման նպատակով ստեղծում է ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր և կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաև հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորներ.

15) սահմանված կարգով տնօրինում է իրեն տրամադրված գույքը և այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները.

16) շարունակական ծրագրերի մասով տնօրինում և օգտագործում է պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

17) իր կանոնադրությանը և օրենսդրությանը համապատասխան՝ խրախուսում է ուսանողների և աշխատակիցների մարզական ակտիվությունը՝ աջակցելով ուսանողական մարզական ակումբների գործունեությանը.

18) իրականացնում է օրենքներով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

4. Բուհն իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր գործունեության արդյունքների իրացման նպատակով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց: Տնտեսական ընկերությունում բուհի մասնակցության մասնաբաժինը կախված է ստեղծման ժամանակ բուհի ներդրումների չափից: Մասնաբաժնի նվազագույն չափը որոշում է հոգաբարձուների խորհուրդը:

5. Հետազոտական համալսարանն իր կառուցվածքում, բացի կրթական ենթակառուցվածքներից, ունի առնվազն մեկ գիտական կազմակերպություն, ինչպես նաև, համաձայն իր կանոնադրության, կարող է ունենալ ավելի ցածր մակարդակների կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ:

6. Բուհի կազմակերպական կառուցվածքը պետք է նպաստի որակյալ կրթական ծառայությունների և գիտատեխնոլոգիական գործունեության կազմակերպմանը: Բուհն իր ակադեմիական գործունեությունը կազմակերպում է ակադեմիական միավորների միջոցով:

7. Բուհում կարող են գործել հետևյալ ակադեմիական միավորները.

1) ֆակուլտետներ կամ դպրոցներ.

2) ամբիոններ:

8. Հետազոտական համալսարաններում կարող են գործել`

1) դոկտորական դպրոցներ.

2) գիտական ինստիտուտներ կամ կենտրոններ:

9. Ֆակուլտետները կամ դպրոցները առաջնային ակադեմիական միավորներ են, որոնք պատասխանատու են ակադեմիական բնագավառում կրթության և հետազոտական աշխատանքների իրականացման և բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կրթության որակի համար:

10. Ամբիոնները պատասխանատու են իրենց մասնագիտական շրջանակում կրթական ծրագրերի մշակման և դրանց կառավարման, ինչպես նաև ակադեմիական մոդուլների մշակման և մատուցման համար:

11. Դոկտորական դպրոցները պատասխանատու են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության կենտրոնացված կազմակերպման համար` ապահովելով կապը մասնագիտությունների և բնագավառների միջև:

12. Գիտական ինստիտուտները կամ կենտրոնները պատասխանատու են գիտատեխնոլոգիական գործունեության կազմակերպման և իրականացման համար և բուհի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մասնակցում են բարձրագույն կրթության մակարդակներում հետազոտական մասի կազմակերպմանը:

13. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող հանրային գիտական կազմակերպությունը հանդիսանում է համալսարանի ակադեմիական միավոր, որի կարգավիճակի առանձնահատկությունները և ինքնավարության շրջանակը սահմանվում են սույն օրենքով և հանրային հետազոտական համալսարանի ու հանրային գիտական կազմակերպության կանոնադրություններով:

14. Բուհը կարող է համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում մատուցել կրթական ծառայություններ կրթության այլ մակարդակներում` իր առանձին կառուցվածքային միավորների միջոցով, ընդ որում բարձրագույն կրթության մակարդակներից տարբեր մակարդակներում կրթություն իրականացնելու դեպքում բուհն առաջնորդվում է տվյալ մակարդակի կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:

15. Բուհը, ըստ իր առանձնահատկությունների, կարող է ունենալ այլ կազմակերպական կառուցվածք, որը պետք է ապահովի որակյալ կրթական ծառայությունների մատուցումը և համապատասխանի հավատարմագրման չափանիշներին:

 

Հոդված 7. Բուհական ինքնավարությունը և հաշվետվողականությունը

 

1. Բուհն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի իրացման միջոցով՝ բուհական ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության, կոլեգիալության, մասնակցայնության սկզբունքներով՝ պահպանելով հաշվետվողականության պահանջներն ու որոշումների կայացման թափանցիկությունը:

2. Բուհը, սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, ունի՝

1) ակադեմիական գործունեության ինքնավարություն՝ իր կրթական ու գիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու, իրականացնելու և կառավարելու իրավասություն.

2) կազմակերպական գործունեության ինքնավարություն՝ իր կառուցվածքը, կառուցվածքային միավորներն ինքնուրույն սահմանելու, օրենքով սահմանված կարգով կառավարման և այլ մարմիններ ձևավորելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաև ներքին կանոնակարգերը և ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն.

3) մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ իր ակադեմիական, վարչական, տնտեսական և օժանդակ կազմի ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու և կառավարելու իրավասություն.

4) ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ ինքնուրույն իր բյուջեն ձևավորելու, ֆինանսական և այլ միջոցներ կառավարելու, եկամուտները ձևավորելու և ծախսեր կատարելու իրավասություն.

5) hանրային բուհերի դեպքում` «Գնումների մասին» օրենքով Կառավարությանը վերապահված լիազորությունները հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացման լիազորություն:

3. Բուհի ակադեմիական միավորների կառավարման և ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և բուհի կանոնադրությամբ՝ ամրագրելով դրանց ֆինանսական և կառավարման որոշակի ինքնավարության երաշխիքներ։

4. Բուհի գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին) և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:

5. Բուհը պարտավոր է ապահովել անշեղությունն իր հիմնադիր փաստաթղթով սահմանված առաքելությունից, որի վերահսկողությունն իրականացնում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), Լիազոր մարմինը, կառավարման մարմիններն ու ինքնակառավարման և ուսանողական ներկայացուցչական մարմինները:

6. Բուհը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է նախորդ տարվա ընթացքում բուհի ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը:

7. Բուհն իր պաշտոնական կայքում հրապարակում է գործող կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների մասին տեղեկատվությունը:

8. Բուհն իր պաշտոնական կայքում հրապարակում է զարգացման ռազմավարական և տարեկան ծրագրերը, ակադեմիական բարեվարքության կանոնակարգը և այլ ներքին իրավական ակտեր։

9. Բուհը երաշխավորում է իր ֆինանսական թափանցիկությունը՝ յուրաքանչյուր տարի օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հրապարակելով նախորդ տարվա ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի և մնացորդների մասին տեղեկատվությունը և ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:

10. Բուհը, անկախ հիմնադրից և տեսակից, գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում, որի միջոցով սահմանված կարգով վարում է իր ենթակառուցվածքների, վարչական և ակադեմիական կազմի, ինչպես նաև սովորողների հաշվառումը:

11. Ոչ հանրային բուհերի դեպքում բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում ուսանողների, կլինիկական ռեզիդենտների ու աշխատողների (այդ թվում՝ գիտական և ճարտարագիտատեխնիկական) մասին տեղեկատվությունը ներառում է միայն անձի հետևյալ անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, մասնագիտության և որակավորման մասին տվյալները, ընդունման, ազատման, ուսանողների և շրջանավարտների դեպքում՝ ավարտելու և դիպլոմի ու դրա հավելվածում սահմանված կարգով ներառման ենթակա անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։

12. Բուհը երաշխավորում է իր ինստիտուցիոնալ կարողությունների և կրթական ծրագրերի որակը` սահմանված պարբերականությամբ անցնելով ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում:

 

Հոդված 8. Գիտական կազմակերպությունը

 

1. Գիտական կազմակերպությունը սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում`

1) կազմակերպում և իրականացնում է գիտատեխնոլոգիական գործունեություն, ինչպես նաև կարող է իրականացնել նորարարական գործունեություն.

2) հետազոտական համալսարանի հետ համատեղ սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակում կրթության կազմակերպմանը.

3) կարող է այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական, տեխնոլոգիական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով․

4) ինքնուրույն է գիտատեխնոլոգիական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների ատեստավորման ձևերի և պարբերականության ընտրության հարցերում.

5) որոշում է բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, ինքնուրույն իրականացնում է աշխատողների մրցութային ընտրությունը և բաշխումը.

6) ըստ կառուցվածքային միավորների՝ կատարում է աշխատողների համալրում` սահմանված կարգով, մրցութային եղանակով.

7) կազմակերպում է գիտական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացը և ատեստավորումը.

8) hանրային գիտական կազմակերպությունների դեպքում` «Գնումների մասին» օրենքով Կառավարությանը վերապահված լիազորությունները հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացնելու լիազորությունը.

9) իր կանոնադրական նպատակներին հասնելու համար տնօրինում է իր բյուջեն, որը ձևավորվում է հիմնադրի հատկացրած միջոցներից, գիտական դրամաշնորհային ծրագրերից, իր գործունեության արդյունքի իրացումից կամ այլ օրենքով չարգելված աղբյուրներից: Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների պարագայում բյուջեն համալրվում է նաև համալսարանի եկամուտներից կատարվող հատկացումներից: Հատկացման նվազագույն չափը սահմանվում է համալսարանի ներքին իրավական ակտերով և հաստատվում ընդհանուր բյուջեով.

10) տնօրինում և օգտագործում է պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները իր ենթակառուցվածքների բարելավման և գիտատեխնոլոգիական գործունեության կամ նորարարությունների համար, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

11) սահմանված կարգով տնօրինում է իրեն տրամադրված գույքը և այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները.

12) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Հանրային գիտական կազմակերպությունը լինում է երեք տեսակի`

1) հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություն` հետազոտական համալսարանի կազմում գործող ինքնուրույն կառուցվածքային միավոր, որն իրականացնում է գիտատեխնոլոգիական գործունեություն հետազոտությունների և մշակումների բոլոր տեսակներով, ինչպես նաև կարող է զբաղվել նորարարական մշակումներով.

2) գերատեսչական պատկանելության գիտական (հետազոտական) կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որն իրականացնում է կիրառական հետազոտություններ, փորձարարական մշակումներ, ինչպես նաև նորարարական գործունեություն տվյալ գերատեսչության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի խնդիրների շրջանակում՝ հաշվի առնելով կանոնադրության սահմանափակումները.

3) գիտական (հետազոտական) հիմնարկ` հանրային այլ կազմակերպության (թանգարանի, առողջապահական հաստատության, արտադրական կազմակերպության) կազմում գործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող հետազոտական կազմակերպություն, որն զբաղվում է հիմնադրող կազմակերպությանը հատուկ հետազոտական խնդիրներով:

3. Գիտական կազմակերպությունն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների հետ կարող է իրականացնել համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր, եթե իր կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունն ունի հիմնարկի կարգավիճակ, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, և որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5. Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունը մասնակցում է հետազոտական համալսարանի կրթական ծրագրերին` կանոնադրությամբ սահմանված կարգով ապահովելով որոշակի կրեդիտներ` կրթական ծրագրերի հետազոտական և մասնագիտական բնույթի ակադեմիական մոդուլների մասով:

6. Հանրային գիտական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության, ներառյալ ֆինանսական և ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:

7. Հանրային գիտական կազմակերպությունը հրապարակում է իր հնգամյա ռազմավարական ծրագիրն ու ակադեմիական բարեվարքության կանոնակարգը:

8. Գիտական կազմակերպության գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները), Լիազոր մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:

9. Հանրային և միջպետական գիտական կազմակերպությունը, անկախ տեսակից, գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում, որի միջոցով սահմանված կարգով վարում է իր ենթակառուցվածքների, վարչական, գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի հաշվառումը: Մասնավոր գիտական կազմակերպությունը պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում` ներկայացնելով աջակցության ծրագրի պայմաններով նախատեսված տվյալները:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող հիմնադրամ է, որն իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:

2. Ակադեմիան իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով՝ Ակադեմիայի ինքնավարության, որոշումների ընդունման կոլեգիալության, մասնակցայնության, անկախության ու օբյեկտիվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով ապահովելու պետության և հասարակության համար վստահելի գիտական խորհրդատվության տրամադրումը, միջազգային գիտական համագործակցության զարգացումը և գիտական արդյունքների հանրահռչակումը։

3. Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքն ու փորձագիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, գիտատեխնոլոգիական գործունեության արդյունավետության և արդյունքների գնահատման ձևերն ու մեթոդներն ինքնուրույն որոշելու, միջազգային գիտական համագործակցության ուղղություններն ու եղանակներն ինքնուրույն ընտրելու և ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու իրավասությունն է։

4. Ակադեմիայի կանոնադրությունը, ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը, հաստատում է Կառավարությունը։ Ակադեմիայի ասոցացված անդամ և ակադեմիկոս կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն գիտնականները, որոնք առնվազն համապատասխանում են գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման կարգով համապատասխանաբար առաջատար և գլխավոր գիտաշխատողի տարակարգի համար սահմանված պահանջներին։ Հավելյալ պահանջներ սահմանվում են մրցույթի կազմակերպման կարգով, որը Ակադեմիայի ներկայացմամբ հաստատում է Լիազոր մարմինը։ Ակադեմիայի անդամների առավելագույն քանակը 100 է։

5. Ակադեմիայի կառավարման մարմիններն են`

1) Ակադեմիայի ընդհանուր ժողովը.

2) Ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը` Ակադեմիայի նախագահությունը.

3) Ակադեմիայի կառավարման գործադիր մարմինը` Ակադեմիայի նախագահը:

6. Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են Ակադեմիայի անդամները, ինչպես նաև հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներից ներկայացուցիչներ, որոնց առաջադրման կարգը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ։

7. Ակադեմիայի նախագահությունը բաղկացած է տասնմեկ անդամից, որի անվանական կազմը հաստատում է հիմնադիր մարմնի ղեկավարը:

8. Ակադեմիայի նախագահությունը գլխավորում է Հանրապետության նախագահը։ Նախագահության անդամներից երկուսին առաջադրում է Կառավարությունը։ Նախագահության մյուս անդամներն ընտրվում են Ակադեմիայի անդամներից՝ ընդհանուր ժողովի կողմից՝ հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահության անդամ:

9. Ակադեմիայի նախագահությունն Ակադեմիայի ակադեմիկոսների թվից ընտրում է Ակադեմիայի նախագահին` հինգ տարի ժամկետով: Ընտրության արդյունքները հաստատում է Կառավարությունը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահ։

10. Հանրային գիտական կազմակերպություններում ատեստավորման արդյունքով պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների հետագա վարձատրությունն իրականացվում է Ակադեմիայի միջոցով: Պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների մասնակցությունը Ակադեմիայի գործունեությանը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ:

11. Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են`

1) հետազոտությունների գերազանցության խրախուսումը` քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ.

2) հայագիտական հետազոտություններին աջակցումը.

3) գիտատեխնոլոգիական գործունեության բազային և պետական այլ նախագծերի փորձաքննությանը և ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը` Կառավարության սահմանած կարգով.

4) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի վերաբերյալ տարեկան և հնգամյա պարբերականությամբ զեկույցների պատրաստումն ու հրապարակումը` Լիազոր մարմնի սահմանած կարգով և չափանիշներով.

5) Կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը.

6) գիտական ամսագրերի հրատարակումը.

7) գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական և գիտական-գրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտատեխնոլոգիական գործունեության արդյունքի նկատմամբ վստահության ձևավորումը.

8) գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սովորողների շրջանում գիտատեխնոլոգիական գործունեության ներկայացման և հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորման ծրագրերի միջոցով.

9) միջգիտակարգային երկխոսության ապահովումը.

10) հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը.

11) ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ եղանակով` ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային և համամարդկային արժեքի:

12. Ակադեմիան իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է ձևավորել մասնագիտական (պրոբլեմային) խորհուրդներ՝ ներգրավելով ինչպես Ակադեմիայի կազմի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գիտական կամ կրթական կազմակերպությունների կամ օտարերկրյա, այդ թվում՝ Սփյուռքի գիտնականների։

13. Ակադեմիան, որպես հիմնադրամ, իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է դիմել ոլորտը ֆինանսավորող տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում` միջազգային:

14. Ակադեմիայի պահպանման համար հատկացվող պետական ֆինանսավորումը տրվում է որպես առանձին բյուջետային միջոցառում` բազային ֆինանսավորման ծրագրի կազմում:

15. Ակադեմիան իր կանոնադրական նպատակների իրականացման համար կարող է ֆինանսավորվել պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

16. Ակադեմիան իրեն հատկացված պետական ֆինանսավորման և ցանկացած այլ ֆինանսական մուտքերի և ծախսերի մասով կանոնադրությամբ սահմանված կարգով հաշվետու է Լիազոր մարմնին և հանրությանը:

17. Ակադեմիայի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին: Ակադեմիայի ղեկավար պաշտոնների ցանկը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ։ Ակադեմիայի անդամներին գիտատեխնոլոգիական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության և 75 տարին լրանալու դեպքում հատկացվում է ամենամսյա դրամական վճար՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի կրկնակի չափով՝ ասոցացված անդամների համար, և եռակի չափով՝ ակադեմիկոսների համար։

18. Ակադեմիան յուրաքանչյուր տարի իր կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տարեկան գիտաժողով, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպությունները ներկայացնում են իրենց գիտատեխնոլոգիական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները: Նստաշրջանի արդյունքներով Ակադեմիան գնահատում է ներկայացված հաշվետվությունները և եզրակացությունը ներկայացնում է Լիազոր մարմին` որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ:

 

Հոդված 10. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը և դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները, ուսումնառության ժամկետները

 

1. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը, ներառյալ գնահատման համակարգը, կազմվում են որակավորումների ազգային շրջանակի և, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակի համապատասխան մակարդակների բնութագրիչներին և պահանջներին համապատասխան։

2. Բուհը կարող է բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնել նաև այլ բուհերի, գիտական կազմակերպությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք, ըստ տեսակի, լինում են`

1) համատեղ կրթական ծրագիր, որն իրականացվում է բուհի և այլ բուհի, գիտական կազմակերպության կամ արտադրական կազմակերպության համագործակցությամբ, որի ավարտին շնորհվում է մեկ մասնագիտությամբ որակավորում, որը հավաստվում է ներգրավված բոլոր կազմակերպությունների համատեղ դիպլոմով.

2) կրկնակի որակավորման կրթական ծրագիր՝ մեկ բուհի շրջանակում կամ երկու կամ ավելի բուհերի համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է երկու մասնագիտություններով որակավորում, որը հավաստվում է կրկնակի որակավորման դիպլոմով կամ կրկնակի որակավորման համատեղ դիպլոմով կամ տարբեր որակավորումներ շնորհող երկու դիպլոմով:

3. Յուրաքանչյուր կրթական ծրագրի (ներառյալ համատեղ և կրկնակի որակավորման կրթական ծրագրի) համար բուհը կազմում և հաստատում է կրթական ծրագրի նկարագիր, որը ներառում է ծրագրին ներկայացվող հետևյալ ընդհանուր պահանջները.

1) կրթական ծրագրի նպատակը, խնդիրները և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները.

2) գնահատման քաղաքականությունը.

3) կրթական ծրագրին ներկայացվող մուտքային (ներառյալ ուսումնառության և որակավորման նվազագույն նախապայմանները) և ելքային (ներառյալ ամփոփիչ ատեստավորման ձևերը) պահանջները.

4) ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով, և ուսումնառության նվազագույն տևողությունը, ուսումնառության կազմակերպման ձևը կամ ձևերի համադրության հնարավորությունը.

5) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող ակադեմիական մոդուլների ցանկը, դրանց հաջորդականությունը կամ փոխկապակցվածությունը և յուրաքանչյուր ակադեմիական մոդուլին հատկացված կրեդիտը.

6) ըստ ակադեմիական մոդուլների՝ ուսումնառությունը հեռավար կազմակերպելու հնարավորությունը.

7) շնորհվող որակավորումը, մասնագիտությունը և հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտները.

8) գիտելիքների և հմտությունների շրջանակը, ինչպես նաև դրանց ամբողջական գնահատման գործիքակազմը:

4. Բուհի կրթական ծրագրերը երաշխավորում են բարձրագույն կրթության տարբեր կրթական մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով ԿՓՀ-ի կիրարկումը և որակավորման աստիճանների շնորհումը: Հանրային բուհերը կիրառում են ԿՓՀ-ն, իսկ այն բուհերը, որոնք ուսումնական գործընթացը կազմակերպում են այլ կրեդիտային համակարգով, պետք է բուհի սահմանած կարգով կիրառեն վերջինիս փոխարկման մեթոդաբանությունը՝ ԿՓՀ-ին համադրելիությունն ապահովելու համար:

5. Բուհի կրթական ծրագրերը, պարտադիր ակադեմիական մոդուլներից բացի, կարող են ներառել նաև կամընտրական ակադեմիական մոդուլներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին տվյալ ծրագրի շրջանակում ձևավորելու կրթական բովանդակություն՝ իր մասնագիտական հետաքրքրություններին և նախասիրություններին համապատասխան:

6. Կրթական ծրագրերը, ըստ բարձրագույն կրթության մակարդակների, կարող են իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ:

7. Բուհում կրթական ծրագրերի դասավանդման լեզուն գրական հայերենն է: Բուհի սահմանած կարգով կրթական ծրագիրը, դրա ակադեմիական մոդուլները, առանձին դասընթացները, դասընթացների առանձին թեմաները կամ հետազոտական աշխատանքը կարող են դասավանդվել կամ իրականացվել օտար լեզվով, այն պայմանով, որ տվյալ բուհում առկա են կրթական ծրագիրը տվյալ լեզվով դասավանդելու կարողություն ունեցող մասնագետներ և տվյալ լեզվով կրթական անհրաժեշտ ռեսուրսներ: Բուհը պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող շրջանավարտներին իրենց մասնագիտության շրջանակում ապահովի գրական հայերենի տիրապետումը՝ կրթական ծրագրերը գրական հայերենով դասավանդելու կամ մասնագիտությանը համապատասխանող պատշաճ մակարդակով ծրագրային հավատարմագրում ստացած մասնագիտական հայերենի ուսուցման միջոցով: Մասնագիտական հայերենի իմացության մակարդակը հավաստվում է գիտելիքի պարտադիր ստուգմամբ և գնահատմամբ:

8. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերում օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև`

1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն.

2) եթե դասընթացն իրականացնում է օտարերկրյա մասնագետը.

3) օտարերկրյա պետության բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում։

9. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ատենախոսությունը կարող է ամփոփվել օտար լեզվով, եթե իրականացվում է օտարերկրացի ղեկավարի կամ համաղեկավարի հետ:

10. Օտարերկրյա ուսանողների ինտեգրումն ապահովելու նպատակով բուհը կազմակերպում է հայոց լեզվի և պատմության լրացուցիչ ներածական դասընթաց, որի չափորոշիչը կազմելու օրինակելի տարբերակը հաստատում է Լիազոր մարմինը:

11. Ուսումնական գործընթացի կազմակերպման սկիզբը և ավարտը, ըստ սահմանված տևողությունների, ինչպես նաև ուսանողի արձակուրդի տևողությունը սահմանում է բուհը:

12. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակներում բոլոր ձևերով իրականացվող կրթական ծրագրերի ուսուցման և ակադեմիական արձակուրդի տևողությունների ուղղորդիչները, ինչպես նաև լրիվ և մասնակի բեռնվածությամբ և հեռավար ուսումնառության կազմակերպման սկզբունքներն ու ուղղորդիչները սահմանվում են բարձրագույն կրթության կազմակերպման մասին Կառավարության որոշմամբ` հաշվի առնելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջները:

13. Լրիվ և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կարգը, ինչպես նաև ուսումնառության հեռավար կազմակերպման կարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը։

14. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակներում կրթության համար ծանրաբեռնվածությունը կազմում է 180-240 ակադեմիական կրեդիտ՝ բակալավրի, և 60-120 կրեդիտ` մագիստրոսի որակավորում շնորհող կրթական ծրագրերի համար: Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համար ծանրաբեռնվածությունը կազմում է առնվազն 180 ակադեմիական կրեդիտ: Ինտեգրված ծրագրերի դեպքում երկու մակարդակների կրեդիտային ծանրաբեռնվածությունները գումարվում են՝ կազմելով ոչ պակաս, քան 300 ակադեմիական կրեդիտ: Կրկնակի որակավորման կրթական ծրագրերի դեպքում բարձրագույն կրթության առաջին մակարդակում կրեդիտների ծանրաբեռնվածությունը կազմում է 240-300 կրեդիտ, իսկ երկրորդ մակարդակում` 120-150 կրեդիտ:

15. Մեկ ակադեմիական կրեդիտը ներկայացնում է ուսանողի կողմից տվյալ ակադեմիական մոդուլի շրջանակում կատարած 25-30 ժամ աշխատանք:

16. Կրթական ծրագրերը կարող են ներառել նաև փորձնակության կամ պրակտիկայի կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցման բաղադրիչներ` արտադրական կամ մասնագիտական ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր տնտեսավարողների, պետական մարմինների կամ այլ կազմակերպությունների հետ, որը կարգավորվում է կրթական ծրագրի շրջանակում, և կարող է շնորհվել առավելագույնը 30 կրեդիտ:

 

Հոդված 11. Բարձրագույն կրթության մակարդակները, որակավորումները և կրթական ոլորտները

 

1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակում՝ որակավորում շնորհող հիմնական կրթական ծրագրերով, ինչպես նաև որակավորում չշնորհող լրացուցիչ ծրագրերով.

1) առաջին մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, և ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորում.

2) երկրորդ մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, և ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում.

3) երրորդ մակարդակում ուսումնառությունը և հետազոտական աշխատանքը ամփոփվում են դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, որի դրական արդյունքով անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի մասնագիտություններով:

2. Բարձրագույն կրթությունը, ըստ կրթական մակարդակների, կարող է իրականացվել ինտեգրված կրթական ծրագրերով, որոնց շրջանակում բարձրագույն կրթության հաջորդական երկու մակարդակներին համարժեք ուսումնառությունը իրականացվում է մեկ միասնական կրթական ծրագրով, որի ավարտին շնորհվում է ավելի բարձր կրթական մակարդակին համապատասխանող որակավորում:

3. Ինտեգրված ծրագրերի պարագայում ուսումնառության վերջնարդյունքները համապատասխանում են ավարտական մակարդակի համար սահմանված վերջնարդյունքներին, և ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, իսկ դոկտորի որակավորում ստանալու համար հետազոտական աշխատանքն ավարտվում է դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ:

4. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների ինտեգրված ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում, իսկ ինտեգրված բժշկական ծրագրերով ուսումնառած անձին՝ «բժիշկ» կամ «բժիշկ-ստոմատոլոգ» որակավորում:

5. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կամ երկրորդ ու երրորդ մակարդակների ինտեգրված ծրագրերը բուհը սահմանված կարգով իրականացնում է գիտական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շրջանակը նկարագրվում է կրթական ծրագրով:

6. Բարձրագույն կրթության հաջորդ կրթական մակարդակում սահմանված կարգով ուսումնառությունը շարունակելու իրավունք ունեն միայն այն անձինք, որոնք բարձրագույն կրթության նախորդ մակարդակի որակավորում ստացել են հավատարմագրված կամ նախահավատարմագրված ծրագրով:

7. Բուհը կարող է իրականացնել միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր` սույն օրենքին և «Կրթության մասին» օրենքին համապատասխան:

8. Միկրոորակավորում շնորհող կամ լրացուցիչ կրթական ծրագրի ավարտին անձին տրվում է բուհի սահմանած ձևանմուշով ուսումնառությունը հավաստող վկայական կամ հավաստագիր:

9. Բուհը կարող է ճանաչել և սահմանված մասնաբաժնով ներառել միկրոորակավորումներ շնորհող հավատարմագրված կրթական ծրագրերով ուսանողի ձեռք բերած կրեդիտները բակալավրի կամ մագիստրոսի մակարդակում։

10. Բուհում միկրոորակավորումների ճանաչման օրինակելի կարգը հաստատում է Լիազոր մարմինը։

 

Հոդված 12. Կարգավորվող մասնագիտությունները

 

1. Կարգավորվող մասնագիտություններն առանձին կամ ինտեգրված կրթական ծրագրով ուսումնառության արդյունքով ձեռք բերվող մասնագիտություններ են, որոնց ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար ուսանողը որակավորումն ստանալուց հետո պետք է ձեռք բերի հավելյալ, տվյալ մասնագիտական ուղղությանն անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և կարողություններ` համապատասխան հետավարտական ուսումնառության միջոցով:

2. Կարգավորվող մասնագիտությունների ցանկը, դրանց ընդունելությանը, ուսումնառության տևողությանը, կազմակերպման ձևին և ամփոփիչ ատեստավորմանը և կրթական գործընթացին ներկայացվող պահանջները, որակավորում շնորհող կրթական ծրագրերի լիցենզավորմանը ներկայացվող նվազագույն պայմաններն ու պահանջները, հավատարմագրման չափանիշները, ինչպես նաև մասնագիտական ուղղությունների մասնագիտական շրջանակը և ուսումնառության վերջնարդյունքները սահմանում է Կառավարությունը` Լիազոր մարմնի ներկայացմամբ` համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ` ապահովելով ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը սահմանված մասնագիտական բնութագրերին:

3. Կարգավորվող մասնագիտություններով որակավորում շնորհող կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, որի դրական արդյունքով ուսանողն ստանում է տվյալ կրթական ծրագրին համապատասխանող որակավորում և մասնագիտություն: Ամփոփիչ ատեստավորումն անցկացվում է Կառավարության սահմանած կարգով, Լիազոր մարմնի կողմից` կենտրոնացված եղանակով, իսկ ամփոփիչ ատեստավորման արդյունքները հաշվի են առնվում տվյալ մասնագիտությամբ գործունեության լիցենզիա ստանալու համար:

4. Կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կազմակերպման կարգերը, ներառյալ հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, ուսումնառության տեսակները (կլինիկական ռեզիդենտուրա, վերահսկվող պրակտիկա կամ այլ ուսումնառության տեսակներ), դրանց կազմակերպման և իրականացման պայմանները և վերջնարդյունքները, ըստ մասնագիտական գործունեության ոլորտների, հաստատում է Կառավարությունը` Լիազոր մարմնի ներկայացմամբ` համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:

5. Կարգավորվող մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառության ընթացքում ուսումնառող անձը, տվյալ մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան, կարող է ծավալել վարձատրվող մասնագիտական աշխատանք (որպես փորձնակ, պրակտիկայի կամ սահմանված այլ պաշտոնում աշխատող)` լիցենզավորված մասնագետների վերահսկողությամբ: Ընդ որում, կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառող անձը վարձատրվող մասնագիտական աշխատանք կարող է իրականացնել միայն անցումային անհատական լիցենզիայի առկայության դեպքում և առողջապահության ոլորտի լիազոր մարմնի սահմանած ծավալին համապատասխան։

6. Կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառությունից հետո մասնագիտական գործունեության համապատասխան ոլորտի օրենսդրության համաձայն և սահմանված կարգով ուսումնառած անձը ենթակա է լիցենզավորման` ինքնուրույն մասնագիտական աշխատանք ծավալելու իրավունք ստանալու համար: Լիցենզիայի տեսակները և լիցենզավորման գործընթացը սահմանվում են համապատասխան ոլորտների օրենսդրությամբ:

7. Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ինտեգրված կամ դրան համարժեք որակավորում շնորհող բարձրագույն բժշկական կրթությանը հաջորդող հետավարտական լրացուցիչ ուսումնառության փուլ է, որից հետո ուսումնառողը ձեռք է բերում տվյալ բժշկական մասնագիտության ուղղությանն անհրաժեշտ մասնագիտական տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սահմանված կարգով լիցենզավորվելու և տվյալ մասնագիտական ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար:

8. Կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառությունը, ըստ հիմնական մասնագիտական ուղղությունների, իրականացնում է բժշկական համապատասխան մասնագիտական ուղղվածության բուհը` օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ներգրավմամբ, իսկ նեղ և լրացուցիչ մասնագիտացումներն իրականացնում են ինչպես բժշկական համապատասխան մասնագիտական ուղղվածության բուհը` օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ներգրավմամբ, այնպես էլ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք համապատասխանում են Կառավարության հաստատած պահանջներին:

9. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտությունը ձեռք է բերվում բարձրագույն մասնագիտական կրթության հենքի վրա կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ավարտելուց հետո: Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ավարտած անձն իրականացնում է առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն հիմնական մասնագիտությամբ՝ սահմանված գործունեության շրջանակում:

10․ Նեղ մասնագիտացումը հետռեզիդենտական փուլ է, որը նպատակ ունի հնարավորություն տալու ուսումնառողին նեղ մասնագիտացում ձեռք բերելու որևէ կոնկրետ ոլորտում։ Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության նեղ բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտացումը ձեռք է բերվում կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ավարտելուց հետո` հիմնական բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտության հենքի վրա: Նեղ մասնագիտացում ձեռք բերած անձը կարող է իրականացնել առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն հիմնական մասնագիտությամբ կամ նեղ մասնագիտացմամբ՝ դրա համար սահմանված գործունեության շրջանակում։

11. Հիմնական բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտությամբ կամ նեղ բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտացման հենքի վրա ձեռք բերված լրացուցիչ մասնագիտացման արդյունքով բուժաշխատողը ձեռք է բերում հիմնական մասնագիտությանը կամ նեղ մասնագիտացմանը համապատասխան նոր ախտորոշիչ կամ բուժական գիտելիքներ կամ հմտություններ, որոնց հենքի վրա կարող է իրականացնել մասնագիտական գործունեություն՝ սահմանված շրջանակում:

12. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով յուրաքանչյուր տարի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Լիազոր մարմին է ներկայացնում կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառողների անհրաժեշտ քանակը (վճարովի, պետության կողմից կրթաթոշակի տրամադրմամբ), որը հաստատում է Կառավարությունը` Լիազոր մարմնի ներկայացմամբ:

13. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրերը ենթակա են հավատարմագրման սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված Մասնագիտացված կառույցի կողմից` ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացրած մասնագիտական հանձնաժողովի ներգրավմամբ:

14. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրերի հավատարմագրման չափանիշները սահմանվում են կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառության կազմակերպման կարգով` ոլորտում մասնագիտական շարժունության միջազգային ստանդարտներին համապատասխան:

15. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի ընթացիկ մշտադիտարկման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը` առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ` Լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:

 

Հոդված 13. Բարձրագույն կրթության դիպլոմը և դրա հավելվածը

 

1. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների կրթական ծրագրերով, ինչպես նաև ինտեգրված ծրագրով ուսումնառության ավարտին և ամփոփիչ ատեստավորման դրական արդյունքի հիման վրա անձին տրվում են շնորհված որակավորումը հավաստող դիպլոմ (մասնագիտության և, ըստ անհրաժեշտության, մասնագիտացման նշումով) և հավելված (դիպլոմին կից տրվող համաեվրոպական ձևաչափի փաստաթուղթ):

2. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ծրագրերով ուսումնառության և հետազոտական աշխատանքի ավարտին ատենախոսության պաշտպանության դրական արդյունքով անձին շնորհվում է գիտական աստիճանը հավաստող դիպլոմ:

3. Դիպլոմի, այդ թվում՝ համատեղ դիպլոմի և դիպլոմի հավելվածի ձևանմուշի, դրանց լրացման, պատվիրման, բաշխման, հաշվառման, գրանցման և պահպանման կարգը թվային տեխնոլոգիաների կիրառմամբ սահմանում է Լիազոր մարմինը:

4. Դիպլոմները և դրանց հավելվածները բուհը տրամադրում է անվճար, իսկ դրանց թվային կրկնօրինակները հասանելի են շրջանավարտին Լիազոր մարմնի կողմից վարվող որակավորումների պետական գրանցամատյանի միջոցով:

5. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և հավելվածին ներկայացվող պահանջները Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

6. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումների, ինչպես նաև որակավորում չշնորհող կրթական ծրագրերով կամ կրթական ծրագրի բաղադրիչի շրջանակում ձեռք բերված միկրոորակավորումների վերաբերյալ տվյալները, ներառյալ դիպլոմների կամ վկայականների թվային տարբերակները և սովորողների ակադեմիական առաջխաղացման վերաբերյալ տեղեկատվությունը, պահպանվում են Լիազոր մարմնի կողմից վարվող որակավորումների պետական գրանցամատյանում:

7. Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է Լիազոր մարմնի հաստատած նմուշի ակադեմիական տեղեկանք, որը ներառում է տեղեկատվություն ուսումնասիրած մոդուլների և կուտակած կրեդիտների վերաբերյալ, և որի թվային տարբերակը հաշվառվում է որակավորումների պետական գրանցամատյանում:

8. Բարձրագույն կրթության դիպլոմ է համարվում միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով ուսումնառության դրական արդյունքով սահմանված կարգով շնորհված դիպլոմը կամ սահմանված կարգով ճանաչված այլ պետությունների բուհերի դիպլոմը:

9. Բարձրագույն կրթության դիպլոմում նշվում է ուսումնական հաստատության, ինչպես նաև կրթական ծրագրի հավատարմագրված կամ նախահավատարմագրված լինելու փաստը:

 

Հոդված 14. Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, անկախ տեսակից կամ կարգավիճակից, ենթակա են լիցենզավորման։ Լիցենզիան տրվում է անժամկետ և գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում:

2. Բուհի լիցենզավորման կարգը, որը սահմանում է բուհի լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները և ներառում է լիցենզավորման ընթացակարգը, նախազգուշացման կիրառման և լիցենզիայի գործողության դադարեցման ընթացակարգերը Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

3. Լիցենզավորման պայմաններն ու պահանջները սահմանվում են այնպես, որ հավաստեն և երաշխավորեն ոլորտի համար սույն օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումը, բուհական համակարգում ուսանողի փորձառության համադրելիությունը և բուհի գործունեության համապատասխանությունը որակյալ կրթության պահանջներին և օրենսդրությանը:

4. Լիազոր մարմինը Կառավարության ստեղծած բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցում (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) գործող` բարձրագույն կրթության ոլորտի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա բուհին շնորհում է կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա՝ սույն օրենքի, «Լիցենզավորման մասին» օրենքի, լիցենզավորման կարգի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան։

5. Բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և դրական եզրակացության հիմքով:

6. Լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության և մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Մասնագիտացված կառույցը կարող է Լիազոր մարմնին առաջարկել ձևավորել մասնագիտական հանձնաժողովներ՝ համաձայն լիցենզավորման կարգով սահմանված ընթացակարգի:

7. Բուհը իր գործունեությունը պետք է իրականացնի միայն լիցենզիայում նշված վայրերում (հասցեներում):

8. Բուհին տրված լիցենզիայում նշվում են լիցենզիայի համար օրենքով սահմանված վավերապայմանները, լիցենզիայի ներդիրում նշվում են լիցենզավորման կարգով սահմանված տեղեկատվությունը, իսկ բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում՝ բուհին վերաբերող տեղեկատվության բաժնում, առանձին նշվում է ֆիզիկական ենթակառուցվածքների և լիցենզավորման կարգով նախատեսված այլ հիմքերի մանրամասն նկարագիրը, այդ թվում` պատկերային տարբերակով: Գործունեության վայրի (հասցեի) փոփոխության պարագայում բուհին տրված լիցենզիան ենթակա է վերաձևակերպման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Բուհի գործունեության վայրի կամ կրթական ենթակառուցվածքների ընդլայնման հարցը դիտարկվում է ոլորտային պետական քաղաքականության շրջանակում և հնարավոր է միայն ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգի հետ համապատասխանության դեպքում:

10. Բուհի լիցենզիայի տրամադրման հիմքերն են՝

1) ակադեմիական կազմին և կրթական գործընթացին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը՝ մասնավորապես հիմնական աշխատող հանդիսացող համապատասխան որակավորմամբ ակադեմիական կազմի, ժամանակակից լաբորատոր և լսարանային բազայի, ուսումնական տարածքների և գույքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը, որոնց նկարագիրը սահմանվում է բուհերի լիցենզավորման կարգով․

2) ֆիզիկական ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը՝ մասնավորապես կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ և պատշաճ անվտանգային կահավորումը, ինչպես նաև գույքի, ուսումնական տարածքի առկայությունը (հիմնական և օժանդակ տարածքները, շենքերը, շինությունները), որի նկատմամբ բուհն ունի սեփականության կամ առնվազն 20 տարով երաշխավորված օգտագործման իրավունք (երկարաժամկետ վարձակալության, անհատույց oգտագործման)․

3) ուսանողի փորձառության պատշաճ ապահովումը երաշխավորող ենթակառուցվածքների առկայությունը, ներառյալ ներառականության ապահովման համար ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության ապահովումը՝ համաձայն լիցենզավորման կարգով սահմանված նկարագրի.

4) ֆինանսական կայունությունը և գործունեության երաշխիքները (լիցենզիայով տրվող տեղերի պատիկով` յուրաքանչյուր տեղի համար սահմանված չափի, սահմանված կարգով ապահովադրված գումար, գույք կամ այլ համարժեք միջոցներ), ֆինանսական հիմնավորվածության և առնվազն հինգ տարվա ֆինանսատնտեսական կայունության պլանի վերաբերյալ հիմնավոր տեղեկատվությունը, այդ թվում՝ անհրաժեշտ ծավալով անձեռնմխելի կապիտալի, ֆինանսական թափանցիկության երաշխավորման նպատակով հաշվետվողականության ընթացակարգերի առկայությունը․

5) առաջարկվող կրթական ծրագրերի համադրելիությունը բուհի ռազմավարության և առաքելության հետ․

6) ներքին իրավական հենքը և կառավարման համակարգը, ներառյալ հնգամյա ռազմավարական ծրագիրը, ուսուցման, ուսումնառության, հետազոտական գործունեության կազմակերպական և կառավարչական իրավական փաստաթղթերի առկայությունը, ուսանողներին տրվող ֆինանսական աջակցության քաղաքականությունը, բուհի ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ կառավարման կազմակերպական կառուցվածքը և հաշվետվողականության համակարգը, ներքին կարգապահական փաստաթղթերը, ինչպես նաև բուհի գործունեության կայունության ապահովման համար անհրաժեշտ մարդկային բավարար ռեսուրսները․

7) բուհի առաքելությունը սահմանող պաշտոնական փաստաթուղթը և դրա իրագործումն ապահովող ներքին ընթացակարգերն ու կառույցները, ինչպես նաև որակի ապահովման մեխանիզմներն ու կառուցվածքը․

8) բուհի հիմնադրման և ծրագիր իրականացնելու նպատակահարմարության հիմնավորումը, որի մաս են կազմում նախնական հետազոտական փաստաթուղթը, մասնագիտական կառույցներից կամ գերատեսչություններից գրությունները, առնվազն հինգ տարվա կտրվածքով հնարավոր օգուտները, մրցակցային առավելության հասնելու տեսլականը․

9) բուհի ուսանողների սահմանային թիվը, որը պետք է համապատասխանի ներկայացված ենթակառուցվածքներին․

10) բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներին համապատասխանությունը․

11) բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգով սահմանված այլ պահանջներին համապատասխանությունը:

11. Բուհի լիցենզիայով սահմանվող ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից:

12. Բուհի լիցենզիայի հայտը մերժվում է, եթե այն չի բավարարում սույն օրենքով սահմանված պահանջները, և առկա է դրա վերաբերյալ լիցենզավորման հանձնաժողովի բացասական եզրակացություն:

13. Հետազոտական համալսարանի լիցենզավորման ժամանակ լիցենզավորման պայմաններն ու պահանջները լրացվում են նաև իր կազմում գործող գիտական կազմակերպությունների տվյալներով:

 

Հոդված 15. Բուհի նկատմամբ կիրառվող նախազգուշացումը և բուհի լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Բուհի գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների, բուհի գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում Լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով բուհի նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:

2. Լիցենզիայի տրամադրումից հետո Մասնագիտացված կառույցը բուհերի լիցենզավորման կարգով սահմանված պարբերականությամբ իրականացնում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության մշտադիտարկում, այդ թվում՝ այցելությունների միջոցով: Անհամապատասխանությունների հայտնաբերման պարագայում սահմանված կարգով բուհին տրվում է նախազգուշացում և մինչև մեկ տարի ժամանակահատված` դրանք վերացնելու նպատակով:

3. Բուհը պարտավոր է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր տարի թարմացնել կամ հավաստել բուհի լիցենզիայի և իր կրթական ծրագրերի լիցենզիաների վերաբերյալ լիցենզավորման կարգերով սահմանված պահանջների մասին տեղեկատվությունը և ներկայացնել լիցենզավորման կարգերով սահմանված հաշվետվությունները:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բուհի թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու և այդ խախտման վերացման մասին Լիազոր մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել տասն օրից, որոշում է Լիազոր մարմինը` Մասնագիտացված կառույցի առաջարկությամբ՝ հաշվի առնելով խախտման հետևանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը և խախտումը վերացնող բուհի հնարավորությունները:

5. Լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով տեղեկացման եղանակով նախազգուշացնում է բուհին`

1) բուհի կողմից լիցենզիայի գործողության ընթացքում Լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.

2) լիցենզավորման պայմանների և պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում.

3) բուհի կողմից «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին Լիազորված մարմնին և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.

4) ինստիտուցիոնալ մակարդակում ակադեմիական ազնվության խախտում արձանագրելու դեպքում, որի ընթացակարգը նկարագրված է լիցենզավորման կարգում.

5) բուհի լիցենզավորման կարգով սահմանված պահանջներին ենթակառուցվածքների անհամապատասխանության առաջացման դեպքում.

6) սահմանված ժամկետում բուհի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրման չդիմելու դեպքում.

7) բուհի ֆինանսական կայունության և հետագա գործունեության շարունակման ռիսկերի հայտնաբերման դեպքում.

8) բուհի կողմից լիցենզավորման մասին օրենսդրությամբ նախատեսված տարեկան հաշվետվությունում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների կամ հաշվետվության սահմանված ձևին չհամապատասխանելու դեպքում.

9) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:

6. Խախտումը համարվում է վերացված` այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման և դրա վերաբերյալ Մասնագիտացված կառույցի դրական եզրակացության հիման վրա:

7. Լիազոր մարմնի որոշմամբ բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է՝

1) բուհի կողմից սույն հոդվածի 5-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերով առնվազն երկու խախտում միաժամանակ հայտնաբերելու դեպքում.

2) կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի արձանագրած խախտումը չվերացնելու դեպքում.

3) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման հանձնելու, գրավ դնելու կամ օտարելու դեպքերում.

4) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.

5) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

6) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ բուհի գործունեության դադարեցման դեպքում.

7) սույն օրենքով սահմանված ժամկետում ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցնելու կամ ինստիտուցիոնալ հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվելու դեպքում.

8) լիցենզավորման կարգում նկարագրված դեպքերում` ակադեմիական զեղծարարության հայտնաբերման պարագայում, ներառյալ բարձրագույն կրթության կազմակերպման կարգի և որակավորումների ազգային շրջանակով սահմանված չափանիշների խախտմամբ որակավորումների շնորհման դեպքում.

9) լիցենզիայի տրամադրման հիմքերին և լիցենզավորման պայմաններին ու պահանջներին առնվազն երկու անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում.

10) սահմանված ժամկետում նախազգուշացմամբ արձանագրված խախտումը չվերացնելու կամ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ Մասնագիտացված կառույցի բացասական եզրակացության դեպքում.

11) ինստիտուցիոնալ հավատարմագրից զրկվելու դեպքում.

12) եթե երեք տարի անընդմեջ լիցենզիայով տրամադրված սահմանային տեղերի թվի կեսից պակասով է համալրվում ուսանողներով.

13) բուհի ներկայացրած կրթական ծրագրերի 30 և ավելի տոկոսը չի ստացել նախահավատարմագրում կամ ծրագրային հավատարմագրում, կամ բուհը չի իրականացնում կրթական ծրագրեր.

14) եթե առկա են սույն օրենքով, «Կրթության մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով նախատեսված այլ դեպքեր:

8. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում՝ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

10. Սույն հոդվածի 7-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված Լիազոր մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճորեն տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ տեղեկացմանը կից ուղարկելով նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:

11. Բուհն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին Լիազոր մարմնի որոշումը:

12. Սույն հոդվածով սահմանված դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հետո բուհն իրավունք չունի իրականացնելու կրթական ծրագրեր:

13. Բուհի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում բուհում սովորող ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը համապատասխան կրթական ոլորտում՝ ընդգրկվելով մեկ այլ` ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհի կրթական ծրագրերում, կամ մասնակցելու այդ բուհի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով, այդ թվում՝ բուհի ապահովադրած գումարների հաշվին:

14. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված նախազգուշացնելու և 7-րդ մասով նախատեսված դադարեցնելու որոշումները Լիազոր մարմինը կայացնում է Մասնագիտացված կառույցի եզրակացության հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված է այլ բան:

 

Հոդված 16. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորումը, նախազգուշացումը և կրթական ծրագրի լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Բարձրագույն կրթության որակավորում շնորհող բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ենթակա են լիցենզավորման:

2. Ինտեգրված ծրագրերը ենթակա են լիցենզավորման՝ ավելի բարձր կրթական մակարդակի համար նախատեսված պայմաններին համապատասխան:

3. Համատեղ կրթական ծրագրի լիցենզավորման համար դիմում է մեկ բուհ, որն իրականացնելու է ծրագրի վարչարարությունը` ներկայացնելով գործընկեր բուհի կամ կազմակերպության հետ համապատասխան պայմանագիրը: Դրանով սահմանվում են համագործակցող բուհերի միջև ակադեմիական մոդուլների բաշխման, գործընկեր կազմակերպության հետ պրակտիկայի անցկացման և կրթական ծրագրի կազմակերպման այլ առանձնահատկություններ, այդ թվում՝ ֆինանսատնտեսական հարաբերությունները և այլն: Համատեղ կրթական ծրագրի լիցենզավորման ժամանակ հաշվի են առնվում գործընկեր բուհի կամ կազմակերպության հզորությունները՝ համաձայն համագործակցության պայմանագրի:

4. Բուհերում կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը, որը սահմանում է բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման ընթացակարգը և ներառում է լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները, նախազգուշացման կիրառման և լիցենզիայի գործողության դադարեցման ընթացակարգերը, Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

5. Կրթական ծրագրերի լիցենզավորման սահմանված պայմաններն ու պահանջները պետք է երաշխավորեն ուսանողի կողմից կրթության համար ներդրված ժամանակի և ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործումը, ծրագրի իրականացման մեջ ներգրավված ակադեմիական կազմի պատշաճ և ծրագրին համապատասխան մակարդակը, ծրագրի իրականացման համար օգտագործվող գույքային և նյութատեխնիկական հագեցվածության մակարդակը, ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքների համապատասխանությունը տվյալ մակարդակի համար որակավորումների ազգային շրջանակի և, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակի սահմանված բնութագրիչներին և պահանջներին:

6. Լիազոր մարմինը Մասնագիտացված կառույցում գործող բարձրագույն կրթության ոլորտի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա բուհին շնորհում է տվյալ կրթական ծրագրով գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա՝ սույն օրենքի, «Լիցենզավորման մասին» օրենքի, լիցենզավորման կարգի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան։ Օտար լեզվով իրականացվող կրթական ծրագիրը լիցենզավորվում է որպես առանձին կրթական ծրագիր:

7. Կրթական ծրագրերի լիցենզավորման համար փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով Լիազոր մարմինը Մասնագիտացված կառույցի առաջարկով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ՝ ըստ Կառավարության սահմանած բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում առկա բնագավառների կամ ուղղությունների: Մասնագիտական հանձնաժողովների աշխատակարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանձնաժողովի դրական եզրակացության հիմքով կրթական ծրագրի իրականացման լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` առավելագույնը վեց ամսվա ընթացքում:

9. Կրթական ծրագիրը գիտական կազմակերպության հետ համատեղ իրականացնելիս ներկայացվում են նաև գիտական կազմակերպության կողմից ծրագրի իրականացման գործընթացին պայմանագրային հիմքով տրամադրվող մարդկային, նյութատեխնիկական և հետազոտական ռեսուրսների ու ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկություններ, որոնք հիմք են լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները համալրելու համար:

10. Բուհին կրթական ծրագրի լիցենզիայի տրամադրման հիմքերն են՝

1) տվյալ մակարդակում և առաջարկվող կրթական ծրագրով ուսուցման և գիտական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ և բուհին պատկանող ու բուհի հաշվեկշռում հաշվառված, պատշաճ մակարդակի վրա գտնվող ուսումնական, արտադրական, կլինիկական պրակտիկայի բազաների, գույքի, համապատասխան սարքավորումների, ինչպես նաև գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը․

2) համապատասխան կրթական մակարդակներում կրթական ծրագրով ուսումնառություն ապահովելու համար անհրաժեշտ ակադեմիական կազմի և ուսումնաօժանդակ կազմի առկայությունը, որոնց առնվազն կեսը պետք է հանդիսանա բուհի հիմնական աշխատող․

3) կրկնակի որակավորման կրթական ծրագրերով` երկու մասնագիտություններով կրթություն իրականացնելուն ներկայացվող համատեղ պահանջները․

4) համատեղ կրթական ծրագրերի դեպքում ներկայացվում են կրթական ծրագրի իրականացման համար գործընկեր կազմակերպության հատկացրած մարդկային ռեսուրսները, համատեղ կրթական ծրագրի լիցենզիան ստացող բուհի կողմից ներգրավված ակադեմիական կազմի հիմնական աշխատողների մասնաբաժինը պետք է լինի առնվազն 25 տոկոս․

5) ուսանողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թիվը, որը բուհում իրականացվող այլ կրթական ծրագրերով սովորողների նախատեսված սահմանային թվերի հանրագումարի հետ չպետք է գերազանցի բուհի լիցենզիայով տրամադրված սահմանային թիվը․

6) աշխատաշուկայի պահանջարկին ծրագրի համապատասխանության ուսումնասիրությունը և ծրագրի իրականացման նպատակահարմարության հիմնավորումը, որի մաս են կազմում նախնական հետազոտական փաստաթուղթը, մասնագիտական կառույցների կամ շահագրգիռ գերատեսչությունների գրությունները, առնվազն հինգ տարվա կտրվածքով հնարավոր օգուտները, մրցակցային առավելության հասնելու տեսլականը․

7) կրթական ծրագրի համապատասխանությունը պետության ռազմավարական առաջնահերթություններին, որակավորումների ազգային շրջանակի և, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակի սահմանված բնութագրիչներին և պահանջներին, ինչպես նաև դրա համադրելիությունը բուհի ռազմավարությանը և առաքելությանը․

8) որակի ապահովման համակարգը, որը երաշխավորում է ուսումնառության և հետազոտության որակի համապատասխանությունը բուհի ռազմավարությանը և առաքելությանը, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափանիշներին․

9) ուսուցման և գնահատման համակարգը, որը երաշխավորում է կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը և հավաստումը, ինչպես նաև համապատասխանում է ԿՓՀ մեթոդաբանությանը․

10) համապատասխանությունը բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգով սահմանված այլ պահանջներին:

11. Կրթական ծրագրի առանձին մոդուլներ հեռավար ուսումնառությամբ կազմակերպելու դեպքում լիցենզիայի տրամադրման հիմք են նաև հեռավար ուսումնառության կազմակերպման թվային գործիքակազմի առկայությունը և դրա պաշտպանվածությունը:

12. Որակավորում շնորհող կրթական ծրագրերի համար սահմանային տեղերը պետք է լինեն նվազագույնը տասը` բակալավրի, և հինգ` մագիստրոսի կրթական մակարդակների համար:

13. Կրթական ծրագրի իրականացման համար բուհին տրված լիցենզիայում նշվում են լիցենզիայի համար օրենքով սահմանված վավերապայմանները, լիցենզիայի ներդիրում նշվում են լիցենզավորման կարգով սահմանված տեղեկատվությունը, իսկ բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում՝ բուհին վերաբերող տեղեկատվության բաժնում, առանձին նշվում է կրթական ծրագրին վերաբերելի` լիցենզավորման կարգով նախատեսված հիմքերի մանրամասն նկարագիրը, ներառյալ ուսանողների սահմանային թիվը:

14. Բուհում իրականացվող որակավորում շնորհող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը, լիցենզավորման պայմաններն ու պահանջները, նախազգուշացման կիրառման և լիցենզիայի գործողության դադարեցման ընթացակարգերը սահմանվում են բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգով, որը Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

15. Լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բուհի թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու և այդ խախտման վերացման մասին Լիազոր մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող 10 օրից պակաս լինել, որոշում է Լիազոր մարմինը` Մասնագիտացված կառույցի առաջարկությամբ՝ հաշվի առնելով խախտման հետևանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը և խախտումը վերացնող բուհի հնարավորությունները:

16. Խախտումը համարվում է վերացված` այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման և դրա վերաբերյալ Մասնագիտացված կառույցի դրական եզրակացության հիման վրա:

17. Լիազոր մարմինը, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ձևով տեղեկացման եղանակով նախազգուշացնում է բուհին հետևյալ խախտումներից հայտնաբերելու դեպքում.

1) բուհի կողմից տվյալ կրթական ծրագրի լիցենզիայով սահմանված ուսանողների սահմանային թիվը գերազանցվելու․

2) բուհի կողմից լիցենզիայի գործողության ընթացքում Լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերելու.

3) լիցենզիայի տրամադրման հիմքերին և լիցենզավորման պայմաններին ու պահանջներին չհամապատասխանելու.

4) լիցենզավորման կարգով նախատեսված պայմանների խախտումներ հայտնաբերելու.

5) բուհի կողմից «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին Լիազորված մարմնին սահմանված ժամկետում չհայտնելու.

6) սահմանված ժամկետում տվյալ ծրագրի ծրագրային հավատարմագրման չդիմելու.

7) ենթակառուցվածքների և ակադեմիական կազմի անհամապատասխանություն առաջանալու.

8) ծրագրային հավատարմագրից զրկվելու.

9) սահմանված ժամկետում նախազգուշացմամբ արձանագրված խախտումը չվերացնելու կամ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ Մասնագիտացված կառույցի բացասական եզրակացության.

10) տարեկան պետական տուրքը չվճարելու:

18. Բուհին տրված համապատասխան մակարդակի կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը Լիազոր մարմինը դադարեցնում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև`

1) բուհի ներկայացրած հայտի հիմքով իրեն ըստ կուրսերի հատկացված սահմանային տեղերի թիվը ուսանողներով գերազանցելու դեպքում՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ նախազգուշացման դեպքում.

2) սահմանված ժամկետում տվյալ ծրագրի հավատարմագրման չդիմելու կամ տվյալ ծրագրի հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվելու դեպքում.

3) կրթական ծրագրով երեք տարի անընդմեջ սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունքներ գրանցվելու դեպքում.

4) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.

5) սահմանված ժամկետում նախազգուշացումը չվերացնելու կամ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ Մասնագիտացված կառույցի բացասական եզրակացության դեպքում:

19. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը՝ ընդգրկվելով տվյալ կամ մեկ այլ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում ունեցող բուհի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ բուհի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով, այդ թվում՝ լիցենզիան կորցրած բուհի ապահովադրած գումարների հաշվին:

20. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով` Լիազոր մարմնի որոշմամբ:

21. Լիազոր մարմինը նախազգուշացման կամ լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձևով տեղեկացնում է բուհին` տեղեկացմանը կից ուղարկելով նաև նախազգուշացման կամ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:

22. Սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված Լիազոր մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից: Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձևով տեղեկացնում է բուհին:

 

Հոդված 17. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ բուհի լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախազգուշացումը կարող է կիրառվել նաև տեսչական մարմնի միջնորդագրի հիման վրա:

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով Լիազոր մարմինը բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցնում է տեսչական մարմնի միջնորդագրի հիման վրա:

4. Տեսչական մարմինը բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր կարող է ներկայացնել նաև վերահսկողության ընթացքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված այլ հիմքեր հայտնաբերելու դեպքում:

 

Հոդված 18. Որակի ապահովումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում

 

1. Բարձրագույն կրթության և գիտության որակի ապահովման համակարգը ներառում է՝

1) բուհերի և գիտական կազմակերպությունների որակի ներքին ապահովման համակարգը, որի նպատակն է ապահովել կրթական ծառայությունների և գիտական հետազոտությունների որակի վերահսկումը և շարունակական բարելավումը․

2) բուհերի որակի արտաքին ապահովման համակարգը, որով հավաստվում է բուհերում կրթական ծառայությունների և ընթացակարգերի համապատասխանությունը որակի սահմանված պետական և միջազգային չափանիշներին․

3) գիտական կազմակերպությունների որակի արտաքին ապահովման համակարգը, որով գնահատվում է գիտական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը միջազգային միտումներին և պետության պահանջներին․

4) պետության ստեղծած Մասնագիտացված կառույցը։

2. Բուհերը և գիտական կազմակերպությունները պատասխանատու են կրթական և հետազոտական աշխատանքների որակի համար և պարտավոր են իրականացնել և հանրային եղանակով ներկայացնել իրենց որակի վերաբերյալ ինքնագնահատումներ, որոնք պետք է ներառեն նաև տվյալներ Կառավարության հաստատած կատարողականի ցուցանիշների վերաբերյալ:

3. Բուհերը և գիտական կազմակերպությունները որակի չափանիշներն ապահովում են որակի ներքին ապահովման համակարգի միջոցով:

4. Բուհերի որակի արտաքին ապահովումն ու հավաստումն իրականացնում են Մասնագիտացված կառույցի կամ Կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող միջազգային հավատարմագրող կազմակերպությունները:

5. Որակի ապահովման բնագավառում Մասնագիտացված կառույցը պետք է`

1) ունենա իր գործունեության իրականացումն ապահովող հրապարակված քաղաքականություններ և ընթացակարգեր.

2) գործի անկախ և ինքնավար.

3) սահմանված կարգով պարբերաբար անցնի իր գործունեության արտաքին գնահատում.

4) իրականացնի բուհերի և դրանց կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատում և հավատարմագրում.

5) իրականացնի կանոնադրությունից և օրենսդրությունից բխող այլ գործառույթներ:

6. Մասնագիտացված կառույցը, բացի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառույթներից, իրականացնում է նաև`

1) հավատարմագրման և որակավորումներին ներկայացվող պահանջների կատարման ընթացիկ մշտադիտարկում.

2) հավատարմագրման հանձնաժողովի աշխատանքի կազմակերպում.

3) որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի փաստաթղթերի մշակման և պարբերական վերանայման կազմակերպում:

7. Հանրային գիտական կազմակերպությունների որակի արտաքին գնահատումն իրականացնում են Լիազոր մարմնի ձևավորած գիտական փորձագիտական հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության և արտերկրի հեղինակավոր գիտնականների ներգրավմամբ` նվազագույնը մեկ անգամ հինգ տարվա ընթացքում, որի ընթացակարգը սահմանում է Լիազոր մարմինը:

 

Հոդված 19. Բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը

 

1. Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմամբ հավաստվում են`

1) համապատասխանությունը բուհական գործունեության և կրթական ծրագրի իրականացման նվազագույն չափանիշներին․

2) որակի վերահսկման ներքին կառուցվածքի և ընթացակարգերի առկայությունը․

3) կրթական ծրագրերի կազմման և հաստատման ներքին ընթացակարգերի առկայությունը․

4) ուսանողակենտրոն կրթական միջավայրի առկայությունը․

5) կրթական ծրագրերի մատուցման և ուսանողների գնահատման գործող համակարգերի համապատասխանությունը կրթական ծրագրի վերջնարդյունքներին և մակարդակին․

6) ակադեմիական կազմի մրցունակության գնահատման և շարունակական մասնագիտական զարգացման գործիքակազմերի առկայությունը․

7) կրթական ռեսուրսների և ուսանողների աջակցության ենթակառուցվածքների և ընթացակարգերի առկայությունը․

8) տեղեկատվության հավաքման և կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը․

9) հանրային հաշվետվողականության և տեղեկատվության պատշաճ մատուցման ընթացակարգերի և մեխանիզմների առկայությունը․

10) կրթական ծրագրերի պարբերական վերանայման ընթացակարգերի առկայությունը, այդ թվում՝ աշխատաշուկայի հետ աշխատանքի միջոցով․

11) էթիկական ստանդարտների և բարեվարքության հարցերին առնչվող ինստիտուցիոնալ մեխանիզմների առկայությունը․

12) համապատասխանությունը ֆինանսական կայունության չափանիշներին․

13) համապատասխանությունը հավատարմագրման կարգերով նախատեսված այլ չափանիշներին և պայմաններին:

2. Բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգերը, պահանջները և չափանիշները Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

3. Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը Կառավարության սահմանած կարգով իրականացնում է Մասնագիտացված կառույցը, այդ թվում՝ Կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող օտարերկրյա հավատարմագրող կազմակերպության հետ համատեղ՝ սույն օրենքի դրույթներին ու Կառավարության սահմանած կարգերին համապատասխան:

4. Բուհերի կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրումն իրականացնում է Մասնագիտացված կառույցը կամ Կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող օտարերկրյա հավատարմագրող կազմակերպությունը` առանձին կամ համատեղ՝ սույն օրենքի դրույթներին ու Կառավարության սահմանած կարգերին համապատասխան:

5. Նոր հիմնադրված բուհը ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում բուհի լիցենզիա ստանալուց հինգ տարի հետո՝ ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

6. Բուհերը կամ կրթական ծրագրերը լիցենզիան ստանալուց հետո համարվում են նախահավատարմագրված մինչև սահմանված ժամկետներում և սահմանված կարգով հավատարմագրումը: Նախահավատարմագրումը հավատարմագրված լինելուն համարժեք ժամանակավոր կարգավիճակ է, որի ընթացքում բուհը կարող է իրականացնել բուհական գործունեություն, իսկ կրթական ծրագրի շրջանակում՝ կազմակերպել ուսումնառություն:

7. Ինստիտուցիոնալ հավատարմագրման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բուհերը` անկախ հիմնադրից:

8. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի մասնաճյուղերը ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում են բուհի հետ միաժամանակ՝ որպես բուհի կառուցվածքային միավոր:

9. Լիցենզավորված և նախահավատարմագրված նոր կրթական ծրագրերը լիցենզավորվելուց հետո ենթակա են ծրագրային հավատարմագրման` լիցենզիայով տվյալ մակարդակում կրթության համար նախատեսված տևողության (կրթական գործընթացի առաջին շրջափուլի) ավարտից հետո՝ ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։

10. Համատեղ կրթական ծրագրի հավատարմագրման համար դիմում է ծրագրի վարչարարության համար պատասխանատու բուհը: Հավատարմագրման համար հիմքերը համալրվում են համատեղ կրթական ծրագրի համար գործընկեր բուհի կամ կազմակերպության տրամադրած հզորություններով և հավատարմագրման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:

11. Կրկնակի որակավորման կրթական ծրագրերի հավատարմագրման համար անհրաժեշտ է, որ որակավորումներից յուրաքանչյուրը շնորհող կրթական ծրագիրը լինի հավատարմագրված, և հավաստվի, որ կրթական ծրագրերը համատեղ կարող են իրագործվել կրթության տվյալ մակարդակի համար սահմանված ծանրաբեռնվածության շրջանակում:

12. Ծրագրային հավատարմագրման նպատակն է կրթական ծրագրերի որակավորման չափանիշների պահանջներին, որակավորումների ազգային կամ ոլորտային շրջանակներին, տնտեսության և պետության կարիքներին համապատասխանության գնահատումը:

13․ Միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրերը, որոնց արդյունքով տրվում են ԿՓՀ կրեդիտներ, ենթակա են հավատարմագրման Մասնագիտացված կառույցի կողմից, որի ընթացակարգը սահմանվում է ծրագրային հավատարմագրման կարգով։

14. Կրթական ավելի ցածր մակարդակից ԿՓՀ կրեդիտները կարող են տեղափոխվել բարձրագույն կրթության առաջին մակարդակ այն պարագայում, եթե տվյալ ակադեմիական մոդուլով կրթությունը և գնահատումը կազմակերպվում են բարձրագույն կրթության ծրագրերի համապատասխան մոդուլների հետ համադրելի եղանակով, որը հավաստվում է Մասնագիտացված կառույցի եզրակացությամբ` ԿՓՀ-ի գործարկման կարգի համաձայն:

15. Մասնագիտացված կառույցի կողմից ծրագրային հավատարմագրում ստանալու դեպքում բուհն իրավունք է ստանում հաջորդ փուլում իրականացնելու կրթական ծրագրերի ինքնագնահատում պետական չափանիշներով և արդյունքները ներկայացնելու Մասնագիտացված կառույց` հավատարմագրման համար:

16. Բուհերի լիցենզիաները, ինստիտուցիոնալ, կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրերը, միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրերի նախնական և ծրագրային հավատարմագրերը գրանցվում են լիցենզիաների և հավատարմագրերի պետական գրանցամատյանում, որը վարում է Մասնագիտացված կառույցը:

17. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը շնորհվում է յոթ տարի ժամկետով:

18. Ծրագրային հավատարմագրումը շնորհվում է հինգ տարի ժամկետով: Հավատարմագրման որոշ չափանիշներին համապատասխանության բարելավման նպատակով կարող է շնորհվել պայմանական հավատարմագրում` երեք տարի ժամկետով:

19. Հավատարմագրման արդյունքով բուհին շնորհվում է ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման վկայական, որի ձևաչափը հաստատվում է հավատարմագրման կարգով:

 

Հոդված 20. Օտարերկրյա որակավորումների ճանաչումը

 

1. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումները ճանաչվում և գնահատվում են Մասնագիտացված կառույցի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների կամ միջազգային կառույցների միջև կնքված միջազգային պայմանագրերի համաձայն։

2. Փախստականների, տեղահանված անձանց և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց որակավորումները ճանաչվում են սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, իսկ այն դեպքերում, երբ անձի ձեռք բերած որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է Լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 21. Բուհ ընդունելությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում ուսանողների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների և դրանց կրթական ծրագրերի: Ընդունելությունը կատարվում է առնվազն նախորդ մակարդակի կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բարձրագույն կրթության տվյալ մակարդակի համար բուհն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրերի համար: Բուհը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել իր լիցենզիաների և ներքին կանոնակարգերի, ինչպես նաև ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման վկայականի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ տվյալ կրթական ծրագրի լիցենզիայով նախատեսված սահմանային տեղերի թիվը:

3. Բուհը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև հավատարմագրման կամ նախահավատարմագրման վկայականին: Նշված փաստաթղթերին ծանոթացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են ուսանողի հետ կնքված պայմանագրում:

4. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի, ինչպես նաև առաջին և երկրորդ մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության (այսուհետ` առաջին շրջափուլով ընդունելություն) կարգը, որը ներառում է ընդունելությանը ներկայացվող ընդհանրական պայմանները, ինչպես նաև «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը: Դրա հիման վրա բուհը հաստատում ու հրապարակում է ընդունելության մրցույթի կարգը և չափանիշները:

5. Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհում կամ բուհի մասնաճյուղում առաջին շրջափուլով ընդունելության համար պարտադիր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրերով ուսումնառած անձանց` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը:

6. Առաջին շրջափուլով ընդունելություն իրականացնող բուհերը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երեք տարի առաջ, ըստ կրթական ծրագրերի, հրապարակում են ընդունելության կարգը, ներառյալ ընդունելության պահանջները և գնահատման մեթոդաբանությունը, որը կարող է ներառել`

1) հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատականին ներկայացվող պահանջ

2) կամ տվյալ կրթական ծրագրով ընդունելության մոտիվացիոն նամակ

3) կամ ներբուհական քննություններ հանձնելու պահանջ

4) կամ հարցազրույցի պահանջ

5) կամ դիմորդի ինքնակենսագրության (պորտֆոլիոյի) գնահատման պահանջ

6) կամ կամավորության պահանջ․

7) այլ պահանջներ և պահանջների ցանկացած համադրություն:

7. Բուհերի հրապարակած ընդունելության կարգում փոփոխությունները և լրացումները կարող են ուժի մեջ մտնել հրապարակումից երեք տարի հետո, բացառությամբ ավելի նպաստավոր պայմանների սահմանման, ինչպես նաև այն դեպքերի, երբ փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:

8. Ներբուհական քննությունները պետք է կազմակերպվեն միայն հանրակրթության պետական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, հմտությունների և կարողությունների շրջանակում:

9. Ընդունելության գործընթացը բուհը պետք է կազմակերպի արդարության և թափանցիկության սկզբունքով` ունենալով նաև բողոքների պատշաճ արձագանքման հաստատված ներքին ընթացակարգեր:

10. Օտար լեզվով իրականացվող կրթական ծրագրերում, ընդունելության համար Կառավարության սահմանած ընդհանրական պայմաններին համապատասխան, պարտադիր է ծրագրի դասավանդման լեզվի պատշաճ մակարդակով իմացության գնահատման միջազգային ճանաչված կառույցի վկայականի առկայությունը:

11. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով հանրակրթության պետական չափորոշիչները, հաստատում է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման ստանդարտներն ու չափանիշները, ինչպես նաև սահմանում է քննական նյութերի ձևավորման համար պատասխանատու պետական կառույցը:

12. Լիազոր մարմինը հաստատում է արտաքին գնահատման գործընթացի կազմակերպման համար գնահատող կազմակերպությունների ընտրության պայմանները:

13. Բուհերում ընդունելությունը կազմակերպվում է կենտրոնացված թվային հարթակով, որի աշխատանքի սկզբունքները սահմանում է Լիազոր մարմինը:

14. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների հանրակրթական կամ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, կարող են բուհ ընդունվել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար Կառավարության սահմանած կարգով:

15. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով դիմորդները կարող են դիմել սովորելու մեկ և ավելի բուհերի մեկից ավելի կրթական ծրագրերով և կարող են սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով, որոնցից միայն մեկը կարող է լինել լրիվ ծանրաբեռնվածությամբ: Կարգավորվող մասնագիտություններով ուսումնառությունը կազմակերպվում է միայն լրիվ ծանրաբեռնվածությամբ։

16. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, զորահավաքային վարժանքների մասնակցելու, առողջական վիճակի պատճառով, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս պահպանվում է բուհ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձավճարի չափը (բացառությամբ տվյալ ուսումնական տարում ուսման վարձավճարի նվազման դեպքի), որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է բուհի սահմանած ժամկետներում ուսումնառության ընդհատման պատճառը վերանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

17. Բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում ընդունելության կարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը` ելնելով տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ մուտքային որակավորման պահանջներից, ինչպես նաև մասնագիտությունների կամ համապատասխան ակադեմիական մոդուլների և անհրաժեշտ կրեդիտների շրջանակից, որոնք նկարագրվում են նաև կրթական ծրագրի լիցենզավորման փաստաթղթերում:

18. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտ հանդիսացող դիմորդների (օտարերկրյա քաղաքացիների կամ օտարերկրյա ուսումնական հաստատության շրջանավարտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու) ընդունելությունը կատարվում է միջազգային շարժունության սկզբունքների հիման վրա` ընդունելության մակարդակին նախորդող մակարդակին համապատասխանող որակավորում ստանալու մասին ճանաչված դիպլոմի առկայության պարագայում` Կառավարության հաստատած կարգով:

19. Մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած և հիմնական կրթական ծրագրով մասնագետի որակավորում ստացած շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհում` Կառավարության սահմանած կարգով:

20. Բուհը ուսանողի հետ կնքում է կրթական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բուհի ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդներին:

21. Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները, ներառյալ այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի չափը, ուսումնառության ամբողջ ընթացքում չեն կարող փոփոխվել, բացառությամբ ուսման վարձի նվազեցման դեպքի: Վերականգնված ուսանողի ուսման վարձի չափը սահմանվում է տվյալ ուսումնական տարվա համար սահմանված վարձի չափով, և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:

22. Բուհի և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են տվյալ կրթական ծրագրով սովորելու տարիների տևողությունը և տվյալ բուհում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:

23. Բուհն իրավունք ունի սահմանելու ընդունելության հատուկ ընթացակարգ, որով կարող է կազմակերպել կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող այն դիմորդների ընդունելությունը, որոնք չեն կարող բավարարել սույն հոդվածի 4-րդ կետի պահանջները, այդպիսով ընդունելով իր լիցենզային տեղերի ոչ ավելի, քան հինգ տոկոսի չափով ուսանողներ:

24. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները որակյալ երիտասարդ կադրերով ապահովելու նպատակով Կառավարությունը սահմանում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը։ Նույն կարգով սահմանվում են նաև տարկետում ստանալու պայմանները, բուհերի և մասնագիտությունների ցանկը:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 22. Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները

 

1. Ուսանողը կարող է իր հայեցողությամբ ընտրել կրթական ծրագիրը, սահմանված կարգով զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական մակարդակում ընդհատել կամ շարունակել բարձրագույն կրթությունը` բուհի կանոնադրության և օրենսդրության համաձայն:

2. Ուսանողն իրավունք ունի՝

1) սովորելու իր ընտրած և ընդունված կրթական ծրագրով.

2) բուհի սահմանած կարգով և դեպքում կազմելու ուսուցման անհատական պլան` ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները կամ ակադեմիական մոդուլները՝ պահպանելով դասընթացների մուտքային պայմանները, ինչպես նաև գրանցվելու ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում.

3) առաջարկելու ավարտական աշխատանքի թեման կամ ընտրելու առաջարկվող թեմաներից.

4) անվճար օգտվելու բուհի գրադարաններից, տեղեկատվական պահոցներից և լաբորատորիաներից` ներգրավվելով հետազոտական խմբերի աշխատանքներում.

5) սահմանված կարգով ստանալու կրթության անհատական կազմակերպմանն ուղղված խորհրդատվություն բուհի կողմից սահմանված կարգով առաջարկված և ուսանողի կողմից ընտրված բուհի աշխատակցի կողմից․

6) դիմելու բուհին և սահմանված կարգով ստանալու խորհրդատվություն` կրթության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման համար․

7) օգտվելու ուսանողական կրթաթոշակ ստանալու իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

8) սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով.

9) մեկ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գտնվելու արձակուրդում.

10) ԿՓՀ-ի հետ համադրելիության ապահովման պարագայում սահմանված կարգով տեղափոխվելու այլ բուհ կամ այլ կրթական ծրագիր` ուսումնառության առանձին փուլեր կամ ուսումնառությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով (ներառյալ օտարերկրյա պետությունների բուհերում).

11) ազատորեն արտահայտելու իր մտքերն ու կարծիքը.

12) իր ուսումնառած կրթական ծրագրերից որևէ մեկի դադարեցման դեպքում Լիազոր մարմնի սահմանած կարգով շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ բուհի կրթական ծրագրով.

13) օրենքով կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված կարգով մասնակցելու բուհի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին.

14) գնահատելու բուհի ակադեմիական կազմի աշխատանքի և առաջարկվող դասընթացների որակը.

15) մասնակցելու բուհում գործող մարզական ակումբների գործունեությանը և, բուհի կանոնադրության ու օրենսդրության համաձայն, կուտակելու կրեդիտներ ուսանողական մարզական գործունեությունից.

16) նախաձեռնելու և ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու և անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, մասնակցելու կամավորական աշխատանքների.

17) պահանջելու և ստանալու խելամիտ հարմարեցումներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Ուսանողը պարտավոր է՝

1) իր կարողությունները ներդնել սովորելու և մասնագիտական առաջընթացի համար.

2) կատարել բուհի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները.

3) պահպանել բուհի սահմանած ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները:

4. Ուսանողն ունի սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև բուհի կանոնադրությամբ և ուսումնառության պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:

5. Բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել նշված իրավական ակտերով նախատեսված կարգապահական տույժեր՝ ընդհուպ բուհից հեռացնելը:

6. Ուսանողը չի կարող հեռացվել ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

7. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից և ժամկետից, իրավունք ունի բուհի սահմանած կարգով վերականգնելու ուսանողի իր կարգավիճակը, կրթական ծրագրի փոփոխությամբ պայմանավորված՝ լրացնելով նաև որոշակի կրեդիտներ: Կարգավորվող մասնագիտությունների դեպքում վերականգնվելիս կարող է սահմանվել նախկինում հանձնված քննությունների վերահանձնում կամ վերականգնվելու հնարավորության սահմանափակում:

8. Բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում ուսանողն ունի իր անհատական թվանշային տիրույթը, որի միջոցով հետևում է իր առաջընթացին, տեսնում է իր կուտակած կրեդիտները, ինչպես նաև օգտվում է իրեն հասանելիք արտոնություններից, ունենում է հասանելիություն իր փաստաթղթերին:

9. Բուհում կարող են գործել ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնց ձևավորման կարգը հաստատում է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

10. Բուհում գործում է ուսանողական ներկայացուցչական մարմին, որը ձևավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով` ընտրությունների միջոցով, ուսանողներից կամ ուսանողական ինքնակառավարման մարմիններից, և որի գործունեության շրջանակը սահմանվում է սույն օրենքով ու բուհի կանոնադրությամբ:

11. Ուսանողական ներկայացուցչական մարմինը պարտավոր է`

1) ունենալ կազմակերպական հստակ կառուցվածք.

2) ունենալ գործունեության հստակ ոլորտներ և չշեղվել ուսանողների լավագույն շահերը ներկայացնելու իր առաքելությունից.

3) ներկայացնել ուսանողական լայն համայնքը` ապահովելով ներկայացուցչականությունը և ներառականությունը.

4) ձևավորվել ժողովրդավարական սկզբունքներով` բուհի ուսանողների ընտրությամբ` ընտրողների մասնակցության առնվազն 40 տոկոսի պայմանով, այդ թվում` համապատասխան էլեկտրոնային քվեարկության գործիքների կիրառմամբ.

5) բուհի սովորողների համար ապահովել հաշվետվողականություն՝ պարբերական համաժողովների, ինչպես նաև այլ հարթակների միջոցով.

6) ապահովել աշխատանքի փոխանցելիությունը` վարելով համապատասխան գործավարություն.

7) ենթարկվել ուսանողական համակազմի` քվեարկության միջոցով կայացրած որոշումներին.

8) իր ներկայացուցիչների միջոցով բարեխղճորեն մասնակցել բուհի կառավարման մարմինների աշխատանքներին:

12. Ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը սահմանում է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

13. Արգելվում է ուսանողական մարմինների գործունեության ֆինանսավորման կամ գործունեության համար, բուհի տրամադրած միջոցներից բացի, այլ միջոցների ներգրավումը:

14. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված պարտավորությունների չկատարման հանգամանք առաջանալու պարագայում բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակվում են բուհի ուսանողական ներկայացուցչական մարմնի նոր ընտրություններ:

15. Ուսանողական ինքնակառավարման մարմինն իրավասու է բուհի կառավարման բոլոր օղակներից ստանալու տեղեկատվություն կրթության կազմակերպմանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:

16. Ուսանողները, ըստ տարբեր մարզաձևերի, կարող են ձևավորել մարզական ակումբներ և մասնակցել համապատասխան մարզաձևերի ուսանողական մրցաշարերի:

 

Հոդված 23. Բուհի և գիտական կազմակերպության աշխատողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները

 

1. Բուհի և գիտական կազմակերպության աշխատողների ընտրության, նշանակման (աշխատանքի ընդունման), առաջխաղացման և վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականությունները և դրանց առնչվող դրույթներն ամրագրվում են բուհի և գիտական կազմակերպության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ներքին այլ իրավական ակտերով՝ սույն հոդվածի ընդհանուր դրույթներին և այլ իրավական ակտերին համապատասխան` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջները:

2. Բուհում սահմանվում են ակադեմիական, իսկ գիտական կազմակերպությունում՝ գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի, ինչպես նաև ուսումնաօժանդակ, արտադրական, վարչական և այլ կազմի հաստիքներ:

3. Ակադեմիական կազմի աշխատողների տարակարգերը և պաշտոնեական նվազագույն պահանջները սահմանվում են ակադեմիական կոչումների շնորհման կարգով` Կառավարության որոշմամբ:

4. Գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողների տարակարգերը, ներառյալ պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատող տարակարգերը, սահմանվում են գիտական կադրերի ատեստավորման կարգով:

5. Հանրային հետազոտական համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպություններում գիտական կադրերն ատեստավորման արդյունքով պատվավոր առաջատար կամ պատվավոր գլխավոր գիտաշխատողի տարակարգ ստանալուց հետո ենթակա չեն ատեստավորման:

6. Ելնելով իր առանձնահատկություններից՝ բուհը կամ գիտական կազմակերպությունը կարող է սահմանել ակադեմիական կազմի այլ պաշտոններ։

7. Բուհի կանոնադրությամբ ամրագրվում են նաև ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների, ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալների), կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոնների իրավունքներն ու պարտականությունները:

8. Վարչական պաշտոն զբաղեցնող անձինք կարող են համատեղությամբ իրականացնել նաև ակադեմիական աշխատանք` իրենց մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան:

9. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը բուհում չի կարող զբաղեցնել այլ վարչական պաշտոն, բացառությամբ կառավարման խորհրդի կամ ակադեմիական խորհրդի անդամի:

10. Բուհի կանոնադրությամբ հաստատված ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավար պաշտոնների աշխատանքը համարվում է ակադեմիական աշխատանք:

11. Բուհի ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան: Նույն անձն իրավունք ունի այդ պաշտոնն զբաղեցնելու հինգ տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխության դեպքում։ Բուհի ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարի հիմնական լիազորությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ, իսկ գործառնական բնույթի լիազորությունները` տվյալ ակադեմիական միավորի կանոնադրությամբ:

12. Բուհի ընտրովի պաշտոններն են` ռեկտոր, ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ, ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավար: Գիտական կազմակերպությունում ընտրովի պաշտոն է գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնը:

13. Բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բուհի սահմանած կարգով, մրցութային եղանակով՝ երեքից հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատության ակադեմիական կազմի թափուր պաշտոնների դեպքում՝ մինչև երեք տարի ժամկետով: Ակադեմիական կազմի գործունեության արդյունքների գնահատման հիման վրա նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել հինգ տարի ժամկետով՝ առանց մրցութային ընտրության: Մրցույթի արդյունքով ակադեմիական կազմի թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում բուհի ռեկտորը կառուցվածքային միավորների կամ կրթական ծրագրի ղեկավարի առաջարկությամբ կարող է պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող անձի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով։

14. Բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական կազմի աշխատողների համար հնարավորություն է ստեղծվում բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում ունենալու անհատական թվային տիրույթ, որի միջոցով նրանք կառավարում են իրենց անհատական տվյալները, դիմում են պետական ֆինանսավորման ծրագրերի և հետևում են իրենց մասնակցությամբ ծրագրերի ընթացքին: Հանրային բուհի և հանրային գիտական կազմակերպության ակադեմիական կազմի աշխատողների համար նշված համակարգում գրանցումը պարտադիր է:

15. Բուհերը կարող են ներգրավել նաև հրավիրյալ դասախոսի կամ հետազոտողի` որոշակի սահմանված ժամկետում դասախոսություն կարդալու կամ իր մասնագիտական ոլորտում հետազոտություն իրականացնելու համար` հիմք ընդունելով տվյալ անձի՝ արտադրության կամ հետազոտության ոլորտում ձեռքբերումները:

16. Հրավիրյալ դասախոսի կամ հետազոտողի վարձատրության չափը նշված ժամանակահատվածի համար սահմանվում է բուհի համապատասխան ակադեմիական ստորաբաժանման գիտական խորհրդի երաշխավորությամբ:

17. Հանրային բուհում վարչական, ինչպես նաև ակադեմիական ղեկավար պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքով վարչական պաշտոնում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի և ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների և տեղակալների պաշտոնները) նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

18. Բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական կազմի աշխատողն իրավունք ունի՝

1) իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակում կազմելու դասընթացի կամ ակադեմիական մոդուլի բովանդակությունը, ընտրելու դասավանդման և ուսումնառության մեթոդներ, գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք իրականացնելու իր ընտրած մեթոդներով` տվյալ մակարդակում որակավորումների ազգային շրջանակով և, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակով սահմանված նկարագրերին և մասնագիտական կրթական ծրագրի բովանդակությանն ու վերջնարդյունքներին համապատասխան.

2) ընտրելու իր հետաքրքրություններին և ստեղծագործական ունակություններին համապատասխան գիտատեխնոլոգիական գործունեության ձևեր, ուղղություններ և միջոցներ.

3) գիտական համատեղ գործունեություն ծավալելու նպատակով միավորվելու այլ գիտական աշխատողների հետ և կազմակերպելու ժամանակավոր գիտական խմբեր.

4) պատճառաբանված հրաժարվելու այն հիմնարար կամ կիրառական գիտական հետազոտություններին կամ փորձարարական մշակումներին մասնակցելուց, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու, հասարակության կամ շրջակա միջավայրի վրա կամ հակասում են ակադեմիական էթիկայի չափանիշներին.

5) վարձատրվելու կամ եկամուտ ստանալու իր հեղինակած կամ իր մասնակցությամբ ստացված գիտատեխնոլոգիական կամ նորարարական գործունեության արդյունքի (մտավոր սեփականության) իրացումից.

6) մասնակցելու պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող հետազոտական մրցույթներին.

7) ազատորեն օգտագործելու, տարածելու և փոխանակելու գիտական տեղեկատվություն, տպագրելու և հրապարակելու սեփական հետազոտությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում օրենսդրությամբ նախատեսված պետական, ծառայողական, առևտրային և այլ գաղտնիք համարվող տեղեկատվություն.

8) իրականացնելու գիտական փորձաքննություն ու խորհրդատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով.

9) գիտական արդյունքները ներկայացնելու գիտական զեկուցումների, հրապարակումների ու ատենախոսությունների պաշտպանության եղանակով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով.

10) բուհի և գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու բուհի համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

11) մասնակցելու բուհի կամ գիտական կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

12) օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող այլ իրավունքներից.

13) ըստ անհրաժեշտության՝ ներգրավվելու գիտելիքի տարածմանը և հանրային հաղորդակցմանը նպաստող միջոցառումներում.

14) իրականացնելու օրենքներով չարգելված այլ գործունեություն:

19. Բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական կազմի աշխատողը պարտավոր է՝

1) իր աշխատանքում և պարտականությունների կատարման ժամանակ պահպանել ակադեմիական ազնվության և լրիվության սկզբունքը` բացառելով գրագողությունը, տվյալների կեղծումը կամ այլ ակադեմիական զեղծարարություններ և իր հնարավորությունների շրջանակում կանխել դրանց դրսևորումները.

2) պահպանել իր կողմից տրամադրվող կրթության կամ իրականացվող հետազոտության որակի բարձր մակարդակը և բարելավել այն` ապավինելով տվյալ ոլորտի լավագույն միջազգային չափանիշներին.

3) պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության կանոնադրությամբ ու ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները և բարեվարքության սկզբունքները.

4) բուհի սահմանած կարգով և ժամկետներում անցնել մասնագիտական զարգացման դասընթացներ.

5) պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության սահմանած ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները.

6) գիտատեխնոլոգիական գործունեությամբ վնաս չհասցնել մարդու կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին.

7) կրթական ծրագիր մշակելիս կամ ակադեմիական մոդուլի դասընթացը մշակելիս կամ վերանայելիս արտացոլել ժամանակակից ակադեմիական և մասնագիտական ստանդարտները.

8) ուսանողին գնահատելիս առաջնորդվել գնահատման արդար, թափանցիկ և կրթական թիրախներին համապատասխանող մեթոդներով.

9) իր (այդ թվում՝ համահեղինակած) հետազոտության արդյունքները հրապարակելիս առաջնորդվել ընթերցողների հնարավորին չափ լայն մասնագիտական շրջանակ ունեցող հեղինակավոր գիտական հարթակների ընտրության սկզբունքով.

10) իր գործունեությամբ նպաստել բուհի հեղինակության ամրապնդմանը և զարգացման ծրագրերի իրականացմանը.

11) սահմանված կարգով և պարբերականությամբ անցնել ատեստավորում` իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հավաստման նպատակով.

12) կատարել բուհի կամ գիտական կազմակերպության կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:

20. Բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական կազմի աշխատողը կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ենթակա է պարտադիր ատեստավորման. ատեստավորման պայմանները չբավարարելը հիմք է աշխատողին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

21. Գիտական կազմակերպությունում գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողների ատեստավորումն իրականացվում է հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ: Ատեստավորումը նպատակ ունի գնահատելու գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները՝ գիտական աշխատողի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու համար:

22. Բուհը և գիտական կազմակերպությունն ինքնուրույն են որոշում իրենց աշխատողի աշխատանքի վարձատրության ձևը և աշխատավարձի չափը, ինչպես նաև նյութական և այլ խրախուսանքի միջոցների տեսակները, չափերը և տրամադրման կարգը:

23. Բուհը և գիտական կազմակերպությունը ներառականությունը և մատչելիությունն ապահովում են համապատասխան կառուցվածքային միավորում ստեղծելու, պատասխանատու աշխատողի նշանակման կամ այդ ծառայության իրականացումը համապատասխան փորձ ունեցող հասարակական կազմակերպության պատվիրակման միջոցով։

 

Հոդված 24. Գիտական աշխատողի և ակադեմիական կազմի աշխատողների աշխատանքի վարձատրությունը և ակադեմիական գործունեության ստաժը

 

1. Բուհում և գիտական կազմակերպությունում ակադեմիական կազմի և գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձից, պարգևատրումներից, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից, ինչպես նաև այլ հավելավճարներից, լրավճարներից և հավելումներից: Հանրային բուհում և հանրային գիտական կազմակերպությունում ակադեմիական կազմի և գիտական ու ճարտարագիտատեխնիկական աշխատողի վարձատրության նվազագույն շեմը՝ ըստ տարակարգերի, ինչպես նաև յուրաքանչյուր տարակարգի նվազագույն պայմանները սահմանում է Կառավարությունը:

2. Ակադեմիական կազմի պաշտոնային պարտականությունների կառուցվածքը պետք է ներառի նաև գիտահետազոտական գործունեությունը՝ որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս, որի համամասնությունը դասախոսական աշխատանքի հետ որոշվում է բուհի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով և կարող է փոփոխվել համաձայնագրի հիման վրա։

3. Գիտատեխնոլոգիական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և հիմնական գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրամադրվում է ամենամսյա հավելավճար, որի տրամադրման չափը և հաշվարկման կարգը սահմանում է Կառավարությունը` գիտատեխնոլոգիական գործունեության բազային ֆինանսավորման կարգով:

4. Պետությունը հանրային բուհում կամ հանրային գիտական կազմակերպությունում գիտատեխնոլոգիական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին տասը տարում առնվազն ութ տարի Կառավարության սահմանած կարգով գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ամենամսյա դրամական վճարի տրամադրումը կատարվում է պետական բյուջեով գիտության բնագավառի գծով նախատեսվող ընդհանուր հատկացումների շրջանակում:

6. Սպայական (ռազմաուսումնական) բուհերում ակադեմիական և ղեկավար կազմի աշխատողները կարող են հանդիսանալ նաև համապատասխան գերատեսչության ծառայողներ, որոնց համար հաշվառվում է նաև նշված գերատեսչությունների ծառայության ստաժը:

 

Հոդված 25. Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում

 

1. Բուհի և գիտական կազմակերպության տարածքներում կարող են գործել մասնագիտական միավորումներ, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղեր, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային, մարզական միավորումներ կամ արհեստակցական միություններ, եթե դրանց հնարավորությունը նախատեսված է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

2. Բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը:

3. Բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսներն օգտագործելը, ինչպես նաև քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի և գիտական կազմակերպության անունից հանդես գալը։

4․ Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների խախտումը քննարկվում է սույն օրենքի և բուհերի ու գիտական կազմակերպությունների ներքին կարգապահական կանոնների համաձայն` էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակում, և կարող է հանգեցնել նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև հիմք է աշխատանքից կամ կառավարման մարմնից ազատման համար։

 

ԳԼՈՒԽ 4

 

ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ (ՍՏԵՂԾՈՒՄԸ), ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 26. Բուհի կառավարումը և կառավարման մարմինները

 

1. Բուհի կառավարման մարմիններն են`

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) ակադեմիական խորհուրդը.

3) կառավարման գործադիր մարմինը` ռեկտորը (տնօրենը, պետը):

2. Հետազոտական համալսարանների համար, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանվածներից, կառավարման մարմին է նաև կառավարման (կամ տնօրենների) խորհուրդը:

3. Բուհի կանոնադրությամբ բուհի կառուցվածքում կարող են գործել այլ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ ելնելով բուհի գործունեության առանձնահատկություններից:

4. Բուհում գործում է էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակ, որը բուհի կազմում գործող մասնակցային ընտրությունների միջոցով ձևավորվող անկախ մարմին է, որի գործառույթները սահմանվում են սույն օրենքով, էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակի կանոնադրությամբ և բուհի ներքին իրավական ակտերով:

5. Բուհում գործում է ընտրական անկախ մարմին, որը պատասխանատու է բուհում ընտրական գործընթացների կազմակերպման և դրանց ժողովրդավարական ու մասնակցային պատշաճ մակարդակով իրականացման համար, և որի ձևավորման կարգը, աշխատակարգը ու լիազորությունների շրջանակը սահմանվում են բուհի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով, որոնք պետք է երաշխավորեն ընտրական մարմնի անկախ գործունեությունը:

6. Բուհի կառավարումն իրականացվում է սույն օրենքով, «Հիմնադրամների մասին» օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով ու բուհի կանոնադրությամբ:

7. Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նշված հանգամանքի առաջացումը հիմք է բուհի նշված պաշտոններից անձի ազատման համար տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից` հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից:

 

Հոդված 27. Հանրային գիտական կազմակերպության կառավարումը և կառավարման մարմինները

 

1. Գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը․

2) գիտական խորհուրդը․

3) կառավարման գործադիր մարմինը` տնօրենը:

2. Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ է հանդիսանում հետազոտական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:

3. Գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակում է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվում է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ: Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կանոնադրությամբ:

4. Գիտական կազմակերպության գիտատեխնոլոգիական գործունեությունը համակարգում է գիտական խորհուրդը:

5. Հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների կառավարման կառուցվածքը կարգավորում է հիմնադիրը:

6. Գերատեսչական պատկանելության, ինչպես նաև բուհի կազմում չգործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունները պետք է ունենան գիտական խորհուրդ, որի ձևավորման կարգը սույն օրենքի շրջանակում սահմանվում է հիմնադիր փաստաթղթով:

7. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի Լիազոր մարմնի հաստատած, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ Լիազոր մարմնի հաստատած և դրան առնվազն համարժեք որակավորում:

8. Հանրային գիտական կազմակերպության տնօրենն իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

9. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին:

10. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակվելու և պաշտոնի նշանակված անձի լիազորությունները դադարեցնելու պայմանները համապատասխանում են սույն օրենքի 31-րդ հոդվածի 16-րդ և 17-րդ մասերի պահանջներին:

11. Հանրային գիտական կազմակերպության տնօրեն ընտրվում է սույն օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով, մրցույթի միջոցով, հինգ տարի ժամկետով, որի հետ իրավասու մարմինը կնքում է աշխատանքային պայմանագիր: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն կազմակերպությունում ընտրվել տնօրենի պաշտոնում:

12. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենի ընտրության ժամանակ դիմողների տվյալները համալսարանի հոգաբարձուների խորհուրդ են ներկայացվում գիտական կազմակերպության գիտական խորհրդի, համալսարանի ակադեմիական խորհրդի և համալսարանի գործադիր մարմնի կարծիքների հետ համատեղ:

13. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենը կազմակերպում է գիտական կազմակերպության ընթացիկ աշխատանքները: Գիտական կազմակերպության վարչական և սպասարկման աշխատանքներն իրականացնում է համալսարանը, եթե կանոնադրությամբ այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

14. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունն ունի առանձին բանկային հաշիվ կամ ենթահաշիվ և ազատ է տնօրինել պետական բյուջեով և դրամաշնորհներով կամ այլ ծրագրերով իրեն տրամադրված միջոցները` միաժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին, որի առավելագույն սահմանաչափը սահմանվում է համալսարանի կանոնադրությամբ: Ծրագրերով սահմանված լինելու դեպքում գործում է վերադիր գումարի ծրագրով սահմանված սահմանաչափը:

15. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ակադեմիական կազմի աշխատողների ընտրությունը կատարվում է մրցույթով` կազմակերպության սահմանած ընթացակարգերով` կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորությամբ, որի արդյունքները ընթացակարգային (ներառյալ էթիկական կանոնակարգերը) խախտումների բացակայության դեպքում հաստատում է համալսարանի գործադիր մարմինը:

16. Գիտական կազմակերպության կառավարման կարգը, գիտական խորհրդի ձևավորման կարգը, անդամների քանակը, աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ:

17. Գիտական կազմակերպության կանոնադրությունը հաստատվում, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող գիտական կազմակերպությունում մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունը համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է տնօրենի պաշտոնակատար՝ մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

19. Բուհի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվում է միայն այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության կամ մի քանի գերատեսչությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի խնդիրների շրջանակում: Հիմնադրման մասին որոշումը կայացվում է, եթե առկա են՝

1) հետազոտական համալսարանների գիտական կազմակերպություններում կիրառական բնույթի հետազոտություններ և մշակումներ անցկացնելու անհնարինության վերաբերյալ փաստարկված հիմնավորումներ.

2) համապատասխան գերատեսչության կամ մասնավոր հատվածի հիմնադրած գիտական կազմակերպությանը պատշաճ մակարդակով և ծանրաբեռնվածությամբ հետազոտական և մշակումների խնդիրներ առաջադրելու կարողունակություն կամ պահանջարկի վերլուծություն.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմանների վերաբերյալ Լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը:

20. Հանրային կազմակերպությունները կարող են ունենալ հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են բացառապես հիմնադրող կազմակերպության գիտական խնդիրներով, ընդ որում դրանց ստեղծումը պետք է հիմնավորված լինի հիմնադրող կազմակերպության առանձնահատկությամբ:

21. Հետազոտական համալսարանն իր գիտատեխնոլոգիական գործունեությունը կազմակերպում է իր կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններում:

 

Հոդված 28. Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը

 

1. Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը բուհի կառավարման մշտապես գործող բարձրագույն մարմինն է:

2. Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 20 անդամից:

3. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին առաջադրում է Լիազոր մարմինը` գիտության, կրթության կամ հումանիտար, արվեստների, սպորտի, գործարար միջավայրում մեծ հեղինակություն վայելող անձանցից, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներից:

4. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ ներկայացնում է բուհը` ակադեմիական կազմի ներկայացուցիչներից, ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, հնարավորին չափ ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը, և ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից` ոչ ավելի, քան հինգ անդամ:

5. Սպայական (ռազմաուսումնական) հաստատության կառավարման խորհրդի կազմի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ։

6. Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, եթե սույն օրենքով կամ «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված հիմքերով տվյալ անդամի կամ հոգաբարձուների խորհրդի լիազորությունները ավելի վաղ չեն դադարեցվում։

7. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորության ժամկետը լրանալուց առնվազն երկու ամիս առաջ բուհի ռեկտորը տեղեկացնում է տվյալ անդամին առաջադրող մարմնին, որն իր սահմանած կարգով 30 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմին է ներկայացնում նոր անդամի թեկնածությունը, որը Լիազոր մարմինը ներկայացնում է հաստատման` սույն օրենքով նախատեսված պայմաններին համապատասխանության դեպքում, կամ տասնօրյա ժամկետում վերադարձնում է բուհին վերանայման` նշելով, թե օրենքի կամ կանոնադրության որ պայմանին չի համապատասխանում առաջարկը։

8. Հոգաբարձուների խորհրդի անվանական կազմը հաստատում է հիմնադիր մարմնի ղեկավարը` Լիազոր մարմնի ներկայացմամբ:

9. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`

1) ռեկտորի ներկայացմամբ բուհի տարեկան բյուջեի ու դրա փոփոխությունների, ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների բյուջեի հաստատումը.

2) բուհի ռազմավարական ծրագրի հաստատումը, որը ներկայացնում է գործադիր մարմինը (ռեկտորը)` ակադեմիական խորհրդի դրական երաշխավորությամբ և ակադեմիական կազմի ու ուսանողության առաջարկների ամփոփաթերթով.

3) ակադեմիական խորհրդի առաջարկով կամ հաստատմամբ հիմնադրին բուհի կանոնադրության մեջ փոփոխությունների առաջարկի ներկայացումը.

4) բուհի ներքին կառուցվածքի փոփոխության առաջարկության հաստատումը` գործադիր մարմնի ներկայացմամբ, ընդ որում հետազոտական համալսարանների պարագայում գիտական կազմակերպությունների կառուցվածքի փոփոխությունը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի առաջարկով.

5) բուհի ակադեմիական միավորների փոփոխության առաջարկի հաստատումը` բուհի ակադեմիական խորհրդի որոշմամբ.

6) ակադեմիական խորհրդի դրական եզրակացությամբ ռեկտորի և գիտական կազմակերպությունների տնօրենների մրցութային ընտրության կազմակերպման ընթացակարգերի և այդ պաշտոններին հավակնողներին ներկայացվող ընտրական հավելյալ պահանջների հաստատումը.

7) ռեկտորի և գիտական կազմակերպության տնօրենի ընտրությունը, պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը` թեկնածուների վերաբերյալ ակադեմիական խորհրդի եզրակացության քննարկմամբ.

8) բուհի էթիկայի, բարեվարքության և վարվեցողության ներքին կանոնակարգի հաստատումը.

9) ռեկտորի, իսկ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում՝ դրա ղեկավարի առաջարկների հիման վրա բուհի և գիտական կազմակերպության հաստիքացուցակի հաստատումը.

10) ռեկտորի ներկայացմամբ բուհի գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը և գնահատումը՝ արդյունքները համադրելով գործող ռազմավարության հետ.

11) ֆինանսական աուդիտ իրականացնող իրավաբանական անձի ընտրության տեխնիկական բնութագրի և ընտրության արդյունքների հաստատումը.

12) բուհի կողմից կանոնադրությամբ սահմանված չափը գերազանցող խոշոր գործարքների վերաբերյալ ռեկտորի առաջարկությունների քննարկումն ու հաստատումը.

13) բուհի կրթական ծրագրերով ուսման վճարների չափի հաստատումը.

14) բուհի աշխատողների կամ ուսանողների մշակումների կամ հեղինակային իրավունքի հիման վրա և բուհի մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնադրման առաջարկների քննարկումը և դրանցում բուհի մասնակցության սահմանաչափի հաստատումը.

15) սույն օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

10. Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները` խորհրդի անդամների կազմից, բացառությամբ բուհի ակադեմիական կազմի և ուսանողության ներկայացուցիչների:

11. Հոգաբարձուների խորհուրդը կարող է ունենալ ոլորտային հանձնաժողովներ, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

12. Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝

1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2) կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ

3) կամ տվյալ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն

4) կամ տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ է

5) կամ տվյալ բուհի կառուցվածքային ստորաբաժանման կամ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպության ղեկավար է.

6) կուսակցության անդամ է կամ զբաղեցնում է հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ:

13. Նշանակումից հետո հոգաբարձուների խորհրդի անդամը հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ բուհի կանոնադրությամբ նախատեսված եղանակով ստորագրում է բուհի առաքելությանը և շահերին անվերապահորեն և իր կարողությունների ամբողջ ներուժով ծառայելու մասին հանրային հայտարարություն:

14. Հոգաբարձուների խորհուրդն ունի բուհում տեղակայված և բուհի բյուջեից վարձատրվող մինչև երեք աշխատող ունեցող քարտուղարություն, որը վարում է հոգաբարձուների խորհրդի գործավարությունը, կազմակերպում է նիստերի անցկացումը: Քարտուղարության ղեկավարը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի քարտուղարը, որին ընտրում են մինչև հինգ տարի ժամկետով՝ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ:

15. Հոգաբարձուների խորհրդի նախագահը և մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով:

16. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարեցվում է Լիազոր մարմնի միջնորդությամբ` հիմնադիր մարմնի ղեկավարի որոշմամբ`

1) երեք հաջորդական նիստերին անհարգելի չմասնակցելու կամ վերջին տասը նիստերից առնվազն հինգին չմասնակցելու պատճառով

2) կամ իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն երեք չորրորդով կայացված որոշման հիման վրա

3) կամ էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակի կողմից էթիկայի խախտումը հաստատող եզրակացության հիման վրա

4) կամ հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներից որևէ մեկը չբավարարելու պատճառով

5) «Հիմնադրամների մասին» օրենքով նախատեսված այլ դեպքերում:

17. Հոգաբարձուների խորհրդի այլ լիազորությունները, նախագահի և անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ:

18. Հոգաբարձուների խորհրդի որոշումները և արձանագրությունները հրապարակվում են բուհի պաշտոնական կայքում:

 

Հոդված 29. Բուհի ակադեմիական խորհուրդը

 

1. Ակադեմիական խորհուրդը բուհի ուսումնամեթոդական և գիտատեխնոլոգիական գործունեության կառավարման մարմինն է, որի իրավասությանն է վերապահված բուհի ուսումնամեթոդական, գիտատեխնոլոգիական և նորարարական գործունեությանն առնչվող որոշումների ընդունումը:

2. Ակադեմիական խորհուրդը ձևավորվում և գործում է հինգ տարի ժամկետով՝ սույն օրենքին և բուհի կանոնադրությանը համապատասխան:

3. Ակադեմիական խորհրդի անդամների թիվը սահմանվում է բուհի կանոնադրությամբ և ներառում է ներկայացուցիչներ ակադեմիական միավորներից:

4. Ակադեմիական խորհրդի ի պաշտոնե անդամներ են հանդիսանում ռեկտորը, ինչպես նաև ակադեմիական գծով պրոռեկտորները և կանոնադրությամբ նախատեսված այլ ի պաշտոնե անդամներ, որոնք պետք է կազմեն ոչ ավելի, քան ակադեմիական խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը:

5. Բուհի ակադեմիական խորհրդի նիստերը նախագահում է բուհի ռեկտորը, եթե այլ բան նախատեսված չէ բուհի կանոնադրությամբ:

6. Ակադեմիական խորհրդի կազմի ընդհանուր թվում պետք է՝

1) ոչ պակաս, քան 40 տոկոսը կազմեն բուհի ակադեմիական կազմի ավագ պաշտոններ զբաղեցնող հիմնական աշխատող հանդիսացող ներկայացուցիչները, այդ թվում՝ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները.

2) ոչ պակաս, քան 30 տոկոսը կազմեն միջին ակադեմիական կազմի հիմնական աշխատող հանդիսացող ներկայացուցիչները.

3) ոչ ավելի, քան 10 տոկոսը կազմեն ուսանողական համակազմի բարձր առաջադիմություն ունեցող ներկայացուցիչները:

Պաշտոնների ցանկը և դրանց ներկայացվող պահանջները սահմանվում են ակադեմիական խորհրդի ձևավորման կարգով, որը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:

7. Բուհի ակադեմիական խորհրդի իրավասություններն են`

1) կրթական գործընթացի կազմակերպման հարցերի վերաբերյալ ընդհանուր որոշումների կայացումը․

2) կրթական ծրագրերի հաստատումը, դրանց ֆինանսավորման վերաբերյալ ռեկտորին առաջարկության ներկայացումը․

3) որակի ներքին ապահովման քաղաքականության և ընթացակարգերի հաստատումը և դրա իրականացման վերահսկողությունը․

4) ակադեմիական կազմի որակավորման ներքին պահանջների հաստատումը և պաշտոնների համալրման մրցութային ընթացակարգերի պահանջների հաստատումը․

5) հետազոտական համալսարանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների կամ մշակումների որակի և մակարդակի քննարկումը` որակի ներքին ապահովման և կազմակերպությունների տնօրենների զեկույցների հիման վրա, և առաջարկությունների ներկայացումը ռեկտորին ու հոգաբարձուների խորհուրդ․

6) կրթական ծրագրերի որակի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը ռեկտորին․

7) բուհի ակադեմիական ավելի ընդլայնված կազմի ներգրավմամբ գիտաժողովների կամ քննարկումների կազմակերպումը` բուհին առնչվող ավելի լայն հարցերի քննարկման համար․

8) ակադեմիական կազմի պատվավոր կոչումների շնորհումը` օրենսդրությամբ և բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով․

9) բուհի ռազմավարության վերաբերյալ կարծիք և առաջարկություններ հոգաբարձուների խորհուրդ ներկայացնելը․

10) բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների ներկայացումը հոգաբարձուների խորհուրդ․

11) ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուների համապատասխանության վերաբերյալ կարծիքի ներկայացումը հոգաբարձուների խորհուրդ․

12) բուհի կողմից մատուցվող բարձրագույն կրթության որակավորում չշնորհող կրթական ծրագրերի հաստատումը․

13) օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

8. Ակադեմիական խորհրդի որոշումները հասանելի են բուհի ակադեմիական կազմին և տեղադրվում են բուհի պաշտոնական կայքում` համապատասխան հասանելիությամբ:

9. Ակադեմիական խորհրդի աշխատակարգը հաստատում է ակադեմիական խորհուրդը:

 

Հոդված 30. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը

 

1. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտատեխնոլոգիական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

2. Գիտական խորհուրդը ձևավորվում և գործում է հինգ տարի ժամկետով՝ սույն օրենքին և գիտական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:

3. Գիտական խորհրդի անդամների թիվը սահմանվում է գիտական կազմակերպության կանոնադրությամբ:

4. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տվյալ կազմակերպության գիտական ստորաբաժանումների ղեկավարները, գիտական կազմակերպության գիտական աշխատողների ընտրած գիտական կազմի առաջատար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչներն ու գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ներկայացուցիչները, այդ թվում՝ այլ կազմակերպություններից:

5. Օրենքով և կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը իրավասու է`

1) ներկայացնելու առաջարկություն գիտական կազմակերպության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ.

2) հաստատելու գիտատեխնոլոգիական գործունեությանն առնչվող ներքին փաստաթղթերը.

3) հսկողություն իրականացնելու գիտական կազմակերպությունում կատարվող հետազոտությունների և մշակումների մակարդակի ու որակի նկատմամբ.

4) հաստատելու տնօրենի տարեկան զեկույցը.

5) հաստատելու գիտական կազմակերպության զարգացման ռազմավարությունը, որը հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում պետք է ներդաշնակ լինի համալսարանի ընդհանուր ռազմավարությանը:

 

Հոդված 31. Հանրային բուհի ռեկտորը

 

1. Հանրային բուհի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը:

2. Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն տասը տարվա ակադեմիական կամ գիտատեխնոլոգիական գործունեության փորձ, որից առնվազն հինգը կրթության կամ գիտության ոլորտում՝ ղեկավար պաշտոնում։ Ռեկտորի թեկնածուին ներկայացվող լրացուցիչ պահանջները, ինչպես նաև ընտրության պայմանները սահմանվում են բուհի կանոնադրությամբ:

3. Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն բուհում ընտրվել ռեկտորի պաշտոնում, այդ թվում՝ բուհի վերակազմավորման կամ կազմակերպական-իրավական ձևի փոփոխության դեպքում։

4. Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է միջազգային մրցույթի միջոցով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով և խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Հանրային բուհի ռեկտորը պետք է ունենա Լիազոր մարմնի հաստատած, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների կրթական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ Լիազոր մարմնի հաստատած և դրան համարժեք որակավորում:

6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

7. Հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրն ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը` օրենսդրությամբ սահմանված կարգով, հիմնադրի կողմից ընտրության արդյունքները հաստատվելուց հետո:

8. Ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով հայտարարվում է ռեկտորի ընտրություն` բաց միջազգային մրցույթի միջոցով: Նոր ռեկտորն ստանձնում է իր պարտականությունների կատարումը բուհի գործող ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտի օրը:

9. Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց միջազգային մրցույթ համապատասխան հիմքը առաջանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ մրցույթի տևողությունը սահմանելով ոչ պակաս, քան վեց ամիս: Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում մինչև սույն օրենքով և բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը ռեկտորի պարտականությունների կատարումը բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դրվում է պրոռեկտորներից մեկի վրա:

10. Ռեկտորի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, բուհի կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով։

11. Սպայական բուհի պետի (համապատասխան հանրային բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի) պաշտոնը զինվորական պաշտոն է, որի նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով:

12. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպվող բուհում մինչև հոգաբարձուների խորհրդի ձևավորումը բուհի հիմնադիրը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտորի պաշտոնակատար, որը պետք է բավարարի սույն հոդվածով ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջները:

13. Ռեկտորի լիազորություններն են`

1) բուհի ընթացիկ կառավարումը և բուհը ներկայացնելը.

2) հրամանների արձակումը.

3) աշխատողների հետ պայմանագրերի կնքումը, այդ թվում` ակադեմիական միավորների ղեկավարների ներկայացմամբ.

4) ուսանողների ընդունումն ու ազատումը՝ բուհի կանոնադրության և օրենսդրության համաձայն.

5) կրթական ծրագրերի վճարների մասին առաջարկության ներկայացումը հոգաբարձուների խորհուրդ.

6) բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնելը հոգաբարձուների խորհուրդ և ակադեմիական կազմին.

7) ռազմավարական ծրագրի ներկայացումը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը.

8) հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենի հետ պայմանագրի կնքումը:

14. Ռեկտորը պատասխանատու է բուհի ֆինանսական գործունեության և պատշաճ կառավարման համար, ինչպես նաև ֆոնդերի և այլ գույքի համար:

15. Ռեկտորի հետ պայմանագիրը լուծվում է հոգաբարձուների խորհրդի ընդհանուր թվի երկու երրորդի կողմից ռեկտորի հաշվետվությունը չընդունվելու կամ ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ անհամապատասխանություն առաջանալու դեպքում:

16. Ռեկտորի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) որին, օրենքի համաձայն, արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3) որը նախընթաց երեք տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

17. Ընտրության արդյունքով ռեկտորի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե`

1) անձը դիմել է դրա համար.

2) լրացել է նրա 65 տարին.

3) անձը իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.

6) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված հանգամանքները.

7) նա իր գործառույթներն իրականացնելիս բուհին իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է բուհի կամ գիտական կազմակերպության տարեկան բյուջեի հինգ տոկոսը.

8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.

11) առաջացել է սույն օրենքով նախատեսված այլ հանգամանք:

 

Հոդված 32․ Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը

 

1. Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը կառավարման կոլեգիալ մարմին է, որի կազմում ընդգրկվում են համալսարանի ռեկտորը, ակադեմիական գործունեության համար պատասխանատու պրոռեկտորները և համալսարանի կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների և ֆակուլտետների ղեկավարները:

2. Կառավարման խորհրդի նախագահը ի պաշտոնե հետազոտական համալսարանի ռեկտորն է:

3. Կառավարման խորհուրդը քննարկում է համալսարանի ընդհանուր կառավարման խնդիրները տարբեր ակադեմիական միավորների ընթացիկ կառավարման համաչափության ապահովման և խնդիրների վաղաժամ բացահայտման ու լուծման նպատակով:

4. Կառավարման խորհրդի լիազորությունների շրջանակը սահմանվում է հետազոտական համալսարանի կանոնադրությամբ, իսկ աշխատակարգը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը` ռեկտորի առաջարկությամբ:

 

Հոդված 33․ Էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակը

 

1. Յուրաքանչյուր լիցենզավորված բուհ իր կառուցվածքում պետք է ունենա էթիկայի և իրավունքի պաշտպանության գրասենյակ (այսուհետ` Էթիկայի գրասենյակ), որը պետք է ստանա, գնահատի և առաջարկի լուծումներ ուսանողների, ակադեմիական կազմի և աշխատակազմի բողոքների դեպքում, որոնք վերաբերում են ակադեմիական, գործառնական, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող հարցերին:

2. Էթիկայի գրասենյակի աշխատանքը հիմնված է անկողմնակալության, արդարության և իրավազորության սկզբունքների վրա:

3. Էթիկայի գրասենյակի քննարկման ենթակա հարցերից են`

1) ակադեմիական խնդիրները, որոնք վերաբերում են գնահատման վեճերին, դասավանդման, դասապրոցեսի անցկացման կամ կրթության գործընթացի կազմակերպման հետ կապված այլ հարցերի․

2) վարչարարական խնդիրները, ներառյալ ընդունելությունը, ֆինանսական աջակցությունը կամ բուհական այլ ծառայություններ․

3) էթիկական խնդիրները, ներառյալ ակադեմիական էթիկայի հարցերը, խտրականության դրսևորումները, ոտնձգությունները կամ իրավունքի անտեսումը.

4) ենթակառուցվածքների կամ գույքային պայմանների խնդիրները, որոնք խոչընդոտում են անձնական հարմարավետությունը կամ կրթական գործընթացը.

5) կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր:

4. Դիմումները էթիկայի գրասենյակ են ներկայացվում գրավոր, էլեկտրոնային եղանակով կամ բուհի կողմից վարվող այլ ուղիներով` անվանական կամ անանուն` պայմանով, որ դրանք պարունակում են բավարար հիմնավորումներ, որոնք գրասենյակը քննարկում է կանոնադրությամբ սահմանված ժամկետներում և որոշում է համապատասխան գործողության տեսակը:

5. Էթիկայի գրասենյակի գործառույթներն են`

1) ապահովել քննարկվող հարցի անկողմնակալ լուծումը` համաձայն բուհի կանոնադրության և ընթացակարգերի.

2) անհրաժեշտության դեպքում քննարկվող հարցին լուծում տվող մարմնի կողմից այն չլուծվելու դեպքում դիմել վերադաս իրավասու բուհական մարմիններ, կամ իրավիճակից կախված` առաջարկել դիմումատուին դիմել օրենքներով սահմանված այլ պատասխանատու մարմիններ.

3) աշխատողին կամ ուսանողին տալ խորհրդատվություն ակադեմիական էթիկայի տեսանկյունից խնդրահարույց հետազոտության կամ մշակումների աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ.

4) տեղեկացնել բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կամ բուհին` գիտական աստիճանի շնորհման կամ պաշտոնին նշանակելու որոշումը չեղարկելու անհրաժեշտության մասին` աստիճանի շնորհման գործընթացի ժամանակ էթիկայի նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում.

5) բուհի սահմանած այլ գործառույթներ:

6. Էթիկայի գրասենյակին հասցեագրված բոլոր բողոքները պետք է քննվեն անանունության սկզբունքի խիստ պահպանմամբ` ներգրավված բոլոր կողմերի իրավունքներն ու գաղտնիությունը ապահովելու նպատակով:

7. Կողմնապահությունը բողոքների քննարկման ժամանակ արգելվում է և կարող է հանգեցնել կանոնադրությամբ սահմանված կարգապահական տույժերի:

8. Բուհը էթիկայի գրասենյակի միջոցով պարտավոր է վարել բողոքների ներքին գրանցամատյան` ապահովելով դրա գաղտնիությունը և համապատասխանությունը տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրությանը:

9. Յուրաքանչյուր տարի բարձրագույն կրթության և գիտության կառավարման միասնական հարթակում բուհը տեղադրում է բողոքների և դրանց տրված լուծումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի ձևաչափը հաստատում է Լիազոր մարմինը:

10. Որակի արտաքին ապահովման մշտադիտարկման շրջանակում Մասնագիտացված կառույցը կարող է իրականացնել էթիկայի գրասենյակի աշխատանքի կազմակերպման արդյունավետության ստուգումներ:

11. Էթիկայի գրասենյակի աշխատանքի անհամապատասխանությունը հավատարմագրման կարգով սահմանված չափանիշներին և դրա վերաբերյալ նախազգուշացումից հետո խնդիրը չլուծելը կարող են հանգեցնել բուհի հավատարմագրումից զրկվելու:

12. Բողոք ներկայացնող անձինք կարող են էթիկայի գրասենյակի որոշումները բողոքարկել բուհի հոգաբարձուների խորհրդում:

13. Էթիկայի գրասենյակի կառուցվածքը, բյուջեն, ձևավորման և կառավարման կարգը, ինչպես նաև լիազորությունների և գործառույթների իրականացման ընթացակարգերը սահմանող ներքին իրավական ակտերը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:

14. Էթիկայի գրասենյակի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն է:

15. Էթիկայի գրասենյակի կառուցվածքը, տրամադրվող բյուջեն և ներքին իրավական ակտերը պետք է նպաստեն էթիկայի կոմիտեի անխափան աշխատանքին:

 

Հոդված 34. Բուհի և գիտական կազմակերպության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը

 

1. Բուհը և գիտական կազմակերպությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բուհը և գիտական կազմակերպությունն ստեղծվում են հիմնադրի որոշմամբ:

3. Բուհը կարող է իր գործունեությունը ծավալել միայն լիցենզավորումից հետո:

4. Բուհի կանոնադրության մեջ փոփոխություն կարող է անել միայն հիմնադիրը:

5. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող հանրային գիտական կազմակերպությունը հիմնադրվում է համալսարանի հետ միաժամանակ` Կառավարության որոշմամբ` որպես հետազոտական համալսարանի հիմնարկ, որի կանոնադրությունը հաստատվում է հետազոտական համալսարանի կանոնադրության հետ միաժամանակ:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 35. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Կառավարության լիազորությունները

 

1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Կառավարությունը՝

1) ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է հանրային բուհն ու հանրային գիտական կազմակերպությունը և հաստատում դրանց կանոնադրությունները.

2) հաստատում է բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների ցանկերը, ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը, դրանց ուսուցման ձևերը և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերը` ապահովելով միջազգային համադրելիությունը.

3) հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգը, ներառյալ բուհի լիցենզավորման պայմաններն ու պահանջները և լիցենզիայի դադարեցման հիմքերը.

4) հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը, ներառյալ լիցենզավորման պայմաններն ու պահանջները և լիցենզիայի դադարեցման հիմքերը.

5) հաստատում է բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգը, որը ներառում է հավատարմագրման համար պահանջվող նվազագույն չափանիշները և պայմանները, ինչպես նաև միջազգային հավատարմագրող հեղինակավոր կազմակերպությունների ընտրության չափանիշները.

6) հաստատում է որակավորումների ազգային շրջանակը, ներառյալ դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական նկարագրիչները.

7) հաստատում է կարգավորվող մասնագիտությունների ցանկը և դրանցով ուսումնառության կարգը, ներառյալ դրանց ուղղությամբ հետավարտական ուսումնառությանը (կլինիկական ռեզիդենտուրա կամ այլ ուսումնառության տեսակներ), ընդունելությանը և ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, կրթական ծրագրերին ներկայացվող նվազագույն պայմաններն ու պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուղղությունների վերջնարդյունքները և հավաստագրերին ներկայացվող պահանջներն ու օրենքով նախատեսված այլ կարգավորումներ.

8) սահմանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ուսման վարձի առավելագույն չափը` ըստ մասնագիտությունների և որակավորումների.

9) հաստատում է հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման կարգը, ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշները.

10) հաստատում է պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը, ներառյալ կրթաթոշակների տարատեսակները, պահանջներն ու չափանիշները, թիրախային խմբերը, այդ թվում` միջպետական պայմանագրերով սովորող կամ որոշակի ձեռքբերումներ ունեցող օտարերկրյա ուսանողներին.

11) հաստատում է Ակադեմիայի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ կատարելով փոփոխություններ և լրացումներ.

12) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գերակա ուղղությունները և միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը.

13) հաստատում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների արդյունավետության բարձրացմանն ուղղված, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.

14) հաստատում է գիտատեխնոլոգիական գործունեության բազային, թիրախային և դրամաշնորհային ֆինանսավորման կարգերը, որոնք ներառում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական փորձաքննության կարգը, յուրաքանչյուր ֆինանսավորման ձևով կատարողականի գնահատման մեխանիզմները, իսկ բազային ֆինանսավորման պարագայում՝ նաև արտաքին գնահատման հանձնաժողովի ձևավորման կարգը, գիտական կազմակերպությունների կառուցվածքին ներկայացվող չափանիշները, կազմակերպությունների գործունեության արդյունքային ցուցանիշները, գիտական կազմակերպությունների տարակարգման չափանիշները, ինչպես նաև գիտատեխնոլոգիական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված, աշխատաժամանակի նորմալ տևողությամբ և գիտական կազմակերպության հիմնական աշխատող հանդիսացող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը.

15) հաստատում է հանրային բուհերին տրամադրվող բազային և թիրախային ֆինանսավորման ձևերը և կարգերը, ներառյալ կատարողականի ցուցանիշների ձևավորման սկզբունքները և ֆինանսավորման կարգավորման կատարողականի վրա հիմնված մեխանիզմները.

16) հաստատում է հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառի զարգացման ռազմավարությունը.

17) հաստատում է պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշները և ատեստավորման կարգը.

18) հաստատում է գիտական աստիճան ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, դրամական վճարի տրամադրման կարգը և չափանիշները.

19) հաստատում է բարձրագույն կրթության կազմակերպման մասին Կառավարության որոշումը, որով սահմանվում են բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակներում բոլոր ձևերով իրականացվող կրթական ծրագրերի ուսուցման և ակադեմիական արձակուրդի տևողությունների ուղղորդիչները, լրիվ և մասնակի բեռնվածությամբ և հեռավար ուսումնառության կազմակերպման սկզբունքներն ու ուղղորդիչները, բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության ընդհանրական պայմանները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության կամ օտարերկրյա ուսումնական հաստատություններից տեղափոխության կարգը, սովորողների ակադեմիական շարժունության կարգը, ուսանողի ուսումնառության ընդհատման և ուսանողական իրավունքների վերականգնման սկզբունքները, բուհերի և կրթական ծրագրերի միջև տեղափոխման կարգը և սահմանափակումները, որակավորումները հավաստող դիպլոմների և հավելվածների ձևերը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ կարգավորումներ.

20) հաստատում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման կարգը, ներառյալ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը.

21) հաստատում է ակադեմիական կոչումների շնորհման կարգը, ներառյալ դրանց ներկայացվող նվազագույն պահանջները և ակադեմիական կոչումների շնորհման ընթացակարգը.

22) հաստատում է հանրային հետազոտական համալսարանի կառուցվածքում գործող հանրային գիտական կազմակերպությունների ցանկը.

23) ստեղծում է բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցը, որն ունի հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև և հաստատում է դրա կանոնադրությունը․

24) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 36. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմինը՝

1) մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականությունը և համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, վերահսկում դրանց իրականացումը.

2) հաստատում է ԿՓՀ մեթոդաբանությունը, ներդրման և գործարկման կարգը.

3) հաստատում է կրթական ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրված ծրագրով) ցանկը՝ ըստ բարձրագույն կրթության մասնագիտությունների.

4) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակները.

5) հաստատում է բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումների գնահատման և ճանաչման կարգը.

6) բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպմանն աջակցելու նպատակով հաստատում է խորհրդատվական բնույթի մեթոդաբանություններ, ուղեցույցներ, օրինակելի կարգեր, այդ թվում` ակադեմիական բարեվարքության օրինակելի կանոնակարգը.

7) հաստատում է հանրային բուհի գործունեության կատարողականի ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը.

8) հաստատում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման պետական գրանցամատյանի վարման կարգը․

9) հաստատում է որակավորումների պետական գրանցամատյանի վարման կարգը.

10) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը.

11) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը.

12) հաստատում է գիտատեխնոլոգիական գործունեության բազային, գիտական դրամաշնորհային և թիրախային ֆինանսավորման ձևերով իրականացվող ծրագրերի հրավերների փաթեթները, որոնք նկարագրում են համապատասխան ընթացակարգերը, փորձաքննության ձևերը, ընթացակարգերը և դրանց արդյունքով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.

13) հաստատում է գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի համապետական ատեստավորման ընթացակարգը.

14) հաստատում է կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կրթական ծրագրերը` տվյալ մասնագիտական գործունեության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ.

15) հաստատում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձևերին համապատասխան ընթացակարգերը և դրանցով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.

16) հաստատում է գիտության և բարձրագույն կրթության ոլորտների կառավարիչների վերապատրաստման, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող ակադեմիական մոդուլի ծրագիրը և դրան համարժեք որակավորումների ցանկը և դրանք շնորհող բուհերին ներկայացվող պահանջները.

17) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող գիտական պարբերականներին ներկայացվող նվազագույն չափանիշները.

18) կազմակերպում է ոլորտների բյուջետավորման և պետական բյուջետային ֆինանսավորման գործընթացները.

19) հաստատում է ակադեմիական էթիկայի, ներառյալ ակադեմիական ազնվության և վարվեցողության սկզբունքները.

20) հաստատում է բուհի լիցենզիայի կամ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսումնառության շարունակման կարգը.

21) հաստատում է հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման ծրագրերի հրավերների փաթեթները, ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա գնահատման կարգը և դրանց արդյունքով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.

22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 37. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լիազորությունները

 

1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝

1) մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.

2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.

3) հաստատում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգի նկարագիրը և վարման կարգը, դրա միջոցով իրականացնում է ոլորտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության հավաքում, վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.

4) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի մասնագիտություններին համապատասխան՝ հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների կազմը` համաձայն գիտական աստիճանի շնորհման կարգի.

5) հաստատում և համապատասխան դիպլոմով ամրագրում է գիտական աստիճանը` հիմք ընդունելով մասնագիտական խորհրդի որոշումը և որակավորման գործի ուսումնասիրությունը.

6) հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների աշխատանքի կանոնակարգը.

7) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է ակադեմիական կոչումները` հիմք ընդունելով բուհերի գիտական խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.

8) աջակցում է գիտական արդյունքի առևտրայնացմանն ու գործնական կիրառություններին և նորարարական գործունեության իրականացմանը.

9) կազմակերպում է գիտության հանրայնացման դրամաշնորհային ծրագրեր, հաստատում է դրանց հրավերները, փորձաքննության ձևերն ու ամփոփում արդյունքները.

10) կազմակերպում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձևերին համապատասխան գործընթացները և իրականացնում է երաշխավորված ծրագրերի ֆինանսավորումը.

11) իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի մշտադիտարկում և գնահատում.

12) կազմակերպում է որակավորումների պետական գրանցամատյանի և կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի աշխատանքը.

13) համապատասխան մարմինների հետ իրականացնում է աշխատաշուկայի վերլուծություն և ներկայացնում առաջարկություններ բարձրագույն ուսումնական հաստատություններում ըստ մասնագիտությունների կրթաթոշակային տեղերի բաշխման վերաբերյալ.

14) բազային ֆինանսավորման միջոցառման շրջանակում կազմակերպում է գիտության ոլորտի ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը միտված, ինչպես նաև գիտական արդյունքի առևտրայնացման, տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման, նորարարական գործունեության աջակցության ու գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության ծրագրեր, հաստատում է ծրագրերի հրավերների փաթեթները, ներառյալ գնահատման մեթոդաբանությունը և ֆինանսավորման երաշխավորված միջոցառումների ցանկը.

15) կազմակերպում է գիտատեխնոլոգիական գործունեության բազային, գիտական դրամաշնորհային և թիրախային ֆինանսավորման ձևերը, ինչպես նաև ոլորտի պետական այլ ֆինանսավորման գործընթացները.

16) մշակում և հաստատում է պետական բյուջեից գիտատեխնոլոգիական գործունեության ֆինանսավորման շրջանակում բազային, գիտական դրամաշնորհային և թիրախային ծրագրերի մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը և կազմակերպում դրանց իրականացումը.

17) մշակում և հաստատում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետային ֆինանսավորման հայտերի, պայմանագրերի, համաձայնագրերի և հաշվետվությունների ձևերը.

18) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մշակում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ձևաչափերը, ըստ դրանց՝ հավաքում է համապատասխան տեղեկություններ և ստացված տվյալների հիման վրա սահմանված կարգով վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ.

19) իր լիազորությունների շրջանակում համապատասխան պետական մարմինների հետ կազմակերպում է ռազմատեխնիկական և այլ ծրագրերի գիտական փորձաքննությունը կամ մասնակցում է դրանց, ինչպես նաև սահմանված կարգով մասնակցում է ծրագրերի իրականացման մշտադիտարկման (մոնիտորինգի) աշխատանքներին.

20) հավաքում է բուհական և գիտատեխնոլոգիական գործունեության արդյունքների վերաբերյալ տվյալներ, իրականացնում է գիտաչափական և այլ տեսակի վերլուծություններ, ձևավորում և վարում է հաշվառման համակարգը, որը հիմնվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգի վրա.

21) իր իրավասության սահմանում իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետային գործընթացը, այդ թվում` բյուջետային հայտի մշակման և բուհերի ու գիտական կազմակերպությունների ֆինանսավորման աշխատանքները.

22) իրականացնում է գիտական աստիճանի շնորհման կարգով նախատեսված գործառույթները.

23) իր իրավասության շրջանակում համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.

24) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունները, ինչպես նաև իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող է ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, մասնագիտական և խորհրդակցական մարմիններ` հաստատելով դրանց աշխատակարգը և անվանական կազմը։

 

ԳԼՈՒԽ 6

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 38. Բուհի և գիտական կազմակերպության գործունեության նյութատեխնիկական հիմքերը

 

1. Հանրային բուհի և հանրային գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով բուհին կամ գիտական կազմակերպությանը սեփականության կամ անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով կարող է (են) տրամադրել շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:

2. Բուհին և գիտական կազմակերպությանն անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով տրված գույքը չի կարող լինել գրավի առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել կամ հանձնվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց որպես սեփականություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3. Բուհը և գիտական կազմակերպությունը սեփականության իրավունք ունեն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բուհին նվիրատվության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, բուհի և գիտական կազմակերպության գործունեության արդյունք համարվող մտավոր ու ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները բուհերին և գիտական կազմակերպություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ և հողամասեր ու այլ գույք:

5. Հանրային բուհերը և հանրային գիտական կազմակերպությունները հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթի առնվազն 10 տոկոսը ուղղում են անձեռնմխելի կապիտալի համալրմանը:

6. Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բուհի կամ գիտական կազմակերպության անձեռնմխելի կապիտալի գումարները կարող են ներդրվել պետական պարտատոմսերում կամ առևտրային բանկերում որպես ավանդ կամ համապատասխան ներդրումային ռազմավարության դեպքում` այլ տեղերում: Ներդրումներից ստացված եկամուտը բուհը կարող է օգտագործել իր ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման կամ կանոնադրական նպատակների համար:

7. Հանրային բուհերի ձևավորած անձեռնմխելի կապիտալի համալրմանը կարող է մասնակցություն ունենալ նաև պետությունը:

8. Հանրային բուհը և հանրային գիտական կազմակերպությունն իրավունք ունեն իրենց ամրացված կամ սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքները կամ գույքը հանձնելու վարձակալության կրթական, հրատարակչական, գիտատեխնոլոգիական գործունեություն ծավալող, ինչպես նաև բուհին կամ գիտական կազմակերպությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Տրամադրված տարածքները վարձակալության հանձնելուց ստացված վճարները բուհի կամ գիտական կազմակերպության սեփականությունն են: Վարձակալության տրամադրվող տարածքների սահմանաչափերը հաստատվում են բուհական գործունեության կազմակերպման մասին Կառավարության որոշմամբ:

 

Հոդված 39. Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ֆինանսավորումը

 

1. Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը.

2) այլ աղբյուրներից ստացված դրամաշնորհները.

3) վճարովի ուսուցման ծառայություններից ստացված եկամուտները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) գիտական արդյունքի ներդրումից և իրացումից գոյացած միջոցները.

6) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` հանգանակությունների միջոցով ձևավորված․

7) այլ պետություններից ստացված ֆինանսավորումը.

8) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:

2. Բուհերը պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետևյալ ձևերով.

1) ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին ենթակառուցվածքների պահպանման և զարգացման, ինչպես նաև ակադեմիական կազմի աշխատավարձերի սահմանված սանդղակով վարձատրությունը կազմակերպելու նպատակով՝ անկախ բուհին տրամադրվող պետական կրթաթոշակների թվից: Ինստիտուցիոնալ ֆինանսավորման հիմքը բուհի գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշներն են.

2) կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով փոխհատուցում այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման համար Կառավարության սահմանած պահանջները և չափանիշները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր.

3) դրամաշնորհային ֆինանսավորում, որը տրամադրվում է բուհի զարգացմանն ուղղված նորարարական ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով.

4) թիրախային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում։

3. Պետական բյուջեից կրթաթոշակ կարող է տրամադրվել միայն հավատարմագրված կրթական ծրագրերի շրջանակում բարձրագույն կրթություն ստացող ուսանողներին:

4. Գիտատեխնոլոգիական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձևերն են՝ բազային, թիրախային և գիտական դրամաշնորհային.

1) բազային ֆինանսավորումը հատկացվում է հանրային գիտական կազմակերպություններին` գիտատեխնոլոգիական գործունեության իրականացման, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման և գիտական կադրերի պատրաստման նպատակներով: Գիտական կազմակերպությունների պետական նշանակություն ներկայացնող ենթակառուցվածքների, ինչպես նաև ոլորտում առանձին ծրագրերի իրականացման համար պետության ստեղծած կազմակերպությունների պահպանման ու զարգացման համար կարող են տրամադրվել առանձին հատկացումներ` բազային ֆինանսավորման շրջանակում․

2) թիրախային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով և հատկացվում է գիտական կազմակերպություններին` հետազոտությունների և մշակումների ոլորտում զարգացման գերակա ուղղություններին համապատասխանող համալիր ծրագրերի և պետական կարիքներից բխող հետազոտական ծրագրերի իրականացման նպատակով.

3) գիտական դրամաշնորհային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով և հատկացվում է գիտական աշխատողներին կամ գիտական խմբերին` նրանց նախաձեռնությամբ ներկայացված հետազոտական նախագծերի, ինչպես նաև գիտության ոլորտի զարգացմանը միտված այլ ծրագրերի իրականացման նպատակով:

5. Գիտատեխնոլոգիական գործունեության բազային ֆինանսավորումը կատարվում է հետևյալ ձևերով.

1) ենթակառուցվածքների պահպանման համար հատկացվող ֆինանսավորում, որը տրամադրվում է միայն հանրային գիտական կազմակերպությանը` իր ֆիզիկական ենթակառուցվածքների, ներառյալ գիտական սարքավորումների ընթացիկ պահպանումն իրականացնելու նպատակով և կարող է վերանայվել գույքային փոփոխությունների պարագայում.

2) հիմնարար և կիրառական հետազոտությունների, ինչպես նաև փորձարարական մշակումների իրականացման համար ֆինանսավորում, որը տրամադրվում է գիտական փորձաքննության հիման վրա` մինչև հինգ տարի ժամկետով` հաշվի առնելով կատարողականի արտաքին գնահատման և Ակադեմիայի եզրակացությունները, ինչպես նաև համապետական ատեստավորման արդյունքները.

3) պետական նշանակություն ներկայացնող ենթակառուցվածքների պահպանման համար հատկացվող ֆինանսավորում, որը տրամադրվում է գիտական կազմակերպությունների այն ենթակառուցվածքների պահպանման և զարգացման համար, որոնք, բացի գիտական նշանակությունից, ունեն նաև պետական նշանակություն.

4) գիտական կադրերի պատրաստմանն ուղղված ֆինանսավորում, որը հատկացվում է մրցութային հիմունքներով` գիտական կազմակերպության աշխատողների գիտական շարժունության ծրագրերի իրականացման և երիտասարդ կադրերի ներգրավման համար.

5) բազային ֆինանսավորման շրջանակներում ֆինանսավորում, որը կարող է տրամադրվել նաև այլ կազմակերպությունների` գիտության հանրայնացման, հետազոտության ոլորտին աջակցող գործունեության, միջազգային կառույցներին` որպես անդամության վճարների և ոլորտի զարգացմանը միտված այլ ծրագրերի իրականացման համար:

6. Գիտատեխնոլոգիական գործունեության դրամաշնորհային և թիրախային եղանակով պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվում է գիտական փորձաքննության հիման վրա` մինչև հինգ տարի ժամկետով, մրցութային եղանակով` հայտերի հիման վրա:

7. Գիտատեխնոլոգիական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակում մեկ ամսից ավելի տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցութային ծրագրերի պայմաններով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ձևերով պետական ֆինանսավորումը տրամադրվում է որպես դրամաշնորհ` անհատույց և անվերադարձ:

9. Մրցութային եղանակով ֆինանսավորման կազմակերպման ժամանակ գիտական փորձաքննության ձևերը և դրանց համադրությունները, ելնելով մրցույթի նպատակներից, սահմանվում են մրցույթի հրավերով:

10. Կառավարության կողմից կարող են հաստատվել նաև առանձին հատկացումներ կարևորագույն նշանակության հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար` Կառավարության հաստատած ծրագրերի հիման վրա` գիտական փորձաքննության արդյունքով երաշխավորված լինելու պարագայում:

11. Հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրի համար ֆինանսավորում նախատեսվում է ծրագրի ամբողջ ժամանակահատվածի համար ու ծրագրով նախատեսված միջանկյալ արդյունքների ապահովման դեպքում չի կարող ընդհատվել հաջորդ բյուջետային տարիներին:

12. Գիտության առանձին բնագավառներում հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհային միջոցները մրցութային կարգով տրամադրվում են՝

1) գիտական կազմակերպությանը.

2) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության գիտական աշխատողների առանձին ներկայացուցիչների.

3) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչներից կազմված խմբերին:

13. Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սուբյեկտների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ֆինանսաբանկային և հաշվապահական սպասարկումը ապահովում է բուհը կամ գիտական կազմակերպությունը` հանդիսանալով պայմանագրի կողմ:

14. Պետական ֆինանսավորում ստացող բուհը և գիտական կազմակերպությունը պարտավոր են Կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի Լիազոր մարմին ներկայացնել հաշվետվություն տրամադրված միջոցների ծախսման վերաբերյալ:

15. Բացի նշված ֆինանսական ներդրումներից, պետությունը բուհական և գիտական համակարգի արդիականացման համար իրականացնում է նաև կապիտալ ներդրումային ծրագրեր` խոշոր հետազոտական սարքավորումների, կրթական, գիտական կամ սպասարկող ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք հատուկ ծրագրերի միջոցով տրամադրվում են հանրային կազմակերպություններին` ուղիղ կամ մրցութային եղանակով:

16. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետավորումն իրականացվում է առանձին բյուջետային ծրագրերով:

17. Հանրային բուհերը և հանրային գիտական կազմակերպությունները իրենց ֆինանսական գործընթացները վարում են հանրապետության առավել բարձր վարկանիշ ունեցող առևտրային բանկերի միջոցով` հայտարարագրելով բոլոր հաշիվները և դրանց շարժերը:

18. Բուհերին և գիտական կազմակերպություններին արգելվում է չհայտարարագրված հաշիվներով ֆինանսական գործարքների իրականացումը:

 

Հոդված 40. Գիտական փորձաքննությունը

 

1. Գիտական փորձաքննության հիմնական սկզբունքներն են`

1) փորձագիտական գնահատման անաչառությունը.

2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածության, ամբողջականության և հավաստիության համար պատասխանատվությունը.

3) փորձագետի անկախությունը փորձաքննության օբյեկտի հեղինակներից.

4) փորձագիտական գործունեության կազմակերպվածությունն ու մեթոդաբանական ապահովվածությունը.

5) համաշխարհային գիտական և գիտատեխնիկական առաջընթացի արդի մակարդակը, տեխնիկական և էկոլոգիական անվտանգության նորմերն ու կանոնները հաշվի առնելը.

6) փորձագետի մասնագիտական բարձր մակարդակը.

7) փորձագետի իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ փորձագետի պարտականությունների կատարման հետ կապված հետապնդումներից:

2. Գիտական փորձաքննության հիմնական խնդիրներն են`

1) փորձաքննության օբյեկտի համալիր ուսումնասիրությունը և հիմնավորված փորձագիտական եզրակացության պատրաստումն ու տրամադրումը.

2) փորձաքննության օբյեկտի գիտական մակարդակի գնահատումը և դրա ներդրման դեպքում՝ նաև գիտական, սոցիալական, տնտեսական, էկոլոգիական, ֆինանսական և իրավական հետևանքների կանխատեսումը.

3) փորձաքննության օբյեկտի վերաբերյալ փորձագետին առաջադրված հարցերին ամբողջական անդրադարձը:

3. Պարտադիր գիտական փորձաքննության ենթակա օբյեկտներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրված հիմնադրամներից ֆինանսավորման ենթակա կամ ֆինանսավորվող` ստեղծման և ներդրման տարբեր փուլերում (գաղափար, իրականացման ընթացք, արդյունք) գտնվող գիտատեխնոլոգիական գործունեության նախագծերը, ծրագրերը, փորձարարական մշակումները, տեխնոլոգիաները, ինչպես նաև գիտատեխնոլոգիական գործունեության այլ արդյունք.

2) գիտատեխնոլոգիական գործունեության օբյեկտ, որի նկատմամբ առաջացել է այն ընդունելու, ներդնելու, օգտագործելու, ֆինանսավորելու և տարածելու նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորված երաշխավորության համար փորձագիտական եզրակացություն ստանալու անհրաժեշտություն:

4. Գիտական փորձաքննությունը կարող է կազմակերպվել անհատ փորձագետների (այդ թվում՝ օտարերկրյա) ներգրավմամբ կամ փորձագետներից բաղկացած փորձագիտական խորհուրդների ձևավորմամբ կամ միջազգային փորձագիտական կառույցների ներգրավմամբ կամ նշված ձևերի համադրությամբ:

5. Գիտության ոլորտի պետական ֆինանսավորման ծրագրերի համար փորձաքննությունը կազմակերպում է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն: Պետական այլ գերատեսչության կողմից գիտական ծրագրերի ֆինանսավորման պարագայում օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է սահմանվել փորձաքննության այլ կազմակերպիչ:

6. Գիտության ոլորտի պետական ֆինանսավորման ծրագրերի շրջանակում փորձաքննության կազմակերպման մեթոդաբանությունը, փորձաքննության կազմակերպման ձևը կամ ձևերի համադրությունը, ինչպես նաև ներգրավվող փորձագետների քանակի, փորձաքննության թիրախների և փորձաքննության առջև դրվող խնդիրների ցանկը և մեթոդաբանության ընտրությունը վերապահված է Լիազոր մարմնին կամ ծրագրի հայտարարությունը հաստատող պետական կառավարման մարմնին:

7. Փորձաքննության կազմակերպիչը փորձագետին ներգրավում է փորձագետի գրավոր համաձայնությամբ` ներկայացնելով փորձաքննության նկատմամբ ակնկալիքները, փորձագետի իրավունքները և պարտականությունները:

8. Սույն հոդվածի իմաստով՝ փորձագետ է համարվում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող և գիտական փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությունը, վերլուծությունն ու գնահատումը կատարող ֆիզիկական անձը, որն իր փորձագիտական աշխատանքը կատարելիս առաջնորդվում է միայն փորձաքննության օբյեկտի վերաբերյալ համակողմանի, անկողմնակալ և հիմնավոր եզրակացություն տրամադրելու սկզբունքով:

9. Փորձագետը փորձաքննության օբյեկտի վերաբերյալ մասնագիտական անկողմնակալ և համակողմանի եզրակացություն պատրաստելու համար իրավունք ունի կազմակերպչից պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև փորձաքննության օբյեկտի վերաբերյալ ազատորեն արտահայտելու իր մասնագիտական կարծիքը, պահանջելու չբացահայտել իր անձը, եթե այդպիսի բան արդեն իսկ նախատեսված չէ փորձաքննության կազմակերպման մեթոդաբանությամբ:

10. Փորձագետն իրավունք ունի նաև պատճառաբանված հրաժարվելու փորձաքննությանը մասնակցելուց:

11. Փորձագետի իրավունքները և պարտականությունները ծագում են փորձաքննություն կատարելու նպատակով իր հետ կնքած պայմանագրի կամ իր տված գրավոր համաձայնության հիմքով:

12. Փորձագետի հիմնական պարտականություններն են`

1) փորձաքննություն իրականացնելու պահանջներին ու ժամկետին համապատասխան և սահմանված ձևաչափով փորձաքննություն կատարելը.

2) փորձաքննության կազմակերպչի պահանջով իր մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր ներկայացնելը.

3) փորձագիտական եզրակացության կամ փորձագիտական երաշխավորության հիմնավորվածության, ամբողջականության և հավաստիության ապահովումը.

4) փորձաքննություն կատարելուց հրաժարվելը, եթե առկա է շահերի բախում` փորձաքննության օբյեկտի հեղինակ կամ համահեղինակ լինելը կամ փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության, գնահատման ու վերլուծության անաչառության վրա ազդող այլ տիպի գործոններ.

5) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությունը, գնահատումը և վերլուծություն իրականացնելիս հետազոտությունների և մշակումների ոլորտի զարգացման համաշխարհային արդի մակարդակը հաշվի առնելը.

6) փորձաքննության օբյեկտի նկատմամբ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքները պահպանելը, փորձաքննության կազմակերպչին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկությունների մեջ պարունակվող հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների մասին տեղեկացնելը պայմանագրով նախատեսված ժամկետներում.

7) փորձաքննության տրամադրված նյութերի մեջ պարունակվող տեղեկատվության հրապարակում թույլ չտալը, եթե փորձաքննություն իրականացնելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

8) անհրաժեշտության դեպքում փորձաքննության օբյեկտի գիտատեխնոլոգիական գործունեության բնագավառին հարակից կամ գիտության, տեխնոլոգիաների կամ արտադրության այլ բնագավառների անկախ փորձագետների լրացուցիչ ներգրավման վերաբերյալ հարց բարձրացնելը:

13. Փորձագետն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

14. Փորձաքննության կազմակերպչի և փորձագետների միջև հարաբերությունները կարգավորվում են ծառայությունների մատուցման պայմանագրով: Փորձաքննության կազմակերպիչը որոշում է փորձաքննության օբյեկտը, ձևակերպում է փորձաքննության խնդիրներն ու հարցերը, հաստատում փորձաքննություն իրականացնելու ժամկետը, փորձաքննության դիմաց փորձագետներին վճարելու չափը, քննարկում է ներկայացված փորձագիտական եզրակացությունները:

15. Փորձագետը փորձաքննությունը կատարում է կազմակերպչի հետ կնքած պայմանագրի կամ փորձաքննության պայմանների մասին տրված գրավոր կամ թվային գործիքակազմով տրված համաձայնության հիման վրա և արդյունքը ներկայացնում կազմակերպչի սահմանած ձևաչափով` փորձագիտական եզրակացության, փորձագիտական երաշխավորության կամ այլ տեսքով:

16. Փորձաքննության ֆինանսավորման աղբյուրը որոշում է փորձաքննության կազմակերպիչը:

17. Փորձագիտական աշխատանքը, կախված փորձաքննության կազմակերպման մեթոդաբանությունից, կարող է իրականացվել վճարովի և անվճար հիմունքներով:

18. Պետական փորձաքննության իրականացումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակում հատկացված միջոցներից:

19. Լիազոր մարմինն առանձին ծրագրերի համար կարող է սահմանել փորձաքննության այլ տարբերակներ` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սկզբունքների պահպանման պայմանով:

20. Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կարող են կիրառվել տարբեր մեթոդներ` հարցազրույց, տպագրված նյութի փորձաքննություն, նախատիպի դիտարկում կամ փորձարկում, ենթակառուցվածքների ուսումնասիրություն:

21. Առանձին ծրագրերի դեպքում փորձաքննությունը կարող է արտապատվիրվել միջազգային մասնագիտացված կառույցների, որոնք ունեն գիտական փորձաքննության կազմակերպման փորձ և կարող են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սկզբունքների պահպանումը:

 

Հոդված 41. Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող ուսանողները

 

1. Բուհերը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրերի ուսման վարձը և որոշել դրանց չափը: Ծագումով հայ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ուսանողների համար չի կարող սահմանվել ավելի բարձր ուսման վճար, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

2. Ուսման վարձի չափը պետք է նշված լինի ընդունելության հայտարարության մեջ:

3. Բուհերը կարող են նաև հաստատության սահմանած կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ:

4. Արգելվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ։

5. Օտարերկրյա ուսանողներին կրթական ծառայություններ մատուցելու համար բուհը կարող է սահմանել ուսման վարձի ավելի բարձր չափ:

6. Պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակի տրամադրման կարգը, ներառյալ դրան հավակնելու և դրանից զրկվելու պայմանները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

7. Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման համար տրամադրվող կրթաթոշակի կարող են հավակնել միայն հավատարմագրված կրթական ծրագրերով լրիվ բեռնվածությամբ բարձրագույն կրթական ծրագրով առաջին անգամ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը զրկվում է այդ կրթաթոշակը ստանալու հնարավորությունից:

8. Բուհը վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն հինգ տոկոսի չափով հատկացնում է ուսանողական կրթաթոշակի ձևով ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում` նախապես հաստատված և հրապարակված պայմաններով:

9. Պետական բյուջեից նպատակային ուսուցման համար կրթաթոշակ կարող են ստանալ Կառավարության կողմից առաջատար ճանաչված օտարերկրյա բուհերում Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն հանդիսացող մասնագիտություններով բարձրագույն կրթություն ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ Կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

10. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում պետության կողմից ուսումնառության կրթաթոշակի ձևով ուսումնառության վարձի լրիվ փոխհատուցմամբ բարձրագույն կրթություն կարող են ստանալ միջպետական պայմանագրերով նախատեսված կրթաթոշակային տեղերի շրջանակում կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան բուհ ընդունվելու դեպքում:

11. Բուհերն ուսանողների տվյալ տարվա ուսման վարձի փոխհատուցման և ուսանողական ֆինանսական խրախուսումների տրամադրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը Լիազոր մարմին ներկայացնում են հաշվետվություն:

12. Հանրային բուհերը իրենց լիցենզային տեղերի մինչև 40 տոկոսի չափով ապահովում են ուսման վարձի փոխհատուցման համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ուսումնառությունը, ընդ որում այդ ուսանողների համար կիրառվում է Կառավարության կողմից ըստ մասնագիտությունների և որակավորումների սահմանված ուսման վարձի չափը:

13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպում է բուհը՝ պետության կողմից ուսումնառության կրթաթոշակների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:

 

Հոդված 42. Ակադեմիական քաղաքը

 

1. Ակադեմիական քաղաքը ուսումնական, գիտական և հարակից հաստատությունների համալիր է, որը միտված է ապահովելու կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապն ու համագործակցությունը՝ համապատասխան բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներով հանդերձ։

2. Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգի իրականացման, դրա ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և կառավարման աշխատանքների իրականացումը համակարգում է Կառավարության ստեղծած «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը:

3. Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է ընդհանուր հաշվով առնվազն 700 հեկտար մակերեսով տարածքի վրա:

4. Կառավարությունը հաստատում է ակադեմիական քաղաքի գործունեության կարգը և զարգացման հայեցակարգը, որը սահմանում է`

1) ակադեմիական քաղաքի շինարարական նորմերն ու սահմանափակումները.

2) ակադեմիական քաղաքին հարող տարածքներում շինարարական նորմերն ու սահմանափակումները.

3) ակադեմիական քաղաքում և դրան հարակից տարածքներում գործունեության տեսակների սահմանափակումները.

4) ակադեմիական քաղաքի տարածքում մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումները.

5) սպասարկող տրանսպորտային միջոցների մուտքն ու տեղաշարժը ակադեմիական քաղաքի տարածքում.

6) տարածքում սովորողների և աշխատողների կեցության կազմակերպման կարգը, ներառյալ մասնավոր բուհերի կամ այլ կազմակերպությունների կողմից կեցության ծառայությունների մատուցման հնարավորությունը.

7) ակադեմիական քաղաքի տնտեսական և քաղաքային գործունեության հայեցակարգը.

8) ակադեմիական քաղաքում շենքերի և շինությունների նախագծման չափանիշները և դիզայնի նորմերը.

9) ակադեմիական քաղաքում բուհական ենթակառուցվածքների տեղակայման և նոր ենթակառուցվածքների ստեղծման սկզբունքները.

10) ակադեմիական քաղաքի միասնականության և գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ կարգավորումներ:

5. Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տեղանքում արգելվում է սահմանված քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող կառուցապատում:

6. Ակադեմիական քաղաքի տարածքից առանձին հողամասեր կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանված որոշակի պարտավորություններով և սահմանափակումներով, որոնք տարածվում են պետության կողմից հողամասը օտարելուց հետո սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելուն հաջորդող բոլոր գործարքների վրա և ենթակա են կատարման և պահպանման բոլոր սեփականատերերի կողմից։ Ակադեմիական քաղաքի տարածքում գտնվող նման հողամասերի նկատմամբ կիրառվում են իրավունքների հետևյալ սահմանափակումները, սահմանվում են հետևյալ պարտավորություններն ու պայմանները.

1) հողամասում կառուցվող շենքերի և շինությունների գործառնական նշանակությունը, նպատակային օգտագործումը ենթակա չեն փոփոխության․

2) հողամասում կառուցված շենքերի և շինությունների հիմնական վերանորոգման աշխատանքների ընթացքում շենքերի և շինությունների արտաքին (ֆասադային) մասերը ենթակա չեն փոփոխության․

3) ակադեմիական քաղաքի գործունեության կարգով և զարգացման հայեցակարգով սահմանված այլ սահմանափակումներ:

7. Ակադեմիական քաղաքի տարածքում մասնավոր կազմակերպությունները կարող են կազմակերպել գործունեություն իրենց համար հատկացված հատվածներում, եթե այն բխում է ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգից:

8. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն իրականացնում է ակադեմիական քաղաք տեղափոխվելու հետևանքով ազատված և չօգտագործվող բուհական և գիտական ենթակառուցվածքների կառավարումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ, որից ստացված եկամուտն օգտագործվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով, իսկ չօգտագործված և որոշակի ծրագրերի իրականացման համար չառանձնացված գումարն օգտագործվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով:

9. Բուհը պատասխանատու է ակադեմիական քաղաքում իր օգտագործմանը հանձնված գույքի պահպանման և նպատակային օգտագործման համար:

10. Ակադեմիական քաղաքում տեղակայված հանրային բուհերին գույքը հանձնվում է անժամկետ օգտագործման իրավունքով՝ տվյալ հանրային բուհի կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան, իսկ միջպետական կամ մասնավոր բուհերին` պայմանագրով սահմանված ժամկետով:

11. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի գործունեությունը, ներառյալ ֆինանսական հոսքերը, թափանցիկ են, որոնք ապահովվում են նաև ժամանակակից մեդիատեխնոլոգիաների միջոցով:

12. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպում է համատեղ օգտագործման ենթակառուցվածքների համակարգումը և պատասխանատու է դրանց պահպանման ու զարգացման համար:

 

ԳԼՈՒԽ 7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 43․ Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ այն կարգավորումների, որոնց համար սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հուլիսի 1-ից: Մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը գործող մասնավոր բուհերը վերակազմակերպվում (վերակազմավորվում) կամ հիմնադրվում են որպես ոչ առևտրային կազմակերպություններ և դիմում են բուհի և կրթական ծրագրերի լիցենզավորման համար:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից, մինչև այդ բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակում են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:

4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ուսումնառության գործընթացի կազմակերպումը ներդնել 2026 թվականից: Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճանների հայցման համար սահմանված կարգով ու ժամկետներում ասպիրանտուրա ընդունված կամ հայցորդ կամ դոկտորանտ ձևակերպված անձանց համար գիտական աստիճանի շնորհման գործընթացը շարունակվում է կարգավորվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով: Սույն մասն ուժի մեջ մտնելու պահից «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար թեմաների հաստատումը դադարեցվում է:

5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

6. Սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված Մասնագիտացված կառույցն ստեղծվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

7. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները հրապարակվում են 2027 թվականի հունվարի առաջին տասնօրյակում, իսկ նույն մասով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվում է 2029-2030 թվականների ուսումնական տարվանից: Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:

8. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

9. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2029-2030 թվականների ուսումնական տարվանից. նշված ժամանակահատվածից նշված մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում:

10. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 4.1-4.3-րդ մասերի, 8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և 2-րդ մասի 10-րդ կետի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը:

13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը:

14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» 2015 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-23-Ն օրենքը:

15. Կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում չեն գործում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանվող՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտների աշխարհիկ բնույթին վերաբերող սկզբունքը, ինչպես նաև 14-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված սահմանափակումը: Կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող կրթական ծրագրերը պետք է ուղղված լինեն հոգևոր ծառայության կադրեր պատրաստելուն:

16. Հայաստանի Հանրապետությունում բուհերի միջազգային վարկանիշավորման աղյուսակների առաջին հիսնյակում գտնվող բուհերի մասնաճյուղեր հիմնադրելիս Կառավարությունը կարող է սահմանել դրանց գործունեության համար սույն օրենքով սահմանված կազմակերպական-իրավական ձևին վերաբերող, ինչպես նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 11-րդ մասով նախատեսված պայմաններից կամ սահմանափակումներից տարբերվող պայմաններ կամ սահմանափակումներ:

 

Հոդված 44 Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով, սույն օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, մինչև 2028 թվականը դիմել բուհի և ծրագրային լիցենզավորման համար: Համապատասխան լիցենզիա ստացած բուհերը համարվում են առաջին անգամ լիցենզավորված և ենթակա են հավատարմագրման սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում և պայմաններով:

2. Մինչև Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող կրթական ծրագրերը, բացառությամբ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշմամբ սահմանված կարգով ծրագրային հավատարմագրում չանցած բժշկական մասնագիտություններով որակավորում շնորհող ծրագրերի, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվում են նախահավատարմագրված, և դրանց շրջանավարտներին շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվում են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին:

5. Սույն օրենքի 27-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:

6. Մինչև սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պայմաններն ուժի մեջ մտնելը`

1) հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչներից.

2) հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից հինգին առաջադրում է Լիազոր մարմինը, իսկ հինգին՝ հիմնադիրը.

3) հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է բուհը, որոնցից հինգին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից՝ առավելագույնս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը), իսկ հինգին՝ ուսանողական ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներից:

7. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասը պարտադիր չէ սույն հոդվածի 6-րդ մասի հիմքով ձևավորվող հոգաբարձուների խորհրդի հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչների համար:

8. Սույն օրենքի 9-րդ հոդվածով հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին վերաբերող դրույթները գործելու են 2027 թվականից: Մինչև այդ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, հաստատվում է Ակադեմիայի կանոնադրությունը, և սահմանված ժամկետներում կազմակերպվում է Ակադեմիայի նոր անդամների ընտրությունը և ձևավորվում Ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը՝ նախագահությունը, որի անդամներն առաջադրվում են Ակադեմիայի կողմից՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները բավարարող անձանցից: Ակադեմիայի նախագահությունը կազմակերպում է Ակադեմիայի նախագահի ընտրությունը, նախագահի ներկայացմամբ հաստատում Ակադեմիայի կառուցվածքն ու ղեկավար կազմը՝ սույն օրենքով Ակադեմիային վերապահված գործառույթները կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են կրթության և գիտության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայության տակ, որոնց վրա չեն տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 27-րդ հոդվածի 19-րդ մասի կարգավորումները մինչև Կառավարության որոշմամբ և սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային հետազոտական համալսարանների կազմում ներառվելը կամ սույն օրենքով սահմանված գիտական կազմակերպությունների տեսակներին համապատասխանեցվելը:

10. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո և չի տարածվում մինչև այդ ընտրված ռեկտորների վրա:

11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրերը և լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը համարվում են նախահավատարմագրված և պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում:

12. Խոշորացված հետազոտական համալսարանների ձևավորման ժամանակ բուհին կամ գիտական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը բուհի կամ գիտական կազմակերպության վերակազմավորման արդյունքով համապատասխանաբար անցնում է հանրային բուհի կամ հանրային գիտական կազմակերպության տնօրինմանը:

13. Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը իրենց գործունեությունը կարող են շարունակել իրենց տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է միայն Կառավարության հաստատած ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում, որի վերաբերյալ եզրակացությունը տալիս է Լիազոր մարմինը` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կարծիքի հիման վրա:

14. Ակադեմիական քաղաք տեղափոխված հանրային բուհերին և գիտական կազմակերպություններին անհատույց տրամադրված անշարժ գույքը սեփականության իրավունքով տրամադրվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին տրամադրված գույքի շահագործումն իրականացնելու համար՝ համաձայն Կառավարության հաստատած գույքի շահագործման ռազմավարության, որը մշակվում է միջազգային հեղինակավոր ընկերությունների խորհրդատվությամբ: Ենթակառուցվածքների շահագործումից առաջացող ամբողջ եկամուտն ուղղվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը կամ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրմանը:

15. Բուհերում ընտրական անկախ մարմնի ձևավորումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կազմակերպվում են նոր ուսանողական ներկայացուցչական մարմնի և ակադեմիական խորհրդի ընտրություններ։ Գործող ուսանողական խորհուրդների և գիտական խորհուրդների գործունեությունը դադարում է համապատասխան ընտրությունների ավարտից հետո՝ տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 9

Երևան

ՀՕ-285-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան