Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-23-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2015-30.03.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.06/26(1115) Հոդ.345
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի ապրիլի 7-ին

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական փորձաքննության իրավական և կազմակերպական հիմքերը, փորձաքննական գործընթացի մասնակից սուբյեկտների իրավահարաբերությունները և իրավախախտումների համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն (այսուհետ` փորձաքննություն)` փորձաքննության օբյեկտի գիտական և (կամ) գիտատեխնիկական մակարդակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման, ինչպես նաև այդ օբյեկտի վերաբերյալ որոշում կայացնելու համար հիմնավորված եզրակացություն պատրաստելու նպատակով իրականացվող գործունեություն.

2) փորձաքննության օբյեկտ` գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունք կամ փորձարարական մշակում դրա ստեղծման և ներդրման տարբեր փուլերում.

3) փորձաքննության սուբյեկտ` փորձաքննության պատվիրատուի, կազմակերպչի կամ փորձաքննություն կատարողի գործառույթներն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

4) փորձաքննության պատվիրատու` փորձաքննություն նախաձեռնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

5) փորձաքննության կազմակերպիչ` փորձաքննական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.

6) փորձագետ` համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող և փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությունը, վերլուծությունն ու գնահատումը կատարող ֆիզիկական անձ.

7) անկախ փորձագետ` փորձագետ, որը փորձաքննություն կատարելու ընթացքում չի ներկայացնում որևէ կազմակերպության շահը.

8) գիտական և գիտատեխնիկական փորձագիտական եզրակացություն (այսուհետ` փորձագիտական եզրակացություն)` փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության արդյունքներն արտացոլող և փորձաքննության առջև դրված հարցերի պատասխանները պարունակող փաստաթուղթ.

9) լիազոր մարմին` փորձաքննական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմին:

 

Հոդված 3. Փորձաքննության հիմնական խնդիրները

 

1. Փորձաքննության հիմնական խնդիրներն են`

1) փորձաքննության օբյեկտի համալիր ուսումնասիրությունը և հիմնավորված փորձագիտական եզրակացության պատրաստումն ու տրամադրումը.

2) փորձաքննության օբյեկտի ներդրման դեպքում դրա համապատասխանության ստուգումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության նորմերին և պահանջներին.

3) փորձաքննության օբյեկտի գիտական և (կամ) գիտատեխնիկական մակարդակի գնահատումը և դրա ներդրման դեպքում նաև գիտատեխնիկական, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, ֆինանսական և իրավական հետևանքների կանխատեսումը:

 

Հոդված 4. Փորձաքննության հիմնական սկզբունքները

 

1. Փորձաքննության հիմնական սկզբունքներն են`

1) փորձագիտական գնահատման անաչառությունը.

2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածության, ամբողջականության և հավաստիության համար պատասխանատվությունը.

3) փորձաքննության սուբյեկտների անկախությունը.

4) փորձագիտական գործունեության կազմակերպվածությունն ու մեթոդաբանական ապահովվածությունը.

5) համաշխարհային գիտական և գիտատեխնիկական առաջընթացի արդի մակարդակը, տեխնիկական և բնապահպանական անվտանգության նորմերն ու կանոնները հաշվի առնելը.

6) փորձագետների մասնագիտական բարձր մակարդակը.

7) փորձագետների իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ փորձագետի պարտականությունների կատարման հետ կապված հետապնդումներից:

 

Հոդված 5. Փորձաքննության ձևերն ու տեսակները

 

1. Փորձաքննության ձևերն են`

1) պետական փորձաքննություն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն.

2) հասարակական փորձաքննություն` հասարակական կազմակերպությունների և (կամ) միավորումների նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն` հասարակական կարծիքը հաշվի առնելու անհրաժեշտություն պահանջող գիտական և գիտատեխնիկական գործունեության ցանկացած բնագավառում.

3) մասնագիտական փորձաքննություն` ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն` գիտական և գիտատեխնիկական գործունեության կոնկրետ խնդիրների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով:

2. Փորձաքննության տեսակներն են`

1) նախնական փորձաքննություն` տեխնիկական և բնապահպանական անվտանգության սահմանված նորմերին և կանոններին, ստանդարտներին և այլ պահանջներին փորձաքննության օբյեկտի համապատասխանության ստուգում.

2) հիմնական փորձաքննություն` փորձաքննության օբյեկտի վերաբերյալ հիմնավորված փորձագիտական եզրակացություն պատրաստելու համար անհրաժեշտ և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացում.

3) կրկնակի փորձաքննություն` հիմնական փորձաքննություն իրականացնելու պահանջների և կանոնների խախտման կամ փորձագիտական եզրակացության վերաբերյալ հիմնավորված առարկությունների դեպքում փորձաքննության պատվիրատուի կամ փորձաքննության օբյեկտի հեղինակի պահանջով կամ փորձագիտական եզրակացության (ամբողջական կամ մասամբ) հետ փորձաքննության պատվիրատուի անհամաձայնության դեպքում նրա նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն.

4) լրացուցիչ փորձաքննություն` փորձաքննության օբյեկտի վերաբերյալ փորձաքննության պատվիրատուի կողմից գիտական և գիտատեխնիկական նոր պարագաների ի հայտ գալով կամ հիմնական և կրկնակի փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունների անհամապատասխանությամբ կամ ուժը կորցրած փորձագիտական եզրակացությամբ պայմանավորված փորձաքննություն:

3. Նախնական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության պատվիրատուն՝ իր մասնագիտացված ստորաբաժանումների միջոցով կամ անկախ փորձագետներ ընդգրկելու ճանապարհով:

4. Հիմնական, կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունն իրականացնում են իրավաբանական անձինք` ըստ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 7-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված պահանջների:

 

Հոդված 6. Պարտադիր փորձաքննության օբյեկտները

 

1. Պարտադիր փորձաքննության օբյեկտներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրված հիմնադրամներից ֆինանսավորման ենթակա կամ ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական գործունեության նախագծերը, ծրագրերը, փորձարարական մշակումները, տեխնոլոգիաները, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության այլ արդյունքը.

2) փորձաքննության օբյեկտ, որի նկատմամբ առաջացել է հիմնավորված փորձագիտական եզրակացություն ստանալու անհրաժեշտություն, որի վերաբերյալ տրվում է այն ընդունելու, ներդնելու, օգտագործելու, ֆինանսավորելու և տարածելու նպատակահարմարության վերաբերյալ երաշխավորություն:

 

Հոդված 7. Փորձաքննության մասնակիցների իրավունքները և պարտականությունները

 

1. Փորձաքննության պատվիրատուի հիմնական իրավունքներն են`

1) նախնական, հիմնական, կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ որոշում ընդունելը.

2) փորձաքննության կազմակերպչին ընտրելը, այդ թվում՝ կիրառելով նաև էլեկտրոնային կամ համակարգչային վիճակահանության մեթոդը.

3) փորձաքննության կազմակերպչի կամ փորձագետի հետ պայմանագրեր կնքելը.

4) փորձաքննության կազմակերպչին փորձագետներին փոխելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

5) փորձաքննության կազմակերպչից փորձաքննության իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը և պարզաբանումներ, դիտողություններ, հանձնարարականներ ներկայացնելը փորձաքննական գործընթացի բոլոր փուլերում.

6) փորձաքննության արդյունքները սեփականության իրավունքով տնօրինելը, եթե փորձաքննություն կազմակերպելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Փորձաքննության պատվիրատուն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

3. Փորձաքննության պատվիրատուի հիմնական պարտականություններն են`

1) փորձաքննության օբյեկտի բազմակողմանի, անաչառ և գիտականորեն հիմնավորված համալիր վերլուծության ու անկախ փորձագիտական գնահատման հարցերում փորձաքննության կազմակերպչին աջակցելը.

2) փորձաքննության կազմակերպչին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկություններ տրամադրելը.

3) փորձաքննության կազմակերպման գաղտնիության ու փորձագետների անանունության ապահովումը.

4) փորձաքննության օբյեկտը կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության ներկայացնելը` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

5) փորձաքննության կազմակերպչին և փորձագետներին իրականացված փորձաքննության դիմաց վճարելը` պայմանագրով նախատեսված դեպքերում և չափով.

6) իր անօրինական գործունեության արդյունքում պատճառած նյութական և բարոյական վնասները փոխհատուցելը:

4. Փորձաքննության պատվիրատուն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

5. Փորձաքննության կազմակերպչի հիմնական իրավունքներն են`

1) փորձագետներին ընտրելը.

2) փորձագետների հետ պայմանագրեր կնքելը.

3) փորձաքննության պատվիրատուից փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկություններ պահանջելը.

4) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններից փորձաքննության օբյեկտին առնչվող տեղեկություններ պահանջելը` օրենքով սահմանված կարգով.

5) փորձաքննություն իրականացնելու գործընթացում գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններ, հայաստանյան և օտարերկրյա գիտնականներ ներգրավելը.

6) փորձագետների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը` միայն վերջիններիս գրավոր համաձայնության դեպքում:

6. Փորձաքննության կազմակերպիչն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

7. Փորձաքննության կազմակերպչի հիմնական պարտականություններն են`

1) փորձաքննության պատվիրատուի կողմից պայմանագրով առաջադրված բոլոր հարցերի վերաբերյալ հիմնավորված փորձագիտական եզրակացություն տալը.

2) փորձաքննության ամբողջական, որակյալ և արդյունավետ իրականացումը.

3) փորձաքննություն իրականացնելու պայմանագիրը կնքելիս փորձագետների մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր ներկայացնելը փորձաքննության պատվիրատուի պահանջով.

4) փորձագետների անանունության ապահովումը.

5) փորձաքննության օբյեկտի հիմնական, կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություններից որևէ երկուսում միևնույն փորձագետի ներգրավման բացառումը.

6) փորձաքննության օբյեկտի նկատմամբ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների պահպանումը, փորձաքննության պատվիրատուին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկությունների մեջ պարունակվող հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների մասին տեղեկացնելը պայմանագրով նախատեսված ժամկետներում.

7) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության, գնահատման և փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու ժամանակ գիտական և գիտատեխնիկական զարգացման համաշխարհային արդի մակարդակը հաշվի առնելը.

8) փորձաքննության նյութերի, փորձագետների կարծիքների և չհաստատված փորձագիտական եզրակացությունների հրապարակում թույլ չտալը` առանց փորձաքննության պատվիրատուի համաձայնության.

9) սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ կազմված փորձագիտական եզրակացություններ մերժելը կամ լրամշակման ուղարկելը.

10) փորձագիտական եզրակացության կամ դրա հիման վրա ընդունվող որոշումների փոփոխության հարցերում փորձագետների և փորձաքննական գործընթացում ներգրավված այլ անձանց անձնական շահագրգռվածությունը բացառելը:

8. Փորձաքննության կազմակերպիչն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

9. Փորձագետի հիմնական իրավունքներն են`

1) փորձաքննության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքն ազատ արտահայտելը.

2) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությանը, վերլուծությանը և գնահատմանը մասնակցելը փորձաքննության բոլոր փուլերում.

3) անաչառ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար լրացուցիչ նյութեր պահանջելը.

4) փորձաքննության օբյեկտի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալը, այդ թվում՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) փորձաքննության մասնակցելը կամ մասնակցելուց հրաժարվելը, եթե վերջինս անմիջականորեն կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ.

6) փորձագիտական եզրակացություն հրապարակելը, եթե դա նախատեսված է փորձաքննություն իրականացնելու պայմանագրով:

10. Փորձագետն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

11. Փորձագետի իրավունքները ծագում են փորձաքննություն կատարելու նպատակով իր հետ կնքած պայմանագրի կամ նրա ծառայողական պարտականությունների հիմքով, եթե փորձաքննությունը կատարվում է որպես ծառայողական առաջադրանք:

12. Փորձագետի հիմնական պարտականություններն են`

1) փորձաքննություն իրականացնելու պայմանագրի պահանջներին ու ժամկետին համապատասխան փորձաքննություն կատարելը.

2) փորձաքննության պատվիրատուի կամ կազմակերպչի պահանջով իր մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր ներկայացնելը.

3) փորձագիտական եզրակացության կամ փորձագիտական երաշխավորության հիմնավորվածությունը, ամբողջականությունը և հավաստիությունն ապահովելը.

4) փորձաքննություն կատարելուց հրաժարվելը, եթե առկա է շահերի բախում` փորձաքննության օբյեկտի հեղինակություն կամ համահեղինակություն կամ այլ տիպի գործոններ, որոնք կարող են ազդել փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության, գնահատման ու վերլուծության անաչառության վրա.

5) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրություն, գնահատում և վերլուծություն իրականացնելիս գիտական և գիտատեխնիկական զարգացման համաշխարհային արդի մակարդակը հաշվի առնելը.

6) փորձաքննության օբյեկտի նկատմամբ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքները պահպանելը, փորձաքննության կազմակերպչին և (կամ) պատվիրատուին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկությունների մեջ պարունակվող հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների մասին տեղեկացնելը պայմանագրով նախատեսված ժամկետներում.

7) փորձաքննության նյութերի մեջ պարունակվող տեղեկատվության հրապարակում թույլ չտալը, եթե փորձաքննություն իրականացնելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

8) անհրաժեշտության դեպքում փորձաքննության օբյեկտի գիտական և գիտատեխնիկական բնագավառին հարակից կամ գիտության, տեխնիկայի ու արտադրության այլ բնագավառների անկախ փորձագետների լրացուցիչ ներգրավման վերաբերյալ հարց բարձրացնելը:

13. Փորձագետն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 8. Փորձաքննության սուբյեկտների իրավահարաբերությունները

 

1. Փորձաքննության պատվիրատուի, փորձաքննության կազմակերպչի, ինչպես նաև փորձագետների միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրերով: Փորձաքննության պատվիրատուն որոշում է փորձաքննության օբյեկտը, ձևակերպում է փորձաքննության խնդիրներն ու հարցերը, հաստատում փորձաքննություն իրականացնելու ժամկետը, փորձաքննության կազմակերպչին և փորձագետներին վճարում է փորձաքննության դիմաց, քննարկում է ներկայացված փորձագիտական եզրակացությունները:

2. Փորձաքննության կազմակերպչի և փորձագետների միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրերով: Փորձաքննության կազմակերպիչն ապահովում է փորձագետների ընտրությունը, իրականացնում է փորձաքննության կազմակերպչամեթոդական և նյութատեխնիկական ապահովվածությունը, ընդհանրացնում է փորձագետներից ստացած փորձագիտական տեղեկատվությունը և փորձագիտական եզրակացության տեսքով ներկայացնում փորձաքննության պատվիրատուին:

3. Փորձագետը փորձաքննություն է կատարում փորձաքննության կազմակերպչի կամ պատվիրատուի հետ կնքած պայմանագրի հիման վրա և արդյունքը ներկայացնում փորձագիտական եզրակացության կամ փորձագիտական երաշխավորության տեսքով:

4. Փորձաքննության նյութերը, փորձագիտական եզրակացություններն ու երաշխավորությունները գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունք են, որոնց նկատմամբ սեփականության իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե փորձաքննության պատվիրատուի, կազմակերպչի և փորձագետների միջև կնքված պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 9. Փորձագիտական գործունեության հավատարմագրումը

 

1. Պետական փորձաքննության կազմակերպման գործունեությունը ենթակա է պարտադիր պետական հավատարմագրման: Հավատարմագրման կարգը և չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

2. Հավատարմագրումն իրականացվում է ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների և մասնագիտությունների:

3. Հավատարմագրումն իրականացնում է լիազոր մարմինը:

4. Հավատարմագրման հիմնական պայմաններն են`

1) գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն երեք բնագավառներում ընդհանուր թվով առնվազն 30 փորձագետների առկայությունը.

2) գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի փորձագետների առնվազն 75 տոկոսի համար վերջին հինգ տարում լիազոր մարմնի հաստատած ցանկում ներառված պարբերական գիտական հրատարակություններում առնվազն հինգ գիտական աշխատության առկայությունը.

3) գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն երեք բնագավառներում փորձագիտական գործունեության գիտամեթոդական նյութերի ապահովվածությունը:

5. Հավատարմագրման համար ներկայացված հայտը կարող է մերժվել միայն սույն հոդվածի 4-րդ մասում նշված պայմաններից առնվազն մեկը չբավարարելու դեպքում:

6. Հավատարմագրի կամ դրանում նշված փորձաքննության բնագավառի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) պարզվում է, որ հավատարմագիր ստանալու նպատակով ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.

2) իրականացվել է հավատարմագրում նշված փորձաքննության բնագավառին (բնագավառներին) չհամապատասխանող փորձաքննություն.

3) դիմում է ներկայացվել հավատարմագրի կամ դրանում նշված փորձաքննության բնագավառի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:

 

Հոդված 10. Փորձաքննություն կազմակերպելու կամ իրականացնելու պայմանագրերը

 

1. Փորձաքննության սուբյեկտների փոխհարաբերությունների կանոնակարգման հիմնական իրավաբանական փաստաթղթերն են`

1) փորձաքննություն կազմակերպելու պայմանագիրը` փորձաքննության պատվիրատուի և կազմակերպչի միջև.

2) փորձաքննություն իրականացնելու պայմանագիրը` փորձաքննության պատվիրատուի և փորձագետների կամ փորձաքննության կազմակերպչի և փորձագետների միջև:

2. Փորձաքննություն կազմակերպելու կամ իրականացնելու պայմանագրերով սահմանվում են`

1) պայմանագրի կողմերը.

2) փորձաքննության օբյեկտը.

3) փորձաքննություն իրականացնելու պայմանները, այդ թվում` փորձաքննության օբյեկտի գնահատման չափորոշիչների համակարգը.

4) կողմերի իրավունքները և պարտականությունները.

5) փորձաքննություն իրականացնելու ժամկետը.

6) փորձագիտական եզրակացության ուժը պահպանելու ժամկետը.

7) ֆինանսական պարտավորությունները.

8) փորձագիտական եզրակացության հավաստիության, հիմնավորվածության ամբողջականության համար պատասխանատվությունը, այդ պատասխանատվությունն ուժի մեջ մնալու ժամկետը և կոնկրետ անձինք, որոնց վրա դրվում է ամբողջ փորձաքննության կամ դրա առանձին բաժինների վերաբերյալ պատասխանատվությունը.

9) փորձաքննության առանձնահատկությունից բխող այլ կարևոր պայմաններ:

 

Հոդված 11. Փորձաքննության ֆինանսավորումը

 

1. Փորձաքննության ֆինանսավորման աղբյուրը որոշում է փորձաքննության պատվիրատուն:

2. Պետական փորձաքննության իրականացումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

3. Պետական մարմինների, պետական ոչ առևտրային կամ 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների պատվերով իրականացվող փորձաքննությունը կարող է ֆինանսավորվել այդ կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվին` գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման շրջանակներում:

 

Հոդված 12. Փորձագիտական եզրակացությունը

 

1. Պետական փորձաքննության փորձագիտական եզրակացությունն ունի պարտադիր բնույթ, ընդունվում է փորձաքննության պատվիրատուի կողմից և հաշվի է առնվում այն որոշումների ընդունման համար, որոնց հիմնավորման նպատակով իրականացվել է տվյալ փորձաքննությունը:

2. Հասարակական կամ մասնագիտական փորձաքննության փորձագիտական եզրակացությունն ունի երաշխավորական բնույթ և կարող է հաշվի առնվել համապատասխան որոշումների ընդունման ժամանակ:

3. Փորձագիտական եզրակացությունն ուժի մեջ է մտնում այն փորձաքննության պատվիրատուին տրամադրելու օրվան հաջորդող օրվանից և իր ուժը պահպանում է փորձաքննություն իրականացնելու պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում: Փորձագիտական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե դրա հիման վրա նախատեսվող գործողությունները չեն սկսվել փորձագիտական եզրակացությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

4. Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն բողոքարկելու (մասնակի կամ ամբողջությամբ) փորձագիտական եզրակացությունը` փորձաքննության պատվիրատուին ներկայացնելով գրավոր դիմում` փորձագիտական եզրակացությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Փորձաքննության պատվիրատուն պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել ներկայացված դիմումը և հիմնավորված որոշում կայացնել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ` վերջինիս կցելով մերժումը հիմնավորող փաստաթուղթ:

5. Կրկնակի փորձաքննության փորձագիտական եզրակացությունը, որը համապատասխանում է հիմնական փորձաքննության եզրակացությանը, վերջնական է:

6. Փորձագիտական եզրակացության վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնությանբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատական կարգով:

 

Հոդված 13. Փորձաքննության բնագավառում պետական կառավարումը

 

1. Փորձաքննության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) պետական միասնական քաղաքականության իրականացումը.

2) լիազոր մարմնի կարգավիճակի սահմանումը.

3) պետական փորձաքննության կազմակերպիչների գործունեության հավատարմագրման կարգի հաստատումը.

4) պետական փորձաքննություն իրականացնող գիտական կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի հաստատումը.

5) պետական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու կարգի հաստատումը:

2. Լիազոր մարմնի իրավասություններն են`

1) փորձաքննության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակումը.

2) փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանումը.

3) պետական հավատարմագրման կարգի և չափանիշների մշակումը.

4) պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերի մշակումն ու հաստատումը.

5) գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման նախագծերի, ինչպես նաև ծրագրերի կատարման ընթացքի պետական փորձաքննության կազմակերպումը.

6) միջպետական պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող միջպետական գիտական և գիտատեխնիկական նախագծերի, ինչպես նաև ծրագրերի կատարման ընթացքի պետական փորձաքննության կազմակերպումը.

7) փորձաքննության բնագավառում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը.

8) փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքումը.

9) փորձաքննության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասությունների իրականացումը:

 

Հոդված 14. Փորձաքննության բնագավառում իրավախախտումները

 

1. Փորձաքննության բնագավառում իրավախախտումներն են`

1) առանց փորձաքննություն իրականացնելու որոշումների կայացումն այն դեպքերում, երբ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված է, որ նման փորձաքննության իրականացումը պարտադիր է.

2) փորձաքննություն իրականացնելուն խոչընդոտող գործողությունների կատարումը.

3) փորձաքննական գործընթացի ընթացքում փորձագետի ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանման սկզբունքի խախտումը:

 

Հոդված 15. Փորձաքննության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջի խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված բազային տուրքի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջի խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված բազային տուրքի հարյուրապատիկի չափով:

4. Լիազոր մարմնի որոշմամբ նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար հաշվարկվում է տույժ՝ գումարի 0,15 տոկոսի չափով:

5. Պատասխանատվության կիրառումը սահմանող վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:

 

Հոդված 16. Փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցությունը

 

1. Փորձաքննության բնագավառում այլ երկրների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Փորձաքննության բնագավառի միջազգային պայմանագրերը կնքվում են միջպետական մակարդակի նախագծերի, ծրագրերի կամ այլ օբյեկտների համատեղ փորձաքննությունն իրականացնելու վերաբերյալ, կապված են փորձաքննության մեթոդաբանության, նորմատիվ հենքի ու ապահովվածության կատարելագործման և բարդ փորձագիտական խնդիրների համատեղ լուծման հետ:

3. Փորձաքննություն իրականացնելու պայմանագրերով կարող է նախատեսվել օտարերկրյա պետություններում գործունեություն իրականացնող փորձագետների և խորհրդատվական ընկերությունների կամ կազմակերպությունների ներգրավումը, եթե փորձաքննության առարկան չի պարունակում պետական գաղտնիք:

 

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. ապրիլի 22

Երևան

ՀՕ-23-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.03.2018, ՀՕ-244-Ն 30.03.2018, ՀՕ-23-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան