Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1798
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.09.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 սեպտեմբերի 2025 թ.

 

ՀԱՅԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

նախագահող`

Արման Դիլանյանի,

դատավորներ`

Արտակ Զեյնալյանի,
Հրայր Թովմասյանի,
Դավիթ Խաչատուրյանի,
Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի,
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի՝

Հայկ Մելքոնյանի (այսուհետ նաև՝ Դիմող)

ներկայացուցիչ՝ 

փաստաբան Գայանե Պապոյանի,

պատասխանող՝ Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող)
ներկայացուցիչ՝

Ազգային ժողովի աշխատակազմի իրավական վարչության պետ

Մարի Ստեփանյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայկ Մելքոնյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի՝ Սահմա­նադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատաս­խանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վեր­ջին­ներիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Վարույթը Սահմանադրական դատարանում

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենս­գիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից:

2. Օրենսգրքի՝ «Տնային կալանքը» վերտառությամբ 123-րդ հոդվածը սահ­մանում է.

«1. Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:

2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հա­ղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց.

2) շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց:

3. Տնային կալանք կիրառելու մասին դատարանի որոշման մեջ նշվում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվում է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը: Հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի վրա։ Այդ մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։

4. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձա­գանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

5. Տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները:

6. Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան»:

3. Օրենսգրքի 123-րդ հոդվածում փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

4. Գործի քննության առիթը Դիմողի՝ 2025 թվականի հունիսի 5-ին Սահմա­նադրական դատարան մուտքագրված դիմումն է:

5. Սահմանադրական դատարանի 2025 թվականի հունիսի 24-ի ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության:

 

Գործի համառոտ դատավարական նախապատմությունը1

6. 2024 թվականի հոկտեմբերի 2-ին հսկող դատախազը թիվ 69129924 քրեական վարույթով մեղադրական եզրակացությունն՝ ըստ մեղադրանքի Հայկ Սուրենի Մելքոնյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և մյուսների, հանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան):

7. Մեղադրյալ Հայկ Սուրենի Մելքոնյանի նկատմամբ համակցված կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները: Դատա­րանի 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Հայկ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը: Նույն որոշմամբ սահ­մանափակվել է նաև Հայկ Մելքոնյանի այլ անձանց հետ շփում ունենալու, հա­ղորդակցության այլ ձևերից օգտվելու իրավունքը։

8. Դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ստանձնել է թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործի վարույթը:

9. 2024 թվականի հոկտեմբերի 15-ին քրեական գործով կայացած նախնական դատական լսումների ընթացքում Դատարանը Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով չի քննարկել մեղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացնելու, այն փոփոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը:

10. 2024 թվականի հոկտեմբերի 17-ին լրացել է մեղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված տնային կալանքի ժամկետը:

11. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննության առնելու մասին Դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Հայկ Սուրենի Մելքոնյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամանակով՝ արձանագրելով հետևյալը.

«Անդրադառնալով տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կրկին կիրառման հարցին Դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

«5. Տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները»:

Վերոգրյալի համատեքստում քննարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-121-րդ հոդվածները՝ Դատարանն արձանագրում է, որ «կալանք» խա­փանման միջոցի կիրառման կարգը կարգավորվում է ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ժամկետները սահմանված են նույն օրենս­գրքի 119-րդ հոդվածով, իսկ բողոքարկման կարգը սահմանված է նույն օրենսգրքի 389-390-րդ հոդվածներով։

Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքի 121-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի նկատմամբ, քանի որ օրենսդիրը, «կալանք» խափանման միջոցը գնահատելով որպես ամենախիստ խափանման միջոց՝ դրա կրկին կիրառման համար նախատեսել է նոր էական հանգամանքների և դրանց քննարկման իմպերատիվ անհրաժեշտությունը»։

12. Հիշատակված որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերա­քննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ մերժվել է՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հաշվի առնելով մեղադրյալ Հայկ Մելքոնյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին վկայող վերոգրյալ հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը անբավարար է ապա­հովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման՝ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով, կիրառելով։

Ինչ վերաբերվում է պաշտպան Գայանե Պապոյանի հատուկ վերանայման բողոքում նշված՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, մասնավորապես՝ մեղադրյալն ունի կյանքին վտանգ սպառնացող ծանր հիվանդություններ, 2024 թվականի սեպտեմբերի 27-ին արվել է թթվածնով ինգալացիա, բժշկի կողմից արձանագրվել է Sa2O2 95 տոկոս՝ առանց թթվածնի օբյեկտիվ տվյալներ, ունի 4 անչափահաս երեխա, որոնցից 2 մանկահասակ են, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքները ինքնին չեն չեզոքացնում մեղադրյալի կողմից փախուստի դիմելու և օրենքով իր վրա դրված պարտականությունների չկատարելու բարձր հավանականությունը, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցի կամ միջոցների համակցության կիրառումն անբավարար են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ վիճարկվող որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը հանդես է եկել որպես վարույթն իրականացնող մարմին։

Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար անհրաժեշտ է ծանրակշիռ փաստական հան­գամանքների առկայություն։ Հակառակ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի համոզ­մամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով Առաջին ատյանի դատարանի ներքին անկա­խությունը։ Մինչդեռ, տվյալ դեպքում ներկայացված հատուկ վերանայման բողոքում այդպիսի ծանրակշիռ փաստական հանգամանքներ չեն մատնանշվել»:

13. Վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մերժվել է:

14. Հայկ Մելքոնյանի կողմից 2025 թվականի հունիսի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել դիմում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ խնդրանքով։

 

Դիմողի դիրքորոշումները

15. Դիմողը նշում է, որ «(...) 2024 թվականի հոկտեմբերի 18-ին թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով տեղի ունեցած՝ մեղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին հարցի քննության ընթացքում (...) պաշտպան Գ. Պապոյանը քրեադատավարական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 121-րդ հոդվածի 1-ին մասի և 123-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչմամբ փաստարկել է, որ տնային կալանքի կիրառման կարգի կապակցությամբ կիրառելի է կալանքի համար քրեադատավարական օրենքի վերաբերելի այն կարգավորումը, որ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին, հետևաբար՝ մե­ղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ (...) նույն մեղադրանքով չի կարող կրկին կիրառվել տնային կալանքը, քանի որ վերջինս հանդիսանում է տնային կալանքից ազատված անձ, և 2024 թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով չեն հայտնաբերվել մեղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու իրավաչափության մասին վկայող այնպիսի հանգամանքներ, որոնք Առաջին ատյանի դատարանին հայտնի չեն եղել 2024 թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ, այսինքն՝ մեղադրյալ Հայկ Մելքոնյանի՝ տնային կալանքից ազատվելիս»: Այնուամենայնիվ, Դատարանը գտել է, որ Օրենսգրքի 121-րդ հոդվածը կիրառելի չէ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի նկատմամբ:

16. Դիմողը գտնում է, որ, ի տարբերություն կալանքի վերաբերյալ Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կար­գավորումների, Օրենսգրքի 123-րդ հոդվածը չի նախատեսում կարգավորում առ այն, թե որ դեպքերում է անձը ձեռք բերում տնային կալանքից ազատվածի կարգավիճակ, և դրա հետևանքով չի նախատեսում նաև կարգավորում այն մասին, որ տնային կալանքից ազատված, այդ թվում՝ ժամկետը լրանալու ուժով տնային կալանքից ազատված անձի նկատմամբ չի կարող կրկին տնային կալանք կիրառվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալի՝ տնային կալանքից ազատվելու պահին:

17. Ըստ Դիմողի՝ օրենսդիրը կիրառման հիմքերի և պայմանների առումով իրավացիորեն նույնացնում է կալանքն ու տնային կալանքը, որպիսի մոտեցումն ամբողջապես համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսու­հետ նաև՝ Եվրոպական դատարան) իրա­վական դիրքորոշումներին:

18. Դիմողը պնդում է. «(...) քրեադատավարական օրենքի 123-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրելով, որ տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները, այսինքն՝ քրեադատավարական օրենքի 123-րդ հոդվածի 5-րդ մասում արձանագրելով, որ տնային կալանքի կիրառման կարգի վրա տարածվում են կալանքի կիրառման իրավաչափության առանձնահատկությունները (քրեադատավարական օրենքի 118-րդ հոդված), տնային կալանքի ժամկետների վրա տարածվում են մինչդատական և դատական վարույթներում կալանքի կիրառման սահմանափակ ժամկետները, հետևաբար մինչդատական վարույթում՝ առավելագույնը երկու ամիսը մեկ անգամ, իսկ դատական վարույթում՝ առավելագույնը երեք ամիսը մեկ անգամ կալանքի փոփոխման, վերացման կամ ժամկետի երկարաձգման հարցի պարտա­դիրությունը (քրեադատավարական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր), կալանքի ժամկետը երկարաձգելու պատշաճ ջանասիրությունը հիմնավորելու անհրա­ժեշտությունը (քրեադատավարական օրենքի 118-րդ հոդվածի 5-րդ մաս), մինչ­դատական և դատական վարույթներում կալանքի տակ մնալու առավելագույն ժամ­կետային սահմանափակումները (քրեադատավարական օրենքի 119-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասեր), օրենսդիրն այդ կերպ փաստացի հռչակում է, որ տնային կալանքի կիրառման և/կամ տնային կալանքի ժամկետի երկարաձգման քրեադատավարական ընթացակարգերը և¢ բովանդակային, և¢ ձևական առումներով պետք է սկսվեն ու շարունակվեն ճիշտ նույն կերպ, ինչ կալանքի կիրառման և/կամ կալանքի ժամկետի երկարաձգման պարագայում է, այսինքն՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ անձնական ազատության և Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակ­ված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքների բովանդակությանը համա­հունչ»:

19. Դիմողի համոզմամբ՝ անհրաժեշտություն է առաջանում պատասխանելու այն հարցին, թե արդյո՞ք հիշյալ օրենսդրական բացն օրենսդիրը փոխհատուցում է կալանքի համեմատ տնային կալանքի մասին վերաբերելի ավելի արտոնյալ մոտե­ցումներով, որպիսի հարցի պատասխանը թույլ կտա բացահայտել, թե արդյո՞ք այդ օրենսդրական բացը կարող է հետապնդել իրավաչափ նպատակ:

20. Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Դիմողը խնդրում է. «Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում կարգավորում՝ այն մասին, թե որ դեպքերում է, որ անձը ձեռք է բերում տնային կալանքից ազատվածի կարգավիճակ և դրա հետևանքով չի նախատեսում նաև կարգավորում՝ այն մասին, որ տնային կալանքից ազատված, այդ թվում՝ ժամկետը լրանալու ուժով տնային կալանքից ազատված անձի նկատմամբ չի կարող կրկին տնային կալանք կիրառվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալի՝ տնային կալանքից ազատվելու պահին»:

 

Պատասխանողի դիրքորոշումները

21. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 27-րդ հոդվածը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպա­նության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 5-րդ հոդվածը և դրա առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային մի շարք դիրքորոշումներ, արձանագրում է, որ խափանման միջոց ընտրելիս իրավասու մարմինն ամեն անգամ պարտավոր է նորից գնահատել քրեական վարույթի հանգամանքները: Եթե անձն արդեն ազատվել է տնային կալանքից, ապա նույն քրեական վարույթի շրջանակներում, նույն մեղադրանքով նրա նկատմամբ կրկին տնային կալանքի կիրառումն առանց նոր էական հանգամանքների ի հայտ գալու, հակասում է քրեական դատավարության սկզբունքներին:

22. Պատասխանողի գնահատմամբ՝ անձի նկատմամբ նույն խափանման միջոցի կրկնակի կիրառումը պետք է անպայմանորեն հիմնված լինի նոր էական հանգամանքի առկայության վրա, ինչը բխում է անձի անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքներից, ինչպես նաև կրկնակի դատապարտման արգելքի սկզբունքից:

23. Ըստ Պատասխանողի՝ հակառակ մեկնաբանության դեպքում կստացվի, որ տնային կալանքից ազատված անձի նկատմամբ նույն մեղադրանքով կարող է կրկին կիրառվել նույն խափանման միջոցը՝ առանց որևէ նոր հանգամանքի ի հայտ գալու, ինչը կհանգեցնի անձնական ազատության իրավունքի կամայական սահմանափակման: Հետևաբար՝ խափանման միջոցների կրկնակի կիրառման իրա­վաչափությունը պետք է պայմանավորված լինի նոր հանգամանքների առկայությամբ՝ որպես գործիք պաշտպանելու անձի անձնական ազատության իրավունքը:

24. Պատասխանողը գտնում է, որ կալանքի և տնային կալանքի հիմնական նպատակն է ապահովել քրեական վարույթի արդյու­նա­վետությունը՝ երաշխավորելով մեղադրյալի ներկայությունը, կանխարգելել ապօրինի միջամտությունները, պաշտ­պա­­նել հանցագործության քննության ընթացքը: Հետևա­բար՝ օրենսդիրը հիմք է ընդունել այն մոտեցումը, որ քրեական վարույթում անձի վարքի վերահսկման և գործին հնարավոր միջամտության ռիսկերի կանխման տեսանկյունից նշված խափանման միջոցներն իրավաչափորեն համարժեք են: Պատասխանողի հա­մոզմամբ՝ տնային կալանքը՝ որպես խափանման միջոց, իր իրավական բնույթով, կարգավիճակով և կարգավորման տեսանկյունից համարժեք է կալանքին:

25. Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված ենթադրյալ օրենս­դրա­կան բացի առկայության հարցին՝ Պատասխանողը նշում է, որ թեև տնային կալանքն առանձին խափանման միջոց է և ունի որոշ առանձնահատկություններ, օրենսդիրը հստակ կարգավորում է դրա կիրառման ընթացակարգային և նյութական հարցերը՝ հղում կատարելով կալանքի վերաբերյալ նույն Օրենսգրքով սահմանված դրույթներին: Օրենսգրքում ուղղակի կերպով հղում է կատարվում կալանքի վերաբերյալ նորմերին, ինչի արդյունքում տվյալ հարաբերությունները լիարժեք կերպով կարգավորվում են օրենսդրությամբ:

26. Վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողը գտնում է, որ «(…) Օրենսգրքի 123-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը տվյալ մեկնա­բա­նու­թյամբ, մինչդեռ քննարկվող դեպքում վիճարկվող դրույթը կիրառվել է այլ մեկնա­բանությամբ»:

 

Սահմանադրական վեճի շրջանակները և պարզման ենթակա հանգա­մանքները

27. Թեև Դիմողը բարձրացնում է Օրենսգրքի 123-րդ հոդվածի սահմա­նադրականության հարցը, սակայն հաշվի առնելով, որ վերջինիս նկատմամբ ծագած անբարենպաստ հետևանքներն ուղղակիորեն առնչվում են նույն հոդվածի 5-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը, ապա Սահմա­նադրական դատարանը սույն գործի շրջանակներում կանդրադառնա բացառապես նշված իրավադրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնա­բանության սահմանա­դրականության գնահատմանը:

28. Սահմանադրական վեճի վերոնշյալ շրջանակից ելնելով` Սահմանա­դրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը գնահատելու նպատակով ան­հրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկ­նաբանությունն առ այն, որ Օրենսգրքի 121-րդ հոդվածով ամրագրված՝ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու երաշխիքները չեն տարածվում տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի նկատմամբ՝ հանգեցնելով տնային կալանքից ազատված (անկախ հիմքերից) անձի նկատմամբ` առանց նոր էական հանգամանքների հայտնաբերման, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին, նույն մեղադրանքով կրկին տնային կալանք կիրառելու հնարավորությանը, համահունչ է Սահմանադրության 27-րդ հոդ­վածով ամրագրված՝ անձնական ազատության իրավունքին:

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

29. Սահմանադրության «Անձնական ազատությունը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով (…)»:

30. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի սեպտեմբերի 12-ի ՍԴՈ-827 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներով բացահայտել է անձնական ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ նշելով. «(...) ամրագրելով անձին ազատությունից զրկելու դեպքերը, սահմանադիրը միևնույն ժամանակ դրանցում արտացոլված նպատակներով և հիմքերով անձին ազատությունից զրկելու ձևերի ընտրությունը վերապահել է օրենսդրի հայեցողությանը՝ որևէ կերպ չկանխորոշելով, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կամ կոնկրետ նպատակին հասնելու համար ինչ դատավարական ընթացակարգային միջոցառումներ կարող են կիրառվել»:

31. 2018 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1421 որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ «(…) անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակում նախատեսող քրեադատավարական ցանկացած ընթա­ցակարգի սահմանադրականությունը կախված է ոչ միայն այդ իրավունքի սահ­մանափակման իրավաչափության հիշյալ չափորոշիչների պահպանման նկատ­մամբ դատական վերահսկողության պատշաճ և արդյունավետ իրականացումից, այլ նաև անձի՝ ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրա­ռումից պաշտպանվելու իրավունքի երաշխավորումից»:

32. Անձնական ազատության իրավունքի սահմանափակման սահմանա­դրա­իրավական չափորոշիչներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1295 որոշմամբ՝ ամրագրելով, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի նորմերի իրավական բովանդակությունից անմիջականորեն բխում է, ի թիվս այլնի, որ`

- անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ,

- անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով:

33. Եվրոպական դատարանի դիրքորոշումների համաձայն` անձի անձնական ազա­տության և անձեռնմխելիության իրավունքների ամրագրումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նպատակ ունի կանխելու կամայական կամ անհիմն կերպով ազա­տությունից զրկումը (McKay v. The United Kingdom [GC], Application no. 543/03, 03.10.2006, §30)2: Վերջինս «ժողովրդա­վա­րական հասարակությունում» առաջնային նշանակություն ունի Կոնվենցիայի իմաստով (Medvedyev and Others v. France, Application no. 3394/03, 29.03.2010, §76)3:

34. Անձնական ազատության իրավունքի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական հիմքերի վերլուծությունը վկայում է, որ այն` որպես մարդու հիմնարար, անօտարելի իրավունք, առանցքային նշանակություն ունի անձի համար, ներառյալ` այլ իրավունքների իրականացման համար, քանզի դրա սահմանափակումը առանձին դեպքերում կարող է հանգեցել այլ իրավունքների արգելափակման։

35. Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ թե´ օրենսդրական կարգավորումներ սահմանելիս, թե´ իրավակիրառ պրակտիկայում դրանց մեկնաբանություն հաղորդելիս հանրային իշխանության համապատասխան մարմինները պետք է իբրև ուղենիշ ունենան Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված անձնական ազատության իրավունքի իրացման երաշխիքները՝ հաշվի առնելով նաև սույն իրավունքի հետևանքային ազդեցությունն անձի այլ իրավունքների իրացման վրա:

36. Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասը, մի կողմից` սահմանում է անձնական ազատության իրավունքի իրացման սահմանադրահեն երաշխիքները, մյուս կողմից՝ ամրագրում է այդ իրավունքի սահմանափակման սահմանադրական չափորոշիչները (դեպքերը): Նշյալ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով և օրենքով սահմանված կարգով:

37. Անձնական ազատության իրավունքի սահմանափակման վերոնշյալ սահ­մա­նադրաչափ հիմքի համատեքստում քրեադատավարական գործիքակազմերից են խափանման միջոցները, որոնք կոչված են ապահովելու քրեական վարույթի բնականոն ընթացքն ու արդյունավետությունը։

38. Խափանման միջոցները, դասակարգվելով կալանքի ու այլընտրանքային խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը և կիրառվում են բացառապես այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Մասնավորապես՝ խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա Օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

39. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ խափանման միջոցների կիրառման՝ Օրենսգրքով սահմանված հիմքերն արտա­ցոլում են խափանման միջոցների ինստիտուտի նպատակային նշանակությունը. hիմքերից յուրաքանչյուրը ներկայացնում է լեգիտիմ (սույն պարագայում՝ Սահմա­նադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում արտացոլված) նպատակ, որի իրագործումն անհրաժեշտ սահմանադրաչափություն է հաղորդում անձի նկատմամբ կիրառված էական իրավական սահմանափակումներին (ներառյալ՝ անձնական ազատության իրավունքի սահմանափակումը): Ի վերջո՝ խափանման յուրաքանչյուր միջոցի կիրառումը նպատակ է հետապնդում կանխելու մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծն ու ապահովելու քրեական վարույթի արդյունավետ ընթացքը:

40. Օրենսգրքի «Խափանման միջոցները» վերտառությամբ 115-րդ հոդվածը սահմանում է խափանման միջոցների տեսակները (դրանց սպառիչ ցանկը), ինչպիսիք են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները, որոնք են՝

1) տնային կալանքը,

2) վարչական հսկողությունը,

3) գրավը,

4) պաշտոնավարման կասեցումը,

5) բացակայելու արգելքը,

6) երաշխավորությունը,

7) դաստիարակչական հսկողությունը,

8) զինվորական հսկողությունը:

41. Կալանքը՝ որպես խափանման առավելագույն խիստ միջոց, ելնելով համաչափության սկզբունքից, ընտրվում է այլընտրանքային համարվող առավել մեղմ խափանման միջոցների, այդ թվում նաև՝ տնային կալանքի կիրառման անհնա­րինության դեպքում: Միևնույն ժամանակ, տնային կալանքը՝ որպես այլընտրանքային առավել խիստ խափանման միջոց, ընտրվում է այլ՝ իրավունքներին միջամտության առավել նվազ ինտենսիվություն ունեցող այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինության դեպքում:

42. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանա­գրում է, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք է, որը թույլ է տալիս անհատականացնել յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ կոնկրետ խափան­ման միջոցի կիրառումը և խուսափել առավել խիստ միջոցների անհարկի կիրառումից: Այլընտրանքային խափանման միջոցները հնարավորություն են տալիս ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, կանխելու Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը։ Ըստ այդմ՝ այլ­ընտրանքային խափանման միջոցների առկայությունն ու լայն կիրառումը քրեա­դատավարական կարևոր գործիքակազմ է, որն ուղղված է վարույթի ընթացքում մարդու իրավունքների պահպանմանը, քրեական վարույթի բնականոն ընթացքի և արդյունավետության ապահովմանը:

43. Օրենսգրքի «Տնային կալանքը» վերտառությամբ 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմա­նափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:

44. Տնային կալանքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները վկայում են կալանքի հետ առավելագույն ընդհանրությունների մասին, որի կիրառման արդյունքում` 1) անձի ազատությունը սահմանափակվում է, և 2) այդ սահ­մանափակումը տեղի է ունենում ոչ թե ազատության սահմանափակման համար նախատեսված հատուկ հաստատությունում, այլ դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքում:

45. Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցն ընտրելիս դատարանի կողմից կարող են սահմանվել հատուկ արգելքներ ու սահմանափակումներ. դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև` 1) ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, 2) շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց: Ընդ որում՝ անձի նկատմամբ կարող են կիրառվել ինչպես բոլոր արգելքները միաժամանակ, այնպես էլ միայն դրանցից մեկը կամ մի քանիսը:

46. Եվրոպական դատարանն իր իրավական դիրքորոշումներում արդարացիորեն նույնացրել է կալանքի ու տնային կալանքի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով, հետևանքային ազդեցությունը: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանի նախադե­պային իրավունքի համաձայն՝ տնային կալանքը, ելնելով դրա աստիճանից և ինտեն­սիվությունից, դիտվում է որպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ազատությունից զրկում (տե´ս Buzadji v. the Republic of Moldova [GC], Application no. 23755/07, 05.07.2016, §104)4: Տնային կալանքի վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային որո­շումների համաձայն` տնային կալանքի սխալ կիրառումը հանգեցնում է ոչ միայն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության, այլև տեղաշարժի ազատության իրավունքների խախտման (տե´ս Guzzardi v. Italy, Application no. 7367/76), 06.11.1980, §92 և §93;5 De Tommaso v. Italy, Application no. 43395/09, 23.02.2017, §85-87)6:

47. Միաժամանակ, Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ չնայած այն հանգամանքին, որ տնային կալանքն ավելի նվազ սահմանափակումներ, նվազ անհարմարություններ և տառապանք է առաջացնում անձի համար, քան կալանավորումը քրեակատարողական հիմնարկում, քանի որ կալանավորված անձը ստիպված է ինտեգրվել նոր և որոշ դեպքերում նաև անբարեհաճ միջավայրում, կիսել իր միջոցներն ու գործունեությունը այլ խցակիցների հետ, հետևել կարգապահությանն ու իշխանությունների կողմից ենթարկվել տարբեր աստիճանի վերահսկողության ողջ օրվա ընթացքում, սակայն որևէ տարբերություն չկա ազատազրկման տարբեր տեսակների միջև։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ «ազատազրկման աստիճան» ու «ինտենսիվություն» արտահայտությունները՝ որպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառման չափանիշներ, վերաբերում են բացառապես անձի ազատության իրավունքի սահ­մանափակմանը, այլ ոչ ազատազրկման վայրերի ներքին ռեժիմի կամ հարմա­րա­վետության տարբերություններին (տե´ս Buzadji v. the Republic of Moldova [GC], Application no. 23755/07, 05.07.2016, §112-113):

48. Վերոբերյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ Եվրոպական դատարանն ըստ էության տնային կալանքի կիրառումը դիտում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում` տնային կալանքը դիտելով կալանքի համար նախատեսված երաշխիքների լույսի ներքո:

49. Վերոգրյալ հիմնադրույթներից ելնելով՝ օրենսդիրն Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասում «հստակ և ուղղակի հղմամբ» ամրագրել է, որ տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար Օրենսգրքով սահմանված դրույթները, ինչը, ի թիվս այլնի, նշանակում է, որ.

1. Տնային կալանքի նկատմամբ կիրառվում են, mutatis mutandis, կալանքի իրավաչափության առանձնահատկությունները, ուստի՝

ա. կալանքի (տնային կալանքի) ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հան­գամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence), ինչպես նաև տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտությունը (Օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մաս),

բ. կալանք (տնային կալանք) կիրառելու կամ կալանքի (տնային կալանքի) ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ կարող է սահմանափակվել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, եթե փաստական հան­գամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմ­նա­վորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմա­նափակման անհրաժեշտությունը, ներառյալ ժամկետին և անձանց շրջանակին վերաբերող պայմանները (Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մաս):

2. Տնային կալանքի նկատմամբ կիրառվում են կալանքի ժամկետները, ուստի՝

ա. անձին կարելի է կալանքի (տնային կալանքի) տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի (տնային կալանքի) տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել Օրենսգրքով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մաս),

բ. մինչդատական վարույթում կալանքը (տնային կալանքը) կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով` պահպանելով Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված մինչ­դատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մաս),

գ. մինչդատական վարույթում կալանքի (տնային կալանքի) տակ պահելու առավելագույն ժամկետն է` 1) չորս ամիս` ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), 2) վեց ամիս` միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), 3) տասը ամիս` ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ), 4) տասներկու ամիս՝ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ),

դ. դատական վարույթում կալանքը (տնային կալանքը) կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մաս),

ե. կալանքի (տնային կալանքի) տակ պահելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրվող հանցանքի համար նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 5-րդ մաս),

զ. կալանքի (տնային կալանքի) տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: Կալանքի (տնային կալանքի) տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է նաև այն ժամանակը, երբ մեղադրյալը դատարանի որոշմամբ գտնվել է բժշկական հաստատությունում` փորձաքննություն կատարելու համար, կամ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառվել է բժշկական հսկողությունը (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ մաս),

է. կալանքի (տնային կալանքի) տակ պահելու ընդհանուր ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում անձը արգելանքի տակ է գտնվել այլ պետության տարածքում` պայմանավորված վարույթի փոխանցմամբ կամ անձի հանձնմամբ (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ մաս):

3. Տնային կալանքի նկատմամբ կիրառվում են կալանքից ազատման հիմքերը, ուստի՝

ա. իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից (տնային կալանքից), եթե՝ 1) վերացել է անձին կալանքի (տնային կալանքի) տակ պահելու հիմքը կամ անհրաժեշտությունը (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), 2) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ), 3) մեղադրյալի նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ), 4) դատարանը մեղադրյալի նկատմամբ նշանակել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ), 5) լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի (տնային կալանքի) ժամկետը, և չի ստացվել այն երկա­րաձգելու մասին դատարանի որոշումը (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ), 6) լրացել է անձին կալանքի (տնային կալանքի) տակ պահելու՝ Օրենսգրքով սահմանված առա­վելագույն ժամկետը (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ), 7) Օրենսգրքով սահմանված կարգով կալանքը (տնային կալանքը) որպես խափանման միջոց փոխվել կամ վերացվել է (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ),

բ. դատարանը վերոնշյալ 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում մեղադ­րյալին կալանքից (տնային կալանքից) ազատում է անմիջապես դատական նիստի դահլիճում (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մաս),

գ. իրավասու անձը, վերոնշյալ 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում, մեղադրյալին անմիջապես ազատում է կալանքից (տնային կալանքից) (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մաս):

4. Տնային կալանքի նկատմամբ կիրառվում են կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու պայմանները, ուստի՝

ա. կալանքից (տնային կալանքից) ազատված անձի նկատմամբ չի կարող կրկին կիրառվել կալանք (տնային կալանք) նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից (տնային կալանքից) ազատելու պահին (Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մաս),

բ. եթե կալանքից (տնային կալանքից) ազատված անձի նկատմամբ նորից է կիրառվում կալանք (տնային կալանք), ապա նրան կալանքի (տնային կալանքի) տակ պահելու առավելագույն թույլատրելի ժամկետը որոշելիս հաշվարկվում է նաև մինչև կալանքից (տնային կալանքից) ազատվելը կալանքի (տնային կալանքի) տակ նրա եղած ժամանակը (Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մաս):

5. Տնային կալանքի նկատմամբ կիրառվում են կալանքի բողոքարկման կանոնները (Օրենսգրքի՝ «Հատուկ վերանայումը» վերտառությամբ 48-րդ գլխով նախատեսված կարգավորումներ):

50. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ նաև Վճռաբեկ դատարանը 2024 թվականի hnւնիuի 28-ի ՀԿԴ/0233/06/23 որոշման մեջ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի ուժով տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սահմանված դրույթները։ Այլ կերպ՝ օրենսդիրը կիրառման հիմքերի և պայմանների առումով իրավացիորեն նույնացնում է կալանքն ու տնային կալանքը (...)»7:

51. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանա­գրում է, որ օրենսդիրը, ի ապահովումն անձի անձնական ազատության սահմա­նադրական իրավունքի, հաշվի առնելով կալանքի և տնային կալանքի սահ­մանադրորեն երաշխավորված նշյալ իրավունքին միջամտության ինտենսիվությունը, սահմանել է, որ իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից (տնային կալանքից), եթե լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի (տնային կալանքի) ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը: Հետևաբար` մեղադրյալը ձեռք է բերում կալանքից ազատված անձի կարգավիճակ, որի նկատմամբ գործում է ազատության կանխավարկածը:

Բացի դրանից, օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից (տնային կալանքից) ազատված կամ այն անձի նկատմամբ նույն մեղադրանքով կալանավորումը (տնային կալանքը) որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարան կրկին ներկայացնելու համար, որի վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է: Մասնավորապես՝ անձին կալանավորելու (տնային կալանք կիրառելու) միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել միայն բացառիկ դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրա­կանացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից (տնային կալանքից) ազատելիս կամ կալանավորումը (տնային կալանքը) որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը (տնային կալանքը) որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։

52. «Նոր էական հանգամանքներ» ներկայացնելու օրենսդրական պահանջը վերաբերում է այն դեպքերին, երբ անձն ազատվում է կալանքից (տնային կալանքից) (անկախ հիմքից և իրավիճակից), որից հետո ներկայացվում է միջնորդություն (կամ դատարանը սեփական նախաձեռնությամբ է քննարկում այդ հարցը) նրան կրկին կալանավորելու (տնային կալանք կիրառելու) համար, իսկ եթե արդեն միջնորդությունը ներկայացված է եղել, ապա խոսքը ոչ թե կրկին կալանավորելու (տնային կալանք կիրառելու) մասին է, այլ արդեն իսկ եղած կալանքի (տնային կալանքի) ժամկետի երկարաձգման, որի համար օրենսդիրը չի սահմանել «նոր էական հանգամանքներ» ներկայացնելու պահանջ: Ի տարբերություն առաջին անգամ կալանավորվող անձանց՝ կալանքից ազատված անձանց կրկին կալանավորելու համար օրենսդիրը սահմանել է ավելի խիստ պահանջներ, այն է՝ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգա­մանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին (Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մաս)։

Վճռաբեկ դատարանը, քննության առնելով Վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի պաշտպանների հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, 2025 թվականի փետրվարի 28-ի ԱՐԴ/0180/01/23 որոշմամբ ևս արձանագրել է. «(…) 12.2. ... որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի` օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար, եթե նրա վերաբերյալ միջնորդությունը մերժվել է կամ վերջինս համապատասխան որոշմամբ ազատվել է կալանքից: Այսպես, անձը կրկին կարող է կալանավորվել միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մե­ղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը»:

53. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 120-րդ հոդվածի իմաստով տնային կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին տնային կալանքից ազատելու պահին: Ընդ որում՝ տնային կալանքի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձնական ազատության իրավունքի երաշ­խա­վորման համատեքստում՝ դատարանի կողմից չի կարող տնային կալանք կիրառվել այն դեպքում, երբ նույն պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումները 1) արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նու՛յն մեղադրանքով, նու՛յն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար, կամ 2) արդեն իսկ հանդիսացել են հիմք` անձի քննարկվող իրավունքի սահմանափակման համար:

54. Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված իրավունքի սահմանադրական բովանդակության հետ անհամատեղելի է իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված այն մեկնաբանությունը, որ Օրենսգրքի 121-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի նկատմամբ:

55. Սահմանադրական դատարանը ուշադրություն է հրավիրում այն հան­գամանքի վրա, որ, ըստ Ազգային ժողովի` որպես պատասխանողի բացա­տրության՝ օրենսդիրը ևս՝ ա) տնային կալանքը՝ որպես խափանման միջոց, իր իրավական բնույթով և կար­գավորման առանձնահատկությունների տեսանկյունից համարժեք է համարել կալանքին, բ) Օրենսգրքում տնային կալանքի հարա­բերությունները կարգավորելիս ուղղակի կերպով հղում է կատարել կալանքի վերաբերյալ նորմերին, գ) նշյալ խափանման միջոցի կրկնակի կիրառման իրա­վաչափությունը պայմանա­վորել է նոր էական հանգամանքների առկայությամբ, դ) հետևաբար՝ «նույն քրեական վարույթի շրջանակներում, նույն մեղադրանքով մեղադրյալի նկատմամբ, առանց նոր էական հանգամանքների ի հայտ գալու, կրկին տնային կալանքի կիրառումը» գնահատել է որպես «քրեական դատավարության սկզբունքներին հակասող»` բխեցնելով դա անձի անձնական ազատության և արդար դատաքննության հիմնական իրավունքներից:

56. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հայկ Սուրենի Մելքոնյանի նկատմամբ համակցված կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները: Դատարանի 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Հայկ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը: Նույն որոշմամբ սահմանափակվել է նաև Հայկ Մելքոնյանի այլ անձանց հետ շփում ունենալու, հաղորդակցության այլ ձևերից օգտվելու իրավունքը։

57. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննության առնելու մասին Դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով մեղադրյալ Հայկ Սուրենի Մելքոնյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամանակով՝ արձանագրելով, «() որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն տնային կալանք այլ­ընտ­րան­քային խափանման միջոցի նկատմամբ, քանի որ օրենսդիրը, «կալանք» խափանման միջոցը գնահատելով որպես ամենախիստ խափանման միջոց՝ դրա կրկին կիրառման համար նախատեսել է նոր էական հանգամանքների և դրանց քննարկման իմպերատիվ անհրաժեշտությունը»։

58. Դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին լրացել է մեղադրյալ Հայկ Մելքոնյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված տնային կալանքի ժամկետը, և վերջինս փաստացի ձեռք է բերել Օրենսգրքի 120-րդ հոդվածի իմաստով կալանքից (տնային կալանքից) ազատվածի կարգավիճակ` այդպիսով օգտվելով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված՝ կալանքից (տնային կալանքից) ազատված անձին կրկին կալանավորելու դատավարական երաշխիքներից:

59. Վերոգրյալ հիմքերով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդ­վածի 5-րդ մասին սույն գործով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնա­բանության կիրառումը հանգեցրել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմնական իրավունքների խախտման:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի վերաբերյալ համապատասխան դրույթները, այդ թվում՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու երաշխիքները:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասը Դիմողի նկատ­մամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնա­բանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

____________________________

1 Սույն գործի դատավարական նախապատմությունը ներկայացվում է՝ ըստ Դիմողի ներկայացրած տվյալների, դիմումին կից ներկայացված դատական ակտերի, ինչպես նաև www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով առկա տեղեկատվության։

2 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-77177:

3 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-97979:

4 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-164928:

5 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/fre?i=001-57498:

6 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/fre?i=001-171804:

7 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.cassationcourt.am/en/precedent/precedent-single-decision/anticoruption-criminal-cases/2432

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

30 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴՈ-1798

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական: