ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի ապրիլի 8-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Միջնակարգ կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. ապրիլի 22 Երևան ՀՕ-21-Ն |