«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60204118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 մայիսի 2004 թ. |
N 8-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
Հաստատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
Նախագահ |
Գ. Ամալյան |
Հավելված |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
Կ Ա Ր Գ
1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ՝ լրագրող) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի՝ Հանձնաժողովում գործունեության կազմակերպման հիմնադրույթները:
Սույն կարգի նպատակն է ապահովել Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և լրագրողների համար ստեղծել այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու բարենպաստ պայմաններ:
(1-ին կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
2. Լրագրողի հավատարմագրումը և Հանձնաժողովի տարածքում հավատարմագրված լրագրողի գործունեությունը կանոնակարգվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով՝ խոսքի ազատության ապահովման միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. Հանձնաժողովը՝
ա) չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է Հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը (այսուհետ` Հանձնաժողովի միջոցառումներ):
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը:
(3-րդ կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
4. Հանձնաժողովը ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր Հանձնաժողովի գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրելու միջոցով:
Հանձնաժողովի նախագահն առնվազն տարին մեկ անգամ Հանձնաժողովի գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսում՝ Հանձնաժողովում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:
(4-րդ կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
5. Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժինը (այսուհետ՝ Հանձնաժողովի պատասխանատու):
(5-րդ կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
6. Հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողներին հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը հայտ է ներկայացնում Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (այսուհետ՝ հայտ)՝ լրացնելով լրագրողների հավատարմագրում դաշտը՝ նշելով՝
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի անվանումը.
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները (ինչպես նաև պաշտոնական կայքէջի և սոցիալական ցանցերի հասցեները), հեռախոսահամարներն:
(6-րդ կետը փոփ., լրաց. 26.09.25 թիվ 115-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 26.09.25 թիվ 115-Ն)
8․Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով։
(8-րդ կետը խմբ. 26.09.25 թիվ 115-Ն)
9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:
10. Հանձնաժողովը սույն կարգի 6-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
(10-րդ կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված հայտը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու՝ սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
(11-րդ կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
12․ Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Հանձնաժողովի անցագրային կետ։
(12-րդ կետը խմբ. 26.09.25 թիվ 115-Ն)
Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան՝ այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:
13. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե՝
ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
գ) նա տարածել է Հանձնաժողովի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Հանձնաժողովի պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին եռօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
(13-րդ կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հայտին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման լրացուցիչ հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի՝ Հանձնաժողովում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հայտը:
(14-րդ կետը փոփ. 26.09.25 թիվ 115-Ն)
15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝
ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.
բ) նախապես տեղեկացված լինելու Հանձնաժողովի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.
գ) մասնակցելու Հանձնաժողովի միջոցառումներին.
դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից:
16. Հանձնաժողովի պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ կառուցվածքային ստորաբաժանումներ և հանդիպումներ Հանձնաժողովի պաշտոնատար անձանց հետ:
17. Հանձնաժողովի միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե Հանձնաժողովի պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
18. Հանձնաժողովի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը Հանձնաժողով համաձայնեցվում է Հանձնաժողովի պատասխանատուի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը Հանձնաժողով է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ առանց Հանձնաժողովի տարածք մուտքի անցագրի:
19. Հանձնաժողովի պատասխանատուի՝ Հանձնաժողովի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 26.09.25 թիվ 115-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.09.2025, թիվ 115-Ն | 12.10.2025, N 8-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|