ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2025 թվականի N 1387-Ն
«ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 11.210.02011, գրանցման օրը՝ 2003-02-06, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Բարեկամության հրապարակ 5, 2201) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286․210․04845, գրանցման օրը՝ 2003-02-05, հասցեն՝ քաղ. Երևան, Արամի փողոց 1):
2․ Ստեղծել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ։
3. Սահմանել, որ՝
1) «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
4․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում՝
1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող՝ փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորություններ) փոխանցման ակտը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.
2) ապահովել՝
ա․ «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող՝ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ․ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,
գ․ «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո չորսամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 02/0015 և 2023 թվականի մայիսի 17-ի՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 26/0023 պայմանագրերում որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
02.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|