Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2017-14.07.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.37
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, Պաշտպանի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ պետական ծառայող) իրավական կարգավիճակի, նրանց պաշտոնի նշանակման և ազատման, դասային աստիճաններ շնորհելու, պետական ծառայության կազմակերպման և ղեկավարման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը

 

1. Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

2. Պաշտպանին է վերապահված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը (այսուհետ՝ կանխարգելման ազգային մեխանիզմ):

3. Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

 

Հոդված 3. Պաշտպանի գործունեության սկզբունքները

 

1. Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով։

 

Հոդված 4. Պաշտպանի` այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը

 

1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Պաշտպանը կարող է անդամակցել կամ այլ կերպ ներգրավվել մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներին, ինչպես նաև չի ազդում նրա անկողմնակալության վրա:

3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 5. Պաշտպանի անկախությունը

 

1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 6. Պաշտպանի անձեռնմխելիությունը

 

1. Պաշտպանն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի՝ իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար:

2. Պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, Պաշտպանը կարող է ազատությունից զրկվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

3. Պաշտպանն առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պաշտպանին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

4. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ։

5. Պաշտպանի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական հաղորդումները և հաղորդակցության այլ ձևերը ենթակա են վերահսկման միայն դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ, եթե դա կապված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարումը կանխելու կամ բացահայտելու անհրաժեշտության հետ:

 

Հոդված 7. Պաշտպանի անվտանգությունը

 

1. Պաշտպանը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները Պաշտպանի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Պաշտպանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով։

 

Հոդված 8. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը և սոցիալական երաշխիքները

 

1. Պաշտպանի և նրա աշխատակազմի բնականոն գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում:

2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:

3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:

5. Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։

6. Պաշտպանը մասնակցում է Ազգային ժողովում «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ֆինանսավորմանը վերաբերող մասերի քննարկմանը:

7. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

8. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

Հոդված 9. Պաշտպանի գործունեությանն աջակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պարտականությունը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով Պաշտպանին անվճար և հնարավոր կարճ ժամկետում տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ կերպ աջակցել նրա աշխատանքներին:

2. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները և պարզաբանումները պետք է Պաշտպանին ուղարկվեն հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի կարճ ժամկետ նշված չէ:

3. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից: Արագ արձագանքման շրջանակներում Պաշտպանի պահանջի դեպքում սույն մասում նշված մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք և ներկայացուցիչները պարտավոր են Պաշտպանին կամ նրա ներկայացուցիչներին տրամադրել անհապաղ աջակցություն:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման:

5. Պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթերը, ինչպես նաև Պաշտպանի հարցումները կամ նրա կողմից ուղարկվող այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ գրաքննության: Դրանք իրավասու մարմինների կամ կազմակերպությունների կողմից ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին:

 

Հոդված 10. Պատասխանատվությունը Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար

 

1. Պաշտպանի գործունեությանը օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն արգելվում է:

2. Պաշտպանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։

3. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները սույն օրենքին համապատասխան սահմանված ժամկետներում չտրամադրելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

 

Հոդված 11. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների գործունեության երաշխիքները

 

1. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձի կամ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի նկատմամբ որևէ հիմքով քրեական հետապնդում հարուցվելու կամ նրան ազատությունից որևէ կերպ զրկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Պաշտպանին` համապատասխան անձի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուց անմիջապես հետո:

2. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները կարող են բացատրություն տալ կամ հարցաքննվել Պաշտպանին հասցեագրված դիմումների կամ բողոքների էության կամ դրանց ուսումնասիրությունների արդյունքում Պաշտպանի կայացրած որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դրանք այլ անձանց տրամադրել ծանոթացման՝ միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12. Պաշտպանի ընտրությունը

 

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

3. Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:

4. Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից։

5. Պաշտպանի ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում:

 

Հոդված 13. Պաշտպանի լիազորությունները դադարելը

 

1. Պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

2. Հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում:

3. Պաշտպանի լիազորությունների ժամկետն ավարտված է համարվում նրա՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքի, համապատասխան տեղեկությունն ստանալու պահից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին: Հրաժարականի դեպքում սույն մասում նշված հաղորդագրությունը հրապարակվում է Պաշտպանի կողմից կրկին հրաժարականի դիմում ներկայացվելուց հետո:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 14. Պաշտպանին փոխարինելը

 

1. Պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում, այդ թվում՝ արձակուրդում գտնվելու, գործուղման կամ լիազորությունների դադարման դեպքերում նրա որոշմամբ իրեն փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների հայեցողական պաշտոն զբաղեցնող ղեկավարներից մեկը:

2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը:

3. Պաշտպանի բացակայության ժամանակահատվածում նրան փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 35-րդ հոդվածի 4-րդ մասով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 15. Պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները

 

1. Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները.

2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները:

2. Սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանն օգտվում է սույն օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի քննարկման կապակցությամբ:

 

Հոդված 16. Պաշտպանին դիմելը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Պաշտպանին:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Պաշտպանին կարող են դիմել նաև բանավոր, որը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի կողմից ենթակա է գրավոր ձևակերպման:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով:

4. Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ օրինական ներկայացուցիչները, օրենքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբանները: Անձի ներկայացուցիչը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի պահանջով պարտավոր է ներկայացնել լիազորագիր, փաստաբանի արտոնագիր, իսկ իրավահաջորդը, ժառանգը պարտավոր են ներկայացնել համապատասխանաբար իրավահաջորդ կամ ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ:

5. Անձի գրավոր համաձայնությամբ նրա իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները։

6. Այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու համար լիազորագիր կամ գրավոր համաձայնություն չի պահանջվում, եթե դա կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները:

7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:

8. Պաշտպանին դիմելը կամ Պաշտպանի միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացրած անձի համար որևէ անբարենպաստ հետևանքի կամ անհավասար վերաբերմունքի կամ սպառնալիքի: Ցանկացած այդպիսի վերաբերմունք առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 17. Բողոք ներկայացնելու ժամկետները և պահանջները

 

1. Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:

2. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր ձևով:

3. Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում:

4. Բողոքը պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:

5. Առցանց բողոքների ներկայացման կարգը հաստատում է Պաշտպանը:

6. Բանավոր բողոքների բովանդակությունը և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տվյալները գրավոր արձանագրվում են Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի կողմից:

7. Պաշտպանին ներկայացված բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար։

 

Հոդված 18. Բողոքների կամ դրանց բովանդակության հրապարակումը

 

1. Մինչև բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք արդեն հրապարակված են բողոքը ներկայացնողի կամ այլ անձանց կողմից:

2. Իր գործունեության ընթացքում դիմողի կամ այլ անձի մասին իրեն հայտնի դարձած տվյալները Պաշտպանը կարող է հրապարակել միայն այդ անձանց գրավոր համաձայնությամբ:

 

Հոդված 19. Բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումները

 

1. Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքը քննարկման ընդունելու մասին.

2) բողոքը չքննարկելու մասին.

3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.

4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Պաշտպանը կարող է ընդունել նաև որոշում սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին:

4. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման կապակցությամբ Պաշտպանի կայացրած որոշումները բողոքարկման ենթակա չեն:

 

Հոդված 20. Բողոքը քննարկման ընդունելը

 

1. Պաշտպանը կայացնում է բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում, եթե բողոքում շարադրված տեղեկությունները վկայում են մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, և առկա են բողոքը Պաշտպանին քննարկման ենթակա լինելու՝ սույն օրենքով սահմանված պայմանները:

2. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի պետական կամ տեղական ինքնակառավարման այն մարմինը կամ այդ մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է:

3. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ Պաշտպանը բողոքը ներկայացրած անձին ծանուցում է առ այն, որ Պաշտպանին բողոք ներկայացնելը չի կասեցնում իր խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները:

 

Հոդված 21. Բողոքը չքննարկելը

 

1. Պաշտպանը կայացնում է որոշում բողոքը չքննարկելու մասին, եթե բողոքում բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորությունների շրջանակից, կամ առկա են բողոքը չքննարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:

2. Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք անանուն են, ինչպես նաև այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները: Բողոքը չի քննարկվում այն դեպքում, երբ պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

3. Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում կամ չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, կամ բողոքի բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը: Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոք ներկայացնելուց հետո շահագրգիռ անձը բողոքում նշված նույն հիմքով և առարկայով հայց կամ բողոք է ներկայացրել դատարան, կամ առկա է նույն հիմքով և նույն առարկայով հայցի կամ բողոքի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ:

4. Պաշտպանը բողոքը չի քննարկում նաև այն դեպքում, երբ պահպանված չեն սույն օրենքով բողոքի համար սահմանված պահանջները, կամ բողոք ներկայացրած անձն այն անհետևանք թողնելու կամ չքննարկելու խնդրանքով դիմել է Պաշտպանին:

5. Բողոքը չքննարկելու մասին որոշում կայացնելիս Պաշտպանը բողոք ներկայացրած անձին պարզաբանում է բողոքը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:

6. Եթե Պաշտպանի կայացրած բողոքը չքննարկելու մասին որոշումից հետո բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություններով բողոք, և եթե Պաշտպանը համարում է, որ նոր տեղեկություններով բողոքը վկայում է իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման մասին, ապա Պաշտպանը կայացնում է սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված որոշումներից մեկը։

 

Հոդված 22. Բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելը

 

1. Պաշտպանը կայացնում է բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին որոշում, եթե ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, սակայն բողոքի ուսումնասիրությունը վկայում է, որ անհրաժեշտ է շահագրգիռ անձին մանրամասն պարզաբանել իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունների մասին:

2. Որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին՝ այդ որոշման առանձին հավելվածով ներկայացնելով բողոք ներկայացրած անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից նա չի օգտվել կամ կարող է օգտվել:

 

Հոդված 23. Բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելը

 

1. Եթե բողոքում բարձրացված հարցը բնույթով այնպիսին է, որ կարող է լուծել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, կազմակերպություն կամ դրանց պաշտոնատար անձը կամ ներկայացուցիչը, և եթե բողոքում բարձրացված հարցը այդ մարմնի կամ կազմակերպության կողմից նախապես չի քննարկվել, ապա Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել նրան` ողջամիտ ժամկետի ընթացքում պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում բողոքը ներկայացրած անձի համաձայնությամբ Պաշտպանը կայացնում է որոշում բողոքն այն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության կամ դրա պաշտոնատար անձի քննարկմանը փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը:

3. Սույն հոդվածով սահմանված՝ բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելու մասին որոշում կայացվելու դեպքում բողոք ներկայացրած անձը գրավոր տեղեկացվում է, որ բողոքն այլ մարմնի քննարկմանն է փոխանցվել՝ նրան ուղարկելով որոշման օրինակը:

 

Հոդված 24. Պաշտպանի լիազորությունները բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում

 

1. Բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է՝

1) անարգել այցելելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն, ներառյալ` զորամասեր, ինչպես նաև ազատությունից զրկման վայրեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջելու և ստանալու բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող՝ Պաշտպանի գնահատմամբ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ, ինչպես նաև աջակցություն այդ հաստատություններ կատարվող այցերի ընթացքում.

3) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալու քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.

4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման դեպքերում սկսված քննարկման ընթացքում անարգել այցելելու այդ կազմակերպություններ, դրանք ներկայացնող իրավասու անձանցից պահանջել և ստանալ բողոքին կամ հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր կամ փաստաթղթեր.

5) դիմելու իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման առնչությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու համար: Փորձաքննությունների իրականացման և եզրակացությունների տրամադրմանն առնչվող ֆինանսական ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին.

6) ծանոթանալու քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը, կամ կարճվել է քրեական գործի վարույթը, ստանալու դրանք էլեկտրոնային կամ այլ նյութական կրիչներով.

7) դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ:

2. Պաշտպանը գրավոր որոշմամբ կարող է աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց հանձնարարել իրականացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ:

3. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կամ նրա կողմից այդ նպատակով հատուկ լիազորված անձը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

4. Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Նա կարող է տեղեկություններ պահանջել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից, եթե դա կապված է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման, ինչպես նաև տարեկան հաղորդում կամ հրապարակային զեկույց կազմելու հետ՝ առանց կոնկրետ գործով վարույթին միջամտելու:

 

Հոդված 25. Պաշտպանի հարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացքում

 

1. Բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը:

2. Տեղեկություններ կամ պարզաբանումներ կամ նյութեր կամ փաստաթղթեր ներկայացնելու պահանջները կարող են հասցեագրվել մեկից ավելի մարմինների: Բողոքի քննարկման վերաբերյալ ստացված տարբեր պարզաբանումների արդյունքում մինչև վերջնական որոշում կայացնելը Պաշտպանը կարող է քննարկման միջանկյալ արդյունքներով դիմել սույն հոդվածում նշված մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց:

3. Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների և ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով սույն հոդվածում նշված մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկելու խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ:

 

Հոդված 26. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման արդյունքում պաշտպանի կողմից ընդունվող որոշումները

 

1. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում.

2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե քննարկման ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում չի հայտնաբերվել.

3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.

4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված որոշումը կայացնելու դեպքում Պաշտպանը խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպությանն առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը՝ նշելով մարդու իրավունքների կամ ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները:

3. Պաշտպանը բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկում է բողոք ներկայացրած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:

4. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպություն, որոնց որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները: Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Պաշտպանը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Պաշտպանի առաջարկը և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին: Պաշտպանի առաջարկած կարգապահական տույժի տեսակը չընտրելու կամ անձին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքում իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է Պաշտպանին ներկայացնել համապատասխան հիմնավորում: Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, ապա Պաշտպանը կարող է պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմել իրավասու վարչական մարմիններին:

6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր առաջարկությանը չպատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի առաջարկության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատասխանների հետ միասին կամ առանց դրանց:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

Հոդված 27. Պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ

 

1. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեության նպատակն է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելումը սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ազատությունից զրկման վայրերում:

2. Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում ստեղծվում է առանձնացված ստորաբաժանում:

 

Հոդված 28. Պաշտպանի լիազորությունները՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ

 

1. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն իրավասու է՝

1) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ իր ընտրությամբ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին.

2) իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որևէ մարմնի կամ երրորդ անձի կողմից.

3) իրավասու մարմիններին և կազմակերպություններին ներկայացնելու առաջարկություններ՝ ազատությունից զրկման ցանկացած վայրում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու, ինչպես նաև խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով.

4) ստանալու տեղեկություններ ազատությունից զրկման վայրերի քանակի և տեղակայման, ինչպես նաև այնտեղ գտնվող անձանց քանակի վերաբերյալ.

5) ստանալու տեղեկություններ և պարզաբանումներ ազատությունից զրկման վայրում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց պահման պայմանների, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ.

6) ծանոթանալու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանալու դրանց պատճենները.

7) իրավասու մարմիններին ներկայացնելու իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ առաջարկություններ.

8) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունները ենթակա են պաշտպանության: Անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման՝ առանց անձի գրավոր համաձայնության:

3. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն ապահովում է մշտական կապ ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի, ինչպես նաև միջազգային համապատասխան այլ կազմակերպությունների հետ, այդ թվում՝ տեղեկությունների փոխանակման և նրանց հետ հանդիպումների միջոցով:

4. Սույն օրենքի իմաստով՝ ազատությունից զրկման վայրեր են համարվում՝

1) ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերը.

2) քրեակատարողական հիմնարկները.

3) հոգեբուժական կազմակերպությունները.

4) կայազորային կարգապահական մեկուսարանները.

5) ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները.

6) ցանկացած այլ վայր, որտեղ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, հրամանով կամ ցուցումով, նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկված լինել ազատությունից, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության:

5. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով այդ մասին պաշտոնական կայքում կամ հրապարակային այլ աղբյուրներով արված հայտարարությամբ առաջադրված պահանջների հիման վրա Պաշտպանի կողմից ներգրավվում են անկախ մասնագետներ և (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ձեռք են բերում կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի կարգավիճակ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված փորձագետները կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներին ներգրավվում են նրանց հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա: Նրանց աշխատանքի վարձատրությունն իրականացվում է Պաշտպանի սահմանած կարգով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից: Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների աշխատակարգը, ինչպես նաև նրանց վարքագծի կանոնները սահմանում է Պաշտպանը:

7. Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողների և փորձագետների կողմից սույն հոդվածի 1-ին մասով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով:

 

Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման հարցում

 

1. Պաշտպանն իրավասու է մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնելու գրավոր կարծիք:

2. Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իր գործունեության ընթացքում պարզում է, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերը օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում, ապա Պաշտպանը կարող է համապատասխան առաջարկություն ներկայացնել իրավական ակտն ընդունող մարմին՝ նշելով իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունն ու սահմանները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջարկությունը ստացած մարմինը պարտավոր է այն քննարկել և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին:

4. Պաշտպանն իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

5. Պաշտպանը կարող է իրականացնել իր աշխատակազմի, ինչպես նաև շահառու մարմինների և կազմակերպությունների՝ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:

 

Հոդված 30. Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության հարցում

 

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պաշտպանն իրավասու է՝

1) իրականացնելու օրենսդրության՝ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթներին համապատասխանության մշտադիտարկում.

2) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին.

3) հանդես գալու երեխայի իրավունքներին առնչվող հատուկ հրապարակային զեկույցներով.

4) իրավասու մարմիններ ներկայացնելու երեխաների իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

5) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 31.

Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները

 

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

2. Պաշտպանի տարեկան հաղորդման կառուցվածքը, դրանում ներառված հարցերի շրջանակը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ներկայացված առաջարկների արտահայտման ձևը որոշում է Պաշտպանը: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին և հրապարակում նաև զանգվածային լրատվության միջոցներով:

3. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ նաև արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով, որոնք կարող են պարունակել ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր և փաստեր, այլև մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ:

4. Պաշտպանն ապահովում է հաղորդումների և զեկույցների հրապարակայնությունը:

5. Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ:

 

Հոդված 32. Պաշտպանի մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին

 

1. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:

2. Պաշտպանն իր կարգավիճակով չի կարող ելույթ ունենալ դատական նիստերի ընթացքում: Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը կարող է դիտարկման նպատակով ներկա լինել դռնբաց դատական նիստերին:

3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:

 

Հոդված 33. Պաշտպանին առընթեր խորհուրդը

 

1. Պաշտպանը կարող է ստեղծել իրեն առընթեր խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների բնագավառում անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:

2. Խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը:

3. Խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Պաշտպանը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, դասային աստիճաններ շնորհելու, թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթ անցկացնելու, պետական ծառայողների վերապատրաստման, կադրերի ռեզերվում ընդգրկելու, նրանց գործունեության գնահատման, փոխարինման, գործուղման, արձակուրդի տրամադրման, պետական ծառայողների սոցիալական երաշխիքների և դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաև «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն։

2. Պետական ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են Պաշտպանի հաստատած կարգապահական ներքին կանոններով։

3. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

 

Հոդված 35. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը և դասային աստիճանները

 

1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն է։ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է։

2. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն չի համարվում Պաշտպանի ներգրաված փորձագետների, մասնագետների և տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։

3. Պետական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) գլխավոր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.

3) առաջատար պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ.

4) կրտսեր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ։

4. Բոլոր պետական ծառայողներին Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Պաշտպանը:

 

Հոդված 36. Պաշտպանի աշխատակազմը

 

1. Պաշտպանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որի լիազորություններն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը:

2. Պաշտպանի աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:

3. Պաշտպանի աշխատակազմը կազմված է երկու դեպարտամենտից, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումից, քարտուղարությունից, մարզային և Պաշտպանի որոշմամբ ստեղծվող այլ ստորաբաժանումներից, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականներից, օգնականներից և մամուլի քարտուղարից: Դեպարտամենտները, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը և մարզային ստորաբաժանումները հանդիսանում են Պաշտպանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ:

4. Պաշտպանի որոշմամբ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք կարող են հանդես գալ որպես Պաշտպանի ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում:

 

Հոդված 37. Պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը

 

1. Քարտուղարությունը բաղկացած է քարտուղարության ղեկավարից, պետական ծառայողներից, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից:

2. Քարտուղարության կառուցվածքում ներառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները:

3. Քարտուղարության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Պաշտպանը։

4. Քարտուղարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Պաշտպանի հաստատած կանոնադրության հիման վրա:

5. Քարտուղարությունն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Քարտուղարությունն աջակցում է Պաշտպանի, նրա աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

 

Հոդված 38. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները

 

1. Պաշտպանի լիազորությունների արդյունավետ և լիարժեք իրականացումն ապահովում են Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները, որոնց միջև գործառույթների բաշխումը կատարում է Պաշտպանը։

2. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները գործում են Պաշտպանի անմիջական ենթակայությամբ։

3. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է Պաշտպանը։

4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումներում Պաշտպանի որոշմամբ ստեղծվում են Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումներ։

 

Հոդված 39. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումը և ղեկավարումը

 

1. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումն իրականացնում է Պաշտպանը: Պաշտպանը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը, ապահովում է դրանց առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացումը.

2) արձակում է պարտադիր կատարման ենթակա հրամաններ, հանձնարարականներ, ընդունում որոշումներ.

3) հաստատում և փոփոխում է Պաշտպանի աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը.

4) հաստատում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և պետական ծառայողների պաշտոնների անձնագրերը.

5) նշանակում և պաշտոնից ազատում է պետական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) սահմանում է պետական ծառայողների վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը, պետական ծառայողների վարքագծի կանոնները, ծառայողական քննություն անցկացնելու, գործավարության (փաստաթղթաշրջանառության), պետական ծառայողների անձնական գործերը վարելու կարգերը.

7) սահմանում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը, ինչպես նաև դրանց աշխատակարգը.

8) պետական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իր որոշմամբ գործուղում կամ տրամադրում է արձակուրդ.

9) տալիս է Պաշտպանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Քարտուղարության ղեկավարումն իրականացնում է քարտուղարության ղեկավարը։ Քարտուղարության ղեկավարը՝

1) օժանդակում է կադրային քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքներին.

2) նշանակում և պաշտոնից ազատում է քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

3) ապահովում է Պաշտպանի աշխատակազմի գործունեության վերլուծությունը և ամփոփումը.

4) իրականացնում է Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդունման և հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ կապված աշխատանքները.

5) վարում է աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերը.

6) ապահովում է համացանցում Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքները.

7) ապահովում է Պաշտպանի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաև պետական ծառայողների վերապատրաստման և գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացումը.

8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը: Ստորաբաժանման ղեկավարը`

1) ապահովում է ստորաբաժանման նպատակներից և խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.

2) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.

3) իր պատասխանատվության ոլորտներում վերահսկողություն է իրականացնում Պաշտպանի հանձնարարականների կատարման նկատմամբ, արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում Պաշտպանին.

4) Պաշտպանի հաստատած կարգով ապահովում է ստորաբաժանման պատասխանատվության ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը.

5) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

6) հանդիսանում է Պաշտպանի ներկայացուցիչը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.

7) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխարինում է Պաշտպանին.

8) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ իրականացնում է Պաշտպանի պատվիրակած լիազորությունները.

9) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 40. Պաշտպանի և նրա աշխատակազմի պետական ծառայողների վարձատրությունը

 

1. Պաշտպանի, նրա աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և պետական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 41. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-23-Ն օրենքը:

3. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, 33-րդ հոդվածը, ինչպես նաև 7-րդ գլուխը ուժի մեջ են մտնում 2017 թվականի մարտի 1-ից: Մինչ այդ գործում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-23-Ն օրենքով նախատեսված համապատասխան դրույթները:

4. Պաշտպանի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունները՝ կապված կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումների քննարկման հետ, ուժի մեջ են մտնում 2017 թվականի մարտի 1-ից:

 

Հոդված 42. Անցումային դրույթներ

 

1. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրություններն ու կառուցվածքը Պաշտպանը, սույն օրենքին համապատասխան, հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

2. Մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Պաշտպանի առաջարկությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 14

Երևան

ՀՕ-1-Ն