Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-182-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.996
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների և դրանց իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՆԿ-182-Ն

 

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2013 թ. հոկտեմբերի 23-ի

ՆԿ-182-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) նպատակաուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:

Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության համընթաց զարգացում և այդ ենթատեքստում էներգետիկան, որպես կարևորագույն ոլորտ, կոչված է ապահովելու երկրի այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար` միաժամանակ նվազեցնելով էներգիայի կորուստների մակարդակը:

 Մեր երկրի ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների առկայության պայմաններում էներգետիկ ապահովվածության համար հրամայական է դարձել էներգետիկ պաշարների, այդ թվում նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների (վերականգնվող էներգետիկա) լայնածավալ օգտագործումն ու լիակատար ներառումը վառելիքաէներգետիկ հաշվեկշռի մեջ:

Քանի որ Հայաստանում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարները, էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսության էներգաարդյունավետության բարձրացմամբ, ատոմային էներգետիկայի զարգացմամբ և վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործմամբ:

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի համառոտ բնութագիրը

 

1. Էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002-2012թթ. բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը` տարեկան 4.13% միջինացված ցուցանիշով, ընդ որում` բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560 հազ. (2008թ.) մինչև 644 հազ. (2012թ.):

2. Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության հետևանքով 2009թ. 2008թ. նկատմամբ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է շուրջ 8.1%-ով, իսկ բնական գազի սպառումը` շուրջ 20.3%-ով: Իսկ 2012թ. 2011թ. նկատմամբ տեղի է ունեցել ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ բնական գազի սպառման աճ, համապատասխանաբար` 5.1%-ով և 12.6%-ով: Իր հերթին բնական գազի գնի աճն ու էլեկտրաէներգիայի սակագնի անփոփոխ պահպանելու հանգամանքը շարունակում են բացասական ազդեցություն ունենալ էներգահամակարգի ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա:

3. Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային հզորությունը ներկայիս դրությամբ ավելցուկային է և կազմում է մոտ 4115 ՄՎտ (մեգավատ), որից տնօրինելին` մոտ 2700 ՄՎտ:

4. Էլեկտրակայանների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում բացահայտվել է, որ`

1) տեղակայված արտադրական հզորությունների 38%-ը շահագործվում է ավելի, քան 40 տարի,

2) ՋԷԿ-երի (ջերմային էլեկտրակայան) հիմնական սարքավորումների աշխատանքի տևողությունը անցել է սահմանային 200 հազ. ժամը, իսկ դրանց տեխնիկատնտեսական և բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին,

3) ՀԷԿ-երում (հիդրոէլեկտրակայան) (ՁորաՀԷԿ, Սևան-Հրազդան կասկադ, Որոտանի ՀԷԿ-երի համակարգ) տեղակայված սարքավորումների 70%-ը շահագործվում է ավելի, քան 40 տարի, իսկ 50%-ը՝ ավելի, քան 50 տարի,

4) Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվում է 2016թ.:

5. Ժամանակի հրամայական է դարձել արտադրական հզորությունների սերնդափոխության և արդիականացման հարցը, ինչը պահանջում է, որպեսզի բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումներն ու տեղակայանքները ապամոնտաժվեն նախապես մշակված ժամանակացույցի համաձայն՝ չազդելով համակարգի հուսալիության և անվտանգության աստիճանի վրա:

6. Սարքավորումների սերնդափոխության և արդիականացման անհրաժեշտություն է առաջացել նաև էլեկտրաէներգիայի ու բնական գազի հաղորդման և բաշխման ցանցերում, ինչպես նաև` բնական գազի պահպանման ստորգետնյա պահեստարանում:

7. Էլեկտրական էներգիայի և բնական գազի սպառման կառուցվածքում մոտ 40%-ի է հասնում ցածր լարման էլեկտրաէներգիայի և ցածր ճնշման բնական գազի սպառողների քանակը, ինչը մեծացնում է էներգիայի կորուստների մակարդակը:

8. Հանրապետության կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի փլուզման հետևանքով ջերմամատակարարման ոլորտի զարգացումն ընթանում է հիմնականում անհատական և տեղային ջերմամատակարարման ընդլայնման ուղղությամբ և անհրաժեշտություն է առաջացել համալիր մոտեցում ցուցաբերել՝ ներառելով էներգետիկական, էներգախնայողական, բնապահպանական, քաղաքաշինական, հարկային և վարկային խնդիրները:

 

2. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

2.1. Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը

 

9. Էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

1) տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-տնտեսական սրընթաց զարգացումներով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների ու պատերազմի պայմաններում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության ապահովմամբ,

2) Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և միջազգային կազմակերպությունների կողմից տարածաշրջանում իրականացվող տարածաշրջանային ծրագրերին մեր երկրի պատշաճ ներգրավվածության ապահովմամբ,

3) վառելիքաէներգետիկ ռեսուրսների երկարաժամկետ ռազմավարական պաշարներ ստեղծելու կարևորությամբ:

 

2.2. Հայեցակարգի ընդունման նախադրյալները

 

10. 1995թ. ի վեր իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք ուղղված են եղել` էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման կանխատեսումներին, գազամատակարարման համակարգի, նվազագույն ծախսերով արտադրական հզորությունների, էլեկտրաէներգիայի հաղորդող ցանցի, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացմանը, օրենսդրական դաշտի զարգացմանը, ինչպես նաև ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նպատակով ռազմավարության մշակմանը:

11. Ոլորտում իրականացվել են`

1) ՀԱԷԿ-ը շահագործումից առավել անվտանգ և սահուն հանելու նպատակով իրականացվել են`

ա. գնահատվել է ՀԱԷԿ-ի հնարավոր փակման հետ կապված հետևանքները և փոխարինող հզորությունների անհրաժեշտ ծավալների հիմնավորումները.

բ. գնահատվել է Հայաստանի Հանրապետության էներգիայի պահանջարկի բավարարման տարբերակները` ՀԱԷԿ-ի շահագործումից դուրս բերելու պարագայում.

գ. կազմվել է բնական գազի պահանջարկի կանխատեսումները` կախված ՀԱԷԿ-ի աշխատանքի դադարեցման ժամկետներից և այդ պարագայում բնական գազի պահանջարկի ապահովման գործում Հայաստան ներկրվող գազի ծավալների ավելացման հարցը` Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ճանապարհով.

դ. հաշվարկվել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավոր տարբերակներում էներգիայի և էլեկտրաէներգիայի պահանջարկը.

ե. մշակվել է էներգահամակարգի զարգացման տնտեսապես օպտիմալ պլանն ու սահմանվել է ատոմային էներգետիկայի դերը տնտեսական զարգացման գործում,

2) վերակազմավորման են ենթարկվել էլեկտրաէներգիայի և գազի սեկտորները: Մասնավորեցվել են գազամատակարարման համակարգը և բաշխիչ էլեկտրացանցը, ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադը, Հրազդանի Ջէկ-ը, ստեղծվել են էլեկտրաէներգետիկական շուկայի սպասարկումն ապահովող «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերություններն ու ներդրվել է շուկայի հետագա ազատականացմանը նպաստող համակարգ,

3) ավարտվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը,

4) կառուցվել է Կողբի գազաչափիչ հանգույցը և սարքավորումների արդիականացման աշխատանքներ են իրականացվել Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում,

5) ներդրվել է Էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված համակարգը,

6) օպտիմալացվել են արտադրող կայանների ռեժիմները, որի արդյունքում պահպանվել է էլեկտրաէներգիայի արտադրության հնարավոր նվազագույն սակագինը,

7) շարունակվում է 220 կՎ լարման հաղորդող ցանցի ենթակայանների արդիականացումը,

8) կառուցվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երկրորդ գիծը,

9) ավարտվել են էլեկտրաէներգիա բաշխող ցանցի 110 կՎ լարման` թվով 17 ենթակայանների արդիականացումն ու էներգահամակարգում ՍԿԱԴԱ համակարգի աստիճանական ներդրումը,

10) մասնավոր ներդրումների հաշվին 2004-2012թթ. ընթացքում կառուցվել և շահագործման են հանձնվել շուրջ 220 ՄՎտ տեղակայված հզորությամբ` թվով 137 փոքր ՀԷԿ-եր` տարեկան շուրջ 700,0 մլն կՎտ/ժ ընդհանուր նախագծային արտադրանքով,

11) շահագործման է հանձնվել 2,6 ՄՎտ հզորությամբ տարածաշրջանում առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը,

12) ավարտվել են Քանաքեռ ՀԷԿ-ի ագրեգատների արդիականացումը, փոխարինվել են Որոտանի ՀԷԿ-երի համակարգի Տաթև ՀԷԿ-ի ագրեգատների արագության կարգավորիչները,

13) շահագործման է հանձնվել Երևանի ՋԷԿ-ի նոր շոգեգազային համակցված ցիկլով էներգաբլոկը` 240 ՄՎտ տեղակայված էլեկտրական հզորությամբ,

14) շահագործման է հանձնվել 440 ՄՎտ հզորությամբ գազային կցատուրբինով Հրազդանի 5-րդ էներգաբլոկը,

15) իրականացվում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ,

16) մասնավոր ներդրումների ներգրավմամբ կառուցվել են 12,85 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ համակցված ցիկլով գործող կոգեներացիոն կայաններ և այլն:

12. Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հիմքում դրված են`

1) 1992թ. կայացած Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի (Ռիոյի համաժողովի կամ Երկիր մոլորակի գագաթնաժողովի) ընդունած Կայուն զարգացման գործողությունների գլոբալ ծրագիրը,

2) Յոհաննեսբուրգի գագաթնաժողովի` Կայուն զարգացման նախանշած սկզբունքները,

3) Եվրահանձնաժողովի Կանաչ գրքում արտացոլված «Էներգամատակարարման անվտանգության, մրցունակության և կայունության ապահովման Եվրոպական ռազմավարությունը»,

4) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ այլ միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունները:

 

3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3.1. Հայեցակարգի հիմնական նպատակը

 

13. Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի հիմնական նպատակն է` սահմանել էներգետիկ անվտանգության ապահովման հիմնական ուղիները` փոխհատուցելով արդյունաբերական նշանակություն ունեցող տեղական հանածո վառելիքային պաշարների բացակայությունը, ապահովելով տնտեսապես մատչելի, ընդունելի որակի ու անխափան էներգամատակարարումը ամենօրյա պայմաններում, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների և պատերազմի դեպքում:

 

3.2. Հայեցակարգի ենթանպատակները

 

14. Հայեցակարգի ընդունման ենթանպատակներն են`

1) անխափան էներգամատակարարման ապահովումը, այդ թվում՝ նույնիսկ պիկային սպառման ժամանակահատվածում, հնարավոր արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ, էներգամատակարարման ընդհատումների ռիսկի նվազեցումն ու էներգապաշարների անհրաժեշտ ծավալների երաշխավորված տրամադրումը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում,

2) սպառողների արմատական կարիքների բավարարումը, մատչելի գներով հուսալի էներգամատակարարման ու էներգախնայողության ապահովումը,

3) էներգիայի ներկրման այնպիսի եղանակների ընտրությունը, որոնց դեպքում նվազագույնի կհասցվեն Հայաստանի Հանրապետության իրավասության սահմաններից դուրս գտնվող գործոնների ազդեցությունները տնտեսության վրա,

4) ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման ապահովումը մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այն փոխարինել նոր ատոմային էներգաբլոկով և հանել շահագործումից՝ առանց տնտեսական, սոցիալական, բնապահպանական և էներգետիկ բնույթի բացասական հետևանքների,

5) բնապահպանական տեսանկյունից կենսունակ էներգամատակարարման ապահովումը՝ հիմնված կայուն զարգացման սկզբունքների և Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված միջազգային բնապահպանական պարտավորությունների վրա,

6) ֆինանսապես կենսադիմացկուն էներգահամակարգի ստեղծումը` վարելով հավասարակշռված սակագնային քաղաքականություն, ուր մասնավոր ներդրողների կողմից խրախուսվում է էներգիա մատակարարող բոլոր կառույցների տեխնիկապես ու տնտեսապես արդյունավետ գործունեությունն ու գրավչությունը,

7) արտահանման կողմնորոշում ունեցող և տնտեսապես արդյունավետ գործող էլեկտրաէներգետիկական համակարգի պահպանումը և հետագա զարգացումը:

 

4. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

15. Հայեցակարգի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման համար նախադրյալների ստեղծումը,

2) տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի ինքնաբավության և արտահանման ներուժի ապահովումը,

3) ներդրումների համար գրավիչ միջավայրի ստեղծումը, այդ թվում` ինչպես վերականգնվող ու այլընտրանքային էներգետիկայի, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտում,

4) էներգիայի սպառման արդյունավետության և էներգախնայողության ապահովումը,

5) Հայաստանի էներգետիկ անվտանգության սահմանված մակարդակի ապահովմանն ուղղված հիմնադրույթների մշակումը` հիմնված վառելիքաէներգետիկ ներքին ռեսուրսների, ատոմային էներգետիկայի զարգացման, ինչպես նաև սոցիալապես մատչելի և էներգահամակարգի բնականոն գործունեությունն ապահովող հավասարակշռված սակագների համակարգի վրա:

 

5. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

5.1. Էներգետիկ անվտանգության սպառնալիքները

 

16. Էներգետիկ անվտանգության սպառնալիքներն այն ներքին և արտաքին գործոններն են, որոնք կարող են խափանել երկրի էներգետիկ կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

17. Էներգետիկ անվտանգության արտաքին սպառնալիքներն են`

1) վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումների ընդհատումները,

2) հյուսիսային գազատարի երկարատև խափանումը կամ հյուսիսային և հարավային գազատարների միաժամանակյա խափանումը` մասնավորապես ձմեռային ժամանակահատվածում,

3) Վրաստանի տարածքում գտնվող գազատարի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ ընկերության կողմից` ուղղակիորեն կամ այլ միջնորդավորված (աֆիլացված) ընկերության միջոցով,

4) նավթամթերքների ներկրման կարճաժամկետ կամ առավել վտանգավոր` երկարաժամկետ խափանումները,

5) Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի խափանումներն ու Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի հայտնվելը մեկուսացված իրավիճակում,

6) տարածաշրջանային վառելիքաէներգետիկ ծրագրերից դուրս մնալու մշտապես շարունակվող և խորացող գործընթացները և դրանց հետևանքով էներգետիկ աղբյուրների տարատեսականացման մակարդակի անկումը,

7) վառելիքաէներգետիկ ռեսուրսների շուկայում կոնյունկտուրային տեղաշարժերն ու գների կտրուկ փոփոխությունը (աճը), արտահանող, ինչպես նաև տարանցիկ երկրներում քաղաքական անկայունությամբ պայմանավորված` տարանցման ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները,

8) վառելիքաէներգետիկ համակարգի օբյեկտների նկատմամբ դիվերսիոն-ահաբեկչական գործողությունները,

9) Թուրքիայի կողմից Ախուրյան և Արաքս գետերի մակարդակների իջեցումը, որը կարող է նվազեցնել Արաքս գետի վրա Հայաստանի և Իրանի կողմից համատեղ կառուցվող ՀԷԿ-երի հզորությունները:

18. Էներգետիկ անվտանգության ներքին սպառնալիքներն են`

1) էներգահամակարգում շահագործվող սարքավորումների և մեխանիզմների ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճանը,

2) ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի փոխարեն նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն ուղղված գործընթացների խափանումը,

3) արտաքին և սեփական ներդրումային ռեսուրսների խիստ նվազումը, նախագծային և շինարարական-մոնտաժային աշխատանքների թերֆինանսավորումը, վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկությունների և դրանց ապահովող ճյուղերի վերակառուցման, տեխնիկական վերազինման աշխատանքների դանդաղումը,

4) ոչ համարժեք սակագնային քաղաքականության իրականացման հետևանքով վառելիքաէներգետիկ ռեսուրսների գնային անհամաչափության դեպքում, երբ սահմանվող սակագները չեն ապահովի նորմատիվ նորոգումների և սպասարկումների իրականացման ծախսերը,

5) վառելիքաէներգետիկ պաշարների ոչ արդյունավետ և ոչ խնայողաբար օգտագործումը,

6) էներգահամակարգի ընկերությունների սարքավորումների վերանորոգման, սպասարկման և շինարարահավաքակցման աշխատանքների իրականացման ոչ բավարար ծավալները` սակագներում նախատեսված միջոցների անբավարարության պատճառով, սարքավորումների մաշվածության անթույլատրելի բարձր մակարդակը,

7) էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի նվազումը,

8) խոշորամասշտաբ նախագծերի իրականացման խաթարումը ծանր և մեծ չափերի սարքավորումների ներկրման ուղիների բացակայության պատճառով,

9) բնական աղետները, տեխնածին վթարները և այլն:

 

5.2. Էներգետիկ անվտանգության մարտահրավերները

 

19. Էներգետիկ անվտանգության մարտահրավերներն են`

1) էներգամատակարարման բազմազանեցման գործընթացի խաթարումներն ըստ էներգիայի տեսակների և աղբյուրների,

2) էներգետիկ ներքին շուկայի անկառավարելի ազատականացումը,

3) տարածաշրջանային էներգետիկ շուկաներին ինտեգրվելու դժվարությունները,

4) ճանապարհների շրջափակումների պատճառով խոշորամասշտաբ նախագծերի իրականացման խաթարումները,

5) բնապահպանական իրավիճակի աստիճանական ոչ բնականոն վատթարացման պատճառով հիդրոռեսուրսների նվազումը,

6) վառելիքաէներգետիկ ռեսուրսների ներկրման ուղիների շարքից դուրս գալը,

7) Եվրամիության էներգետիկ շուկաներին միանալու նպատակով ԵՄ դիրեկտիվների պահանջների հետ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի կարգավորման կանոնների մոտարկման դժվարությունները,

8) բնակչության սոցիալական վիճակի բացասական ազդեցությունը սակագնային ոչ հավասարակշռված քաղաքականության իրականացման հարցում,

9) էներգախնայողության ցածր մակարդակը:

 

6. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

6.1. Էներգետիկ անվտանգության կառավարման համակարգի կառուցվածքը

 

20. Էներգետիկ անվտանգության կառավարման համակարգի մեջ ներառվում են՝ բնագավառի լիազոր մարմինը, կառավարման այլ սուբյեկտները, կարգավորման օբյեկտներն ու կառավարման կազմակերպման ընթացակարգերը:

21. Կառավարման սուբյեկտներ են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները,

2) բնագավառի միջազգային մարմինները,

3) էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում ներգրավված կազմակերպությունները:

22. Կարգավորման օբյեկտներ են`

1) տնտեսավարող սուբյեկտները (ներառյալ երրորդ անձինք),

2) էներգամատակարարման ապահովման ծառայությունները,

3) էներգետիկ ծառայություններից օգտվողները:

23. Էներգետիկ անվտանգության ապահովման կառավարման սուբյեկտների հիմնական նպատակն է՝ ապահովել էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը, կանխել կամ նվազագույնի հասցնել տարբեր տեսակի վնասները, տնտեսավարող սուբյեկտի համար ապահովել տնտեսական շահույթը, էներգետիկ ծառայություններից օգտվողների համար` բարձրորակ (այդ թվում՝ անվտանգ) էներգետիկ ծառայությունների մատուցումը:

24. Կառավարման գործառույթներն են`

1) էներգետիկ անվտանգության ապահովման նորմատիվների սահմանումը,

2) նորմատիվների կատարման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը,

3) պահանջների չկատարման դեպքում համարժեք պատասխանատվության միջոցների կիրառումը,

4) տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր տնտեսական պայմանների սահմանումը,

5) պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների հետ պայմանագրային պարտավորությունների իրականացումը:

25. Կառավարման գործողություններին համապատասխան սահմանվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն ու գործողությունների ալգորիթմը:

26. Կառավարումը ապահովում է`

1) էներգետիկ անվտանգության ընթացիկ և կանխատեսումային սպառնալիքների դիմակայման գործում (վերահսկողություն, հսկողություն, դիտարկում, սպառնալիքի գնահատում, ծրագրավորում) անհրաժեշտ ճկունությունը,

2) ապահովվածությունը ռեսուրսներով (մասնագետներ, գիտատեխնիկական զարգացում, տեղեկատվայնացում, նյութատեխնիկական ապահովում, տնտեսավարող սուբյեկտների սեփական միջոցները, նորմատիվ-իրավական բազան),

3) նախապատրաստվածությունը հնարավոր ճգնաժամային իրավիճակներին (պատրաստականության ծրագրեր, վարժանքներ, անձեռնմխելի պաշարների առկայություն և այլն),

4) «էներգետիկ անվտանգության ապահովում-կատարման ժամկետներ» ձևաչափում կառավարման նպատակները սահմանելու հարցերում՝ նպատակասլացությունը,

5) սպառնալիքների կանխատեսումը, բացահայտումը, գնահատումը, իսկ դրանց դրսևորման դեպքում` արտակարգ իրավիճակի ցանկացած անբարենպաստ զարգացմանը` պատրաստվածությունը,

6) էներգետիկ անվտանգության ողջամիտ մակարդակի սահմանումը,

7) սուբյեկտների և օբյեկտների կառավարման և կառավարչական ազդեցությունների համակարգումն ու գործունեության ուղղորդվածությունը,

8) կառավարման մարմինների օպերատիվությունը,

9) գործունեության թափանցիկությունն ու օրինականությունը,

10) լիազորված մարմնի կողմից համակարգման համար նախադրյալների ստեղծումը,

11) բնագավառին հարակից ոլորտներում գործող ծառայությունների կողմից աջակցությունը:

27. Էներգետիկ անվտանգության ոլորտում պետական կառավարման մարմինների իրավասությունները և կառուցվածքը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

6.2. Էներգետիկ անվտանգության կառավարման համակարգի խնդիրները

 

28. Էներգետիկ անվտանգության կառավարման համակարգի խնդիրներն են`

1) էներգետիկ անվտանգության մակարդակի դիտարկումն ու գնահատումը,

2) էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների ծրագրավորումը և նախապատրաստումը,

3) էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումն ամենօրյա պայմաններում,

4) էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը ճգնաժամային իրավիճակներում,

5) ճգնաժամային իրավիճակների վնասների նվազեցմանը և հետևանքների վերացմանը, ինչպես նաև դրանց հետաքննությանն ուղղված աշխատանքները,

6) Էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը պատերազմի պայմաններում,

7) էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով էներգետիկ փորձաքննության համակարգի կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի համապատասխանեցումը եվրոպական (EN) ու միջազգային (ISO, IEC) այլ ստանդարտների պահանջներին:

29. Կառավարման ամենօրյա ռեժիմում մշակվում են էներգետիկ անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության հիմնադրույթները, էներգետիկ անվտանգության ապահովման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, նախապատրաստման ծրագրերը, հաստատվում են էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակացույցերը, կազմակերպվում են վարժանքներ, մեթոդական սեմինարներ և այլն: Միաժամանակ ճգնաժամային իրավիճակների նախազգուշացման, բացահայտման և կանխարգելման, ինչպես նաև էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը պահպանելու նպատակով ձևավորվում է էներգետիկ անվտանգության ապահովման բնագավառի մարմինների կառավարման համակարգումն ու կազմակերպվում է վերջինիս բնականոն աշխատանքը:

30. Կառավարման ամենօրյա ռեժիմի միջոցառումներն են`

1) էներգետիկ անվտանգության ապահովման մակարդակի մոնիթորինգը և էներգահամակարգի տնտեսական կարգավորումը,

2) էներգասպառողների և բաժանորդների վերաբերյալ ձևավորված տվյալների միասնական շտեմարանի անընդհատ վարումն ու արդիականացումը,

3) էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովման, ինչպես նաև տեղեկատվության ժամանակին փոխանակման նպատակով կառավարման մարմինների գործունեության համակարգումը:

31. Կառավարման գործառույթները ներառում են նաև էներգամատակարարման օբյեկտների անձնակազմերին ներկայացվող պահանջները, այդ թվում` որոշ դասի էներգամատակարարման օբյեկտների կադրերի ստուգման և թույլտվության միջոցառումների իրականացումը, որոնց արդյունքում կարող են մշակվել էներգետիկ անվտանգության ապահովման պետական համակարգի մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ընթացակարգերը:

32. Ճգնաժամային իրավիճակներում իրականացվող գործառույթները ներառում են նախապես մշակված ծրագրերի, միջոցառումների, այդ թվում նաև ճգնաժամային իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

33. Ճգնաժամային իրավիճակներում իրականացվող միջոցառումներն են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակին տեղեկացումը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակի առաջացման վերաբերյալ բնակչության իրազեկումը,

2) բնակչության տարհանման, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների գոտում անխափան էներգամատակարարման ապահովումը,

3) հնարավոր աղետի գոտում վնասները նվազագույնի հասցնելու և կառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեության համակարգման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների իրականացումը,

4) ճգնաժամային իրավիճակի ծագման և զարգացման պատճառների հետաքննության կազմակերպմանն ու իրավիճակի համար մեղավոր անձանց հայտնաբերմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

5) կառավարման մարմինների միջև սահմանված կարգով տեղեկատվության փոխանակումը, համագործակցության կազմակերպումը ճգնաժամային իրավիճակի պատճառների ինքնուրույն հետաքննություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների հետ, անհրաժեշտության դեպքում` փորձագիտական և այլ կազմակերպությունների ներգրավումը հետաքննությանը,

6) պետական կառավարման լիազորված մարմինների կողմից էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների մշտական հսկողության և վերահսկողության իրականացումը:

 

7. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

 

34. Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունն ապահովվում է տնտեսական, իրավական, կազմակերպչական, մեթոդական, գիտատեխնիկական և այլ բնույթի համալիր միջոցառումների միջոցով, որոնք են`

1) էներգետիկ անվտանգության ապահովման համակարգի զարգացման նախադրյալների շարունակական արդիականացումը,

2) ճգնաժամային իրավիճակների (այդ թվում` արտակարգ իրավիճակների) ազդեցություններից պաշտպանվելու միջոցների և եղանակների մշակումը,

3) արտադրանքի մրցունակության ապահովումը,

4) բնակչության կենսապահովման սահմանված մակարդակի ապահովումը և այլն:

 

8. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

8.1. Էներգետիկ անվտանգության ապահովման ուղիները

 

35. Էներգետիկ անվտանգության ապահովման ուղիներն են`

1) էներգետիկ անվտանգության ապահովման համակարգի զարգացումը,

2) վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործման և էներգախնայողության ապահովումը,

3) ատոմային էներգետիկայի զարգացումը,

4) էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացումն ու էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը,

5) էներգետիկայի բնագավառի ֆինանսական կայունության և տնտեսական արդյունավետության սահմանված մակարդակի ապահովումը,

6) էներգետիկ անվտանգության ապահովումն արտակարգ իրավիճակներում և պատերազմի պայմաններում:

 

8.2. Էներգետիկ անվտանգության ապահովման համակարգի զարգացման ուղիները

 

36. Էներգետիկ անվտանգության ապահովման համակարգի զարգացման ուղիներն են`

1) էներգետիկ անվտանգության սպառնալիքների բնույթի և սրության բացահայտումը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում,

2) էներգետիկ անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ ու իրավական հիմքերի և տնտեսական մեխանիզմների կատարելագործումը,

3) էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացման և կարգավորման մեխանիզմների հավասարակշռումը և փոխհամաձայնեցումը,

4) տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրումը` արտահանման ներուժի ստեղծմամբ,

5) սեփական էներգառեսուրսների իրացմանն ուղղված հետևողական քաղաքականության իրականացումը:

 

8.3. Վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործում և էներգախնայողություն

 

37. Վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումներն են`

1) սեփական վերականգնվող էներգառեսուրսների (հիդրո, հողմա, կենսազանգվածի, արևային, երկրաջերմային և այլն) օգտագործման կարևորումն ու խթանումը էներգետիկ անկախության ապահովման գործում,

2) գիտելիքահենք տնտեսության անցման գործում էներգախնայողության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումը,

3) էներգիայի վատնումների նվազեցումը, իսկ հնարավորության դեպքում նաև կանխումը, էներգախնայողությանն ուղղված միջոցառումների իրականացման շնորհիվ, մասնավորապես, շինարարական նորմերի վերանայման և էներգախնայողության ստանդարտների ներդրման ուղղությամբ, որոնց իրականացումը կնպաստի ոչ մետաղական հանքանյութերի օգտագործման խթանմանը շինարարական արդյունաբերության մեջ,

4) վերականգնվող էներգետիկայի նոր տեխնոլոգիաների` ի թիվս արևային և բիոտեխնոլոգիաների, երկրաջերմային և ջրածնային էներգետիկայի, զարգացման համար անհրաժեշտ ներդրումների խթանումը, որը կարևորվում է էներգետիկ ոլորտի զարգացման և էներգետիկ անկախության ապահովման տեսակետից (այդ մասով Հայաստանը ստանձնել է պարտավորություններ մինչև 2020 թվականը վերականգնվող առաջնային էներգիան հասցնել սպառվող ողջ էներգիայի 20 տոկոսին), ինչպես նաև կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և գյուղական համայնքների կենսամակարդակի բարձրացմանը, մշակող և վերամշակող արտադրությունների զարգացմանը գյուղական տարածքներում, իսկ արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություններ կստեղծի ոչ մետաղական հանքարդյունահանության և քիմիական արդյունաբերության զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների և կիսահաղորդչային թերմոգեներատորների արտադրության զարգացման համար, որոնք ունեն կիրառության լայն հնարավորություններ,

5) սեփական հանածո վառելիքի (նավթ և գազ, պինդ վառելիք) որոնողահետախուզման և արդյունահանման համար անհրաժեշտ լրացուցիչ հետախուզման հետ կապված աշխատանքների իրականացումը,

6) նավթամթերքների ներկրման հնարավոր խափանումներից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու, ինչպես նաև դրանցում վերականգնվող էներգառեսուրսների որոշակի մասնաբաժին ապահովելու նպատակով գյուղատնտեսության տեղական արտադրանքից բիոէթանոլի և (կամ) բիոբութանոլի ստացման կազմակերպումն ու էլեկտրատրանսպորտի զարգացումը,

7) շարժիչային վառելիքի մատակարարման գործում անվտանգության ապահովման նպատակով ներկրման ուղիների տարատեսականացումը` Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան նավթամթերքների փոխադրման խողովակաշարի կառուցման, ինչպես նաև Հայաստանում կենսաէթանոլի ստացման ամբողջական արդյունաբերական ցիկլի ներդրման ճանապարհով` հնարավորություն ստեղծելով 2020 թվականին առաջնային վառելիքի ընդհանուր հաշվեկշռի մոտ 10%-ը կենսաէթանոլով և կենսադիզելով փոխարինելու համար,

8) էկոլոգիական տեսակետից մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ տրանսպորտային միջոցների, այդ թվում` էլեկտրատրանսպորտային ենթակառուցվածքների կիրառումն ու զարգացումը,

9) կարևորվում է նաև ջրածնային շարժիչներով ավտոտրանսպորտի զարգացման հնարավորությունների հետազոտումը` ջրածնի ստացման ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ապագայում ստեղծվող էլեկտրաէներգետիկ հզորությունների օգտագործմամբ:

38. Էներգախնայողության ներդրման նպատակն է նվազեցնել էներգահամակարգի կախվածության աստիճանը ներկրվող վառելիքաէներգետիկ ռեսուրսներից, կրճատել ջերմոցային գազերի արտանետումները էներգախնայողության բարելավման միջոցով, մեծացնել պետական և մասնավոր հատվածի ներդրումները շենքերի էներգախնայողության ապահովման ոլորտում, էներգահամակարգի սարքերի ու սարքավորումների վերազինման ճանապարհով նվազեցնել կորուստները և բարձրացնել էներգաարդյունավետության ու հուսալիության աստիճանը, ինչպես նաև էներգախնայողությունը դարձնել տնտեսության այլ ճյուղերում իրականացվող պետական ծրագրերի անբաժանելի մաս, իսկ պետական աջակցության շնորհիվ ապահովել մասնավոր կապիտալի ներգրավումը էներգախնայողության ոլորտ:

39. Էներգախնայողության իրականացման համար անհրաժեշտ է`

1) առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և առաջադեմ տեխնոլոգիաներով` մշակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման մեթոդոլոգիա և յուրաքանչյուր տարի կազմել հանրապետություն ներկրվող, երկրում արտադրվող և սպառման ոլորտ տեղափոխված բոլոր տեսակի էներգիաների էներգետիկ հաշվեկշիռը,

2) հաղթահարել ֆինանսական շուկայի ռիսկային խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս առևտրային բանկերի մասնակցությունը էներգախնայողության ոլորտում,

3) ցուցադրել շենքերում էներգախնայողության շահավետությունը ողջամիտ ներդրումների պարագայում,

4) խթանել էներգախնայողության պահանջարկը շենքերում, մեծացնել առևտրային բանկերի իրազեկումը և հմտությունները էներգախնայողության վարկավորման հարցերում,

5) ջերմաէներգետիկ հզորությունների սերնդափոխությունն իրականացնել` ներդնելով գազատուրբինային և համակցված ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության (կոգեներացիոն) համակարգեր, որոնք կգործեն մրցակցային պայմաններում:

 

8.4. Ատոմային էներգետիկայի զարգացումը

 

40. ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերումն անհրաժեշտաբար համապատասխան փոխարինող հզորությունների պահանջ կառաջացնի։

41. ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հզորությունն ու նրա կողմից արտադրված էլեկտրաէներգիան ջերմային էներգաբլոկով փոխարինելու պարագայում հանրապետությունում սպառմանն ուղղված էլեկտրաէներգիայի շուրջ 70%-ը կարտադրվի ներմուծվող վառելիքով (առավելապես` բնական գազով): Արդյունքում կառաջանան նոր բնույթի բնապահպանական ու սոցիալական խնդիրներ` պայմանավորված ջերմոցային գազերի աճող արտանետումներով և սակագների կանխատեսվող աճով, անհրաժեշտություն կառաջանա նվազեցնել դրա հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը։ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային անվտանգության բարձրացման և անվտանգ շահագործման ապահովման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ներդրումներ, այդ թվում` շահագործման անվտանգության բարձրացման համար` ներառյալ տարեկան շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները անվտանգության մակարդակի պահպանման նպատակով։

Կայանի ծերացման ծրագրի իրականացումը, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման և անվտանգության հարցերը նույնպես պահանջում են լրացուցիչ ռեսուրսներ։ Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո ամբողջ աշխարհի ատոմակայաններում անց են կացվում «ստրեսս թեստ»-եր, ավելի խստացվում անվտանգությանը ներկայացվող պահանջները և աճում դրանց ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալները:

42. ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը մինչև շահագործման նախագծային ժամկետի ավարտը անվտանգ շահագործելու համար անհրաժեշտություն է առաջացել կառուցել աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների երրորդ և չորրորդ մասնաշենքերը: Պահեստարանի երրորդ մասնաշենքի կառուցումը կմեկնարկի 2014թ. առաջին կիսամյակի վերջում: Պահեստարանի նախագծման և կառուցման ծախսերը ներառված են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկում արտադրվող էլեկտրական էներգիայի սակագնի մեջ:

43. ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1-ին, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012թ. ապրիլի 19-ին ընդունել է թիվ 461-Ն որոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը` գնահատելով ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը: Նույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» որոշման նախագիծը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012թ. օգոստոսի 23-ի թիվ 1085-Ն որոշմամբ:

44. ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար 2014-2018թթ. ընթացքում անհրաժեշտ կլինի լրացուցիչ ծախսել մինչև 300 մլն ԱՄՆ դոլար` ըստ նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձի:

 ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման աշխատանքներն ըստ «ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու ռազմավարության» գնահատվում է մոտ 239 մլն եվրո, որից, մինչև շահագործումից հանելու նպատակով թիվ 2 էներգաբլոկի կանգնեցումը, անհրաժեշտ է իրականացնել մոտ 4,5 մլն եվրո արժեքով աշխատանքներ` նշված գումարը ներառելով սակագնում: Դրա համար անհրաժեշտ է բնականոն կերպով կատարել նախատեսված մասհանումները ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու նպատակով ստեղծված հիմնադրամին:

45. ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման գործընթացը նախատեսում է կազմակերպական և ֆինանսական մեծածավալ միջոցառումների իրականացում, այդ թվում` միջազգայնորեն ստանձնած, որոնց բարեհաջող իրականացումը ենթադրում է նաև արտաքին ֆինանսական աջակցություն:

46. ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերմամբ Հայաստանը կկորցնի իր էներգետիկ անվտանգության ներկայիս մակարդակը և էներգամատակարարման բազմազանության գլխավոր տարրը։ Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման օգտին են խոսում նաև միջուկային վառելիքի և բնական գազի գների աճի միտումների կանխատեսումները մինչև 2050 թվականը: Բնական գազի գնի անկանխատեսելի աճի պարագայում, որը պայմանավորված կլինի բնական գազի պաշարների նվազմամբ և արդյունահանող երկրների թվի կրճատմամբ, միջուկային վառելիքի գինը կարող է դիտարկվել համեմատաբար կայուն:

47. Օգտագործած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է այդ բնագավառի իրավական դաշտի շարունակական զարգացումն ու կուտակված, ինչպես նաև հետագայում ծագելիք խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցների հայթայթումը, որոնք կարտացոլվեն Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մեջ: Ռազմավարության մշակման աշխատանքները կմեկնարկեն 2014 թվականի առաջին կիսամյակում:

48. Անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանն ուղղված հաջորդական քայլերի իրականացումը` զարգացնելով Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված համաձայնությունները, շարունակել բանակցությունները նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավոր միջազգային ներդրողների հետ, ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան ապահովել բնապահպանական և տեխնիկական փորձաքննությունների իրականացումը, համապատասխան որակավորման շահագործող կադրերի պատրաստումը, հզորացնել միջուկային անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմնի և տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության կարողությունները և համալրել լիցենզավորման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտը:

49. 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Համաձայն այդ օրենքի` նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչև 1200 ՄՎտ միավոր հզորության միջուկային էներգաբլոկ(ներ), որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկը Ռուսաստանի Դաշնության ջրա-ջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը՝ 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը՝ 60 տարի) կահավորելուն և Հայաստանի Հանրապետության տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության հետ հավասար բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերության ստեղծմանը: Ելնելով Հայաստանի Հանրապետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի համեմատաբար մեծ հզորությունից` նախատեսվում է զարգացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրացումը, մասնավորապես, հարևան երկների հետ միջհամակարգային կապերի հզորացումը` մեծացնելով էլեկտրական էներգիայի արտահանման ծավալները, այդ թվում՝ էլեկտրաէներգիա-գազ ծրագրի շրջանակներում: Նախատեսված է նաև գործող հիդրոէլեկտրակայանների համալիրի բազայի վրա հիդրոկուտակիչ էլեկտրակայանի կառուցման տեխնիկատնտեսական արդարացված սխեմայի ընտրությունը: Դա հնարավորություն կտա նոր միջուկային էներգաբլոկը էլեկտրաէներգետիկական համակարգի բազային ռեժիմում հուսալի և անվտանգ ռեժիմներով շահագործելու:

50. Ըստ միջազգային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի ընթանում են նոր էներգաբլոկի շինարարության հետ կապված գործընթացները:

51. Միջուկային էներգիայի բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը աշխատանքներ է տանում «Աշխատած վառելիքի կառավարման անվտանգության և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության» միացյալ կոնվենցիային միանալու ուղղությամբ:

 

8.5. Էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացում և տարածաշրջանային ինտեգրում

 

52. Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման կարևորագույն մասն են առաջնային էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացումը, տարածաշրջանային ինտեգրման և էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների մեծացումը:

53. Տարածաշրջանի երկրների կողմից էլեկտրաէներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է դուրս մնալ սևծովյան տարածաշրջանի երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի օղակաձև միացման ծրագրերից: Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են խորացնել Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային էներգետիկ շուկայի ինտեգրման գործընթացներից` օգտագործելով բոլոր հնարավոր լծակները:

54. Տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից կարևորվում է ներկայումս մեկնարկած Իրան-Հայաստան 400 կՎ լարման միջհամակարգային երկշղթա օդային գծի կառուցումը: Հյուսիս-հարավ տարանցումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կառուցել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ լարման նույնպես երկշղթա օդային գիծ՝ հաստատուն հոսանքի ներդիրով: Արդեն իսկ կնքվել են Հայաստան-Վրաստան զուգահեռ աշխատանքի մասին և վթարային ռեժիմներում էլեկտրաէներգիայի փոխմատակարարումների մասին համաձայնագրերը: Տարվում են աշխատանքներ Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի տրանզիտի մասին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Այս բոլորը նախադրյալներ են ստեղծում տարածաշրջանային ինտեգրմանը Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերությունների ներգրավման համար` հաշվի առնելով 2011 թվականին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերությունների միջև կնքված էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի վերաբերյալ համաձայանագիրն ու Հայաստանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերությունների սեփականությունը հանդիսացող արտադրող զգալի հզորությունները:

55. Հայաստանի էներգետիկ անվտանգության համար չափազանց կարևորվում է նաև Ռուսաստանի և Վրաստանի տարածքով անցնող գազատարը:

56. Իրանից եկող գազատարը կայուն այլընտրանքային ճանապարհ է Ռուսաստանի և Վրաստանի տարածքով անցնող միակ գազատարի համար։ Էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացման և տարածաշրջանային ինտեգրացման տեսանկյունից Իրան-Հայաստան գազատարի շահագործումը հնարավորություն կտա առավելագույնս բեռնավորել արտադրող հզորությունները, պահպանել էներգահամակարգի համար արտահանման կողմնորոշումը, զարգացնել էլեկտրաէներգիա հաղորդող ցանցը և արտահանման արդյունավետությունն ապահովելու նպատակով կազմակերպել ինչպես արտադրող հզորությունների, այնպես էլ հաղորդող ցանցի սերնդափոխությունն ու արդիականացումը:

57. Հայաստանի ձմեռային պիկային բեռնվածությունը բավարարելու համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրության ապահովումը ենթադրում է բավարար տարողությամբ պահեստարանների առկայությունը՝ դիմակայելու համար ներկրման անսպասելի ընդհատումներին։

58. Էներգետիկ անվտանգության ապահովման տեսակետից կարևորվում է շարժիչային վառելիք հանդիսացող նավթամթերքների ինչպես ռազմավարական պաշարներ և երաշխավորված ուղի (խողովակաշարի տեսքով) ունենալը, զուգահեռաբար սեփական ռեսուրսներով բիոէթանոլի (բիոբութանոլի) արտադրության կազմակերպումը, որպես էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործոն, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում էլեկտրատրանսպորտի զարգացումը, որը օգտագործվող էներգակիրների տարատեսականացման իրատեսական ճանապարհներից է:

59. Էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացման և տարածաշրջանային ինտեգրման թիրախներն են`

1) ստորգետնյա գազապահեստարանների ընդլայնումն ու արդիականացումը ԵՄ դիրեկտիվներին համապատասխան` հետազոտության արդյունքում ճշգրտված ծավալների չափով,

2) նավթամթերքների ռազմավարական պաշարների ստեղծումը, մատակարարման խողովակաշարի կառուցումը և բիոէթանոլի (բիոբութանոլի) արտադրության հիմնումը,

3) Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի ուժեղացումը 400/500 կՎ լարման գծերի կառուցմամբ, դեպի Ղարս 220 կՎ լարման օդային գծի վերականգնումը, ինչպես նաև նոր` միջհամակարգային օդային գծերի կառուցման հնարավորությունների հետազոտումը` տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ ինտեգրումն ապահովելու համար,

4) միջազգային էներգամիավորումների հետ զուգահեռ աշխատանքի իրականացումը (Անկախ պետությունների համագործակցություն, Սևծովյան տնտեսական համագործակցություն),

5) էլեկտրաէներգիայի և հզորության տարածաշրջանային շուկայի կազմակերպումը, ինչպես նաև ԱՊՀ երկրների էներգետիկ շուկայի հետ ինտեգրումը:

 

8.6. Էներգետիկայի բնագավառի ֆինանսական կայունության և տնտեսական արդյունավետության սահմանված մակարդակի ապահովում

 

60. Էներգետիկայի բնագավառի ֆինանսական կայունության և տնտեսական արդյունավետության սահմանված մակարդակի ապահովման խնդրում առանձնահատուկ կարևորվում են հիմնավորված սակագները, որոնք ամբողջությամբ ներառում են սարքավորումների բնականոն աշխատանքն ապահովող հիմնանորոգման և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը:

61. Էներգետիկ անվտանգության կայուն երաշխիքներ ձևավորելու տեսանկյունից տարվող քաղաքականությունը միտված է մասնավոր ընկերություններին հնարավորություն ընձեռելու գործունեություն ծավալել ֆինանսապես կայուն միջավայրում` շահագրգռված լինելով արդյունավետության բարձրացման մեջ` շահույթ ստանալու և զարգացման համար ներդրումներ գրավելու նպատակով։

62. Նոր հզորությունների տեղադրմամբ, ինչպես նաև հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր ծրագրերի իրականացմամբ պայմանավորված սպառման սակագների աճի սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներգրավել «փափուկ» վարկեր, քանի որ Հայաստանի պարագայում նոր հզորությունների կառուցումը և խոշոր ծրագրերի իրականացումը առևտրային վարկերի ներգրավմամբ չի կարող արդարացված լինել:

63. Տնտեսապես ընդունելի ու կայուն եղանակով գազաբաշխիչ ցանցի ընդլայնումը և գազամատակարարման ապահովումը դրա կարիքն ունեցող բոլոր սպառողների համար կնպաստի ջերմամատակարարման վերականգնման հետ կապված հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում` մրցակցային դաշտում առանց խաչաձև սուբսիդավորման ջերմային և էլեկտրական էներգիաների համակցված արտադրության ներդրմանը, ինչպես նաև ինքնավար ու բաշխված (ապակենտրոնացված) արտադրողներին աջակցմանը: Ջերմամատակարարման վերականգնման նպատակով իրականացվելիք ներդրումները հիմնականում նպատակաուղղված կլինեն և կնպաստեն էներգախնայողության ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներմուծմանը:

 

8.7. Էներգետիկ անվտանգության ապահովումն արտակարգ իրավիճակներում և պատերազմի դեպքում

 

64. Էներգետիկ անվտանգության ապահովման համակարգի գործունեության ապահովումը արտակարգ իրավիճակներում և պատերազմի դեպքում արտահայտվում է`

1) պետական մարմինների` քաղաքական, սոցիալական, տնտեսական կտրուկ փոփոխություններին համարժեքորեն արձագանքելու հնարավորության մեջ,

2) անորոշ տնտեսական և սոցիալական հետևանքներ ունեցող բարդ տեղական (մարզային) էներգետիկ իրավիճակներին ինքնուրույն արձագանքելու հնարավորության մեջ,

3) բնակչության անհրաժեշտ կենսամակարդակ ապահովելու նպատակով էներգամատակարարման և սպասարկման որակի գործող չափորոշիչները համաշխարհային չափորոշիչներին համապատասխանեցնելու մեջ,

4) էներգիայի և էներգառեսուրսների ազատ հակամենաշնորհային շուկաների աստիճանական ստեղծման համար համապատասխան պայմանների ապահովման մեջ` տարածաշրջանի երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատման պարագայում,

5) բնական գազի, նավթամթերքների անհրաժեշտ պաշարների կուտակման հնարավորությունների ստեղծման և դրանց կուտակման մեջ:

 

9. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

 

65. Էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում ներգրավվում են էներգետիկ անվտանգության ապահովման պետական մարմինները, բնագավառում գործող տնտեսավարող սուբյեկտները:

 

9.1. Էներգետիկ անվտանգության ապահովման պետական մարմինները

 

66. Էներգետիկ անվտանգության ապահովման պետական մարմիններն են`

1) էներգետիկ ոլորտի լիազոր մարմինը, որն իրականացնում է էներգետիկայի բնագավառի զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացման ապահովումը,

2) հանրային ծառայությունների գործունեությունը կարգավորող մարմինը, որն իրականացնում է էներգետիկ շուկայի գործունեության կանոնների մշակումը և կարգավորումը, սակագնային քաղաքականության վարումը,

3) միջուկային անվտանգության ոլորտը կարգավորող մարմինը, որն իրականացնում է միջուկային նյութերի և միջուկային սարքավորումների հետ տարվող գործունեության և միջուկային նյութերի շրջանառության կարգավորումը,

4) բնապահպանության ոլորտի լիազոր մարմինը, որն իրականացնում է շրջակա միջավայրի վրա էներգետիկայի բնագավառի ազդեցության մոնիտորինգը և վերահսկումը,

5) կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը, որն իրականացնում է էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստման և գիտական նոր հետազոտությունների կազմակերպման ու նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը,

6) տրանսպորտի և կապի ոլորտի լիազոր մարմինը, որն աջակցում է էլեկտրատրանսպորտի զարգացմանն ու խոշորամասշտաբ էներգետիկ նախագծերի իրականացման պարագայում մեծ կշռով ու չափսերի սարքավորումների տեղափոխմանը,

7) արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմինը, որը համագործակցություն է իրականացնում արտակարգ իրավիճակներում էներգետիկայի բնագավառի պետական կառավարման մարմնի ու գործունեություն իրականացնող ընկերությունների հետ:

 

9.2. Էներգետիկ անվտանգության ապահովման տնտեսավարող սուբյեկտները

 

67. Էներգետիկ անվտանգության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների հիմնական գործառույթներն են`

1) էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով պետական կառավարման մարմինների հետ համագործակցությունը,

2) էներգետիկ անվտանգության ապահովման համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ ներկայացնելը,

3) միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորումն ու սահմանված կարգով համապատասխան ճգնաժամային իրավիճակների պատճառների և հանգամանքների բացահայտման նպատակով ինքնուրույն ուսումնասիրությունների իրականացումը, տեղեկատվության տրամադրումը,

4) նորմատիվ իրավական ակտերով սահմանված էներգետիկ անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջների կատարումը,

5) էներգետիկ օբյեկտների անվտանգ և անխափան գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և հատուկ միջոցների սարքինության ապահովումը,

6) պատրաստականության ծրագրերին մասնակցությունը,

7) ճգնաժամային իրավիճակների (այդ թվում` արտակարգ իրավիճակների) կանխարգելման, այդ պայմաններում գործողությունների իրականացման, դրանց հետևանքները վերացնելու կամ վնասները նվազագույնի հասցնելու միջոցառումների իրականացումը` համագործակցելով պետական կառավարման մարմիների հետ,

8) սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումը կենտրոնական տեղեկատվական շտեմարան, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկումը ճգնաժամային իրավիճակների և սպառնալիքների, ինչպես նաև գործողությունների կանոնների և կարգի վերաբերյալ,

9) էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներում տեխնիկական կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող անձանց ներգրավումը,

10) էներգետիկ անվտանգության պահանջների և կանոնների արտադրական հսկողության կազմակերպումն ու իրականացումը,

11) մասնակցություն ճգնաժամային իրավիճակների պատճառների տեխնիկական հետաքննության անցկացմանը, այդ պատճառների վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,

12) պատասխանատվությունը էներգետիկ անվտանգության պահանջների կատարումը խախտելու համար:

 

10. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

68. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների համապատասխան, արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված միջոցառումներն են`

1) պատրաստականության ծրագրերի մշակումը,

2) հատուկ համակարգող մարմինների ստեղծումը,

3) էներգետիկ անվտանգության խախտումների դեպքում ծագած խնդիրների և վտանգների, ինչպես նաև պատրաստականության ծրագրերի մասին հասարակության տեղեկացումը,

4) էներգետիկ բնագավառում արտակարգ իրավիճակների կանխատեսումը և դիտարկման իրականացումը,

5) արտակարգ իրավիճակների դեպքերի համար տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցների պատրաստականության ծրագրերով նախատեսված միջոցառումների և գործողությունների ուսուցումը,

6) արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց ժամանակ իրականացվող գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով նյութատեխնիկական (այդ թվում` բնական գազի և նավթամթերքների պահեստավորում) և ֆինանսական անհրաժեշտ պաշարների ստեղծումը,

7) էներգետիկ բնագավառում արտակարգ իրավիճակների կանխարգելման հատուկ միջոցառումների իրականացումը, այդ թվում` մասնագիտացված փրկարարական-վթարավերականգնողական ծառայությունների հետ սպասարկման պայմանագրերի կնքումը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև աշխատակիցներից կազմված (կամ արտահաստիքային) վթարային-փրկարարական ծառայությունների (ստորաբաժանման), պահպանության և հսկողության տեխնիկական միջոցների համակարգի ստեղծումը և օգտագործումը, էներգետիկ անվտանգության միջոցառումների հսկողության ներքին համակարգի կազմակերպումը, սահմանափակ մուտքի տեղեկատվության փոխանակման համակարգի կազմակերպումը, էներգետիկ բնագավառում արտակարգ իրավիճակների տեղեկատվական համակարգի ստեղծումը,

8) արտակարգ իրավիճակների կանխարգելման այլ միջոցառումների իրականացումը:

 

11. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

69. Էներգետիկ անվտանգության ապահովման անընդհատությունը ներառում է բոլոր ոլորտների և գործողությունների հասանելիությունը` սահմանելով այդ ոլորտների և գործողությունների էներգետիկ անվտանգության պատասխանատու անձանց և մարմինների իրավասությունները կառավարման համակարգերում: Էներգետիկ անվտանգության ապահովման անընդհատությունը պայմանավորված է կառավարման բոլոր մակարդակներում պատրաստականության, կանխարգելիչ-նախազգուշական միջոցառումների և ճգնաժամային իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումների ծրագրերի առկայությամբ:

70. Էներգետիկ անվտանգության ապահովմանը մասնակից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների ու դրանց հետևանքների վերացման միջգերատեսչական հանձնաժողովները, իրենց իրավասությունների սահմաններում, շարունակաբար վերլուծում են էներգետիկ անվտանգության մակարդակը, բացահայտում և վերացնում առկա թերությունները, կատարելագործում են էներգետիկ անվտանգության ապահովման իրավական, կազմակերպական, տեղեկատվական, գիտական, նորարարական, ֆինանսատնտեսագիտական, նյութատեխնիկական միջոցներն ու մեթոդները:

71. Պատրաստականության ծրագրերում սահմանազատվում են էներգետիկ անվտանգության ապահովման գործողություններն ըստ տարածքի, ժամանակի և կատարողների, ինչպես նաև այդ գործողությունների իրականացման համար պատասխանատվությունը:

 

12. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

72. Էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովման գլխավոր գրավականը էներգետիկ անվտանգության ապահովման պահանջներին համապատասխան համարժեք պատասխանատվության միջոցների սահմանումն է, պահանջների կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործընթացների արդյունավետության բարձրացումը:

73. Էներգետիկ հսկողության իրականացման նպատակով կազմակերպվում է էներգետիկ անվտանգության պահանջների կատարման դիտարկումների համակարգ և կատարվում են վերլուծություններ էներգետիկ անվտանգության բնագավառի հիմնական խախտումների վերաբերյալ, վարվում է տեղեկատվական շտեմարան, որոնց միջոցով կարող են մշակվել փոփոխություններ, այդ թվում` օրենսդրական` ուղղված էներգետիկ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:

 

13. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

74. Հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով հայեցակարգի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և գործողության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների 2014-2020թթ. ծրագիրը» (այսուհետ նաև` Ծրագիր): Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները պետք է նախատեսվեն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, էներգահամակարգի ընկերությունների սեփական միջոցներից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

75. Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները`

1) էներգետիկ անվտանգության սպառնալիքների վերլուծությունը, դրանց կանխմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները,

2) էներգետիկ անվտանգության առկա մակարդակի գնահատականը,

3) էներգետիկ անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության իրականացման ուղղությունները,

4) էներգետիկ համակարգի գործունեության կատարելագործման ուղիները,

5) էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման և սարքավորումների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները,

6) վառելիքաէներգետիկ ռեսուրսների և նավթամթերքների ռազմավարական պաշար ստեղծելու համար անհրաժեշտ միջոցառումները,

7) վերականգնվող էներգառեսուրսների աստիճանական իրացման գործընթացի վերլուծությունն ու գնահատականը,

8) բնական գազի ռազմավարական ռեզերվի պահեստավորման հարցերը,

9) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները,

10) էներգետիկայի բնագավառում հակաահաբեկչական գործողությունների հակազդման գործում միջազգային համագործակցության ակտիվացումը, էներգետիկայի օբյեկտներում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների մշակումը և ընդունումը, բնագավառի ազգային օրենսդրության համապատասխանեցումը ահաբեկչության դեմ պայքարի միջազգային օրենսդրությանը, ահաբեկչության դեմ պայքարի միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծումը,

11) էներգետիկայի բնագավառի օբյեկտների դասակարգումը և խոցելիության աստիճանի գնահատումը, էներգետիկ անվտանգության նպատակով էներգետիկայի օբյեկտների և միջոցների տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալի ճշտումը, էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման ֆինասավորման ծրագրերի կազմումը,

12) էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին տեղեկատվական աջակցություն և դրանց վերաբերյալ հանրային իրազեկումը,

13) էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կադրերի պատրաստումը ու այդ ոլորտում առկա ուսումնական գործընթացի արդիականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի կազմումը:

 

14. ԱՄՓՈՓԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

76. Հայեցակարգի իրականացմամբ նախատեսվում է, որ 2014-2020թթ. ընթացքում տնտեսության բոլոր ոլորտներում շահագործման կդրվեն նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, տնտեսության զարգացումը կապահովվի գոյություն ունեցող ենթակառուցվածքների ինտենսիվ շահագործմամբ: Արդյունքում, կներդրվեն էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաներ, ինչը կբերի ՀՆԱ միավորի էներգատարության կայուն մակարդակի պահպանում, իսկ հնարավորության դեպքում՝ նաև նվազեցում:

77. Էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պահանջվում են կազմակերպչական, նյութական և ֆինանսական նշանակալի ռեսուրսներ, այդ թվում` նաև ֆիզիկապես ու բարոյապես մաշված արտադրող հզորությունների ու էլեկտրական ցանցերի սերնդափոխության համար, որոնք, անշուշտ, գերազանցում են Հայաստանի սեփական հնարավորությունները: Հետևաբար, կարևոր է առաջին հերթին իրականացնել այն բոլոր միջոցառումները, որոնք ապահովում են հնարավորինս ցածր ծախսումներով էներգետիկ անվտանգության բավարար մակարդակ։

78. Էներգետիկայի ոլորտում Հայաստանը մոտ ապագայում չի կարող իրեն թույլ տալ իրագործել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ողջ ծավալով։ Դրանց միջև ընտրություն կատարելիս պետք է պահպանվեն երկու կենսական սկզբունքներ`

1) Հայաստանը չի հրաժարվի իր պարտավորությունից՝ մատուցելու անհրաժեշտ էներգամատակարարման ծառայություններ իր բոլոր քաղաքացիներին և կենսապահովման կարևորագույն հիմնարկներին, այդ թվում նաև արտակարգ իրավիճակներում։ Այս պարտավորությունը էներգետիկ ռազմավարության և պետության սոցիալական քաղաքականության հստակ մասն է.

2) սույն հայեցակարգի իրականացման կարևորագույն խնդիր պետք է դառնա պետական ներդրումեր պահանջող ծրագրերի ճիշտ դասավորվածությունն ըստ պահանջարկի և միջոցների աղբյուրների ընտրության առաջնահերթությունների, որպեսզի հնարավորինս նվազեցվի դրանց անցանկալի ազդեցությունը պետբյուջեի և սակագների վրա։

79. Էներգամատակարարման բացարձակ անվտանգությունը հասանելի չէ և ոչ մի երկրի համար, և որ վերջինիս երաշխավորված ապահովման գինն անընդունելի բարձր է: Էներգամատակարարման անվտանգությունը կառավարության և հասարակության միջև գոյություն ունեցող հիմնական փոխզիջումներից մեկն է, որը տարբեր աստիճանի էներգաանվտանգության հասնելու համար անհրաժեշտ ծախսերը կապակցության մեջ է դնում դրանք վճարելու վերջիններիս հնարավորության և ցանկության հետ:

80. Հաշվի առնելով էներգետիկ բնագավառում ընթացող բարեփոխումների և առևտրայնացման գործընթացները` կարելի է հավաստել, որ Հայաստանի կառավարության համար առաջնահերթ նշանակություն ձեռք կբերեն այն նախագծերի ֆինանսական աջակցության ցուցաբերումը, որոնք կերաշխավորեն սոցիալ-տնտեսական զարգացումը, կունենան համազգային նշանակություն և կապահովեն երկրի էներգետիկ անվտանգության և անկախության բավարար մակարդակ:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

 Վ. Սարգսյան