Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1797
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.09.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 սեպտեմբերի 2025 թ.

 

ՄԱՐԻՆԵ ԿՊՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

նախագահող`

Արման Դիլանյանի,

դատավորներ` Հրայր Թովմասյանի,

Դավիթ Խաչատուրյանի,

Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող),

Էդգար Շաթիրյանի,

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների՝

Մարինե Կպրյանի,

Անժելա Ասրիբաբայանի

(այսուհետ նաև՝ Դիմողներ),

ներկայացուցիչ՝ 

Արտակ Զեյնալյանի

(դիմումը ներկայացնելու պահին),

պատասխանող՝ Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող),
ներկայացուցիչ՝

Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Մարի Ստեփանյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարինե Կպրյանի և Անժելա Ասրիբաբայանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապա­տասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, Դիմողների և Պատասխանողի գրավոր բացատրությունները, Միջազգային իրավական հարցերով ներ­կայացուցչի դիրքորոշումները, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող և վերաբերելի այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Վարույթը Սահմանադրական դատարանում

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս­գիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

2. Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները» վերտառությամբ 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է.

«2. Դատարանը սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախա­տեսված հիմքի առկայության դեպքում կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, միայն եթե հիմնավորում է, որ այն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա»:

3. Վերոնշյալ վիճարկվող դրույթը փոփոխության է ենթարկվել 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-182-Ն օրենքով, ի մասնավորի՝ Օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում «այն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա» բառերը փոխարինվել են «սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա» բառերով։

4. Գործի քննության առիթը Դիմողների՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Սահմանա­դրական դատարան մուտքագրված դիմումն է։

5. Սահմանադրական դատարանի դատական կազմի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի ՍԴԴԿՈ-86 որոշմամբ սույն գործն ընդունվել է քննության:

6. Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի ՍԴԱՈ-258 աշխատակարգային որոշմամբ սույն գործի դատաքննությունը նշանակվել է 2022 թվա­կանի փետրվարի 8-ին:

7. Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 8-ի ՍԴԱՈ-20 աշխա­տակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը երկարաձգվել, գործի դատաքննու­թյունը հետաձգվել և դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի ապրիլի 26-ին:

8. Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 26-ի ՍԴԱՈ-77 աշխատա­կարգային որոշմամբ սույն գործի վարույթը կասեցվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ լրացու­ցիչ ապացույցներ պահանջելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

9. Սույն գործով զեկուցող դատավորի 2022 թվականի մայիսի 5-ի ՍԴԴ-49 գրությամբ Դատական դեպարտամենտից պահանջվել է թիվ 05-362, 3-574 (ՎԴ) քաղաքացիական գործը: Նշյալ գործը (բաղկացած 4 հատորից) Սահմանադրական դատարան է մուտքա­գրվել 2022 թվականի մայիսի 16-ին:

10. Սույն գործով զեկուցող դատավորի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԴ-90 գրությամբ տեղեկություն է պահանջվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչից: Նշյալ գրությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ իրավական դիրքորոշում­ները Սահմանադրական դատարան է ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 22-ին:

11. Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունվարի 9-ի ՍԴԱՈ-8 աշխատա­կարգային որոշմամբ նշանակվել է նոր զեկուցող դատավոր՝ 2024 թվականի հունվարի 4-ից սույն գործով զեկուցող դատավորի լիազորությունները դադարելու հանգամանքով պայմանավորված:

12. Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴԱՈ-140 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին:

 

Գործի դատավարական նախապատմությունը

13. 2005 թվականի ապրիլի 12-ին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրա­գրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հա­մապատասխան փոխհատուցմամբ զբաղեցված տարածքից վտարելու պահանջի մասին» հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ Դատարան), որով պահանջել է Դիմողներին և նրանց ընտանիքի անդամներին վտարել քաղաք Երևան, Աբովյան փողոցի 3/2 հասցեից՝ համա­պատասխան փոխհատուցմամբ։

14. 2005 թվականի սեպտեմբերի 7-ին Դատարանը կայացրել է թիվ 2-3171-2005թ. վճիռը, որով բավարարել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրակա­նացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերոնշյալ հայցը։

15. 2005 թվականի սեպտեմբերի 21-ին Դատարանի՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 2-3171-2005թ. վճիռը Դիմողների կողմից բողոքարկվել է Հայաստանի Հանրապե­տության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դա­տա­րան)։

16. 2005 թվականի դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանը թիվ 05-3626 վճռով հայցը բավարարել է և վճռել Դիմողներին համապատասխան փոխհատուցմամբ ընտա­նիքի անդամների հետ վտարել Երևանի Աբովյան 3/2 հասցեից։

17. 2006 թվականի հունվարի 9-ին Դիմողները Վերաքննիչ դատարանի 2005 թվա­կանի դեկտեմբերի 26-ի թիվ 05-3626 վճիռը բողոքարկել են Հայաստանի Հանրապե­տության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատ (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան):

18. 2006 թվականի ապրիլի 7-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է թիվ 3-574 (ՎԴ) որոշումը, որով Վերաքննիչ դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 26-ի վճիռը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման։

19. 2006 թվականի ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանը Մարդու իրա­վունքների պաշտպանի դիմումի հիման վրա կայացրել է թիվ ՍԴՈ-630 որոշումը, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը, Հայաս­տանի Հանրապետության հողային օրենսգրքի 104, 106 և 108-րդ հոդվածները, Հայաստա­նի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 1151-Ն որոշումը ճանաչվել են Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող։

20. Դիմողները 2006 թվականի ապրիլի 26-ին Վերաքննիչ դատարան դիմում են ներ­կայացրել՝ Վերաքննիչ դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 05-3626 քաղա­քացիական գործով կայացրած վճիռը վերանայելու համար` Սահմանադրական դատա­րանի վերոնշյալ որոշումն ընդունելով որպես նոր հանգամանք։

21. 2006 թվականի մայիսի 4-ին Վերաքննիչ դատարանը կայացրել է «Վճռի վերա­նայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշում։

22. 2006 թվականի մայիսի 5-ին Դիմողները ներկայացրել են վճռաբեկ բողոք՝ Վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի որոշումը վերացնելու մասին։

23. 2006 թվականի մայիսի 19-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է վճռաբեկ բողոքը՝ վերացնելով Վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 4-ի որոշումը։

24. Վերաքննիչ դատարանը 2006 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ վարույթ է հարու­ցել՝ 2005 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 05-3626 վճիռը նոր հանգամանքով վերա­նայելու համար։

25 2006 թվականի հուլիսի 19-ին Վերաքննիչ դատարանը վճռել է վերջինիս կողմից 2005 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված թիվ 05-3626 վճիռը թողնել ուժի մեջ, իսկ Դիմողների՝ նոր հանգամանքով վճիռը վերանայելու մասին դիմումը՝ առանց բավարար­ման։

26. 2006 թվականի օգոստոսի 3-ին Դիմողների կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 29-ի որոշմամբ վերադարձ- վել է։

27. 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Դիմողների անունից ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ է ներկայացվել Եվրոպական դատա­րան։

28. 2017 թվականի հունիսի 13-ին Կառավարությունը միակողմանի հայտարարու­թյամբ դիմել է Եվրոպական դատարան, ընդունել է Դիմողների իրավունքների խախտման փաստը, առաջարկել ամբողջ նյութական և ոչ նյութական վնասի համար վճարել Դիմող­ներին, որից հետո՝ 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 52-Ն որոշմամբ 118.000 եվրոյին համարժեք 65.611.540 ՀՀ դրամը փոխանցվել է Մարինե Կպրյանի բանկային հաշվեհա­մարին (Անժելա Ասրիբաբայանը դիմել է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրա­պետության ներկայացուցչին՝ խնդրելով վճարման ենթակա գումարի իրեն հասանելիք մասը փոխանցել Մարինե Կպրյանի բանկային հաշվեհամարին)։

29. Համաձայն Եվրոպական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման 8-րդ կետի՝ այդ հայտարարության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդա­կությունը.

 «Հայաստանի Հանրապետության իշխանություններն ընդունում են, որ դիմումատու­ներին գույքից զրկելը չի համապատասխանել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին: Կառավարությունն ափսոսանք է հայտնում, որ դիմումատունե­րին գույքից զրկելը չի համապատասխանել օրինականության սկզբունքին՝ չի կատարվել «օրենքով սահմանված պայմանների համաձայն»: Դիմումատուների սեփականության օտարման հետ կապված ոչ մի օրենք չի ընդունվել, և օտարման ողջ գործընթացը հիմնված է եղել Կառավարության մի շարք որոշումների վրա:

(...)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդունելով, որ խախտվել են դիմումատուների իրավունքները, առաջարկում է ամբողջ նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բոլոր ծախսերը և ծախքերը հատուցելու համար դիմումատուներ Մարինե Կպրյանին և Անժելա Ասրիբաբայանին միասին վճարել 118 000 եվրո:

Վերոնշյալ գումարն ազատվում է գանձման ենթակա ցանկացած հարկից և կփոխարկ­վի Հայաստանի Հանրապետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը ենթակա է վճարման քննվող գործերի ցուցակից գործը հանելու մասին Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելուց հետո երեք ամսվա ընթաց­քում: Այս գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրը վճարել այդ գումարների նկատմամբ հաշվարկված պարզ տոկոսադրույք՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում (...)»:

30. Եվրոպական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունել է ի գիտություն պատասխանող Կառավարության հայտարարության պայմանները՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով և դրանում նշված այդ հանձնառության կատարումն ապահովելու եղանակները, որոշել է գանգատի այդ մասը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան, ինչպես նաև գանգատի մնացած մասը հայտարարել է անընդունելի:

31. 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Դիմողները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով «(…) ամբողջությամբ բավարարել սույն վճռաբեկ բողոքը և՝ հարուցել 26/12/2005թ-ի թիվ 05-3626 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 07/04/2006թ-ին 3-574 (ՎԴ) գործով կայացրած որոշումը նոր հանգա­մանքով վերանայելու վարույթ, ամբողջությամբ բեկանելով դրանք և, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով և Օրենսգրքի 427 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ կայացնել նոր դատական ակտ և մերժել Դիմողների դեմ ներկայացված հայցա­դիմումն ամբողջությամբ»։

32 2019 թվականի հունիսի 13-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշում:

33. 2021 թվականի հոկտեմբերի 19-ին Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ 05-3626, 3-574 (ՎԴ) գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Դիմողների վճռաբեկ բողոքը, որոշել է վճռաբեկ բողոքը մերժել: Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է. «Այն դեպքում, երբ Եվրոպական դատարանի կայացված որոշման պահանջն արդեն իսկ կատարվել է, իսկ վերանայվող դատական ակտի բեկանումը, նման պարագայում, որևէ կերպ չի կարող ազդել գործի ելքի վրա և որևէ բացասական հետևանք առաջ չի կարող բերել վերանայումը պահանջող կողմի համար, ապա դատա­րանները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, իրավասու են վերանայվող դատական ակտը բեկանելու կողմի պա­հանջը մերժել: Ընդ որում, նման պարագայում, դատական ակտի վերանայումը պա­հանջող կողմի իրավունքների խախտում չի կարող արձանագրվել, քանի որ նրա խախտված իրավունքներն արդեն իսկ վերականգնվել են, որպիսի պարագայում ներպետական դատական ակտերով կրկնակի հատուցման պահանջ ներկայացնել իրավաչափ չէ:

(…)

Միաժամանակ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի 04.08.2021 թվականի գրության՝ ««Աշոտ Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (N 40864/06 գանգատ) Մարդու իրա­վունքների եվրոպական դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրապա­րակված որոշմամբ հատկացված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը փաս­տացի կատարվել է: Մասնավորապես, որոշմամբ հատկացված 118.000 եվրոյին համարժեք 65.611.540 ՀՀ դրամ փոխանցվել է դիմումատու Մարինե Կպրյանի բանկային հաշվին:

(…)

(…) թեև սույն պարագայում Եվրոպական դատարանի 16.10.2018 թվականի որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 07.04.2006 թվականին թիվ 3-574 ՎԴ գործով որոշումը վերանայելու համար, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում նոր հանգա­մանքի հիմքով գործի վերաբացումը մինչև խախտումը եղած իրավիճակի վերա­կանգնման արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ՝ նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոք բերած անձանց խախտված իրավունքներն արդարացի փոխհատուց­ման եղանակով արդեն իսկ վերականգնվել են» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

 

Դիմողների դիրքորոշումները

34. Դիմողները գտնում են, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով, Կոն­վենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության և արդար դատա­քննության իրավունքների էությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր իրավական պետություն պարտավոր է իր ներպետական օրենսդրությամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծել՝ արդարադատության մատչելիության, հասանելիության սկզ­բունքների ապահովման, անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշ­խավորելու համար:

35. Դիմողները նշում են. «Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դեպ­քում գործը վերանայող դատարանը չի կարող ունենալ ՀՀ «Քաղաքացիական դատա­վարության» օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունը, այլ` կաշկանդված է նոր հանգամանք համարվող` Հայաստանի Հանրապետության վավերաց­րած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ և չի կարող անձի՝ միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստ պարունակող դատական ակտը, որևէ պարագայում թողնել ուժի մեջ (…)»:

36. Դիմողների կարծիքով՝ Վճռաբեկ դատարանը կիրառել է Օրենսգրքի 427-րդ հոդ­վածի 2-րդ մասը, որը հակասում է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներին, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումներին, հետևաբար՝ նաև Սահմանա­դրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքին, միջազգային մարմին­ներին դիմելու իրավունքը երաշխավորող դրույթներին:

37. Դիմողների պնդմամբ՝ վիճարկվող դրույթը չի բավարարում իրավական որոշա­կիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, ուստի՝ այն հակասում է Սահմանադրությանը:

38. Դիմողները նշում են, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը հակա­սում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ հնարավորություն է ստեղծում Եվրոպական դատարանի որոշումը մեկնաբանել իրենց իրավունքների սահմա­նափակման, այլ ոչ նրանց նվազագույն պաշտպանության նպատակով:

39. Դիմողներն ընդգծում են. «(…) իրավունքի խախտման փաստը հաստատվել է ՄԻԵԴ որոշմամբ և շարունակվելու է իրավունքի խախտման փաստը գոյություն ունենալ, քանի դեռ՝ շարունակում է օրինական ուժի մեջ մնալ Կոնվենցիայի դրույթների խախտումով ընդունված դատական ակտ, քանի դեռ Դիմողներին հնարավորություն չի ընձեռվել իրենց դեմ ներկայացված հայցի քննության փուլում իրացնել դատավարական օրենքով ընձեռված իրենց դատավարական իրավունքները, քանի դեռ Դիմողները չեն ստացել ներպետական օրենքով սահմանված կարգով ու չափով նախատեսված համարժեք փոխհատուցում»։

40. Ամփոփելով իրենց դիրքորոշումները՝ Դիմողները խնդրում են.

«4.1. ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 5, 61 հոդված­ներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 79 և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր,

և/կամ

4.2. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 41, 46-րդ հոդ­վածը՝ իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված իրավական բովանդակության շրջանակներում,

և/կամ

4.3. Բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակու­թյունը»:

 

Պատասխանողի դիրքորոշումները

41. Պատասխանողը նշում է, որ Օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերելի է միայն Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նոր հանգա­մանքին, այն է՝ Եվրոպական դատարանի վճռի կամ որոշման հիման վրա գործը վերա­նայելիս իրավասու դատարանը, նախևառաջ, պետք է պարզի, թե որքանով կարող է այն ազդել գործի ելքի վրա: Ըստ Պատասխանողի՝ նշված մոտեցումը համահունչ է Եվրոպա­կան դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին:

42. Պատասխանողի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման փուլում վերանայող դատարանը գնահատում է, թե արդյո՞ք նոր հանգամանքը կարող է ազդել տվյալ գործի ելքի վրա: Եթե ակտը վերանայող դատարանը գտնում է, որ այն կարող է ազդել գործի ելքի վրա, ապա որոշում է կայացնում ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու մասին:

43. Պատասխանողը նշում է, որ գործի վերաբացումը ոչ միշտ է անհրաժեշտ անձի խախտված իրավունքների վերականգնման համար, այսինքն՝ res judicata սկզբունքից բացառությունը պետք է նախատեսել այն դեպքում, երբ դա խախտված իրավունքների վերականգնման միակ տարբերակն է:

44. Պատասխանողն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը որևէ կերպ չի սահմա­նափակում անձի սահմանադրական իրավունքները, ուստի՝ համահունչ է Սահմանադրու­թյանը:

45. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթ­ները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի դիրքորոշումները

46. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, անդրադառնալով Եվրոպա­կան դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքների խախտման դիմաց նյութական վնասի հատուցման մեխանիզմներին, նշել է, որ դրանք առաջին հերթին ուղղված են մինչև վնասը եղած իրավիճակի վերականգնմանը: «Փոխհատուցվող նյութական վնասն ըստ այդմ կարող է ներառել ինչպես դիմումատուի կողմից կրած իրական վնասը (damnum emergens), այնպես էլ բաց թողնված օգուտը (lucrum cessans)»:

47. Ըստ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի՝ «(...) դիմումատուն վնասի հատուցման պահանջի զուգահեռ պետք է ներկայացնի որոշակի չափով նյութական վնաս կրելու հանգամանքը հավաստող բավարար ապացույցներ, ինչպես նաև պետք է հիմնավորի, որ իր կրած նյութական զրկանքն ուղղակիորեն պայմանավորված է ներպե­տական մարմինների կողմից այն հիմնարար իրավունքի ոտնահարմամբ, որի պաշտպա­նությունը հայցվում է Եվրոպական դատարանից: Նշված պահանջը կատարելու դեպքում Եվրոպական դատարանն արդարացի փոխհատուցումը տրամադրում է դիմումատուի՝ վնասի հատուցման պահանջի ամբողջական բավարարմամբ (տե՛ս, օրինակ, Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 18275/08 գործով Եվրոպական դատարանի 7 ապրիլի 2016 որոշումը, որի շրջանակներում որպես նյութական վնասի փոխհատուցում սահմանվել է դիմումատուի կողմից պահանջվող գումարի կեսը՝ հաշվի առնելով օտարված բնակարանում վերջինիս բաժնեմասը)»։

48. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, անդրադառնալով արդեն իսկ միակողմանի հայտարարության դեպքում Դիմողներին տրամադրվող փոխհատուցման չափին, հարկ է համարել նշել, որ «ՀՀ կառավարությունը, փոխհատուցման չափը որոշելիս, հիմք է ընդունում նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից տրամադրված փոխհատուցման չափը, ինչպես նաև գործի կոնկրետ հանգամանքները՝ դրա համարժեքու­թյան գնահատման հարցը թողնելով դատարանի հայեցողությանը»:

49. Ըստ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի դիրքորոշման՝ «(...) նյութական վնասի փոխհատուցման արդարացի չափի սահմանումը և հետագայում դրա հատուցումը [...] կոմպենսացնում են ներպետական մակարդակում անձի իրավունքի խախ­տումն արձանագրելու և համարժեք փոխհատուցում տրամադրելու ազգային կառուցակար­գերի թերացումը կամ դրանց անգործությունը՝ ապահովելով վնասի հատուցման վերա­բերյալ պահանջի լիարժեք բավարարում»:

50. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը եզրահանգել է, որ «(...) կոնկրետ գործերով Եվրոպական դատարանի կողմից միակողմանի հայտարարության կամ վճռի հիման վրա Կոնվենցիայի համաձայն նշանակված փոխհատուցման գումարը ՀՀ դատարանների կողմից կարող է դիտարկվել որպես ՀՀ օրենսդրությամբ նշա­նակված պատճառված վնասի վերջնական գումար, քանի որ այն վնասը, որը չի վերա­կանգնվել ներպետական մակարդակում՝ հանգեցնելով Կոնվենցիայի այս կամ այն հոդվածով նախատեսված իրավունքի խախտման, ի վերջո վերականգնվում է կոն­վենցիոն մեխանիզմի միջոցով: Ավելին, Եվրոպական դատարանը գանգատը քննում է նույն փաստական հանգամանքների և ապացուցողական զանգվածի շրջանակներում: Հակառակ մեկնաբանությունը կհանգեցնի կրկնակի փոխհատուցման»:

 

Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

51. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

արդյո՞ք Օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով իրավասու դատարանին լիազորություն է վերապահում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում չբեկանել վերանայվող դատական ակտը՝ խնդրո առարկա հանգամանքները գործի ելքի վրա ըստ էության ազդեցություն չունենալու հիմնավորմամբ, համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածի և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված, համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու ու արդար դատաքննության իրավունքներին՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի առնչությամբ Եվրոպական դատարանի համապատասխան դատական ակտի առկայության պայմաններում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման իրա­վունքի ապահովման համատեքստում:

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

52. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրա­վունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառու­թյամբ 61-րդ հոդվածը սահմանում է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք»:

53. Ժամանակակից իրավական պետության հիմնարար բնութագրիչներից մեկն իրավունքի գերակայությունն է, որի կիզակետում մարդու իրավունքներն ու ազատություն­ներն են: Վերջիններիս լիարժեք և իրական պաշտպանության առանցքն անձի արդյու­նավետ դատական պաշտպանության իրավունքն է, որը ենթադրում է ոչ միայն ներպետա­կան դատական ատյաններում արդարադատության հասանելիություն՝ գործի քննության անկախության, անաչառության և արդարության սկզբունքների երաշխավորմամբ, այլև միջազգային մարմիններ դիմելու իրավական հնարավորություն, երբ ներպետական մեխա­նիզմներն սպառված են: Վերջին դեպքում համապատասխան միջազգային մարմիններ դիմելու իրավունքը վերաիմաստավորվում է որպես մարդու իրավունքների և ազատություն­ների պաշտպանության «ճգնաժամային միջամտության» իրավական եղանակ՝ հաղթա­հարելով ներպետական դատական պաշտպանության սահմանները՝ հանուն մարդու իրա­վունքների գերակայության: Ընդ որում՝ որքան ուժեղ է պետության ներպետական իրա­վական պաշտպանության համակարգը, այնքան ավելի նվազ է միջազգային մարմին­ներին դիմելու անհրաժեշտությունը: Մյուս կողմից՝ միջազգային մակարդակում իրա­վունքների պաշտպանության մեխանիզմների առկայությունը դառնում է ազգային իշխանությունների համար սթափեցնող գործոն՝ բարձրացնելով վերջիններիս պա­տասխանատվության աստիճանը մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

54. Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-1724 որոշ­մամբ արձանագրել է. «Իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքն այն արդյունավետ լրացուցիչ լծակն է, որը կոչված է երաշխավորելու անձի խախտված իրավունքի լիարժեք և ամբողջական վերականգնումը, իսկ դրա ան­հնարինության դեպքում՝ վնասների համարժեք հատուցումը: Հետևապես` բովանդակային առումով սահմանադրական այս իրավունքը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու հնարավորությունից զատ, ենթադրում է նաև միջազգային մարմնի կողմից կայացված որոշման կատարման իրական հնարա­վորությունների ապահովման անհրաժեշտություն:

Սահմանադրորեն նման երաշխիքների նախատեսումը պայմանավորված է այն իրողությամբ, որ ներպետական դատական ատյանների միջոցով իրավունքների պաշտպանության հնարավորությունների սպառումից հետո իրավունքների և ազատու­թյունների պաշտպանության խնդրով միջազգային դատարան դիմելու իրավունքի նպատակը, ի վերջո, ներպետական իրավական համակարգում խնդրի վերջնական լուծումն է: Ուստի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ամրա­գրված իրավակարգավորումները երաշխավորում են անձի՝ ոչ միայն ներպետական դատական պաշտպանության միջոցով իրավունքների և ազատությունների պաշտպա­նություն, այլև այդ խնդրով միջազգային մարմիններ դիմելու, իսկ այդպիսի մարմնի կողմից որոշման կայացման արդյունքում՝ իրավունքների և ազատությունների պաշտ­պանության գործընթացն ավարտին հասցնելու իրական և արդյունավետ հնարավո­րություն»:

55. Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդյունավետ դատական պաշտպանության և միջազգային մարմիններ դիմելու իրավունքները չեն կարող դիտարկվել մեկուսի, քանզի երկուսն էլ ծառայում են նույն նպատակին՝ երաշխավորել մարդու իրավունքներն ու ազատությունները՝ իբրև մարդու արժանապատիվ գոյության հենասյուներ: Մյուս կողմից՝ խնդրո առարկա իրավական հնարավորությունը պայմանա­վորված է Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով պետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մար­մինների պրակտիկան հաշվի առնելու, ըստ այդմ՝ պետության՝ իբրև միջազգային իրա­վունքի սուբյեկտի, ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու իրողու­թյամբ:

56. Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ արդյունավետ դատական պաշտպանությունն ու միջազգային մարմիններին դիմելու իրավունքը ձևավորում են միասնական համակեցության մեջ գոյություն ունեցող օրգա­նական կապ, որի շարժիչ ուժը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպա­նությունն է:

57. Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում բարձրացված խնդիրը Սահմանադրական դատարանը հարկ է համարում դիտարկել Եվրոպական դատարանի համապատասխան ակտերի՝ իբրև միջազգային դատական ատյանի կողմից իրականաց­վող արդարադատության կենսագործմամբ անձանց խախտված իրավունքների վերա­կանգնման գործուն երաշխիք լինելու համատեքստում՝ դատական ակտերի՝ նոր հանգա­մանքի հիմքով վերանայման ինստիտուտի լույսի ներքո:

58. Սահմանադրության՝ «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է.

«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդա­րացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

59. Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքի կենսա­գործումը չի հանգում սոսկ միջազգային մարմիններ, այդ թվում՝ Եվրոպական դատարան, դիմելու իրավական հնարավորության իրացմանը: Այն, ի թիվս այլնի, ներառում է նաև միջազգային մարմնի կողմից կայացված ակտի կատարման համար անհրաժեշտ կառուցա­կարգերի և ընթացակարգերի երաշխավորումը, որը կազմում է նաև արդար դատաքննու­թյան սահմանադրական իրավունքի բաղադրատարրը, ի շարս այլնի, նաև դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման իրավունքի ապահովման համատեքս­տում:

60. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Եվրոպական դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Եվրոպական դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։

61. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Եվրոպական դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

62. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Եվրոպական դատարանի՝ Կոն­վենցիայով երաշխավորված իրավունքի խախտման փաստը հիմնավորող ուժի մեջ մտած ակտերը (համապատասխան վճիռը կամ որոշումը) ներպետական դատական համակարգի համար վերափոխիչ ազդակ են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի արդարու­թյան ինդիկատոր՝ Կոնվենցիայի՝ իբրև կենդանի փաստաթուղթ (living instrument) ընկալ­մամբ:

63. Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանը բազմիցս բացահայտել է Կոնվենցիայի 34, 41 և 46-րդ հոդված­ների բովանդակությունը, մասնավորապես՝ Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի (№ 43478/11, 05.12.2019թ) գործով արձանագրել է՝ «(...) ոչ ողջամիտ չի եղել, որ դիմումատուն Կոնվենցիային առնչվող իր բողոքները ներկայացներ իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը լուծող դատարաններ, որպեսզի ներպետական դատարանները ազգային իրավական համակարգում ճշտումներ անելու հնարավորություն ունենային, դրանով իսկ հարգելով այն սկզբունքը, որ Կոնվենցիայով սահմանված պաշտպանության մեխանիզմը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային համակարգերի համար օժանդակ մեխանիզմ է (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություն­ներով), Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC]], թիվ 39630/09, § 141, ՄԻԵԴ 2012)»։

64. Այս առումով Սահմանադրական դատարանը սահմանադրաիրավական ար­ժեքների հետ անհանդուրժելի է համարում Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորող ուժի մեջ մտած ակտերի առկայության պայմաններում այն դատական ակտի գոյության իրավունքը, որը ծնել է իրավունքի նշված խախտումը:

65. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդյունավետ դատական պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին դիմելու և արդար դատաքննության իրավունքները ենթադրում են նաև Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորող ուժի մեջ մտած ակտերի առկայության պարագայում ներպետական համապատասխան դատական ակտի վերանայման իրավունքի կենսագործմանը միտված օրենսդրական գործուն երաշխիքների առկայություն, քանզի ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտը, այդ թվում՝ նոր հանգամանքների հիմքով, արդյունա­վետ միջոց է մարդու խախտված իրավունքների վերականգնմանը միտված իրավական գործիքակազմի համալիրում:

66. Ընդ որում՝ Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում ոչ միայն համապատասխան օրենսդրական կարգավորումների անկատարությունը, այլև իրավա­կիրառ պրակտիկայում Եվրոպական դատարանի համապատասխան ակտերի կատա­րումից խուսանավելուն միտված մեկնաբանությունները, որոնք կարող են որևէ կերպ արդա­րացնել մարդու իրավունքի խախտումը սաղմնավորած դատական ակտի գոյությունը:

67. Վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտն անվերապահորեն նոր հանգամանքի հիմքով ենթակա է բեկանման: Սահմանադրական դատարանը վերահաս­տատում է, որ որևէ օրենսդրական կարգավորում կամ դրան՝ իրավակիրառ պրակտի­կայում տրված մեկնաբանություն, չի կարող շրջանցել այս սահմանադրաիրավական հրամայականը՝ արգելակելով Եվրոպական դատարանի համապատասխան ակտի հիման վրա դատական ակտի բեկանման գործընթացը՝ առաջնորդվելով իրավունքա­հեն այն պահանջով, որ իրավաբանական ուժից զուրկ է այն դատական ակտը, որը խախտում է անձի կոնվենցիոն իրավունքը: Հակառակ մոտեցումը նենգափոխում է արդարադատության բուն էությունը՝ ոտնահարելով անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական իրավունքները՝ այդպիսով անձի մոտ ծնելով հուսահատություն, անվստահություն թե´ ներպետական, թե´ միջազ­գային արդարադատության մարմինների նկատմամբ, ինչն անհամատեղելի է և´ սահ­մանադրաիրավական, և´ կոնվենցիոն արժեբանական գաղափարների հետ:

68. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից բացառություններին և դրանց կառուցակարգային առանձնահատկություններին առնչվող սահմանադրաիրավական վեճերի քննության շրջանակներում Սահմանադրական դատա­րանը, սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակին վերաբերելի՝ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման համատեքստում, ձևավորել է իրավական դիրքորոշում­ներ՝ արձանագրելով.

- «(…) նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի նպատակը (…) հակասահմանադրական ճանաչված օրենքի կիրառման հետևանքով ան­ձանց խախտված սահմանադրական և [Մարդու իրավունքների եվրոպական] Կոնվենցիա­յով երաշխավորված իրավունքների վերականգնումն է: Այսինքն` նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտն անձանց խախտված իրավունք­ների վերականգնման իրավական կարևոր միջոց է» (Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշում),

- «Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավա­խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայման­ներում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնա­րավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու դեպ­քում: Հետևաբար, դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման միջոց, պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի իրավաբանական ուժը կորցնելուն:

(...)

- Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայումն այն բացառիկ դեպքերից է, երբ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու և Սահմանադրա­կան դատարանի որոշումների ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռ­ների արդյունավետ կատարման նպատակները գերակայում են res judicata դոկտրինայի հիմքում ընկած սկզբունքների, մասնավորապես` իրավական որոշակիության սկզբունքի, նկատմամբ:

(…)

Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր հան­գամանքի հիմքով դատական ակտի վերանայման պահանջի մերժումը չի կարող հիմնա­վորվել res judicata դոկտրինայի, մասնավորապես, դրա հիմքում ընկած իրավական որոշա­կիության սկզբունքի պահպանման նկատառումներով և անհրաժեշտությամբ» (Սահմանա­դրական դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշում),

- «(…) այն դեպքում, երբ անձի կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, անձը պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն» (Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշում),

- «(…) նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջո­ցով ապահովվում է խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքների վերականգնումը։ Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հե­տևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum)։ Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավա­խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակա­յության պայմաններում։ Այսինքն, խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերա­կանգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում։ Հետևաբար, նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթը՝ որպես անձի խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոց, առաջին հերթին պետք է հանգեցնի իրավունքը խախ­տած դատական ակտի վերացմանը /բեկանմանը/, և սա օրենսդրորեն հստակ ամրագրման անհրաժեշտություն ունի» (Սահմանադրական դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշում),

- «(…) Վերահաստատելով հիշյալ դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումն այդ ակտերով խախտված սահմանադրական իրավունքի պաշտպանության (վերականգնման) միջոց է, և անձը, որի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատա­կան ակտերով, պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտերի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն՝ համապատասխան իրա­վունքի խախտումը Սահմանադրական կամ միջազգային դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրվելու կամ ճանաչվելու դեպքում՝ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում: Սահմանադրության 3-րդ հոդվածի, ՄԻԵԿ-ի 1-ին հոդվածի ուժով՝ հիմնա­կան իրավունքի խախտման արձանագրումը պետությանը պարտավորեցնում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղ գտած խախտումը վերացնելու համար և վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), ինչն ապահովող ընթացա­կարգային գործիքներից է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանա­յումը, եթե չկա այդ իրավունքի վերականգնման այլ համարժեք արդյունավետ այլընտրանք» (Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշում),

- «Իր հիմնարար իրավական արժեքով հանդերձ` օրինական ուժի մեջ մտած դատա­կան ակտի վերջնականության սկզբունքը բացարձակ չէ, և դրանից կարող է լինել բացա­ռություն՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով՝ արդարադատության այնպիսի թերու­թյան ուղղման նպատակով, որի բացահայտմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է դառնում արդար դատաքննության բուն էության հետ։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավունքը պահանջում է օրենքով նախատեսված հանգա­մանքների և պայմանների առկայության պարագայում օրինական ուժի մեջ մտած դատա­կան ակտի իրավաչափության ստուգման հնարավորություն, որի իրականացումը, միաժա­մանակ, չի կարող հանգեցնել վերջնական դատական ակտի՝ վերաքննության կամ վճռա­բեկության ընդհանուր կարգով բողոքարկման քողարկված հնարավորության» (Սահմանա­դրական դատարանի 2024 թվականի հունվարի 23-ի ՍԴՈ-1712 որոշում):

69. Վերոնշյալի համատեքստում Եվրոպական դատարանն արձանագրել է.

- Կոնվենցիոն համակարգի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ներառում է դրանով ամրագրված դրույթների՝ Կոնվենցիային համապատասխա­նությունը վերանայելու մեխանիզմ: Այսպիսով, Կոնվենցիան Պայմանավորվող պետություն­ներից ոչ միայն պահանջում է պահպանել դրանից բխող իրավունքներն ու պարտակա­նությունները (հոդված 1), այլ նաև ստեղծում է դատական մարմին՝ Եվրոպական դատա­րանը (հոդված 19), որն իրավասու է վճիռների միջոցով հայտնաբերել Կոնվենցիայի խախ­տումները, որոնք Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել (46-րդ հոդվածի 1-ին կետ): Բացի դրանից, այն ստեղծում է վճիռների կատարման վերահսկման մեխանիզմ, որը վստահված է Նախարարների կոմիտեին (46-րդ հոդվածի 2-րդ կետ): Նման մեխանիզմը ցույց է տալիս Կոնվենցիայի համակարգում Դատարանի վճիռների արդյունա­վետ իրականացման կարևորությունը (Verein Gegen Tierfabriken Schweiz (vgt) v. Switzerland (No. 2), application no. 32772/02, 30.06.2009, §84),

- (...) վճիռը, որով Դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, Պատասխանող պետությանը պարտավորեցնում է վերջ տալ խախտմանը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (Papamichalopoulos and others v. Greece, application no. 14556/89, 31.10.1995, §34),

- Պայմանավորվող պետությունը պարտավոր է ոչ միայն վճարել դիմումատուին արդարացի փոխհատուցման կարգով շնորհված գումարները, այլև ձեռնարկել անհա­տական և/կամ, անհրաժեշտության դեպքում, ընդհանուր միջոցներ դատարանի կողմից հայտնաբերված խախտումը վերացնելու համար (Verein Gegen Tierfabriken Schweiz (vgt) v. Switzerland (No. 2), application no. 32772/02, 30.06.2009, § 85),

- Դատարանը պարզաբանում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի կարգավորումները, առաջին հերթին, հնարավորություն են տալիս դատարանին իր վճռով երաշխավորել Կոնվենցիայով նախատեսված պաշտպանության արդյունավետությունը և կանխել խնդրո առարկա իրավունքների շարունակական խախտումները՝ կարևորելով Նախարարների կոմիտեի աջակցությունը վերջնական վճռի կատարման վերահսկման հարցում։ Նման կարգավորումները նաև հնարավորություն են տալիս և պահանջում են, որ շահագրգիռ պետությունը հնարավորինս արագ վերջ դնի Դատարանի կողմից հայտնաբերված Կոն­վենցիայի խախտմանը (Kavala v. Turkey, application no. 28749/18, 11.07.2022, § 148):

70. Վերոգրյալի հաշվառմամբ՝ անդրադառնալով վիճարկվող դրույթին՝ Սահմանա­դրա­կան դատարանն արձանագրում է հետևյալը.

Օրենսգրքի 427-րդ հոդվածով սահմանվում են դատական ակտը վերանայող դատա­րանի լիազորությունները՝ հստակ ամրագրելով, որ մի դեպքում՝ Օրենսգրքի 418-րդ հոդ­վածով կամ 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերը վերանայվող դատական ակտի անվերապահ բեկանման հիմք են (Օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մաս), մյուս դեպքում՝Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում դատարանը կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, միայն եթե հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

71. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենսգրքի՝ «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝

«2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նա­խատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն»:

72. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշատակված կարգավո­րումը ևս ենթարկվել է համապատասխան փոփոխությունների, համաձայն որի՝ նոր հան­գամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝

«2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նա­խատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետու­թյան կողմից արված միակողմանի հայտարարությունը» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

73. Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը, թեև ընդլայնել է նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը՝ ներառելով նաև միջազգային դատարանի կողմից հաստատված կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնու­թյունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը, այնուամենայնիվ, վիճարկվող կարգավորման ուժով խնդրո առարկա հիմքերի առկայության պայմաններում անգամ դատական ակտը կարող է չբեկանվել, միայն եթե դատարանը հիմնավորում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

74. Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատա­րանը կարևոր է համարում զատորոշել «նոր հանգամանքներով դատական ակտի վերա­նայման վարույթի հարուցում» և «նոր հանգամանքներով դատական ակտի վերանա­յում» ձևակերպումները: Սույն հարցադրման կապակցությամբ Սահմանադրական դատա­րանն իր՝ 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-1114 որոշման շրջանակներում արձա­նագրել է. «(...) հարկ է տարբերակել «նոր հանգամանքների հիմքով վերանայման վարույթի հարուցում» և «նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայում» եզրույթները։ Այսպես. նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցու­մը տեղի է ունենում նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման բողոքի ընդունելիության հարցը լուծելիս, որի ընթացքում, (...), չի կարող գնահատվել դիմողին առնչվող գործով կիրառված հակասահմանադրական նորմի ազդեցությունը դատարանի եզրահանգման վրա։ Տվյալ դեպքում սահմանադրական դատարանի՝ ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով, եթե առկա չեն բողոքը վերադարձ­նելու հիմքեր, ապա դատական ակտը վերանայող դատարանը պարտավոր է ոչ միայն հարուցել վերանայման վարույթ, այլև դրա արդյունքում բեկանել վերանայվող դատա­կան ակտը, այլապես դատական ակտի հիմքում կշարունակվի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը։ Ինչ վերաբերում է նոր հան­գամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանա­վորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը։ Հակառակ պարագայում կխաթարվի կոնկրետ գործերով սահմանա­դրական վերահսկողության և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտների էությունը (...)»:

75. Վերոգրյալի արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Եվրոպական դատարանի՝ կոնվենցիոն իրավունքի խախտման փաստը հաստատող համա­պատասխան ակտի առկայությունը՝ որպես նոր հանգամանք, հիմք է կոնվենցիոն իրավուն­քի խախտում թույլ տված դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու համար, որին տրամաբանորեն պետք է հաջորդի դատական ակտի վերանայման բուն վարույթը, որի շրջանակներում դատարանը պարտավոր է բեկանել դատական ակտը և (1) ուղար­կել համապատասխան դատարան` նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորու­թյուն, կամ (2) փոփոխել այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ:

76. Այս համատեքստում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ իրավասու դատարանի կողմից Եվրոպական դատարանի համապատասխան ակտի հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում դատական ակտի բեկանման արդյունքում կայացված նոր դատական ակտի եզրա­փակիչ մասն առնվազն դատավարական իրավունքի մասով կանխորոշված և ուղղորդ­ված չէ. այս գործընթացի շրջանակներում է, որ դատական ակտի բովանդակությունը, այդ թվում՝ եզրափակիչ մասը, անառարկելիորեն փոխկապակցված են խնդրո առարկա հանգամանքների իրավական բովանդակության հետ, և, հետևաբար, այստեղ է, որ դատարանը պետք է գնահատի, թե որքանով են սույն հանգամանքներն ազդում կայաց­վելիք դատական ակտով նախանշվող գործի իրավական բովանդակության և ելքի վրա:

77. Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը վերա­բերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին, իսկ վերջինիս եզրափակիչ մասի չփոփոխվելու հան­գամանքը ծանրակշիռ փաստարկներով հիմնավորելու պարտադիր նորմատիվ պա­հանջը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք:

78. Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto (փաստի ուժով) հանգեցնի կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը՝ բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու որևէ հնարավորություն, հետևաբար՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ օրենսդրի կողմից սահմանված՝ նշված հանգամանքների՝ գործի ելքի վրա չազդելու հիմնավորմամբ դա­տական ակտը չբեկանելու իրավական հնարավորություն նախատեսող իրավակարգա­վորումը համահունչ չէ Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի դատական պաշտպա­նության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու, այդ թվում՝ Եվրոպական դատարան, և արդար դատաքննության իրավունքների երաշ­խավորման անխախտ հունը սահմանող սահմանադրաիրավական կարգավորում­ներին:

79. Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի իրա­վակարգավորման մեթոդաբանությունը մշտապես պետք է խարսխվի պետության` Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու արժանապատվությունը, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ի թիվս այլնի, նաև միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտ­պանելու պարտավորության վրա. սա է ժողովրդավարական լեգիտիմությամբ օժտված Սահմանադրության աներկբա պահանջը. հակառակ մոտեցումը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին իր հավատարմության հավաստիքը հայտնած Սահմանադրի կամքին:

80. Հաշվի առնելով այն, որ սույն սահմանադրաիրավական վեճն ուղղակիորեն առնչ­վում է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման ինստիտուտին՝ Սահմանադրա­կան դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել վիճարկվող իրավակարգավոր­ման՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի երաշ­խիքների հետ համատեղելիությունը, ինչն անառարկելիորեն պայմանավորում է Դիմող­ների՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետու­թյան կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի սահմանադրական բովանդակության բացահայտման ան­հրաժեշտությունը:

81. Սահմանադրական դատարանը վերահաստատում է սեփականության իրավունքի վերաբերյալ իր՝ նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ «(...) Սեփականու­թյան իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգա­վորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն: Այն միջազ­գային իրավական ամրագրում է ստացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագ­րում (հոդված 17-րդ), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպա­նության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անար­գել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով» (Սահմանադրական դա­տա­րանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում):

82. Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդ­վածի 5-րդ մասն ամրագրում է.

«5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտա­րումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:

83. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտա­րումը հանդես է գալիս իբրև սեփականության իրավունքին իրավական արտակարգ միջա­մտություն, որը սահմանադրաչափ կարող է դիտարկվել միայն երբ զուգորդվում է դրա հետևանքները չեզոքացնող և հավասարակշռող մեխանիզմով՝ նախնական և համարժեք փոխհատուցմամբ: Սահմանադրի կողմից սույն ուրույն սկզբունք-երաշխիքի ամրագրումը լոկ գույքի իրավատիրոջը տվյալ գույքի օտարման դիմաց տրվող «արդարության չափա­բաժինը» չէ, այլև սոցիալ-տնտեսական և բարոյական-իրավական հարաբերությունների համարժեք արձագանք՝ ուղղած հանրային և մասնավոր շահերի բարդ և նրբերանգային հավասարակշռության ապահովմանը, որից անգամ ամենանվազ շեղումը խարխլում է պետական իրավակարգի հանդեպ հանրության վստահությունն ու հավատը:

84. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտար­ման ինստիտուտին և դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» սահմա­նադրաիրավական անանցանելի պատվիրանի սահմանադրաիրավական բովանդակու­թյունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր մի շարք որոշումներում՝ արձա­նագրելով.

- «Սահմանադրությունն ամրագրում է, որ սեփականության օտարումը հասարակու­թյան և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այսպիսով, որպես սեփա­կանության օտարման հիմք է ճանաչվում «պետության և հասարակության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիքներ են համարվում օտարումը` «միայն բացառիկ դեպքերում», օտարումը` «օրենքի հիման վրա», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ:

(…)

Նախնական համարժեք փոխհատուցումը գործադիր մարմնի կողմից համապա­տասխան ֆինանսատնտեսական հաշվարկով հիմնավորված և սեփականատիրոջ հետ համաձայնեցվող գործողություն է, որը ենթակա է դատական վիճարկման» (Սահմանադրա­կան դատարանի 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշում),

- ««Սեփականության օտարում» հասկացությունը, իր հերթին, սահմանադրական տվյալ դրույթի համատեքստից ելնելով, ենթադրում է Սահմանադրությամբ նախատեսված այդ նույն իրավաչափ նպատակի համար կոնկրետ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակում կամ դադարում` պայմանով, որ այդ օբյեկտի դիմաց անձին նախապես տրվում է համարժեք այլ գույք կամ փոխհատուցում, որն էլ երաշխավորում է սեփականության իրավունքի ապահովման շարունակականությունը:

Փաստորեն Սահմանադրության 31 հոդվածի նշված դրույթն ամբողջականանում է նույն հոդվածի այլ դրույթների հետ օրգանական փոխկապվածության համատեքստում: Դա ոչ միայն իր բնույթով իրավունքի սահմանափակման առանձնահատուկ ինստիտուտ է, այլև անխուսափելիորեն նշանակում է, որ առկա է իրավաչափ նպատակի և սեփականության իրավունքի համադրման անհրաժեշտություն: Նման համադրման արդյունքում որևէ կոնկ­րետ սեփականության օբյեկտի նկատմամբ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով իրավունքը կարող է սահմանափակվել կամ դադարել, եթե այն ծառայում է բացառիկ` գերակա հանրային շահի բավարարմանը» (Սահմանադրական դատարանի 2006 թվա­կանի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշում),

«Ի տարբերություն 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրա­վունքին միջամտության Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համա­չափության ընդհանուր սկզբունքով նախատեսված և նման համաչափության ապահովման հանրային իշխանության հայեցողությանը վերապահված միջոցների ընտրության դեպքի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սեփականությանը միջամտության (սեփա­կանության օտարման) դեպքում համաչափությունը կշռված է Սահմանադրի կողմից, ինչը ապահովելու նպատակով ընտրված միջոցը «փոխհատուցումն» է, որի նկատմամբ առա­ջադրված որակական պահանջներն են «նախնական» և «համարժեք» սահմանադրական չափանիշները» (Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշում),

- «94. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում համարժեք փոխհա­տուցման սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասում: Այս երաշխիք-սկզբունքի նպատակային նշանակությունը հանրային իշխանության կողմից հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների ապահովման համար) սեփականության օտարման տեսքով միջամտության հետևանքների չեզոքացումն է գույքի իրավատիրոջ համար՝ երաշխավորելով, որ վերջինս չկրի իր կամքին հակառակ գույքից զրկվելու հետ կապված անհամաչափորեն ծանր բեռ: Փոխհատուցման ենթակա գումարի համարժեքու­թյան բանաձևը պետք է իրավատիրոջ համար ապահովի ազատ շուկայական գնագոյաց­ման պայմաններում նույնանման գույքի ձեռքբերման հնարավորությունը, ինչպես նաև՝ միջամտության հետևանքով իրավատիրոջ կողմից կատարվելիք անհրաժեշտ ծախսերի և գույքի օտարմամբ կորսվելիք ողջամտորեն հնարավոր եկամուտների ծածկումը:

95. Սույն որոշման 58-60 կետերում շարադրված՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության վերաբերյալ արված վերլուծությունների կիրառմամբ Սահմա­նադրական դատարանն ընդգծում է, որ «համարժեք» փոխհատուցման սկզբունքը, որպես սեփականության պաշտպանության ինքնուրույն երաշխիք, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակային ծավալում ներառված է նաև Հայաստանի Հանրապե­տության կողմից վավերացված միջազգային պայմանագրով՝ ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրու­թյան 1-ին հոդվածի ուժով (...):

(...)

97. Հաջորդիվ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ձևով միջամտությունը կարող է իրավատիրոջ վրա դնել նաև լրացուցիչ հոգսեր և նրան պատճառել անհարմարություններ, ինչի բերումով համարժեքորեն փոխհատուցման կիրառելի բանաձևը պետք է ներառի նաև գույքի իրա­վատիրոջ կողմից անհրաժեշտաբար կատարվելիք ծախսերը, որը հարկավոր է իրավա­տիրոջը` գույքի օտարումից ածանցվող լրացուցիչ բեռից ազատ լինելու համար:

Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքն օտարելիս սեփականատիրոջը վճարվող փոխհատուցումը կարող է համարվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «համարժեք», եթե դրանում հաշվառ­ված է նաև գույքի օտարումից ածանցվող՝ սեփականատիրոջ կողմից անհրա­ժեշտաբար կատարվող բոլոր ողջամիտ ծախսերի դիմաց փոխհատուցումը:

98. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում նախնական փոխ­հատուցման պահանջի` որպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ուղղա­կիորեն ամրագրված սկզբունք-երաշխիքի նպատակը գույքի իրավատիրոջը համարժեք փոխհատուցման ապահովումն է օտարման պահի դրությամբ: Սեփականության դիմաց փոխհատուցման նախնականության երաշխիքը կոչված է ապահովելու տրամադրված կամ տրամադրման ենթակա համարժեք փոխհատուցումն այն հաշվարկով, որ գույքի իրավա­տերն իր գույքի օտարման պահին ունենա դրա համարժեք փոխհատուցումը և չկրի փոխ­հատուցման ուշացման դեպքում օտարված գույքի տնտեսական արժեքի կամ կատարման ենթակա սույն որոշման 97-րդ կետում նշված ծախսերի գումարի հետագայում ի վնաս իրեն շուկայական արժեքի հնարավոր փոփոխության անբարենպաստ հետևանքները:

99. Հետևաբար՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերությունները կարգավորող ինչպես օրենքները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան իրենց հիմքում որպես ելակետ պետք է ունենան փոխհատուցման հա­մարժեքության վերաբերյալ սույն որոշման 94-98 կետերում նկարագրված սահմանա­դրական չափանիշները» (Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշում):

85. Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերահաստատելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքի բացարձակ լինելու սահմանադրաիրավական անսասան հրամայականը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադիրը հստակ ուրվագծել է փոխհատուցման երկու որակական հատկանիշները՝ նախնական և համարժեք:

86. Նախնական փոխհատուցումն ընդգրկում է փոխհատուցման ժամանակային առաջնահերթությունը, նախքան գույքի փաստացի օտարումը: Այն իրավունքի պաշտպա­նության յուրօրինակ սահմանադրական մեխանիզմ է, որը թույլ է տալիս գույքի իրավա­տիրոջը սեփականության կորստից անմիջապես հետո չհայտնվել նյութական անապահո­վության վիճակում՝ սեփականության իրավունքի միջամտությունը բերելով սահմանադրա­կան հունի մեջ: Փոխհատուցման նախնականությունը ենթադրում է, որ փոխհատուցման գումարը ենթակա է հաշվարկման օտարման պահի դրությամբ՝ հիմքում ունենալով այն ողջամիտ տրամաբանությունը, որ օտարման պահին գույքի իրավատերն ունենա տվյալ գույքի դիմաց համարժեք փոխհատուցում՝ որևէ կերպ բացառելով, որ վերջինս կրի փոխ­հատուցման ուշացման դեպքում օտարված գույքի տնտեսական արժեքի կամ կատարման ենթակա այլ ծախսերը, ինչպես նաև խուսափի հետագայում ի վնաս իրեն շուկայական արժեքի հնարավոր փոփոխության անբարենպաստ հետևանքներից: Ընդ որում՝ Սահմա­նադրական դատարանն ընդգծում է, որ նախնականության պահանջի խախտումն անառարկելիորեն հանգեցնելու է հիշատակված ծախսերի վերահաշվարկման այն պահին, երբ փաստացի փոխհատուցումը տրամադրվելու է՝ ներառելով նաև խնդրո առարկա գումարի չվճարման արդյունքում անձի կրած վնասներն ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով նաև փաստացի փոխհատուցման պահի դրությամբ գույքի արժեքի տարբերությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում հիշատակվածից շեղվող ցանկացած դիրքորոշում կամ վարքագիծ, որը կարող է գույքի իրավատիրոջը պատճառել համապատասխան զրկանքներ:

87. Համարժեք փոխհատուցումն առանցքային սահմանադրական երաշխիք է, որը ենթադրում է զիջված բարիքի իրական արժեքի դիմաց փոխհատուցման չափի համաչա­փություն: Համարժեքությունը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն գույքի շուկայա­կան արժեքը, այլև ընթացիկ եկամտաբերությունը, շահագործման հնարավորությունները, փոխարինելիության աստիճանը և անհատական հետևանքային այլ ազդեցության գործոն­ներն անձի կյանքի վրա: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ հանրության գերակա շահի ապահովման նպատակով օտարման գործընթացի գոյաբանական հիմքը պետք է խարսխվի Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրա­գրված՝ մարդու՝ բարձրագույն արժեք լինելու և նրա անօտարելի արժանապատվության երաշխավորման սահմանադրահեն գաղափարի վրա՝ ապահովելով թե´ սույն գործըն­թացի շրջանակներում գույքի իրավատիրոջ հետ հարաբերությունների բարձր իրավա­էթիկական որակը, թե´ օտարումից հետո անձի արժանապատիվ կեցության երաշխիք­ները: Այս առումով համարժեք փոխհատուցումը սոցիալական արդարության հաստատ­ման միջոց է, որը հնարավորություն է ընձեռում հանրության կարիքների բավարարման գործընթացն իրականացնել սահմանադրական ճանապարհով՝ բացառելով մասնավոր շահի զոհաբերման ցանկացած հնարավորություն:

88. Այսպիսով՝ հանրության գերակա շահը հանրության կարիքների օբյեկտիվ արտահայտությունն է, որը թեև հակառակվում է մասնավոր շահին, սակայն այդ հակա­դարձումը կարող է իրավաչափ հանգուցալուծում ստանալ բացառապես այն պարա­գայում, երբ գույքի օտարումը տեղի է ունենում սահմանադրական երաշխիքների ներքո՝ արդարացված միջամտության և փոխհատուցման սահմանադրական սկզբունք­ների շրջանակներում:

89. Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն սահմանադրաիրավական վեճին՝ Դիմողների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված՝ «նախնական և համարժեք փոխհատուցման» բացարձակ իրավունքի երաշխավորման համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Եվրոպական դատարանը Աշոտ Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի Հանրա­պետության (թիվ 40864/06 գանգատ) գործով 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունել է ի գիտություն պատասխանող Կառավարության հայտարարության պայմանները՝ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով և դրանում նշված այդ հանձնառության կատարումն ապահովելու եղանակները, որոշել է գանգատի այդ մասը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան, ինչպես նաև գանգատի մնացած մասը հայտարարել է անընդունելի՝ հիմք ընդունելով, ի թիվս այլնի, նաև այն, որ Կառավարությունն ընդունել է դիմումատուների իրավունքների խախտման փաստը և առաջարկել ամբողջ նյութական և ոչ նյութական վնասի համար դիմումատուներ Մարինե Կպրյանին և Անժելա Ասրիբաբայանին միասին վճարել 118.000 եվրո։

90. Եվրոպական դատարանի հիշատակված որոշման 8-րդ կետին համապատաս­խան՝ այդ հայտարարության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակու­թյունը.

«Հայաստանի Հանրապետության իշխանություններն ընդունում են, որ դիմումատու­ներին գույքից զրկելը չի համապատասխանել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին: Կառավարությունն ափսոսանք է հայտնում, որ դիմումատուներին գույքից զրկելը չի համապատասխանել օրինականության սկզբունքին՝ չի կատարվել «օրենքով սահմանված պայմանների համաձայն»: Դիմումատուների սեփականության օտարման հետ կապված ոչ մի օրենք չի ընդունվել, և օտարման ողջ գործընթացը հիմնված է եղել Կառավարության մի շարք որոշումների վրա:

(…)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդունելով, որ խախտվել են դիմումատուների իրավունքները, առաջարկում է ամբողջ նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բոլոր ծախսերը և ծախքերը հատուցելու համար դիմումատուներ Մարինե Կպրյանին և Անժելա Ասրիբաբայանին միասին վճարել 118 000 եվրո»:

91. Եվրոպական դատարանի սույն որոշումը հիմք ընդունելով՝ նոր հանգամանքի հիմքով Դիմողների կողմից համապատասխան վճռաբեկ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան: Հիմք ընդունելով Օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը՝ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին որոշել է վճռաբեկ բողոքը մերժել՝ պատճառաբանելով.

«Այն դեպքում, երբ Եվրոպական դատարանի կայացված որոշման պահանջն արդեն իսկ կատարվել է, իսկ վերանայվող դատական ակտի բեկանումը, նման պա­րագայում, որևէ կերպ չի կարող ազդել գործի ելքի վրա և որևէ բացասական հետևանք առաջ չի կարող բերել վերանայումը պահանջող կողմի համար, ապա դատարանները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, իրավասու են վերանայվող դատական ակտը բեկանելու կողմի պահանջը մերժել: Ընդ որում, նման պարագայում, դատական ակտի վերանայումը պահանջող կողմի իրավունքների խախտում չի կարող արձանագրվել, քանի որ նրա խախտված իրա­վունք­ներն արդեն իսկ վերականգնվել են, որպիսի պարագայում ներպետական դատա­կան ակտերով կրկնակի հատուցման պահանջ ներկայացնել իրավաչափ չէ:

(…)

Միաժամանակ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի 04.08.2021 թվականի գրության՝ ««Աշոտ Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (N 40864/06 գանգատ) Մարդու իրա­վունքների եվրոպական դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրապա­րակված որոշմամբ հատկացված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը փաստա­ցի կատարվել է: Մասնավորապես, որոշմամբ հատկացված 118.000 եվրոյին համարժեք 65.611.540 ՀՀ դրամ փոխանցվել է դիմումատու Մարինե Կպրյանի բանկային հաշվին:

(…)

(…) թեև սույն պարագայում Եվրոպական դատարանի 16.10.2018 թվականի որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 07.04.2006 թվականին թիվ 3-574 ՎԴ գործով որոշումը վերանայելու համար, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում նոր հանգա­մանքի հիմքով գործի վերաբացումը մինչև խախտումը եղած իրավիճակի վերա­կանգնման արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ՝ նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոք բերած անձանց խախտված իրավունքներն արդարացի փոխհատուց­ման եղանակով արդեն իսկ վերականգնվել են» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

92. Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկ­վող իրավակարգավորումը հանգեցրել է կոնվենցիոն իրավունքի խախտումն արձանագրող՝ Եվրոպական դատարանի համապատասխան որոշման առկայության պարագայում նշված խախտումը թույլ տված դատական ակտի ուժի մեջ թողնելուն՝ պատճառաբանությամբ, որ երբ Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշման պահանջն արդեն իսկ կա­տարվել է, վերանայվող դատական ակտի բեկանումը նման պարագայում որևէ կերպ չի կարող ազդել գործի ելքի վրա, ուստի՝ դատարաններն Օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով իրավասու են վերանայվող դատական ակտը բեկանելու կողմի պահանջը մերժել:

93. Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավակարգավորման հետևանքով իրավակիրառ պրակտիկան զարգացել է հակասահմա­նադրական ճանապարհով. մի կողմից՝ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտը շարունակել է պահպանել իր իրավաբանական ուժը, ինչն անհամա­տեղելի է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրա­կան իրավունքների հետ, մյուս կողմից՝ վերանայվող դատական ակտի չբեկանման պայ­մաններում դատական ակտը վերանայող դատարանն ինքն է գնահատել Եվրոպական դատարանի որոշման ազդեցությունը գործի ելքի վրա, ինչը կարող է տեղի ունենալ բացա­ռապես դատական ակտը բեկանելուց հետո՝ կայացվելիք նոր դատական ակտի կայացման պայմաններում:

94. Ավելին, անդրադառնալով սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությանն առ այն, որ «(…) նման պարագայում, դատական ակտի վերանայումը պահանջող կողմի իրավունքների խախտում չի կարող արձանագրվել, քանի որ նրա խախտված իրավունքներն արդեն իսկ վերականգնվել են, որպիսի պարագայում ներպետական դատական ակտերով կրկնակի հատուցման պահանջ ներկայացնել իրա­վաչափ չէ», Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ «(…) ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի 04.08.2021 թվականի գրու­թյան՝ ««Աշոտ Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (N 40864/06 գանգատ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրապարակված որոշմամբ հատկացված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը փաստացի կատարվել է: Մասնավորապես, որոշմամբ հատկացված 118.000 եվրոյին համարժեք 65.611.540 ՀՀ դրամ փոխանցվել է դիմումատու Մարինե Կպրյանի բանկային հաշվին»: Խնդրո առարկա գումարը տրվել է իբրև կոնվենցիոն իրավունքի խախտման պարագայում արդարացի փոխհատուցման գումար, մինչդեռ Դիմողների կող­մից բարձրացված հարցադրումը վերաբերում էր Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված հանրության գերական շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց վճարման ենթակա «նախնական և համարժեք փոխհատուցմանը»:

95. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Եվրոպական դատարանում վեճի առարկան չպետք է ընկալվի որպես «վեճ վնասի և դրա փոխհա­տուցման շուրջ». այս դատողությունները հիմք չունեն ինչպես Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությունում, այնպես էլ Կոնվենցիայում և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում: Այս առումով Սահմանադրական դատարանն արձանա­գրում է նաև, որ՝

«1. Արդարացի բավարարում շնորհելը` Մարդու իրավունքների եվրոպական դատա­րանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով կամ դրա Արձանագրու­թյուններով երաշխավորված իրավունքի խախտման փաստն արձանագրելու ինքնաբերա­բար հետևանքը չէ: Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ձևակերպումը հստակեցնում է, երբ նա­խատեսում է, որ Դատարանն արդարացի բավարարում է շնորհում միայն այն դեպքում, եթե ներպետական օրենսդրությունը տալիս է մասնակի հատուցման հնարավորություն, և այն էլ միայն «անհրաժեշտության դեպքում» (s’il y a lieu ֆրանսերեն տեքստում):

2. Ավելին, Դատարանը շնորհում է միայն այնպիսի բավարարում, որը համարում է «արդարացի» (équitable ֆրանսերեն տեքստում) տվյալ հանգամանքներում: Հետևաբար, հաշվի են առնվում յուրաքանչյուր գործի առանձնահատկությունները: Դատարանը կարող է որոշել, որ խախտման փաստի արձանագրումն ինքնին բավարար արդարացի փոխհա­տուցում է ենթադրյալ վնասի դիմաց և չնախատեսել ֆինանսական հատուցում: Այն կարող է նաև արդարության նկատառումներից ելնելով հատկացնել կրած փաստացի վնասի կամ ծախսերի իրական չափից պակաս գումար կամ նույնիսկ չնախատեսել հատուցում: Սա կարող է լինել այն դեպքում, եթե, օրինակ, ստեղծված իրավիճակը, որի դեմ բերված է բողոքը, վնասի կամ ծախսերի չափը պայմանավորված են դիմումատուի մեղքով: Հատուց­ման գումարի չափը սահմանելու ընթացքում Դատարանը կարող է նաև հաշվի առնել դիմումատուի, որպես խախտման արդյունքում տուժողի և Բարձր պայմանավորվող կողմի, որպես հանրային շահի պատասխանատուի, համապատասխան դիրքորոշումները: Վերջա­պես, Դատարանը, սովորաբար, հաշվի է առնում նաև տեղական տնտեսական պայման­ները:

3. Երբ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն Դատարանը հատուցում է նախա­տեսում, ապա այն կարող է որոշել առաջնորդվել ներպետական չափանիշներով: Սակայն Դատարանը երբեք կաշկանդված չէ դրանցով» (Եվրոպական դատարանի կանոնակարգ «Արդարացի բավարարման պահանջներ» բաժին, 2020 թվականի խմբագրությամբ):

96. Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված երաշխիքների տրամա­դրումը կարող է բացահայտվել բացառապես վերանայվող դատական ակտի բեկանումից հետո, և չի կարող մեկնաբանվել որպես կրկնակի փոխհատուցման պահանջ, ընդ որում՝ դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք գույքի իրավատիրոջը տրամադրվել է ներպետական չափանիշներին համապատասխան փոխհատուցում՝ հաշվի առնելով.

- փոխհատուցման գումարի նախապես վճարված լինելու կամ չլինելու հանգամանքը, և ըստ այդմ՝ փաստացի փոխհատուցման պահին գույքի շուկայական արժեքը, անձի կրած վնասներն ամբողջ ծավալով վճարելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև փաս­տացի փոխհատուցման պահի դրությամբ գույքի արժեքի տարբերությունը:

- գույքի ընթացիկ եկամտաբերությունը,

- գույքի շահագործման հնարավորությունները,

- գույքի փոխարինելիության աստիճանը և անհատական հետևանքային այլ ազդեցու­թյան գործոնները գույքի իրավատիրոջ կյանքի վրա և այլ վնասների փաստացի փոխհա­տուցված լինելը:

97. Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերանայվող դատական ակտի բեկանումից հետո միայն վերոգրյալ շրջանակներում ներառվող հանգամանքների բա­ցահայտումը կարող է կանխորոշել կայացվելիք նոր դատական ակտի բնույթն ու եզրափակիչ մասի բովանդակությունը:

98. Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենս­գրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով դատարանին լիազորություն է վերապահում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում չբեկանել վերանայվող դատական ակտը՝ խնդրո առարկա հանգամանքներն ըստ էության գործի ելքի վրա ազդեցություն չունենալու հիմնավոր­մամբ, հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 170-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանա­դրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվա­ծի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջ­նական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

23 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴՈ-1797

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական: