ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1373-Ն
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 11.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի հատուցում է համարվում Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից Փաստահավաք հանձնաժողովի կազմում օրենքով սահմանված իր լիազորությունների իրականացման համար յուրաքանչյուր ամիս հատկացվող վճարը:
2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի գործունեության համար ամսական վճարի չափ սահմանել 665.000 (վեց հարյուր վաթսունհինգ հազար) դրամը՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը: Փաստահավաք հանձնաժողովի անդամի հատուցման տրամադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ «1033. Աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին» ծրագրի «11002. Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «4235. Կառավարչական ծառայություններ» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս, ուղիղ վճարման եղանակով, Հանրային խորհրդի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված ցուցակի հիման վրա` առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները շրջանառվում են բանկային վճարային քարտերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի պահանջի, ընդ որում՝ սույն որոշման 2-րդ կետում նշված նպատակով կատարվող ծախսերի համար՝ շրջանառվող միջոցների չափաքանակ են սահմանվում «4235. Կառավարչական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածով տարեկան նախատեսված միջոցները:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված վճարը տրամադրվում է Փաստահավաք հանձնաժողովի անդամին ամիսը մեկ անգամ՝ տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվանից մինչև դրան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Վճարի տրամադրման սկիզբ է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Լ որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվելու օրը, իսկ ավարտ՝ Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու օրը:
5. Այն դեպքում, երբ Փաստահավաք հանձնաժողովի անդամն իր գործունեությունն իրականացրել է մինչև ընթացիկ ամիսը լրանալը, Փաստահավաք հանձնաժողովի անդամի հատուցումն իրականացվում է օրական հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար 31.660 (երեսունմեկ հազար վեց հարյուր վաթսուն) դրամի չափով՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը:
6. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ամսական վճարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արժույթով անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով փոխանցելով Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից նախապես ներկայացված անձնական հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական: