Գլխավոր տեղեկություն
Համար
N 619-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 619-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել կատարողական վարույթով առանձին օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

N 619-Ն հրամանի

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են կատարողական վարույթի շրջանակում oժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը։

2. Կատարողական վարույթի շրջանակում սույն հավելվածում նշված առանձին օժանդակ գործողությունները, առանց կատարողական վարույթը փոխանցելու, կարող են իրականացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի կամ այլ աշխատողի կողմից։

3. Oժանդակ գործողություններ են համարվում.

1) բռնագանձված գումարների բաշխման վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումը,

2) բռնագանձված գումարները կատարողական վարույթի կողմերին կամ այլ անձանց փոխանցման վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումը և այդ գումարները փոխանցելը,

3) առգրավված տրանսպորտային միջոցների և այլ գույքի (վտարման կամ այլ գործողությունների արդյունքում առաջացած) տեղափոխման գործողությունները,

4) Ծառայություն ներկայացված` կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմումի, կատարողական վարույթի կողմերի և այլ շահագրգիռ անձանց կողմից ներկայացված դիմումների, գրությունների և այլ փաստաթղթերի գրանցումը, Ծառայության էլեկտրոնային համակարգ մուտքագրումը և Ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, տարածքային մարմնին կամ հարկադիր կատարողին հասանելի դարձնելը,

5) հարկադիր որոշումների, հարցումների, կատարողական վարույթով անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը,

6) կատարողական վարույթի շրջանակում Ծառայության վարչական շենք այցելած քաղաքացիներից կողմից արված վճարումների (առգրավված դրամական միջոցների) ընդունումը,

7) հարկադիր աճուրդի կազմակերպման տեխնիկական աջակցությունը,

8) կատարողական գործողություններով անհրաժեշտության դեպքում պետական մարմիններին, դատարաններին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց, փորձագետներին ուղղված գրությունների, պատասխան-գրությունների, որոշումների նախագծերի նախապատրաստումը,

9) կատարողական վարույթի նյութերի պատճենահանումը, սքանավորումը, հաշվառումը, արխիվացման և ոչնչացման ենթակա կատարողական վարույթների ցուցակագրումը և խմբավորումը:

4. Հարկադիր կատարողը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված օժանդակ գործողության իրականացումը Ծառայության տվյալ կամ այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի աշխատակիցներին վերապահելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պարտավոր է այդ ստորաբաժանմանը կամ դրա իրավասու աշխատակիցներին տրամադրել տվյալ օժանդակ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը և կատարողական վարույթի նյութերը: Օժանդակ գործողության կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը թերի տրամադրելու կամ չտրամադրելու դեպքում օժանդակ գործողության` այդպիսի տեղեկատվության թերի տրամադրման հետևանքով ոչ պատշաճ իրականացման համար պատասխանատու է տվյալ վարույթն իրականացնող հարկադիր կատարողը:

5․ Կատարողական վարույթի շրջանակում առանց կատարողական վարույթը փոխանցելու առանձին օժանդակ գործողությունների իրականացումն այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի աշխատակցին վերապահելու անհրաժեշտության վերաբերյալ հարկադիր կատարողը զեկուցում է իր անմիջական ղեկավարին՝ հիմնավորելով փոխանցման անհրաժեշտությունը, այն օժանդակ գործողությունների շրջանակը, որոնք անհրաժեշտ է վերապահել այլ ստորաբաժանմանը։

6․ Սույն հավելվածի 5-րդ կետի հիման վրա հարկադիր կատարողի զեկուցումը ստացած անմիջական ղեկավարը ստուգում է դրա հիմնավորվածությունը և բավարար հիմքերի առկայության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրություն է ուղարկում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում կամ տարածքային մարմին, որին պետք է փոխանցվի համապատասխան օժանդակ գործողության կատարումը` գրությանը կցելով կատարողական վարույթից անհրաժեշտ նյութերը: Սույն կետում նշված գրությունը տեղեկացման կարգով ուղարկվում է նաև Գլխավոր հարկադիր կատարողի` կատարողական վարույթն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի աշխատանքները համակարգող տեղակալին:

7. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ տարածքային մարմինը, ստանալով սույն հավելվածի 6-րդ կետում նշված փաստաթղթերը, եռօրյա ժամկետում (բացառությամբ անհապաղ կատարում ենթադրող գործողությունների) կատարում է հայցվող կատարողական գործողությունները և դրա արդյունքում կազմված փաստաթղթերը գրությամբ՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, ուղարկում կատարողական վարույթն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում կամ տարածքային մարմին՝ փոխանցելով նաև բնօրինակ փաստաթղթերը (առկայության դեպքում)՝ կատարողական վարույթի նյութերին կցելու համար։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական: