Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-232-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.06.2013-09.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.03/6(880).1 Հոդ.25
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 24-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների և դրանց իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՆԿ-232-Ն

 

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2011 թ. դեկտեմբերի 29-ի

ՆԿ-232-Ն կարգադրության

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ռազմավարության բաղկացուցիչ մասն է: Այն համընդգրկուն փաստաթուղթ է, որը նպատակաուղղված է կազմակերպված հանցավորության, այն ծնող և նրա տարածմանը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը, որոնք իրենց հերթին կնպաստեն ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և իրավական պետության լիարժեք կայացմանը:

Վերջին տարիներին ՀՀ-ում տեղի են ունեցել էական հասարակական-քաղաքական փոփոխություններ, և այլ երկրների նման Հայաստանը ևս զերծ չի մնացել գլոբալիզացման գործընթացներից, որոնք ունեցել են մի շարք տնտեսական, գաղափարական, քաղաքական և մշակութային, ինչպես նաև բազմաբևեռ սոցիալական հետևանքներ: Այդ գործընթացներին զուգահեռ աճել է նաև կազմակերպված հանցավորությունը, որն ունի անվտանգության լայնաշերտ և քաղաքական կայունության լուրջ սպառնալիքների ներուժ:

ՀՀ-ում առանձնակիորեն կարևորվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման իրավակազմակերպական անհրաժեշտությունը: Նման մոտեցումը նպատակաուղղված է ազգաբնակչությանը կազմակերպված հանցավորության գործունեության վնասարար հետևանքներից զերծ պահելուն:

Ծրագրի մշակումը բխում է մեր երկրում իրավական պետության լիարժեք կայացման և ամրապնդման անհրաժեշտությունից, գլխավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից, և պայմանավորված է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի պահանջներով, որը նախատեսում է հզորացնել ՀՀ կարողությունները ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև այդ հանցագործությունների առաջացրած հետևանքների կառավարման ոլորտում: Հիմնվելով այս բնագավառում ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության վրա` անհրաժեշտ է առավել ակտիվորեն ներգրավվել համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացման գործընթացներում, ինչպես նաև օրենսդրական ու գործնական միջոցներ ձեռնարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բարելավման նպատակով:

ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի սկիզբը դրվել է ՀՀ անկախության հռչակումից անմիջապես հետո: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած գործընթացների հետևանքով նպաստավոր պայմաններ էին ստեղծվել կազմակերպված հանցավոր խմբերի ակտիվացման համար, ինչին հակազդելու համար էլ 1992թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրվեց «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-150 հրամանագիրը: Նշված հրամանագիրը, ՀՀ քրեական օրենսգրքի հետ համատեղ, տևական ժամանակ հանդիսացավ այն հիմնարար փաստաթուղթը, որն ուղղորդեց կազմակերպված հանցավորության դեմ ՀՀ-ում տարվող պայքարն իրավապահ մարմինների կողմից:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում հետևողական վճռականություն է ցուցաբերվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հիմնական խնդիրները լուծելու վերաբերյալ: Այդ մասին են վկայում ՀՀ քրեական օրենսգրքում կատարված բազմաթիվ փոփոխությունները, ոլորտը կանոնակարգող օրենսդրության կատարելագործումը և նոր միջազգային պայմանագրերի կնքումը:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2003թ. ընդունված նոր քրեական օրենսգիրքը սահմանեց կազմակերպված հանցավորությանն անմիջականորեն առնչվող մի շարք հանցակազմեր, ինչպես նաև տվեց կազմակերպված խմբի և հանցավոր համագործակցության հասկացությունների բնորոշումը՝ ընդլայնելով հանցավոր կազմավորումների դեմ տարվող իրական և արդյունավետ պայքարի հնարավորությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ, ինչպես նաև, եթե դա կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից` ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաև հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից: Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածը որպես առանձին հանցակազմ սահմանել է հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը:

Ծրագրում ընդգրկված են ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ», ՀՀ կառավարության 2008թ. մարտի 28-ի N 1039-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով», ՀՀ Նախագահի 2009թ. սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրությամբ հաստատված «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով», ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 8-ի N 1272-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությամբ», ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 1-ի N 354-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրով» և ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրով» նախատեսված` կազմակերպված հանցավորության դեմ պայքարին վերաբերող դրույթները:

Ժամանակակից հասարակության մեջ հանցավորության նախականխման, կանխման ու բացահայտման արդյունավետության բարձրացումը պետական մարմիններից պահանջում է ոչ միայն ուժեղացնել պայքարը կազմակերպված հանցավորության դեմ, այլև ապահովել համակարգված և համալիր մոտեցում իրավախախտումների նախականխման համար, ինչպես նաև վեր հանել հանցավորության վրա ներգործելու նոր եղանակներ ու մեթոդներ` այն հաշվարկով, որպեսզի դրանք իրենց կատարելագործմամբ գերազանցեն հանցավորների դրսևորած վարքագծին ու հանցագործությունների կատարման մեխանիզմներին:

Կազմակերպված հանցավորության տարածվածությունը և ակտիվությունը պահանջում են, որպեսզի իրավապահ մարմինները միավորեն իրենց ուժերը և միասին իրականացնեն հետախուզական գործընթաց` հանցավորության դեմ պայքարի կենտրոնացված կարողություններ ձևավորելու նպատակով, ինչը հնարավոր կլինի կայուն հիմքերի վրա դնել ապագայում:

Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանցավորությունը Հայաստանում կազմակերպված բնույթ ստանալու միտում ունի, ինչն իրական վտանգ կարող է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության համար: Իրավապահ մարմիններին որոշակիորեն հաջողվում է վերահսկել քրեածին իրավիճակը, կանգնեցնել հանցավորության աճը, սակայն հանցավորությունը շարունակում է իր բացասական ազդեցությունն ունենալ պետական և հասարակական գործունեության բազմաթիվ ոլորտների վրա, լրջորեն դանդաղեցնել սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների գործընթացը, բացասաբար անդրադառնալ ՀՀ միջազգային վարկանիշի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն իր իրավական արտացոլումն է գտել ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտերում: Այդպիսիք են` Ստրասբուրգում ստորագրված Եվրախորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» 1990թ. կոնվենցիան, Վիեննայում ստորագրված՝ ՄԱԿ-ի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» 1988թ. կոնվենցիան, Պալերմոյում ստորագրված՝ ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» 2000թ. կոնվենցիան, ինչպես նաև այն լրացնող «Ցամաքով, ծովով և օդով միգրանտներին անօրինական ներս բերելու դեմ» և «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությունները, «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1999թ. կոնվենցիան, Ֆինանսական միջոցառումների նպատակային խմբի (այսուհետ` ՖԱԹՖ) 40 հանձնարարականները` փողերի լվացման դեմ պայքարի և 8 հատուկ հանձնարարականները` ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի բանաձևերը և այլն:

2. Հայաստանը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, այդ թվում նաև համապատասխան իրավական ակտերի ու միջոցառումների մշակման ուղղությամբ ակտիվ համագործակցություն է ծավալել նաև Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) շրջանակներում:

3. ԱՊՀ շրջանակներում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը համակարգվում է ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի կողմից, որի ներքո գործում է Տվյալների մասնագիտացված բանկ, ինչը մշտապես համալրվում է կազմակերպված հանցավոր խմբերի և դրանց պարագլուխների վերաբերյալ նոր տեղեկություններով:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցություն է իրականացվում նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված «2011-2013թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի», «2011-2013թթ. թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի», «2011-2013թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի», «2009-2011թթ. անօրինական միգրացիայի հակազդման ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի», «2011-2013թթ. մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի» շրջանակներում:

4. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ակտիվ համագործակցություն է իրականացվում նաև ՀԱՊԿ շրջանակներում, մասնավորապես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2008թ. սեպտեմբերի, 2009թ. հունիսի և 2010թ. դեկտեմբերի նիստերի որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրերի կատարման միջոցով:

Համագործակցելով ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ` յուրաքանչյուր տարի կազմակերպվում և անցկացվում են երկու փուլերով հակաթմրամիջոցային «Կանալ» և անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված «Նելեգալ» հատուկ միջոցառումները:

5. 2000թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1998թ. հոկտեմբերի 2-ին Կերկիրայում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը: Ի կատարումն վերջինիս պահանջների` հանցավորության վերահսկման ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու, կողմերի իրավասու մարմինների միջև փոխգործողությունների համակարգումն ապահովելու և տեղեկատվության փոխանակման ցանց ստեղծելու նպատակով 2002թ. մարտի 15-ին Կիևում ստորագրվել է վերոհիշյալ համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, որը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2007թ-ին:

2004թ. դեկտեմբերի 3-ին Աթենքում ստորագրվել է նույն համաձայնագրի «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» լրացուցիչ արձանագրությունը, որը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2008թ-ին:

Կերկիրյան համաձայնագրի պահանջներին համապատասխան ստեղծվել է ՍԾՏՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները:

6. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության հարցերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության մի շարք` Լեհաստանի Հանրապետության կառավարության (2004թ.), Կիպրոսի Հանրապետության կառավարության (2006թ.), Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության (2007թ.) և Լատվիայի Հանրապետության կառավարության (2010թ.) հետ երկկողմանի պայմանագրերում:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Կազմակերպված հանցավորությունն ինքնին լինելով բարդ, բազմաբնույթ ու դինամիկ սոցիալական երևույթ` շարունակում է իր տարերային զարգացումն աշխարհի տարբեր երկրներում` անկախ դրանց քաղաքական և տնտեսական զարգացման աստիճանից: Տարբեր ժամանակաշրջաններում այն դրսևորվում է տարբեր ձևերով ու տեսակներով:

8. Հանցավոր կազմակերպությունները տարբերվում են իրենց չափերով, ծավալներով, աշխարհագրական շրջանակներով և կառույցներով, ինչպես նաև իրենց ապօրինի գործունեության ծավալներով: Նրանք պահպանում են իրենց ճկուն կառուցվածքը, ինչը հնարավորություն է տալիս վերաբաշխել և տեղափոխել ֆինանսական միջոցները և արագ արձագանքել իրավապահ մարմինների ջանքերին կամ ապօրինի եկամուտ ձեռք բերելու նոր հնարավորություններին:

9. Կազմակերպված հանցավոր գործունեության բնութագրումը ենթադրում է նաև դրա հիմնական տեսակների դիտարկում: Հանցավոր կազմավորումների կողմից կատարվող հանցագործությունների շարքում կարելի է ընդգրկել քրեական օրենսգրքերում նախատեսված հանցագործությունների մեծ մասը: Դրանց մի մասը հանդես է գալիս որպես նպատակային գործունեություն (թմրանյութերի, զենքի առևտուր), մյուս մասը՝ որպես մրցակիցներին վերացնելու միջոց (սպանություններ, ահաբեկչություն), երրորդը՝ որպես մերկացումից խուսափելու ինքնապաշտպանության ձև (կաշառում, կոռուպցիա), չորրորդը՝ որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, արժեքները փրկելու եղանակ (հարկերի վճարումից չարամտորեն խուսափում, փողերի լվացում), հինգերորդը՝ որպես իրենց գործունեությունը օրինականացնելու միջոց (ձևական ձեռնարկությունների ստեղծում) և այլն: Այդ իսկ պատճառով թվարկել հանցավոր խմբերի կողմից կատարվող հանցագործությունների բոլոր տեսակներն ուղղակի անհնարին է:

 10. Կազմակերպված հանցավորությունը հիմնականում դրսևորվում է կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, ահաբեկչության, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի), մտավոր սեփականության դեմ ուղղված, համակարգչային հանցագործությունների կատարմամբ, ինչպես նաև անօրինական միգրացիայի և այլ հանրորեն վտանգավոր արարքներով:

11. Կոռուպցիան սոցիալական, քաղաքական-իրավական երևույթ է, որն արտահայտվում է պետական ծառայողների և ոչ պետական կազմակերպությունների աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և կարգավիճակից բխող հնարավորություններն անձնական, խմբային, ընկերային շահերի համար օգտագործվելու մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական կողմնորոշիչներն են Հայաստանի կողմից 2004թ. ստորագրված և վավերացված` Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան, «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան, «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը» և այլն:

Կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրության ամփոփումն ու վերլուծությունն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. նոյեմբերի 19-ի «Կոռուպցիոն հանցագործությունների մասին» թիվ 82 հրամանի համաձայն: Հրամանով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարքին են դասվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված թվով 31 հանցակազմեր: Վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարում զգալիորեն ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշը (2005թ.` 246, 2010թ.` 638): Այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ կարգի հանցագործությունները լատենտային (քողարկված) բնույթ ունեն, և բերվող թվերը վկայում են ոչ թե դրանց տարածվածության, այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:

Առանձին հանցատեսակներից հիշատակման են արժանի հարկերը, տուրքերը վճարելուց խուսափելու գրանցված դեպքերը (2005թ.` 21, 2010թ.` 225), պաշտոնեական կեղծիքը (2005թ.` 39, 2010թ.` 94), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահումը (2005թ.` 16, 2010թ.` 93), պաշտոնեական լիազորությունների չարաշահումը (2005թ.` 26, 2010թ.` 54), պետական, համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելը (2005թ.` 0, 2010թ.` 38), կաշառք ստանալը (2005թ.` 7, 2010թ.` 37), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը (2008թ.` 4, 2010թ.` 10):

12. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների՝ ՀՀ օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառությունն է: ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացվում է` հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Նախագահի 2009թ. սեպտեմբերի 25-ի «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-162-Ն կարգադրությունը և դրանից բխող՝ ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 15-ի «2010-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 892-Ն որոշումը: Հայաստանը միացել է ՄԱԿ-ի 1961թ. «Թմրամիջոցների մասին» կոնվենցիային, «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի միասնական կոնվենցիայի ուղղումների վերաբերյալ» 1972թ. արձանագրությանը, ինչպես նաև Վիեննայում ստորագրված` ՄԱԿ-ի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» 1988թ. կոնվենցիային: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին հանրապետությունում զգալիորեն ակտիվացել է պայքարը թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ: 2005թ. արձանագրված 737 նմանատիպ դեպքերի համեմատ 2010թ. հայտնաբերվել են 2 անգամ ավելի շատ հանցագործություններ` 1524, իսկ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը նույն ժամանակաշրջանում ավելացել է 10,2 անգամ (2005թ.` 76, 2010թ.` 791):

13. Փողերի լվացումը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացումն է: Նշված եկամուտների մեծ մասը ստացվում է հարկային և մաքսային օրենսդրությունները շրջանցելու միջոցով (օրինակ` կաշառակերություն, կոռուպցիա, մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված զենքի, զինամթերքի, թմրամիջոցների, արվեստի եզակի նմուշների առևտուր): Օրինականացումից հետո հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը վերադարձվում են տնտեսապես զարգացած պետություններ և ներդրվում օրինական բիզնեսի մեջ:

2008թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը, որը փոխարինեց մինչ այդ գործող` 2004թ. ընդունված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքին:

Հայաստանը միացել է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» 1990թ. Ստրասբուրգի կոնվենցիային (ՀՀ ԱԺ կողմից վավերացվել է 2003թ. հոկտեմբերի 8-ին) և «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Վարշավայի 2005թ. կոնվենցիային (ՀՀ ԱԺ կողմից վավերացվել է 2008թ. մարտի 18-ին):

ՀՀ-ն համագործակցում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով զբաղվող միջազգային կառույցների` ՖԱԹՖ-ի (Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախումբ), ՄԱՆԻՎԱԼ-ի (Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումները գնահատող հատուկ փորձագետների հանձնաժողով) և Էգմոնտ խմբի (Ֆինանսական հետախուզության մարմինների համաշխարհային կազմակերպություն) հետ:

Փողերի լվացման փաստերի հայտնաբերման և նյութերի նախապատրաստման, նախաքննության գործառույթները հիմնականում իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության մասնագիտացված քննչական խումբն ու դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը, որոնք ըստ անհրաժեշտության համագործակցում են նաև ՀՀ ոստիկանության, հարկային, մաքսային և այլ մարմինների հետ, ինչի կապակցությամբ ՀՀ ԿԲ ՖԴԿ-ի և մյուսների միջև 2008թ. կնքվել են փոխըմբռնման համաձայնագրեր:

Վերլուծվող ժամանակաշրջանում նկատելիորեն ավելացել է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով հարուցված քրեական գործերի թիվը: Եթե 2005թ. հանրապետությունում գրանցվել էր ընդամենը 2 նման դեպք, ապա 2010թ.` 14, ընդ որում 2009թ. այդ ցուցանիշը հասել էր 22-ի:

Փողերի լվացմանը և ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտ մեխանիզմների ներդրման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ԿԲ ՖԴԿ-ի, ՀՀ ոստիկանության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների համատեղ ջանքերով մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի հիմքում դրված են 2009թ. սեպտեմբերի 22-ին Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների երաշխավորությունները, ինչպես նաև ոլորտը կարգավորող ներկայիս օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերը և հակասությունները:

Սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթը ներառում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում և ևս 17 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծեր, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ մաքսային օրենսգրքում, «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում:

14. Ահաբեկչությունը պայթյունի, հրկիզման կամ մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս պատճառելու կամ հանրորեն վտանգավոր այլ հետևանքների առաջացման վտանգ ստեղծող այլ գործողություններ կատարելը կամ կատարելու սպառնալիքն է, եթե դրանք կատարվել են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու կամ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով: Ահաբեկչությունը ահաբեկչական բնույթի հանցագործության անմիջական կատարումն է` պայթյունի, հրկիզման, միջուկային պայթուցիկ տարրերի, ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական, պայթուցիկ, թունավորող, ուժեղ ներգործող նյութերի կիրառման կամ դրա սպառնալիքի, տրանսպորտային միջոցների կամ այլ օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պետական կամ հասարակական գործչի, ազգային, էթնիկական, կրոնական կամ բնակչության այլ խմբերի ներկայացուցչի կյանքի դեմ ոտնձգության, պատանդներ վերցնելու, մարդու առևանգման, տեխնոգեն բնույթի վթարների և աղետների համար պայմաններ ստեղծելու ճանապարհով անորոշ շրջանակի անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու նպատակով վտանգ ստեղծելու կամ այդպիսի վտանգի ստեղծման իրական սպառնալիքի, ցանկացած ձևի և ցանկացած միջոցներով սպառնալիքների տարածման, մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս հասցնելու կամ հասարակական վտանգավոր հետևանքներ առաջացնող այլ գործողությունների միջոցով:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005թ. մարտի 22-ին ընդունվել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը:

Վերլուծվող ժամանակաշրջանում ՀՀ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործեր չեն եղել: Սակայն հաշվի առնելով, որ կազմակերպված հանցավորության տեսակներից ահաբեկչությունն է առավել մեծ վտանգ ներկայացնում պետության անվտանգության, հասարակության, մարդկանց կյանքի և առողջության համար, ներկայումս մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիրը»:

15. Մարդկանց առևտուրը (թրաֆիքինգը) շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալն է ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով: Ներկայումս թրաֆիքինգն աշխարհում ավելի մեծ թափ է առնում և ներառում է ապօրինի միգրանտների, աշխատուժի և հատկապես մարմնավաճառության համար աշխատուժի, զարգացող երկրների դայակների ու սպասուհիների, ապօրինի որդեգրման համար մանուկների տեղափոխումը հսկայական գումարների դիմաց:

ՀՀ-ն միացել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին առնչվող բոլոր միջազգային և տարածաշրջանային իրավական փաստաթղթերին:

ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» 2000թ. կոնվենցիան և դրան կից «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 և «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունը, Եվրախորհրդի 2005թ. մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

ՀՀ-ն միացել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182 կոնվենցիային:

2010թ. ընթացքում հանրապետությունում գրանցվել է թրաֆիքինգի և հարակից հանցագործությունների 58 դեպք (2005թ. 34-ի դիմաց), որոնց գերակշռող մասը շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 43 դեպքերն են (2005թ. 20-ի դիմաց):

Ներկայումս իրագործման ընթացքում է ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը»:

16. Մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունները իրենցից ներկայացնում են այսպես կոչված «ինտելեկտուալ սեփականության» գողություն, այդ թվում` գրական, գիտական, արվեստի ստեղծագործությունների, գյուտի, արդյունաբերական նմուշի, արտադրողների, ծառայություններ մատուցողների և նրանց արտադրանքի ու կատարած աշխատանքների անհատականացման միջոցների (ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան և այլն) ոչ նպատակային օգտագործումը: Հայաստանը 1994թ. ապրիլի 15-ին Մարաքեշում ստորագրել է «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը, ինչպես նաև միացել է «Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պահպանության մասին» 1961թ. կոնվենցիային, «Հնչյունագրեր արտադրողների շահերը իրենց հնչյունագրերը անօրինական վերարտադրությունից պահպանելու մասին» 1971թ. կոնվենցիային, «Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին» 1971թ. կոնվենցիային, «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի մասին» 1996թ. պայմանագրին, «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կատարումների և հնչյունագրերի մասին» 1996թ. պայմանագրին, «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1967թ. կոնվենցիային, «ԱՊՀ մասնակից պետությունների հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» 1993թ. համաձայնագրին, «Մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ համագործակցության մասին» ԱՊՀ մասնակից պետությունների 1998թ. համաձայնագրին:

ՀՀ-ում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք վերաբերում են մտավոր սեփականության պահպանությանը, այդ թվում` «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքները: Այդ հարցերին են առնչվում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ մաքսային օրենսգրքի, «Գովազդի մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների առանձին դրույթները:

2010թ. ՀՀ-ում գրանցվել է մտավոր սեփականության ոլորտում կատարված 17 հանցագործություն` 2005թ. 7 դեպքի դիմաց:

17. Համակարգչային հանցագործությունն ըստ էության համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող և օրենքով պահպանվող տեղեկատվության համակարգի որևէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտքագրելն (ներթափանցելն) է: Կիբեռանվտանգության հզորացումը և կիբեռհանցագործությունների դեմ պայքարը ՀՀ համար ռազմավարական նշանակության խնդիրներ են: Կիբեռհանցագործությունները նոր երևույթ չեն: Դրանց կատարման մեխանիզմները մշտապես փոփոխվում և կատարելագործվում են: Գաղտնիք չէ, որ հանցագործներին հաջողվում է ոչ միայն օգտվել կիբեռտեխնոլոգիական նորույթներից, այլև մշակել և ներդնել դրանք՝ հետապնդելով ինչպես համակարգչային ցանցի օգնությամբ կամ դրա դեմ հանցանք կատարելու, այնպես էլ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակ: Նկատի ունենալով ողջ աշխարհում ահագնացող թափերով զարգացող ահաբեկչության նոր տեսակի զարգացումը` խիստ կարևոր է կիբեռահաբեկչությանը վերաբերող այնպիսի խնդիրներին լուծում տալը, ինչպիսիք են կիբեռտարածության մեջ և համացանցում ահաբեկչական գաղափարախոսության քարոզման, ահաբեկչական կազմակերպությունների կողմից անդամների հավաքագրման կանխումն ու բացահայտումը, ահաբեկչության դեմ պայքարող ՀՀ և այլ երկրների կառույցների տվյալների օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործումը, կիբեռահաբեկչության դեմ պայքարող մասնագիտացված ստորաբաժանումների արդի պայմաններին համընթաց տեխնիկական վերազինումը: Կարևոր է նաև կիբեռտարածության մեջ կատարվող տնտեսական և սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարը, ինչը շատ հաճախ կրում է կազմակերպված ցանցային բնույթ: Այդ առումով առանցքային նշանակություն ունի նաև նման բնույթի հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, դրանց վերաբերյալ առկա օպերատիվ տվյալների փոխանակման ընթացակարգերի կատարելագործումը:

ՀՀ-ում կատարված համակարգչային հանցագործությունների վիճակագրությունը վկայում է այդ ուղղությամբ տարվող պայքարի ակտիվացման մասին: Եթե 2005թ. արձանագրվել էր միայն 1 նման դեպք, ապա 2010թ.` 19, որոնցից 7-ը` ՀՀ քաղաքացիների կողմից համացանցում պոռնկագրական նյութերի տարածման դեպք էր:

ՀՀ-ն 2001թ. նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան, իսկ 2003թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում` «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական և քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրությունը:

18. Անօրինական միգրացիան որևէ երկիր այլ երկրից մշտական կամ ժամանակավոր բնակության կամ աշխատելու նպատակով մարդկանց անօրինական տեղափոխումն է, որն առաջացրել է այդ երկրի օրենսդրության խախտումներ: 2003թ-ից ՀՀ ոստիկանության կառուցվածքում գործում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված ստորաբաժանում, որը կոչված է հակազդելու անօրինական միգրացիայի ոլորտում կատարվող հանցագործություններին և ապահովելու կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության գործընթացը:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` վերջին երեք տարում ՀՀ-ում անօրինական բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել 2008թ.` 1410, 2009թ.` 939, 2010թ.` 701 օտարերկրացիներ:

ՀՀ տարածքում գտնվելու կարգի խախտման դեպքեր են արձանագրվել Չինաստանի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի, Լիբանանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիների կողմից: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով գանձվել է ընդհանուր առմամբ 53220 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի տուգանք:

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2005-2010թթ. ընթացքում տարեցտարի ավելացել է անօրինական միգրացիային առնչվող բացահայտված հանցագործությունների քանակը: Արդյունքում, եթե 2005թ. հանրապետությունում բացահայտվել էր 6 այդ կարգի հանցագործություն, ապա 2010թ.` 62:

ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգին»:

19. Տնտեսական և սոցիալական ոլորտներում` առանց համարժեք պետական հսկողության մեխանիզմի կատարվող «բարեփոխումները», ինչպես նաև անցումային շրջանին բնորոշ օրենսդրական բացերը նպաստավոր պայմաններ են ստեղծել ոչ միայն հանցավորության աճի, այլև նոր հանցատեսակների ավելացման, ինչպես նաև հանցագործությունները արհեստավարժ եղանակներով իրականացնելու համար:

Անձանց որոշակի շրջանակի համար հանցավոր գործունեությունը հանդիսանում է գոյության հիմնական աղբյուր: Հաճախ հանցավոր խմբերն օգտագործում են իրենց կոռումպացված կապերն իշխանական օղակներում:

Եթե 2005թ. ՀՀ-ում գրանցվել էր հանցավոր կազմավորումների կողմից կատարված 17 հանցագործություն, ապա 2010թ. դրանց քանակը կազմել է 97, այդ թվում` 23 կողոպուտի, 18 թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 12 մաքսանենգության, 11 զենքի ապօրինի շրջանառության, 10 գողության, 9 ավազակության, 1 բանդիտիզմի դեպքեր:

20. ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների կողմից կատարված վերլուծությունների, հանրապետությունում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար այլ երկրների իրավապահ մարմինների փորձի և առկա գրականության, ինչպես նաև երևույթը ծնող պատճառների, դրանց զարգացման շարժառիթների ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ կազմակերպված հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման հիմնական պայմաններից են`

1) մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով համալրված իրավապահ կառույցների առկայությունը: Այս պայմանն ապահովելու համար անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել գործնական միջոցառումներ և փորձի փոխանակում կազմակերպված հանցավորության դեմ տարվող պայքարի ոլորտում առաջատար երկրների և մասնագիտացված միջազգային կառույցների հետ.

2) ոլորտը կարգավորող նոր, պայքարի արդի պահանջներին համապատասխանող իրավական դաշտի առկայությունը: Այդ իմաստով ՀՀ իրավապահ մարմինների աշխատանքները կարգավորող իրավական ակտերը ևս վերանայման կարիք ունեն: Օրինակ` անօրինական միգրացիան, որպես առանձին հանցատեսակ, ՀՀ քրեական օրենսգրքում չնախատեսելը այսօր նշված հանցատեսակի դեմ տարվող պայքարին խոչընդոտող հանգամանք է հանդիսանում: Եվրախորհրդի անդամ և ԱՊՀ բազմաթիվ պետություններ (օրինակ` Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետությունները) արդեն իսկ իրենց երկրների համապատասխան օրենսգրքերում անօրինական միգրացիան նախատեսել են որպես առանձին հանցատեսակ: Անհրաժեշտ է ՀՀ իրավական դաշտը ևս համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, որոնց միացել է Հայաստանը` ՄԱԿ-ի 1961թ. «Թմրամիջոցների մասին» կոնվենցիան, «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի միասնական կոնվենցիայի ուղղումների վերաբերյալ» 1972թ. արձանագրությունը, Վիեննայում ստորագրված՝ ՄԱԿ-ի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» 1988թ. կոնվենցիան, Բուդապեշտում ստորագրված «Կիբեռհանցագործությունների մասին» 2001թ. կոնվենցիան և այլն.

3) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացումը` հիմնված պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների համագործակցության վրա, որոնց նպատակը պետք է լինի իրավակարգի և օրինականության ապահովման համար վստահելի համակարգի ստեղծումը:

21. Կազմակերպված հանցավորության դեմ համակարգված և արդյունավետ պայքար հնարավոր է իրականացնել ներպետական իրավական կառուցակարգերի սահմանման միջոցով, ինչի արդյունքում հնարավոր կլինի լիարժեք պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու շահերը, պետության շահերը, ինչպես նաև ապահովել Հայաստանի տնտեսական կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների առկայությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

22. Ուսումնասիրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ քրեածին իրավիճակը երկրում զարգացման բացասական միտում ունի և համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում հնարավոր է դառնում հետևյալ բացասական հետևանքների երևան գալը, մասնավորապես`

1) հանցավոր խմբավորումների կոնսոլիդացումը, որի հետևանքով կարող է հաստատվել քրեական վերահսկողություն երկրի տնտեսության, այդ թվում` ֆինանսական ոլորտի, մանր, միջին և խոշոր բիզնեսների վրա.

2) միջազգային հանցավոր խմբերի ակտիվացումը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման նպատակով.

3) հանցավորության վտանգավորության աստիճանի բարձրացումը, մասնագիտական գիտելիքներով զինված անձանց օգտագործումը հանցավոր գործունեության տարբեր բնագավառներում, հանցավոր աշխարհի զինվածության և տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացումը.

4) անօրինական ոտնձգություններից անձանց պաշտպանելու` պետության կարողությունների նկատմամբ վստահության անկումը և որպես հետևանք` սոցիալական և իրավական պասիվությունը բնակչության շրջանում:

 Նշված անբարենպաստ և վտանգավոր հետևանքներից խուսափելու համար ծրագրային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտություն է առաջանում:

23. Ծրագրի նպատակներն են`

1) կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

2) օրինականության և իրավակարգի հետագա ամրապնդումը, հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ազատությունների, իրավաբանական անձանց և պետության իրավունքների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը.

3) իրավախախտումների սոցիալական կանխարգելման համակարգի ձևավորումը, հասարակական կարգի և անվտանգության ամրապնդումը հանցավոր ոտնձգություններից, ՀՀ սահմանադրական կարգի պաշտպանությունը, այդ գործընթացներում պետական բոլոր մարմինների, հասարակական կառույցների և հասարակության ներգրավումը, հանցավորության դեմ պայքարում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումը.

4) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը.

5) քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման ապահովումը, հանցավորության նկատմամբ հասարակական անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը.

6) կազմակերպված հանցավորության տնտեսական հիմքի խարխլումը, դրա դեմ պայքարի իրական, գործող մեթոդների կիրառումը:

24. Ծրագրի խնդիրներն են`

1) օրենսդրության որակական կատարելագործումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը կանոնակարգող իրավական դաշտի ամրապնդումը, օրենսդրության մեջ առկա հակասությունների և բացերի վերացումը.

2) իրավախախտումների սոցիալական կանխարգելման նպատակաուղղված իրականացումը.

3) իրավապահ մարմինների գործունեության կենտրոնացումը կազմակերպված հանցավորության մեջ առաջնային տեղ զբաղեցնող ուղղությունների վրա.

4) հանցավորության դեմ պայքարում ամբողջ իրավապահ համակարգի ներուժի օգտագործումը, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը.

5) պետության տնտեսական անվտանգության ապահովումը` պետական և մասնավոր սեփականությանն ուղղված տարատեսակ ոտնձգությունների դեմ վճռական պայքարի, ֆինանսավարկային և բանկային, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման ոլորտներում հսկողության ուժեղացման, իշխանության բոլոր մակարդակներում կոռուպցիայի դրսևորումների կանխման եղանակներով.

6) թմրաբիզնեսի, ինչպես նաև կիբեռհանցագործությունների դեմ տարվող պայքարի հետագա ուժեղացումը.

7) ահաբեկչության առաջացմանը, տարածմանը և զարգացմանը նպաստող գործոնների ժամանակին հայտնաբերումը, վերացումը և չեզոքացումն ապահովող միասնական պետական քաղաքականության իրականացումը.

8) հանցավորության բացահայտելիության մակարդակի բարձրացումը, օպերատիվ-հետախուզական գործունեության կատարելագործմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը.

9) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև իրավակարգի ամրապնդման նկատմամբ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացումը, առկա ուժերի և միջոցների առավել ամբողջական օգտագործումը.

10) օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ համագործակցության ակտիվացումը.

11) վկաների և իրավապահ մարմինների հետ համագործակցող անձանց պաշտպանության արդյունավետ միջոցների նախատեսումը.

12) իրավապահ մարմինների արհեստավարժ կադրերի արտահոսքի կանխումը, աշխատակիցների որակավորման և պատրաստականության բարձրացումը, սոցիալական պայմանների բարելավումը.

13) իրավապահ մարմինների համար միջազգային ստանդարտներին համապատասխանող աշխատանքային պայմանների ստեղծումը և տեխնիկական վերազինումը՝ հանդերձանքով, անհրաժեշտ ռազմամթերքով, անհատական պաշտպանության և հատուկ միջոցներով, օպերատիվ, հատուկ և քրեագիտական միջոցներով, կապի, համակարգչային և այլ տեխնիկական համակարգերով, տրանսպորտային միջոցներով ապահովումը` արդի պահանջներին համապատասխան, իրավապահ մարմինների գործունեության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը.

14) իրավապահ մարմիններում կարգապահության և օրինականության ամրապնդումը.

15) իրավապահ համակարգի և նրա գործունեության արդյունքների վերաբերյալ դրական հասարակական կարծիքի ձևավորումը, պետական կառույցների նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում կազմակերպական գործունեությունը նախատեսում է`

1) ՀՀ իրավապահ մարմինների առավել համակարգված, համատեղ արդյունավետ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

2) դատախազության, ոստիկանության, ազգային անվտանգության և այլ իրավապահ մարմինների ջանքերի նպատակաուղղում հատկապես անդրազգային բնույթի ահաբեկչական ակտերի, սպանությունների, բանդիտիզմի, հափշտակությունների, տնտեսական հանցագործությունների, կաշառակերության, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեպքերի բացահայտման և կանխման խնդիրների լուծմանը.

3) խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված, ինչպես նաև անդրազգային հանցագործությունների բացահայտման ու քննության բնագավառում այլ պետությունների իրավապահ մարմինների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում և ամրապնդում.

4) կիբեռտարածության մեջ և համացանցում հակաահաբեկչական գաղափարախոսության քարոզում, ահաբեկչական կազմակերպությունների կողմից անդամների հավաքագրման կանխում ու բացահայտում, ահաբեկչության դեմ պայքարող ՀՀ և այլ երկրների կառույցների տվյալների օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործում, կիբեռահաբեկչության դեմ պայքարող մասնագիտացված ստորաբաժանումների` արդի պայմաններին համընթաց տեխնիկական վերազինում.

5) հանցավորության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական և մեթոդական աշխատանքի կազմակերպում, վիճակագրական ու տեղեկատվական այլ տվյալների և վերլուծությունների արդյունավետ օգտագործում, ՀՀ իրավասու մարմինների տվյալների շտեմարանների (մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և տեղեկատվական կենտրոնի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանների, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի տվյալների շտեմարանի) ինտեգրում.

6) այլ պետությունների, ինչպես նաև համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության հաստատում.

7) ֆինանսական կազմակերպությունների այն մարմինների նկատմամբ, որոնք առավել խոցելի են փողերի լվացման տեսանկյունից և իրենց գործունեությամբ առնչվում են միջազգային ֆինանսատնտեսական հարաբերությունների հետ, հատուկ կարգավորման և հսկողության ներքին ռեժիմի կատարելագործում.

8) հանցավոր եկամուտների աղբյուր հանդիսացող հանցագործությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ռազմավարական վերլուծությունների իրականացում, վերլուծության արդյունքների հիման վրա առավել տարածված տիպաբանությունների կազմում, դրանց օգտագործում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

26. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնական ուղղություններն են`

1) կազմակերպված հանցավորության հակազդումը, քրեածին կառույցների վերհանումն ու վերացումը`

ա. կազմակերպված հանցավորության տնտեսական բազայի քայքայումը, դրա դեմ պայքարում իրավապահ և պետական այլ մարմինների, կազմակերպությունների, հասարակական միավորումների ու քաղաքացիների ջանքերի միավորումը,

բ. տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործումը, ինչպես նաև օրենսդրական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, դրանք խախտելու համար պատասխանատվության խստացումը,

գ. կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման միջոցների, ձևերի ու մեթոդների կատարելագործումը` իրավապահ, հսկողական, ֆինանսական, գանձապահական և այլ մարմինների ուժերի միավորումը,

դ. հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումների համակարգի հետագա զարգացումը` ուղղահայաց ենթակայության սկզբունքով,

 ե. օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտների գործողությունների համակարգման ապահովումը, հատկապես` կազմակերպված հանցավոր խմբերի ու միավորումների մասին օպերատիվ տեղեկատվության իրացման հարցերում, համալիր միջգերատեսչական միջոցառումների իրականացումը,

զ. հանցավոր գործունեություն իրականացնող խմբերի ու միավորումների հայտնաբերման ու կանխման արդյունավետ, այդ թվում` ոչ ավանդական ձևերի, մեթոդների ու միջոցների մշակումը և ներդրումը իրավապահ մարմինների աշխատանքում,

է. ահաբեկչական գործողությունների կանխմանը և խափանմանը մասնակցող պետական մարմիններին համապատասխան լիազորությունների վերապահումը, նյութատեխնիկական հագեցվածության բարելավումը,

ը. իրավապահ մարմինների հետ համագործակցելու ցանկություն հայտնած հանցավոր խմբերի անդամների և վկաների որակյալ պաշտպանություն ապահովելու նպատակով համապատասխան միջոցառումների համակարգի մշակումը և ներդրումը.

2) ծանր հանցագործությունների բացահայտման և քննության արդյունավետության բարձրացումը`

 ա. իրավապահ մարմինների ուժերի և միջոցների համալիր օգտագործման մեխանիզմի կատարելագործումը,

 բ. ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման համար իրավապահ մարմինների ծառայողների պատասխանատվության բարձրացումը,

գ. իրավապահ մարմինների գործունեության մեջ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային-տեխնիկական միջոցների, տեղեկատվության ընդունման և փոխանակման կոմունիկացիոն միջոցների ներդրումը, միասնական տեղեկատվական հաշվողական ցանցի և տվյալների բազաների ստեղծումը,

դ. իրավապահ և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների, ինչպես նաև այլ երկրների իրավապահ մարմինների միջև կայուն տեղեկատվական համագործակցության հաստատումը,

ե. քաղաքացիների իրավունքների և ազատությունների, նրանց անձնական անձեռնմխելիության դատական և այլ պետական պաշտպանության լիարժեք ապահովման համար պայմանների ստեղծումը.

3) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի իրավական դաշտի կատարելագործումը`

ա. ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ոլորտին վերաբերող՝ վավերացված միջազգային պայմանագրերին,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 05.06.13 ՆԿ-102-Ն)

գ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Բանկային գաղտնիքի մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքների դրույթների համապատասխանեցումը,

դ. մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի մշակումը և ընդունումը,

ե. անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրությունը, ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը,

զ. կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության գործերով զբաղվող հատուկ դատարանի ձևավորման արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրումը և առաջարկությունների ներկայացումը,

է. վկաների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության միջազգային փորձի ուսումնասիրումը և այդ ուղղությամբ ազգային օրենսդրության կատարելագործումը,

ը. կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում այլ երկրների համապատասխան կառույցների հետ համաձայնագրերի կնքումը,

թ. հարկային և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման եռամյա ծրագրի մշակումը,

ժ. օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման առանձին մեթոդների կիրառման մասին գերատեսչական իրավական ակտերի ընդունումը,

ժա. թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկելի մատակարարումների և ստուգողական գնումների իրականացման կարգը սահմանելու նպատակով համապատասխան գերատեսչական իրավական ակտի մշակումը,

ժբ. կիբեռհանցագործությունների դեմ պայքարում համացանց և կապի ծառայություններ մատուցող օպերատորների և իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության կանոնակարգմանն ուղղված օրենսդրական ակտերի փաթեթի մշակումը, համատեղ հուշագրերի ստորագրումը,

ժգ) ՀՀ իրավապահ մարմինների միջև միջգերատեսչական համաձայնագրերի (պայմանագրերի) կնքումը` տեղեկատվության առավել արագ փոխանցման և արդյունավետ համագործակցության կազմակերպման համար.

4) տեխնիկական և ծրագրային ապահովումը`

ա. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների համապատասխան ծառայությունների կողմից օգտագործվելու նպատակով միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը և վարումը,

բ. իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների համացանցային կայքերի ստեղծումը ու թարմացումը,

գ. իրավապահ մարմինների նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, առաջավոր օպերատիվ-տեխնիկական միջոցների ձեռքբերումը, այդ թվում` արտաբյուջետային և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման հաշվին,

դ. համացանցում հակաօրինական բովանդակությամբ հաղորդումների գնահատման կենտրոնակայանի ստեղծման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը.

5) որակյալ մասնագետների պատրաստումը`

ա. իրավապահ մարմինների արհեստավարժ միջուկի պահպանումը և ամրապնդումը, աշխատակիցների սոցիալ-իրավական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրումը,

բ. կազմակերպված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը քննող դատավորների, դատախազների, քննիչների և օպերատիվ աշխատակիցների մասնագիտացումը, ինչպես նաև նրանց պարբերական վերապատրաստումը, այդ թվում` արտասահմանում,

 գ. իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների անձնակազմի որակավորման բարձրացման ու վերապատրաստման դասընթացների կազմակերպումը տարեկան առնվազն մեկ անգամ` օգտագործելով ոլորտի ինչպես ներքին ռեսուրսները, այնպես էլ օտարերկրյա փորձառու մասնագետների ներուժը,

դ. օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումը,

ե. ծառայողական արդյունքների օբյեկտիվ գնահատման չափորոշիչների հաստատումը և գործնական կիրառումը, լավագույն աշխատակիցների խրախուսումը.

6) կառուցվածքային փոփոխությունները`

ա. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում առանձին ստորաբաժանում ստեղծելը, որը զբաղվելու է միայն թմրամիջոցների հետ կապված տեղեկատվության կուտակման, հաշվառման, վերլուծության մշտական ապահովման աշխատանքներով,

բ. ՀՀ ոստիկանության համակարգում իրավապահ և արդարադատության մարմինների հետ համագործակցող անձանց պաշտպանության ստորաբաժանում ստեղծելը, որի գործառնական պարտականությունն է լինելու դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության իրականացումը,

գ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում կազմակերպված հանցավորության ոլորտին առնչվող իրավական աշխատանքները կենտրոնացնելու նպատակով առանձնացված ստորաբաժանում ստեղծելը:

(26-րդ կետը փոփ. 05.06.13 ՆԿ-102-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

27. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման (այդ թվում` իրավապահ և արդարադատության մարմինների հետ համագործակցող անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումների) համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`

1) ՀՀ պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.

3) այլ աղբյուրներ:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

28. Ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`

1) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը.

2) համապատասխան իրավական կառուցակարգերի սահմանումը.

3) հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը.

4) ծանր հանցագործությունների նվազումը, հանցավորության բացահայտման մակարդակի բարձրացումը.

5) ստվերային տնտեսության և դրա քրեականացման մակարդակի նվազումը, կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացումը.

6) պետական, մասնավորապես` իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը.

7) բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, իրավապահ մարմինների հետ քաղաքացիների համագործակցության արդյունավետության ակտիվացումը:

(հավելվածը փոփ. 05.06.13 ՆԿ-102-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

 ղեկավար

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆԿ-48-Ն 09.04.2018, ՆԿ-232-Ն
05.06.2013, ՆԿ-102-Ն 29.06.2013, ՆԿ-232-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան