Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2025 թվականի N 1347-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՀՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայաններ շահագործող անձինք պարտավոր են շահագործվող կայանները, դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և պահեստարանները, ինչպես նաև իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն կանոնների պահանջներին: Սույն կետի պահանջները տարածվում են նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների վրա։

4. Սույն որոշման 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի շահագործումն արգելվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1347-Ն որոշման

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՀՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններով սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների` որպես արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ ԱՎՕ) ու դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների և պահեստարանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները՝ ուղղված հեղուկ վառելանյութի վաճառքի, այդ թվում՝ պահման, առաքման, փոխադրման և բաշխման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարմանը, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի կանխարգելմանը, այդ վթարների հետևանքով մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանը:

2. Բնակավայրերում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանները պետք է նախատեսել միայն հեղուկ վառելանյութի պահման ստորգետնյա պահեստարաններով:

3. Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների հեղուկ վառելանյութի պահեստավորումը, առաքումը, փոխադրումը կամ բաշխումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվում են սույն կանոնների, ինչպես նաև «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Սույն կանոնների պահանջները տարածվում են նաև բոլոր այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք ունեն հեղուկ վառելանյութի վերամշակման օբյեկտներ, պահեստներ, պահեստարաններ կամ շահագործում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան, այն կազմակերպությունների վրա, որտեղ ավտոտրասնպորտային միջոցների հեղուկ վառելանյութն օգտագործվում է բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների լցավորման համար, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում են հեղուկ վառելանյութի ավտոտրանսպորտային փոխադրումներ (վագոն ցիստեռններ, ավտոցիստեռններ) կամ մանրածախ վաճառք` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:

5. Սույն կանոնների պահանջները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի բաշխումը կատարվում է 500 լիտրից պակաս ընդհանուր տարողունակություն ունեցող պահեստավորման ապրանքամաններից:

6. Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձն արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի, տեխնածին վթարների կանխարգելման, կայանի շահագործման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարման և աշխատողների անվտանգությունն ապահովելու համար պետք է կազմակերպի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի արտադրական շենքերի, շինությունների, բոլոր տեսակի սարքավորումների և սարքերի, անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ և համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի դրույթների՝ մշակի և իրականացնի հետևյալ միջոցառումները`

1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանը գրանցի ԱՎՕ-ի ռեեստրում և ներկայացնի տեխնիկական անվտանգության փորձաքննության,

2) մշակի և հաստատի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի տեխնիկական անվտանգության վկայագիրը` ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության վկայագրի պահանջներին համապատասխան,

3) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ինժեներատեխնիկական կադրերից նշանակի տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության և սույն կանոնների իմացության մասով անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման, հսկողության և աշխատանքի անվտանգության) համար պատասխանատու անձ (անձինք) կամ ստեղծի հատուկ պատասխանատու կառույց (տեխնիկական անվտանգության ծառայություն) կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարի մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա: Ընդ որում, պատասխանատու անձինք, համաձայն ԱՀՎԼԿ-ի ղեկավարության կողմից ներքին իրավական ակտով հաստատված ժամանակացույցի, առնվազն երեք տարին մեկ անգամ անցնում են մասնագիտական որակավորման դասընթացներ, որակավորում (վերաորակավորում) համապատասխան կազմակերպություններում կամ հաստատություններում՝ պայմանագրային հիմունքներով,

4) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի անձնակազմից նշանակի կայանի սպասարկման համար մասնագետներ՝ գործարկուներ (օպերատորներ), որոնք պետք է ունակ լինեն իրականացնել արտադրական շենքերում, շինություններում տեղակայված բոլոր տեսակի տեխնոլոգիական սարքավորումների, ցիստեռնների, պոմպերի, պահեստարանների, պահոցների, ապահովիչ սարքերի, հսկիչ-չափման միջոցների, խողովակաշարերի, ամրանների, անվտանգության միջոցների և սարքերի, լցավորման բաշխիչ աշտարակների, ամբարձիչ սարքավորումների և շահագործվող այլ ապարատների գործարկում, ստուգում, զննում և արդյունքների գրանցում՝ դրանց համար ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի կողմից մշակված համապատասխան գրանցամատյաններում,

5) կազմակերպի մասնագետների և սպասարկող անձնակազմի հրահանգավորում, տեսական ուսուցում, գիտելիքների պարբերական ստուգումներ առնվազն 12 ամիսը մեկ անգամ, այդ թվում՝ մինչև աշխատանքի թույլտվություն ստանալը աշխատողների նախնական հրահանգավորման անցկացումը՝ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման, հսկողության և աշխատանքի անվտանգության) համար պատասխանատու անձի կողմից, այնուհետև՝ սկզբնական հրահանգավորումը տվյալ աշխատատեղի համար՝ տվյալ աշխատատեղի ստորաբաժանման ղեկավարի կողմից։ Հրահանգավորումը կատարվում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ, որի վերաբերյալ նշումներ են կատարվում դրա համար ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի կողմից մշակված, համարակալված և կնքված հրահանգավորման գրանցամատյանում։ Գրանցամատյանում նշվում է նաև աշխատանքների թույլտվությունը։ Հրահանգավորման ժամանակ, ըստ հաստատված ծրագրի, աշխատողը պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ստանա իր աշխատատեղում առկա վնասակար գործոնների, հրդեհային անվտանգության մասին, ինչպես նաև համառոտ ուսուցում անցնի իր աշխատատեղին վերաբերող աշխատանքի անվտանգության բոլոր ստանդարտների վերաբերյալ։ Աշխատատեղի կամ աշխատանքի պայմանների փոփոխման դեպքում աշխատողն անցնում է լրացուցիչ ուսուցում և հրահանգավորում՝ սույն կանոններին համապատասխան:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Սույն կանոններում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան (ԱՀՎԼԿ)` տարածք կամ շինություն, որը մանրածախ վաճառքի միջոցով ավտոտրանսպորտային միջոցների սպառման համար իրականացնում է հեղուկ վառելանյութի բաժնավորում,

2) հեղուկ վառելանյութ` նավթաթորվածքներ, այդ թվում՝ բենզինը և դիզելային վառելիքը, որոնք ԱՀՎԼԿ-ն բաժնավորում է ավտոտրանսպորտային միջոցների բաքերում կամ շարժական ապրանքամաններում,

3) բենզին՝ հեղուկ վառելանյութ՝ կայծային բռնկումով ներքին այրման շարժիչներում օգտագործման համար,

4) դիզելային վառելիք՝ հեղուկ վառելանյութ՝ սեղմումից բոցավառվող ներքին այրման շարժիչներում օգտագործման համար,

5) վերգետնյա պահեստարան` գետնի մակերևույթից բարձր անշարժ տեղակայված պողպատե կողապատերով տարողություն` նախատեսված հեղուկ վառելանյութի պահեստավորման և օգտագործման նպատակով,

6) ստորգետնյա պահեստարան` գետնի մակերևույթից ցածր անշարժ տեղակայված պողպատե կողապատերով տարողություն` նախատեսված հեղուկ վառելանյութի պահեստավորման և օգտագործման նպատակով,

7) ապագործարկում` ԱՀՎԼԿ-ն, դրա տարողությունները կամ տեխնոլոգիական սարքավորումները շահագործումից հանելու գործընթաց,

8) ավտոցիստեռն` քարշակ կցասայլով կամ կիսակցասայլով բաղադրյալ փոխադրամիջոց, որն օգտագործվում է դեպի ԱՀՎԼԿ կամ հակառակ ուղղությամբ հեղուկ վառելանյութ առաքելու կամ փոխադրելու համար,

9) խողովակաշար` խողովակների ամբողջություն, որոնց միջոցով հեղուկ վառելանյութը փոխանցվում է պահեստավորման պահեստարաններից դեպի բաժնավորիչները: Նշված համակարգը ներառում է բոլոր խողովակաոստերը, կցորդիչները, միացումները, կափույրները և այլ ամրակցված տարրերը,

10) վառելիքաբաշխիչ աշտարակ` սարքավորում՝ նախատեսված ԱՀՎԼԿ-ի կողմից սպառողների տարողությունների և ավտոտրանսպորտային միջոցների մեջ հեղուկ վառելանյութ լցավորելու, դրա ծավալները չափելու և արժեքը հաշվելու համար,

11) լցավորման ճկափող` հեղուկ վառելանյութի լցավորման ժամանակ դրա հոսքը կառավարող սարք,

12) բաժնավորիչ` չափման համակարգ, որը նախատեսված է սնուցող պահեստարանից հեղուկ վառելանյութը համապատասխան բաքեր կամ հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին, դրանց տեղադրմանը և կիրառմանը օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող ապրանքամաններ լցնելու համար,

13) ինքնասպասարկման ԱՀՎԼԿ` ԱՀՎԼԿ, որտեղ սպառողներն են շահագործում լցավորման տեխնոլոգիական սարքավորումները, իսկ գործարկումը և հսկողությունն իրականացնում է ԱՀՎԼԿ սպասարկող անձնակազմը` հնարավորություն ունենալով վթարային իրավիճակի առաջացման դեպքում հսկիչ կետից անջատել նշված սարքավորումները,

14) հսկվող ինքնասպասարկում` սպասարկում, որը ենթադրում է, որ սպառողներն իրենք են օգտվում լցավորման տեխնոլոգիական սարքավորումներից` գործարկուի հսկողության ներքո,

15) սպասարկող անձնակազմ` ԱՀՎԼԿ տեխնոլոգիական սարքավորումներն անմիջականորեն սպասարկող, շահագործող և կառավարող աշխատողներ,

16) երկրորդային կողապատի շերտ` պահեստավորման պահեստարանների կամ խողովակային համակարգի առաջնային պաշտպանական անջատիչ շերտ,

17) հեղուկ վառելանյութի պահեստավորում` հեղուկ վառելանյութի պահում պահեստարաններում, որը հետագայում բաժնավորվում է ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի բաքերում կամ համապատասխան ապրանքամաններում,

18) ներծծման համակարգ` համակարգ, որտեղ հեղուկ վառելանյութը պահեստավորման պահեստարանից մղվում է դեպի բաժնավորիչը` վերջինիս վրա տեղակայված պոմպի միջոցով,

19) բեռնաթափման վայր` ԱՀՎԼԿ տարածքի հատված, որտեղ հեղուկ վառելանյութը ավտոցիստեռններից կամ այլ տարողություններից բեռնաթափվում է ԱՀՎԼԿ պահեստարաններ,

20) գերլցավորումից պաշտպանության սարք` սարք՝ նախատեսված հեղուկ վառելանյութով պահեստարանի լցավորումը դրա աշխատանքային տարողունակությունից բարձր ծավալի դեպքում կանխելու համար,

21) շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում ԱՀՎԼԿ փաստացի շահագործող կամ շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

22) դժբախտ դեպք` ԱՀՎԼԿ-ում պայթյունի, հրդեհի, վնասաբեր ռեակցիայի, հեղուկ վառելանյութի հոսակորստի, կաթոցի, պահեստարանի հերմետիկության վնասման, դյուրավառ կամ թունավոր գոլորշիների առաջացման կամ համանման այլ իրավիճակների հետևանքով մարդուն, գույքին կամ շրջակա միջավայրին վնաս պատճառած կամ վնաս պատճառելու սպառնալիք ստեղծած իրադարձություն,

23) կցորդիչ` սարք, որը նախատեսված է լցասարքն առանց վնասելու անջատելու կամ վառելիքի անհարկի կորուստ թույլ չտալու համար այն դեպքում, երբ լցավորման լցափողը դեռևս հանված չէ լցավորվող ավտոտրանսպորտային միջոցի բաքի բկանցքից,

24) կատոդային պաշտպանություն` հաղորդվող հոսանքի կամ պաշտպանական անոդների կցման միջոցով մետաղի մակերեսի կոռոզիան կանխելու կամ նվազեցնելու մեթոդ,

25) հակադարձ կափույր` հեղուկ վառելանյութի ընդունիչ գծերում օգտագործվող կափույրի տեսակ, որը կանխում է գծից վառելիքի հետ թափվելը դեպի պահեստարան` լցավորված վիճակում պահելով համակարգը,

26) գործարկում` ԱՀՎԼԿ-ի և տեխնոլոգիական սարքավորումների շահագործման գործընթացի սկիզբը, որը ներառում է տեխնոլոգիական սարքավորումների փորձարկումը և շահագործման ցուցումների պատրաստումը, աշխատողների նախնական ուսուցման անցկացումը և նախապատրաստական այլ աշխատանքներ,

27) ձևափոխություն (մոդիֆիկացիա)` ԱՀՎԼԿ-ում տեղակայված պահեստարանների, խողովակաշարերի կամ տեխնոլոգիական այլ սարքավորումների փոփոխություն, որը ներառում է տեխնոլոգիական սարքավորումների կամ հեղուկ վառելանյութի քանակության ֆիզիկական փոփոխությունը, տեխնոլոգիական նոր սարքավորումների, գործընթացների, նյութերի կամ գործարարական ընթացակարգերի ներդնումը կամ ցանկացած փոփոխություն, որը նշանակալիորեն փոփոխում է ԱՀՎԼԿ-ի հետ կապված հնարավոր վտանգավոր երևույթների առաջացումը,

28) դիտարկման (մոնիթորինգի) մեթոդ` հեղուկ վառելանյութի պահեստարաններում և խողովակային համակարգերում վնասման դեպքերը բացահայտելու ինքնաշխատ համակարգ,

29) ավտոտրանսպորտային միջոց` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց,

30) անվանական ծավալային տարողունակություն` պահեստավորման պահեստարանի տարողունակությունը` սահմանված արտադրողի կողմից,

31) այրման աղբյուր` էներգիայի աղբյուր, որը բավարար է հրդեհավտանգ մթնոլորտը այրելու համար և ներառում է բաց կրակ, չպաշտպանված շիկացած նյութ կամ էլեկտրական զոդման աղեղ կամ ստատիկ կայծ,

32) հեղուկ վառելանյութի կաթոց` րոպեում երեք կամ ավելի կաթիլ արագությամբ վառելիքի օրգանական բաղադրիչների հոսք,

33) հեղուկ վառելանյութի բաշխում՝ տեխնոլոգիական սարքավորումներով սպառողների տարողությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների մեջ հեղուկ վառելանյութ լցավորելու, դրա ծավալները չափելու և արժեքը հաշվելու գործընթաց:

 

3. ԱՀՎԼԿ-Ի ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

 

8. ԱՀՎԼԿ-ի նախագծի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումը և փոփոխումը, ինչպես նաև ԱՀՎԼԿ-ի ավարտված շինարարության փաստագրումը պետք է իրականացվեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

9. ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերը ենթակա են քաղաքաշինական, շրջակա միջավայրի վրա ազդեցության (օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում), ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ «Քաղաքաշինության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։

10. Նախագիծը պետք է բաղկացած լինի գծագրական մասից և տեխնիկական առաջադրանքից, որտեղ համապատասխան ձևով նկարագրվում են ԱՀՎԼԿ-ի տարածքը, սարքավորումները և նյութերը:

11. ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերում պետք է ներառվեն հետևյալ տեքստային նյութերը՝

1) ԱՀՎԼԿ-ի գործարկման տարեթիվը (նախատեսելու դեպքում),

2) ԱՀՎԼԿ-ի հարակից տարածքում առկա շենքերի և շինությունների հակիրճ բնութագրերը, սեփականության ձևերն ու նպատակային նշանակությունը,

3) ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող այլ ԱՀՎԼԿ-ի տեղակայվածությունը,

4) ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 1 կմ հեռավորությամբ շրջակա տարածքում բնակչության միջին խտությունը,

5) տեղեկատվություն, թե ԱՀՎԼԿ-ի հարակից տարածքի տարբեր մասերն ինչ նպատակով պետք է օգտագործվեն,

6) տեղեկատվություն ԱՀՎԼԿ-ի աշխատանքային ժամերի վերաբերյալ,

7) տեղեկատվություն հետագայում իրականացվելիք այլ գործունեություն (սրճարան-բար, խանութ, լվացման կետ և այլն) նախատեսելու մասին,

8) յուրաքանչյուր հերթափոխում աշխատողների թվաքանակը և նրանց պարտականությունները,

9) էլեկտրական սարքավորումները, էլեկտրաստատիկությունից պաշտպանելու միջոցները,

10) աշխատանքի ընթացքում սպառողներին մշտապես տեսադաշտում պահելու համար նախատեսված միջոցների նկարագրությունը,

11) մեծածավալ առաքումների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն (իրականացվում են ԱՀՎԼԿ-ի աշխատողի հսկողության ներքո, միայն առաքող վարորդի կողմից կամ երկուսը միասին),

12) վթարների դեպքում օգնություն ստանալու համար օգտագործվող կապի միջոցները,

13) ամենամոտ հրշեջ հիդրանտի (հրշեջ խողովակաշարի) տեղակայվածությունը,

14) առաջին օգնության միջոցների նկարագրությունը և տեղակայվածությունը,

15) առևտրային նպատակներով կիրառվող նշանների նկարագրությունը:

12. Նոր կառուցվող, ընդլայնվող կամ վերակառուցվող ԱՀՎԼԿ-ի նախագիծը պետք է ներառի նաև`

1) ԱՀՎԼԿ-ի տարածքի հատակագիծը (դրա առանձին հատվածների հստակ տեղադիրքերով և գործառնական նշանակության նշումով)՝ ոչ պակաս, քան 1:100 մասշտաբով՝ արտահայտված մետրերով, վերին աջ անկյունում կողմնորոշումը ցույց տվող սլաքի պատկերմամբ՝ «Հյուսիս» նշագրմամբ,

2) ԱՀՎԼԿ-ի տարածքի կամ առաջարկված տարածքի բնութագրերը և իրադրության հատակագիծը,

3) ԱՀՎԼԿ-ի սահմանները՝ ներառյալ տարածքի սահմանագծերը, հեռավորությունները,

4) ԱՀՎԼԿ-ի տարածքում շենքերի և շինությունների՝ ներառյալ բացվածքների կամ դռների առկայությունը (տե'ս՝ Աղյուսակը),

5) ԱՀՎԼԿ-ի տարածքում կամ դրա պարագծային սահմաններից մինչև 50 մ հեռավորության վրա գտնվող բոլոր խրամուղիների, ստորգետնյա տարածքների և նկուղների դիրքերը,

6) տեղեկություն ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից սույն կանոնների 31-րդ կետով սահմանված նորմերին համապատասխան հեռավորության վրա գտնվող, իրեն չպատկանող շենքերի և շինությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ,

7) օդանցիկ կառույցները, ինչպիսիք են էլեկտրական հոսանքի, հեռախոսակապի գծերը,

8) ԱՀՎԼԿ-ի տարածքում ստորգետնյա կառույցները, ինչպիսիք են էլեկտրական հոսանքագծերը, կոյուղին, ջրագծերը,

9) ԱՀՎԼԿ-ի ճանապարհային երթևեկության կազմակերպման գծապատկերը՝ ներառելով մուտքը և ելքը, անցումային-արագացման գոտիները, ճանապարհային նշանները, գծանշումները և այլ տեխնիկական միջոցներ,

10) ԱՀՎԼԿ-ի աշխատողների սենյակի (տաղավարի) դիրքը (տե´ս՝ Աղյուսակը),

11) լցավորման կղզյակների և ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման պոմպերի տեղակայվածությունը,

12) վառելիքաբաշխիչ աշտարակները, պահեստարանները և սարքավորումները ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության հնարավոր վնասներից պաշտպանող արգելափակոցների տեղակայվածությունը,

13) վառելիքաբաշխման մասում գտնվող որևէ տեսակի ծածկի տեղակայվածությունը, բարձրությունը և այլ չափերը,

14) վառելիքաբաշխման մասի և մեծածավալ բեռնաթափումների վայրի տարածքի ու բետոնե հարթակի տեղակայվածությունը և մակերեսը,

15) հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների տեղակայվածությունը և կայանատեղիները,

16) բեռնաբարձման, բեռնաթափման, հեղուկ վառելանյութի լցավորման կետերի տեղակայվածությունը և դրանց միջև հեռավորությունները (տե'ս՝ Աղյուսակը),

17) յուրաքանչյուր վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարանի տեղակայվածությունը, դրանց տարողունակությունը և ֆիզիկական չափերը, բոլոր միացվող խողովակների մանրամասն նկարագրությունը,

18) ճնշման կարգավորիչ կամ օդափոխման խողովակների բացվածքների տեղակայվածությունը,

19) վերգետնյա կամ ստորգետնյա խողովակաշարերի, կափույրների և պոմպերի տեղակայվածությունը և հզորությունը՝ հստակորեն նշելով, թե յուրաքանչյուր պահեստարանին որ պոմպերն են միացված,

20) չափագրման, չափման և հեղուկ վառելանյութի տարողությունների քանակության հսկիչ սարքերի տեղակայվածությունը և նկարագրությունը,

21) արտահոսքի հայտնաբերման սարքերի տեղակայվածությունը և նկարագրությունը,

22) դիտման հորերի տեղակայվածությունը,

23) տեղադրվելիք էլեկտրական սարքավորումները,

24) բոլոր տեսակի ստորգետնյա հաղորդակցման ուղիների տեղակայվածությունը,

25) ԱՀՎԼԿ-ի տարածքում կամ դրա պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 300 մ հեռավորության վրա գտնվող բնական, մակերեսային կամ խորքային ջրերի առկայությունը, որոնք օգտագործվում են որպես հանրային ջրամատակարարման համար գործող աղբյուրներ,

26) ջրային պաշտպանության գոտի հայտարարված ցանկացած տարածքի առկայությունը,

27) ԱՀՎԼԿ-ի կամ դրա պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 300 մ հեռավորության վրա գտնվող որևէ դրենաժային ջրատարի, խրամուղու, հեղեղատարի, կոյուղու բացվածքի կամ հակաջրհեղեղային ջրատարի տեղակայվածությունը,

28) ԱՀՎԼԿ-ի մեծ ծավալով հեղուկ վառելանյութի բեռնաթափման կետերում և վառելիքաբաշխիչ մասերում դրենաժային համակարգերի տեղակայվածությունը՝ ներառյալ ստորգետնյա պահեստարանների վառելիքի հոսքի կանխարգելիչները և վառելիքի (ջրի) սեպարատորները,

29) ծխելու համար հատկացված տեղի տեղակայվածությունը,

30) վթարային իրավիճակներում անջատիչ սարքերի տեղակայվածությունը,

31) հակահրդեհային սարքավորումների՝ ներառյալ կրակմարիչների տեղակայվածությունը,

32) աշխատողների և սպառողների համար նախատեսված սանիտարահիգիենիկ շինությունների և հարմարությունների տեղակայվածությունը ու նկարագրությունը,

33) աղբահանման ապրանքամանների տեղակայվածությունը,

34) ԱՀՎԼԿ-ի ցանկապատերի, արգելափակոցների և անվտանգության ծառայության տեղակայվածությունը:

13. ԱՀՎԼԿ-ի նախագծի տեխնոլոգիական բնութագիրը պետք է ներառի արտադրող ընկերության կողմից տրամադրվելիք տեխնոլոգիական սարքավորումների մակնիշի, մոդելի և պահեստամասերի մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև ժամանակացույց՝ հետևյալ սարքավորումների շահագործման հանձնման համար՝

1) վառելիքաբաշխիչ աշտարակներ,

2) մատակարարման և բաշխման փողրակներ,

3) վերգետնյա և ստորգետնյա պահեստարաններ,

4) խողովակաշարեր և դրանք միմյանց ամրացնող մասեր,

5) հեղուկ վառելանյութի պոմպեր,

6) պահեստարանի կցորդներ և կափույրներ,

7) ճնշման և վակուումային կափույրներ,

8) կատոդային պաշտպանական համակարգ` ներառյալ անոդների տեղակայվածությունը,

9) չափագրման, չափման և հեղուկ վառելանյութի պարունակության հսկիչ միջոցներ,

10) արտահոսքի հայտնաբերման սարքեր,

11) հեղուկ վառելանյութի թափվածքը պահող սարքվածքներ,

12) դիտման հորեր:

 

4. ԱՀՎԼԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. ԱՀՎԼԿ-ի շենքերն ու շինությունները պետք է նախագծվեն, կառուցվեն և շահագործվեն սույն կանոնների, քաղաքաշինության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, հրդեհային անվտանգության, շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան։

15. ԱՀՎԼԿ-ի ավտովառելիքի օգտագործման, պահեստավորման և բաժնավորման համար օգտագործվող բոլոր շինությունները և տեխնոլոգիական սարքավորումները պետք է նախագծվեն, կառուցվեն, տեղակայվեն, փորձարկվեն, գործարկվեն, շահագործվեն, պահպանվեն, վերանորոգվեն և ապագործարկվեն սույն կանոններով սահմանված կարգով, ինչպես նաև համապատասխանեն քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, իսկ տեխնոլոգիական սարքավորումները համապատասխանեն նաև Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված՝ սարքավորումների վերաբերյալ ազգային ստանդարտների, ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտների, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին:

16. ԱՀՎԼԿ-ի շինարարությունը կամ ձևափոխությունը (մոդիֆիկացիա), այդ թվում՝ վերազինումը, վերակառուցումը, իրականացվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի, սույն կանոնների, ինչպես նաև ԱՀՎԼԿ-ի նախագծային և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

17. Նախքան ԱՀՎԼԿ-ի շինարարության աշխատանքներն սկսելը, ԱՀՎԼԿ շահագործող անձի կողմից ԱՀՎԼԿ-ի էսքիզային նախագիծը և ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերը ենթակա են համաձայնեցման պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են փորձաքննությունների՝ համապատասխան եզրակացություններ ստանալու համար։

18. ԱՀՎԼԿ-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է պահպանվեն շահագործող անձի մոտ, որը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով դրանք ներկայացնել ըստ պահանջի՝ համապատասխան մարմնին:

19. ԱՀՎԼԿ-ի տարածվող սարքերը պետք է տեղադրվեն կղզյակների վրա հետևյալ կերպ՝

1) առնվազն 3 մ` տարածքի սահմանագծից,

2) առնվազն 3 մ` այն շինություններից, որոնք հարևանությամբ ունեն արտաքին պատեր,

3) առնվազն 8 մ՝ փողոցի բանուկ մասից, որի նկատմամբ տարածվող կղզյակն ունի ուղղահայաց դասավորություն,

4) առնվազն 4 մ՝ փողոցի բանուկ մասից, որին զուգահեռ է տարածվող կղզյակը,

5) առնվազն 7 մ՝ բռնկման ֆիքսված աղբյուրներից:

20. Տարածվող կղզյակները պետք է տեղադրվեն այնպես, որ՝

1) լցավորվող ավտոտրանսպորտային միջոցներն ամբողջությամբ լինեն ԱՀՎԼԿ-ի ներսում,

2) տարածվող խողովակաշարը ցանկացած այլ շինությունից գտնվի առնվազն 1,5 մ հեռավորության վրա:

21. ԱՀՎԼԿ-ի պահեստարանի համակարգերը պետք է տեղակայված լինեն այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրականացնելու արտամղման գործողություններ:

22. Հրշեջ մեքենաները պետք է հնարավորություն ունենան մինչև 60 մ հեռավորության վրա մոտենալու պահեստարանին և դրանց ճանապարհի լայնությունը պետք է լինի առնվազն 6 մ:

23. Պահեստարանների միջև հեռավորությունը միմյանցից, ինչպես նաև պահեստարանների և պաշտպանիչ շինության ներքին պատերի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 1 մ:

24. ԱՀՎԼԿ-ի՝ ավտոտրանսպորտային միջոցների լցավորման համար հեղուկ վառելանյութ պարունակող վերգետնյա պահեստարանների ընդհանուր առավելագույն տարողությունը պետք է լինի 20մ3-30մ3, յուրաքանչյուր պահեստարանի առավելագույն տարողությունը` 10 մ3, ստորգետնյա պահեստարանների առավելագույն տարողությունը` 25 մ3-40 մ3:

25. Բենզին և դիզելային վառելիք պարունակող վերգետնյա պահեստարանների տեղադրումները պետք է առանձնացված լինեն իրարից և յուրաքանչյուր պահեստարանի համար վերալցման կամ բեռնաթափման վայրերը (տարածքները) պետք է՝

1) բենզին պարունակող վերգետնյա պահեստարաններից առանձնացվեն առնվազն 8 մ-ի չափով,

2) դիզելային վառելիք պարունակող վերգետնյա պահեստարաններից առանձնացվեն առնվազն 6 մ-ի չափով,

3) ունենան էլեկտրական լուսավորում` փոխադրումները օրվա մութ ժամերին անվտանգ իրականացնելու նպատակով,

4) ապահովեն վերալցման ավտոտրանսպորտային միջոցների ազատ ու հարմարավետ մուտքը,

5) ունենան ավտոտրանսպորտային միջոցների մուտքն ապահովող բետոնե ծածկույթով հարթակ` արտահոսքի դեպքում հեղուկ վառելանյութի ստորգետնյա ներթափանցումը թույլ չտալու նպատակով,

6) ապահովված լինեն դրենաժի համակարգով` տեղակայված վառելիք-ջուր սեպարատորի վրա, որը նախատեսված է անձրևաջրերը, այլ ջրերը, հեղուկ վառելանյութը և այլ հեղուկները չորացնելու համար։

26. Ավտոտրանսպորտային միջոցների վառելիքով լցավորման համար նախատեսված տարածքները պետք է լինեն բետոնե ծածկույթով (արգելվում է ասֆալտբետոնե ծածկույթի օգտագործումը), ընդ որում՝

1) բետոնե ծածկույթով տարածքի ընդգրկումը պետք է լինի 2 մ՝ վառելիքով լցավորման յուրաքանչյուր սարքի անկյունից: Այդ տարածքները պետք է սահմանափակեն հեղուկ վառելանյութը փոխադրող սարքի և խողովակաշարի առավելագույն երկարությունը ցանկացած ուղղությամբ` գումարած 30 սմ,

2) վառելիքի փոխադրման տարածքը պետք է կառուցվի այնպես, որպեսզի բացառվեն դրենաժի հոսքերը վառելիքի փոխադրման տարածքից դեպի ներս և դուրս,

3) ավտոտրանսպորտային միջոցների լցավորման բետոնե ծածկույթով տարածքները եղանակային փոփոխություններից պաշտպանելու նպատակով պետք է ունենան պաշտպանիչ կառուցվածք, որը պետք է տարածվի մինչև ավտոտրանսպորտային միջոցի լցավորման կետը,

4) պաշտպանիչ սարքերը պետք է տեղակայվեն ԱՀՎԼԿ-ի սահմանագծից (ճանապարհի երթևեկելի մասին հարող) առնվազն 1,5 մ հեռավորության վրա։

27. Հեղուկ վառելանյութի փոխադրման, պահեստավորման և լցավորման տարածքները պետք է ունենան բետոնե սահման կամ այլ պաշտպանություն` փոխադրման ընթացքում վառելիքի թափվող զանգվածն իրենց մեջ պահելու համար: Թափվածքները չպետք է անմիջապես լցվեն կոյուղու, խմելու ջրի կամ փողոցի ջրահեռացման համակարգերի մեջ, և դրանք պետք է ենթարկվեն դրենաժի:

28. Տրանսպորտի երթևեկության համար անկյունային դասավորություն ունեցող ԱՀՎԼԿ-ի մուտքը և ելքը պետք է սահմանվի աջից ներս, աջից դուրս ուղղությամբ, եթե դա թույլ են տալիս ճանապարհային երթևեկության կանոնները:

29. ԱՀՎԼԿ-ում պետք է պահպանվեն տարածքի բարեկարգման հետևյալ պահանջները՝

1) եզրաքարի 15 սմ բարձրությամբ շերտի կառուցում ճանապարհին՝ բացառությամբ ճանապարհի բաց հատվածների,

2) բնակավայրերի ուղղությամբ ձգվող տարածքում 1,5 մ բարձրություն ունեցող ամուր ցանցի կամ պատի կառուցում,

3) բնակավայրերի ուղղությամբ ձգվող տարածքում 2-մետրանոց բնական լանդշաֆտի ստեղծում,

4) արտաքին լուսավորման ապահովում` ԱՀՎԼԿ-ն հարակից այլ տարածքներից տարբերակելու համար,

5) մշտական կամ ժամանակավոր նշանները չպետք է տեղադրվեն ընդհանուր ճանապարհի վրա: Բոլոր նշանները պետք է տեղադրվեն այնպես, որ լինեն տեսանելի, սակայն չշեղեն վարորդների կամ հետիոտների ուշադրությունը,

6) նյութերի կամ սարքավորումների պահեստավորումը պետք է նախատեսել հեղուկ վառելանյութի լցավորման սարքերից դուրս՝ հոծ պատով առանձնացված ազատ տարածքում։

30. ԱՀՎԼԿ-ի վառելիքի պահպանման և բաշխման շինությունները, վարչակենցաղային և սպասարկման տաղավարների շենքերի պատերը պետք է կառուցվեն հրակայուն նյութերից, բետոնե խառնվածքներից: Հրակայուն նյութերից պետք է պատրաստվեն նաև լցավորման ԱՀՎԼԿ-ի դռները, պատուհանները և այլ բացվածքները: Կայանի տանիքի և մյուս ծածկոցների համար անհրաժեշտ է օգտագործել մետաղաթիթեղյա, կղմինդրե կամ այլ հրակայուն նյութեր: Արգելվում է փայտե կամ պլաստմասսայե նյութերի օգտագործումը ԱՀՎԼԿ-ի շինություններում:

31. Նոր կառուցվող, ընդլայնվող կամ վերակառուցվող ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից մինչև իրեն չպատկանող շենքեր և շինություններ ընկած նվազագույն միջտարածությունները պետք է պահպանվեն՝ հաշվի առնելով քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման շինարարական նորմերով և ավտոմեքենաների բենզալցակայանների հրդեհային անվտանգության կանոնների հավաքածուով, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտի այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները:

 

5. ԱՀՎԼԿ-Ի ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

32. Եթե տեխնոլոգիական որևէ սարքավորման ստուգման արդյունքում բացահայտվում է թերություն, որի պատճառով աշխատանքի հետագա շարունակումը կարող է հանգեցնել կաթոցի, հոսակորստի վտանգի, խափանման կամ շինվածքային թերության, ապա տվյալ սարքավորումը պետք է անհապաղ հանվի շահագործումից կամ ժամանակավորապես դադարեցվի դրա օգտագործումը` մինչև համապատասխան վերանորոգում կատարելը: Վերանորոգման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն սարքավորումն արտադրողի կողմից տրված հրահանգի ցուցումներին, ինչպես նաև սույն կանոններին համապատասխան:

33. ԱՀՎԼԿ-ի պահպանման վիճակը ստուգելու համար ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ, կատարի ԱՀՎԼԿ-ի շինությունների և տեխնոլոգիական սարքավորումների համակարգերի զննումներ: Զննումների արդյունքները գրավոր ձևակերպվում են շահագործման և պահպանման ձեռնարկում, որը պետք է պահվի ԱՀՎԼԿ-ում և հասանելի լինի յուրաքանչյուրին, ով ԱՀՎԼԿ-ում կատարում է շահագործման, զննման, վերանորոգման կամ տեխնոլոգիական սարքավորումների փորձարկման աշխատանքներ:

34. Շահագործման և պահպանման ձեռնարկը պետք է պարունակի մանրամասն ցուցումներ, որոնք ապահովում են հեղուկ վառելանյութի պահեստավորման, առաքման և բաժնավորման համակարգերի ու դրանց բաղադրիչների պատշաճ շահագործումն ու պահպանումը սույն կանոններին համապատասխան: Ձեռնարկը պետք է պարունակի տեխնոլոգիական բոլոր սարքավորումներին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը`

1) գործող բոլոր հաստատումները, համապատասխանության սերտիֆիկատներն ու թույլտվությունները,

2) արտադրող ընկերության տեխնիկական բնութագրերը, տեղադրման, շահագործման, վերանորոգման և պահպանման մասին ցուցումները, արտադրողի կողմից տրամադրված ցանկացած այլ լրացուցիչ ցուցումներ,

3) համակարգի կամ դրա բաղադրիչների փորձարկման պահանջները՝ ներառյալ փորձարկումների ժամանակացույցը և փորձարկման արդյունքների չափանիշները, պահպանմանն ուղղված պարբերական զննումների, այդ թվում՝ զննման ենթակա տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև շտկման կարիք ունեցող թերությունների մասին արձանագրությունը,

4) խափանված կամ մաշված բաղադրիչների առկայության դեպքում՝ դրանց փոխարինման ժամանակացույցը:

 

6. ԱՀՎԼԿ-Ի ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

35. ԱՀՎԼԿ-ի վառելիքային համակարգն ու բաղադրիչները ներառում են պահեստավորման պահեստարանները, խողովակաշարերի համակարգը, պոմպերը, ճկափողերը, բաժնավորիչները և հարակից տեխնոլոգիական սարքավորումները:

36. Սույն կանոնների հետ համապատասխանությունը պահպանելու համար նշված համակարգը և դրա բաղադրիչները պետք է`

1) տեղակայվեն միայն դրա հետ կապված բոլոր հնարավոր վտանգները բացահայտելուց, գնահատելուց և կառավարելուց հետո,

2) գործարկվեն միայն մանրազնին փորձարկումներ անցկացնելուց և համաձայնեցված ընթացակարգերի մշակումից հետո` դրանց անվտանգ շահագործումն ապահովելու համար,

3) շահագործվեն միայն համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա` արտադրողի կողմից տրամադրված շահագործման կանոններին համապատասխան՝ ուսուցում անցած և որակավորված անձնակազմի կողմից,

4) պահպանվեն և վերանորոգվեն՝ ընթացիկ շահագործման, մաշվածության և անսարքության պատճառով լրացուցիչ վտանգի առաջացումը կամ արդեն իսկ ծագած վտանգների խորացումը բացառելու նպատակով:

37. Հեղուկ վառելանյութի փոխադրման, պահեստավորման կամ բաժնավորման համար օգտագործվող բոլոր համակարգերը և դրանց բաղադրիչները պետք է`

1) շահագործման ժամանակ լինեն անվտանգ, մարդու կյանքին կամ առողջությանը, շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող ռիսկեր չառաջացնեն, ապահովեն աշխատանքի դադարեցումը, եթե դրանց աշխատանքը կարող է վտանգ ստեղծել անձնակազմի համար կամ ապահովված լինեն նախազգուշական ձայնային կամ լուսային ազդանշան տվող սարքերով,

2) պահպանվեն` համաձայն արտադրող ընկերության տեխնիկական բնութագրերի և համապատասխանության հավաստագրի,

3) չունենան խոտան, վատ աշխատող կամ բացակայող բաղադրիչներ,

4) չլինեն փոփոխված, փոխարինված կամ իրենց սարքինությունը կորցրած և աշխատեն նախագծի տեխնիկական բնութագրերի համաձայն:

38. ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է ապահովի, որ հեղուկ վառելանյութի բաժնավորում իրականացնող աշխատողները (գործարկուները) անցնեն համապատասխան ուսուցում և ստանան հրահանգներ` համակարգի բաղադրիչների և տեխնոլոգիական սարքավորումների պատշաճ շահագործման ու պահպանման մասին:

39. Հրահանգները փակցվում են հեղուկ վառելանյութի բաժնավորման տարածքի տեսանելի վայրում և նկարագրում են հեղուկ վառելանյութի բաժնավորման ճիշտ եղանակը:

40. Հեղուկ վառելանյութը պահեստարաններից պետք է փոխադրվի անշարժ ամրակցված պոմպերի միջոցով, որոնք պետք է նախագծված և պատրաստված լինեն այնպես, որպեսզի ապահովվի հեղուկ վառելանյութի հոսքի նկատմամբ հսկողությունը և կանխվի կաթոցը կամ պատահական բացթողումը:

41. Հեղուկ վառելանյութի բաժնավորման սարքերը ենթակա են համարակալման, իսկ դրանց տեղադրումը պետք է իրականացվի արտադրող ընկերության ցուցումներին համապատասխան:

42. ԱՀՎԼԿ-ում հսկողության միջոցով թույլատրվում է պոմպի աշխատանքը միայն այն ժամանակ, երբ լցավորման ճկափողը հանվում է բարձակից կամ բաժնավորման սարքի նկատմամբ զբաղեցրած սովորական դիրքից, իսկ բաժնավորման սարքի վրա տեղադրված անջատիչը գործի է դրվում ձեռքով: Հսկողության միջոցով պոմպի աշխատանքը դադարեցվում է այն դեպքում, երբ բոլոր ճկափողերը կրկին տեղադրվում են բարձակներում կամ վերադարձվում իրենց սովորական դիրքին:

43. ԱՀՎԼԿ-ի բաժնավորման սարքերը պետք է ուղղահայաց դիրքով տեղադրվեն բետոնե հարթակների վրա կամ հատուկ միջոցներով պաշտպանվեն հնարավոր բախումից առաջացող վնասվածքներից: Բաժնավորման սարքերը իրենց տեղում պետք է հուսալիորեն ամրակցվեն հեղույսների միջոցով: Փակ տարածքում տեղակայված բաժնավորման սարքերը նույնպես պետք է տեղադրվեն այնպիսի ուղղահայաց դիրքով, որպեսզի բացառվի կառավարումը կորցրած ավտոտրանսպորտային միջոցի հետ բախումը:

44. Բաժնավորող սարքերը պետք է ունենան համարակալված վթարային պոկման սարք և հնարավորություն՝ պոկման կետի երկու կողմերում պահելու վառելիքը: Սարքերը պետք է տեղակայվեն պոմպի և լցավորման ատրճանակի միջև գտնվող ճկափողի յուրաքանչյուր ծայրում և պահպանվեն արտադրող ընկերության ցուցումներին համապատասխան:

45. Տնային ջեռուցման նպատակով շարժական ապրանքամանները դիզելային վառելիքով լցավորելու համար օգտագործվող բաժնավորիչ սարքեր ԱՀՎԼԿ-ում նախատեսված լինելու դեպքում դրանք պետք է տեղակայված լինեն հեղուկ վառելանյութի բաժնավորման համար նախատեսված հիմնական բաժնավորող սարքերից առանձնացված առանձին տարածքում՝ նախատեսելով շարժական ապրանքամանների լցավորման ժամանակ դիզելային վառելիքի հնարավոր թափվելը և տարածվելը կանխարգելող միջոցներ։

46. Եթե անհրաժեշտ է իրականացնել բաժնավորող սարքերի պահպանման աշխատանքներ, որոնց ընթացքում հնարավոր է հեղուկ վառելանյութի պատահական բացթողում կամ այրում, ապա նախքան պահպանման աշխատանքներն սկսելը, պետք է իրականացվեն հետևյալ պարտադիր քայլերը`

1) աշխատանքները պետք է իրականացնեն միայն համապատասխան ուսուցում անցած և որակավորում ունեցող անձինք,

2) բաժնավորման սարքերին, դրանք սնուցող պոմպերին և հարակից կառավարման բոլոր շղթաներին հաղորդվող էլեկտրաէներգիան պետք է անջատվի հոսանքի անջատման հիմնական վահանակից,

3) եթե բաժնավորման սարքերի վրա տեղակայված է վթարային անջատման կափույր, ապա այն պետք է փակվի,

4) ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը և կողմնակի մարդկանց մուտքը դեպի բաժնավորման սարքեր, որոնցով արդեն իրականացվում է լցավորում, պետք է արգելվի՝ տեղակայելով համապատասխան նախազգուշական գրառումներով պաստառներ և երթևեկությունը դեպի բաժնավորման սարքեր արգելող նշաններ։

47. ԱՀՎԼԿ-ի տարածքում չլցավորված ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի վառելիքաբաշխիչ աշտարակ (բաժնավորման սարքեր) և լցավորումից հետո ԱՀՎԼԿ-ից դեպի ելքը պետք է լինի միակողմանի, տեղակայված համապատասխան նշաններով ու գծանշումներով, և պետք է տեղակայվեն հակառակ ուղղությամբ երթևեկությունը դեպի բաժնավորման սարքեր արգելող նշաններ:

48. Եթե վառելիքի բաժնավորման սարքը գործում է ճնշման տակ, ապա համարակալված և հուսալիորեն ամրակցված վթարային անջատման կափույրը, որը նախատեսված է զգալի ճնշման կամ հրդեհի դեպքում ինքնաշխատ անջատման համար, պետք է տեղակայվի ճնշման հաղորդման գծի վրա` առանձին բաժնավորիչի հիմքում կամ վերադիր բաժնավորող յուրաքանչյուր սարքի մուտքային բացվածքում: Վթարային անջատման սարքը պետք է տեղադրվի արտադրողի հրահանգի ցուցումներին համապատասխան:

49. Վթարային անջատման սարքի ինքնաշխատ փակման գործառույթը փորձարկվում է տեղադրման ժամանակ, ինչպես նաև դրանից հետո ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Նշված փորձարկումների մասին գրանցումները պահվում են ԱՀՎԼԿ-ում:

50. Եթե ներծծման տեսակի բաժնավորման համակարգը ներառում է օժանդակ պոմպ կամ, եթե նշված համակարգը հեղուկ վառելանյութը ստանում է պահեստարանից այնպիսի եղանակով, որը բաժնավորման սարքի վրա առաջացնում է հիդրոստատիկ ճնշում, ապա կտրվածքի մակերես ունեցող և վակուումի միջոցով գործարկվող անջատման կափույրը կամ համանման տեսակի այլ կափույրը տեղադրվում է անմիջապես բաժնավորման սարքի տակ:

51. Հեղուկ վառելանյութի առաքման լցավորման ատրճանակների նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները`

1) համարակալված, ավտոմատ փակման տեսակի բաժնավորման լցավորման ատրճանակի կափույրը (բաց նիգով կամ առանց դրա) պետք է տեղադրվի հեղուկ վառելանյութի բաժնավորման համար օգտագործվող և բետոնե հարթակի վրա ուղղահայաց դիրքով տեղադրված բաժնավորիչների վրա,

2) բաժնավորիչի լցավորման ատրճանակի հոսքը չպետք է գերազանցի րոպեում 40 լիտրը: Եթե հոսքի արագությունը րոպեում գերազանցում է 40 լիտրը, ապա ճշգրտվում է հոսքի սահմանաչափը կամ տեղադրվում է հոսքի կարգավորիչ,

3) ցանկացած ԱՀՎԼԿ, որտեղ վառելիքի սովորական հոսքը կարող է դադարեցվել, բացառությամբ բաժնավորիչի լցավորման ատրճանակի կափույրից, համակարգը իր մեջ պետք է ներառի նաև համարակալված տեխնիկական սարքավորում, որը, նախքան վառելիքի հոսքի վերսկսումը, կարող է առաջացնել բաժնավորիչ լցավորման ատրճանակի կափույրի անջատում,

4) թույլատրվում է օգտագործել համարակալված, ինքնաշխատ փակմամբ բաժնավորիչ լցավորման ատրճանակի կափույր, որն ունի բաց նիգով սարք, ինքնաշխատ կերպով արձակվում է լցավորման բացվածքից կամ ենթարկվում է ազդեցության ներգործությանը:

52. Խզման ապահովման միացումների և կափույրների նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`

1) պոմպային բաժնավորիչում համակարգը պետք է իր մեջ ներառի համարակալված ապահովիչ կափույր, որը նախատեսված է պոմպային լցավորման ատրճանակը ավտոտրանսպորտային միջոցի բաքի խողովակից ուժով հեռացնելու դեպքում վառելիքի հոսքը դադարեցնելու համար,

2) խզման ապահովման կափույրը տեղակայվում է ատրճանակի և ճկափողի միջև և թույլ է տալիս լցավորման ատրճանակը պոկել համեմատաբար ցածր ուժով` խուսափելով վնասվածքից և նվազեցնելով հոսակորուստը, որը տեղի է ունենում պատահաբար կամ ավտոտրանսպորտային միջոցի կտրուկ շարժման դեպքում:

53. Բաժնավորիչ ճկափողի նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`

1) հեղուկ վառելանյութի բաժնավորման համար օգտագործվող ճկափողային միացումները չպետք է գերազանցեն 5 մ երկարությունը,

2) համարակալված վթարային խզման սարքը, որը նախատեսված է խզման կետի երկու կողմում հեղուկ վառելանյութը պահպանելու համար, տեղադրվում է հեղուկ վառելանյութ բաժնավորող յուրաքանչյուր ճկափողի վրա,

3) վթարային խզման սարքերը տեղադրվում և պահպանվում են արտադրողի հրահանգների ցուցումներին համապատասխան,

4) եթե ճկափողը միացած է ճկափողերի ուղղորդման մեխանիզմին, ապա համարակալված վթարային խզման սարքը տեղակայվում է այդ մեխանիզմի հետ ճկափողի միացման կետի և ճկափողի լցավորման ատրճանակի կափույրի միջև:

54. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող յուրաքանչյուր ճկափող պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`

1) ունենա արտադրողի կողմից նշվող առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, որն առնվազն 1,5 անգամ պետք է գերազանցի հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող համակարգի աշխատանքային ճնշումը,

2) նախատեսված լինի նվազագույն խզման ճնշման համար, որը ոչ պակաս, քան 5 անգամ գերազանցում է փոխադրման ժամանակ կանխատեսելի ճնշումը,

3) կարողանա դիմակայել փոխադրման ժամանակ կանխատեսելի ջերմաստիճաններին,

4) ունենա հեղուկ վառելանյութի կամ գազի նկատմամբ դիմացկուն միացումներ կամ կցորդիչներ և կափույրներ, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում,

5) չունենա անհարթություններ, ուռուցիկություններ, փափուկ կետեր կամ այլ թերություններ, որոնք կարող են հանգեցնել հոսակորստի կամ հնարավոր պայթյունի` սովորական աշխատանքային ճնշման պայմաններում,

6) փոխադրմանը նախորդող մեկ տարվա ընթացքում ճնշման տակ հաջողությամբ անցել են փորձարկում` ցուցաբերելով տեխնիկապես սարքին վիճակ:

55. ԱՀՎԼԿ շահագործող անձը ճկափողի յուրաքանչյուր փորձարկման վերաբերյալ հաշվետվությունը պահում է ԱՀՎԼԿ-ում` 5 տարի ժամկետով:

56. Հեռակառավարմամբ աշխատող (ընկղմվող) պոմպերի նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`

1) հեռակառավարման համակարգով ապահովված պոմպերը պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի արձագանքեն միայն կառավարման որոշակի հանգույցի ազդանշաններին և պետք է շահագործվեն այնպես, որ համակարգի որևէ մաս չենթարկվի թույլատրելի աշխատանքային ճնշման մակարդակը գերազանցող ճնշումների,

2) յուրաքանչյուր պոմպ պետք է հեղուկ վառելանյութի բացթողման կողմում ունենա կաթոցի բացահայտման սարք, որը տալիս է խողովակում կամ բաժնավորման սարքում առկա կաթոցի ձայնային և տեսողական ազդանշաններ,

3) կաթոցի բացահայտման յուրաքանչյուր սարք ստուգվում և փորձարկվում է ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ` համաձայն արտադրող ընկերության կողմից սահմանված տեխնիկական բնութագրերի,

4) եթե բոլոր խողովակաշարերը տեսանելի են, ապա կաթոցի բացահայտման սարք չի պահանջվում,

5) պոմպերը պետք է հուսալիորեն ամրակցվեն և պաշտպանվեն ֆիզիկական վնասվածքներից,

6) ստորգետնյա կամ խորքային պոմպերի համար նախատեսված կլանող հորերը պետք է ունենան դիմացկունություն արտաքին այն ազդեցությունների նկատմամբ, որոնց դրանք կարող են ենթարկվել` չվնասելով պոմպը, պահեստարանը կամ խողովակաշարը,

7) կլանող հորը պետք է ունենա այնպիսի չափեր, որոնք անհրաժեշտ են պոմպերի ստուգման ու պահպանման համար: Այն պետք է ունենա հերմետիկ փակվող կափարիչ:

57. Վթարային անջատումների նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`

1) հեղուկ վառելանյութի բաժնավորման համակարգերը պետք է հագեցած լինեն վթարային անջատման մեկ կամ ավելի սարքերով կամ էլեկտրական անջատիչներով,

2) հեղուկ վառելանյութի բաժնավորման հսկվող ինքնասպասարկման ԱՀՎԼԿ-ի սարքերն ու անջատիչները պետք է հեշտորեն հասանելի լինեն հսկողի համար,

3) վթարային անջատման սարքերը կամ էլեկտրական անջատիչները պետք է դադարեցնեն էլեկտրական հոսանքի մատակարարումը բաժնավորման բոլոր սարքերին, այդ սարքերը սնուցող և հեռակառավարմամբ գործող բոլոր պոմպերին, հոսանքի, հսկողության և ազդանշանման հարակից բոլոր շղթաներին և հեղուկ վառելանյութի բաժնավորման սարքերին շրջապատող վտանգավոր (դասակարգված) տարածքներում տեղակայված բոլոր այլ տեխնոլոգիական սարքավորումներին,

4) մեկից ավելի վթարային անջատման սարքի կամ էլեկտրական անջատիչի առկայության դեպքում բոլոր սարքերի միջև պետք է ստեղծվի փոխադարձ միացում,

5) բոլոր բաժնավորիչների համար պոմպային հեռակառավարման գծապատկերը պետք է մեկուսացվի` էլեկտրասնուցման շղթայի առաջացումը կանխելու նպատակով: Ընդ որում, արգելվում է բաժնավորիչի պոմպային հեռակառավարման գծապատկերով սնուցել մեկից ավելի բաժնավորիչ,

6) բաժնավորման համար անջատիչները պետք է նախատեսված լինեն ճկափողի վնասման կամ հեղուկ վառելանյութի հետ կապված հրդեհի կամ հնարավոր պայթյունի վտանգ առաջացնող այլ իրադարձությանը արագ արձագանքելու համար,

7) յուրաքանչյուր շղթա, որը կապվում է բաժնավորիչի հետ, պետք է ունենա հստակորեն սահմանված և հեշտությամբ հասանելի անջատիչ` շղթայի բոլոր հաղորդիչների (այդ թվում՝ հողանցված չեզոք հաղորդչի) միաժամանակյա անջատման համար,

8) լրացուցիչ վթարային հսկիչները պետք է տեղակայվեն բաժնավորիչների յուրաքանչյուր խմբի կամ բաժնավորիչների կառավարման նպատակով օգտագործվող արտաքին տեխնոլոգիական սարքավորումների վրա՝ նպատակ ունենալով ամբողջապես անջատելու էլեկտրաէներգիան ԱՀՎԼԿ-ում առկա բաժնավորող տեխնոլոգիական բոլոր սարքավորումներում:

58. Ձայնային և տեսողական ազդանշանման միջոցներին ներկայացվում են հետևյալ պահանջները`

1) ձայնային և տեսողական ազդանշանման միջոցները պետք է տեղակայվեն այնպես, որ ազդանշանները հեշտորեն լսելի և տեսանելի լինեն առաքող վարորդի կողմից,

2) պահեստարանի վրա պետք է նշում արվի ազդանշանի բովանդակության մասին (օրինակ` «ԱՅՍ ԱԶԴԱՆՇԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է, ԵՐԲ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՎԱՍԱՐՎՈՒՄ Է ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ ՏԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 90% -ԻՆ»),

3) ձայնային ազդանշանները պետք է հնչեցվեն այն պահին, երբ պահեստարանը լցվում է իր տարողունակության 90%-ի չափով,

4) ձայնային ազդանշանները պետք է հնչեն հստակ և լսելի լինեն նաև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի և պոմպակայանի աշխատանքի աղմուկի պայմաններում,

5) ձայնային և տեսողական ազդանշանման համակարգերը պետք է փորձարկվեն նախքան դրանց օգտագործումը` դրանցում էլեկտրական հոսանքով սնուցումն ապահովելու նպատակով:

 

7. ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

59. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է`

1) ապահովել հեղուկ վառելանյութի պահեստավորման, օգտագործման և բաժնավորման համապատասխանությունը սույն կանոններով նախատեսվող պահանջներին,

2) կանխել հեղուկ վառելանյութի փոխադրման, պահեստավորման, օգտագործման և բաժնավորման ընթացքում մարդկանց մարմնական վնասվածք պատճառելու վտանգը,

3) ապահովել հեղուկ վառելանյութի հոսակորստի և կաթոցի դեպքերից հողերի ու ջրային ռեսուրսների պաշտպանությունը:

60. ԱՀՎԼԿ շահագործող անձի կողմից աշխատատեղերի և աշխատողների անվտանգության ապահովման նվազագույն միջոցառումները և միջոցները ներառում են`

1) աշխատանքի մշտական աշխատատեղերի պայմանների անվտանգության և աշխատանքի անվտանգության ապահովման համար միջոցառումների իրականացման ծրագրի մշակումը և կիրառումը, որի նպատակն է՝

ա․ բացահայտել հնարավոր բոլոր տեսակի թերությունները, դրանց ենթադրվող կանխատեսելի զարգացումները, գնահատել և կառավարել հեղուկ վառելանյութի առաքման, պահեստավորման և բաժնավորման հետ կապված հնարավոր վտանգները,

բ․ աշխատողներին տրամադրել վերաբերելի տեղեկատվություն, ապահովել նրանց ուսուցման ու մասնագիտական որակավորման (վերաորակավորման) կազմակերպումը, ինչպես նաև արտադրական, հրդեհային անվտանգության հրահանգներով և անհատական պաշտպանության միջոցներով,

2) հնարավոր արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների և վտանգների կանխատեսումը և կանխարգելումը, նման դեպքերի, պատահարների և վտանգների բացահայտումը, դրանց պատճառների ու հետևանքների ուսումնասիրումը, վերլուծումը և դրա հիման վրա համապատասխան գործողություններ և միջոցներ ձեռնարկելը,

3) սույն կանոններով նախատեսված ուղեցույցների հաստատումը, դրանք ԱՀԼՎԿ-ի աշխատողներին ծանոթացնելը և ԱՀԼՎԿ-ի տարածքում՝ տեսանելի վայրերում, դրանք փակցնելը:

61. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է ապահովել, որպեսզի սույն կանոնների պահանջների կատարման համար նշանակված աշխատողներն ունենան համապատասխան գիտելիքներ, հմտություններ և կարողություններ՝ առաջադրանքները կատարելու համար:

62. Պահանջվող գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերման համար ԱՀՎԼԿ շահագործող անձը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպում է աշխատողների ուսուցում, գիտելիքների ստուգում և որակավորում: Ընդ որում, շահագործող անձի անհատական հրամանով նշանակված ԱՀՎԼԿ-ի պատասխանատու անձի գիտելիքների ստուգումն ու որակավորումը պետք է անցկացվեն երեք տարին մեկ անգամ, իսկ սպասարկող անձնակազմինը՝ տարին մեկ անգամ:

63. ԱՀՎԼԿ շահագործող անձին արգելվում է աշխատողին թույլատրել իրականացնել հեղուկ վառելանյութի հետ կապված աշխատանքներ, եթե տվյալ աշխատողը չի անցել ուսուցում ԱՀՎԼԿ-ի համակարգերի անհրաժեշտ վարվելակերպի կանոնների մասին և չունի որակավորում:

64. Նավթաթորվածքների, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելանյութի հետ վարվեցողության կանոնները, որոնք պետք է պահպանվեն հեղուկ վառելանյութի ապահով առաքման, պահեստավորման և բաժնավորման ժամանակ, ներառում են`

1) աշխատակցի առնվազն 40 ժամվա փորձ հեղուկ վառելանյութի հետ կապված հսկվող աշխատանքներում,

2) վառելիքաբաշխիչ աշտարակների ակտիվացման և հսկման ուղեցույցների առկայություն,

3) ապահով բաշխման ուղեցույցների առկայություն,

4) սպառողներին իրազեկում անվտանգության կանոնների վերաբերյալ,

5) հրդեհային անվտանգության կանոններով նախատեսված գործիքների՝ ներառյալ շարժական կրակմարիչների առկայությունը,

6) մարդուն առաջին օգնություն ցույց տալու ուղեցույցների առկայություն,

7) տեխնոլոգիական սարքավորումների պատշաճ տեղադրում և օգտագործում,

8) սպառողների վարքագծի անընդունելի գործողությունների կանխում:

65. Հեղուկ վառելանյութի պահեստավորման տարողությունների սպասարկման ոլորտում աշխատողները, այդ թվում՝ կապալառուները և նրանց աշխատողները, աշխատանքի ընթացքում հնարավոր վտանգավոր ռիսկերը կանխելու նպատակով, պետք է՝

1) պահպանեն և կիրառեն աշխատանքային ուղեցույցներով սահմանված անվտանգության պահանջները, որոնք վերաբերում են հեղուկ վառելանյութի պահեստավորման տարողություններում վթարների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին,

2) շահագործող անձին ժամանակին տեղեկացնեն իրենց հայտնի դարձած ցանկացած խնդրի մասին, որը կարող է հնարավոր վտանգի կամ արտադրական դժբախտ դեպքի, վթարի կամ պատահարի սպառնալիք առաջացնել:

66. Լցավորման անվտանգության ուղղությամբ ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է ապահովի, որպեսզի`

1) աշխատանքային ժամերին ԱՀՎԼԿ-ն սպասարկեն և հսկողություն իրականացնեն համապատասխան որակավորում ունեցող թվաքանակով աշխատողներով (անձնակազմով), այդ թվում՝ ԱՎՀԼԿ-ի հերթափոխով աշխատանքի դեպքում,

2) հեղուկ վառելանյութի լցավորումը անընդմեջ հսկվի անձնակազմի համապատասխան որակավորում ունեցող աշխատակցի կողմից,

3) գործարկող կամ լցավորող աշխատակիցները լինեն 18 տարին լրացած անձինք:

 

8. ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԱՌԱՔՈՒՄԸ

 

67. Հեղուկ վառելանյութի մեծաքանակ առաքման, փոխադրման, պահեստավորման, ինչպես նաև ավտոցիստեռնից բենզինի ու դիզելային վառելիքի բեռնաթափման կապակցությամբ արգելվում է՝

1) ավտոցիստեռնից անմիջապես մեկ այլ ավտոցիստեռն հեղուկ վառելանյութի բաժնավորումը,

2) ավտոցիստեռնից անմիջապես ավտոտրանսպորտային միջոցի բենզաբաքի մեջ հեղուկ վառելանյութի լցավորումը,

3) հեղուկ վառելանյութի բեռնաթափման ժամանակ բջջային հեռախոսից կամ այլ էլեկտրոնային սարքավորումներից օգտվելը,

4) հեղուկ վառելանյութի բեռնաթափման ժամանակ ծխելը, կրակայրիչ, երկաթյա իրեր կամ այնպիսի իրեր պահելը, որոնք կայծ առաջացնելու հավանականություն ունեն:

68. Պահեստարանի լցավորումը կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ առաքող գործարկուի գործիքային չափումների հավաստի տվյալների հիման վրա պահեստարանն ունի բավարար չափով դատարկ տարողություն՝ լցավորման համար:

69. Ավտոցիստեռնները պետք է տեղակայվեն վերգետնյա պահեստարանից առնվազն 7 մ հեռավորության վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ պահեստարանը լցավորվում է անմիջապես ավտոցիստեռնից:

70. Հեղուկ վառելանյութի լցավորման ժամանակ չոր կցորդիչ տեղադրվում է այն կետում, որտեղ ավտոցիստեռնի և վերգետնյա պահեստարանի միջև տեղի է ունենում միացում և անջատում: Կցորդիչի մոտ պետք է տեղադրվի «Չհեռացնել, չվնասել չոր կցորդիչը» ազդագիրը:

71. Հեղուկ վառելանյութի լցավորման տարածքի համար մշակվում է տեխնիկական պլան, որը պետք է արտացոլի՝

1) լցավորման յուրաքանչյուր կետի դիրքը՝ ներառյալ նույնականացման նշանները,

2) ԱՀՎԼԿ-ի լցավորման կետին միացված պահեստարանների աշխատանքային տարողունակությունը,

3) պահեստարանի վրա հեղուկ վառելանյութի մակնիշի նշումը,

4) ավտոցիստեռնի բեռնաթափման դիրքը,

5) հրդեհաշիջման տեխնոլոգիական սարքավորումների տեղակայման վայրը,

6) վերգետնյա դրենաժային կետերի դիրքը:

72. Հնարավոր վտանգները կանխելու և դրանց կառավարումն իրականացնելու շրջանակներում ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է մշտապես`

1) ապահովի հեղուկ վառելանյութի փոխադրման գործընթացի հսկումն ու կառավարումը` չափից ավելի լցավորումը, կաթոցը և հոսակորուստը կանխելու նպատակով,

2) ապահովի, որպեսզի նախքան հեղուկ վառելանյութի փոխադրման գործընթացի սկսվելը տեխնոլոգիական բոլոր սարքավորումները զերծ լինեն կաթոցից, վնասվածքներից և անսարքություններից,

3) կանխի անսարք ապրանքամաններով հեղուկ վառելանյութի առաքման իրականացումը,

4) դժբախտ դեպքի պարագայում արագորեն դադարեցնի հեղուկ վառելանյութի հոսքը,

5) բացառի ստատիկ էլեկտրականության առկայությունը,

6) հսկի աշխատողների վրա հեղուկ վառելանյութից առաջացող գազերի ազդեցությունը՝ ապահովելով նրանց համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով,

7) դյուրավառ գոլորշու առկայության դեպքում ապահովի այրման բոլոր հնարավոր աղբյուրների հսկումը:

73. Նախքան հեղուկ վառելանյութի փոխադրումը ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է`

1) առաքող վարորդին տրամադրել ԱՀՎԼԿ-ի պլանը և ընթացակարգերն արտացոլող փաստաթղթերի մեկական օրինակները,

2) ստուգել ուղեկցող փաստաթղթերը, զննել բեռը և հավաստիանալ դրանց ճշտության մեջ,

3) զննել փոխադրման ժամանակ օգտագործվելիք խողովակաշարերը և տեխնոլոգիական սարքավորումները` ապահովելով դրանց համապատասխանությունը սույն կանոնների պահանջներին,

4) ապահովել օգտագործվող տեխնոլոգիական բոլոր սարքավորումների սարքին վիճակը` բացառելով հեղուկ վառելանյութի հնարավոր բացթողում կամ այրում առաջացնող տեխնոլոգիական սարքավորումների օգտագործումը,

5) պարզել պահեստարանի պարունակությունը, ճնշումը, ջերմաստիճանը և տարողունակությունը,

6) ապահովել, որ բեռնաթափման համար դիրք զբաղեցրած առաքող ավտոցիստեռնը չփակի հսկիչի տեսադաշտը կառավարման կետից,

7) ապահովել հեղուկ վառելանյութի հոսակորուստների վերացումը և թափված վառելանյութի հավաքումը,

8) ապահովել չծխելու և հակահրդեհային պաշտպանության պահանջների պահպանումը:

74. Ավտոցիստեռնի գործարկուն պետք է ապահովի`

1) ավտոցիստեռնին ամրացված հեղուկ վառելանյութի հոսքի չափման համար օգտագործվող հաշվիչների ճշգրտության ստուգումը,

2) առաքող ավտոցիստեռնի ճիշտ տեղակայումը,

3) հեղուկ վառելանյութի փոխադրման ժամանակ ցիստեռնի ճիշտ միացումը ավտոցիստեռնի թափքին,

4) արգելակների կիրառումը և ավտոցիստեռնի անիվների ստուգումը,

5) ավտոցիստեռնի լուսային ազդանշանների աշխատանքը բեռնաթափման ժամանակ,

6) նախքան բեռնաթափման գիծը պահեստարանին միացնելը ստատիկ հողանցման ստուգումը,

7) վառելիքի փոխադրումից առաջ կափույրներում, ճկափողերում և կցորդիչներում կաթոցի առկայության ստուգումը:

75. Միաժամանակյա լցավորում իրականացնող ավտոցիստեռնների թիվը բեռնաթափման ժամանակ պետք է լինի 2-ից ոչ ավելի` ներառյալ դիզելային վառելիքի ցիստեռնը:

76. Ավտոցիստեռնի գործարկուն և ԱՀՎԼԿ-ի պատասխանատու աշխատողները պարտավոր են`

1) իրականացնել մշտական հսկողություն հեղուկ վառելանյութի փոխադրման ամբողջ գործընթացի նկատմամբ,

2) ապահովել, որ փոխադրման բոլոր ճկափողերը, կցորդիչները և ամրակցումները զերծ լինեն կաթոցից, վնասվածքներից,

3) փոխադրման ամբողջ ընթացքում հետևել կաթոցի առաջացմանը,

4) անմիջապես դադարեցնել ԱՀՎԼԿ-ի շահագործումը, եթե կաթոցը տեղի է ունենում փոխադրման աշխատանքների ժամանակ,

5) նախքան անջատումը նվազեցնել ճնշումը հեղուկ վառելանյութի բոլոր տարողություններում և կատարել դրանց մաքրումը,

6) անջատումը կատարել այնպես, որ կանխվի հեղուկ վառելանյութի տարածումը շրջակա միջավայրում,

7) ստուգել ավտոցիստեռնի վրա ուռուցիկության, ֆիզիկական վնասվածքի կամ շեղման առկայությունը,

8) անմիջապես դադարեցնել հեղուկ վառելանյութի առաքումը, եթե իրավիճակն անվտանգ չէ:

77. Ավտոցիստեռնի վարորդներին նրանց ղեկավարների կողմից պետք է ներկայացվեն հնարավոր վտանգների նվազեցմանն ուղղված հետևյալ պահանջները`

1) կանխել ճկափողի ծայրի շփումը ժանգոտ մակերեսի, բացթողման կետի հիմքերի կամ ծածկույթների, ավտոցիստեռնի գործարկուի հանդերձանքի հետ,

2) կանխել ճկափողի ծայրի մետաղե մասերի շփումը կոշտ մակերեսի, բետոնե ծածկույթի կամ եզրաքարերի հետ,

3) ճկափողերը քարշ չտալ դրենաժային ժանգոտ ծածկերի, ցանցերի վրայով,

4) լցավորման կետերի կափարիչները բացելիս (որը կատարվում է ճկափողը լցավորման կետում տեղակայելուց անմիջապես առաջ) խուսափել ճկափողը կոշտ մակերեսների` բետոնե ծածկույթների կամ եզրաքարերի վրա գցելուց:

78. Ավտոցիստեռնի բեռնաթափման դեպքում`

1) նախքան բեռնաթափումը պետք է չափվի պահեստարանում առկա հեղուկ վառելանյութի ծավալը կամ մակարդակը, հաշվարկվի, թե դրանում ինչքան հեղուկ վառելանյութ դեռևս կարող է լցավորվել: Առկա հեղուկ վառելանյութի ծավալի որոշման համար պետք է օգտագործվեն տեսակը հաստատված չափման միջոցներ,

2) պահեստարանները պետք է լցավորվեն հերմետիկ միացման միջոցով,

3) եթե վերգետնյա պահեստարանը լցավորվում է անշարժ տեղակայված խողովակի միջոցով, ապա հակադարձ կափույրը և արագ միացման կցորդիչ ունեցող անջատման կափույրը պետք է տեղակայվեն պահեստարանի և առաքող ավտոցիստեռնի միջև` միացման կետում,

4) բաժնավորիչ ճկափողը պետք է համարակալված լինի: Այն պետք է լինի ինքնաշխատ փակման տեսակի` առանց բաց նիգով սարքի,

5) պահեստարանները պետք է լցավորվեն այն ծավալով, որ դրանց տարողունակության առնվազն 10%-ը մնա դատարկ` հեղուկ վառելանյութի ընդարձակման համար ազատ տեղ թողնելու, առաջացող հնարավոր հոսակորուստը կանխելու համար,

6) եթե ավտոցիստեռնն ունի գետնից ձեռքով գործարկվող բեռնման ձայնարկիչ սարք (ադապտոր), որի օգտագործման ժամանակ հոսքը դադարեցնելու համար պահանջվում է օգնություն, ապա վարորդը պետք է հավաստիանա նրանում, որ համապատասխան աշխատողը տիրապետում է ձեռքով գործարկվող բեռնման ձայնարկիչ սարքին և վթարային անջատման կոճակի օգտագործման մասին ունի բավարար գիտելիքներ: Վարորդը միաժամանակ պետք է իմանա, թե վթարային իրավիճակում ինչպես են անջատվում ավտոցիստեռնի գործարկուի համակարգերը,

7) հեղուկ վառելանյութի բեռնաթափման ընթացքում կաթոց բացահայտելու դեպքում բեռնաթափումը դադարեցվում է, բացահայտվում և վերացվում է կաթոցի աղբյուրը:

79. Պահեստավորման պահեստարանը ստուգելու, նշված ծավալին համապատասխան դրանց լցավորման առկա վիճակը որոշելու համար, նախքան բոլոր ճկափողերի և հողանցումների անջատումը, ավտոցիստեռնի գործարկուն պետք է փակի բոլոր կափույրները:

80. Բեռնաթափման վայրում պետք է անցկացվի տեղանքի, հատկապես բեռնաթափվող հեղուկ վառելանյութի համար նախատեսված ապրանքամանների զննում: Կաթոցի դեմ պաշտպանական սարքի կիրառման դեպքում այն պետք է չորացվի շրջակա միջավայրի համար անվնաս եղանակով: Բեռնաթափումից հետո միացման բոլոր կետերը պետք է հուսալիորեն կնքվեն և ապահովվի դրանց սարքին վիճակը:

81. Առաքման հսկողության կետը պետք է գտնվի պահեստարանների լցավորման կետերից ապահով հեռավորության վրա և ունենա`

1) լցավորման տարածքը լուսավորող լուսարձակների միացման ու անջատման ինքնաշխատ միջոցներ,

2) հեռախոսակապ` շտապօգնության, 911 ծառայությունների հետ,

3) տարածքի պլան, որտեղ ցույց է տրվում լցավորման վայրը, պահեստարանների տարողունակությունը, հեղուկ վառելանյութի մակնիշները,

4) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներ, էկրան և տպիչ,

5) լցավորման կետերի կափույրների բանալիների պահման արկղ,

6) կրակմարիչ և ավազով դույլ` տեղադրված պահեստարանների լցավորման կետերից ոչ ավելի, քան 6 մ հեռավորության վրա:

82. Դեպի առաքման հսկողության կետը տանող ավտոճանապարհները պետք է մշտապես լինեն անցանելի վիճակում:

83. ԱՀՎԼԿ-ում գտնվող հեղուկ վառելանյութի պահեստավորման պահեստարանները պետք է ունենան գերլցավորումից պաշտպանության՝ տեսակը հաստատված կամ ստուգաչափված սարքեր։ Մասնավորապես`

1) պահեստավորման յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա ձայնային ազդանշանային սարք,

2) պահեստարանի պարունակության չափման միջոց, որով պետք է որոշվի յուրաքանչյուր պահեստարանում հեղուկ վառելանյութի ստույգ քանակությունը,

3) չափման միջոցը պետք է ցույց տա պահեստարանի թիվը կամ տառը, իսկ խափանման դեպքում` սարքի վրա պետք է երևա «Սխալ» պայմանանշանը,

4) չափման միջոցին պետք է միացված լինի տպիչ, որի շնորհիվ տպվում է թերթիկ, որտեղ ցույց են տրվում տարեթիվը, ամիսը, օրը, ժամը, հեղուկ վառելանյութի մակնիշը, քանակությունը և պահեստարանի թիվը կամ տառը:

 

9․ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԱՌԱՔՄԱՆ ԱՎՏՈՑԻՍՏԵՌՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

84. Ավտոցիստեռնը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ և սահմանված կարգով ենթակա է գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում։ Ավտոցիստեռնը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության: Ավտոցիստեռնը, օրենքի համաձայն, պետք է ունենա վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայական և բավարարի ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջներին:

85. Արգելվում է իրականացնել ավտոցիստեռնի ամենամյա տեխնիկական զննությունը, եթե բացակայում են ավտոցիստեռնի ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը:

86. Ավտոցիստեռնի վարորդը պետք է ունենա օրենքով նախատեսված մասնագիտական վերապատրաստման վկայական:

87. Առաքող ավտոցիստեռն շահագործող անձը պարտավոր է մեծաքանակ առաքման ավտոցիստեռնի միջոցով հեղուկ վառելանյութի փոխադրումն իրականացնել միայն այն դեպքերում, երբ այն անցել է կաթոցի ստուգում (հերմետիկության փորձարկում, տեխզննության անցկացում)՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Եթե կաթոցի վերջին ստուգման արդյունքները ցույց են տալիս, որ մեծաքանակ առաքման ավտոցիստեռնը չի բավարարում ավտոցիստեռնների համար սահմանված պահանջներին, ապա արգելվում է հեղուկ վառելանյութի փոխադրումը նման ավտոցիստեռնի միջոցով:

88. Կաթոցի ստուգում անցած մեծաքանակ առաքման ավտոցիստեռնը պետք է ունենա անձնագիր, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) ցիստեռնի նույնականացման համարը (արտադրողի հերթական համարը կամ շահագործողի նույնականացման համարը),

2) ցիստեռնի արտադրման ամիսը, տարեթիվը,

3) ցիստեռնի ստուգման տարեթիվը, ամիսը, օրը ու վայրը,

4) ցիստեռնի ստուգումն իրականացրած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը, աշխատավայրի անվանումն ու հասցեն,

5) ճնշման ստուգման սկզբում ցիստեռնում գրանցված ճնշումը,

6) ճնշման ստուգման ավարտին ցիստեռնում գրանցված ճնշումը,

7) ցիստեռնի ճնշման ստուգման արդյունքների վերջնական փոփոխությունները,

8) ստուգման պահանջներին համապատասխան ցիստեռնի վրա կատարված վերանորոգման բոլոր աշխատանքների ցանկը:

89. Ավտոցիստեռնի ստուգման փաստաթղթերի մեկ օրինակը ստուգման ավարտից հետո պահվում է ավտոցիստեռն շահագործող անձի մոտ, մյուս օրինակը` ավտոցիստեռնի վարորդի մոտ:

90. Արգելվում է մեկ րոպեում երեք և ավելի կաթիլ արագությամբ կաթոց ունեցող մեծաքանակ առաքման ավտոցիստեռնը օգտագործել հեղուկ վառելանյութի առաքման նպատակով` մինչև կաթոցի վերացումը:

91. Մեծաքանակ առաքման ավտոցիստեռնի վերանորոգման դեպքում վերանորոգումն իրականացնող կազմակերպության կողմից, ավտոցիստեռնի տեխնիկական անձնագրի և արտադրողի շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան, պետք է կատարվեն հետևյալ գործողությունները`

1) ստուգվում են լայնացող թասակի բոլոր ներդիրները` նպատակ ունենալով ապահովել դրանց հերմետիկ փակումը և գոլորշու արձակման բացառումը,

2) բացվում ու փակվում են լայնացող բոլոր թասակները` նպատակ ունենալով ապահովել նիգի այնպիսի լարում, որ թասակը փակ պահվի՝ գոլորշու արձակումները կանխելու համար: Նիգի անբավարար լարում ունեցող լայնացող թասակները պետք է վերանորոգվեն կամ փոխարինվեն նորով,

3) լայնացող թասակների յուրաքանչյուր խմբում ստուգվում են ապահովիչով խրոցակները` պատշաճ ձգվածություն ապահովելու համար: Եթե պարզվում է, որ որևէ խրոցակ թույլ է կամ ունի թերություն, ապա այն պետք է ձգվի կամ փոխարինվի նորով,

4) ստուգվում է գոլորշու արձակման անցքի կափարիչի և կնքման կալանդի (բանդաժի) սարքինությունը: Անսարքության բացահայտման դեպքում նշված մասերը փոխարինվում են նորերով,

5) ստուգվում է գոլորշու հետ վերադարձման ճկափողերի և գոլորշու հնարավոր բացթողում ունեցող հարակից պարագաների ու ձայնարկիչների սարքինությունը: Անսարքության բացահայտման դեպքում թերություն ունեցող տեխնոլոգիական սարքավորումները վերանորոգվում են կամ փոխարինվում նորերով,

6) ստուգվում են գոլորշու վերականգնման գծի վրա տեղակայված ճնշման ու վակուումի արձակման օդափոխիչները` նպատակ ունենալով ապահովել դրանց մաքուր և սարքին վիճակը: Եթե պարզվում է, որ գոլորշու արձակման որևէ օդափոխիչ ունի թերություններ, ապա այն վերանորոգվում է կամ փոխարինվում նորով:

92. Ավտոցիստեռնը պետք է հետևի կողմից ամբողջական լայնությամբ հագեցած լինի բամպերով, որն ապահովում է բավարար պաշտպանություն հետևի հարվածներից: Ավտոցիստեռնի փականից մինչև բամպերի հետևի մասի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մմ, որը չափվում է փականի ծայրամասից մինչև բամպերի հետևի մասը կամ տեղափոխվող նյութի հետ շփվող դուրս ցցված կցամասերից: Բամպեր չի պահանջվում այն ավտոցիստեռն-տանկերի համար, որի վերջնամասում նախատեսված է մագնիսական փական:

 

10․ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

93. ԱՀՎԼԿ շահագործող անձը հեղուկ վառելանյութի տեղափոխման գործընթացում պետք է ապահովի հետևյալ պայմանները՝

1) հեղուկ վառելանյութի լցավորումից առաջ ավտոտրանսպորտային միջոցների շարժիչները պետք է անջատված լինեն,

2) բետոնախառնիչ ավտոտրանսպորտային միջոցները, որոնք ունեն նաև ներքին այրման օժանդակ շարժիչներ, պետք է լցավորվեն միայն այն դեպքում, երբ երկու շարժիչներն էլ անջատված են:

94. Արգելվում է հեղուկ վառելանյութի լցավորման շարունակումը ավտոտրանսպորտային միջոցների բենզաբաքի մեջ, երբ դատարկող ծայրափողակն ինքնաշխատ կերպով անջատվել է:

95. Արգելվում է բջջային հեռախոսների կամ այլ էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը՝

1) ԱՀՎԼԿ-ի կամ ավտոտրանսպորտային միջոցի հեղուկ վառելանյութի սարքերի սպասարկման ժամանակ,

2) սպառողների կամ ԱՀՎԼԿ-ի տարածքում գտնվող աշխատողների կողմից, երբ ավտոտրանսպորտային միջոցի հեղուկ վառելանյութը դատարկվում է բաքի կամ ապրանքամանի մեջ:

96. Վառելիքաբաշխիչ աշտարակի սարքավորումը պետք է գործարկվի ըստ արտադրողի ցուցումների, ավտոլցավորման ճկուն խողովակաշարը չպետք է ճզմվի կամ ձգվի:

97. Լցավորումից հետո ծայրափողակները պետք է տեղադրվեն իրենց բնիկներում, որպեսզի չափիչ պոմպը և վառելիքաբաշխիչ աշտարակի սարքն անջատվեն, իսկ ճկուն խողովակաշարերը ծածկվեն կամ պահպանվեն այնպես, որ չվնասվեն շարժվող ավտոտրանսպորտային միջոցներից:

98. Եթե առաջանում է հեղուկ վառելանյութի կաթոց, հոսք կամ անվտանգությանը սպառնացող այլ իրավիճակ, ապա`

1) լցավորման գործողությունը պետք է անմիջապես դադարեցվի, իսկ ծայրափողակները տեղադրվեն բնիկներում,

2) թերություն ունեցող սարքից պետք է անջատվի էլեկտրասնուցումը,

3) լցավորումը պետք է վերսկսել միայն անվտանգությանը սպառնացող բոլոր թերությունները կամ պատահարների հետևանքները վերացնելուց հետո:

99. Վառելիքով լցավորման սարքերը պետք է ապահովված լինեն վթարային անջատման միջոցներով, որոնք պետք է տեղակայվեն վառելիքաբաշխիչ աշտարակից 6 մ և ավելի հեռավորության վրա:

100. ԱՀՎԼԿ-ի բոլոր աշխատողները պետք է իմանան լցավորման սարքի վթարային էլեկտրական անջատիչի տեղը և դրա օգտագործման կանոնները:

101. Վթարային անջատման միջոցների գործարկումը պետք է դադարեցնի հեղուկ վառելանյութի հոսքը դեպի վառելիքաբաշխիչ աշտարակ և փակի վառելիքով սնուցող բոլոր կափույրները:

102. Վթարային անջատման միջոցների վրա պետք է փակցված լինի ընթեռնելի ցուցում՝ հետևյալ բովանդակությամբ. «ՎԱՌԵԼԻՔԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՀՈՍՔԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՂ ՍԱՐՔ»:

103. Ինքնաշխատ կրակմարիչ համակարգերը պետք է ստուգվեն և փորձարկվեն՝ համաձայն հրդեհային անվտանգության, ինչպես նաև համակարգերն արտադրող ընկերության ցուցումների:

104. Լցավորման և կրակմարիչ սարքերը տեղադրող կազմակերպությունը պարտավոր է ԱՀՎԼԿ-ի անձնակազմին տրամադրել հրահանգներ և մեթոդական ցուցումներ, կազմակերպել անձնակազմի ուսուցումը, գիտելիքների ստուգումը և որակավորումը:

105. ԱՀՎԼԿ-ն աշխատանքային ժամերին պետք է հսկվի ուսուցում անցած և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից, որի հիմնական պարտականություններն են՝

1) վառելիքաբաշխիչ աշտարակի ոչ ճիշտ օգտագործման կանխումը,

2) լցավորման ճկուն խողովակաշարի վնասվածքի կամ առավել ձգման կանխումը,

3) այրման աղբյուրների հսկումը,

4) բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքավորումների օգտագործման կանխումը,

5) հեղուկ վառելանյութի պատահական արտահոսքերին անմիջապես արձագանքելը,

6) կրակմարիչների օգտագործման կանոններին տիրապետումը,

7) վթարային կառավարման համակարգերի արագ գործարկումը,

8) շտապօգնության և փրկարար ծառայություններին ահազանգումը` հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում:

106. Ավտոտրանսպորտային միջոցը պետք է լցավորվի միայն վառելիքի բաքի կամ հարմար ապրանքամանների մեջ: Արգելվում է հեղուկ վառելանյութի վերալցավորումը մեկ բաքից մյուսը:

107. Արգելվում է մոտոցիկլերի, մոտոհեծանիվների և հեղուկ վառելանյութի փոքր տարողության բաքերով նմանատիպ այլ տրանսպորտային միջոցների լցավորումը, երբ անջատված չէ դրանց շարժիչը կամ նստատեղին մարդ կա: Բաքը պետք է լցավորվի դանդաղ հոսքով, որպեսզի հեղուկ վառելանյութը չարտահոսի, չկաթի տաք շարժիչի վրա, ու չառաջանան հրդեհի դեպքեր: Եթե ծայրափողակը չի տեղավորվում վառելիքի բաքի բկանցքին, նախ պետք է վառելիքը լցվի հատուկ բկանցք ունեցող ապրանքամանի մեջ, այնուհետև՝ բաքի մեջ: Արգելվում է օգտագործել ձագար:

108. Հեղուկ վառելանյութը շարժական ապրանքամանների մեջ լցնելու դեպքում պարտադիր են հետևյալ նախազգուշական պահանջները`

1) արգելվում է վաճառել կամ գնել հեղուկ վառելանյութ, եթե ապրանքամանի վրա հստակ կերպով նշված չէ դրանում առկա կամ թույլատրելի վառելիքի անվանումը,

2) հեղուկ վառելանյութը չպետք է դատարկվի ապրանքամանի մեջ, եթե այն մետաղյա չէ, կափույրը սարքին չէ, ապրանքամանի բկանցքը հարմար չէ առանց կաթոցների պարունակությունը դատարկելու համար,

3) արգելվում է հեղուկ վառելանյութը դատարկել բաց բկանցքով ապրանքամանի մեջ,

4) արգելվում է շարժական ապրանքամանի լցավորումը, եթե այն գտնվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա: Ապրանքամանը պետք է տեղադրվի գետնին, այնուհետև կատարվի դրա լցավորումը,

5) ապրանքամանները պետք է լցավորվեն ծայրափողակ ունեցող լծակով, որը պետք է բաց պահել ձեռքով և ապահովել վառելիքի դանդաղ հոսքն այնպես, որպեսզի վառելիքը չցայտի կամ չթափվի,

6) լցավորման ամբողջ ընթացքում ծայրափողակը պետք է կպած լինի ապրանքամանին,

7) հեղուկ վառելանյութի լցավորումն ավարտվելուց հետո ապրանքամանը պետք է ամուր փակվի:

109. Հեղուկ վառելանյութի լցավորման ժամանակ կիրառվում են հետևյալ ձևերը՝

1) «Հսկվող սպասարկում», երբ համապատասխան սպասարկող անձնակազմը գործարկում է լցավորման սարքը,

2) «Հսկվող ինքնասպասարկում», երբ սպառողներն իրենք են գործարկում վառելիքաբաշխիչ աշտարակը` համապատասխան անձնակազմի հսկողության ներքո:

110. Այնպիսի ԱՀՎԼԿ-ներում, որտեղ իրականացվում են սպասարկման այլընտրանքային ձևեր, պետք է կիրառվի սույն կանոնների «Հսկվող ինքնասպասարկում» ձևը:

111. Հեղուկ վառելանյութի լցավորման ձևերի մեջ փոփոխություն կատարելու դեպքում ԱՀՎԼԿ շահագործող անձը փոփոխությունը պետք է կատարի օրենքով սահմանված կարգով:

112. Հսկվող սպասարկման ժամանակ ԱՀՎԼԿ-ում պետք է ներկա լինի հսկող աշխատակիցը, որի միջոցով պետք է գործարկվի վառելիքաբաշխիչ աշտարակը: Այնտեղ, որտեղ տեղադրված են ձգանով մեխանիզմներ, սպասարկող անձնակազմը լցավորման աշխատանքներ կատարելիս պետք է կրի համապատասխան հակաստատիկ կոշիկներ: Սպասարկման ժամանակ աշխատողը պարտավոր է`

1) թույլ չտալ, որ սպառողները սարքն օգտագործեն առանց իր հսկողության,

2) ծայրափողակն ամուր տեղադրել բաքի խողովակի մեջ և ապահովել, որ այն խողովակին կպած մնա մինչև լցավորման ավարտը,

3) փակել ծայրափողակը բաքի կափույրով կամ այլ առարկաներով,

4) խուսափել ճկուն խողովակաշարը ձգելուց կամ այն ճզմելուց,

5) լցավորման կղզյակին մոտենալ առանց շտապելու` դանդաղ քայլելով՝ հագուստից կայծեր առաջանալուց խուսափելու նպատակով,

6) իր մոտ չունենալ կրակայրիչ, երկաթյա կամ պողպատյա այլ իրեր, որոնք կարող են առաջացնել կայծ,

7) չլցավորել այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչը անջատված չէ,

8) լցավորում իրականացնելիս սպառողին կամ այլ անձանց չթույլատրել տարածքում ծխել կամ ձեռքին ունենալ կրակայրիչ կամ այլ երկաթյա ու պողպատյա իրեր կամ այնպիսի իրեր, որոնցից կա կայծի առաջացման հավանականություն,

9) ավտոտրանսպորտային միջոցը լցավորելիս ուշադիր լինել այլ շարժվող ավտոտրանսպորտային միջոցներին, հատկապես՝ հեղուկ վառելանյութի լցավորման խողովակի հետնամասում գտնվող ավտոտրանսպորտային միջոցներին,

10) լինել ուշադիր և խուսափել շփումից այնպիսի առարկաների հետ, որոնք կարող են վնասվածք պատճառել իրեն (կցասայլի հանգույց, արտանետման խողովակ, ավտոտրանսպորտային միջոցի սրահի ներսում չամրակցված առարկա, ծռված պաշտպանիչ վահանակ և այլն),

11) նախքան սպառողից վարձավճարի գանձումը, լցավորման ծայրափողակը դուրս հանել բաքից,

12) լցավորումն ավարտելուց անմիջապես հետո ծայրափողակը տեղադրել բնիկի մեջ, փակել վառելիքի բաքի կամ ապրանքամանի կափույրը,

13) արագ մաքրել լցավորման ժամանակ գետնին թափված հեղուկ վառելանյութը:

113. Հսկվող ինքնասպասարկման ժամանակ արգելվում է`

1) տեղադրել, գործարկել կամ օգտագործել մետաղադրամով կամ թղթադրամով աշխատող վառելիքաբաշխիչ աշտարակ,

2) ծխել ԱՀՎԼԿ-ի տարածքի չնախատեսված վայրում,

3) ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի աշխատանքի ժամանակ կատարել հեղուկ վառելանյութի լցավորում,

4) գործարկվել վառելիքաբաշխիչ աշտարակը համապատասխան հմտություններ չունեցող անձի կողմից:

114. Հսկվող ինքնասպասարկմամբ ԱՀՎԼԿ-ի`

1) լցավորող ծայրափողակները պետք է լինեն ինքնաշխատ փակվող,

2) կառավարման մեխանիզմի բարձակը, որն էլեկտրաէներգիայով սնուցում է պոմպի շարժիչը, պետք է ունենա անջատիչ, որն անմիջապես կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱՀՎԼԿ-ի բոլոր բաշխիչ բլոկներին,

3) կառավարման մեխանիզմի բարձակը պետք է պաշտպանված լինի ավտոտրանսպորտային միջոցների կողմից հնարավոր վնասումներից,

4) հսկման կետի տեղակայումը պետք է թույլ տա, որ սպասարկող անձնակազմը հստակ և անարգել տեսնի բոլոր վառելիքաբաշխիչ աշտարակները` ոչ անվտանգ գործողությունները կանխելու և անհրաժեշտության դեպքում վառելիքաբաշխիչ աշտարակն անջատելու համար,

5) հսկողը կամ սպասարկող աշխատողը պետք է հսկման կետում լինի աշխատանքի ամբողջ ժամանակաընթացքում,

6) արգելվում է հսկման կետից վառելիքաբաշխիչ աշտարակի տարածքի տեսանելիությունը խանգարող որևէ առարկայի տեղադրումը,

7) այն հատվածներում, որտեղ զուգահեռ վառելիքաբաշխիչ աշտարակների կղզյակները կարող են խանգարել հսկման կետից դրանց դիտմանը, հսկողի համար պետք է լինեն հայելիներ կամ հեռադիտման տեսախցիկներ,

8) էլեկտրաէներգիայի սնուցման անջատիչները պետք է տեղակայված լինեն հեռակառավարվող տարածքում` վառելիքաբաշխիչ աշտարակներից ոչ ավելի, քան 30 մ հեռավորության վրա:

115. Հսկվող ինքնասպասարկմամբ յուրաքանչյուր ԱՀՎԼԿ-ի հեռակառավարման տարածքների անմիջական մոտակայքում պետք է փակցված լինեն վթարային արձագանքման բոլոր գործողությունները և ցուցումները:

116. Հսկվող ինքնասպասարկմամբ յուրաքանչյուր ԱՀՎԼԿ-ում պետք է լինեն հստակ ցուցումներ` փակցված վառելիքաբաշխիչ աշտարակի վրա կամ վառելիքաբաշխիչ կղզյակում: Ցուցումներում պետք է արտացոլվեն հետևյալ ընթեռնելի ձևակերպումները`

1) «Չի´ թույլատրվում վառելիքի դատարկումը չհաստատված ապրանքամանների մեջ»,

2) «Չ´ծխել»,

3) «Շարժիչն անջատե´լ նախքան բաքի լցավորումը»,

4) «Բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքավորումների օգտագործումն արգելվում է»,

5) «Հրդեհի կամ վառելիքի արտահոսքի դեպքում սեղմեք վթարային դադարեցման կոճակը»:

117. Ցուցումների մեջ պետք է նշված լինի վթարային կառավարման համակարգերի վայրը: Ցուցումների նշանը պետք է փակցված լինի այնպես, որ այն տեսանելի լինի ընթերցման համար: Արգելվում է ցուցումների նշանը տեղադրել շարժվող առարկաների, դռների, պատուհանների կամ դրանց մոտ գտնվող այլ առարկաների վրա: Վթարային իրավիճակներում լուսավորության անհրաժեշտության դեպքում ցուցումների նշանների մոտ պետք է տեղադրվեն լուսավորության միջոցներ, իսկ նշանները լինեն անդրադարձնող կամ լուսավորվող կամ երկուսը միասին:

118. Ցուցումների անմիջապես կողքին՝ տեսանելի հատվածում, պետք է փակցված լինի ԱՀՎԼԿ-ի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության պատճենը:

 

11․ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

119. Բոլոր վերգետնյա և ստորգետնյա պահեստարանները, որոնք օգտագործվում են հեղուկ վառելանյութի պահեստավորման համար, պետք է տեղադրվեն համաձայն արտադրողի ցուցումների:

120. Արգելվում է պահեստավորման պահեստարաններն օգտագործել հեղուկ վառելանյութի թափոնների, գեներատորի նյութի և այլ հեղուկների պահեստավորման նպատակով:

121. Վերգետնյա պահեստավորման պահեստարանները պետք է լինեն մետաղյա, իսկ ստորգետնյա պահեստավորման պահեստարանները` մետաղյա կամ մանրաթելային ապակուց:

122. Ստորգետնյա պահեստավորման համակարգերում տեղադրված ցանկացած պահեստարան պետք է լինի չվնասված, իսկ վնասվելու դեպքում պետք է փոխարինվի նորով, չպետք է վերանորոգվի։ Պողպատե պահեստարանները պետք է ծածկված լինեն կոռոզիայի դեմ դիմացկուն շերտով:

123. Նախքան հեղուկ վառելանյութի պահեստավորման համար նախատեսված պահեստարանների գործարկումը պետք է ապահովվի դրանց համապատասխանությունը հետևյալ պահանջներին`

1) հիդրոստատիկ կամ օդաճնշական փորձարկման միջոցով պահեստարանը պետք է անցնի ամբողջականության ստուգում,

2) պահեստարանը պետք է ունենա փորձարկման գրանցումներ, որոնք հավաստում են պահեստարանի՝ ստուգում անցած լինելը,

3) պահեստարանը պետք է տեղադրվի ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերին և արտադրողի ցուցումներին համապատասխան,

4) պահեստարանների տեղադրման ժամանակ աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ բացառվի դրանց հարմարությունների և պաշտպանական շերտերի վնասումը:

124. Փորձարկումից հետո պահեստարանը պետք է տեղադրվի ուղիղ բարձրացման միջոցով` հորի մեջ ապահովելով դրա վերջնական դիրքը: Արգելվում է պահեստարանի տեղադրումը քաշելու միջոցով:

125. Հեղուկ վառելանյութի ԱՀՎԼԿ շահագործող անձը, նախքան վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարանի շահագործումը, պետք է եռակցման տեղերում, պաշտպանական շերտերի խզվածքներում, ճեղքերում, շինվածքային այլ հատվածներում անցկացնի զննում:

126. Եթե հեղուկ վառելանյութի պահեստավորման համար օգտագործվող պահեստարանում հայտնաբերվում է կաթոց կամ այլ թերություններ, ապա ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է վերացնի այդ թերությունները` նախքան համակարգի շահագործումը:

127. Նախքան պահեստարանի գործարկումը դրանց տեխնոլոգիական սարքավորումները, այդ թվում` կափույրները, խողովակները, բաժնավորման սարքավորումները, հոսակորստի դեմ և գերլցավորումից պաշտպանվածության սարքերը, վթարային անջատման սարքերը, պետք է անցնեն կաթոցի ստուգում (հերմետիկության փորձարկում, տեխզննության անցկացում), որպեսզի ապահովվի դրանց հուսալի շահագործումը: Եթե պահեստարանում և խողովակային համակարգում առկա է կաթոց, կամ տեղադրումը կատարվել է խախտումներով, որը կարող է հանգեցնել հնարավոր կաթոցի առաջացմանը, ապա տեղադրողը պետք է վերացնի նշված խախտումները` նախքան պահեստարանի շահագործումը:

128. Պահեստարանի և դրա համակարգի ստուգման և զննման ավարտից հետո տեղադրողը կազմում և վավերացնում է սույն կանոնների պահանջներին պահեստարանի համապատասխանության վերաբերյալ ակտ: Նշված ակտը պահվում է ԱՀՎԼԿ-ում՝ 5 տարի ժամկետով:

129. Վերգետնյա բոլոր պահեստարանները, որոնք օգտագործվում են հեղուկ վառելանյութի մեծաքանակ պահեստավորման համար, պետք է զերծ լինեն կոռոզիայից, որը կարող է էապես ազդել պահեստարանի ամբողջականության վրա:

130. Պահեստարանի վրա ժանգը (եթե այդպիսին առկա է) կարող է լինել չոր մակերեսի ժանգ, որը չի ազդել պահեստարանի շինվածքի ամբողջականության վրա, միայն մակերեսային է կամ ունի նոսր քայքայման մակերես: Խոնավ ժանգի առկայությունը վկայում է պահեստարանի ներսից տեղի ունեցող խորը կոռոզիայի մասին, որի դեպքում պահեստարանը պետք է հանվի շահագործումից` մինչև համապատասխան վերանորոգման իրականացումը:

131. Պահեստարանի տեղադրման աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ բացառվի դրանց հարմարությունների, պաշտպանական շերտերի վնասումը, ապահովվի պահեստարանի դիրքի համարժեք ամրապնդումը, իներտ նյութով երեսարկման միջոցով կոռոզիայի ուղղակի ազդեցությունից մեկուսացումը և արտաքին ներգործություններից պաշտպանվածությունը:

132. Պահեստարանի տրամաչափարկման համար պետք է ունենալ տրամաչափարկման հավաստի գծապատկեր: Եթե բացակայում է տրամաչափարկման գծապատկերը, ապա շահագործող անձն անհապաղ պետք է դիմի պահեստարանը արտադրողին` գծապատկերի կրկնօրինակը ստանալու խնդրանքով: Պահեստարանի տրամաչափարկման գծապատկերը պետք է լինի ճշգրիտ` յուրաքանչյուր պահեստարանի կամ դրա առանձին բաժինների համար:

133. Պահեստարանը չափվում է` կիրառելով վառելիքի գլանաձողային մետր, որը ստույգ չափումների նպատակով տրամաչափարկվում է առավելագույնը 2 մմ աճի տարբերությամբ, և, որի տեսակը պետք է լինի հաստատված և ստուգաչափված: Գլանաձողային մետրը պետք է լինի այնպիսի երկարությամբ, որպեսզի պահեստարանի չափումները կատարվեն դրա ողջ բարձրությամբ:

134. Պահեստարանը տվյալ կազմակերպության պահեստարանների անվտանգ շահագործման պատասխանատու անձի կողմից ամսական մեկ անգամ պետք է անցնի ջրի առկայության ստուգում: Ջրի առկայության դեպքում պահեստարանում ջրի քանակությունը չափվում է առավելագույնը 2 մմ աճի տարբերությամբ:

135. Յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա տվյալների մետաղե պիտակ կամ նշան` տրված արտադրողի կողմից: Տվյալների պիտակը պահեստարանին պետք է փակցվի այնպիսի տեղում, որը թույլ կտա հեշտորեն ընթերցել դրանում պարունակվող տեղեկատվությունը: Արտադրողի կողմից մետաղե պիտակ կամ նշան տրամադրված չլինելու դեպքում շահագործող անձը պարտավոր է պատրաստել նույնանման մետաղե պիտակ կամ նշան՝ հայերենով:

136. Պահեստարանի տվյալների պիտակը պետք է պարունակի`

1) արտադրող ընկերության անվանումը,

2) թողարկման ամսաթիվը,

3) պահեստարանի մոդելը և հերթական համարը,

4) անվանական ծավալային տարողունակությունը` արտահայտված լիտրերով,

5) նախագծման, արտադրման և պիտակավորման տվյալները,

6) պարունակվող նյութի կոնկրետ անվանման համար հիմք ծառայած ստանդարտները:

137. Պահեստարանի տեղադրման վայրում տեղադրվում են «Չ´ծխել» և «Անջատե´լ շարժիչը» նշանները:

138. Հեղուկ վառելանյութի անվտանգ առաքման համար անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելու նպատակով պահեստարանների վրա պետք է տեղադրվեն լրացուցիչ նշաններ, որոնք պետք է պարունակեն`

1) արտադրանքի անվանումը և մակնիշը,

2) արտադրանքի բարձրությունը,

3) կիրառվելիք տրամաչափարկման գծապատկերը,

4) գերլցավորումից պաշտպանվածության սարքերի շահագործման նկարագրությունը,

5) պահեստարանի վրա լցավորման, օդափոխման, միջանկյալ տարածքի դիտարկման և բաժինների բացվածքների սահմանումը,

6) վթարային տարածքների կափույրի (կափույրների) սահմանումը և դրա շահագործման նկարագրությունը:

139. Պահեստարանների հիմքերը պետք է կառուցվեն բետոնից, քարից, լցվածքներից կամ մետաղից, որոնք նախատեսված են նվազեցնելու պահեստարանի տեղադրման անհարթությունը, կրճատելու կոռոզիան: Պահեստարանի հիմքերի ամրապնդումն անհրաժեշտ է նաև դրանց հենքային մասի վրա բեռների՝ չափից ավելի բարձր կենտրոնացումը կանխելու համար:

140. Հեղեղման վտանգի ենթակա տարածքներում տեղադրված պահեստարանները պետք է ամրակցվեն այնպես, որ նվազագույնի հասցվեն ցնցումների հետևանքով առաջացող հնարավոր կողային տեղաշարժերը:

141. Պահեստարանների վթարային օդափոխիչները պետք է ունենան կրակմարիչներ, տեղադրվեն ոչ պակաս, քան 3․5 մ երկարությամբ և գոլորշու ներթափանցման նկատմամբ լինեն դիմացկուն:

142. Աշխատողների վրա գոլորշու ազդեցությունը նվազեցնելու համար`

1) օդափոխիչները տեղադրվում են առաքման կետից 2 մ բարձրության վրա,

2) օդափոխիչները տեղադրվում են պահեստարանի վերջնամասում` առաքող վարորդից գոլորշին հնարավորինս հեռու պահելու համար,

3) աշխատողներին բենզինի գոլորշու ազդեցությունից պաշտպանելու համար պետք է տրամադրվեն շնչադիմակներ,

4) օդափոխիչները վերգետնյա պահեստարանների համար պետք է ստեղծեն ազատորեն շնչելու հնարավորություն:

143. Պահեստավորման վերգետնյա պահեստարանները պետք է լցավորվեն տարողության 90%-ից ոչ ավելի ծավալով և ունենան գերլցավորումից պաշտպանության համակարգ: Պահեստարանը պետք է ունենա առաքման ժամանակ վառելիքի հոսակորստի հավաքման մետաղե արկղ։

144. Պահեստարանի լցավորման ժամանակ համակարգը պետք է`

1) ունենա միջոց, որը ձայնային կամ տեսողական ազդանշանի միջոցով ծանուցի լցավորող անձին, որ հեղուկ վառելանյութի մակարդակը հասել է պահեստարանի մակարդակի 85%-ի չափին,

2) ինքնաշխատ եղանակով դադարեցնի հեղուկ վառելանյութի հոսքը դեպի պահեստարան, երբ պահեստարանում հեղուկ վառելանյութի քանակությունը հասել է դրա տարողունակության 90%-ին:

145. Հեղուկ վառելանյութի պահեստավորման վերգետնյա պահեստարանները պետք է ունենան երկրորդային շերտի կողապատի համակարգ, որոնցում հավաքվում և պահվում է հեղուկ վառելանյութի կաթոցը կամ հոսակորուստը: Երկրորդային շերտի կողապատի համակարգը պետք է կանխի հոսակորուստների ներթափանցումը դեպի հողերն ու ջրային ռեսուրսները, ինչը կարող է տեղի ունենալ պահեստարանի վրա ճեղքերի առաջացման, պոմպերի, կափույրների և այլ օժանդակ տեխնոլոգիական սարքավորումների խափանման, ինչպես նաև գերլցավորման արդյունքում:

146. Հեղուկ վառելանյութի պահեստարանի պահեստը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1) պահեստը պետք է լինի հերմետիկ, դիմացկուն՝ ավտովառելիքի կաթոցի նկատմամբ, համադրելի՝ պահեստավորված նյութի հետ, դիմացկուն՝ արտաքին ու ներքին ազդեցության արդյունքում տեղի ունեցող քիմիական քայքայման նկատմամբ,

2) պահեստի բոլոր հանգույցներում պետք է օգտագործվեն ջրի ներթափանցումը կասեցնող քիմիական նյութեր,

3) պահեստի պատերի ու հատակի հաստությունը պետք է լինի 15 սմ-ից ոչ պակաս` կառուցված ամրացնող նյութերից,

4) պահեստի շինությունները պետք է լինեն սեյսմակայուն,

5) պահեստի միջով չպետք է անցնեն դրենաժային միացումներ կամ այլ մուտքեր` բացառությամբ վերևի մուտքի ելանցքի և պահեստարանի լցավորման ու դատարկման, օդափոխման և դիտարկման, դեպի խցիկը կաթող հեղուկ վառելանյութի արտամղման համար նախատեսված վերևի բացվածքների,

6) պահեստի ներսում պահեստարանները պետք է տեղադրվեն հիմքերի վրա և ամրացվեն լցվածքներով,

7) պահեստը կարող է տեղակայվել գետնի մակերևույթից բարձր կամ ցածր մակարդակով,

8) պահեստը պետք է ապահովված լինի աշխատողների համար առանձին մուտքով,

9) պահեստը պետք է ապահովված լինի հրդեհաշիջման միջոցներով,

10) պահեստում յուրաքանչյուր պահեստարան պետք է գտնվի մեկուսացված վիճակում,

11) պահեստի և պահեստարանի միջև պետք է լինի բավարար տարածություն` պահեստարանի ու դրա լրացուցիչ տարրերի տեսողական զննման և պահպանման աշխատանքների իրականացման համար,

12) պահեստի պահեստարանի օդափոխման համար նախատեսված խողովակները նախագծով սահմանված համապատասխան երկարության չափով պետք է տեղադրվեն պահեստարանից դուրս` գետնի մակերևույթից 3․6 մ-ից ոչ պակաս բարձրությամբ,

13) պահեստը պետք է ապահովված լինի գոլորշու բացահայտման համակարգերով, որոնք պետք է արձակեն ձայնային ազդանշան գոլորշու այնպիսի քանակության հայտնաբերման դեպքում, որը հավասար է կամ գերազանցում է պահվող վառելիքի դյուրավառության ստորին սահմանաչափի 25%-ը,

14) գոլորշու բացահայտման համակարգերը պետք է տեղադրվեն պահեստի ամենաստորին կետից 30 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա,

15) գոլորշու բացահայտման համակարգերից որևէ մեկի ակտիվացման արդյունքում ազդանշանը պետք է հնչի ԱՀՎԼԿ-ի տարածքում նախապես հաստատված, մշտապես հսկվող վայրում,

16) գոլորշու բացահայտման համակարգերի ակտիվացման արդյունքում պետք է անջատվեն բաժնավորիչ պոմպերը:

147. Երկրորդային կողապատով շերտը, որպես պահեստարանի պաշտպանության համակարգի բաղադրիչ, պետք է նախագծվի, տեղադրվի և շահագործվի նախքան մաքրման աշխատանքների իրականացումը` հեղուկ վառելանյութի, դրանց բաղադրիչների տեխնիկական բնութագրերից շեղվող նյութերի ներթափանցումը հողում, ստորգետնյա կամ վերգետնյա ջրերում կանխելու նպատակով: Երկրորդային կողապատով շերտը պետք է ունենա հոր և կահավորված լինի ձեռքով կառավարվող պոմպով կամ ծծափողով (սիֆոնով), ձեռքով կառավարվող միջնապատային կափույրով կամ այլ դրենաժային համակարգով, որոնք թույլ կտան չորացնել կաթոցի, հոսակորստի կամ գոլորշացման արդյունքում առաջացող հեղուկները: Հոսակորստի կամ կաթոցի հետևանքով կուտակվող նյութերը 24 ժամվա ընթացքում պետք է հեռացվեն երկրորդային կողապատով շերտի համակարգից: Երկրորդային կողապատով շերտը պետք է դիմացկուն լինի եղանակային, շրջակա միջավայրի պայմաններին, պահվող հեղուկ վառելանյութի առկայության նկատմամբ:

148. Պահեստարանների վերգետնյա բոլոր խողովակաշարերը պետք է ապահովված լինեն օգտագործման 2 ժամից ոչ պակաս տևողությամբ հակահրդեհային պաշտպանության միջոցներով:

149. Վառելիք պարունակող խողովակները պետք է լինեն երկշերտ: Արգելվում է մի քանի պահեստարանների միացման համար միասնական խողովակների օգտագործումը: Հակածծափողային սարքեր տեղադրվում են պահեստարանին միացված յուրաքանչյուր արտաքին խողովակի վրա այն դեպքում, եթե խողովակը պահեստարանի վերևի մասի մակարդակից ցածր է:

150. Լցավորման խողովակը պետք է ապահովված լինի ավտոցիստեռնից վառելիքի անմիջական լցավորման համար նախատեսված միացումով, որպեսզի լցավորման ժամանակ վառելիքի առաքումը չենթարկվի բաց օդի ազդեցությանը:

151. Եթե լցավորման խողովակի՝ պահեստարանից դուրս գտնվող հատվածը ցածր է պահեստարանի վերևի մակարդակից, ապա լցավորման ճկափողի միացման տեղից 30 սմ-ից ոչ ավելի հեռավորության վրա լցավորման խողովակում տեղադրվում է հակադարձ կափույր:

152. Ստուգման և առաքման աշխատանքների կատարման համար նախատեսված պահեստարանը պետք է ապահովված լինի անվտանգ մուտքով: Այն դեպքում, երբ լցավորման միացման և գետնի մակարդակի միջև ուղղահայաց բարձրությունը գերազանցում է 1 մ-ը, պահեստարանին մոտենալու մուտքը ապահովվում է հետևյալ կերպ`

1) կիրառվում են աստիճաններ և հարթակ, եթե լցավորման ատրճանակի համար տեղերը գտնվում են պահեստարանի վերևի մասում,

2) կիրառվում են շարժական աստիճաններ և հարթակ, եթե պահեստարանի վերևի մասում պետք է կատարվեն ստուգման աշխատանքներ կամ սպասարկվեն այնտեղ տեղադրված տեխնոլոգիական սարքավորումները,

3) կիրառվում են ապահովության բազրիքներ, եթե աշխատանքներն իրականացվում են ավելի, քան 3 մ բարձրության վրա:

153. Պահակակետերը, արգելափակոցները կամ պաշտպանության այլ միջոցները պետք է ապահովեն վերգետնյա յուրաքանչյուր պահեստարանի և դրան միացված խողովակագծի պաշտպանությունը ավտոտրանսպորտային միջոցների և արտաքին այլ ազդեցություններից:

154. Պահակակետերի տեղադրման ժամանակ պետք է ապահովվեն հետևյալ պահանջները`

1) պահակակետերը պետք է կառուցվեն հրդեհադիմացկուն մետաղե նյութերից,

2) պահակակետերը պետք է տեղադրվեն առնվազն 40 սմ տրամագիծ և 1 մ խորություն ունեցող բետոնե հիմքերի վրա:

155. Պահեստավորման վերգետնյա պահեստարանները պետք է մեկուսացվեն շրջակա միջավայրից ցանկապատով: Ցանկապատերը պետք է`

1) կառուցվեն չայրվող նյութից, ինչպիսիք են մետաղը, մետաղալարը (ցանցավոր մետաղալարը) կամ քարը,

2) ունենան 1․8 մ-ից ոչ պակաս բարձրություն,

3) ունենան կափույրով դարպասներ,

4) ներսի մասից ապահովեն դեպի պահեստարան և հարակից կայանքներ մուտք գործելու բավարար տարածություն:

156. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանները և խողովակագծերը, մինչև շահագործման հանձնելը, կապալառու կազմակերպության կողմից պետք է փորձարկվեն, տեղադրվեն, ամրակցվեն ու պաշտպանվեն նախագծով և սույն կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:

157. Նոր արտադրված պահեստավորման ստորգետնյա պահեստարանները պետք է ունենան երկրորդային կողապատով շերտի համակարգեր, որոնք պետք է`

1) նախագծվեն և տեղադրվեն շահագործման նորմատիվներին և արտադրողի ցուցումներին համապատասխան,

2) պահեստարանի շահագործման ցանկացած պահի կանխեն հեղուկ վառելանյութի և դրա բաղադրիչների արտահոսքը դեպի հողի շերտերը, ստորգետնյա կամ վերգետնյա ջրերը,

3) նախագծվեն, տեղադրվեն ու շահագործվեն այնպես, որ հնարավորություն լինի հայտնաբերելու և հավաքելու կաթոցի, հոսակորստի և վառելիքի կուտակման արդյունքում առաջացող նյութերը,

4) պատրաստված լինեն այնպիսի նյութերից, որոնք համադրելի են պահեստարանում պահեստավորվող վառելիքի հետ, ունենան բավարար ամրություն և հաստություն, որպեսզի կանխեն ճնշման գրադիենտների, այլ նյութերի հետ ֆիզիկական շփման, կլիմայական պայմանների և ընթացիկ շահագործման արդյունքում առաջացող խափանումները,

5) տեղադրվեն այնպիսի հիմքի վրա, որը կարող է կանխել նստվածքի, սեղմման կամ բարձրացման արդյունքում առաջացող խափանումները,

6) ապահովված լինեն կաթոցի հայտնաբերման միջոցներով, որը նախագծված է և շահագործվում է արտադրողի ցուցումներին համապատասխան:

158. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանների կատոդային պաշտպանության համակարգերը տեղադրվում և շահագործվում են պահեստարանի և կից խողովակների այն մասերը կոռոզիայից պաշտպանելու համար, որոնք շփման մեջ են գտնվում հողի հետ:

159. Կատոդային պաշտպանություն ունեցող պահեստավորման ստորգետնյա պահեստարանները դրանք տեղակայող կարգաբերող հավաստագրված կազմակերպությունների կողմից պետք է անցնեն զննում բոլոր էլեկտրական չափումների և փորձարկումների տեղադրումից կամ վերանորոգումից հետո՝ առնվազն վեց ամսվա ընթացքում, իսկ դրանից հետո` առնվազն տարին մեկ անգամ: Գործարանային արտադրության կատոդային պաշտպանության համակարգերը կարող են ստուգվել երեք տարին մեկ անգամ:

160. Սնուցվող հոսանքի համակարգերով հագեցված պահեստավորման ստորգետնյա պահեստարանները դրանք տեղակայող կարգաբերող հավաստագրված կազմակերպությունների կողմից պետք է ստուգվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ։ Ընդ որում, պարտադիր ստուգման ենթակա են սնուցվող հոսանքի բոլոր աղբյուրները:

161. Սնուցվող հոսանքի այն համակարգերը, որոնք չեն գործում կուտակային 1440 ժամը գերազանցող ժամանակահատվածում, ենթակա են համապատասխանության գնահատման օրենսդրությամբ սահմանված համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգին համապատասխան՝ համապատասխանության հայտարարագրի գրանցման ձևով` պահեստավորման ստորգետնյա պահեստարանի կառուցվածքի հուսալիությունը, կոռոզիայի անցքերից զերծ լինելը և նախագծային չափանիշներին համապատասխանությունը որոշելու նպատակով:

162. Կատոդային պաշտպանության համակարգերով հագեցած պահեստավորման այն համակարգերը, որոնք չեն կարող ապահովել կամ պահպանել նախագծային չափանիշներին համապատասխանող պաշտպանության մակարդակ, ենթակա են վերանորոգման, իսկ վերջինիս անհնարինության դեպքում պետք է հանվեն շահագործումից:

163. Պահեստավորման ստորգետնյա բոլոր պահեստարանների վրա պետք է տեղադրվի օդափոխիչ խողովակ, որը պետք է`

1) ունենա այնպիսի չափեր, որ կանխի վտանգավոր ներքին ճնշումների զարգացումը,

2) մեծ լինի լցավորման խողովակի տրամագծի կեսից և ունենա առնվազն 32 մմ ներքին տրամագիծ,

3) բաց օդում ձգվի այնպիսի դիրքով, որ դյուրավառ գազերը չկուտակվեն կամ չփոխանցվեն ոչ անվտանգ վայրեր,

4) գետնից լինի առնվազն 3 մ բարձր,

5) շենքի մուտքից ձգվի առնվազն 1․5 մ հեռավորությամբ,

6) շենքի դիմաց տեղադրելու դեպքում շենքի համեմատ ունենա առնվազն 1 մ-ից ավելի բարձրություն,

7) հագեցած լինի 500 միկրոն անվանական հեռավորության չափեր ունեցող հակակայծակային ցանցով,

8) ձգված լինի այնպիսի դիրքով, որ կանխի ջրի և օտարածին նյութերի ներթափանցումը:

164. ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է պահեստավորման ստորգետնյա պահեստարաններում պարբերաբար ստուգի կաթոցի առկայությունը:

165. Կաթոցի դիտարկման համար կիրառվում է հետևյալ մեթոդներից մեկը`

1) պաշարների դիտարկում, որն իրականացվում է, եթե բացահայտվում է վառելիքի հոսքի 1 %-ի կաթոց,

2) հորային դիտարկում, որի իրականացման համար կարող են օգտագործվել հորային գոտում գտնվող բոլոր գոլորշային հորերը: Դիտարկման համար կարող են օգտագործվել նաև ստորջրյա հորերը:

166. Դիտարկման մեթոդը, ստորջրյա հորերի թիվն ու դիրքը պետք է բավարար լինեն՝ պահեստարանի ցանկացած հատվածից վառելիքի բացթողման դեպքերը հայտնաբերելու համար:

167. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանների բոլոր միացումները տեղադրվում են համադրելի նյութից պատրաստված հերմետիկ խցիկում, որի մեջ պետք է հավաքվեն միացումների կաթոցից առաջացող վտանգավոր նյութերը:

168. Խցիկները պետք է ունենան իջանցք կամ մուտքի այլ միջոցներ` միացումների ստուգումն ապահովելու համար:

169. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանների բաժնավորիչի ստորին հատվածի տակ հեղուկ վառելանյութի համար անհրաժեշտ է ունենալ ծածկ, որը նախատեսվում է դեպի հողերը կամ ստորգետնյա ջրերը բաժնավորիչի կաթոցի ներթափանցումը կանխելու համար: Ծածկը պետք է լինի հերմետիկ` կողային, հատակային մասերում ու ներթափանցման ցանկացած կետում և ներառի հակադարձ կափույրներ, ուղղորդող կափույրներ, ճկուն միացումներ կամ բաժնավորիչը ստորգետնյա խողովակներին միացնող այլ մասեր, ունենա տեսողական զննության, ծածկի համակարգի բաղադրիչներին մոտենալու և հսկելու հնարավորություն:

 

12․ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

170. Հեղուկ վառելանյութի փոխադրման խողովակաշարերը պետք է բաղկացած լինեն խողովակներից, կցաշուրթերից, հեղույսներից, ներդիրներից, կափույրներից, ճկուն միացումներից, ճնշում պարունակող ընդլայնման հանգույցներից ու ֆիլտրերից, այնպիսի սարքերից, որոնք ծառայում են հեղուկ վառելանյութի և հարակից գազերի փոխադրման, պահեստավորման, չափման կամ պահման համար:

171. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող խողովակաշարերը պետք է համադրելի լինեն պահեստավորվող հեղուկ վառելանյութի հետ և դիմակայեն արտաքին ու ներքին մաշվածքի, տատանումների, ցնցումների և կոռոզիայի ազդեցությանը:

172. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող բոլոր խողովակաշարերը պետք է տեղադրվեն ըստ սույն կանոնների, այլ իրավական ակտերի պահանջների և գործարկվեն արտադրողի ցուցումներին համապատասխան:

173. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող խողովակաշարերը պետք է`

1) զերծ լինեն կաթոցից, ունենան ամուր կառուցվածք և աշխատանքային բոլոր պայմաններն ապահովող հուսալի ամրակցում,

2) պաշտպանված լինեն հրդեհից, ջերմությունից, վակուումից և ճնշումից, որոնք կարող են հանգեցնել խողովակագծի խափանմանը,

3) ունենան պաշտպանական այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան կանխելու խողովակներն ընդլայնումից, տատանումներից, սեղմումից և ցածր ջերմաստիճանից, ինչպես նաև պաշտպանելու ստատիկ ու ֆոնային էլեկտրական հոսանքից, կայծակից,

4) ունենան այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան կանխելու վառելիքի կաթոցը բոլոր կայանքներից ու տեխնոլոգիական սարքավորումներից,

5) դիմակայեն կոռոզիային, մետաղաքայքայիչ այլ նյութերին,

6) տեղադրվեն այնպես, որ զերծ մնան ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության կամ բեռների փոխադրման հետ կապված ֆիզիկական վնասվածքներից:

174. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող բոլոր խողովակագծերը նախքան գործարկումը պետք է ենթարկվեն ստուգման և փորձարկման: Հեղուկ վառելանյութի բաշխման նոր գծերը պետք է անցնեն ճնշման փորձարկում: Խողովակաշարը համարվում է հուսալի, եթե դիմանում է 10 րոպե անընդհատ ճնշմանը, ներծծման գծերը` 250 կՊա ճնշմանը, իսկ ճնշումային գծերը` 400 կՊա ճնշմանը:

175. Ներծծման համակարգում`

1) ներծծման խնդիրների առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով պետք է տեղադրվի հնարավորինս փոքր երկարությամբ ներծծման գիծ,

2) ներծծման գծերը պահեստավորման պահեստարանում պետք է ունենան վակուումի միջոցով ակտիվացող անջատիչ կափույր կամ համարժեք հակադարձ կափույր` տեղադրված անմիջապես բաժնավորիչ սարքի ստորին մասում: Հակադարձ կափույրը պետք է տեղադրվի այնպես, որ պոմպի վնասման կամ խափանման դեպքում այն պաշտպանվի վնասվածքներից,

3) յուրաքանչյուր ներծծման գիծ պետք է պահեստավորման պահեստարանի ներսում ունենա ներծծման իր անհատական ցիցը, որի տրամագիծը պետք է լինի ոչ պակաս համապատասխան ներծծման գծի տրամագծից,

4) ներծծման ցցերի միջև ծծափողային միացումները կարող են տեղադրվել միևնույն մակնիշի վառելիք պարունակող պահեստավորման պահեստարանների միջև։

176. Հեղուկ վառելանյութի ցանկացած ճնշումային գիծ պետք է ունենա կաթոցի հայտնաբերման սարք, որը գործում է կաթոցի հայտնաբերումից անմիջապես հետո: Եթե վառելիքի բացթողման գծերը ճնշման տակ են, ապա յուրաքանչյուր բաժնավորիչի հիմքում՝ մատակարարման գծի մեջ, պետք է տեղադրվի կափույր` նախատեսված արտակարգ իրավիճակների համար: Կափույրի մեջ տեղակայվում է սարք, որը պետք է ինքնաշխատ եղանակով փակվի խիստ բացասական ազդեցության կամ հրդեհի դեպքում: Նշված սարքը ենթակա է ստուգման տեղադրման ժամանակ և դրանից հետո` տարին մեկ անգամ:

177. Յուրաքանչյուր պոմպի վրա բացթողման կողմից պետք է տեղադրվի հոսակորստի հայտնաբերման սարք, որը պետք է ձայնային և տեսողական գրանցում կատարի խողովակային և բաժնավորող սարքերի հերմետիկության մասին: Նշված սարքը ենթակա է ստուգման և փորձարկման` առնվազն տարին մեկ անգամ:

178. Հեղուկ վառելանյութի փոխանցման յուրաքանչյուր գիծ պետք է ունենա մեկուսացման կափույր, որպեսզի հնարավոր լինի մեկուսացնել փոխանցման ճկափողերը և բեռնման ճկախողովակները` նախքան դրանց ֆիզիկական անջատումը: Մեկուսացման յուրաքանչյուր կափույր պետք է համակարգում իջեցնի չափից ավելի մեծ ճնշումները, որը հնարավորություն կտա խուսափելու գծին կամ տեխնոլոգիական սարքավորումներին մեծ վնաս հասցնող հիդրավլիկ ցնցումներից:

179. Այն դեպքերում, երբ միևնույն տեղում բեռնվում կամ բեռնաթափվում է երկու կամ ավելի տեսակի հեղուկ վառելանյութ, խողովակների յուրաքանչյուր միացման վրա պետք է նշվի փոխանցվող հեղուկ վառելանյութի տեսակը:

180. Խողովակների ճկուն միացումները պետք է կատարվեն խողովակագծի հետևյալ հատվածներում`

1) հեղուկ վառելանյութի փոխադրման և օդափոխման խողովակների միացման տեղերում,

2) օդափոխման խողովակի հիմքում,

3) ճնշման անկման այն կետերում, որտեղ փոխվում է խողովակագծի ուղղությունը:

181. Յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա օդափոխման առանձին համակարգ:

182. Օդափոխման խողովակները պետք է`

1) բաց տարածքում տեղադրվեն այնպիսի դիրքով, որ բացառվի դյուրավառ գազերի կուտակումը կամ թափանցումը ոչ անվտանգ վայրեր,

2) գետնի մակերևույթից ունենան առնվազն 4 մ բարձրություն,

3) լցավորման միացումից ունենան առնվազն 4 մ բարձրություն,

4) ցանկացած ծխնելույզի կամ օդանցքի կողային բարձրության համեմատ լինեն առնվազն 4 մ բարձր,

5) տեխնոլոգիական սարքավորման կողային բարձրության համեմատ լինեն առնվազն 4 մ բարձր:

183. Պահեստարանների օդափոխիչների սյուները պետք է տեղադրվեն այնպես, որ ապահովվի դրանց պատշպանվածությունը մեխանիկական վնասվածքներից:

184. Արգելվում է պահեստարանների օդափոխման գծերը անցկացնել շենքի ներսով, դրա տակով կամ հիմքային մասով: Դրանք պետք է անցկացվեն ծածկի միջոցով` անցնելով ծածկի առավելագույն առաձգականության (պրոեկցիայի) առնվազն 1․5 մ բարձրությամբ։

185. Օդափոխիչն օդի բաղթողումները պետք է արձակի դեպի վեր և պաշտպանված լինի կողմնակի նյութերի ներթափանցումից:

186. Օդափոխման խողովակի տրամագիծը պետք է լինի միևնույն պահեստարանին միացված լցավորման խողովակի տրամագծի կեսից ավելին:

187. Եթե պահեստարանը լցավորվում է երկու կետերից միաժամանակ, ապա օդափոխման գծի տրամագիծը պետք է առնվազն 70%-ով մեծ լինի լցավորման միացման կետի տրամագծից:

188. Լցավորման միացումները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) լցավորման կետերը պետք է տեղադրվեն այնպես, որ դրանք լինեն հասանելի,

2) պահեստարանի հետ ճկափողի կամ բացթողման անցքի միացումը պետք է կատարվի արտակենտրոնակ (էքսցենտրիկ) կափույրով կամ համարժեք միացմամբ,

3) մեծաքանակ առաքումների համար պետք է ապահովվի 100 մմ պայմանական անցումը,

4) արտակենտրոնակ կափույրը պետք է թույլ տա, որ բացթողման անցքը փակվի լրիվ` լցման գծին հավասար լինելու դեպքում,

5) լցավորման փողրակը դեպի պահեստարանի հատակը պետք է երկարացվի մինչև 150 մմ` լցման ընթացքում ցայտելը նվազագույնի հասցնելու համար,

6) լցավորման խողովակի գլխիկի մոտ պետք է լինի փոքր անցք, որը կկանխի հեղուկ վառելանյութի ծծափողային հանումը:

189. Փակող և ստուգիչ կափույրների հետ պետք է լինի նաև ճնշման բացթողման սարք, որը պահեստարանում կիջեցնի հեղուկ վառելանյութի ջերմային ընդարձակման հետևանքով առաջացող ճնշումը:

190. Լցավորման կետը պետք է տեղադրվի այնպես, որ դրանում պահպանվի ամբողջ հոսակորուստը` այն պահեստավորման պահեստարան հետ մղելու համար:

191. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է հոսակորուստը հայտնաբերելու համար պարբերաբար ստուգել հեղուկ վառելանյութի ստորգետնյա խողովակների համակարգը: Կիրառվող մեթոդը և ուղեցույցը պետք է մշակվեն այնպես, որ հնարավոր լինի ցանկացած մասում ճշգրտությամբ հայտնաբերել խողովակների համակարգից հեղուկ վառելանյութի հոսակորստի դեպքերը: Հոսակորստի բացահայտման ինքնաշխատ սարքը պետք է սահմանափակի կամ ամբողջապես փակի հեղուկ վառելանյութի հոսքը, ահազանգի հոսակորստի մասին:

 

13. ԱՀՎԼԿ-Ի ԱՊԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

192. ԱՀՎԼԿ-ն, որը չի շահագործվում 30-60 օր ժամկետով, պետք է կոնսերվացվի օրենքով սահմանված կարգով:

193. ԱՀՎԼԿ-ի շահագործումը դադարեցվելու դեպքում ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է`

1) ձեռնարկել անվտանգության միջոցառումներ` կապված վառելիքի բաշխման և պահեստավորման պահեստարանների վերջնական փակման հետ,

2) հոսանքի աղբյուրից անջատել էլեկտրաէներգիա մատակարարող համակարգերը և մեկուսացնել էլեկտրալարերը,

3) հեղուկ վառելանյութի բաժնավորիչներն ամբողջովին դուրս հանել ԱՀՎԼԿ-ի տարածքից,

4) չորացնել հեղուկ վառելանյութի բաժնավորիչների ներծծման բոլոր գծերը,

5) բաժնավորիչների տակ գտնվող խոռոչների մեջ լցնել չոր ավազ և ծածկել ցեմենտի և ավազի խառնուրդով,

6) հեղուկ վառելանյութը և նստվածքները ամբողջությամբ դուրս հանել պահեստարանից և խողովակների համակարգից` մինչև ամենացածր մակարդակը,

7) փակել բոլոր անցուղիները և լցման գծերը, բացվածքները, պոմպագծերը,

8) հեռացնել վերգետնյա կամ ստորգետնյա ցանկացած պահեստարան, որը վերջնականապես փակված է,

9) մաքրել պահեստարանը, միջավայրն ազատել վտանգավոր գոլորշիներից՝ պահեստարանի բնականոն օդափոխությունն ապահովելու համար,

10) մշտապես փակված վերգետնյա պահեստարանների հոսակորուստը սահմանափակող երկրորդային համակարգերն ապահովել դրենաժի հնարավորությամբ` կուտակված ջրերի կամ արտազատումների համար,

11) պահեստարանը հեռացնելուց հետո այն պահել արգելապատված կամ այլ եղանակով պաշտպանված վայրում, ապահովել դրա պաշտպանությունն աղբի կուտակումներից կամ վնասվածքներից,

12) պահեստարանի փորված տեղը լցնել հողով և հարթեցնել,

13) դադարեցնել ԱՀՎԼԿ-ի գրանցումը ԱՎՕ-ների ռեեստրում՝ օրենքին համապատասխան։

194. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է կատարել հեղուկ վառելանյութի պահեստավորման համար օգտագործված ստորգետնյա կամ վերգետնյա պահեստարանների փակման (ապամոնտաժման) գնահատում, որի ընթացքում`

1) պետք է դիտարկվեն տվյալ կետում բավարար խորության տակ գտնվող հողը, գոլորշիները կամ խորքային ջրերը, գնահատվի պահեստարանի մոտակայքում շրջակա միջավայրի վարակման հնարավորության առկայությունը,

2) դիտարկման տեսակի ընտրությունը և իրականացման վայրը պետք է հիմնվեն երկրաբանական տվյալների, ջրի մակարդակի և հողի շերտի հաստության, ծակոտկենության, խորքային ջրի որակի և այն նյութի հատկանիշերի վրա, որտեղ պահվել է տվյալ պահեստարանը:

195. Պահեստարանների փակման գնահատման հաշվետվությունները պետք է պահվեն ԱՀՎԼԿ շահագործող անձի մոտ` 5 տարի ժամկետով:

196. Հեղուկ վառելանյութի պահեստավորման համար օգտագործված ցանկացած վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարան, որը հանվել է շահագործումից, չի կարող նորից շահագործվել, եթե լիովին չի համապատասխանում սույն կանոնների դրույթներին:

 

14. ԱՀՎԼԿ-ՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

197. ԱՀՎԼԿ-ում պետք է առկա լինի էլեկտրամատակարարման էլեկտրական գծապատկերը` բոլոր էներգասպառիչների (էլեկտրաշարժիչներ, լուսավորության միջոցներ, տաքացնող սարքեր և այլն), հզորության միացման կարգավորման սարքերի (միացիչներ, միացման կոճակներ, անջատիչներ և այլն) տեսակների, էլեկտրացանցի մալուխների և լարերի երկարության, մակնիշների և հատումների անցկացման եղանակների նշումով:

198. Փոխարկիչների, ուժային և լուսավորող ցանցի ինքնաշխատ անջատիչների վրա պետք է նշված լինի անջատվող ապարատի անվանումը:

199. Մալուխները պետք է տեղակայված լինեն տեխնոլոգիական խողովակագծերից ոչ պակաս, քան մեկ մետր հեռավորության վրա: Հեղուկ վառելանյութի խողովակաշարերի տակ կամ դրա ուղղահայաց հարթությունում մալուխների տեղադրումն արգելվում է:

200. Էլեկտրահաղորդալարերի զրահապատ և արճիճային պատյանով մալուխների, մեկուսիչ և պողպատյա խողովակների մետաղական թաղանթների մակերևույթները պետք է ներկվեն կամ պատվեն լաքով, որոնց ներկման գույնը պետք է տարբերվի շինության գույնից:

201. ԱՀՎԼԿ-ի վերանորոգման և առանձին տեխնոլոգիական գործողությունների իրականացման ժամանակ օգտագործվող սարքավորումների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով թույլատրվում է կրկնակի ռետինե մեկուսիչներով պատված մալուխների և լարերի ժամանակավոր օգտագործումը, որը պետք է ապահովի դրանց մեխանիկական վնասվածքների բացառումը և հեղուկ վառելանյութի, դրա գոլորշիների ներազդումը ռետինե մեկուսացման վրա:

202. Զրահապատ մալուխների պատյանի կիրառումը հողանցման կամ զրոյացման նպատակով արգելվում է:

203. Պայթյունավտանգ տարածքներում օգտագործվող էլեկտրասարքավորումները (էլեկտրաշարժիչներ, լուսավորության միջոցներ, տաքացնող սարքեր, միացման կարգավորման սարքեր և այլն) պետք է ունենան պայթյունապաշտպանություն:

204. Ուժային և բաշխիչ վահանակների, բոլոր անջատիչների վրա պետք է գրառվեն անջատվող սարքերի անվանումները:

205. Բոլոր ապահովիչների վրա ներդիրի հալեցման եղանակով պետք է նշվեն հոսանքի ուղղակի նշանակությունները:

206. ԱՀՎԼԿ-ի արտաքին լուսավորման ցանցի ղեկավարումն իրականացվում է կենտրոնացված կարգով` ԱՀՎԼԿ-ի շենքից:

207. Էլեկտրական սարքավորումների բոլոր մետաղե մասերը պետք է հուսալիորեն զրոյացվեն (խլահողակցված չեզոքով ցանցերի համար) կամ պետք է հողանցված լինեն (մեկուսացված չեզոքով ցանցերի համար): Խուլ հողանցված չեզոքով ցանցերում էլեկտրաընդունիչների իրանի հողանցումն առանց դրանց զրոյացման արգելվում է:

208. Հողանցող և զրոյական հաղորդիչների միացումը հողանցիչներին, հողանցման կոնտուրին և հողանցման շինվածքներին իրականացվում է եռակցման միջոցով, իսկ էլեկտրասարքավորումների իրանին` եռակցմամբ կամ հուսալի հեղույսային միացմամբ:

209. Էլեկտրակայանքների յուրաքանչյուր մաս, որը ենթակա է հողանցման կամ զրոյացման, պետք է միացվի հողանցման կամ զրոյացման ցանցին` առանձին հաղորդիչի միջոցով: Արգելվում է տեխնոլոգիական խողովակաշարերն օգտագործել որպես հողանցող կամ զրոյացնող հաղորդիչ:

210. Խուլ հողանցված չեզոքով էլեկտրասարքավորումներում տարվա ցանկացած եղանակին հողանցող սարքի դիմադրությունը պետք է լինի 8 Օհմ-ից ոչ բարձր` 220 Վ եռաֆազ գծային հոսանքի դեպքում, և 4 Օհմ` 220 Վ միաֆազ գծային հոսանքի դեպքում: Մեկուսացված չեզոքով էլեկտրակայանքներում օգտագործվող հողանցիչ սարքավորման դիմադրությունը չպետք է գերազանցի 4 Օհմ-ը:

211. Սույն կանոններով պահանջվող շանթապաշտպանությունը (այդ թվում՝ ԱՀՎԼԿ-ի շենքերի ու շինությունների, էլեկտրակայանքների ու էլեկտրասարքավորումների մասով) պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրաէներգետիկական համակարգի գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։

212. Հեղուկ վառելանյութի պահման վերգետնյա պահեստարանների, անոթների և այլ ապրանքամանների մետաղե իրանները պետք է սարքավորվեն շանթարգելներով` տեղակայված պաշտպանված օբյեկտի վրա կամ առանձին:

213. ԱՀՎԼԿ-ի գազահեռացնող խողովակների վրայի տարածությունը պետք է պաշտպանված լինի կայծակի հարվածներից: Պաշտպանված պետք է լինեն նաև շնչող կափույրները և դրանց վրայի տարածությունները:

214. ԱՀՎԼԿ-ի շանթարգելների և հոսանքահեռացուցիչների միացումները, ինչպես նաև հողանցիչների՝ միմյանց հետ միացումները պետք է կատարվեն եռակցմամբ: Հողանցիչների դիմադրության ստուգման նպատակով հոսանքահեռացուցիչների վրա պետք է նախատեսված լինի չափման միջոցների հեղույսային միացման հնարավորություն:

215. Շանթարգելման սարքավորումների վիճակի ստուգումը, ներառյալ դիմադրության չափումները, իրականացվում է տարին մեկ անգամ` չոր եղանակին: Կոռոզիայի արդյունքում դրանց հատումներում 30%-ից ավելի ջարդվածքների կամ հալվածքների դեպքում անհրաժեշտ է փոխել դրանք կամ իրականացնել միացված մասերի վերանորոգում:

216. Ստատիկ էլեկտրաէներգիայից պաշտպանման համար նախատեսված հողանցող սարքավորման դիմադրությունը չպետք է գերազանցի 100 Օհմ-ը:

217. ԱՀՎԼԿ-ում պետք է առկա լինեն՝

1) լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից տրված շանթապաշտպանության և հողանցման նախագծեր,

2) օգտագործվող չափման միջոցների համար, օրենքին համապատասխան, տրված ստուգաչափման վկայականներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված՝

ա․ գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրություններ,

բ․ հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրություններ,

գ․ հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրություններ,

3) տվյալներ` սարքավորումների վերանորոգման, փոփոխությունների մասին: Հողանցվող սարքերի տեխնիկական սպասարկման և անսարքությունների բացահայտման և դրանց վերացման համար կատարված աշխատանքները պետք է ամրագրվեն հողանցման կամ օպերատիվ գրանցամատյաններում: Արգելվում է էլեկտրասարքավորումների շահագործումը, որոնց հողանցման սարքերի դիմադրությունը մեծ է թույլատրելի սահմանից: Շանթապաշտպանության և հողանցման համակարգերը պետք է շահագործվեն մինչև ԱՀՎԼԿ-ի սարքավորումների փորձարկումը:

218. ԱՀՎԼԿ-ի տեխնոլոգիական սարքավորումների բոլոր մետաղե և էլեկտրահաղորդող ոչ մետաղե մասերը պետք է հողանցվեն` անկախ ստատիկ էլեկտրաէներգիայից պաշտպանության այլ միջոցների կիրառումից:

219. Բոլոր էլեկտրական սարքավորումները դրանք տեղակայող կարգաբերող հավաստագրված կազմակերպությունների կողմից ենթակա են պարբերական ստուգումների և փորձարկման: Սահմանվում է ստուգումների հետևյալ պարբերականությունը՝

1) մալուխային գծերի մեկուսացման դիմադրության, էլեկտրական հաղորդալարերի ցանցի ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,

2) էլեկտրական շղթայի հանգույցների և սարքերի ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,

3) հողանցման կոնտուրների վիճակի, շանթարգելման և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության սարքավորումների ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,

4) խլահողանցված չեզոքով էլեկտրասարքավորումների ստուգում` ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ,

5) մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում ծակվող ապահովիչների և ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության ստուգում՝ ոչ ուշ, քան տարին մեկ անգամ։

 

15. ԱՀՎԼԿ-Ի ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

220. ԱՀՎԼԿ-ում տարեկան երկու անգամ պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ` կապված եղանակային պայմանների փոփոխությունների հետ:

221. Գարնանային ժամանակաշրջանում անհրաժեշտ է`

1) ձեռնարկել ԱՀՎԼԿ-ի տարածքի և դրա մուտքերի ճանապարհների հեղեղումների առաջացման կանխարգելիչ միջոցառումներ,

2) ապահովել պահեստարանների հուսալի հերմետիկացումը, որը կբացառի ջրի ներթափանցումը և հեղուկ վառելանյութի արտահոսքը մինչև վարարաջրերի սկսվելը,

3) աղբից և սառույցից մաքրել արտադրագծային կոյուղու բոլոր փոսերը և ջրհորները,

4) հանել ջրագծային համակարգի, ջրհորների և հրդեհային ջրածորանների (հիդրանտների) տաքացուցիչները,

5) անջատել յուղերի տաքացման համակարգերը` շրջակա միջավայրի օդի դրական ջերմաստիճանի կայունացման դեպքում,

6) իրականացնել պահեստարանների շնչող կափույրների և կրակային ապահովիչների տեխնիկական զննում և սպասարկում,

7) տեղադրել կրակմարիչներ դրանց ամառային տեղակայման վայրերում,

8) իրականացնել ԱՀՎԼԿ-ի շենքերի և շինությունների, սարքավորումների ներկման աշխատանքներ (անհրաժեշտության դեպքում),

9) ԱՀՎԼԿ-ի տարածքը կանոնավոր կերպով մաքրել արտադրական թափոններից, կենցաղային և շինարարական աղբից, չոր խոտից և թափված տերևներից:

222. Աշնանային ժամանակաշրջանում անհրաժեշտ է`

1) վերանորոգել, փորձարկել և նախապատրաստել շենքերի ջեռուցման և յուղի տաքացման համակարգերը,

2) ցրտից պատսպարել ջրագծային համակարգերի ջրհորները և ջրածորանները,

3) կրակմարիչները տեղափոխել տաքացվող տարածքներ և տեղադրել «Այստեղ գտնվում են կրակմարիչներ» ցուցանակը,

4) նախապատրաստել ջրհորդանային և մաքրման շինությունների համակարգերը,

5) ցրտից պատսպարել շենքերի պատուհանների և դռների հատվածները,

6) պատրաստել անհրաժեշտ գույք` ձյան և մերկասառույցի ժամանակ տարածքի մաքրման համար,

7) ձյուն տեղալու և մերկասառույցի առաջացման դեպքում մաքրել ԱՀՎԼԿ-ի շենքերի և շինությունների մուտքերը, հարթակները և սարքավորումները։

 

Աղյուսակ

 

Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ

վառելանյութի լցավորման կայանների շենքերի և շինությունների անվանումը

Նվազագույն հեռավորությունը համապատասխան շենքերի միջև, կառույցները և սարքավորումները այն կարգով, որով դրանք գրանցվել են աղյուսակի վերնագրում

1. Վառելիքի պահպանման ստորգետնյա տարողություններ

1

2

3

6

7

8

 

4

 

3/9

9

9/15

15

 

6

9

2. Լցասյունակներ

4

   

6/9

9

12/15

15

4

9

9

3. Ավտոցիստերնների սպասարկման հարթակ

     

6/9

9

12/15

15

 

9

12

4. Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի' բենզինի և դիզելային վառելիքի լցակայանի անձնակազմի, տրանսպորտային միջոցների սպասարկման շենքեր՝

 

 

ա) I, II և III աստիճանի հրակայունության դասի CO կամ C1

 

 

 

բ) IV աստիճանի հրակայունության դասի CO

 

3/9

6/9

6/9

6

9

9

9

3/9

-/9

6

9

9

9

9

12

9

12

6/9

6/9

9

5. Վարորդների և ուղևորների սպասարկման շենքեր՝

 

ա) I, II և III աստիճանի հրակայունության դասի CO կամ C1

 

բ) IV աստիճանի հրակայունության դասի CO

9/15

12/15

12/15

9

9

6

9

9/15

-/9

9

15

15

15

9

12

9

12

12/15

6/9

12

6. Նավթամթերքով աղտոտված մթնոլորտային տեղումների մաքրման շինություններ

 

4

 

3/9

6/9

9/15

12/15

 

6

9

7. Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի

6

9

9

-/9

6/9

-/9

6/9

6

12

6

8. Դիզելային վառելիքով աշխատող կաթսայատան շենք

9

9

12

6

9

9

12

9

6

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

23.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան