Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2025
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.09.2025
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 «17» սեպտեմբերի 2025 թ․

ք. Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն գրությամբ դիմել է Էտոս բարեգործական հիմնադրամի իրավաբանական օգնության թիմի ղեկավար Դմիտրի Դանիլովը (այսուհետ՝ Դիմումատու)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) որոշ կարգավորումների կիրառության ժամանակ ի հայտ եկած տարընկալումների կապակցությամբ պաշտոնական պարզաբանում ստանալու համար: Դիմումատուն խնդրել է պաշտոնապես պարզաբանել, թե ով պետք է հանդես գա որպես դիմող մինչև 18 տարեկան երեխային կացության կարգավիճակ տրամադրելու դեպքում, քանի որ Որոշմամբ չի սահմանվում, թե ով պետք է հանդիսանա դիմող այն դեպքում, երբ կացության կարգավիճակը տրամադրվում է մինչև 18 տարեկան երեխային։

Դիմումատուն գրությամբ ներկայացրել է, որ մինչև 18 տարեկան երեխային կացության կարգավիճակ տրամադրելու դեպքում կարող է կիրառվել օրենքի անալոգիա, մասնավորապես՝ այն նորմերը, որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ստացման կարգը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման։ Նշվում է նաև, որ 16 տարին լրացած երեխան կարող է անձամբ ներկայացնել դիմում և ստանալ կացության քարտ, ինչպես նաև` նույն գործողությունները 16 տարին լրացած երեխայի փոխարեն կարող է կատարել նաև ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, քանի որ գործող օրենսդրությամբ հարցը հստակ կարգավորված չէ, իսկ հակառակ մեկնաբանությունը կնշանակի օրինական ներկայացուցչին զրկել երեխայի ներկայացուցիչ հանդես գալու իրավունքից («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մաս)։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում կացության կարգավիճակ ստանալու համար դիմող օտարերկրացին Հավելվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելիս լրացնում է դիմում-հարցաթերթիկ, որում, ի թիվս այլնի, նշվում են նաև 16 տարին չլրացած երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և քաղաքացիությունը։ Նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է նաև Հավելվածի «Դիմում-հարցաթերթիկ» ձևի 8-րդ կետում։

Այսինքն՝ Որոշմամբ կարգավորվում են 16 տարին չլրացած երեխայի և 18 տարին լրացած անձի ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու հետ կապված հարաբերությունները, իսկ 16-18 տարեկան երեխաների մասով ուղղակի կարգավորումներ առկա չեն։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ: Միաժամանակ, նշված օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ 18 տարին լրացած չլինելու դեպքում անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները (եթե երեխան չի ստացել նույնականացման քարտ): Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

«Նույնականացման քարտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ: Միաժամանակ, նշված օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 2․1-ին կետի համաձայն՝ 18 տարին լրացած չլինելու դեպքում նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Հիմք ընդունելով վերոգրյալ նորմատիվ իրավական ակտերի կարգավորումները, ինչպես նաև` այն հանգամանքը, որ առկա է 16-18 տարեկան երեխաների կողմից կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու խնդիր, անհրաժեշտ է խնդրո առարկան դիտարկել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) շրջանակներում։ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):

Ուստի գտնում ենք, որ 16-18 տարեկան երեխաների կացության կարգավիճակ ստանալու կապակցությամբ դիմող հանդիսանալու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումներով, քանի որ Որոշմամբ այն ուղղակիորեն կարգավորված չէ։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջնորդվում է Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով՝ կիրառելով օրենքի անալոգիա և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներով սահմանված՝ 16 տարին լրացած քաղաքացու կողմից դիմում ներկայացնելու վերաբերյալ նորմերը։ Մասնավորապես, անալոգիան վերաբերում է կացության կարգավիճակ ստանալու համար 16 տարին լրացած երեխայի կողմից դիմումը անձամբ ներկայացնելը իրավաչափ համարելուն։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև՝ վերոգրյալ նորմատիվ իրավական ակտերի համակարգային ուսումնասիրությունը և վկայակոչված նորմերի համակողմանի վերլուծությունը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․

● 16-18 տարեկան երեխաները կարող են կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնել անձամբ կամ

● 16-18 տարեկան երեխաների համար կացության կարգավիճակ ստանալու դիմումը կարող են ներկայացնել 16-18 տարեկան երեխաների ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։

 

Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի նախարար

Ա Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2025 թվական: