ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
3 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 143 |
քաղ. Մոսկվա |
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 172 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 143 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա)՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան:
Կոմիտեն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարածքում մտավոր սեփականության իրավունքների պահպանության և պաշտպանության հարցերով Կոլեգիայի համար առաջարկներ մշակելու գծով Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է:
2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով։
II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) Հանձնաժողովի համար մտավոր սեփականության ոլորտում հանձնարարականների մշակում.
բ) մտավոր սեփականության ոլորտի հարցերով խորհրդատվությունների անցկացում.
գ) մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության վերաբերյալ առաջարկների մշակում.
դ) Միության անդամ պետությունների համար (այսուհետ՝ անդամ պետություններ) մտավոր սեփականության ոլորտում Հանձնաժողովի հանձնարարականների նախագծերի վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.
ե) խորհրդատվությունների անցկացման շրջանակներում մտավոր սեփականության ոլորտի այլ հարցերի քննարկում, այդ թվում՝ Կոլեգիայի այն անդամի հանձնարարությամբ, որի իրավասությանն են վերապահված մտավոր սեփականության հարցերը, ինչպես նաև նշված հարցերի վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը:
4. Իր վրա դրված խնդիրներն իրագործելու համար Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) անցկացնում է վերլուծություն՝
Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության.
մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի.
համապատասխան ոլորտներում նորմատիվ իրավական բազայի և միջազգային կազմակերպությունների գործունեության.
բ) նախապատրաստում է առաջարկներ հետևյալ հարցերի վերաբերյալ`
մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում.
մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների կողմից քաղաքականության արդյունավետ մեխանիզմների ձևավորում և համակարգման սկզբունքների մշակում.
լիազորված կազմակերպությունների և Հանձնաժողովի կողմից մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների միջև համագործակցության կազմակերպում.
անդամ պետությունների կողմից մտավոր սեփականության ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների կատարման դիտանցում և հսկողություն անցկացնելու կարգի կատարելագործում.
գ) իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության սահմաններում:
5. Կոմիտեն Հանձնաժողովի համար անցկացնում է խորհրդակցություններ և Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված հարցերի շուրջ հանձնարարականներ է նախապատրաստում:
6. Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված այն հարցերը, որոնց շուրջ Կոլեգիան պարտավոր է խորհրդակցություններ անցկացնել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 25-րդ կետին համապատասխան, քննարկվում են Կոմիտեի շրջանակներում՝ մինչև դրանք քննարկելը Կոլեգիայի նիստին:
III. Կոմիտեի կազմը
7. Կոմիտեի կազմը ձևավորվում է մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներից:
Կոմիտեի կազմը ձևավորելու համար Հանձնաժողովը դիմում է անդամ պետություններին՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու խնդրանքով:
Կոմիտեի կազմի մեջ կարող են ներառվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Անդամ պետությունները ժամանակին ներկայացնում են Կոմիտեի կազմի մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ.
Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:
8. Կոմիտեի նիստերին նախագահում և Կոմիտեի աշխատանքների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կոլեգիայի անդամը, որի իրավասությանն են վերապահված մտավոր սեփականության ոլորտի հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
9. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքներ.
բ) որոշում է կայացնում Կոմիտեի նիստի անցկացման մասին, հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված հանձնարարականների մասին.
զ) հաստատում է ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի մասին դրույթներն ու դրանց կազմերը.
է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների հետ փոխգործակցության ժամանակ:
10. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից:
11. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը.
բ) իրականացնում է հսկողություն օրակարգի նախագծի և Կոմիտեի նիստին առնչվող նյութերը պատրաստելու ու ներկայացնելու գործընթացների նկատմամբ.
գ) պատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրա վերաբերյալ նյութերը.
դ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.
ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը.
զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփիչ փաստաթղթերը պատրաստելը և դրանք Կոմիտեի անդամներին հասցնելը.
է) իրականացնում է հսկողություն Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ:
12. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն մտնում դրանց կազմի մեջ:
13. Կոմիտեին կից կարող են ստեղծվել ենթակոմիտեներ Կոմիտեի գործունեության ուղղություններով հարցերի լուծման համար և, անհրաժեշտության դեպքում, փորձագիտական և աշխատանքային խմբեր, այդ թվում՝ աշխատանքային խմբեր՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար:
Ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի կազմերը ձևավորվում են մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներից և անդամ պետությունների փորձագետներից, որոնց իրավասությանն են վերապահված մտավոր սեփականության ոլորտի հարցերը:
IV. Կոմիտեի աշխատակարգը
14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան կիսամյակը մեկ անգամ:
15. Կոմիտեի նիստերի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
16. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկները Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Կոմիտեի նախագահին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 20 օրացուցային օր առաջ:
Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկելու համար հարցեր առաջարկած Կոմիտեի անդամներն ապահովում են առաջարկված հարցերի շուրջ Կոմիտեի պատասխանատու քարտուղարին տեղեկություններ և նյութեր ներկայացնելը:
17. Կոմիտեի նախագահը և պատասխանատու քարտուղարն իրավունք ունեն մտավոր սեփականության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկատվություն:
18. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ,
բ) քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում),
գ) արձանագրային որոշումների նախագծեր,
դ) Հանձնաժողովի համար հանձնարարականների նախագծեր,
ե) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։
19. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով, Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օր առաջ:
20. Կոմիտեի անդամները ներկայացնում են Կոմիտեի նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը (թղթային կրիչով կամ էլեկտրոնային փոստով) ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 5 օրացուցային օր առաջ:
21. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում։
Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, որն ընդունվում է անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկների հիման վրա: Այս դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:
Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
22. Կոմիտեի անդամները նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։
Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են Կոմիտեի անդամները, որոնք ներկայացնում են անդամ-պետությունների մեծամասնությունը:
23. Կոմիտեի նիստի ընթացքում հարցեր քննարկելու ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները։
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամն ունի առանձնահատուկ կարծիք Կոմիտեի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ, այն շարադրվում է գրավոր և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստերի արձանագրությանը կարող են կցվել նաև քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկներ, տեղեկատվական և վերլուծական նյութեր ու համապատասխան հիմնավորումներ:
Կոմիտեի նիստի արձանագրությունը հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 7 օրացուցային օր հետո:
Կոմիտեի պատասխանատու քարտուղարն ուղարկում է Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի բոլոր անդամներին Կոմիտեի նախագահի կողմից դրա հաստատման օրվանից 3 օրացուցային օրվա ընթացքում:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի դեպարտամենտում, որի իրավասությանն են վերապահված մտավոր սեփականության ոլորտի հարցերը:
24. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի նիստերին գործարար համայնքների ներկայացուցիչների, գիտական և հասարակական կազմակերպությունների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:
25. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: