ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
28 հոկտեմբերի 2004 թ. |
N 1 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ XIII ԲԱԺՆԻ 24-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է առողջության համար վնասակար և առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը, որոնք հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 11.12.2003 թ. N 1907-Ն որոշմամբ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 11.12.2003 թ. N 1907-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված ցանկի XIII բաժնի 24-րդ կետի համաձայն 50% հավելում հատկացնելու համար նախատեսված է պայման, որ աշխատակիցը պետք է ներգրավված լինի օդային երթևեկության.
● առավելագույն ինտենսիվությամբ կամ
● բարդությամբ
անմիջականորեն երթևեկության կառավարմանը։
Այդ կապակցությամբ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող իրավական ակտերով չեն սահմանվում օդային երթևեկության առավել բարդության (կամ ինտենսիվության) որոշման կանոնակարգ (կամ նորմատիվ)։ Միաժամանակ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման մարմինները, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն իրականացվող ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում պարզեցման և արագացման նպատակով իրավասու են ճանաչել և կիրառել եվրոպական երկրների Համատեղ ավիացիոն իշխանությունների սահմանած Համատեղ ավիացիոն կանոնակարգերը, որոնք պարտադիր են Եվրոպական Միության երկրների համար, ինչպես նաև Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության և քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի կանոնակարգերը։
Այդ կապակցությամբ, քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններից Եվրոկոնտրոլի կողմից ընդունված կանոնակարգերով սահմանված օդային երթևեկության սպասարկման բարդության նորմատիվները և օդանավակայանների դասերը (որոնք գնահատվում են ըստ ինտենսիվության՝ օդանավերի սպասարկման քանակի) համապատասխանաբար հետևյալն են.
1. օդային երթևեկության սպասարկման բարդությունների դասեր.
1.1 բարձր բարդություն - 304 չվերթի սպասարկում մեկ (հագեցված) ժամում,
1.2 միջին-ցածր բարդություն - 120 չվերթի սպասարկում մեկ (հագեցված) ժամում,
1.3 ցածր բարդություն - 19 չվերթի սպասարկում մեկ (հագեցված) ժամում,
2. օդանավակայանների դասեր.
2.1 1-ին դաս - ավելի քան 1000 օդանավի սպասարկում մեկ (հագեցված) օրում,
2.2 2-րդ դաս - 400-ից 1000 օդանավի սպասարկում մեկ (հագեցված) օրում,
2.3 3-րդ դաս - 300-ից 400 օդանավի սպասարկում մեկ (հագեցված) օրում,
2.4 4-րդ դաս - 120-ից 300 օդանավի սպասարկում մեկ (հագեցված) օրում,
2.5 5-րդ դաս - մինչև 120 օդանավի սպասարկում մեկ (հագեցված) օրում։
Նշված նորմատիվների համաձայն, Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության սպասարկման բարդությունն ըստ ինտենսիվության համապատասխանում է «ցածր բարդությամբ» դասին, իսկ «Զվարթնոց», «Շիրակ», «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններն ըստ ինտենսիվության՝ «5-րդ» դասին։
Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության սպասարկման «ցածր բարդությամբ» լինելու կապակցությամբ վերոգրյալը հաստատված է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական կառավարումն իրականացնող մարմնի (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության) և Եվրոկոնտրոլի կողմից համատեղ 06.12.2001 թ. հաստատված ԷլՍիԱյՓիԴի (LCIPD) ծրագրով, որով էլ որպես երաշխիք սահմանված է Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության սպասարկման զարգացման ռազմավարությունը՝ Եվրոպայի օդային երթևեկության սպասարկման զարգացման ռազմավարությանը համապատասխան։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
Միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության օդային տարածքում (այդ թվում «Զվարթնոց», «Շիրակ», «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայանների օդային տարածքներում) օդային երթևեկության սպասարկման բարդությունն ըստ ինտենսիվության դասվում է «ցածր բարդությամբ» դասին և չի հանդիսանում օդային երթևեկության առավելագույն ինտենսիվությամբ կամ օդային երթևեկության բարդությամբ կառավարման տարածք։
ՀՀ կառավարությանն առընթեր |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|