Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-265-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.54
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասը՝

ա) «արգելանք դնելը,» բառերից հետո լրացնել «սահմանափակում կիրառելը,» բառերով.

բ) «(աճուրդ կամ ուղղակի վաճառք):» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանափակումը կիրառվում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 44.2.

Պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելը

 

1. Պարտապանի գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը ներառում է պարտապանի շարժական գույքի գույքագրումը և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միասնական գրանցամատյանում դրա նկատմամբ սահմանափակման գրանցումը:

Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51 հոդվածով նախատեսված գույքը:

2. Սահմանափակումը կիրառվում է`

1) դատարանի որոշման հիման վրա.

2) պատասխանողին պատկանող գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին վարչական մարմնի որոշման հիման վրա.

3) հանրային իրավական դրամական պահանջները կատարելու ժամանակ։

3. Պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

4. Սահմանափակում կիրառված գույքի արժեքից բավարարման հերթականությունը և առաջնահերթությունը որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1 գլխով սահմանված կարգով:

5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:

6. Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա սահմանափակում կարող է կիրառվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 50.

Գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելը

 

1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված անշարժ գույքի վրա արգելանք դնելու որոշման և գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:

Պարտապանի գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու անշարժ գույքի գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ:

2. Եթե պարտապանի գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնում նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ անշարժ գույքը համարվում է գրավ դրված գրավառուի մոտ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-265-Ն