Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2024
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
20.12.2024
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«20» դեկտեմբերի 2024 թ.
ք. Երևան

N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ (THEORETICAL TRAINING AND SPECIAL FLIGHTS LIGHTS) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 56-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (Theoretical Training and Special Flights Lights)՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 56-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Նախարար`

 

12/20/2024

Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2024 թվականի դեկտեմբերի «20»-ի

N 21-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օդանավերով, օդանավ չհանդիսացող թռչող սարքերով կամ սարքավորումներով և անօդաչու օդանավերով Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով՝

1) Հատուկ բնույթի թռիչքներ են հանդիսանում.

ա. գյուղատնտեսության և շինարարության կարիքների համար թռիչքները,

բ. դիտարկումների, այդ թվում՝ լուսանկարչական աշխատանքների, քարտեզագրության, չափագրման համար թռիչքները,

գ. օդանավավարության բարդ (աերոբատիկ) թռիչքները,

դ. գովազդի նպատակներով թռիչքները,

ե. սպորտային և սիրողական նպատակներով թռիչքները,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկով սահմանված թռիչքները,

է․ Գիտահետազոտական, տեսչական, փոստային և լոգիստիկ, հեռահաղորդակցության, լուսային շոուներ, իրավաբանական և ապահովագրական նպատակներով թռիչքներ, քաղաքաշինական և ճարտարապետական, զարդարանքային և տոնական թռիչքներ։ Զարդարանքային և տոնական նպատակներով թռիչքները կարող են լինել ապագա երեխայի սեռի բացահայտման օդային շոուներ գունավոր փոշիների, փուչիկների, ծաղիկների կամ ծաղկեգլխիկների, փափուկ խաղալիքների, կամ այլ անվնաս պարագաների բաց թողումով, ինչպես նաև կախոցային պաստառների միջոցով թռիչքներ,

ը․ այլ նպատակներով թռիչքներ։

2) Ուսումնական թռիչքներ են հանդիսանում ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների համար սահմանված մասնագիտական գիտելիքների և հմտությունների ուսուցման, պահպանման և բարձրացման նպատակով օդանավերով իրականացվող թռիչքները: Դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կամ օդանավ շահագործողների կողմից կազմակերպվող դասընթացների ընթացքում` թռիչքային պատրաստվածության թռիչքների և աերոդրոմային վարժանքների միջոցով:

3. Օդանավերով, օդանավ չհանդիսացող թռչող սարքերով կամ սարքավորումներով և անօդաչու օդանավերով թռիչքներ իրականացնելիս թռչող սարք շահագործողի կողմից փաստացի թռիչքից առաջ 2 ժամվա ժամանակահատվածում լրացվում է սույն կարգի Ձև 5-ով (ֆիզիկական անձի պարագայում) կամ Ձև 6-ով (իրավաբանական անձի պարագայում) սահմանված հայտարարությունը և ռիսկերի գնահատման նախաթռիչքային ստուգաթերթը (այսուհետ՝ Ստուգաթերթ): Ստուգաթերթը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և օդային երթևեկության մարմիններին հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ gdca@gdca.am և cds@armats.am։

4. Օդանավերով, օդանավ չհանդիսացող թռչող սարքերով կամ սարքավորումներով և անօդաչու օդանավերով Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման ընթացքում տեղի ունեցած ցանկացած իրադարձության վերաբերյալ պետք է անհապաղ զեկուցել Կոմիտեին՝ gdca@gdca.am և cds@armats.am էլեկտրոնային հասցեներով։

5. Եթե սույն Կարգի համաձայն թույլտվություն ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացվում է դրա տրամադրման համար հիմք հանդիսացած պայմանների և պահանջների խախտմամբ, որոնք սպառնում կամ կարող են սպառնալիք հանդիսանալ թռիչքների անվտանգության համար, Կոմիտեն կարող է անհապաղ դադարեցնել թույլտվությամբ նախատեսված գործունեության իրականացումը՝մինչև հայտնաբերված խախտումները վերացված լինելու փաստը Կոմիտեի կողմից արձանագրվելը։

 

2․ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ԵՎ ԱՆՕԴԱՉՈՒ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Օդանավերով («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) N 7 հավելվածով սահմանված) և անօդաչու օդանավերով (այսուհետ՝ թռչող սարք) թռիչքներ իրականացնելիս թռչող սարք շահագործողը պատասխանատու է տվյալ սարքի անվտանգ թռիչքային, տեխնիկական շահագործման համար` թռչող սարքը արտադրողի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան: Թռչող սարքերով թռիչքներն իրականացվում են սույն Կարգի համաձայն Կոմիտեի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։

7. Օդապարիկներով, սավառնակներով, դիրիժաբլներով իրականացվող թռիչքների պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն հրամանով հաստատված թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (air crew regulation) SUBPART B.1-ով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 2-Ն հրամանով հաստատված թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (air operations regulation) SPO D3 և D4 բաժիններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի ապրիլի 2-ի թիվ 03-Ն հրամանով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկով թռիչքներ իրականացնող մարմինները էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսային կապի միջոցով տվյալ թռիչքն իրականացնելուց անմիջապես առաջ պետք է այդ մասին տեղեկացնեն օդային տարածքի կազմակերպման միավորներին, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմիններին և հակաօդային պաշտպանության ուժերին: Նշված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները` տվյալ թռիչքի օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

9. Հատուկ բնույթի թռիչքներն իրականացվում են յուրաքանչյուր այդպիսի թռիչքի համար նախատեսված թռչող սարքերով:

10. Հատուկ բնույթի թռիչքները կարող են իրականացվել միայն դրանց համար սույն կարգի համաձայն տրամադրված թույլտվությամբ նախատեսված նպատակներով՝ հատկացված օդային տարածքներում (աերոբատիկ թռիչքների դեպքում):

11. Հատուկ բնույթի թռիչքներ իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք թռիչքից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ թղթային կամ էլեկտրոնային եղանակով սույն կարգի Ձև 1-ով սահմանված հայտ են ներկայացնում (հայերեն կամ անգլերեն լեզուներով) Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` Կոմիտե): Թղթային եղանակով հայտը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով:

12. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը`

1) Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված օդաչուի կամ օդաչուների համապատասխան վկայականների և բժշկական սերտիֆիկատների պատճենները, իսկ անօդաչու օդանավերի դեպքում` անօդաչու օդանավի օպերատորի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները և կապի բոլոր միջոցները,

2) օդանավ շահագործողի վկայականի կամ թռչող սարքի գրանցման կամ հաշվառման վկայականի պատճենը (անօդաչու օդանավերի համար` եթե առկա է), ընդ որում․

ա․ մինչև 750 կգ դատարկ քաշ ունեցող օդանավերի դեպքում, որոնք չունեն Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրված տիպի սերտիֆիկատ (Type Certificate), սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի փոխարեն հայտատուն Կոմիտե պետք է ներկայացնի օդանավ արտադրողի կամ արտադրողի պետության կողմից տրված տիպի համապատասխանության փաստաթուղթ,

բ․ այն դեպքում, երբ օդանավի դատարկ քաշը գերազանցում է 750 կգ-ը, ապա Կոմիտեն բացառիկ դեպքերում (ավիացիոն միջոցառումներ՝ փառատոններ, ավիաշոուներ և այլն) կարող է առաջնորդվել սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պահանջներով,

3) թռչող սարքի վարձակալության կամ օգտագործման պայմանագիրը, եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ թռչող սարքի սեփականատեր,

4) թռչող սարքի տիպի կամ նմուշի սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ կազմակերպության կողմից,

5) թռչող սարքի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմնի կամ տվյալ թռչող սարքը արտադրող կազմակերպության կողմից (անօդաչու օդանավերի համար՝ եթե առկա է), ընդ որում՝ թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կամ այլ համարժեք փաստաթղթի բացակայության դեպքում, այն հայտատուները, որոնց վրա տարածվում են սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված պահանջները, պետք է լրացնեն սույն կարգի Ձև 7-ով սահմանված հայտարարագիրը,

6) տեղեկատվություն` տվյալ թռիչքների ընթացքում, թռչող սարքի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին,

7) թռչող սարքի արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը. եթե այդ թռչող սարքի վերաբերյալ չկան լիարժեք տեղեկություններ, ապա տվյալ սարքը արտադրող կազմակերպության կողմից տրված օգտագործողի ձեռնարկը,

8) թռիչքների իրականացման ծրագիրը և թռիչքային պլանը,

9) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության կամ վերաապահովագրության սերտիֆիկատները,

10) ավիացիոն անվտանգության ծրագիրը,

11) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

13. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատում: Փաստաթղթերի գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների, անճշտությունների դեպքում մեկօրյա ժամկետում Կոմիտեն այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում վերացնել թերությունները, անճշտությունները և էլեկտրոնային եղանակով ներկայացնել Կոմիտե:

14. Այն դեպքում, երբ հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված՝ հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտե մուտքագրվելու պահից:

15. Հայտատուն ապահովում է թռչող սարքի ֆիզիկական վիճակի ստուգում Կոմիտեի կողմից՝ օդանավի շահագործողատեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

16. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 18-Ն հրամանով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում համապատասխան պետության ավիացիոն իշխանություններին` տվյալ թռիչքային անձնակազմի անդամի վկայականի և դրանում նշված որակավորման նիշերի համապատասխանության, թռչող սարքի գրանցման (հաշվառման), օդանավին, օդանավ շահագործողին տրված վկայականների (թույլտվությունների) վավերականությունը ճշտելու նպատակով:

17. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց իրավասության շրջանակում հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ դիրքորոշումները թռիչքից առնվազն 1 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփում է և դրա արդյունքում Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի կողմից թռիչքից առնվազն 8 ժամ առաջ հայտատուին տրամադրվում է սույն կարգի Ձև 3-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտեի կողմից տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում Կոմիտեն տեղեկատվությունը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում է օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին և կատարում ծանուցում հայտատուին՝ էլեկտրոնային եղանակով:

18. Հայտը մերժվում է, եթե՝

1) սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում և կից փաստաթղթերում առկա թերությունները,

2) հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան այնպիսի թերություններ և անհամապատասխանություններ, որոնք անմիջական ազդում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 2-Ն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի թիվ 10-Ն հրամաններով սահմանված թռիչքային պիտանիության պահպանման կամ ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա, կամ

3) եթե սույն կարգի 16-րդ կետում նշված հարցման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:

19. Թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք տվյալ թռիչքների վերաբերյալ Ձև 8-ին համապատասխան տեղեկատվությունը փոխանցում են «Հայաերոնավիգացիա» ՓԲ ընկերության ՕԵՍ մարմիններին հետևյալ հեռախոսահամարով՝ 010292907 թռիչքից առնվազն 8 ժամ առաջ` նշելով նաև թռիչքի իրականացման շրջանները կամ թռիչքային սխեմաները, սկիզբը և ավարտը, որն ապահովում է տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներին: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում առկա են խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից անհապաղ տեղեկացվում է թույլտվություն ստացած կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց, և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը: Թռիչքի վերաբերյալ սույն կետով նախատեսված օդային երթևեկության սպասարկման մարմնին Ձև 8-ին համապատասխան տրամադրված տեղեկատվության մեջ ցանկացած փոփոխության դեպքում թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք այդ մասին թռիչքից առնվազն 2 ժամ առաջ էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսային կապի միջոցով տեղեկացնում են օդային երթևեկության սպասարկման մարմնին:

20. Թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք թռիչքներ իրականացնելիս սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով լրացնում և ներկայացնում են սույն կարգի Ձև 5-ով և Ձև 6-ով սահմանված Ստուգաթերթերը փաստացի թռիչքից առաջ։

 

3 Օդանավ չհանդիսացող թռչող սարքերով ԿԱՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐ

 

21. Սպորտային և սիրողական նպատակով օդանավ չհանդիսացող թռչող սարքերով և սարքավորումներով (Չիկագոյի կոնվենցիայի N 7 հավելվածով սահմանված) իրականացվող թռիչքները իրականացվում են առանց Կոմիտեի կողմից տրված թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի թիվ 825-Ն որոշմամբ սահմանված` կառավարվող օդային տարածքից դուրս կամ Կոմիտեի կողմից հատկացված օդային տարածքներում` պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ նշված թռիչքների համար արգելված օդային տարածքներում: Սպորտային և սիրողական նպատակով օդանավ չհանդիսացող թռչող սարքերով և սարքավորումներով թռիչքներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք տվյալ թռիչքների վերաբերյալ Ձև 8-ին համապատասխան տեղեկատվությունը փոխանցում են թռիչքից առնվազն 8 ժամ առաջ cds@armats.am էլեկտրոնային հասցեին կամ հեռախոսային կապի միջոցով՝ 060-434-295 հեռախոսահամարին: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում առկա են խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից անհապաղ տեղեկացվում է թռչող սարք շահագործողին, և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը: Թռիչքի վերաբերյալ սույն կետով նախատեսված օդային երթևեկության սպասարկման մարմնին տրամադրված տեղեկատվության մեջ ցանկացած փոփոխության դեպքում թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք այդ մասին թռիչքից առնվազն երկու ժամ առաջ էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսային կապի միջոցով տեղեկացնում են օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին:

22. Սպորտային և սիրողական նպատակով օդանավ չհանդիսացող թռչող սարքերով և սարքավորումներով թռիչքներ իրականացնելիս թռչող սարք շահագործողի կողմից փաստացի թռիչքից առաջ 2 ժամվա ժամանակահատվածում լրացվում է սույն կարգի Ձև 5-ով սահմանված Ստուգաթերթը ֆիզիկական անձանց համար և ներկայացվում է էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ gdca@gdca.am; cds@armats.am:

 

4․ ԱՆՕԴԱՉՈՒ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

23. Սույն կարգի նկար 1-ում ներկայացված աերոդրոմի վազքուղուն կից գոտիներում անօդաչու օդանավերով թռիչքները կարող են իրականացվել միայն Կոմիտեի կողմից սույն կարգի համաձայն տրամադրված թույտվության հիման վրա:

 

Ներմուծեք նկարագրությունը_24207

Նկար 1

 

24. Սույն կարգի 23-րդ կետում նշված գոտիներից դուրս ընկած օդային տարածքում առանց սույն կարգով սահմանված թույլտվության կարող են շահագործվել՝

1) մինչև 250 գրամ քաշ ունեցող անօդաչու օդանավերը՝ մինչև 120 մետր (400 ոտնաչափ) տեղանքի նկատմամբ հարաբերական առավելագույն բարձրության վրա,

2) 250 գրամից մինչև 50 կգ առավելագույն քաշ ունեցող և գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող անօդաչու օդանավերը՝ մինչև 50 մետր (165 ոտնաչափ) տեղանքի նկատմամբ հարաբերական բարձրության վրա։

25. Անօդաչու օդանավով չեն կարող տեղափոխվել վտանգավոր բեռներ և թռիչքի ընթացքում կատարել որևէ առարկայի բեռնաթափում։

26. Անօդաչու օդանավով իրականացվող թռիչքի վայրում չպետք է ներգրավված լինեն 3-րդ անձինք և թռիչքի ընթացքում պետք է պահպանվի սույն կարգի նկար 2-ում բերված 1:1 կանոնը՝ անօդաչու օդանավի բարձրությունը տեղանքի մակերևույթի նկատմամբ և թռիչքի գործընթացում չներգրավված անձանց միջև ընկած հեռավորությունը պետք է լինի համաչափ, սակայն ոչ պակաս քան 50 մետրը (165 ոտնաչափ)։

 

Ներմուծեք նկարագրությունը_24208

Նկար 2

 

27. Անօդաչու օդանավով թռիչքները կարող են իրականացվել բացառապես անօդաչու օդանավի օպերատորի տեսանելիության դաշտի սահմաններում։ Անօդաչու օդանավի օպերատորը թռիչքի կատարման ընթացքում պարտավոր է կրել արտահայտված լուսանդրադարձիչ բաճկոն:

 

5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

28. Ուսումնական թռիչքներ իրականացնող քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունները, մասնավոր (սիրողական) օդաչու պատրաստելու համար Կոմիտեի կողմից տրված թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք կամ օդանավ շահագործողները ուսումնական թռիչքները սկսելուց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ թղթային կամ էլեկտրոնային եղանակով սույն կարգի Ձև 2-ով սահմանված հայտ են ներկայացնում Կոմիտե: Թղթային եղանակով հայտը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am էլեկտրոնային հասցեով:

29. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) ուսումնական թռիչքներ իրականացնող օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների տվյալները՝ Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված համապատասխան վկայականները և բժշկական սերտիֆիկատները,

2) ուսումնական թռիչքներում նախատեսված ուսանող-օդաչուների ցուցակը,

3) օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում),

4) օդանավի գրանցման վկայականը,

5) օդանավի վարձակալության (օգտագործման) պայմանագիր, եթե օդանավ շահագործողը (օգտագործողը) չի հանդիսանում տվյալ օդանավի սեփականատերը,

6) օդանավի տիպի սերտիֆիկատը,

7) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը,

8) օդանավն արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը,

9) տեղեկատվություն օդանավի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին,

10) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության կամ վերաապահովագրության սերտիֆիկատները,

11) թռիչքների իրականացման ուսումնական ծրագիրը,

12) ավիացիոն անվտանգության ծրագիրը,

13) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

30. Ուսումնական թռիչքների իրականացման ծրագրերը նախքան հայտ ներկայացնելը մշակում են համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք կամ օդանավ շահագործողները և ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը, որը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով այն Կոմիտեում ստացվելուց հետո տասնօրյա ժամկետում:

31. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային գնահատում: Փաստաթղթերի գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների, անճշտությունների դեպքում Կոմիտեն հայտնաբերելու օրվանից մեկօրյա ժամկետում այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում վերացնել թերությունները, անճշտությունները և էլեկտրոնային եղանակով ներկայացնել Կոմիտե:

32. Այն դեպքում, երբ հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված՝ հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտե մուտքագրվելու պահից:

33. Հայտի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձվում թռիչքային անձնակազմի անդամների (օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 19-Ն հրամանի, Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամների վկայականի գործողության ժամկետի վրա, դրանում գրանցված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի համապատասխանությանը հայտում նշված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի հետ և դրանց գործողության ժամկետի վրա` Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածի պահանջների համաձայն:

34. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց իրավասության շրջանակներում հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ դիրքորոշումները թռիչքից առնվազն 1 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփում է և դրա արդյունքում Կոմիտեի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի կողմից թռիչքից առնվազն 8 ժամ առաջ հայտատուին տրամադրվում է սույն կարգի Ձև 4-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտեի կողմից տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում Կոմիտեն տեղեկատվությունը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում է օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին և կատարում ծանուցում հայտատուին՝ էլեկտրոնային եղանակով:

35. Հայտը մերժվում է, եթե`

1) սույն կարգի 31-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում և կից փաստաթղթերում առկա թերությունները,

2) հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան այնպիսի թերություններ և անհամապատասխանություններ, որոնք անմիջական ազդում են թռիչքների կամ ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա, կամ

3) սույն կարգի 16-րդ կետում նշված հարցման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:

36. Ուսումնական թռիչքները իրականացվում են օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի թույլտվություն ունեցող ավիացիոն մասնագետների անմիջական ներկայությամբ և մասնակցությամբ:

37. Ուսումնական թռիչքները իրականացվում են աերոդրոմի տարածքում, ինչպես նաև տվյալ թռիչքը իրականացնող օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի կողմից տրված թռիչքային պլանով նախատեսված օդային տարածքում:

38. Ուսումնական թռիչքների ժամանակ օդանավում կարող են գտնվել ոչ ավելի, քան երեք օդաչու-ուսանողներ:

39. Ուսումնական թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ:

40. Օդաչու-ուսանողների ինքնուրույն թռիչքները կարող են կատարվել միայն օդաչու-հրահանգչի կամ օդաչու-քննողի ներկայության դեպքում:

41. Եթե թռիչքներն իրականացվելու են ոչ կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս պետք է հեռախոսային կապի միջոցով տեղեկացնի օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին թռիչքի մեկնարկից անմիջապես առաջ, նախապես պլանավորված թռիչքի բոլոր փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր թռիչքի ավարտի վերաբերյալ վայրէջքից ոչ ուշ, քան 30 րոպե ժամանակահատվածում` կոորդինացման/համակարգման համար: Թռիչքի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը կարող է առաջացնել հավելյալ որոնողափրկարարական աշխատանքների:

42. Եթե թռիչքներն իրականացվելու են կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի թիվ 737-Ն որոշմամբ սահմանված կարգով պետք է ներկայացնի թռիչքային պլան:

 

Ձև N 1-8

Form N 1-8

 

(հավելվածը խմբ. 15.09.25 N 22-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: