Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-240-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.29
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 25-րդ կետը «պեստիցիդ» բառից հետո լրացնել «բույսերի պաշտպանության միջոց,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով.

«27) բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «և փաստաթղթերի ցանկի ու ձևի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6.

Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը, վերագրանցումը և գրանցումից հանելը

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման:

2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումն իրականացվում է, եթե՝

1) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.

2) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

4. Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

1) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների համար՝

ա. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը, պատրաստուկային ձևը, արտադրող ֆիրման,

բ. պեստիցիդների ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակումների կամ սնուցումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը,

գ. ագրոքիմիկատների սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները,

դ. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը (միայն պեստիցիդների մասով), ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում),

ե. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը),

զ. թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ և այլն),

է. ազդեցությունը վերարտադրողականության վրա,

ը. մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները,

թ. սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը (հաշվետվությունը),

ժ. սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը.

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար պահանջվում է նաև՝

ա. տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում դրանց երկու տարվա դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին,

բ. առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, գիտության և կրթության լիազոր մարմնի մասնագիտական դրական եզրակացությունները.

3) օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվում են նաև գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրված լինեն արտադրողի կամ նրա պաշտոնական ներկայացուցչի կամ դիստրիբյուտորի կողմից:

7. Հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:

8. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

9. Լիազոր մարմինը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է տվյալ պեստիցիդները կամ ագրոքիմիկատները գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում և տեղյակ է պահում հայտատուին:

10. Պեստիցիդները գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրամադրած տվյալները պաշտպանված են և հրապարակման ենթակա չեն, եթե փաստաթղթային փաթեթի ներկայացման ժամանակ դիմողը պահանջել է ազդող նյութի, հակաթույնի կամ համագործչի, օժանդակ նյութերի և պեստիցիդների վերաբերյալ փորձերի և հետազոտությունների արդյունքների մասին տվյալների հավաստում այն մասին, որ փորձերի և հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տվյալների պաշտպանության ժամկետ երբեք չի սահմանվել, կամ սահմանված որևէ ժամկետ չի լրացել:

11. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցվում են հինգ տարի ժամկետով, և գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրվում է գրանցման վկայական:

12. Պեստիցիդները և ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե՝

1) լրացել է գրանցման ժամկետը, և վերագրանցման մասին հայտ է ներկայացվել.

2) մինչև գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխություն:

13. Վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված գրանցման դրույթներին համապատասխան:

14. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե լրացել է գրանցման ժամկետը, կամ գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ կամ ազդող կամ համագործիչ, կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում:»:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «8-րդ հոդվածի» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի» բառերով.

2) 3-րդ մասի «10 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-240-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան