Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-234-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.23
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում` 

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին, 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 12.1- ին կետերով.

«4.1) սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական նորմեր` պարտադիր կատարման համար պահանջներ և ընթացակարգեր, որոնք սահմանվում են վնասակար օրգանիզմների, հիվանդությունների, հիվանդություններ փոխանցողների կամ հիվանդածին օրգանիզմների ներթափանցման, ամրապնդման կամ տարածման հետ կապված, այդ թվում` կենդանիների և (կամ) բույսերի կողմից, արտադրանքի, բեռների, նյութերի, տրանսպորտային միջոցների, հավելումների, այդ թվում` սննդամթերքի կամ կերերի հետ աղտոտիչ նյութերի, տոքսինների, վնասատուների, մոլախոտերի, հիվանդածին օրգանիզմների փոխանցման և տարածման հետ կապված առաջացող ռիսկերից պաշտպանելու նպատակով, ինչպես նաև պարտադիր կատարման և կիրառման համար պահանջներ և ընթացակարգեր վնասակար օրգանիզմների տարածման հետ կապված այլ վնասները կանխելու նպատակով.».

 «6.1) արտադրանքի նույնականացում` գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը որոշակի տեխնիկական կանոնակարգին (կանոնակարգերին), և սահմանվում է այդ արտադրանքի համապատասխանությունը այդ արտադրանքի տեխնիկական փաստաթղթերին.

6.2) արտադրանքի խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի (արտադրողի լիազոր ներկայացուցչի, դիստրիբյուտորի, ներմուծողի) կողմից արտադրության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.

6.3) արտադրանքի խմբաքանակի նույնականացում` ազգային ստանդարտներին համապատասխան իրականացվող գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը տվյալ խմբաքանակին.».

«12.1) արտադրանքի շրջանառության դուրսբերում (այդ թվում` իրացում)` ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրանքի տարածման նպատակով առաքում կամ ներմուծում (այդ թվում` արտադրանքը պահեստից բաց թողնելը կամ առանց պահեստավորման առաքելը) Հայաստանի Հանրապետության տարածքում.».

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) համապատասխանության գնահատում` արտադրանքին, արտադրանքի հետ կապված գործընթացին, համակարգին, անձին կամ մարմին ներկայացվող սահմանված պահանջների կատարման ապացույց` փորձարկմամբ, սերտիֆիկացմամբ, տեխնիկական հսկողությամբ, գրանցմամբ և (կամ) օրենսդրությամբ սահմանված այլ ձևով.».

4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.

«13.1) պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում` համապատասխանության գնահատման ձև, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված իրավասու և (կամ) համապատասխանության գնահատման նշանակված մարմինները` գրանցման մասին վկայականի տրամադրման միջոցով.».

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) համապատասխանության հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված փաստաթուղթ, որով արտադրողը (արտադրողի լիազոր ներկայացուցիչը, դիստրիբյուտորը) հավաստում (փաստում) է արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին.».

6) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով.

«21.1) էտալոնային լաբորատորիա` էտալոնային մեթոդիկայի կիրառմամբ, չափումների որոշակի բնագավառում միջազգային մակարդակով հետևելի` մեծության հենակետային նշանակություն տրամադրող լաբորատորիա.»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «միջազգային» բառից հետո լրացնել «տարածաշրջանային (միջպետական)» բառերով և նույն կետից հանել «Եվրամիության» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «բաղկացած է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերից» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «տարածաշրջանային (միջպետական)» բառերով, իսկ նույն մասի «իսկ միջազգային և եվրոպական ստանդարտների բացակայության դեպքում` տարածաշրջանային և» բառերը փոխարինել «սույն կետում նշված ստանդարտների բացակայության դեպքում`» բառերով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Շրջանառության մեջ գտնվող արտադրանքի համապատասխանության գնահատումը տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ իրականացվում է մինչև տվյալ արտադրանքի շրջանառության դուրսբերումը:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «կանոնակարգերն են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերը» բառերով և նույն մասի «և պիտակավորմանը» բառերը փոխարինել «, պիտակավորմանը և սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմերին, արտադրանքի գրանցմանը» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.

«4) սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանությունը.

ա. տեխնիկական կանոնակարգերը սահմանում են նաև կենսաբանական անվտանգությունն ապահովող (արտադրողի կողմից օգտագործված անվտանգության ապահովման եղանակներից անկախ) նվազագույն անհրաժեշտ սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, առանձին երկրներից և (կամ) վայրերից ծագած ապրանքների հանդեպ, այդ թվում` ներմուծման, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման և վերամշակման սահմանափակումներ,

բ. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերով կարող են նախատեսվել արտադրանքի, նրա մշակման մեթոդների և արտադրության, արտադրանքի փորձարկման ընթացակարգերի, վերահսկողության, համապատասխանության հավաստման հանդեպ պահանջներ, կարանտինային կանոններ, այդ թվում` կենդանիների և բույսերի փոխադրման հետ կապված պահանջներ, որոնք անհրաժեշտ են կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության ապահովման համար դրանց փոխադրման ժամանակ, ինչպես նաև նմուշների ընտրության մեթոդներ և ընթացակարգեր, հետազոտությունների և ռիսկի գնահատման մեթոդներ և տեխնիկական կանոնակարգերում ընդգրկված այլ պահանջներ,

գ. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերը մշակվում և կիրառվում են գիտական տվյալների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները, ուղեցույցները և միջազգային կազմակերպությունների այլ փաստաթղթեր սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի պահպանության անհրաժեշտ մակարդակը պահպանելու նպատակով, որը որոշվում է` հաշվի առնելով փաստացի գիտականորեն հիմնավորված ռիսկի աստիճանը: Ռիսկի աստիճանի գնահատման ժամանակ ուշադրություն է դարձվում միջազգային կազմակերպությունների միջազգային ստանդարտներին, ուղեցույցների դրույթներին, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը, հիվանդությունների և վնասատուների տարածմանը, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարում մատակարարների կողմից կիրառվող միջոցներին, բնապահպանական պայմաններին, հնարավոր վնասների հետ կապված տնտեսական հետևանքներին, վնասը կանխելու համար ծախսերի չափերին,

դ. այն դեպքում, երբ սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի անհետաձգելի կիրառումը հիմնավորված է և անհրաժեշտ է սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի պահպանության նպատակներին հասնելու համար, իսկ համապատասխան գիտական հիմնավորումը բավարար չէ կամ չի կարող ձեռք բերվել անհրաժեշտ ժամկետներում, արտադրանքի որոշակի տեսակների համար տեխնիկական կանոնակարգերով նախատեսված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերը կարող են կիրառվել առկա տեղեկատվության հիման վրա, ներառյալ` համապատասխան միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների իշխանություններից համապատասխան միջոցների կիրառման մասին ստացված տեղեկատվությունը,

ե. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումները պետք է կիրառվեն` հաշվի առնելով համապատասխան տնտեսական գործոնները` արտադրության ծավալի կամ իրացման կրճատումից հնարավոր վնասը որևէ վնասակարի կամ հիվանդության ներթափանցման, ամրապնդման կամ տարածման դեպքում, դրանց դեմ պայքարելու կամ դրանք վերացնելու ծախսերը, ռիսկերը սահմանափակելու այլընտրանքային միջոցների արդյունավետությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի, արտադրանքի արտադրության և շրջանառության վրա վնասատուների կամ հիվանդությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու անհրաժեշտւթյունը.

5) արտադրանքի գրանցման ապահովումը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

4) 4-րդ մասից հանել «, ձև, բովանդակություն» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 5-րդ կետը «ընթացակարգերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևերը, համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով.» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) սահմանում է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը.»:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) սահմանում է համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը.»:

 

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն:»:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատումն» բառը փոխարինել «գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում,» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «ընթացակարգի» բառը փոխարինել «գործընթացի» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասու ճանաչված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:»:

 

Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «Տեխնիկական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող` շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի նմուշը և կիրառման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:»:

 

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «12» թիվը փոխարինել «36» թվով:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-234-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան