Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` ՆԲաղդասարյան

ԵԴ1/0180/11/23

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 ԱԲեկթաշյան  

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

25 հուլիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշման դեմ տուժող Նաիրա Արտաշեսի Մելիքյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Տ.Ժամկոչյանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի՝ քրեական վարույթը կարճելու մասին և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի՝ 2023 թվականի հունիս 19-ի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումների դեմ տուժող Նաիրա Մելիքյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի բողոքը։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ տուժող Նաիրա Մելիքյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժվել է։

3. Ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի որոշումը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացուցիչ Լ.Սիմոնյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

 Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է՝ խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ինչպես նաև նույն օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը հանգեցրել է բողոքաբերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտմանը։

Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը բողոքաբերի համար սահմանել է այնպիսի պարտավորություններ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված չեն։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը բողոքաբերի համար չի նախատեսում բողոքարկվող վարութային ակտերը, ինչպես նաև դատախազի կողմից կայացված որոշումը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթը ներկայացված բողոքին կցելու պարտականություն, ուստի տվյալ պատճառաբանությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից։

Ինչ վերաբերում է Դատարանի անվանումը սխալ նշելուն, ապա բողոք ներկայացրած անձը նշել է, որ այն տեխնիկական խնդիր է, հետևաբար նման պատճառաբանությամբ բողոքը վարույթ չընդունելով Առաջին ատյանի դատարանը անհամաչափորեն սահմանափակել է տուժողի դատարանի մատչելիության իրավունքը։

Անդրադառնալով դատախազի կողմից կայացված որոշման բովանդակությունը բողոքում չնշելուն՝ բողոքի հեղինակը փաստել է, որ ներկայացված բողոքում առկա է համապատասխան հղում այն մասին, որ իր կողմից ներկայացված բողոքը մերժվել է, իսկ որոշման բովանդակությունն ամբողջությամբ կրկնում է քննիչի որոշումը։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշումները և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի համաձայն՝ (…) Քննիչ ՏԺամկոչյանի քրեական վարույթը կարճելու մասին 30052023թ-ի որոշումը բողոքարկել եմ վերադաս դատախազներին։

2023թ-ի հունիսի 28-ին ստացել եմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի՝ բողոքը քննության առնելու մասին 19062023թ-ի որոշումը, որի համաձայն

 1 Թիվ 58230321/1 քրեական վարույթով Վահան Շիրխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մհեր Եսայանի 2023 թվականի մայիսի 12-ի որոշմամբ և քննիչ ՏԺամկոչյանի 2023 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի կողմից ներկայացված բողոքները մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ և հաստատել այդ որոշումների օրինականությունն ու հիմնավորվածություն;

2 որոշման օրինակն ուղարկել Լիպարիտ Սիմոնյանին և նրան պարզաբանել սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով, վիճարկվող որոշումը դատարան բողոքարկելու իրավունքը։

(…)

Քննիչ ՏԺամկոչյանը 30052023թ-ի որոշման պատճառաբանական մասում նշել է, մեջբերում եմ բառացի

(…) [Վ]երլուծելով սույն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները իրենց համակցությամբ Վահան Շիրխանյանի կողմից հանցավոր արարք կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից՝ պետք է փաստել, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել վերաբերելի, արժանահավատ, օբյեկտիվ ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հաղթահարելով անմեղության կանխավարկածը՝ կարող է հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով համոզմունք առաջացնել, որ վերջինս կատարել է կամ որևէ կերպ օժանդակել է Հրահատ Մխեյանի կողմից կատարված հանցավոր արարքին, այլ կերպ՝ ձեռք չի բերվել վերաբերելի, արժանահավատ, օբյեկտիվ ապացույցների բավարար համակցություն՝ հիմնավորելու համար Վահան Շիրխանյանի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնք ուղղված են Հրահատ Մխեյանին օժանդակելուն։

Հիմք ընդունելով վերոգրյալը վարույթն իրականացնող մարմինը հարկ է համարում փաստել, որ Վահան Շիրխանյանի արարքում բացակայում է ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ից գործող քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հանցակազմը, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական օրենգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և 225-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հանցագործության հատկանիշներին (…)1։

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ (…) Դատարան ներկայացված բողոքով և դրան կից նյութերով չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված պարտադիր պահանջները, մասնավորապես բողոքը չի պարունակում բողոքարկվող վարութային ակտեր, բողոքին չեն կցվել բողոքարկվող վարութային ակտերը։ Թեև բողոքում առկա է հատված քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասից, սակայն դատախազի կողմից կայացված որոշման բովանդակությունը բողոքում չի պարունակվում։ Այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված բովանդակային պարտադիր պահանջ հանդիսացող այն պայմանը, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտը։ Բացի այդ, դատարանը փաստում է նաև, որ բողոքին կցված չէ դատախազի կողմից կայացված որոշումը ստանալու մասին համապատասխան փաստ, ինչը դատարանին զրկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջի մասով իրավաչափ հետևության հանգելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ բողոքի մեջ իրավասու դատարանի անվանումը նշված է հետևյալ կերպ. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանին (...)», մինչդեռ 2023 թվականի հունվարի 07-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-575-Ն ՀՀ օրենքը, որի 36-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմավորված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների։

Վերոգրյալի հիման վրա՝ նկատի ունենալով, որ վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301–րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, դատարանը գտնում է, որ բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման (…)2։

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի որոշումը, փաստել է, որ (…) Առաջին ատյանի դատարանի (…) հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:

Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ դիմողի ներկայացուցչի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված բովանդակային պարտադիր պահանջ հանդիսացող այն պայմանը, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտը։ Բացի այդ, բողոքին կցված չէ դատախազի կողմից կայացված որոշումը ստանալու մասին համապատասխան փաստ, ինչը դատարանին զրկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջի մասով իրավաչափ հետևության հանգելու հնարավորույթունից։ Ինչպես նաև բողոքի մեջ իրավասու դատարանի անվանումը նշված է հետևյալ կերպ. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանին (...)», մինչդեռ 2023 թվականի հունվարի 07-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-575-Ն ՀՀ օրենքը, որի 36-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմավորված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմող Նաիրա Արտաշեսի Մելիքյանի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմամբ Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով, ըստ էության, կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմք չկա: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ դիմող Նաիրա Արտաշեսի Մելիքյանի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի հատուկ վերանայման բողոքը՝ մերժել (…)3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը

(…)

3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ 301-րդ հոդվածի համաձայն՝ 1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

 (…)

5) բողոքարկվող վարութային ակտը.

6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.

(...)

2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ»։

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով, այդ թվում նաև՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերաբերյալ դատական վարույթով օրենսդիրը նախատեսել է վարույթի իրականացման փուլային ընթացակարգ։ Մասնավորապես, մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը։

Այսպես, դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաբերելի պահանջները: Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել:

13. Անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով ներկայացված բողոքին առաջադրվող պահանջներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես այդպիսին, ի թիվս այլնի, նախատեսված է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտը, ինչպես նաև բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հիշյալ պայմանի պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակի բողոքարկվող վարութային ակտի հիմքում դրված որոշակի պատճառաբանական մաս։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով բողոքարկվող վարութային ակտը ներկայացվող բողոքին անմիջականորեն կցելու պահանջ օրենսդիրը չի սահմանել, հետևաբար այդպիսին չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու համար։

13.1. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված այն պայմանին, որ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ պայմանի պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի բողոքը պարունակի համապատասխան մինչդատական ակտի դեմ բողոքը, նախքան դատարան ներկայացնելը, իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքը չբավարարելու վերաբերյալ փաստական տվյալներ, բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերոգրյալ հետևությունը հիմնավորվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի համեմատական վերլուծության արդյունքում։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի (բողոքարկվող վարութային ակտը) և 6-րդ կետի (բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքը) բովանդակությունից հստակորեն բխում է, որ օրենսդիրը տարանջատում է բողոքարկվող վարութային ակտը դրա դատախազական բողոքարկման արդյունքից, հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը ենթադրում է, որ բողոքը պետք է պարունակի համապատասխան փաստական տվյալ՝ դատախազական բողոքարկման ընթացակարգը սպառած լինելու վերաբերյալ։ Վերոգրյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով բողոքարկման առարկան հանդիսանում են վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը (մինչդատական ակտերը), այլ ոչ թե դրանց դատախազական բողոքարկման արդյունքը4:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը ներկայացուցիչ ԼՍիմոնյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի իրավաչափության դատական երաշխիքների վերաբերյալ վարույթ հարուցելը մերժել է այն պատճառաբանությամբ, որ բողոքում պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պայմանները, մասնավորապես, բողոքը չի պարունակում բողոքարկվող վարութային ակտերը, ինչպես նաև բողոքին չեն կցվել բողոքարկվող վարութային ակտերը։ Թեև բողոքում առկա է հատված քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասից, սակայն դատախազի կողմից կայացված որոշման բովանդակությունը բողոքում չի պարունակվում։

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ բողոքին կցված չէ դատախազի կողմից կայացված որոշումը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթը, ինչը դատարանին զրկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջի մասով իրավաչափ հետևության հանգելու հնարավորույթունից։

 Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բողոքի մեջ իրավասու դատարանի անվանումը նշված է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան, մինչդեռ 2023 թվականի հունվարի 7-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմավորված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների5։

- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ, անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը6։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետևությանը, որ ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի բողոքը չի համապատասխանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի պահանջներին։

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը պարունակել է բողոքարկվող վարութային ակտը՝ քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասը, ինչպես նաև բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը։ Մասնավորապես, ըստ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի՝ քննիչի՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, որը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ7։ Հետևաբար, ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված պահանջները պահպանվել են։

16. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ բողոքին կցված չէ դատախազի կողմից կայացված որոշումը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նման պահանջ սահմանված չէ, հետևաբար բողոքաբերի կողմից համապատասխան մինչդատական ակտը դատարան բողոքարկելու ժամկետը պահպանած լինելու պահանջը կարող էր քննարկման առարկա դառնալ ներկայացված միջնորդության հիմնավորվածության ըստ էության քննության շրջանակներում։

17Ինչ վերաբերում է բողոքում իրավասու դատարանի անվանումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան նշված լինելու Առաջին ատյանի դատարանի դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշվածը չի կարող դիտարկվել որպես խախտում։

18Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մինչդատական ակտի իրավաչափության դատական երաշխիքների վերաբերյալ վարույթ հարուցելը մերժելը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելը ոչ իրավաչափորեն սահմանափակել են Նաիրա Մելիքյանի՝ դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի կողմից չի պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները, իրավաչափ չեն։

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար8։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Տուժող Նաիրա Արտաշեսի Մելիքյանի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

______________

1 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 2-5։

2 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 15-16։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 55-60։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԵԴ/0149/11/19 որոշման 16-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: