Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2015-01.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.16
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները և տրամադրման կարգը:

 

Հոդված 2. Պետական նպաստի իրավունքը

 

1. Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 3. Պետական նպաստների հասկացությունը և տրամադրման նպատակը

 

1. Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:

2. Պետական նպաստների տրամադրման նպատակն է`

1) անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը.

2) ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի մասնակի հատուցումը.

3) ժողովրդագրական իրավիճակի բարելավումը.

4) սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:

 

Հոդված 4. Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 5. Պետական նպաստների տեսակները

 

1. Սույն օրենքով սահմանվում են պետական նպաստների հետևյալ տեսակները.

1) ընտանեկան նպաստը.

2) սոցիալական նպաստը.

3) հրատապ օգնությունը.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստը.

5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը.

6) ժամանակավոր անաշխատունակության նպաստը.

6.1) մայրության նպաստը.

7) ծերության նպաստը.

8) հաշմանդամության նպաստը.

9) կերակրողին կորցնելու դեպքում նպաստը.

10) թաղման նպաստը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված նպաստի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով:

(5-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

 

1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային կենտրոն):

2. Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

3. Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային կենտրոնը սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

4. Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 7. Պետական նպաստ նշանակելու մերժման հիմքերը

 

1. Պետական նպաստի նշանակումը մերժվում է՝

1) պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

2) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը օրենքով պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար սահմանված ժամկետում չներկայացնելու,

3) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

 

Հոդված 8. Պետական նպաստների վճարման կազմակերպումը

 

1. Պետական նպաստները վճարվում են սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպությունների (այսուհետ` վճարող կազմակերպություն) միջոցով:

2. Պետական նպաստների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 9. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը

 

1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը ներառում է`

1) ընտանիքի անապահովության գնահատման կարգը.

2) ընտանիքի հաշվառումը համակարգում.

3) ընտանիքի անապահովության գնահատման տեղեկատվական բազան:

 

Հոդված 10. Ընտանիքների անապահովության գնահատման հիմնական պայմանները

 

1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտ, ընտանիքի կազմ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակ և այլ պայմանների հիման վրա:

2. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիք է համարվում միևնույն բնակության վայրում հաշվառված (փաստացի բնակվող) քաղաքացիների սոցիալական փոքր խումբը, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաև միայնակ բնակվող քաղաքացին:

3. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ դրանում ներառվող ընտանիքի անապահովության բնութագրիչներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալները:

4. Ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ներառված տվյալների հիման վրա:

5. Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ձևավորված ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ: Ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը համարվում է ավելի անապահով: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգով իրականացվող ծրագրերում:

6. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անհատական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և տարածքային կենտրոնների միջև փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելը և ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազան

 

1. Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է տարածքային կենտրոն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

3. Տարածքային կենտրոնը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ դիմում-հայտարարագրում և փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա:

4. Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազան տեղակայվում է պետական նպաստների բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքէջում, որը հասանելի է դիմող ընտանիքին` իր տվյալների մասով:

5. Ընտանիքների անապահովության միավորի հիման վրա նշանակվող պետական նպաստի համար դիմելու օր է համարվում տարածքային կենտրոնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Եթե դիմում-հայտարարագիրը և դրան կից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ապա դիմում-հայտարարագիրն ընդունված է համարվում դրանք ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային կենտրոնը նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

6. Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմելու օր է համարվում դիմում-հայտարարագրի սկզբնական ներկայացման օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

7. Դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային կենտրոնը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում, որի մասին իրազեկվում է դիմողը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները փոխվելու դեպքում դիմողը փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, դիմում է տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

9. Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին դիմում է տարածքային կենտրոն` ներկայացնելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը:

10. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու, դիմում-հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելիս ընտանիքի անդամ չհամարվող անձինք

 

1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելիս ընտանիքի անդամ չեն համարվում՝

1) ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.

4) երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց, մասնագիտացված տուն-ինտերնատ) գտնվող կամ տեղավորված քաղաքացիները.

5) 6 ամիս և ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայողները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 13. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

 

1. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և ընտանեկան նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

 

Հոդված 14. Ընտանեկան նպաստի չափը որոշելը և չափի տարբերակման պայմանները

 

1. Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

2. Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 15. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

1. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորն ընտանեկան նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(15-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 16. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

 

1. Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և սոցիալական նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

 

Հոդված 17. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

1. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(17-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Հրատապ օգնության տեսակները և տրամադրման հիմքերը

 

1. Հրատապ օգնության տեսակներն են՝

1) միանվագ հրատապ օգնությունը.

2) եռամսյակային հրատապ օգնությունը:

2. Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է`

1) ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում.

2) ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում.

3) ընտանիքի անդամի մահվան դեպքում:

3. Եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

 

Հոդված 19. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

2. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:

3. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

4. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(19-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 20. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:

3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

4. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(20-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 21. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

2. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է տարածքային կենտրոն:

3. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

4. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:

5. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(21-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 22. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը որոշում է տարածքային կենտրոնը` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) առաջարկությամբ:

3. Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):

4. Խորհուրդը եռամսյակային հրատապ օգնության տրամադրման մասին առաջարկությունը տալիս է՝ հաշվի առնելով`

1) միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը.

2) ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը.

3) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը.

4) ընտանիքի կազմում գործազուրկ ունենալու հանգամանքը.

5) ընտանիքի կազմում ուսանող ունենալու հանգամանքը.

6) բնակարանի հրդեհը, բնակարանի (մի մասի) փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ.

7) ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը:

 

Հոդված 23. Եռամսյակային հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը

 

1. Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետևյալ դեպքերում.

1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետն այդ եռամսյակի ընթացքում լրանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում.

2) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում.

3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում.

4) ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:

2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 24. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի հետ (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) Հայաստանի Հանրապետությունում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` դիմող):

2. Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:

3. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-207-Ն)

4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով դիմողի մյուս երեխաների և զավակների թիվը:

5. Նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու կարգը, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար դիմողի մյուս երեխաների և զավակների քանակը հաշվի առնելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմողը դիմել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

7. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

8. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում, եթե, նոր ծնված երեխաների հերթական կարգաթվերից կախված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են երեխայի ծննդյան միանվագ նպաստի տարբերակված չափեր, ապա նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու դեպքում.

1.1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին նպաստը նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստը չվճարելու դեպքում:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս նոր ծնված երեխայի, դիմողի, դիմողի մյուս երեխաների և զավակների բնակության (հաշվառման) վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա:

4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ենթակա է բռնագանձման դիմողից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

7. Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (այսուհետ՝ պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով: Ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(25-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 26. Ընտանեկան դրամագլուխը (կապիտալը)

 

1. Ընտանեկան դրամագլուխը պետական աջակցության հաշվին առկա միջոցներն են:

2. Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է՝

1) երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրվող՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին փոխանցած միջոցներից.

2) պետական աջակցության հաշվին առկա միջոցների դիմաց հաշվեգրվող տոկոսներից.

3) պետական աջակցության հաշիվ մուտքագրված օրենքով չարգելված այլ մուտքերից:

3. Ընտանեկան դրամագլուխը մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով և կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է՝

1) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

2) սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երեխաներից մեկի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում:

5. Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը 18 տարին լրանալուց հետո:

6. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու (պետական աջակցության հաշվից անկանխիկ վճարումներ կատարելու) համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, պետական աջակցության հաշիվը բացելու, հաշվետիրոջ մահվան դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ընտանեկան դրամագլուխը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ տնօրինվելու դեպքում պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները ենթակա են բռնագանձման դրանք տնօրինելու համար դիմում ներկայացրած անձից:

8. Ընտանեկան դրամագլուխը չի կարող բռնագանձվել (պետական աջակցության հաշվի վրա արգելանք չի կարող կիրառվել) մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

9. Ընտանեկան դրամագլուխը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.1

(գլուխը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 23.1.

Մայրության նպաստի իրավունքը

 

1. Մայրության նպաստի իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).

3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

2. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

(23.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 23.2.

Մայրության նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին) մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

2. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

4. Տարածքային կենտրոնը մերժում է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելը, եթե՝

1) դիմողը չունի մայրության նպաստի իրավունք, կամ

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ

3) համաձայն առկա տեղեկատվության՝ դիմողի մայրության նպաստը, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետք է նշանակի և վճարի գործատուն, կամ

4) դիմումը ներկայացվել է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստը չվճարելու դեպքում նպաստի իրավունքը դադարում է:

6. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

8. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

(23.2-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 27. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

 

1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:

2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների (այսուհետ` գործատու)՝ համապատասխան իրավական ակտերում նշված ամսից (անհամապատասխանության դեպքում` երկու գործատուների մոտ միաժամանակ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ամսից):

3. Սույն օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:

(27-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 28. Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը, դրա տրամադրման հիմքը և կարգը

 

1. Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողը դիմում է տարածքային կենտրոն և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որում ծնողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի տվյալները (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

3) տեղեկանք գործատուից իր` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.

4) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև խնամակալության մասին փաստաթուղթը և դրա պատճենը:

2. Երեխայի խնամքի նպաստի համար սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի և այնտեղ բնակվող մինչև երկու տարեկան երեխայի (երեխաների) մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:

4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

5. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամիս անց:

6. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

7. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` իր կրտսեր հաջորդ երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա կամ դրա բացակայության դեպքում կրտսեր երեխայի ծննդյան օրից 70-րդ օրվա ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

8. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային կենտրոնն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին (գործատուներին):

9. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային կենտրոն:

10. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև գործատուի իրավական ակտում նշված խնամքի արձակուրդի ավարտի ժամկետը, բայց ոչ ավելի, քան մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:

11. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-5-րդ կետերով սահմանված դեպքերում երեխայի խնամքի նպաստի վճարման դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքի նոր հիմք առաջանալու դեպքում երեխայի խնամքի նպաստը նշանակվում է ծնողի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

12. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:

13. Երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչև նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին, եթե նպաստը ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

14. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝

1) երեխայի 2 տարեկանը լրանալու,

2) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,

3) ծնողի աշխատելու, բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու (ծառայություններ մատուցելու),

4) ծնողի՝ աշխատանքից ազատվելու,

5) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս և ավելի ժամկետով բացակայելու,

6) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող դիմողի մահվան դեպքերում:

15. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(28-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 29. Ծերության նպաստի իրավունքը

 

1. Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

2. Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

3. Ծերության նպաստը նշանակվում է ցմահ:

 

Հոդված 30. Հաշմանդամության նպաստի իրավունքը

 

1. Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև հաշմանդամ երեխա ճանաչված անձին:

2. Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 31. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքը

 

1. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.

3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

2. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

4. Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:

5. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 32. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը, նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):

2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է անձամբ:

4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:

7. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարին լրանալը կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով:

8. Սույն հոդվածով սահմանված նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

9. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստների իրավունք ունեցող անձն ունի այդ նպաստներից մեկն ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 32.1.

Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու ժամկետները

 

1. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

2. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

(32.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 33. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը

 

1. Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) նպաստառուի հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող նպաստառուի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.

5) նպաստառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.

7) օտարերկրյա քաղաքացի նպաստառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.

8) նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.

9) նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում.

10) նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում.

11) նպաստառուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում.

12) սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նպաստ նշանակված լինելու դեպքում:

2. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքի` հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:

3. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

4. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) նպաստառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա.

3.1) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.

4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

5. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ նպաստի իրավունքը չի վերանայվում:

6. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված չափով:

(33-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 34. Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չվճարված գումարը վճարելը

 

1. Ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

2. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

3. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

4. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարելու համար վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են մահվանից հետո` 12 ամսվա ընթացքում:

 

Հոդված 35. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելը

 

1. Նպաստառուի մահվան կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և նրա մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

3. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:

4. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ նպաստառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում:

5. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:

 

Հոդված 36. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 37. Քաղաքացիների պատասխանատվությունը

 

1. Պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:

2. Ավել վճարված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի:

3. Խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավել վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած` ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` խորհրդի առաջարկության մասին որոշման կայացման և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 38. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև պետական նպաստների իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքը:

4. Սույն օրենքի 24-26-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո: Եթե երեխան ծնվել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելուց) վերանվանվում են համապատասխանաբար ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի՝ անկախ սույն օրենքով սահմանված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի իրավունքից:

6. Սույն օրենքով սահմանված կարգով ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու դեպքում (այդ թվում՝ դիմումի հիման վրա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, իսկ չվճարված ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարում հաշվառվում է նաև դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի չվճարված սոցիալական կենսաթոշակի գումարը, որի ընթացքում անձը ունեցել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-154-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան