ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1023-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 05.09.25 N 782-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհուրդ:
(1-ին կետը լրաց. 05.09.25 N 782-Ա)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 05.09.25 N 782-Ա)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
(3-րդ կետը լրաց. 05.09.25 N 782-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
07.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1023-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը լրաց. 05.09.25 N 782-Ա)
1. Խորհուրդը կազմված է նախագահից և խորհրդի անդամներից:
2. Ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկվում են՝
1) ՀՀ վարչապետը (խորհրդի նախագահ).
2) ՀՀ փոխվարչապետները.
3) ՀՀ ֆինանսների նախարարը.
4) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը.
5) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը.
6) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը.
7) ՀՀ էկոնոմիկայի նախարարը.
8) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը.
9) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.
10) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը.
11) ՀՀ առողջապահության նախարարը:
2.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանը վերաբերող նիստերին խորհրդի կազմում ընդգրկվում են նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, ՀՀ ներքին գործերի նախարարը և ՀՀ արդարադատության նախարարը։
(2.1-ին կետը լրաց. 05.09.25 N 782-Ա)
3. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ղեկավարները:
(3-րդ կետը խմբ. 05.09.25 N 782-Ա)
(հավելվածը լրաց., խմբ. 05.09.25 N 782-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
07.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1023-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը լրաց. 05.09.25 N 782-Ա)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 05.09.25 N 782-Ա)
2. Խորհրդի հիմնական նպատակներն են՝
1) պետական բյուջեի կատարման գործընթացում աշխատանքների համակարգում, բյուջեի վերանայման գծով առաջարկությունների ներկայացում և աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացում.
2) Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կայունության ու կանխատեսելիության ապահովում՝ հարկաբյուջետային ռիսկերի բացահայտման, գնահատման և համակարգված կառավարման ուղղությունների ու քաղաքականությունների սահմանման և ներգրավված պետական մարմինների աշխատանքների համակարգման միջոցով։
(2-րդ կետը խմբ. 05.09.25 N 782-Ա)
2. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Խորհրդի խնդիրներն են`
1) պետական բյուջեի կատարման աշխատանքների համակարգումը.
2) պետական բյուջեի կատարման ընթացքի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների համակարգումը.
3) հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող վերլուծությունների և պետական մարմինների կողմից արձագանքների համակարգումը։
(3-րդ կետը փոփ., լրաց. 05.09.25 N 782-Ա)
3. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Խորհրդի գործառույթներն են`
1) պետական բյուջեի կատարման ընթացքի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների արդյունքներով և դրանց հիման վրա՝ պետական բյուջեի վերանայման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկությունների ներկայացումը, այդ թվում՝ տարվա ընթացքում պետական բյուջեի ծախսային խնայողությունների և (կամ) եկամուտների առկայության պարագայում դրանց ծախսման ուղղությունների դիտարկում`
ա. տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով նախատեսված առաջնահերթություններ,
բ. նոր ի հայտ եկած իրողություններով պայմանավորված հրատապ ծախսեր,
գ. առաջիկա տարիների համար նախատեսված ծախսային ծրագրերի տեղաշարժեր.
2) միջազգային վարկային պայմանագրերի ժամկետների երկարացմամբ պայմանավորված բյուջետային ծրագրերի թերի կատարողականի գնահատումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված ծրագրային դրույթների հիման վրա նախատեսված՝ պետական բյուջեում արտացոլված ծախսային ծրագրերի նկատմամբ մշտադիտարկման իրականացում, որոնց գծով արձանագրվող շեղումները խնդիրներ կարող են առաջացնել սահմանված նպատակներին հասնելու համար.
4) հարկաբյուջետային ռիսկերին առնչվող հիմնական փաստաթղթերի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան բյուջետային ուղերձի, հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և հարկաբյուջետային ռիսկերի մեղմման հաշվետվության) նախագծերի քննարկում.
5) պետական մարմինների կողմից իրականացվող՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանն առնչվող միջոցառումների համակարգում՝ վաղ հայտնաբերման, արձագանքման և մեղմման նպատակով.
6) հարկաբյուջետային ճգնաժամային իրավիճակների դեպքում (այդ թվում՝ արտակարգ իրավիճակներ) արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով իրավիճակային վերլուծություն և անհետաձգելի հակազդման միջոցառումների քննարկում։
(4-րդ կետը փոփ., լրաց. 05.09.25 N 782-Ա)
4.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման գործառույթների հետ կապված խորհրդին աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի գործառույթներն են կառավարել հարկաբյուջետային ռիսկերին առնչվող տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և վերլուծության մեխանիզմները՝ հարկաբյուջետային ռիսկերի համակարգված վերհանման և մեղմման նպատակով։ Աշխատանքային խմբի կազմը, գործառույթները և աշխատակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:
(4.1-ին կետը լրաց. 05.09.25 N 782-Ա)
4. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Խորհրդի նախագահը՝
1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.
4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.
5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:
6. Խորհրդի անդամը՝
1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ նշանակում է փոխարինող իր տեղակալի (փոխվարչապետի մասնակցության անհնարինության դեպքում՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի) մակարդակով.
2) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.
3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.
4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.
5) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.
6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
7) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:
5. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
7. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։
8. Խորհրդի քարտուղարության գործառույթներն են՝
1) խորհրդի նիստերի օրակարգերի ձևավորումը և բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների առաջարկությամբ օրակարգերում քննարկման ենթակա հարցերի ընդգրկումը.
2) խորհրդի աշխատանքների մասնագիտական աջակցությունը՝ բյուջեի կատարման արդյունավետության և հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ վերլուծությունների պատրաստումը.
3) խորհրդին եռամսյակային պարբերականությամբ հաշվետվողականության ապահովումը, որն ընդգրկում է նաև տեղեկատվություն տվյալ ժամանակահատվածում կատարված վերաբաշխումների, պլանային ցուցանիշների նկատմամբ թերակատարման, միջազգային վարկային պայմանագրերի ժամկետների երկարացմամբ պայմանավորված բյուջետային ծրագրերի թերի կատարողականի գնահատման և մակրոտնտեսական ազդեցությունների վերաբերյալ.
3.1) խորհրդին տարեկան պարբերականությամբ հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և ռիսկերի մեղմման հաշվետվության ներկայացումը և ըստ անհրաժեշտության՝ մոնիտորինգի արդյունքներով հայտնաբերված ռիսկերի պրոֆիլի փոփոխությունների վերաբերյալ հաշվետվողականության ապահովումը․
4) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը։
(8-րդ կետը լրաց. 05.09.25 N 782-Ա)
6. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ՝ պետական բյուջեի կատարման հաշվետվությունները ստանալուց հետո:
10. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:
11. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամներից որևէ մեկը` խորհրդի նախագահի ցուցումով:
12. Խորհրդի նախագահի կամ խորհրդի քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:
13. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։
14. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:
15. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝
1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
16. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ։
18. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է խորհրդի քարտուղարությունը:
19. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում խորհրդի անդամներին և բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան մարմիններին:
20. Խորհրդի նիստի արձանագրությամբ բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմիններին տրված հանձնարարությամբ՝ սահմանված կարգով շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը:
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 05.09.25 N 782-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
07.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |