Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-262
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2014-04.01.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/2
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

24 նոյեմբերի 1998 թ.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունը

 

Ֆինանսական համահարթեցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերով:

 

Հոդված 2.  Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգը:

 

Հոդված 3. Ֆինանսական համահարթեցման հասկացությունը

 

Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերության նվազեցումն է:

 

Հոդված 4. Դոտացիաները

 

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով նրանց հատկացվում են դոտացիաներ:

2. Դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով:

3. Դոտացիաների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին համայնքների, սույն օրենքով սահմանված կարգով, հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 5. Դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող գործոնները

 

Դոտացիաների գումարների չափը հաշվարկվում է ըստ առանձին համայնքների բյուջեների, վերջիններս տարանջատելով`

1. 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների.

2. 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների:

Դոտացիաների գումարների չափն ըստ 300-ից ավելի բնակիչ ունեցող առանձին համայնքների որոշվում է հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող` սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթը և հետևյալ գործոնները`

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային մակարդակը (այսուհետ` «ա» գործոն).

բ) համայնքի բնակչության թիվը (այսուհետ` «բ» գործոն):

(5-րդ հոդվածը խմբ. 08.02.00 ՀՕ-35, լրաց. 19.06.13 ՀՕ-71-Ն)

 

Հոդված 6.

Դոտացիաների հաշվարկման կարգը

 

1. Սույն օրենքի «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի հաշվարկվող տարվա համար նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի 50 տոկոսից, իսկ «բ» գործոնով համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` 30 տոկոսից:

Սույն հոդվածի իմաստով հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, բնակչության պետական ռեգիստրի հիման վրա ներկայացված` հաշվարկվող տարվան նախորդող բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների:

3. 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիաները հաշվարկվում են հավասարաչափ:

Յուրաքանչյուր բյուջետային տարում ըստ «ա» և «բ» գործոնների բաշխվող և սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարների չափերը, ինչպես նաև 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջեին հատկացվող դոտացիայի գումարի չափը սահմանվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

4. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող, համայնքների ղեկավարների կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան ներկայացված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքների բյուջեներ վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան հաշվարկային գումարները:

4.1. Սույն հոդվածի իմաստով հողի հարկի և գույքահարկի տարեկան հաշվարկային գումարները`

1) չեն ներառում հողի հարկի և գույքահարկի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները.

2) ներառում են համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի և հողի հարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա` հողի հարկի և գույքահարկի գծով եկամուտների կորուստների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության կողմից փոխհատուցման ենթակա գումարները:

5. «ա» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր այն համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից: Այդ սկզբունքով առանձին համայնքին նախատեսվող դոտացիայի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Ա = (Մ - Հ) x Բ x Գ

 

որտեղ`

- Ա-ն` «ա» գործոնով տվյալ համայնքին նախատեսվող դոտացիայի գումարն է.

- Մ-ն` հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակն է, որն իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Մ = [Դ + ∑ (Տ + Պ)] / (∑ Բ)

 

որտեղ`

Դ-ն` «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարն է.

Տ-ն` յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի հողի հարկի հաշվարկային ցուցանիշն է.

Պ-ն` յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի գույքահարկի հաշվարկային ցուցանիշն է.

- Բ-ն` տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության թիվն է.

-Հ-ն` տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից և իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Հ = (Տ + Պ) / Բ

 

- Գ-ն` միջին կարգավորիչ գործակիցն է, որն իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Գ = Դ / ∑ [(Մ - Հ) x Բ]

 

6. «բ» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին` տվյալ համայնքի բնակչության թիվը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությամբ: Վերջինս հաշվարկվում է «բ» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության ընդհանուր թվին:

7. 300-ից ավելի բնակիչ ունեցող, սակայն «ա» և «բ» գործոններով դոտացիայի հաշվարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին տվյալ տարվա օրենքով 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքի համար սահմանված դոտացիայի գումարից տվյալ տարում պակաս չափով (հաշվի առած նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.3-րդ և 4.5-րդ մասերով սահմանված դեպքում և կարգով տվյալ տարվան հաջորդող տարում կատարված տվյալ տարվա դոտացիայի վերահաշվարկի արդյունքները) դոտացիա ստացող յուրաքանչյուր համայնք տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված դոտացիայի ընդհանուր գումարի հաշվին ստանում է լրացուցիչ դոտացիա` 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին տվյալ տարվա օրենքով սահմանված գումարի և լրացուցիչ դոտացիա ստացող համայնքին տվյալ տարում «ա» և «բ» գործոններով հաշվարկված դոտացիայի գումարի տարբերության չափով:

(6-րդ հոդվածը խմբ. 08.02.00 ՀՕ-35, փոփ. 22.12.10 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 19.06.13 ՀՕ-71-Ն, խմբ. 01.12.14 ՀՕ-194-Ն)

 

Հոդված 7. Դոտացիաների հատկացման կարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` ըստ համայնքների:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան գանձապետական ստորաբաժանումների` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը փոփ.19.06.13 ՀՕ-71-Ն)

 

Հոդված 8.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 9. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2016 թվականի և դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:

2. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

3. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա ներկայացված` 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների:

(9-րդ հոդվածը լրաց. 04.12.13 ՀՕ-118-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-193-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
23 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-262

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան