Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
11.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.1999

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կիպրոսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով խրախուսել տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացումը իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա,

ընդունելով այդ համագործակցության բարեհաջող զարգացման համար երկարաժամկետ միջոցառումների կարևորությունը,

նշելով, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կառույցներում և մեխանիզմներում կատարվող կարևոր փոփոխությունները նոր հեռանկարներ են բացում և կարող են նպաստել երկու Կողմերի միջև տարբեր մակարդակներով կապերի և համագործակցության ամրապնդմանը, ներառյալ ձեռնարկատերերի միջև անմիջական կապերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Պայմանավորվող կողմերը, իրենց համապատասխան օրենսդրության և կանոնակարգերի շրջանակներում և պաշտոնական քաղաքականության համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, ջանքեր կգործադրեն` ուղղված տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը հնարավորինս լայն շրջանակներում, որը կընդգրկի փոխշահավետ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:

2. Այդ համագործակցության նպատակները պետք է լինեն, մասնավորապես.

Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական կապերն ամրապնդելը և բազմազան դարձնելը,

նոր շուկաների բացումը,

ձեռնարկատերերի միջև համագործակցության զարգացման խրախուսում` կապիտալ ներդրումներին, համատեղ ձեռնարկություններին, լիցենզիոն համաձայնագրերին, ինչպես նաև նրանց միջև համագործակցության այլ ձևերին աջակցելու նպատակով:

 

Հոդված 2

 

1. Առաջին հոդվածում նշված համագործակցությունը կընդլայնվի, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.

արդյունաբերություն,

գյուղատնտեսություն, ներառյալ` ագրոարդյունաբերություն,

դեղաբանություն,

բնակարանային և այլ շինարարություն,

տրանսպորտ, ներառյալ օդային, ցամաքային և ծովային,

կապ,

բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական ծառայություններ,

զբոսաշրջություն,

սոցիալական բնագավառում համագործակցություն,

փոքր և միջին ձեռնարկություններ,

խորհրդատվական ծառայություններ:

2. Պայմանավորվող կողմերը կխորհրդակցեն միմյանց հետ` միմյանց միջև համագործակցության առաջնահերթ, ինչպես նաև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության նոր ոլորտներ սահմանելու համար, և կգործեն` չխախտելով իրենց համապատասխան օրենսդրությունը ու կանոնակարգերը և չհակասելով վերջինիս շրջանակներում իրականացվող պաշտոնական քաղաքականությանը:

 

Հոդված 3

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված տնտեսական և արդյունաբերական համագործակցությունը հիմնականում կիրականացվի հայկական և կիպրական ձեռնարկությունների, կազմակերպությունների և ֆիրմաների միջև ստորագրված համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն:

2. Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն վերոհիշյալ գործունեությունը դյուրացնելու համար` բարենպաստ պայմաններ ստեղծելով տնտեսական և արդյունաբերական համագործակցության համար, մասնավորապես.

նպաստավոր մթնոլորտ կստեղծեն կապիտալ ներդրումների համար,

առևտրական և տնտեսական բնույթի տեղեկության փոխանակման դյուրացում,

ձեռնարկատերերի միջև փոխանակումների և պայմանագրային գործունեության դյուրացում,

ցուցահանդեսների, գիտաժողովների կազմակերպման դյուրացում:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն միմյանց, ինչպես նաև իրենց համապատասխան կազմակերպությունների կամ ֆիրմաների միջև տեխնիկական համագործակցության զարգացման համար` իրենց ազգային շահերին և օրենսդրությանը համապատասխան:

Այդ համագործակցությունը, ի թիվս այլոց, կարող է ունենալ հետևյալ ձևերը.

ընդհանուր հետազոտական ծրագրերի մշակում,

մասնագիտացված պատվիրակությունների այցելությունների և ուսումնական շրջագայությունների կազմակերպում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ուսումնական ծրագրերի կազմակերպում,

տեխնիկական և գիտական փորձաքննության անցկացում,

գիտաժողովների և հանդիպումների կազմակերպում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող վերապատրաստման ծրագրերի կազմակերպում:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով կստեղծվի Համատեղ հանձնաժողով:

2. Համատեղ հանձնաժողովը կկազմվի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչներից, և դրա հանդիպումները տեղի կունենան Կողմերից որևէ մեկի խնդրանքով: Հանդիպման վայրը և ժամանակը կորոշվեն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

3. Համատեղ հանձնաժողովը կհսկի սույն Համաձայնագրի կատարումը և անհրաժեշտության դեպքում հանձնարարականներ կներկայացնի դրա դրույթների կատարման հետ կապված:

 

Հոդված 6

 

1. Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվող ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցագրի ստացման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը ստորագրվում է առաջիկա 5 տարվա ժամկետով: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից 6 ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին, սույն Համաձայնագրի գործողությունը կերկարաձգվի 10 տարի ժամկետով, և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է համապատասխան ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ ծանուցել մյուս Կողմին սույն Համաձայնագրի դադարեցման մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 7-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան