ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:»:
Հոդված 2. 16-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, մանկավարժական խորհուրդը» բառերը:
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության և կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում և զարգացվում է բյուջետային, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի և ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի հիման վրա:
2. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից և ձևերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, համակարգչային դասարաններ։
3. Հատուկ ուսումնական հաստատություններում սովորող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով։
4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական և գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-201-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|