Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.03.1998
Ստորագրման ամսաթիվ
10.03.1998

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական վիճակագրական գործակալությունը` այսուհետև` «Կողմեր», հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործունեության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա, համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.

վիճակագրական ցուցանիշների համակարգերի ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների, վիճակագրական դիտարկումների անցկացման, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների ծրագրերի և մեթոդների փոխանակում.

վիճակագրական տեղեկատվության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով.

պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների, տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի, հաղորդագրությունների և ակնարկների փոխանակում.

հայելային վիճակագրության ներդրում և ըստ «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» չորսանիշ կոդերի ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.

ըստ համապատասխան միջպետական համաձայնագրերում նախատեսված անվանացանկի և ժամկետների` ինվեստիցիոն և սպառողական ապրանքների մատակարարման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման կազմակերպում և փոխանակում.

վիճակագրության բնագավառում համակարգիչների, տեղական ցանցերի և ծրագրային մշակումների օգտագործման փորձի փոխանակում, տվյալների ավտոմատացված բանկերի ստեղծման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում.

վիճակագրական պրակտիկայում ազգային հաշիվների և միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.

գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում.

բնակչության զբաղվածության, գործազրկության վերաբերյալ տվյալների և աշխատանքային ռեսուրսների շուկայի ձևավորման բնագավառում վերլուծական հետազոտությունների փոխանակում.

տնտեսավարող սուբյեկտների սկզբնական և հաշվապահական հաշվառման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակում.

պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում.

վիճակագրական տեղեկատվության տարածում, անհրաժեշտության դեպքում` համատեղ ձեռնարկությունների ստեղծում.

վիճակագրական մարմինների գործունեության նոր ուղղությունների ուսումնասիրության և փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխանակման իրականացում:

 

Հոդված 2

 

Տեղեկատվության փոխանակությունը համագործակցության շրջանակում կատարվելու է Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 3

 

Տնտեսավիճակագրական տեղեկատվության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում` ըստ համաձայնեցված սխեմաների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:

Տնտեսավիճակագրական տեղեկատվության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն հանդիսանում է ռուսերենը:

 

Հոդված 4

 

Կողմերը կօժանդակեն իրենց կազմակերպությունների, հիմնարկությունների գործունեության ընդհանուր կամ կոնկրետ ոլորտներում ուղղակի պայմանագրերի կնքմանը:

 

Հոդված 5

 

Կողմերը համատեղ կքննարկեն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները և կձեռնարկեն միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում` պաշտոնական պատվիրակությունների մակարդակով կքննարկվի սույն Համաձայնագրի, կնքված պայմանագրերի իրականացման ընթացքը:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին Արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ տեղեկացնելու պահից:

Սույն Համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարել Կողմերից մեկը, և այն իր գործողությունը դադարեցնում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն լեզվին:

 

Իրականացված է քաղաք Երևանում` 1998 թվականի մարտի 10-ին, երեք օրինակից, հայերեն, տաջիկերեն և ռուսերեն լեզուներով: Ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության, պետական
ռեգիստրի և վերլուծության
նախարարության կողմից

Տաջիկստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական վիճակագրական
գործակալության կողմից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան