Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1794
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.09.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

քաղ. Երևան

2 սեպտեմբերի 2025 թ.

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆԻՆԵՐԻ ԲԵՌՆՎԱԾՔԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.
     

նախագահող`

դատավորներ՝

 

 

 

 

 

 

 

Արման Դիլանյանի,

Արտակ Զեյնալյանի (զեկուցող),

Հրայր Թովմասյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի,

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

 

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2025 թվականի հուլիսի 10-ի N 909-Ա որոշմամբ հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը կնքվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մինսկ քաղաքում: Հայաստանի Հանրապետությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միացել է 2014 թվականի մայիսի 29-ին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը ստուգել է 2014 թվականի նոյեմբերի 14-ին և ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՍԴՈ-1175 որոշմամբ:

2. «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվայում:

3. Համաձայնագրի նպատակներն են՝

3.1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարանցիկ ներուժը արդյունավետորեն օգտագործելը, եվրասիական տրանսպորտային միջանցքներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետությունը բարձրացնելը:

3.2. Միության անդամ պետությունների (այսուհետ՝ Անդամ պետություններ) ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի պահպանվածության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը:

4. Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության միջև:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Միության Անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

2025 թվականի ապրիլի 17-ի դրությամբ Համաձայնագիրն ստորագրած կողմերից Ռուսաստանի Դաշնությունը և Ղրղզստանի Հանրապետությունն ավարտել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Նույն ամսաթվի դրությամբ Համաձայնագիրը դեռևս ուժի մեջ չի մտել:

5. Համաձայնագիրն ունի անբաժանելի երեք հավելված. Հավելված 1. «Տրանսպորտային միջոցների թույլատրելի եզրաչափերը», Հավելված 2. «Տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները», Հավելված 3. «Սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգվածները»:

6. Համաձայնագրով սահմանվում են Անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը, իսկ եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Տրանսպորտային միջոցների՝ Համաձայնագրով սահմանվող թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը պահպանվում են որպես տրանսպորտային միջոցների չափերին և զանգվածներին ներկայացվող նվազագույն պահանջներ՝ ելնելով ավտոմոբիլային ճանապարհներով դրանց անցման տեխնիկական հնարավորությունից:

Տրանսպորտային միջոցների՝ Համաձայնագրով սահմանված թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը չեն վերաբերում տրանսպորտային միջոցների արտադրությանը:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

7.1. ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ավտոմոբիլային ճանապարհներով ոչ խտրական հիմքով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու կամ դադարեցնելու մասին որոշումներ ընդունելու դեպքում ձեռնարկել ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհի կազմակերպման միջոցով, ինչպես նաև տեղեկացնել ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին՝ տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման ժամկետների և շրջանցիկ ճանապարհից օգտվելու հնարավորության մասին (հոդված 3, կետ 3, պարբերություն 1),

7.2. ավտոմոբիլային ճանապարհներին չթույլատրել նվազեցնել տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածի և սռնու կամ սռնիների խմբերի վրա ընկնող՝ Համաձայնագրի թիվ 2 և թիվ 3 հավելվածներում նշված թույլատրելի զանգվածի արժեքները՝ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած՝ ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի կրողունակության նվազեցման ժամանակահատվածում (հոդված 3, կետ 3, պարբերություն 2),

7.3. ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ կատարելիս ձգտել, որ տրանսպորտային միջոցների եզրաչափերը, զանգվածները և տրանսպորտային միջոցների սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող զանգվածները չգերազանցեն Համաձայնագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքները (հոդված 4, կետ 1),

7.4. ձեռնարկել միջոցներ, որ ավտոմոբիլային ճանապարհները, ավտոմոբիլային ճանապարհների հատվածներն ամբողջությամբ համապատասխանեն Համաձայնագրով սահմանված զանգվածի, սռնու բեռնվածության և եզրաչափերի թույլատրելի արժեքներ ունեցող տրանսպորտային միջոցների՝ դրանցով երթևեկության համար նախատեսված պահանջներին (հոդված 5),

7.5. սահմանել Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմիններ (հոդված 7, կետ 1),

7.6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմինների մասին` միաժամանակ ծանուցելով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին, իսկ լիազորված կամ իրավասու մարմնի անվանումը փոխվելու դեպքում այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (հոդված 7, կետ 2):

8. Համաձայնագրի թիվ 1-ից թիվ 3 հավելվածներում նշված թույլատրելի զանգվածի, սռնու բեռնվածության և եզրաչափային արժեքները գերազանցելու դեպքում, իսկ Անդամ պետությունների օրենսդրությամբ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այլ արժեքներ սահմանվելու դեպքում տվյալ արժեքները գերազանցելիս ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցի երթևեկության համար պահանջվում է հատուկ թույլտվության առկայություն (հոդված 4, կետ 2)։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անբաժանելի չհանդիսացող բեռով ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների երթևեկության՝ հատուկ թույլտվությունների տրամադրման սահմանափակումներ (հոդված 4, կետ 2):

9. Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրռման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

2 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴՈ-1794

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան