ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
քաղ. Երևան |
2 սեպտեմբերի 2025 թ. |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆԻՆԵՐԻ ԲԵՌՆՎԱԾՔԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | ||
նախագահող` դատավորներ՝
|
Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի (զեկուցող), Հրայր Թովմասյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, |
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի հուլիսի 10-ի N 909-Ա որոշմամբ հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը կնքվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մինսկ քաղաքում: Հայաստանի Հանրապետությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միացել է 2014 թվականի մայիսի 29-ին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը ստուգել է 2014 թվականի նոյեմբերի 14-ին և ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՍԴՈ-1175 որոշմամբ:
2. «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվայում:
3. Համաձայնագրի նպատակներն են՝
3.1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարանցիկ ներուժը արդյունավետորեն օգտագործելը, եվրասիական տրանսպորտային միջանցքներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետությունը բարձրացնելը:
3.2. Միության անդամ պետությունների (այսուհետ՝ Անդամ պետություններ) ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի պահպանվածության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը:
4. Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության միջև:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Միության Անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
2025 թվականի ապրիլի 17-ի դրությամբ Համաձայնագիրն ստորագրած կողմերից Ռուսաստանի Դաշնությունը և Ղրղզստանի Հանրապետությունն ավարտել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Նույն ամսաթվի դրությամբ Համաձայնագիրը դեռևս ուժի մեջ չի մտել:
5. Համաձայնագիրն ունի անբաժանելի երեք հավելված. Հավելված 1. «Տրանսպորտային միջոցների թույլատրելի եզրաչափերը», Հավելված 2. «Տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները», Հավելված 3. «Սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգվածները»:
6. Համաձայնագրով սահմանվում են Անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը, իսկ եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Տրանսպորտային միջոցների՝ Համաձայնագրով սահմանվող թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը պահպանվում են որպես տրանսպորտային միջոցների չափերին և զանգվածներին ներկայացվող նվազագույն պահանջներ՝ ելնելով ավտոմոբիլային ճանապարհներով դրանց անցման տեխնիկական հնարավորությունից:
Տրանսպորտային միջոցների՝ Համաձայնագրով սահմանված թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը չեն վերաբերում տրանսպորտային միջոցների արտադրությանը:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
7.1. ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ավտոմոբիլային ճանապարհներով ոչ խտրական հիմքով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու կամ դադարեցնելու մասին որոշումներ ընդունելու դեպքում ձեռնարկել ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհի կազմակերպման միջոցով, ինչպես նաև տեղեկացնել ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին՝ տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման ժամկետների և շրջանցիկ ճանապարհից օգտվելու հնարավորության մասին (հոդված 3, կետ 3, պարբերություն 1),
7.2. ավտոմոբիլային ճանապարհներին չթույլատրել նվազեցնել տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածի և սռնու կամ սռնիների խմբերի վրա ընկնող՝ Համաձայնագրի թիվ 2 և թիվ 3 հավելվածներում նշված թույլատրելի զանգվածի արժեքները՝ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած՝ ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի կրողունակության նվազեցման ժամանակահատվածում (հոդված 3, կետ 3, պարբերություն 2),
7.3. ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ կատարելիս ձգտել, որ տրանսպորտային միջոցների եզրաչափերը, զանգվածները և տրանսպորտային միջոցների սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող զանգվածները չգերազանցեն Համաձայնագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքները (հոդված 4, կետ 1),
7.4. ձեռնարկել միջոցներ, որ ավտոմոբիլային ճանապարհները, ավտոմոբիլային ճանապարհների հատվածներն ամբողջությամբ համապատասխանեն Համաձայնագրով սահմանված զանգվածի, սռնու բեռնվածության և եզրաչափերի թույլատրելի արժեքներ ունեցող տրանսպորտային միջոցների՝ դրանցով երթևեկության համար նախատեսված պահանջներին (հոդված 5),
7.5. սահմանել Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմիններ (հոդված 7, կետ 1),
7.6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմինների մասին` միաժամանակ ծանուցելով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին, իսկ լիազորված կամ իրավասու մարմնի անվանումը փոխվելու դեպքում այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (հոդված 7, կետ 2):
8. Համաձայնագրի թիվ 1-ից թիվ 3 հավելվածներում նշված թույլատրելի զանգվածի, սռնու բեռնվածության և եզրաչափային արժեքները գերազանցելու դեպքում, իսկ Անդամ պետությունների օրենսդրությամբ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այլ արժեքներ սահմանվելու դեպքում տվյալ արժեքները գերազանցելիս ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցի երթևեկության համար պահանջվում է հատուկ թույլտվության առկայություն (հոդված 4, կետ 2)։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անբաժանելի չհանդիսացող բեռով ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների երթևեկության՝ հատուկ թույլտվությունների տրամադրման սահմանափակումներ (հոդված 4, կետ 2):
9. Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրռման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
2 սեպտեմբերի 2025 թվականի ՍԴՈ-1794 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2025 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆԻՆԵՐԻ ԲԵՌՆՎԱԾՔԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1794 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1794 որոշմամբ որոշել է, 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1794 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1794 որոշմամբ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր՝ |
Ե. Խունդկարյան |
«3» սեպտեմբերի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2025 թվական: