Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-193
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2015-02.01.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.09/2(592) Հոդ.581
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի մայիսի 30-ին

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման  հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքը չի տարածվում պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման համար տրվող թույլտվությունների (լիցենզիաների), ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների ընթացքում կնքվող լիցենզային պայմանագրերի վրա:


Հոդված 2.

Լիցենզավորման մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենսդրական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:


Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

լիցենզիա՝  լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ.

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա.

լիցենզավորում՝ գործընթաց՝ կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ.

լիցենզավորող մարմիններ՝ պետական մարմիններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում են լիցենզավորում.

լիցենզավորված անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա.

հայտատու (դիմող)՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որը դիմել է լիցենզավորող մարմին` լիցենզիայի ստացման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակ ստանալու համար.

պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով).

կոպիտ խախտում՝  կոպիտ է համարվում այն խախտումը, որի հետևանքով`

- այլ անձանց հասցվել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով վնաս,

- անձի առողջությանը պատճառվել է թեթև կամ նվազ ծանր վնաս.

պարբերաբար խախտում՝ պարբերաբար է համարվում այն խախտումը, որի կատարման համար լիցենզավորված անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գրավոր նախազգուշացվել է, և որի չկատարումը կարող էր պատճառել թեթև կամ նվազ ծանր վնաս.

չարամտորեն խախտում՝ չարամտորեն է համարվում այն խախտումը, որը շարունակվել է կատարվել լիցենզավորող մարմնի գրավոր զգուշացումից հետո, և որի չկատարումը կարող էր ծանր վնաս հասցնել.

ծանր վնաս՝  ծանր վնաս է համարվում այն վնասը, որը`

- նվազ ծանր վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը,

- ծանր վնաս է պատճառել անձի առողջությանը,

- առաջացրել է մարդու մահ,

- այլ անձանց հասցրել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս:

(3-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 4.

Լիցենզավորման սկզբունքները

Լիցենզավորման սկզբունքներն են`

1) անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանությունը, պետության պաշտպանության և անվտանգության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բնագավառում միասնական քաղաքականության ապահովումը և մեկ միասնական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկի սահմանումը.

3) լիցենզավորման միասնական կարգի և սկզբունքների սահմանումը.

4) լիցենզավորման հրապարակայնությունը.

5) լիցենզավորման գործընթացի օրինականության ապահովումը.

6) լիցենզավորման գործընթացի պարզեցումը և թափանցիկության ապահովումը.

7) լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության պահանջների խախտման համար պատասխանատվության միասնական չափանիշների և տեսակների սահմանումը:


Հոդված 5.

Լիցենզավորման նպատակը

Գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են`

1) սպառողների իրավունքների պաշտպանությունը.

2) զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը.

3) ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը.

4) անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը.

5) միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:

(5-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն)


Հոդված 6.

Լիցենզիայի գործողությունը

1. Լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:

2. Լիցենզիաների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, եթե օրենքով այլ բան  նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  II

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


Հոդված 7.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը:

Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվել լիցենզավորման ենթակա բոլոր գործունեության տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ:

3. Ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով, և եթե գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է նրանց կանոնադրությամբ:

4. Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով:

5. Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) գործունեություն իրականացնելու նպատակով  լիցենզիա կարող են ստանալ նաև   գործունակ ֆիզիկական անձինք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ նրանց կանոնադրությամբ:

Պետական կամ համայնքի հիմնարկի լիցենզավորումն իրականացվում է իրավաբանական անձանց համար՝ սույն օրենքով նախատեսված կարգով:

7. Լիցենզիա ստանալու համար դիմած առևտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականում գործունեության համապատասխան տեսակների իրականացում նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ լիցենզիայի հայտի մերժման համար:

Լիցենզիա ստացած առևտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականում տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման իրավունքը նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ այդ կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու համար:

8. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

9. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:

10. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:

(7-րդ հոդվածը փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-172-Ն)


Հոդված 8.

Լիցենզավորող մարմինները

1. Լիցենզիաները տալիս են միայն սույն հոդվածով նախատեսված լիազորված պետական մարմինները:

1.1. Լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացումը և ստացումը Երևան քաղաքից դուրս կարող է իրականացվել մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմիններ) լիցենզիաները տրվում են սույն օրենքի  43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

Լիցենզավորող մարմինների կողմից լիցենզիաները ձևակերպվում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի,  Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներով,  ինչպես  նաև  նախարարի կամ գերատեսչության ղեկավարի հրամանով (այսուհետ՝ որոշում):

Էներգետիկայի և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:

Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում` լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերը և պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-252-Ն)

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին և դրանց հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին:

Աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում տվյալ բնագավառը կարգավորող օրենքներին:

3. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով:

4. Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները:

5. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:

6. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

(8-րդ հոդվածը լրաց. 20.02.02 ՀՕ-307, խմբ. 29.05.02 ՀՕ-364-Ն, լրաց. 11.06.04 ՀՕ-101-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-252-Ն, փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-31-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-282-Ն, լրաց. 26.05.11 ՀՕ-208-Ն, 20.11.14 ՀՕ-172-Ն)


Հոդված 9.

Լիցենզավորող մարմինների որոշումները

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`

1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.

2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.

3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).

4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:

3. Այն դեպքում, երբ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացվելուց հետո, ապա լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:

(9-րդ հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 10.

Լիցենզավորման կարգերը

1. Սույն օրենքով նախատեսված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն սույն օրենքով:

2. Սույն օրենքով նախատեսված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն օրենքով և լիցենզավորման կարգերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

6 (մասն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-252-Ն)

7. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:

8. Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել միայն այնպիսի պահանջներ, որոնք անհրաժեշտ են պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

Լիցենզավորման կարգերում օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելիս պետք է պարտադիր հղում կատարվի սույն մասով նախատեսված հիմքերին: Նման հղում չպարունակող պահանջը, ինչպես նաև օրենքով չնախատեսված սահմանափակումներն իրավաբանական ուժ չունեն:

Լիցենզավորման կարգերում հայտատուների կամ լիցենզավորված անձանց քաղաքացիական իրավունքների սահմանափակումներ չեն կարող նախատեսվել:

9. Լիցենզավորման կարգերում բիզնես-ծրագրերի, հիմնավորումների, շուկայի վերլուծության ներկայացման, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի, ինչպես նաև հայտատու իրավաբանական անձի հիմնադիրների մասին տեղեկություններ ներկայացնելու պահանջները կարող են սահմանվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

10. Լիցենզավորման կարգերով չի կարող լիցենզավորված անձին պարտադրվել կնքելու որոշակի կոնկրետ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Լիցենզավորման կարգերում լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման համար որպես հիմք չի կարող սահմանվել հայտատուի կողմից այլ անձանց, այդ թվում՝ նաև պետության նկատմամբ պարտավորությունների չկատարման փաստը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-252-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-31-Ն, լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ


Հոդված 11.

Լիցենզավորված անձի կողմից բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները:

2. Այն բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների ցանկերը, որոնց պահանջները պետք է պահպանվեն լիցենզավորման ենթակա յուրաքանչյուր գործունեության տեսակի համար, սահմանում են դրանց համար լիազորված պետական կառավարման մարմինները: Ցանկերում նշվում են համապատասխան նորմեր ու կանոններ սահմանող նորմատիվ իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, պաշտոնական տեղեկագրի անվանումը և համարը: Պարտադիր պահպանման ենթակա նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին է հանձնում լիցենզավորող մարմինը` լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում:

3. Լիցենզիա տալու համար չեն կարող պահանջվել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը հավաստող փաստաթղթեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիցենզավորող մարմինը տրված լիցենզիաների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայտնում է համապատասխան մարմիններին:


Հոդված 12.

Պարտադիր պահանջները և պայմանները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում՝ նաև լիցենզավորման կարգերով և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:

2. Պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը լիցենզավորող մարմինը հանձնում է լիցենզավորված անձին լիցենզիայի հետ միասին: Ցանկում նշվում է համապատասխան իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և տեղեկագրի անվանումն ու համարը: Նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում:

2.1. Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Նման պարտավորությունների փոփոխության դեպքում լիցենզավորող մարմինը այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, պարտավոր է ծանուցել լիցենզավորված անձին և դրանք հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Միևնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ և պայմաններ:

(12-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, 19.03.12 ՀՕ-132-Ն)

 

 

Հոդված 12.1. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները և պայմանները

 

1. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում կամ տարանցիկ փոխադրում իրականացնելը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական պայմանագիր ստորագրելը պարտավոր են ստանալ լիցենզավորող մարմնի եզրակացությունը` այդ գործունեության` սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված նպատակներին համապատասխանելու վերաբերյալ:

Եզրակացությունը ստանալու նպատակով անձը պարտավոր է, լիցենզավորման կարգով սահմանված պահանջների համաձայն, լիցենզավորող մարմին ներկայացնել պատշաճ կարգով հաստատված հետևյալ տեղեկությունները.

1) ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող կազմակերպության գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին.

2) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին.

3) ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում ներմուծվող պետության լիազոր մարմնի հավաստումն այն մասին, որ ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերջնական օգտագործողին, այդ արտադրանքը չի օգտագործվի այլ նպատակներով, քան հայտարարված է, և չի փոխանցվի որևէ այլ երրորդ երկիր կամ այլ անձի` առանց արտահանող կողմի լիցենզավորող մարմնի գրավոր համաձայնության.

4) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրում իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին.

5) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման պայմանագրերում նախատեսված ներմուծվող կամ արտահանվող կամ տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը, իսկ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության դեպքում` նաև կնքման ենթակա պայմանագրի նախագծում նախատեսված ապրանքների ցանկը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջները և պայմանները լիցենզավորված անձը պետք է պահպանի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող գործունեության ժամանակ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ռազմական նշանակության արտադրանք համարվող այն ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկը, որոնց ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև դրանց առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ հսկողությունն անհրաժեշտ է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների կատարումն ապահովելու համար:

Սույն մասում նշված ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

(12.1-ին հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն)


Հոդված 13.

Մասնագիտական որակավորման պահանջները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ:

2. Անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով:

3. Օտարերկրյա պետությունների կողմից տրված մասնագիտական որակավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում իրավական ուժ ունեն, եթե դա նախատեսված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիցենզիա տալու համար մասնագիտական որակավորման ստուգումներ կարող են անցկացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված կարգով ու պայմաններով:

5. Մասնագիտական որակավորում ստանալու, մասնագիտական որակավորման ստուգմանը (քննությանը) մասնակցելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

6. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման պահանջի դեպքում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն մինչև լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ դրանց փոփոխությունները՝ դրանք կատարվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով որակավորված անձանց նկատմամբ սահմանված այլ պահանջներ լինելու դեպքի, երբ սահմանված է, որ որակավորված անձը պետք է ապահովի նաև այլ նախապայմաններ, որոնք անհրաժեշտ են լիցենզիա ստանալու համար:

(13-րդ հոդվածը խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-160-Ն)


Հոդված 14.

Որակավորման ստուգման կարգը

1. Ֆիզիկական անձանց որակավորումն ստուգում են համապատասխան լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ:

Որակավորման հանձնաժողովների կազմավորման կարգերը և կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Որակավորման ստուգումը պետք է իրականացվի լիցենզավորման համապատասխան կարգը հաստատելու իրավունք ունեցող մարմնի հաստատած որակավորման կարգին համապատասխան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որակավորման կարգերը պետք է կազմվեն մանրամասն, պարզ և չպետք է սահմանեն դրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն նախատեսված կամ չեն ընդգրկված համապատասխան կրթական ծրագրերում:

3. Որակավորման կարգերով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձևը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր հրապարակման ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Եթե որակավորման ստուգումն իրականացվելու է տեխնիկական միջոցներով, ապա հայտատուին նախօրոք պետք է ծանոթացվեն տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը և պայմանները:

Որակավորման ստուգումներն անցկացվում են գրավոր:

Որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

4. Որակավորման կարգերի փոփոխման մասին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

5. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ:

Միևնույն որակավորման ստուգման բոլոր մասնակիցների համար պետք է սահմանվեն միևնույն պահանջները:

6. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերեն:

7. Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Դռնփակ են անցկացվում այն ստուգումները, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Դռնբաց ստուգումների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

8. Հանձնաժողովն ստուգումների արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է:

Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվանը հաջորդող հինգ օրվա ընթացքում:

9. (մասն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-160-Ն)

10. Սույն հոդվածի պահանջների խախտումով անցկացված որակավորման ստուգումները դատական կարգով ճանաչվում են անվավեր:

(14-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-513-Ն, 19.03.12 ՀՕ-132-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-160-Ն)


Հոդված 15.

Տեխնիկական պահանջները և պայմանները

1. Եթե լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակների իրականացման համար պահանջվում է հատուկ տեխնիկական պայմանների առկայություն, ապա լիցենզավորման ենթակա նման գործունեությամբ զբաղվելու համար կարող են սահմանվել կոնկրետ տեխնիկական պահանջներ և պայմաններ:

2. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին վերաբերող տեխնիկական պահանջները և պայմանները սահմանվում են օրենքով կամ իրավական այլ ակտերով:


Հոդված 16.

Ապրանքների, առարկաների, սարքավորումների կամ լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը

1. Օրենքով սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան կարող է տրվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

2. Ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:

3. Փորձաքննությունն իրականացվում է հայտատուի հաշվին:

Փորձաքննությունն իրականացվում է մինչև հայտի ներկայացումը, և փորձաքննության եզրակացությունը ներկայացվում է հայտի հետ միասին:

4. Օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում լիցենզիա տալու համար հիմք կարող են ընդունվել նաև տվյալ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձագիտական եզրակացությունները:

5. Փորձաքննությունն իրականացվում է մեկամսյա ժամկետում, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ:


Գ Լ ՈՒ Խ  IV

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ


Հոդված 17.

Լիցենզիայի վավերապայմանները

1. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝

1) լիցենզավորող մարմնի անվանումը.

2) լիցենզիայի համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.

5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը.

6) գործունեության իրականացման վայրը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

7) լիցենզիայի գործողության ժամկետը.

8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

2. Լիցենզիաների ձևերը հաստատում են համապատասխան լիցենզավորման կարգերը հաստատող մարմինները, իսկ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներինը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Լիցենզիաների ձևերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար և սերիա:

Լիցենզիաների ձևերի ձեռքբերումը, հաշվառումը և պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները:


Հոդված 18.

Լիցենզիայի ներդիրները

1. Մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին:

2. Տեխնիկական պահանջներ և պայմաններ նախատեսող գործունեության տեսակների համար լիցենզիա տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել սարքավորումների կամ տեխնիկական միջոցների առանձին տեսակների համար լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին և պայմաններին:

2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:

3. Լիցենզիայի ներդիրների գործողության ժամկետը չի կարող գերազանցել լիցենզիայի գործողության ժամկետը:

(18-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-349-Ն)


Հոդված 19.

Լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը

1. Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:

2. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին:

3. Լիցենզավորող մարմինը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց  հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` դրա կրկնօրինակը ստանալու համար:

5. Լիցենզավորող մարմինը ոչ պիտանի դարձած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է նրա կողմից դիմումը տալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

7. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակի կորստի դեպքում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-87-Ն)


Հոդված 20.

Լիցենզիաների գրանցամատյանի վարումը

1. Լիցենզավորող մարմինները վարում են լիցենզիաների գրանցամատյաններ:

2. Լիցենզիաների գրանցամատյաններում պետք է նշվեն`

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը.

2) լիցենզիայի համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը և գրանցման համարը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

5) գործունեության իրականացման վայրերը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

6) գործողության ժամկետը.

7) գործողության ժամկետների երկարաձգումները.

8) տեղեկություններ՝ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին.

9) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ:

3. Լիցենզիայի գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիցենզավորող մարմինը:


Հոդված 21.

Լիցենզավորված անձանց անհատական գործերը

1. Լիցենզավորող մարմիններում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմվում է անհատական գործ:

2. Լիցենզավորված անձի անհատական գործը ենթակա է պահպանման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

3. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է լիցենզավորող մարմին: Վերադարձված լիցենզիան կարվում է լիցենզավորված անձի անհատական գործին:


Հոդված 22.

Լիցենզավորված անձանց մասին տեղեկատվությունը

1. Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

2. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով՝ երեք օրվա ընթացքում, լիցենզիաների գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք, որի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերի չափը:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում՝ անվճար:

3. Լիցենզավորող մարմինները լիցենզիաների գրանցամատյանում կատարված գրանցումների կամ դրանց փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղյակ են պահում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

4. Լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները, դրանք ընդունելու օրվանից՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին:

Լիցենզավորող մարմինները լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին:

Լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի գործողության կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում` դրանց ստացման օրվանից՝ տասն օրվա ընթացքում:


Հոդված 23.

Պետական տուրքը

Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:


Հոդված 23.1.

Պետական տուրքի վճարումը

 

1. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:

3. Հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: Սույն մասով նախատեսված հայտի մերժման վրա չեն տարածվում սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի և 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասություններով, ինչպես նաև 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները:

(23.1-ին հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)

Գ Լ ՈՒ Խ  V

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Հոդված 24.

Լիցենզիաների տեսակները

Լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար կարող են տրվել լիցենզիաների հետևյալ տեսակները՝

1) պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ.

2) բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ:

Հոդված 25.

Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան

1. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված  հսկողություն:

Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:

2. Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:

5. (մասն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 26.

Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան

1. Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

2. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:

3. Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:

5. Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:

Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:

6. Բարդ լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

(26-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ. 29.04.13 ՀՕ-48-Ն)

 

 

 Հոդված 26.1.

Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը

 

1. Այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչև լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով:

(26.1-ին հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)


 

Հոդված 27.

Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը


1. Պարզ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,

գ) օրենքով նախատեսված այլ տեղեկատվություն,

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 22.06.12 ՀՕ-172-Ն)

3) օրենքով  նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Պարզ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(27-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-12-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն, լրաց., փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 28.

Բարդ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

1. Բարդ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,

գ) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկատվություն,

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 22.06.12 ՀՕ-172-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-160-Ն)

4) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Բարդ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(28-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-12-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն, լրաց., փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն, 20.11.14 ՀՕ-160-Ն)


Հոդված 29.

Լիցենզիայի հայտի մերժումը

1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4.1) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին.

5) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:

2. Պարզ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

Բարդ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա: 

3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:

7. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

(29-րդ հոդվածը խմբ. 15.12.05 ՀՕ-12-Ն, լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.04.13 ՀՕ-48-Ն)

 


Հոդված 30.

Որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը

1. Լիցենզավորված անձն իրավունք ունի որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս առաջ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու հայտ ներկայացնել լիցենզավորող մարմին:

Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետի չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամանակը:

3. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի վրա համապատասխան նշում կատարելու միջոցով:

4. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

5. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(30-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-116-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն, խմբ. 22.06.12 ՀՕ-172-Ն, լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 31.

Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտի մերժումը

1. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

4) դիմող ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքի համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

5) լիցենզիան ստանալուց հետո՝ անցած ժամանակահատվածի ընթացքում, փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

6) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:

2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից հինգ օրվա, իսկ բարդ լիցենզիայի դեպքում` տասն օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում: Եթե նշված ժամկետներում լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և լիցենզավորող մարմինը պարտավոր է մեկ օրվա ընթացքում երկարաձգել լիցենզիայի գործողության ժամկետը:

3. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտի մերժումն արգելվում է:

7. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը տրվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հարցը քննվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

(31-րդ հոդվածը լրաց., խմբ. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 32.

Լիցենզիայի վերաձևակերպումը

1. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ:

2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին` անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կցելով տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

3. Իրավաբանական անձի առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:

4. Իրավաբանական անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձանց տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:

5. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանը հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

6. Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ այդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

7. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

8. Սույն հոդվածը լիցենզավորված անձի գտնվելու վայրի փոփոխման մասով տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:

9. Լիցենզիայի վերաձևակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(32-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն, փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 33.

Գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը

1. Պարզ լիցենզիա ստացած լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար նա լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը: (նախադասությունը հանվել է 22.06.12 ՀՕ-172-Ն)

2. Բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ գործունեության տեսակով նոր վայրում գործունեության իրականացումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել կամ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Եթե բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, կամ տվյալ լիցենզավորված անձն այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն կարող է իրականացնել միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում:

Սույն մասի պահանջների խախտմամբ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտը  քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու  օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

5. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտի մերժումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ այդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

6. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

7. Սույն հոդվածի պահանջը տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:

8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

(33-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-65-Ն, խմբ., փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)


Հոդված 34.

Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

2.  Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:

4. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները:

Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում լիցենզիայի ողջ գործողության կասեցում չի կիրառվում:

Եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ պետք է նախատեսվեն լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը կասեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը:

Սույն հոդվածով նախատեսված դրույթները չպարունակող լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումներն անվավեր են:

5. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն օրենքով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման որոշում է կայացվում յուրաքանչյուր հիմքով:

6. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

7. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:

Սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը վերացած է համարվում լիցենզիայի տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև դրանց` վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:

8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:

(34-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-65-Ն, 08.12.11 ՀՕ-349-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-84-Ն)

 

Հոդված 35.

Լիցենզիայի գործողության կասեցման կարգը


1. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

Եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել օրենքի, լիցենզավորման կարգի կամ լիցենզավորման պայմանների ու պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին կամ բարի համբավին կամ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ապա լիցենզավորող մարմինն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես արգելել լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացումը: Լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին կայացվում է որոշում, որն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու պահից:

Եթե լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին որոշումը կայացնելու օրվանից՝ հինգ օրվա ընթացքում, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի կայացվում կամ, եթե այդ որոշմամբ չի հիմնավորվում լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների արգելման անհրաժեշտությունը, ապա արգելման մասին որոշումը համարվում է անվավեր: Այս դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է փոխհատուցել արգելման հետևանքով լիցենզավորված անձին պատճառված վնասները:

2. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

3. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում:

4. Եթե լիցենզավորման հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացությունը կայացնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում պատշաճ ձևով լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի հանձնվում կամ ուղարկվում լիցենզավորված անձին, ապա լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Այս դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ հարց բարձրացնել՝ լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար:

(35-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն)


Հոդված 36.

Լիցենզիայի գործողության կասեցման դեպքերը

1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`

1) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու,  գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

2) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու կամ սույն օրենքով սահմանված դեպքերում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորվող մարմին ժամանակին չներկայացնելու դեպքերում.

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում.

4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումներ կատարելու դեպքում.

5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

6) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում, եթե տվյալ խախտման համար լիցենզավորված անձի նկատմամբ այդ բնագավառը կարգավորող օրենքով պատասխանատվության այլ միջոց սահմանված չէ.

7) լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.

8) մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում` միայն այդ անձի մասով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի.

9) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

10) սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմնի կողմից դիմում ներկայացնելիս.

11) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է երկու ամիս ժամանակով:

4. Սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 15 օրվա ընթացքում: Եթե դիմում տալու օրվանից՝ 20 օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված՝  լիցենզավորված անձի կողմից նշված ժամանակով:

5. Լիցենզիայի գործողության կասեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով կամ, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

6. Սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով:

7. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:

8. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

9. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին ժամանակավորապես լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:

10. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից:

(36-րդ հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ-42-Ն, խմբ. 15.12.05 ՀՕ-12-Ն, 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-160-Ն)


Հոդված 37.

Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.

3) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.

4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.

5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

8) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

2. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

3. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք ունի կասեցնել լիցենզիայի գործողությունը մինչև դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել լիցենզիայի գործողության կասեցման օրվանից՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված:

4. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

5. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:

6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

8. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 15 օրվա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից՝ 20 օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ դադարեցված:

Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով:

9. Լիցենզավորող մարմնի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի գործողության դադարեցման դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

10. Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիցենզավորող մարմնի որոշմամբ պետք է սահմանվեն նաև լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ:

11. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:

12. Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզիայով նախատեսված ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:

Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

(37-րդ հոդվածը խմբ. 17.09.09 ՀՕ-169-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-349-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-84-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-125-Ն)

 

Հոդված 38.

Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ մտնելու կարգը


1. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերն ուղարկվում են լիցենզավորված անձի գտնվելու վայրի հասցեով, եթե համապատասխան հայտում այլ հասցե նշված չէ:


Հոդված 39.

Հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումների, ինչպես նաև որակավորման ստուգման արդյունքների բողոքարկումը

1. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը չվերացնելու մասին լիցենզավորող մարմնի որոշումը, ինչպես նաև որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

2. Հայտերի մերժման մասին լիցենզավորող մարմինների որոշումները հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի բողոքարկել համապատասխան մերժումն ստանալու օրվանը հաջորդող մեկամսյա ժամկետում:

3. Լիցենզավորող մարմինների կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովներում կամ լսումների կարգով:

Բողոքարկման հանձնաժողովներում բողոքները քննարկվում են սույն օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Լսումների կարգով բողոքները քննարկվում են սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Բողոքները քննարկվում են դրանք լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից՝ 10 օրվա ժամկետում:


Գ Լ ՈՒ Խ  VI

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ


Հոդված 40.

Հանձնաժողովներում հարցերի քննարկման կարգը

1. Հանձնաժողովները հարցերը քննարկում են իրենց նիստերում:

Հանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովների որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ՝ հրավիրված անձ):

2. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

3. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

4. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի սույն օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

5. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

6. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք: Դռնբաց նիստի ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

7. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

8. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

9. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազորված մարմինը պարտավոր է եզրակացությունը կայացնելուն հաջորդող երկու օրվա ընթացքում կայացնել որոշում: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացվում, ապա լիազորված մարմնի որոշումը համարվում է հանձնաժողովի որոշումը, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

10. Սույն հոդվածի պահանջների խախտումով կայացված հանձնաժողովի եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն:

(40-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-132-Ն)


Հոդված 41.

Հանձնաժողովների նիստերի արձանագրությունները

1. Հանձնաժողովներում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.

2) հանձնաժողովի տեսակը և կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ՝  քննարկմանը մասնակցող անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

8) տեղեկություններ՝ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

2. Հանձնաժողովների նիստերի արձանագրությունն ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:


Հոդված 42.

Լսումների իրականացման կարգը

1. Լսումների կարգով հայտի քննարկումը կազմակերպում են լիցենզավորող մարմնի կողմից լիազորված անձինք:

2. Հայտը լսումների կարգով քննարկելու կապակցությամբ՝ սույն օրենքով նախատեսված հայտի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել 7 օրով:

3. Լսումների կարգով հայտի քննարկմանը հրավիրվում է հայտատուն: Հայտի քննարկման մասին հայտատուին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից առնվազն 5 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

4. Լսումների կարգով հայտը քննարկելիս հայտարարվում է, թե ինչ հայտ է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հայտատուին բացատրվում է նրա իրավունքներն ու պարտականությունները, հրապարակվում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

Հայտի քննարկմանը հայտատուի չմասնակցելը հիմք է հանդիսանում հայտը չքննարկելու համար, եթե հայտատուն չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հայտատուի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի սույն օրենքով նախատեսված հայտերի քննարկման ժամկետները:

5. Հայտատուն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հայտատուն և կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել աշխատանքային խմբի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել, առաջարկություններ կատարել:

6. Հայտերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հայտերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հայտատուի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հայտի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:


Գ Լ ՈՒ Խ  VII

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Հոդված 43.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը

1. Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:

2. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ

 

Հ/հ

Լիցենզավորման ենթակա
գործունեության
տեսակը

Լիցեն-զավո-րող մար-մինը

Լիցեն-զիայի տեսակը

Ոլորտ

Փորձա-քննու-թյան պահանջ

Մրցու-թային կար-գով

Որակա-վորման պահանջ

Հաշվե-տվու-թյան պահանջ

Վայրի պա-հանջ

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն

ՀՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

2.

Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր և պայթեցման աշխատանքների կատարում

ԿՄ

Բ

-

 

-

Ո

Հ

Վ

3.

Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր

ԿՄ

Պ

-

-

-

-

-

-

4.

Զենքի արտադրություն

ՀՀԿ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

5.

Զենքի առևտուր

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

6.

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն

ՀՀԿ

Բ

-

Փ

 

Ո

Հ

Վ

7.

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր

ՀՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

8.

Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

-

9.

Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

-

10.

Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն (ռազմական նշանակության արտադրանքի առևտրի գործընթացում այլ անձանց համար պայմանագրերի կնքման բանակցությունների վարման, ինչպես նաև այդ արտադրանքի ձեռքբերման, փոխանցման և վաճառքի օժանդակման ծառայությունների մատուցում)

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

-

11.

Մասնավոր պահնորդական գործունեություն

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

-

 

 2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

-

 

 3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Դեղերի արտադրություն

ԿՄ

Բ

 

Փ

-

-

Հ

Վ

2.

Դեղատնային գործունեություն

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

Վ

3.

Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

Վ

4.

Գենետիկ ինժեներիայի գործունեություն

ՀՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

5.

(կետն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-84-Ն)

 

 4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

2.

Արտարժույթի առուվաճառք

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

3.

Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

 

 5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Ներդրումային ծառայությունների մատուցում՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայությունների տեսակների

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

2.

Կարգավորվող շուկայի օպերատորի գործունեություն

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

3.

Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեություն

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

 

 6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Բանկային գործունեություն

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

2.

Գրավատների կազմակերպում

ԿԲ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3.

Ներդրումային ֆոնդի
կառավարման գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

4.

Կյանքի ապահովագրության իրականացում` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

5.

Ոչ կյանքի ապահովագրության իրականացում`«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

6.

Ինկասացիոն ծառայությունների մատուցում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

-

7.

Վարկային բյուրոյի գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

-

Հ

-

8.

Ապահովագրական բրոքերային գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

9.

Վարկային կազմակերպության գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

10.

Դրամական (փողային) փոխանցումների իրականացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

11.

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

12.

Կյանքի վերաապահովագրության իրականացում

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

13.

Ոչ կյանքի վերաապահովագրության իրականացում

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

 

 7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

2.

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն

ԿՄ

Պ

-

Փ

-

Ո

Հ

Վ

3.

Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

 

 8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Բնական գազի փոխադրում, բաշխում, ներկրում, արտահանում

ՀԾԿՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

2.

Էլեկտրական էներգիայի արտադրություն (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, արտահանում, ներկրում

ՀԾԿՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

3.

Ջերմային էներգիայի արտադրություն, փոխադրում, բաշխում

ՀԾԿՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

4.

Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայություններ

ՀԾԿՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

5.

Էներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ

ՀԾԿՀ

Բ

Ա

-

-

-

Հ

-

 

 9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

2.

Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3.

Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

4.

Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

5.

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

6.

Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

7.

Բակալավրի կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

8.

Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

 

10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ

               
1

(ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

1.1.

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի

ՀԾԿՀ

Բ

Ա

-

-

Ո

Հ

Վ

2.

(ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

3.

(ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

4.

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում

ՀՌԱՀ

Բ

-

-

Մ

-

-

Վ

 

11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Փոստային կապի գործունեություն

ԿՄ

Բ

Ա

-

-

-

-

-

 

12. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

2.

Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3.

Մաքսային փոխադրողի գործունեություն

ԿՄ

Բ

Ա

-

-

-

Հ

-

4.

Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

5.

(կետն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-199-Ն)

 

13. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Միջուկային տեղակայանքների կամ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կամ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում կամ նախագծում կամ կառուցում կամ շահագործում կամ շահագործումից հանում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

2.

Միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ արտահանում

ՀՀԿ

Բ

-

-

-

-

Հ

-

3.

Միջուկային նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

4.

Ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

5.

Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն կամ օգտագործում կամ վերանորոգում կամ մոնտաժում և կարգաբերում կամ փոխադրում կամ պահեստավորում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

6.

Գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում կամ կարգաբերում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

7.

Ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

8.

Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

9.

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում կամ պատրաստում

ԱԷՕԲԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

10.

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն

ԱԷՕԲԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

11.

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն

ԱԷՕԲԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

 

14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում

ՀՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

 

15. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Վիճակախաղերի կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

-

2.

Շահումներով խաղերի կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3.

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում

ԿՄ

Պ

       

Հ

Վ

4.

Խաղատների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

 

16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում

ԿՄ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

-

2.

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

3.

(կետն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-165-Ն)

4.

Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար- տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

5.

Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

2.

Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

3.

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ

Բ

     

Ո

Հ

 

4.

Ինժեներական հետազննում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

-

5.

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

 

18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

               

1.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացում

ԿՄ

Բ

-

Փ

-

-

-

-

2.

(կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-335-Ն)

3.

Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատատուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն

ԿՄ

Բ

Ա

-

-

-

-

Վ

4.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

5.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

6.

Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

-

7.

Գարեջրի արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

8.

Աուդիտորական ծառայությունների իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

9.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

10.

Առևտրի իրականացման վայրի կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

11.

«Արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային
 անվանացանկ»
 (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի
 2208 ծածկագրին դասվող
 օղու ներմուծում

ԿՄ

Բ

Ա

-

-

-

-

-

 

3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվել առանց սահմանափակման, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:

3.1. Սույն հոդվածի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 3-7-րդ և 11-րդ կետերում նշված գործունեության տեսակների լիցենզիաներ ստացած անձանց արգելվում է որևէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Սույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

4. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիա տվող մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ՝

ՀՀԿ - Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ԿԲ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

ՀՌԱՀ - Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով.

ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ.

ԱԷՕԲԿՄ` Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին:

Բոլոր պարզ լիցենզիաները տալիս է միայն  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մեկ պետական կառավարման մարմինը:

5. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիայի տեսակները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ`

Պ - Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիա.

Բ - Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա:

6. Սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում լիցենզիա, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

7. Միայն սույն հոդվածի աղյուսակի վեցերորդ սյունակում «Փ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար օրենքով կամ լիցենզավորման կարգերով կարող է պահանջվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննական եզրակացություն:

8. Սույն հոդվածի աղյուսակի յոթերորդ սյունակում «Մ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տրվում է միայն մրցույթի արդյունքում:

9. Միայն սույն հոդվածի աղյուսակի ութերորդ սյունակում «Ո» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տալու համար կարող է իրականացվել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում:

10. Միայն սույն հոդվածի աղյուսակի իններորդ սյունակում «Հ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանցից լիցենզավորող մարմիններն իրավունք ունեն պահանջել լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ կամ տեղեկություններ:

11. Միայն սույն հոդվածի աղյուսակի տասներորդ սյունակում  «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

12. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:

(43-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-202, փոփ. 06.02.02 ՀՕ-295, խմբ., փոփ. 20.02.02 ՀՕ-307, խմբ. 23.10.02 ՀՕ-439-Ն, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-364-Ն, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-488-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-513-Ն, լրաց. 31.03.03 ՀՕ-525-Ն, 13.12.03 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-65-Ն, լրաց. 17.12.03 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.03.04 ՀՕ-52-Ն, խմբ. 08.06.04 ՀՕ-92-Ն, խմբ., լրաց. 11.06.04 ՀՕ-101-Ն, խմբ. 28.09.04 ՀՕ-113-Ն, լրաց. 06.12.04 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց. 28.09.04 ՀՕ-112-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-156-Ն, լրաց. 08.12.04 ՀՕ-167-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-127-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-48-Ն, 05.05.05 ՀՕ-100-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-252-Ն, լրաց. 25.05.05 ՀՕ-138-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-31-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-196-Ն, լրաց. 15.11.05 ՀՕ-237-Ն, 23.05.06 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-65-Ն, լրաց. 20.12.06 ՀՕ-249-Ն, լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-242-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-150-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.02.07 ՀՕ-116-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-84-Ն, լրաց. 29.11.06 ՀՕ-230-Ն, 05.12.06 ՀՕ-239-Ն, 25.12.06 ՀՕ-24-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-43-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-53-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-190-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.10.07 ՀՕ-206-Ն, խմբ. 19.05.08 ՀՕ-68-Ն, փոփ. 19.05.08 ՀՕ-69-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-156-Ն, 22.10.08 ՀՕ-179-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-140-Ն, փոփ. 19.03.09 ՀՕ-73-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-194-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-1-Ն, լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ., փոփ. 10.07.09 ՀՕ-163-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-227-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-282-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-199-Ն, խմբ. 11.05.11 ՀՕ-158-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-335-Ն, խմբ. 21.03.12 ՀՕ-84-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-325-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-349-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-8-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-256-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-87-Ն, 19.06.13 ՀՕ-84-Ն, 20.11.14 ՀՕ-165-Ն, խմբ. 20.11.14 ՀՕ-172-Ն, լրաց. 01.12.14 ՀՕ-195-Ն)

Գ Լ ՈՒ Խ  VIII

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ


Հոդված 44.

Լիցենզավորող մարմնի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտմամբ լիցենզիա տալու համար

Եթե լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից տրվել է օրենսդրության պահանջների խախտումով, որի հետևանքով լիցենզավորված անձը վնաս է պատճառել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ապա Հայաստանի Հանրապետությունը լիցենզավորված անձի հետ կրում է համապարտ պատասխանատվություն:


Հոդված 45.

Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Պետությունը պարտավոր է փոխհատուցել լիցենզիա ստանալու, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը տալու վերաբերյալ հայտերն ապօրինի մերժելու կամ լիցենզիայի գործողությունն ապօրինի կասեցնելու հետևանքով հայտատուին կամ լիցենզավորված անձին պատճառված վնասները:


Հոդված 46.

Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը

1. Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով:

Առանց լիցենզիայի սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

2. Լիցենզավորված անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման կամ պետական հաշվառման վկայականում լիցենզավորված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել լիցենզիայի պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաև չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն:

(46-րդ հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-139-Ն,  22.06.12 ՀՕ-172-Ն)


Հոդված 47.

Սույն օրենքի գործողության ընթացքում ծագած վեճերի լուծումը

Սույն օրենքի գործողության ընթացքում ծագած վեճերը լուծվում են սույն օրենքով նախատեսված դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 48.

Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքը, նրա 43-րդ հոդվածով նախատեսված լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակների մասով, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելու պահն օրենքի կամ իրավական այլ ակտերի համաձայն չեն համարվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը:

3. Նոր գործունեությունը լիցենզավորված կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

4. Լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

4.1. Սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերի պահանջները չեն տարածվում միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին առնչվող գործունեության լիցենզավորման վրա:

5. Լիցենզավորման պայմանների ու պահանջների փոփոխության դեպքում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավական ուժը՝ սույն օրենքով  նախատեսված ժամկետներով:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ընդունված լիցենզավորման կարգերը գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի պահանջներին:

Եթե սույն օրենքի համաձայն լիցենզիան պետք է տրվի լիցենզավորման կարգի համաձայն, և նման կարգ չի սահմանվել սույն օրենքով նախատեսված մարմինների կողմից, ապա նման դեպքերում մինչև համապատասխան կարգերի սահմանումը լիցենզիան տրվում է պարզ ընթացակարգով:

7. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի համաձայն գործունեության առանձին տեսակները լիցենզավորող լիազորված մարմինների սահմանումը լիցենզիայի տվյալ տեսակները համարվում են չլիցենզավորվող:

8. Օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 և 7.3 ենթակետերին համապատասխան տրված լիցենզիաները` թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) ու խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության և գարեջրի արտադրության գործունեությունների մասերով մինչև 2004 թվականի հուլիսի 15-ը ենթակա են վերաձևակերպման ըստ գործունեության վայրի, որի համար օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

9. 2004 թվականի հուլիսի 15-ից հետո սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված լիցենզիայի, ըստ գործունեության իրականացման վայրի, վերաձևակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը:

10. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի 1-ին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(48-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-65-Ն, 17.09.09 ՀՕ-169-Ն)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հունիսի 2001 թ.
ՀՕ-193