ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՖՈՆԴԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին աջակցության միջոցառման ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածով սահմանված կարգով հաստատություններին տրամադրված ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն «Գնումների մասին» օրենքով կամ Աշխատանքային օրենսգրքով ամրագրված դրույթներին համապատասխան.
2) սույն որոշման հավելվածով սահմանված կարգով հաստատություններին տրամադրված ֆինանսական միջոցների չիրացված (խնայված, տնտեսված) մնացորդը չի կարող օգտագործվել այլ նպատակներով և ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1232-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՖՈՆԴԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման շրջանակներում պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ հաստատություն) ֆինանսական միջոցներ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով հաստատություններին ֆինանսական միջոցներ հատկացվում են արտակարգ իրավիճակների և չնախատեսված հանգամանքների հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար աշխատանքների իրականացման, նյութերի և գույքի ձեռքբերման նպատակով, մասնավորապես՝
1) բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով հաստատությանն ամրացված կամ հաստատությանը սեփականության իրավունքով պատկանող գույքին պատճառված վնասը վերականգնելու համար աշխատանքների ապահովման, նյութերի կամ գույքի ձեռքբերման նպատակով.
2) հաստատությանն ամրացված շենք շինությունների տանիքի նորոգման նպատակով.
3) հաստատության ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղու, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հակահրդեհային անվտանգության, ազդանշանային և կապի համակարգերի նորոգման, արդիականացման և վերազինման նպատակով.
4) հաստատության դռների կամ պատուհանների փոխարինման, նորոգման նպատակով.
5) հաստատության ընթացիկ գործունեությունը խաթարող և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների ֆինանսավորման նպատակով։
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ ստանալու համար հաստատությունները դիմում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ կից ներկայացնելով հիմնավորող և հաշվարկային հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝
1) հիմնավորող փաստաթղթերն են (ընթացիկ, կապիտալ աշխատանքների և գույքի ձեռքբերման դեպքում)՝
ա. առաջացած խնդրի մանրամասն նկարագրությունը և խնդրի առաջացման պատճառը,
բ․ ջեռուցման և հակահրդեհային համակարգերի սարքավորումների փոխարինման խնդիրների դեպքում՝ համապատասխան լիցենզիա (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ արտոնագիր) ունեցող կազմակերպության (մասնագետի) եզրակացությունը՝ սարքավորումների շահագործման ենթակա չլինելու մասին,
գ. համաֆինանսավորման դեպքում՝ տեղեկություններ համաֆինանսավորող կողմի և համաֆինանսավորման չափի վերաբերյալ,
դ. աշխատանքները կամ դրանց մի մասը հաստատության կողմից իրականացվելու դեպքում՝ տեղեկություններ այդ աշխատանքների ծավալի և բնույթի վերաբերյալ,
ե. փաստացի իրավիճակն արտացոլող լուսանկարներ,
զ. այլ փաստաթղթեր՝ հաստատության հայեցողությամբ.
2) ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն նախագծային փաստաթղթեր և շինարարության թույլտվություն չպահանջող կապիտալ աշխատանքների ձեռքբերման ֆինանսավորման համար հաշվարկային փաստաթղթերն են՝
ա. թերությունների մասին ակտը՝ կազմված և հաստատված համապատասխան հանձնաժողովի կողմից (կցելով նաև հանձնաժողովի ձևավորման մասին իրավական ակտի պատճենը),
բ. աշխատանքների ցանկը՝ կազմված և հաստատված թերությունների մասին ակտը հաստատող հանձնաժողովի կողմից,
գ. խնդրի լուծման նպատակով իրականացվելիք աշխատանքների ծախսերի նախահաշիվը՝ դիմողի և թերությունների մասին ակտը հաստատող հանձնաժողովի ստորագրությամբ՝ կցելով նախահաշիվը հիմնավորող գնորոշումների աղբյուրը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն նախագծային փաստաթղթեր և շինարարության թույլտվություն պահանջող կապիտալ աշխատանքների ձեռքբերման ֆինանսավորման համար հաշվարկային փաստաթղթերն են՝
ա. քաղաքաշինական փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող կազմակերպության (իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նախագծերի մասով՝ համապատասխան արտոնագիր ունեցող ճարտարապետի) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի համար լիցենզավորված կազմակերպության կողմից տրված քաղաքաշինական փաստաթղթերի պարզ փորձաքննության դրական եզրակացությունը.
4) գույքի ձեռքբերման ֆինանսավորման համար հաշվարկային փաստաթղթերն են՝
ա. գույքի նախահաշիվը՝ կազմված և հաստատված դիմողի կողմից,
բ. նախահաշիվը հիմնավորող առնվազն երեք կազմակերպությունից ստացված գնային առաջարկները:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումները քննարկելու նպատակով ձևավորվում է հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։ Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև շահագրգիռ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ։
5. Հանձնաժողովը կարող է՝
1) տվյալներ ճշտելու կամ դիրքորոշում հայցելու նպատակով դիմել համապատասխան կառույցների, ինչպես նաև իրավիճակը տեղում ուսումնասիրելու և ակնադիտարկում իրականացնելու նպատակով կազմակերպել այցեր.
2) դիմումն ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկատվության բավարար չլինելու դեպքում պահանջել դիմողից լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր և տեղեկատվություն.
3) հիմնավորող փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու կամ ոչ պատշաճ կազմված լինելու դեպքում վերադարձնել լրամշակման դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը որոշումներն ընդունում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Հանձնաժողովը քննարկում է սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումները և կայացնում է որոշում հայտերի հետագա ընթացքի վերաբերյալ՝ հաշվի առնելով հետևյալը՝
1) սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի ամբողջականությունը.
2) կապը սույն կարգի 2-րդ կետով ամրագրված նպատակների հետ.
3) սույն կարգի 5-րդ կետում նշվածի արդյունքում ստացված տեղեկատվությունը.
4) ֆինանսական միջոցներ հատկացնելու հիմնավորվածությունը.
5) խնդրի լուծման հրատապությունը՝ յուրաքանչյուր հրատապ խնդրի ծանրությունն ու ազդեցությունը շահառուների անմիջական անվտանգության և հաստատության բնականոն գործունեության վրա՝ ռիսկերը և հնարավոր հետևանքները.
6) տվյալ հաստատությունում առաջիկայում իրականացվող կապիտալ ծրագրերում ընդգրկվածությամբ կամ հաստատության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշմամբ հաստատված սեյսմակայունության տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկում ներառված լինելու հանգամանքով պայմանավորված հնարավոր միջամտության աստիճանը.
7) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում՝ հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների մնացորդը և այլն։
8. Հանձնաժողովը ստացված դիմումի հաստատման որոշումը կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, և նախարարի հանձնարարությամբ նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումը սահմանված կարգով՝
1) կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում (ի գիտություն) տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակի փոփոխությունը.
2) նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրմանն է ներկայացնում պետության կողմից ընթացիկ կամ կապիտալ դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրերի նախագծերը.
3) պայմանագրերը երկկողմանի ստորագրվելուց և կնքվելուց հետո ապահովում է հաստատության ֆինանսավորումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: