Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 106
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.11.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2024 թվականի

թիվ 106

քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.74 ենթակետով.

«7.1.74. Սերուցքային կարագ, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերով՝ նախատեսված է սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման կամ մանրածախ առևտրում իրացման (վաճառքի) համար, և որը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում ոչ ավելի, քան 2 հազար տոննա ծավալով, և Ռուսաստանի Դաշնություն է ներմուծվում ոչ ավելի, քան 25 հազար տոննա ծավալով։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրված է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ սերուցքային կարագ ներմուծող կազմակերպությունների, այդ ապրանքների անվանացանկի և քանակի վերաբերյալ:

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է՝

սննդամթերք արտադրող և Հայաստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված անձանց՝ այդպիսի արտադրանք արտադրելու համար.

մանրածախ առևտուր իրականացնող և Հայաստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված անձանց՝ հետագա մանրածախ իրացման (վաճառքի) համար։

Սույն ենթակետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում նշված անձանց խմբին (այսուհետ՝ նպատակային ստացողներ) անձանց դասելու չափորոշիչները կամ նպատակային ստացողների ցանկը կարող են սահմանվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝

նշված ապրանքները նպատակային ստացողների կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ մինչև նպատակային ստացողի պահեստ ապրանքների մուտքի պահը, բայց ոչ ավելի, քան 120 օրացուցային օր՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից.

նշված ապրանքները նպատակային ստացող չհանդիսացող անձանց կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ մինչև նպատակային ստացողին այդ ապրանքները հանձնելու պահը, բայց ոչ ավելի, քան 120 օրացուցային օր՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից։

Նպատակային ստացողի պահեստ ապրանքների մուտքը կամ այդ նպատակային ստացողներին ապրանքների փոխանցումը հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման ակտն է կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 106 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.73» թվերը փոխարինել «7.1.74» թվերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան